Իտալիա

Իտալիան (պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն) ունիտար խորհրդարանական հանրապետություն է Եվրոպայում: Տարածքը 301.338 կմ քառակուսի է։ 61 միլիոն բնակչությամբ չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում:

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` զբաղեցնելով Ապենինյան թերակղզու ողջ տարածքը: Հյուսիսում սահմանակից է Ֆրանսիային, Շվեյցարիային, Ավստրիային եւ Սլովենիային: Հյուսիսում իտալական սահմանն ավարտվում է Ալպերի մոտ՝ ներառելով Պադանի եւ Վենետիկի հարթավայրերը: Իտալիայի կազմի մեջ են մտնում Ապենինյան ողջ թերակղզին, ինչպես նաեւ միջերկրածովյան Սիցիլիա, Սարդինիա եւ հարակից մանր կղզիները: Սան Մարինոն եւ Վատիկանը, որոնք ինքնիշխան պետություններ, Իտալիայի կազմում գտնվող անկլավներ են: Իսկ Կամպիոնե դ’Իտալիան իտալական էքսկլավ է, որը գտնվում է Շվեյցարիայում:

Իտալիան, սկսած 1946-ի հունիսի 2-ից ունիտար խորհրդարանական պետություն է, երբ 1946-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը լուծարվել է: Երկրի գլուխը նախագահն է: Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում է Սերջիո Մատարելլան: Երկրի նախագահը ընտրվում է խորհրդարանի կողմից՝ 7 տարի ժամկետով:  Իտալիան ունի խորհրդարանական կառավարություն, որը հիմնված է համամասնական ներկայացուցչության ընտրական համակարգի վրա: Խորհրդարանը երկպալատ է: Ստորին պալատը Իտալիայի պատգամավորների պալատն է, իսկ վերին պալատը՝ Սենատը, որը տեղակայված է Պալացցո Մադամա նստավայրում: Երկու պալատներն էլ ունեն միեւնույն իրավասությունները: 

Իտալիայի բնակչության մեծ մասը կաթոլիկներ են, չնայած, որ 1985 թվականից երկիրը չունի պետական կրոն:
Իտալիայում առգրավել են 2.7 տ կոկաին, որը նախատեսված էր Հայաստան ուղարկելու համար |armenpress.am|

Իտալիայում առգրավել են 2.7 տ կոկաին, որը նախատեսված էր Հայաստան ուղարկելու համար |armenpress.am|

Իտալիայի Ջոյա Տաուրո քաղաքի նավահանգստում ռեկորդային քանակի կոկաին են առգրավել՝ 2.7 տոննա: Թմրանյութի փաթեթները թաքցված են եղել Էկվադորից ժամանած երկու բեռնարկղերում, որոնցով տեղափոխվում էր 78 տոննա բանան: Կոկաինը նախատեսված էր Վրաստանի Բաթումիի նավահանգստով Հայաստան ուղարկելու համար: Այդ մասին հաղորդում է ANSA գործակալությունը: Թմրանյութերի միջազգային շրջանառության դեմ պայքարի գործողությունը համակարգել և գլխավորել է Ռեջո Կալաբրիայի շրջանի մաֆիայի դեմ պայքարի վարչությունը: Ըստ վարչության տարածած մամուլի հաղորդագրության՝ առգրավված թմրանյութը եղել է «չափազանց բարձր որակի և հիանալի պահպանված վիճակում»: Այն թմրանյութեր վաճառողներին կբերեր շուրջ 800 միլիոն եվրոյի եկամուտ: ANSA-ն նշում է, որ 2021 թ.-ի հունվարից մինչև հիմա Ջոյա Տոաուրոյի նավահանգստում իրավապահների կողմից առգրավվել է 37 տոննա կոկաին:
12:41 - 16 մայիսի, 2023
Վլադիմիր Զելենսկին ժամանել է Իտալիա
 |hetq.am|

Վլադիմիր Զելենսկին ժամանել է Իտալիա |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը՝ մայիսի 13-ի առավոտյան ժամանել է Հռոմ։ Ինչպես հայտնել է Corriere della Sera թերթը, օդանավակայանում նախագահ Զելենսկուն դիմավորել է Իտալիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ Մինչև վերջին պահը հայտնի չէր Իտալիա Զելենսկու այցի մասին։ Ինչպես սպասվում, Վլադիմիր Զելենսկին արդեն իսկ հանդիպում է ունեցել Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի հետ։ Նրանք հանդիպել են նախագահական նստավայրում։  Իտալիայի նախագահի հետ հանդիպումից հետո Ուկրաինայի նախագահը հանդիպել է նաև վարչապետ Ջորջա Մելոնիի հետ։ Վերջին երեք ամիսների ընթացքում սա Զելենսկի-Մելոնի երկրորդ հանդիպումն է։ Այս տարվա սկզբին Իտալիայի վարչապետն այցելել էր Կիև և իր երկրի աջակցությունը հայտնել ուկրաինական ժողովրդին։ Ինչպես ակնկալվում է, Մելոնին և Զելենսկին քննարկում են Ուկրաինային սպառազինության մատակարարման հարցը։ Հռոմեական լրատվամիջոցները հայտնում են, որ Վլադիմիր Զելենսկին կայցելի նաև Վատիկան, որտեղ նախատեսված է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումը։ Սուրբ աթոռն արդեն իսկ հաստատել է այս տեղեկատվությունը։ Սա կլինի նրանց առաջին հանդիպումը՝ 2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Հանդիպումը նախատեսված է օրվա երկրորդ կեսին։
19:55 - 13 մայիսի, 2023
Զելենսկին մեկնել է Իտալիա․ հանդիպումներ կլինեն Հռոմի պապի ու երկրի վարչապետի հետ |news.am|

Զելենսկին մեկնել է Իտալիա․ հանդիպումներ կլինեն Հռոմի պապի ու երկրի վարչապետի հետ |news.am|

news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը ժամանել է Հռոմ՝ բանակցելու համար Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ։ «Այսօր Հռոմում եմ,- գրել է Զելենսկին Թվիթերում։- Հանդիպելու եմ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի, վարչապետ Ջորջիա Մելոնիի և Հռոմի պապի հետ։ Կարևոր այց է Ուկրաինայի մոտեցող հաղթանակի համար»։ Երբ Զելենսկին ժամանել է Հռոմի «Չամպինո» ռազմական օդանավակայան, նրան դիմավորել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ Տայանին լրագրողներին ասել է, որ Իտալիան կշարունակի աջակցել Ուկրաինային «360 աստիճանով» և արդար աշխարհի հասնելու գործում, որը կպահպանի Ուկրաինայի անկախությունը։ Նախագահ Մատարելայի հետ հանդիպումը Կվիրինալե նախագահական պալատում առաջին պաշտոնական հանդիպումն է Իտալիայի մայրաքաղաք կատարած այցի շրջանակում, որը, ինչպես սպասվում է, տևելու է մի քանի ժամ, տեղեկացրել է The Associated Press-ը։ Ենթադրվում է, որ Զելենսկին այնուհետև կմեկնի Բեռլին։ Ուկրաինայի նախագահի ստույգ ժամանակացույցը չի հրապարակվել անվտանգային նկատառումներով, իսկ Վատիկանը հաստատել է Հռոմի պապի հետ հանդիպումը միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Իտալիայում։ Իտալական պետական ռադիոն տեղեկացրել է, որ Հռոմի երկնքում անվտանգության միջոցների շրջանակում մտցվել է անթռիչք գոտի, իսկ ոստիկանական դիպուկահարները տեղակայվել են բարձր շենքերում։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին աջակցում է Ուկրաինային ռազմական և այլ օգնությամբ։ Բայց մինչ նրա ուլտրաաջ «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը պաշտպանում է ազգային ինքնիշխանության սկզբունքը, Մելոնին ստիպված է դիմակայել կոալիցիայի երկու գործընկերներին, որոնք երկար տարիներ բացահայտ հայտարարում են, որ հիացած են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինով։ Կոալիցիայի գծով դաշնակից, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պարծեցել է Պուտինի հետ իր բարեկամությամբ, իսկ կառավարության գծով մյուս գործընկերը՝ Լիգայի առաջնորդ Մաթեո Սալվինին, կասկածի տակ է դրել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների արժեքավորությունը։ Մելոնին հանդիպել է Զելենսկու հետ Կիևում, 2022թ. փետրվարի 24-ին պատերազմն սկսվելու տարելիցից մի փոքր առաջ։ Ֆրանցիսկոսը, որը խաղաղության է ձգտում, վերջին անգամ Ուկրաինայի նախագահին հանդիպել է 2020թ.։
14:50 - 13 մայիսի, 2023
 Խերսոնի մատույցներում զոոհվել է ուկրաինացի լրագրող, իտալացի լրագրողը վիրավորվել է  |factor.am|

Խերսոնի մատույցներում զոոհվել է ուկրաինացի լրագրող, իտալացի լրագրողը վիրավորվել է |factor.am|

factor.am: Խերսոնի մատույցներում դիպուկահարի կրակոցից սպանվել է Ուկրաինացի լրագրող Բոգդան Բիտիկը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նա օգնելիս է եղել իտալական La Repubblica թերթի թղթակցին՝ լուսաբանելու Ուկրաինայում պատերազմը։  Իտալացի լրագրող Կորադո Զունինոն էլ վիրավորվել է ուսի շրջանում։ Պարբերականի տեղեկություններով՝ նրանց դարանակալել են Անտոնովսկի կամրջի մոտ։ «Մենք անցանք երեք անցակետ, Բոգդանը խոսեց ուկրաինացի զինվորականների հետ, և նրանք մեզ առանց որևէ խնդրի բաց թողեցին, դա պատերազմական գոտի չէր։ Հետո մեզ  թիրախավորեցին, ես սուլոց լսեցի ու տեսա Բոգդանին գետնին, նա չէր շարժվում։ Ես սողալով դուրս եկա կրակի գծից։ Ես վազեցի, մինչև քաղաքացիական մեքենան անցավ իմ կողքով: Ես արյան մեջ էի և ստիպված էի տեղափոխվել Խերսոնի հիվանդանոց։ Ես չորս վնասվածք ունեմ, բայց նրանք ինձ հիանալի օգնեցին։ Մի քանի անգամ փորձեցի զանգահարել Բոգդանին, բայց նա չպատասխանեց։ Նա իմ ընկերն էր։ Ես շատ վշտացած եմ»,- պատմել է Զունինոն։ Երկու լրագրողներն էլ կրում էին «Press» մակագրությամբ բաճկոններ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան իտալական լրատվամիջոցներին ասել է, որ սպանության համար պատասխանատու է ռուսական կողմը։ «Ռուսներին չի հետաքրքրում, թե դու ռուս ես, իտալացի, թե ուկրաինացի, նրանք ուղղակի կրակում են»,- ասել է նա։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին ասել է, որ իր գրասենյակը և Կիևում Իտալիայի դեսպանատունն աշխատում են Ուկրաինայի իշխանությունների հետ՝ Զունինոյին Իտալիա վերադարձնելու ուղղությամբ։
11:47 - 27 ապրիլի, 2023
Պետք է դյուրացվի միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք. Ջուլիո Սենտեմերո

Պետք է դյուրացվի միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք. Ջուլիո Սենտեմերո

Պետք է դյուրացվի միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնության համար: Այս մասին հայտարարել է Իտալիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Ջուլիո Սենտեմերոն: Հայտարարությունն ամբողջությամբ հրապարակվել է Իտալիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում: Հայտարարության մեջ նշվում է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է Իտալիայի խորհրդարանի կողմից: Նա ցավով նկատել է, որ նույնիսկ այսօր նույն ժողովուրդը դեռևս հումանիտար ճգնաժամի մեջ է՝ ինքնակոչ բնապահպանների ցույցերի հետեւանքով Լաչինի միջանցքի փակման պատճառով։ «Այս առնչությամբ Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին հայտնել է իր կարծիքը՝ կարգադրելով, որ Ադրբեջանը համաձայնագրով ստանձնած պարտավորություններին համապատասխան՝ օգտագործի իր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ երաշխավորելու մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով երկու ուղղություններով՝ առանց խոչընդոտների։ Մինչ օրս դեռ ոչինչ չի արվել»,- նշել է Ջուլիո Սենտեմերոն: Նա հույս է հայտնել, որ խաղաղ բանակցությունները կվերսկսվեն՝ ապահովելով այս «բազմաչարչար բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ​​վերջնական եւ մշտական ​​ձևով»։ «Պետք է դյուրացվի միջազգային կազմակերպությունների մուտքը Լեռնային Ղարաբաղի տարածք՝ անհրաժեշտ մարդասիրական օգնության համար»,- եզրափակել է Իտալիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահը:
17:27 - 24 ապրիլի, 2023
Իտալիայում միգրանտների հոսքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

 |factor.am|

Իտալիայում միգրանտների հոսքի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել |factor.am|

factor.am: Իտալիայի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել միգրանտների մեծ հոսքի պատճառով։ Երկրի առավել տուժած հարավային շրջանները 5 միլիոն եվրոյի չափով օգնություն կստանան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։  Այդ միջոցներն, ի թիվս այլ բաների, կօգտագործվեն փախստականների ընդունման նոր կենտրոններ բացելու համար: Արտակարգ դրության ընթացքում ավելի հեշտ կլինի բացել նման կենտրոններ, բայց միևնույն ժամանակ կպարզեցվի նաև անօրինական միգրանտների արտաքսման կարգը։ Իտալիայի քաղաքացիական պաշտպանության և ծովային քաղաքականության նախարար Նելլո Մուսումեչին ասել է, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն։ Նա կոչ է արել «պատասխանատու միջամտություն» անել Եվրամիությանը՝ երկրում միգրացիոն ճգնաժամը լուծելու համար։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ տարեսկզբից արդեն Իտալիա է ժամանել ավելի քան 31 հազար անօրինական միգրանտ։ Փախստականները Թունիսից և Լիբիայից փորձում են անցնել Միջերկրական ծովով դեպի հարավային Իտալիա և Մալթա։
13:13 - 12 ապրիլի, 2023
ԱՄԷ-ն և Իտալիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ընդունել |1lurer.am|

ԱՄԷ-ն և Իտալիան ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ընդունել |1lurer.am|

1lurer.am: Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանը և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին Աբու Դաբիում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում հռչակագիր են ընդունել երկու երկրների հարաբերությունները ռազմավարական գործընկերության վերածելու մասին:    «Արաբական Միացյալ Էմիրություններն ու Իտալիան կիսում են ընդհանուր նպատակները, որոնց թվում են կայուն զարգացումն ու տնտեսական աճը, միջազգային հանրության հետ համագործակցության ամրապնդումը, բարգավաճումն ու կայունությունը, ինչպես նաև համընդհանուր մարդկային արժեքներին հետևելը, ինչպիսիք են հանդուրժողականությունը, խաղաղ գոյակցությունը, երկխոսությունն ու թափանցիկությունը»,- նշված է փաստաթղթում:   Հռչակագիրը նախատեսում է ԱՄԷ-ի և Իտալիայի միջև համագործակցության ամրապնդում քաղաքական, դիվանագիտական, միջազգային, տնտեսական և առևտրային ոլորտներում: Փաստաթղթից հետևում է, որ կողմերը մտադիր են ընդլայնել համագործակցությունը նաև պաշտպանության, պարենային և ջրային անվտանգության, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի ոլորտներում:  
18:37 - 04 մարտի, 2023
ՀՀ ԱԳ փոխնախարարն իտալացի գործընկերոջ հետ հանդիպմանը նշել է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման ծանր հումանիտար հետևանքները

ՀՀ ԱԳ փոխնախարարն իտալացի գործընկերոջ հետ հանդիպմանը նշել է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման ծանր հումանիտար հետևանքները

Փետրվարի 28-ին Հռոմում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ-ների միջև։ Հայկական կողմից խորհրդակցությունները անցկացրել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ իտալական՝ արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը և քննարկել հայ-իտալական երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Անդրադառնալով տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել քայլեր ձեռնարկել տնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ։ Քննարկվել են նաև համագործակցությունը մշակութային, կրթական և գիտական ոլորտներում։ Կողմերը անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի, այդ թվում Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը, քննարկել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորությունները, ընդգծել պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։ Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային բարդ իրավիճակը և խաղաղություն հաստատելու ուղղությամբ Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը։ Նախարարի տեղակալը նշել է Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման ծանր հումանիտար հետևանքները և կարևորել Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան որոշման իրականացումը։ Հռոմ այցի շրջանակներում Պարույր Հովհաննիսյանը հանդիպումներ է ունեցել նաև Իտալիայի Սենատի փոխնախագահ Ջան Մարկո Չենտինայոյի և Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջուլիո Տրեմոնտիի հետ։
10:11 - 01 մարտի, 2023
Իտալիայի ափերին նավաբեկության հետևանքով գրեթե 60 ներգաղթյալ է զոհվել
 |armenpress.am|

Իտալիայի ափերին նավաբեկության հետևանքով գրեթե 60 ներգաղթյալ է զոհվել |armenpress.am|

armenpress.am: Իտալիայի Կալաբրիայի մարզի ափերի մոտ փետրվարի 26-ին ներգաղթյալների տեղափոխող փայտե նավը բախվել է ժայռերին: Փրկարարները ջրից դուրս են բերել 59 ներգաղթյալի մարմին, 80 հոգու հաջողվել է փրկել, տասնյակ մարդիկ դեռ անհետ կորած են: Այս մասին հաղորդում է «Associated Press» գործակալությանը: Նավում եղել է շուրջ 200 ներգաղթյալ: Իշխանությունները մտավախություններ ունեն, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 100-ը: Զոհերի թվում կան բազմաթիվ կանայք և երեխաներ, այդ թվում՝ մեկ նորածին։ Մեկ մարդ տարվել է հարցաքննության, քանի որ փրկվածներից մի քանիսը հայտնել են, որ նա զբաղվում էր մարդկանց թրաֆիքինգով: ՄԱԿ-ի փախստականների և ներգաղթի հարցերով գործակալությունները հայտնել են, որ նավը դուրս էր եկել Թուրքիայից: Նշվում է, որ տախտակամածին գտնվող ներգաղթյալների մեծ մասը Աֆղանստանից էին, Պակիստանից և Սոմալիից: Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին: 2022 թ.-ին Իտալիայի ափեր է հասել շուրջ 105 հազար ներգաղթյալ, ինչը 38 հազարով ավելի է 2021 թ.-ի ցուցանիշներից: Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների՝ Թուրքիայից ժամանող ներգաղթյալները կազմել են ընդհանուր միգրանտների թվի 15 %-ը: Ըստ «Անհետ կորած ներգաղթյալների նախագծի» տվյալների՝ 2014 թ.-ից ի վեր Միջերկրական ծովում զոհվել կամ անհետ կորել է 25 983 ներգաղթյալ: 2022 թ.-ին անհետ կորած և զոհված միգրանտների թիվը կազմել է 2406:
10:56 - 27 փետրվարի, 2023
Կառավարությունը հետաքրքրված է մշակույթի ոլորտի կառավարման Իտալիայի փորձով. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը հետաքրքրված է մշակույթի ոլորտի կառավարման Իտալիայի փորձով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյին: Վարչապետը նշել է, որ Հայաստանն ու Իտալիան քաղաքական, տնտեսական ոլորտներում ունեն ինտենսիվ հարաբերություններ և համոզմունք հայտնել, որ դրանք էլ ավելի կամրապնդվեն մշակութային բնագավառում համագործակցության զարգացմամբ ու ընդլայմամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ՀՀ կառավարությունը հետաքրքրված է մշակույթի ոլորտի կառավարման, մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման մասնագետների պատրաստման Իտալիայի փորձով՝ մեր երկրում այդ կարողությունները զարգացնելու նպատակով: Իտալիայի մշակույթի նախարարը նշել է, որ երկկողմ պատմական կապերը լավ հիմք են նոր ազդակ հաղորդելու մշակույթի ոլորտում համագործակցությանը: Ջենարո Սանջուլիանոյի խոսքով՝ հայ գործընկերների հետ քննարկել են հայկական մշակույթն Իտալիայում առավել ճանաչելի դարձնելու հետագա քայլերն ու ծրագրերը: Միաժամանակ, նա հավելել է, որ պատրաստ են օժանդակել մշակույթի բնագավառի  մասնագետների վերապատրաստմանը և ուսանողների համար կազմակերպել կրթական դասընթացներ: 
19:17 - 21 փետրվարի, 2023
Մհեր Գրիգորյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Մհեր Գրիգորյանը և Իտալիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Այդ մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից:Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է նրան Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակը:Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է նաև Իտալիայի հետ հարաբերությունների ակտիվացումը և նշել, որ առկա է առևտրատնտեսական ոլորտում համագործակցության մեծ ներուժ, որի իրացման ուղղությամբ պետք է համատեղ ջանքեր գործադրել:Իտալիայի դեսպանն անդրադարձել է երկու երկրների միջև մշակութային ոլորտում առկա համագործակցությանը, խոսել երկու բարեկամ ժողովուրդների ընդհանրությունների մասին, որը կարող է հիմք հանդիսանալ նաև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար:Զրուցակիցները մտքեր են փոխանակել տուրիզմի զարգացման հնարավորությունների և Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում իտալական կազմակերպությունների ներգրավման շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:
20:13 - 01 փետրվարի, 2023