Եվրոպայի խորհուրդ

Եվրոպայի խորհուրդը (այսուհետ՝ ԵԽ) եվրոպական ամենամեծ մարդու իրավունքների կազմակերպությունն է, որին անդամակցում են 47 պետություններ, որոնցից 28-ը ԵՄ անդամ պետություններ են: ԵԽ բոլոր անդամ պետությունները ստորագրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը կոչված է պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը եւ օրենքի գերակայությունը:

ԵԽ պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ֆրանսերենը:

Եվրոպական խորհրդի կենտրոնական նստավայրը գտնվում է Եվրոպայի պալատ Ստրասբուրգում, Ֆրանսիա։

Խորհուրդը ֆինանսավորում են անդամ երկրները։ Ներդրումները կատարվում են բնակչության թվին եւ երկրի տնտեսական զարգացման մակարդակին համապատասխան:

Ալեն Սիմոնյանը զրուցել է Դուբլինում բողոքի ակցիա նախաձեռնած հայ երիտասարդների հետ

Ալեն Սիմոնյանը զրուցել է Դուբլինում բողոքի ակցիա նախաձեռնած հայ երիտասարդների հետ

Դուբլինում Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի ընթացող նիստի ժամանակ սեպտեմբերի 29-ին քիչ առաջ մի խումբ հայ և իռլանդացի երիտասարդներ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել: Այդ մասին ասված է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի իր ֆեյսբուքյան էջում: «Նրանք հանդես են եկել «Ամո՛թ Ադրբեջանին», «Թուրքիան և Ադրբեջանը ցեղասպան են», «Կանգնեցրե՛ք ցեղասպանությունը», «Մենք Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին ենք» վանկարկումներով: Երիտասարդները տևական ժամանակ մնացել են այնտեղ, համաժողովին մասնակցող պատվիրակներից շատերը դուրս են եկել նիստից և հեռվից լուսանկարել նրանց: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իջել և զրուցել է երիտասարդների հետ. նրանք ընդգծել են, որ Հայաստանի կառավարության, Լեռնային Ղարաբաղի բնակչության կողքին են: Երիտասարդներն իրենց զորակցությունն են հայտնել բռնի տարհանվող մեր հայրենակիցներին՝ նշելով, որ ցանկանում են գրավել միջազգային հանրությունը ներկայացնող խորհրդարանների նախագահների ուշադրությունը»,- նշված է գրառման մեջ։
14:28 - 29 սեպտեմբերի, 2023
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Դուբլինում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում մասնակցում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից։ Համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների խորհրդարանների խոսնակներ, դիտորդ երկրների խորհրդարանականներ, ինչպես նաեւ միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներ: «Ներկայացուցչական ժողովրդավարության մարտահրավերներն անկայուն ժամանակներում» խորագրի շրջանակում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Խորհրդարանի նախագահի ելույթը` ամբողջությամբ. «Հարգելի' պարոն Ֆերգհեյլ, Հարգելի' պարոն Բատիմեր, պարոն Ֆոքս, տիկին Գլխավոր քարտուղար, Գործընկերնե'ր, տիկնա'յք եւ պարոնա'յք, Շնորհակալություն եմ հայտնում պարոն Ֆերգհեյլին, պարոն Բաթերին եւ մեր իռլանդացի ընկերներին իրենց ջերմ հյուրընկալության եւ այս միջոցառումը կազմակերպելու համար: Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս համաժողովին եւ ելույթ ունենալ: Մենք խորապես գիտակցում ենք մեր անհանգիստ ժամանակը բնութագրող բազմաթիվ խնդիրների եւ սպառնալիքների խորությունը: Ինչպես ասել է իռլանդացի հայտնի գրող, քաղաքական գործիչ Ուիլիամ Յեյթսը` ամենուրեք արյուն է եւ բռնություն: Լիբերալիզմի եւ ներկայացուցչական ժողովրդավարության առջեւ ծառացած մարտահրավերները խորն են: Անհրաժեշտ են հուսալի լուծումներ: Պարտադիր չէ նայել Ուկրաինայի պատերազմից անդին` ուժի գործիքի միջոցով ամբողջ աշխարհում իշխանության ծարավը նկատելու համար: Այս հակաժողովրդավարական հետընթացը տեղի է ունենում ի վնաս մարդու իրավունքների եւ կտրուկ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում շարադրված հավաքական արժեքներին եւ իդեալներին: Մենք խորապես գիտակցում ենք այն առանցքային դերը, որը ժողովրդավարությունն ունի մարդու իրավունքների պաշտպանության եւ ընդհանուր բարիքի խթանման գործում: Անկասկած, սա ամենաարդյունավետ համակարգն է քաղաքացիների վստահությունն իրենց կառավարությունների նկատմամբ ամրապնդելու եւ հասարակության կենսունակությունը բարձրացնելու համար: Քաղաքական կարգի հիմքերը խարխլող սպառնալիքների թվում են ավտոկրատ կառավարումը եւ չկայացած արդարությունը: Հայաստանը գիտի իրական ժողովրդավարության արժեքը: Ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, օրենսդրության կատարելագործման եւ կառավարման ոլորտի բարեփոխումների միջոցով ժողովրդավարության ամրապնդումը մեզ համար առաջնահերթություն է: Ժողովրդավարական սկզբունքներին մեր հավատարմությունն ամենակարեւոր գործոնն էր, որը մեզ թույլ տվեց հաղթահարել 2020 թվականին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության դեմ սանձազերծված 44-օրյա ավերիչ պատերազմի հետեւանքով առաջացած լուրջ քաղաքական ճգնաժամը: Հայաստանում ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է Սահմանադրությամբ երաշխավորված եղանակով` ազատ եւ արդար ընտրությունների միջոցով: Մենք շարունակում ենք իրականացնել բարեփոխումներ եւ մշակել օրենսդրություն, որն ուղղված է եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրական իրավունքների ամրապնդմանը: Գործընկերնե'ր, խաղաղությունն ու ժողովրդավարությունը փոխկապակցված են, եւ կառավարությունները, որոնք բախվում են գոյաբանական սպառնալիքների, հսկայական ճնշում են գործադրում` պահանջելով կատարել մանդատով շնորհված առաքելությունը, որի համար ընտրվել են: Լեռնային Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ ավտոկրատական ռեժիմները, որոնք հիմնված են այն գաղափարի վրա, որ «ուժեղն իրավացի է», հաճախ հակամարտությունները լուծում են ռազմական ուժի միջոցով` շրջանցելով միջազգային միջնորդությունը: Այսօր մեր ժողովրդավարությունը շարունակում է բախվել բազմաթիվ փորձությունների: Նրան սպառնում են արտաքին գործոններ, նաեւ` մեր անվտանգության եւ տարածքային ամբողջականության ռազմական սպառնալիքները: Հասկանալի է, որ բռնության մշտական սպառնալիքը վնասակար ազդեցություն է ունենում մեր հասարակության բարեկեցության վրա: Ադրբեջանն ատելության եւ այլատյացության իր ամպագոռգոռ հռետորաբանությամբ, որն ուղեկցվում է վերջնագրերով եւ ռազմական ագրեսիայով, ստեղծել է թունավոր մթնոլորտ եւ թունավորել խաղաղ գործընթացը: Միջազգային հանրության գործողություններն Ադրբեջանում անպատժելիության զգացում են առաջացրել` սրելով իրավիճակը տարածաշրջանում: Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ադրբեջանի մոտեցումն այն է, որ ուժի միջոցով պարտադրի Հայաստանին իր նախընտրած որոշումները: Արդեն ավելի քան երեք տարի է, ինչ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ այլ քաղաքացիական անձանց` ի հեճուկս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման: Ավելին, դատարանի որոշումից հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքից առեւանգել է 2 հայ զինծառայողի, ինչի հետեւանքով հաստատված ռազմագերիների ընդհանուր թիվը հասել է 35-ի: Հարգելի' գործընկերներ, ես չզարմացա, որ մեր թուրք գործընկերը հավանություն տվեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ռազմական ուժի կիրառմանը: Ես չեմ զարմանում, որ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը հաճախ օգտագործում են նույն հռետորաբանությունը: Ինձ զարմացնում է այն, որ նրանք դա անում են այստեղ` Մարդու իրավունքների պաշտպանության համար հիմնադրված կազմակերպությունում: Գործընկերնե'ր, Ադրբեջանը Հայաստանին մշտապես տարբեր ձեւերով հարձակումների է ենթարկել: Իր իսկ խոսքերով` նախագահ Ալիեւը մտորում էր, թե քանի ազդակ էր Հայաստանին պետք գործի էությունը հասկանալու համար: «2021 եւ 2022 թվականների սահմանային գործողությունները բավարար չեն եղել»,- մտածում էր նա: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը կարծես թե չի հասկացել մոտ 10 ամիս առաջ Լաչինի միջանցքի` իր կողմից էթնիկ զտումների արշավի առաջին փուլի փակումը: Սեպտեմբերի 19-ին սկսվեց հաջորդ մասը: Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը` Ադրբեջանը հերթական լայնածավալ ռազմական հարձակումն է սանձազերծել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել եւ սպանվել են, տասնյակ հազարավոր մարդիկ դարձել են բռնի տեղահանվածներ: Նրանք մնում են դրսում` առանց սննդի, բժշկական օգնության եւ գոյատեւման այլ միջոցների: Մինչ ես խոսում եմ Ադրբեջանի էթնիկ զտման ծրագրից, շարունակվում է հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից: Անհավանական է, որ այսօր` 21-րդ դարում, նման իրադարձություններ են տեղի ունենում աշխարհի տարբեր անկյուններում: Իր գործողություններով, որոնք ի չիք են դարձնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, Ադրբեջանը կասկածի տակ է դրել Եվրոպայի խորհրդի անդամ լինելու իր պիտանիությունը: Եվրոպայի խորհուրդը պետք է ակտիվորեն մասնակցի մարդու իրավունքների պաշտպանությանն առավել բարդ հակամարտություններում: Եվրոպայի խորհրդի աշխարհագրական ընդգրկման սահմաններում, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում, յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթություն լինի Եվրոպայի խորհրդի համար: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում արդար եւ հարատեւ խաղաղության հասնելուն: Հուսով ենք, որ հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ԵՄ առաջնորդների հանդիպումը մեկ քայլ առաջ կլինի: Հայաստանը վճռականորեն աջակցում է վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Ալիեւի կողմից համաձայնեցված եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից ձեւակերպված խաղաղության մոտեցմանը: Մենք ողջունում ենք ապագա տրանսպորտային համաձայնագրերը, որոնք հարգում են ինքնիշխանության, իրավասության եւ փոխադարձության սկզբունքները: Կոչ ենք անում միջազգային հանրությանը, այդ թվում` Եվրոպայի խորհրդին, աջակցել այս գործընթացին: Այսօր որոշ երկրներ հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ: Նպատակները երկակի են` տապալել ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունը եւ վարկաբեկել «ներկայացուցչական ժողովրդավարություն» հասկացությունը: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների հարգումը եւ խաղաղ համակեցությունն այն հիմնասյուներն են, որոնց վրա մարդկությունը պետք է ապրի խաղաղության եւ ներդաշնակության մեջ: Դա արդարացի է ոչ միայն ժողովրդավարական պետությունների շրջանակներում առանձին-առանձին, այլեւ նրանց միջեւ` հավաքականորեն: Միասին, եւ գուցե միայն միասին, մենք կարող ենք հաղթահարել մեր ժամանակի դժվարությունները: Կենտրոնը պետք է կանգուն մնա: Շնորհակալություն»:
10:52 - 29 սեպտեմբերի, 2023
ԵԽ նախարարների կոմիտեի հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան ԼՂ-ի դեմ

ԵԽ նախարարների կոմիտեի հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան ԼՂ-ի դեմ

Սեպտեմբերի 27-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը քննարկվել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցչության ֆեյսբուքյան էջից։«Հայտարարություններով հանդես են եկել 30 ԵԽ անդամ պետություններ, ինչպես նաև ԵՄ և ԱՄՆ պատվիրակությունները։ Ընդգծվել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման անթույլատրելիությունը, միջազգային դերակատարների կողմից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու անհրաժեշտությունը, Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի անվտանգությունը և մարդու իրավունքները ապահովելու հրամայականը։ Դեսպան Խաչատրյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունների աղետալի հետևանքները, ինչը հանգեցրել է այս պահի դրությամբ շուրջ 50 հազար բնակչի բռնի տեղահանման։ Դեսպանը ահազանգել է, որ Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումներն ավարտին հասցնելն է։ Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանը պարտավոր է կատարել սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի նկատմամաբ կիրառված ՄԻԵԴ միջանկյալ միջոցները։ Դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն իրավունք ունի լիարժեք իրականացնելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված բոլոր իրավունքներն ու ազատությունները: Նրանց իրավունքներն ու անվտանգությունը պետք է պատշաճ կերպով հաշվի առնվեն և երաշխավորվեն միջազգային մակարդակով։ Ընդգծել է, որ Նախարարների կոմիտեն պետք է լրջորեն ուսումնասիրի Ադրբեջանի կողմից ԵԽ կանոնադրական և անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը և դիտարկի ընդհուպ միջև անդամակցության կասեցման հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
21:45 - 27 սեպտեմբերի, 2023
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում կմասնակցի Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում կմասնակցի Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Դուբլինում է` մասնակցելու Եվրոպական խորհրդարանական մեծամասշտաբ գագաթնաժողովին: Ինչպես տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ գագաթնաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի 46 անդամ պետությունների խորհրդարանների խոսնակներ, դիտորդ երկրների խորհրդարանականներ, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպությունների ղեկավարներ: Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա կլինի շուրջ 400 պատվիրակ: Եվրոպական համաժողովը տեղի է ունենում երկու տարին մեկ` Ստրասբուրգում տեղակայված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հովանու ներքո: Համաժողովի խորագրերից է «Ժողովրդավարության դեմ մարտահրավերներն անկայուն ժամանակներում», ինչի շրջանակում էլ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը: Խորհրդարանների նախագահների առաջին եվրոպական համաժողովը տեղի է ունեցել 1975 թվականին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Սոնա Ղազարյանը:
18:18 - 27 սեպտեմբերի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար․ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար․ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ շուրջ 9-ամսյա շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան բացահայտ կերպով ի ցույց է դնում Բաքվի արհամարհական վերաբերմունքը մարդու իրավուքների, միջազգային և մարդասիրական իրավունքի, ստանձնած միջազգային, այդ թվում` ԵԽ պարտավորությունների, ինչպես նաև միջազգային հանրության բազում հասցեական ուղերձների նկատմամբ: Նախարարը վերահաստատել է, որ անհրաժեշտ են հստակ քայլեր ԼՂ ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները երաշխավորելու համար։  Այս համատեքստում կարևորվել է միջազգային գործընկերների կողմից համապատասխան գործիքակազմի, այդ թվում՝ ԵԽ շրջանակներում, արդյունավետ գործարկումը:  
10:08 - 23 սեպտեմբերի, 2023
Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն է. ԵԽ պատգամավոր
 |1lurer.am|

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակումը Հայոց ցեղասպանության շարունակությունն է. ԵԽ պատգամավոր |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական վերջին հարձակումը պատմական հանցագործության շարունակություն է մի ժողովրդի նկատմամբ, որը շատ զրկանքներ է կրել, ասել է ԵԽ կիպրոսցի պատգամավոր Գիորգո Գիորգիուն Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, որի ժամանակ քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը: «Ամեն ինչ սկսվել է թուրքերի կողմից 1915 թ․ ցեղասպանությամբ և այսօր շարունակվում է որպես ցեղասպանություն և էթնիկ զտում Էրդողանի մտերիմ գործընկեր Ալիևի կողմից։ Ցավոք, նա նաև Եվրոպական միության մտերիմ գործընկերն է։ Վերջերս Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Ալիևն ու Ադրբեջանը հուսալի գործընկերներ են, քանի որ մեզ կուրացրել է այն փաստը, որ ցանկանում ենք բնական գազ գնել Ադրբեջանից և հեռանալ Ռուսաստանից»,- նշել է պատգամավորը։ Գիորգիուն հիշեցրել է, որ Լեռնային Ղարաբաղում հայերը հարձակման ենթարկվեցին այն ժամանակ, երբ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համատեղ զորավարժություններ էին ընթանում։
20:42 - 20 սեպտեմբերի, 2023
ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը |armenpress.am|

ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը |armenpress.am|

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգն այս թեմայով հանդես կգա գրավոր հայտարարությամբ: «Արմենպրես»-ը Լարս Պատրիկ Բերգից տեղեկացավ, որ Եվրոպական հանձնաժողովին է ուղղվել նաև նամակ՝ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հարցով: Նամակը  ստորագրողների թվում է նաև Լարս Պատրիկ Բերգը: Նամակում կոչ է արվում ԵՄ-ին՝ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու էթնիկ զտումները: Եվրոպական հանձնաժողովին նաև հարցեր են ուղղվել՝ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունն ի՞նչ է մտադիր անել՝ ի պատասխան Ստեփանակերտի վրա Ադրբեջանի հարձակման, ԵՄ-ն ի՞նչ պատժամիջոցներ է պատրաստվում կիրառել հրադադարի խախտման համար պատասխանատու Ադրբեջանի իշխանությունների դեմ։
16:49 - 20 սեպտեմբերի, 2023
Բուրիչը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
 |1lurer.am|

Բուրիչը Ադրբեջանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները |1lurer.am|

1lurer.amԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի հարձակման մասին։   «Այսօր Ադրբեջանի արտգործնախարարի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ ես իմ լուրջ մտահոգությունն եմ հայտնել Ղարաբաղյան տարածաշրջանի շուրջ ռազմական էսկալացիայի մասին հաղորդագրությունների վերաբերյալ։   Ափսոսանք եմ հայտնել, որ անմեղ, խոցելի քաղաքացիական անձինք, որոնք արդեն տառապում են տարածաշրջանում սուր հումանիտար ճգնաժամից, կրկին կրում են ուժի կիրառման հիմնական բեռը։ Դրան չի կարելի համակերպվել։   Ես Ադրբեջանին կոչ եմ արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Եկել է զենքը վայր դնելու, լարվածությունը թուլացնելու և երկխոսություն սկսելու ժամանակը։   Միայն բովանդակալից, անվերապահ երկխոսությունը բոլոր կողմերի մասնակցությամբ կարող է հանգեցնել կայուն խաղաղության, որին այլընտրանք չկա։   Եվրոպայի խորհուրդը նախկինի պես պատրաստ է մասնակցել և աջակցել այս գործընթացին՝ բոլորի, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ։
21:51 - 19 սեպտեմբերի, 2023
ԵԽ հանձնաժողովները Եվրոպական խորհրդին կոչ են արել դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցները
 |armeniasputnik.am|

ԵԽ հանձնաժողովները Եվրոպական խորհրդին կոչ են արել դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցները |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եվրախորհրդարանի մի քանի հանձնաժողովներ Եվրոպական խորհրդին կոչ են արել դիտարկել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների համար Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցների սահմանումը: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի տարածած հայտարարության մեջ։   «Մենք ամենավճռական կերպով դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի` այսօրվա նախապես ծրագրված և չարդարացված հարձակումը»,– նշված է հաղորդագրության մեջ։   Միաժամանակ Եվրախորհրդարանը կոչ է անում, որ եթե ադրբեջանական հարձակումն անհապաղ չդադարեցվի,Եվրոպական խորհուրդը պետք է հիմնովին վերանայի Ադրբեջանի հետ հարաբերությունները և դիտարկի Ադրբեջանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Եվրոպացի խորհրդարանականները նշում են, որ ցավում են այսօր ավելի վաղ ականների պայթյունների հետևանքով ադրբեջանցի զոհերի համար, ցավակցում են նրանց ընտանիքներին, սակայն դա ոչ մի պարագայում չի արդարացնում Ադրբեջանի լայնածավալ ռազմական էսկալացիան։   «Ակնհայտ նախապես ծրագրված հարձակումը, որը, ըստ հաղորդումների, շփման գծի ամբողջ երկայնքով է, տեղի է ունեցել պայթյուններից ընդամենը մի քանի ժամ անց և Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի ու ագրեսիվ հռետորաբանության` մի քանի շաբաթ շարունակ դիտարկված աճից հետո, բացարձակապես անընդունելի է»,– ընդգծված է հայտարարության մեջ: ԵԽ հանձնաժողովները կոչ են անում Ադրբեջանին ռազմական էսկալացիայի միջոցովտեղի բնակչությանը դուրս չհանել Լեռնային Ղարաբաղից։   Հայտարարությանը միացած հանձնաժողովները կոչ են անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Շեշտվում է, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի հարաբերություններում առաջընթացի հասնելու միակ ճանապարհն են, որին մշտապես պատրաստ է աջակցել ԵՄ-ն:   Նրանք հիշեցնում են, որ արդեն 9 ամիս է` Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության վերաբերյալ Բաքվի պարտավորությունները և Միջազգային դատարանի իրավականորեն պարտադիր որոշումները։ Շեշտվում է, որ մարդասիրական մուտքը Լեռնային Ղարաբաղ պետք է ամբողջությամբ և ընդմիշտ վերականգնվի։
20:34 - 19 սեպտեմբերի, 2023
ԵԽ դիտորդները արձանագրել են լավ կազմակերպված քվեարկություն Երևանի ավագանու ընտրություններում
 |armenpress.am|

ԵԽ դիտորդները արձանագրել են լավ կազմակերպված քվեարկություն Երևանի ավագանու ընտրություններում |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը, որն ավարտել է իր դիտորդական առաքելությունը Երևանի ավագանու ընտրություններում, քվեարկության գործընթացը բնութագրել է որպես «հանգիստ, խաղաղ և լավ կազմակերպված», իսկ մասնակցության ցուցանիշը որակել է որպես «պատմականորեն ցածր»։ Այս մասին նշվում է Կոնգրեսի տարածած հայտարարությունում։ «Ընդհանուր առմամբ, պատվիրակությունն արձանագրել է հանգիստ, խաղաղ և լավ կազմակերպված ընտրությունների օր՝ առանց լուրջ միջադեպերի կամ անոմալիաների», - նշված է պատվիրակության հայտարարությունում, որտեղ նաև արձանագրվել է, որ նույնականացման սարքերը և տեսախցիկներն աշխատել են անխափան՝ նվազեցնելով կեղծիքի հնարավորությունը։ 9 հոգուց կազմված պատվիրակությունը՝ Կառլա Դեժոնգեի գլխավորությամբ, պատահականության սկզբունքով այցելել է 113 ընտրատեղամասեր Երևանի բոլոր  12 վարչական շրջաններում։ «Մենք ողջունում ենք այն բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել Ընտրական օրենսգրքի փոփոխման արդյունքում, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ջանքերը, որոնք նպաստեցին ընտրությունների օրվա ընդհանուր թափանցիկությանն ու պրոֆեսիոնալիզմին։ Այդ փոփոխությունները ներառում էին ընտրատեղամասերի նախագահների և քարտուղարների հատուկ վերապատրաստում, և մենք խորհուրդ ենք տալիս ապագայում դրանք պարտադիր դարձնել՝ ընտրական ընթացակարգերն է՛լ ավելի ստանդարտացնելու նպատակով», - գրել է Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը։ ԵՄ դիտորդները, սակայն, ցավով արձանագրել են ընտրողների շրջանում հետաքրքրվածության պակասը։ «Պատվիրակությունը ափսոսանք է հայտնել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նկատմամբ հետաքրքրության պակասի համար, հատկապես՝ երիտասարդ ընտրողների շրջանում, ինչը երևում է Երևանում երբևէ գրանցված ամենացածր մասնակցությամբ: Բացի այդ, տեղական շահերին վերաբերող հարցերը երբեմն ստվերվում էին անվտանգության մտահոգությունների պատճառով, որ հասկանալիորեն արտահայտում էին բազմաթիվ ընտրողներ և մրցակիցներ Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ։ Մեզ մնում է միայն կիսել երևանցիների մտահոգությունը և կոչ անել արագ կարգավորել այս իրավիճակը», - նշված է հայտարարությունում։ Պատվիրակությունը նաև նշում է, որ ընտրարշավը «բևեռացված էր», և այն հիմնականում վարում էին քաղաքապետների թեկնածուները։ Պատվիրակությանը նաև տեղեկացրել են «վարչական ռեսուրսների ենթադրյալ չարաշահման, ինչպես նաև ԶԼՄ-ներում կողմնակալության մասին, որոնք նախապատվությունը տվել են իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուին»։ «Այդ առնչությամբ և հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով՝ մենք կարծում ենք, որ պաշտոնական քարոզարշավին նախորդող ժամանակաշրջանի վերաբերյալ լրացուցիչ երաշխիքների անհրաժեշտություն կա, այդ թվում՝ քարոզարշավի և կուսակցությունների ֆինանսավորման հետ կապված», - նշել են ԵԽ դիտորդները: Որպես ընտրական գործընթացի կազմակերպման թերություններ՝ Կոնգրեսը նշում է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար ընտրատեղամասերի հասանելիության խնդիրը, կուսակցությունների առաջատար թեկնածուների թվում կանանց պակասը՝ չնայած ցուցակներում պահանջվող 30 % քվոտայի պահպանմանը։ Բացի այդ, Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը կրկնել է իր նախկին առաջարկը՝ տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ընտրություններն անցկացնել նույն օրը։
17:59 - 18 սեպտեմբերի, 2023
ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են ԿԸՀ

ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են ԿԸՀ

ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդական առաքելության ներկայացուցիչները սեպտեմբերի 15-ին հյուրընկալվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանու ընտրությունները դիտարկելու համար և ներկայացրել ավագանու ընտրությունների ընտրակարգը։ Ինչպես տեղեկացնում են ԿԸՀ-ից՝ Հովակիմյանը հյուրերին է ներկայացրել էլեկտրոնային գործիքակազմերը, որոնք կիրառվել են այս ընտրական գործընթացում, և պատասխանել դիտորդական առաքելության ներկայացուցիչների հարցերին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը։
17:40 - 15 սեպտեմբերի, 2023
Եվրոպական խորհրդարանում բանաձև է ընդունվել Ադրբեջանի դեմ՝ մարդու իրավունքների խախտումների համար |armenpress.am|

Եվրոպական խորհրդարանում բանաձև է ընդունվել Ադրբեջանի դեմ՝ մարդու իրավունքների խախտումների համար |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանում բանաձև են ընդունել՝ պահանջելով ազատ արձակել Ադրբեջանում անօրինական կերպով ձերբակալված հայտնի ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուին, դատապարտել Ադրբեջանում մարդու իրավունքների լուրջ խախտումները, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների խախտումներ իրականացրած ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ։ Բանաձևն ընդունվել է 539 կողմ, 6 դեմ և 24 ձեռնպահ ձայներով։ Եվրոպական խորհրդարանի բանաձևում նշված է, որ Գուբադ Իբադօղլուն դաժան հարձակման է ենթարկվել և կամայականորեն ձերբակալվել 2023 թ․ հուլիսի 23-ին և կասկածելի մեղադրանքներով դեռ մնում է բանտում։ Նա հայտնի է Ադրբեջանի կառավարության խիստ քննադատությամբ՝ կապված կոռուպցիայի, հանրային ֆինանսների անարդյունավետ կառավարման, թափանցիկության բացակայության հետ։ Ըստ բանաձևի տեքստի՝ նրան սպառնում է 12 տարվա ազատազրկում «շինծու մեղադրանքներով»։ Ադրբեջանում, ըստ Եվրոպական խորհրդարան ներկայացված բանաձևի, ներկայում կա շուրջ 200 քաղբանտարկյալ, այդ թվում՝ լրագրողներ, իրավապաշտպաններ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ։ Բանաձևով կոչ է արվում Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների դեպքերը բարձրաձայնել բոլոր երկկողմ հանդիպումների և ապագա գործընկերության համաձայնագրեր կնքելու շուրջ բանակցությունների ժամանակ։ Նշվում է, որ այդ համաձայնագրերի կնքման պայման պետք է հանդիսանա բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը։
18:07 - 14 սեպտեմբերի, 2023
Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի ավագանու ընտրություններին |1lurer.am|

Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի ավագանու ընտրություններին |1lurer.am|

1lurer.am: Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի ինը հոգանոց պատվիրակությունը 2023 թվականի սեպտեմբերի 15-18-ը դիտորդական առաքելություն կիրականացնի Երևանի 12 շրջանում՝ սեպտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրություններին: Այդ մասին նշված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում: «Մինչև ընտրությունների օրը Կառլա Դեջոնգի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ կունենա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային կառավարման նախարարության և արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ: Նախատեսված են նաև հանդիպումներ Կոնգրեսում Հայաստանի պատվիրակության, դիվանագիտական կորպուսի անդամների, ինչպես նաև տեղական և միջազգային ՀԿ-ների և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Պատվիրակությունը մտքեր կփոխանակի ընտրություններում առաջադրված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և թեկնածուների հետ: Ընտրությունների օրը Կոնգրեսի յոթ թիմ պատահականության սկզբունքով կտեղակայվի Երևանի բոլոր 12 շրջաններում՝ ընտրատեղամասերում ընտրական ընթացակարգերին հետևելու համար: Նախնական եզրակացություններով հայտարարությունը պատվիրակության ղեկավարը կհրապարակի Կոնգրեսի կայքում 2023 թվականի սեպտեմբերի 18-ին»,- հայտնել են Եվրոպայի խորհրդից:
13:10 - 14 սեպտեմբերի, 2023