ՀՀ ԱԺ-ն ասել է, որ պատրաստ է ապահովել Ադրբեջանի պատգամավորների անվտանգությունը ԽՎ նստաշրջանի ընթացքում. Սարգիս Խանդանյան
Հակաստանի Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց` Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանին չմասնակցող երեք երկրների պատվիրակություններից պարզաբանումներ չեն եղել։
Հիշեցնենք` Երևանում այսօր մեկնարկած ԽՎ նստաշրջանին չեն մասնակցում Ռուսաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատվիրակությանը, մի քանի անգամ նրանք հարց են բարձրացրել տարբեր ֆորմատներով՝ կապված Հայաստանում իրենց անվտանգության հետ։ ՀՀ Ազգային ժողովը խորհրդարանական վեհաժողովի նախագահին և Վեհաժողովին արձագանքել է՝ ասելով, որ ԱԺ-ն պատրաստ է ապահովել պատգամավորների անվտանգությունը, բայց, ինչպես տեսնում եք, Ադրբեջանի պատգամավորները չկան»,- նշեց Խանդանյանը։
Պատգամավորը նաև պատասխանեց հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի չմասնակցելու պատճառն այն է, որ Փաշինյանը չի մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Խանդանյանը չհամաձայնեց, որ Ռուսաստանի չմասնակցության պատճառը դա է։
14:36 - 18 նոյեմբերի, 2023