Դավիթ Բաբայան

Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, տեղեկատվության գլխավոր վարչության նախկին պետ։

Ծնվել է 1973 թվականին, Ստեփանակերտում։

1998-1999 թվականներին աշխատել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) արտաքին գործերի նախարարության քաղաքական վարչությունում որպես երկրորդ քարտուղար, 2000-2001 թվականներին ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության քաղաքական ծրագրավորման բաժնի պետ, 2001 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր զբաղեցրել է ԼՂՀ ԱԳՆ քաղաքական վարչության պետի պաշտոնը։

2001 թվականի դեկտեմբերից մինչև 2005 թվականի հունվար աշխատել է ԼՂՀ նախագահին կից պլանավորման խմբում, 2005 թվականի փետրվարից մինչև 2007 թվականի սեպտեմբեր աշխատել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի օգնական, 2007 թվականի սեպտեմբերից զբաղեցնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը։

2013 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2019 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը, իսկ նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ:

2021 թվականի հունվարին նշանակվել է ԱԳ նախարար։

Արցախի գոյությունից է կախված Հայաստանի ապագան. Դավիթ Բաբայանի հարցազրույցը՝ Անկախության 30-ամյակի առիթով |armenpress.am|

Արցախի գոյությունից է կախված Հայաստանի ապագան. Դավիթ Բաբայանի հարցազրույցը՝ Անկախության 30-ամյակի առիթով |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առիթով հարցազրույց է տվել՝ասելով, որ սա իր մեջ շատ կարևոր խորհուրդ պարունակող իրադարձություն է, քանի որ Արցախի Հանրապետությունը ստեղծվել է, կարողացել է իրեն պաշտպանել և զարգանալ համայն հայության ջանքերով: «Հասկանալի է, որ այս իրավիճակում՝ երրորդ պատերազմից հետո, Արցախում շատ քիչ են լինում շնորհավորանքները, բայց այս շնորհավորանքը պարտադիր է, որովհետև Արցախի Հանրապետության ստեղծման, կայացման, պաշտպանության և զորացման համար իրենց կյանքն են նվիրաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները՝ իրենց արյունով, իրենց քրտինքով, իրենց ամեն ինչով: Սա շատ կարևոր իրադարձություն է և մեր ազգային-ազատագրական պայքարի տրամաբանական զարգացումն է: Պայքարի, որի վերջին փուլը սկսվել է 1988 թ. մեկնարկից և մինչև հիմա շարունակվում է: Սա մի տոն է, որը բոլորս պարտավոր ենք հիշել, տոնել, որովհետև սա, ի վերջո, մեր երկրի անձնագիրն է», - ասել է Արցախի արտգործնախարարը: Դավիթ Բաբայանն իր խոսքում շեշտել է, որ արցախապահպանությունն ու արցախապաշտպանությունը, Արցախի սուբյեկտայնության պահպանումը այսօր կենսական նշանակություն ունի, քանի որ եթե չլինի հայկական Արցախը՝ ծայրաստիճան վտանգված է լինելու նաև ողջ Հայաստանը: Զրուցակցի խոսքով՝ Արցախի Հանրապետության գոյությամբ շահագրգռված են նաև մի շարք կարևորագույն ուժային կենտրոններ: «Արցախը պետք է արժեք և սրբություն լինի Հայաստանում և Սփյուռքում: Դա մեծապես կնպաստի, որպեսզի Արցախը կարողանա կանգնել և մեր թիկունքը լինել: Իսկ որպեսզի ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք և ունենանք հաջողություններ արտաքին դաշտում, պետք է մեր սրտերում, հոգիներում, մտքերում, ուղեղներում կարևորենք այդ ամենը, Արցախը արժևորենք: Կրկնում եմ՝ Արցախը գաղափար է, անձեր չեն: Արցախապահպանությունը փիլիսոփայություն պետք է լինի, որովհետև սրանից է կախված Հայաստանի ապագան», - նշել է Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ մենք այլ տարբերակ չունենք, քան գաղափարախոսական ժողովուրդ լինելը, քանի որ նյութական դաշտում չենք կարող մրցել Ադրբեջանի և Թուրքիայի հետ: 1991 թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, հիմնվելով ԽՍՀՄ գործող Սահմանադրության և օրենքների վրա և օգտվելով իր պետական-իրավական կարգավիճակի հարցը ինքնուրույն որոշելու իրավունքից, հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ԼՂԻՄ-ի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Հարցազրույցը ամբողջությամբ՝ տեսանյութում Հարցազրույցը վարել է Արամ Սարգսյանը    
17:12 - 02 սեպտեմբերի, 2021
Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանն ընդգծել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը

Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ: Վերջինս շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի և Արցախի համար կարևոր ժամանակաշրջանում արտգործնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանն ընդգծել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ու պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը: Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները քննարկել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ տեղում գործադրվող ջանքերը։ Շեշտվել է Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար։
15:22 - 20 օգոստոսի, 2021
Արցախը Ադրբեջանի տարածք չէ. Դավիթ Բաբայանը կոչ է անում Բաքվին չխեղաթյուրել իրականությունը |armenpress.am|

Արցախը Ադրբեջանի տարածք չէ. Դավիթ Բաբայանը կոչ է անում Բաքվին չխեղաթյուրել իրականությունը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադարձել է Արցախի կարգավիճակի վերաբերալ ադրբեջանական կողմի մոտեցումներին՝ շեշտելով, որ Արցախն Ադրբեջանի տարածքը չէ։ Բաբայանը Բաքվին կոչ արեց չխեղաթյուրել իրականությունը։ «Իհարկե, սա Ադրբեջանի տարածք չէ: Դա իրենց նպատակն է՝ Արցախը դարձնել Ադրբեջանի տարածք, բայց դա չի նշանակում, որ դա հաջողվելու է», - ասաց Դավիթ Բաբայանը Անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությանը, թե Հայաստանը զինված ուժեր է տեղափոխում Լեռնային Ղարաբաղի տարածք, Արցախի արտգործնախարարն ասաց, որ «Հայաստանի կողմից զորքի որևէ տեղաշարժ կամ տեղաբաշխում չկա»: Դավիթ Բաբայանի խոսքով՝ ինչպես ռազմական միջոցների գործադրումը ադրբեջանական զինուժի կողմից, այնպես էլ Բաքվի նմանատիպ հայտարարությունները ուղղված են միևնույն նպատակին՝ հոգեբանական ճնշում գործադրել՝ փորձելով վախեցնել արցախցիներին: Բացի այդ, նաև փորձում են խարխլել հայ-ռուսական հարաբերությունները և հող նախապատրաստել Հայաստանի հետ Արցախի կապը կտրելու: «Վաղն էլ ասելու են՝ «պետք է ստուգենք, տեսնենք՝ ով է գալիս Հայաստանից», և այլն, և այլն: Իրենք այդպես են ծրագրել՝ խեղդել Արցախը սոցիալ-տնտեսական առումով, թույլ չտալ, որ ներդրումներ լինեն», - բացատրեց Արցախի արտգործնախարարը՝ հավելելով, որ, ամեն դեպքում, հարկավոր է շատ լուրջ վերաբերվել նմանատիպ հայտարարություններին և համապատասխան քայլեր ձեռնարկել դրա դեմ: Բարձր գնահատելով ռուսական խաղաղապահ զորամիավորման դերը՝ Դավիթ Բաբայանը ընդգծեց, որ երբ ասում ենք «հայկական զորքեր» կամ «հայկական կազմավորումներ»՝ պետք է հիշել, որ դրանց մեջ է մտնում նաև Արցախի Պաշտպանության բանակը, որը կա և հանդիսանում է Արցախի բնակչության անվտանգության երաշխիքը: Շարունակությունը՝ armenpress.am-ում   Արամ Սարգսյան
09:39 - 17 օգոստոսի, 2021
Արցախը հայաթափելու Ադրբեջանի փորձերը ձախողված են. Դավիթ Բաբայան

 |armenpress.am|

Արցախը հայաթափելու Ադրբեջանի փորձերը ձախողված են. Դավիթ Բաբայան |armenpress.am|

armenpress.am: Ռազմաքաղաքական իրավիճակը Արցախում թեև մի կողմից շատ յուրահատուկ է, բայց ընդհանուր առմամբ հանգիստ է: Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում գրանցված միջադեպերին և ադրբեջանական զինուժի ռազմական սադրանքներին: Բաբայանը շեշտեց՝ էական չէ, թե ինչ զինատեսակներ է կիրառում ադրբեջանական զինուժը Արցախի դեմ, քանի որ հիմնական նպատակը նույնն է՝ հոգեբանականը և աշխարհաքաղաքականը, ոչ թե ռազմականը: «Սա բազմաշերտ քաղաքականություն է: Նպատակը մեկն է՝ հայաթափել Արցախը: Իսկ եթե հայաթափվում է Արցախը՝ լրիվ այլ իրավիճակ է ստեղծվում ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև մի հսկայական տարածաշրջանում՝ Հյուսիսային Կովկաս, Մերձավոր Արևելք, Միջին Արևելք, Կենտրոնական Ասիա, Վոլգայի շրջաններ, Սև ծովի ավազան», - ասաց Արցախի ԱԳ նախարարը: Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանը ռազմական և այլ միջոցներով փորձում է հոգեբանորեն ազդել Արցախի հայության վրա, վհատեցնել ժողովրդին, որպեսզի մարդիկ կտրեն իրենց հույսը և մտափոխվեն Արցախում ապրելու հեռանկարների վերաբերյալ, սակայն այդ փորձերը ձախողված են: Այս համատեքստում նա շեշտում է՝ Արցախում ապրելն արդեն իսկ առաքելություն է դարձել: «Մենք պետք է շարունակենք ապրել այստեղ: Արցախում ապրելը արդեն իսկ, կարելի է ասել, ինչ-որ մի առաքելություն է, ոչ թե լոկ կենցաղային առօրյա: Հետևաբար պետք է հանգիստ վերաբերվենք այդ ամենին և շարունակենք մեր աշխատանքը, մեր ծառայությունը: Այդ փորձերն, իհարկե, չեն ազդում, բայց պետք է այնպես անենք, որ ավելի ամրապնդենք մարդկանց հույսն ու հավատը: Դրա համար անհրաժեշտ է համապարփակ, միասնական մոտեցում, ճիշտ աշխարհաքաղաքականություն, ճիշտ ներքին քաղաքականություն պետք է վարենք, և այլն, և այլն», - բացատրեց Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ նախ և առաջ ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ դուրս գան սթրեսից: Երկրորդը՝ պետք է անսասան հավատք ունենան, համախմբած լինեն, և երրորդը՝ տեղ տան ինտելեկտին, պրոֆեսիոնալիզմին և հայրենասիրությանը: «Խնդիրները շատ են, անելիքները շատ են, բայց՝ միանգամայն իրականանալի, այսինքն՝ կարող ենք պահել այն, ինչ ունենք», - հավելեց Արցախի ԱԳ նախարարը: Ավելի մանրամասն՝ armenpress.am-ում։ 
17:32 - 13 օգոստոսի, 2021
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու սադրանքներին և պահպանել սառնասրտություն. Դավիթ Բաբայան |artsakhpress.am|

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու սադրանքներին և պահպանել սառնասրտություն. Դավիթ Բաբայան |artsakhpress.am|

artsakhpress.am:  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտարարություն է տարածել, թե իբր վերջին օրերին Հայաստանը խախտել է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ համաձայնությունը և ռազմական նոր ուժեր է կենտրոնացրել Արցախում՝ հավելելով, ադրբեջանական բանակը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները։ Մեկնաբանելով ադրբեջանական կողմի այս սադրիչ հայտարարությունը՝ ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նշել է, որ  Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան սադրիչ և ահաբեկչական քայլ:   «Վախեցնելով արցախցիներին և սպանելով Արցախի ապագայի նկատմամբ նրանց հավատը՝ թշնամին նպատակ ունի հայաթափել Արցախը: Ադրբեջանը փորձում է քողարկել տարբեր ուղղություններով իր ագրեսիվ քայլերը՝ նմանատիպ կեղծ հայտարարություն տարածելով: Չի բացառվում, որ թշնամին Թուրքիայի խորհրդով փորձում է նաև հարված հասցնել հայ-ռուսական եղբայրությանը՝ ստվերելով տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը: Կոչ ենք անում մեր հայրենակիցներին չտրվել թշնամու սադրանքներին և պահպանել սառնասրտություն», - նշել է  ԱԳ նախարարը:
17:12 - 11 օգոստոսի, 2021
Արմեն Գրիգորյանն ու Դավիթ Բաբայանը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր

Արմեն Գրիգորյանն ու Դավիթ Բաբայանը քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր

Օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը։Զրույցի ընթացքում քննարկվել են երկու հայկական պետությունների արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է հիմնախնդրի համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բարձր է գնահատվել ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության  և կայունության պահպանման գործում։ Ընդգծվել է Հայասատան-Արցախ-Սփյուռք կապերի հետագա ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել Արցախի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին։
17:55 - 10 օգոստոսի, 2021
Կկանգնենք մինչև վերջ, բայց երբեք չենք լինի Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳ նախարար |armenpress.am|

Կկանգնենք մինչև վերջ, բայց երբեք չենք լինի Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Արցախի՝ վերջին պատերազմից հետո ներկայիս վիճակում հայտնվելուց հետո Ադրբեջանը գործնական քայլեր է անում Սյունիքի բռնազավթման ուղղությամբ՝ բացելով նոր՝ «զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատը»: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ կոչ անելով սթափվել և հասկանալ՝ ինչ է կատարվում, պատրաստ լինել Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի: ԱԳ նախարարի խոսքով՝ թեև Արցախը հիմա «վերակենդանացման բաժանմունքում է», թեև արցախյան «վահանը» ջարդված է, բայց ոչնչացված չէ: Դավիթ Բաբայանը ընդգծեց, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: - Պարոն Բաբայան, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իրենց հասած «ոչ պաշտոնական տեղեկություններով»՝ «Հայաստանը պատրաստ չէ» Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագրի» ստորագրմանը: Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, ասաց, որ քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ՝ այլ լուծումների մասին դժվար կլինի խոսել: Ձեր կարծիքով՝ ի՞նչ համաձայնագրի մասին է խոսում Ալիևը, ի՞նչ նպատակով է նման հայտարարություն անում և որքանո՞վ է հիմա ընդհանրապես իրական խոսել խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ հաշվի առնելով այն բարդ խնդիրների ամբողջ համալիրը, որ այսօր ունենք Արցախյան հիմնահարցի և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի տիրույթում: - Ես ասեմ հետևյալը: Մենք ընդհանրապես պետք է կենտրոնանանք ոչ թե Ալիևի կողմից հնչեցվող այդ իրավական գաղափարների վրա, ասենք՝ պայմանագիր, համաձայնագիր, խաղաղություն և այլն, այլ նրա կողմից շրջանառության մեջ արդեն իսկ դրված նոր թեմայի վրա, որը շատ կանխատեսելի էր և որի մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք, կարծես, թե բոլորը հասկանում էին, բայց հիմա զարմանում են՝ «էդ ո՞նց է, էդ ի՞նչ է կատարվում»: Ալիևը նոր աշխարհաքաղաքական թեմա է բացել, նոր աշխարհաքաղաքական ճակատ է բացել՝ զանգեզուրյան ճակատը: Եվ սա արդեն դարձել է քննարկման առարկա, դարձել է իրականություն: Տարիներ շարունակ մենք ասում էինք՝ եթե, Աստված մի՛ արասցե, Արցախը թուլանա, մայր Հայաստանը կլինի մահացու վտանգի տակ, ոմանք մտածում էին, թե Արցախը բեռ է, ազատվելով լավ կապրեն, առևտուր կանեն: Ո՛չ, այդպես չէ և չի լինելու այդպես: Տեսնո՞ւմ եք՝ Արցախը թուլացել է, հիմա զանգեզուրյան ճակատն է բացվել: Հիմա Ադրբեջանը անցել է զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատի բացման գործընթացին: - Ի՞նչ է դա նշանակում: - Դա նշանակում է հետևյալը, որ Արցախի՝ այս վիճակում հայտնվելուց հետո, - աշխարհաքաղաքական, հոգեբանական, տնտեսական և այլ առումներով մենք գտնվում ենք վերակենդանացման բաժանմունքում, - այդ վահանը ջարդված է. ոչնչացված չէ, բայց ջարդված է, և հիմա այլ ճակատ է բացվել՝ զանգեզուրյան ճակատը: Ի՞նչ են անում նրանք: Նրանք միշտ խոսում էին, որ «Զանգեզուրը ադրբեջանական է» և նմանատիպ անհեթեթ բաներ: Հիմա անցել են դրա պրակտիկ կիրառմանը, այդ պրոյեկտի իրականացմանը: Ստեղծել են «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան»: Իմիջիայլոց, այդ տնտեսական շրջանների ստեղծումը առաջին քայլն է: Հետո այդ տնտեսական շրջանները վերածվելու են մարզերի կամ վիլայեթների: Բայց հարցն այն է, որ «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան» և ընդհանրապես Զանգեզուր անունը կրող որևէ տնտեսական, մշակութային կամ վարչատարածքային միավոր Ադրբեջանում երբեք չի եղել: Հիմա նրանք ստեղծել են այդ տնտեսական շրջանը: Վաղը դա կդարձնեն վարչատարածքային միավոր: Եթե կա «Արևելյան Զանգեզուր»՝ մենք ասել ենք, որ հենց դա ստեղծեց՝ կխոսի «Արևմտյան Զանգեզուրի» մասին: Երեկ Ալիևը դրա մասին խոսեց: Ասաց, թե «Արևմտյան Զանգեզուրը, որը բռնակցված է Հայաստանին, պետք է ազատագրվի»: Եվ ի՞նչ արեց: Նա «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը», որը նախկինում կոչում էին Քելբաջար-Լաչինի տնտեսական շրջան, թեպետ նրանք չէին վերահսկում, բայց դրա մեջ ներառեց նույն Քելբաջարը՝ Քարվաճառը, ինչպես նաև Հադրութի հարավային մասը՝ Ջաբրայիլ կոչեցյալը: Այսինքն՝ ո՛չ այդ Ջաբրայիլը, ո՛չ էլ Քարվաճառը պատմականորեն երբեք Զանգեզուր չեն կոչվել: Հետևաբար ինչո՞ւ է հիմա այդպես կոչել. որ զուգահեռաբար նույնանման տարածքի վրա ստեղծի «Արևմտյան Զանգեզուր» հասկացությունը և սկսի այդ գործընթացը: Իսկ դա Սևանա լճի գրեթե ողջ հարավային ավազանն է, Վայոց ձորն է, Սյունիքի մարզն է: Եվ արդեն առաջին քայլն արել է՝ այդ հասկացությունը դնելով շրջանառության մեջ: Եվ խոսում է ոչ թե նույնիսկ Մեղրիի, այլ «զանգեզուրյան միջանցքի» մասին: Այսինքն՝ այդ աշխարհաքաղաքական ճակատը արդեն սկսել է գործել: Պետք է սթափվե՛նք, հասկանա՛նք՝ ինչ է կատարվում, պատրա՛ստ լինենք: Նրանք շատ պատրաստված են գալիս աշխատանքին, գործին պատրաստված են մոտենում: Մենք սա էլ պետք է հաշվի առնենք: Քայլ առ քայլ են մոտենում: Սկզբում՝ տնտեսական շրջան, հետո դարձնելու են վարչատարածքային: Եվ հիմա սկսել է գործել: Դրա համար անընդհատ նմանատիպ հայտարարություններ են անելու: Եթե ինքը ուզում է խաղաղության պայմանագիր, ապա ասելու է՝ «հանձնեք ինձ Արևմտյան Զանգեզուրը», «հանձնեք ինձ Գյոքչան», որը Սևանն է, «հանձնեք ինձ Երևանը»: Եվ դա արդեն երևում է: Իրենց աշխարհաքաղաքական հիմնական հարվածների ուղղությունները շատ պարզ են: Նրանք ամենաազնիվ թշնամիներն են. երբեք չեն թաքցրել իրենց բուն նպատակները: - Պարոն Բաբայան, վարչապետի պաշտոնակատարը ասել է, որ Ադրբեջանը այսպես կոչված «միջանցքի» մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար: - Տեսեք: Մենք տրանսպորտային կոմունիկացիաները պետք է տարբերենք աշխարհաքաղաքական հասկացությունից: Նա չի ասում՝ Մեղրիով անցնող ճանապարհ, նա ասում է՝ «Զանգեզուրի միջանցք», «Արևմտյան Զանգեզուր», «Արևելյան Զանգեզուր»: Սա արդեն աշխարհաքաղաքական է, հասկանո՞ւմ եք: - Երևանը ասում է՝ միջանցք՝ չէ, բայց ճանապարհ կարող է բացվել: Իսկ ի՞նչ նկատի ունեն ադրբեջանցիները՝ «միջանցք» ասելով: - «Միջանցքը», իրենց պատկերացմամբ, «Արևմտյան Զանգեզուրի» միացման առաջին քայլն է: Այսպես պետք է հասկանալ: Թուրքիա-Ադրբեջան միացման և «Արևմտյան Զանգեզուրի», ասել է, թե մեր հայոց ժայռաբեկորների աստիճանաբար բռնակցումն է Ադրբեջանին: Սրանք այդպես են մտածում, և պետք չէ իլուզիաներով տառապել: - Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Արցախի մեծ մասի բռնազավթումից հետո Ադրբեջանը անցնելու է Սյունիքի բռնազավթմա՞նը: - Արդեն անցե՛լ է: Պարզապես ոչ թե սրընթաց ձևով, լայնածավալ պատերազմ հայտարարելով, այլ՝ կամաց-կամաց: - Բայց, ներեցեք, այս իրավիճակում խոսում են խաղաղության համաձայնագրի, ճանապարհների բացման, տրանսպորտային կապերի վերականգնման, ապաշրջափակման, սահմանագծման և սահմանազատման մասին: Այս իրավիճակում, երբ, ինչպես Դուք եք ասում, Ադրբեջանը փաստացի սկսել է Սյունիքի բռնազավթման իր ծրագրի իրականացումը, նմանատիպ խոսակցությունները մի քիչ տարօրինակ չե՞ն: - Իսկ Ալիևը երբևիցե թաքցրե՞լ է իր այդ մտադրությունները: Նա բացեիբաց հայտարարում է դրա մասին: Ոչ մի տարօրինակ բան չկա, որովհետև կա տարբեր մոտեցում, տարբեր պատկերացում, տարբեր աշխարհընկալում: Իրենց աշխարհընկալումն այդպիսինն է: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:59 - 16 հուլիսի, 2021
Ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով. Դավիթ Բաբայան |artsakhpress.am|

Ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով. Դավիթ Բաբայան |artsakhpress.am|

artsakhpress.am: Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են՝ որպես շինանյութ, հատկապես՝ իրենց կողմից տարբեր ճանապարհների կառուցման նպատակով, այս մասին ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ «Սա մշակութային ցեղասպանության հերթական դրսևորումն է , բարբարոսություն, որն ունի քաղաքական նպատակ: Ոչ միայն հայկական հետքը ոչնչացնում են ի սպառ, այլ նաև օգտագործում են տնտեսական նպատակներով: Կառուցելով նման ենթակառուցվածքներ՝ ադրբեջանցիները շատ ավելի դժվար են դարձնում հետագայում այդ ամենի վերականգնումը: Սա միջազգային և բարոյական նորմերի կոպիտ խախտում է» ,- մասնավորապես ասել է Դ. Բաբայանը: Այն հարցին, թե որ ճանապարհների կառուցման նպատակով են օգտագործվում գերեզմանաքարերը, ԱԳ նախարարը պատասխանել է, որ տարբեր աղբյուրներ տարբեր տվյալներ են հաղորդում, մասնավորապես՝ շրջանառվում է, որ Հադրութ-Շուշի կառուցվող ճանապարհահատվածի շինարարության մեջ են լայնորեն օգտագործում: «Կան տվյալներ, որոնք ցույց են տալիս , թե ադրբեջանցիներն ինչպես են քանդում Հադրութի գերեզմանատները: Այս տեղեկություններն անհրաժեշտություն են առաջացնում, որ միջազգային հանրությունը ևս մշտադիտարկման առաքելություններ իրականացնի և տեղում ծանոթանա իրականությանը: Այն պետք է իրականացվի տարբեր պետական կառույցների կողմից: Ադրբեջանի կողմից իրականացվող հայկական մշակութային ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ նամակներ ենք ուղարկել միջազգային տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև հանդես եկել հայտարարություններով: Որոշ տեղաշարժեր կան: Դժբախտաբար, այս գործընթացը ժամանակատար և աշխատատար գործընթաց է, որպեսզի միջազգային կառույցները լիարժեք գործեն»,- ավելացրել է Դ. Բաբայանը:
17:41 - 10 մայիսի, 2021
Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և մասնագիտացված մարմիններին

Արցախի ԱԳ նախարարը նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին և մասնագիտացված մարմիններին

 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մայիսի 5-ին նամակներ է հղել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին՝ Շուշի քաղաքի հայ բնակչության բռնի վտարմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության կապակցությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից:    Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանի կողմից Շուշիում իրականացված բռնի վտարումներն ուղղակի և անուղղակի կերպով խախտում են միջազգային բազմաթիվ փաստաթղթերում ամրագրված հայ բնակչության քաղաքացիական, մշակութային, տնտեսական, քաղաքական և սոցիալական իրավունքների ողջ սպեկտորը: Ընդգծվում է, որ Արցախի օկուպացված տարածքներում պատմական, մշակութային և ճարտարապետական լանդշաֆտի բռնի վերափոխման քաղաքականությունը խտրականության և այլատյացության բացահայտ դրսևուրում է: Նամակներում շեշտվում է, որ միջազգային հանրությունը պետք է հակազդի  Ադրբեջանի կողմից շարունակաբար իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, որոնց թիրախն Արցախի ժողովուրդն է: Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում Ադրբեջանի ցանկացած գործունեություն, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին և նպատակ ունի ամրագրել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի դեմ ուժի ապօրինի կիրառման հետևանքները, չպետք է հանդուրժվի և պետք է ուղղակիորեն դատապարտվի միջազգային հանրության կողմից: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը կոչ է անում համապատասխան միջոցներ ձեռնարկել ՄԱԿ-ի միջազգային-իրավական գործիքակազմն ակտիվացնելու ուղղությամբ՝ ապահովելու միջազգային մասնագիտացված կազմակերպությունների անարգել մուտքն Արցախ` այդ կործանարար և շարունակական խախտումները վերացնելու համար:
18:07 - 05 մայիսի, 2021
Մենք խոսում ենք դեօկուպացիայի մասին, իսկ մարդիկ հայտարարում են, թե Քարվաճառը մերը չէ. պատմությունից չհասկացողները չպետք է նման հայտարարություն անեն. Դավիթ Բաբայան |tert.am|

Մենք խոսում ենք դեօկուպացիայի մասին, իսկ մարդիկ հայտարարում են, թե Քարվաճառը մերը չէ. պատմությունից չհասկացողները չպետք է նման հայտարարություն անեն. Դավիթ Բաբայան |tert.am|

tert.am: Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիան և Ադրբեջանը շատ նպատակասլաց աշխատանքներ են տանում: Դրա համար մի քանի տեխնոլոգիաներ կան, ռազմի դաշտից բացի նաև ներքին պառակտություններ են սերմանում և Կարմիր շուկայի հանձնման հարցը այդ տեխնոլոգիաների բաղադրիչներից է, սակայն որևէ մեկը Կարմիր շուկայի կարգավիճակը չի փոխել: Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: «Կարմիր շուկան հայկական է, Ադրբեջանին տալու, հանձնելու, կարգավիճակ փոխելու նպատակ չկա, չի էլ կարող լինել: Սա թող բոլորի համար պարզ լինի, մենք ամեն ինչ անելու ենք, որ գոնե եղածը պահպանվի»,-ասաց Բաբայանը:Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, թե Թուրքիային և Ադրբեջանին որպես թշնամիներ են ընկալում, սակայն տարածաշրջանային մոտեցումները պետք է շտկվեն՝  Բաբայանը նշեց, որ քաղաքականությունը մնում է քաղաքականություն, սակայն ապաշրջափակումը, կոմունիկացիաների բացումը զուտ պետք է լինի տնտեսական հարթությունում:«Բայց Թուրքիան եղել է և կմնա Հայոց պետականության ամենամեծ վտանգներից մեկը ու դրա մասին հենց նրանք են հայտարարում ու գործողություններով ցույց տալիս, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան ցույց տվեց իր դեմքը: Լավ է, երբ ուզում ենք ուրիշ երկրների հետ մեր հարաբերությունները լավացնենք, բայց այլ հարց է, թե արդյոք այդ երկրներն ուզում են մեզ հետ հարաբերություններ լավացնել և ինչ գնով»,-նշեց նա: Դավիթ Բաբայանը նշեց, որ պետք է զգույշ լինել հայտարարությունների մեջ, քանի որ այլ բան է, երբ թշնամին ասում է՝ Ստեփանակերտն իրենցն է, Երևանն իրենցն է և այլ բան է, երբ նման հայտարարություններ են հնչում մեր կողմից, օրինակ՝ Քարվաճառը երբեք մերը չի եղել կամ կասկածի տակ է դրվում նաև Շուշիի հայկական լինելու հարցը: Արցախի արտգործնախարարի խոսքով՝ լուրջ բաց կա, որը եկել է տարիներ շարունակ և պետք է հստակեցնել, թե որն է Արցախ-Ղարաբաղ հասկացությունների տարբերությունները: Նա շեշտեց, որ աշխարհագրական, պատմական տարբերությունները գոնե պետք է չշեղեն այն հարցից, որ տարածքը հայկական է:
14:22 - 02 ապրիլի, 2021
Դավիթ Բաբայանը ցավակցություն է հայտնել Կարապետ Քաբաբջյանի մահվան կապակցությամբ

Դավիթ Բաբայանը ցավակցություն է հայտնել Կարապետ Քաբաբջյանի մահվան կապակցությամբ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քաբաբջյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել նրա ընտանիքին։ Նամակում, մասնավորապես, ասվում է. «Խոր կսկիծով ու ափսոսանքով տեղեկացա Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանի վաղաժամ մահվան մասին։   Կյանքից հեռացել է մի անհատականություն, որը 22 տարի շարունակ արժանապատվորեն ներկայացրել է Արցախը և ջանք ու եռանդ չի խնայել աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբման միջոցով ամրապնդելու Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը՝ ի նպաստ հայապահպանության և հայկական երկու հանրապետությունների հզորացման ու բարգավաճման։   Մեծ է նրա ավանդը նաև մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության գործում։ Կարո Քեբաբջյանը մեր հիշողության մեջ կմնա որպես իմաստուն դիվանագետ, եռանդուն, նախաձեռնող ու վեհանձն անհատ, ով իր կյանքն անմնացորդ նվիրել է հայրենիքին ու հարազատ ժողովրդին։   Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ պարոն Քեբաբջյանի հարազատներին և մերձավորներին։ Թող Աստված լուսավորի նրա հոգին, իսկ ձեզ ուժ ու կորով պարգևի՝ կորստյան ցավը մեղմելու համար».- ասված է Դավիթ Բաբայանի ցավակցական ուղերձում:    
20:47 - 31 մարտի, 2021
Ադրբեջանցիների կողմից մեքենաների քարկոծումը չի կարող անարձագանք մնալ. Արցախի ԱԺ նախագահ

Ադրբեջանցիների կողմից մեքենաների քարկոծումը չի կարող անարձագանք մնալ. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է Արցախի  արտաքին գործերի նախարարություն, հանդիպել արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:  Քննարկվել են երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ հնչած հիմնական թեզերը, խորհրդարանի ղեկավարի խոսքով, համահունչ են նոր իրողություններին: «Այսօր Արցախի անվտանգությունը համար մեկ խնդիրն է, ադրբեջանցիների՝ վերջին շրջանում դրսևորած, այսպես ասած, ակտիվությունը չի կարող անարձագանք մնալ: Խոսքը հայկական մեքենաների քարկոծման դեպքերի մասին է», - ասել է Արթուր Թովմասյանը: Խոսվել է միջազգային ատյաններում այս և օրակարգային այլ հարցեր բարձրացնելու անհրաժեշտության մասին: ԱԺ նախագահը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, նաև նշել տարբեր երկրների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման կարևորությունը։ ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը: «Ներքին բոլոր ռեսուրսները պետք է օգտագործենք, ստեղծենք ամուր թիկունք, որպեսզի արտաքին ճակատում լինենք ուժեղ », - ընդգծել է ԱԳ նախարարը: Կողմերը պայմանավորվել են պարբերական բնույթ հաղորդել նման հանդիպումներին:
18:14 - 30 մարտի, 2021
Հայկական մեքենաների քարկոծման դեպքերը չեն կարող անարձագանք մնալ. ԱՀ ԱԺ նախագահը՝ ԱՀ ԱԳ նախարարին

Հայկական մեքենաների քարկոծման դեպքերը չեն կարող անարձագանք մնալ. ԱՀ ԱԺ նախագահը՝ ԱՀ ԱԳ նախարարին

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպել է արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ:   Քննարկվել են երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արա Այվազյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ հնչած հիմնական թեզերը, խորհրդարանի ղեկավարի խոսքով, համահունչ են նոր իրողություններին:   «Այսօր Արցախի անվտանգությունը համար մեկ խնդիրն է, ադրբեջանցիների՝ վերջին շրջանում դրսևորած, այսպես ասած, ակտիվությունը չի կարող անարձագանք մնալ: Խոսքը հայկական մեքենաների քարկոծման դեպքերի մասին է»,- ասել է Արթուր Թովմասյանը:   Խոսվել է միջազգային ատյաններում այս և օրակարգային այլ հարցեր բարձրացնելու անհրաժեշտության մասին:   «Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության գերակայություններից», - ասել է Ազգային ժողովի նախագահը՝ շեշտելով Ռուսաստանի հետ բարեկամական շրջանակի ստեղծման անհրաժեշտությունը:   ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտությունը՝ որպես պաշտոնական դիվանագիտությանը աջակցող կարևոր օղակ:   «Ներքին բոլոր ռեսուրսները պետք է օգտագործել արտաքին ճակատում ուժեղ ներկայանալու համար», - ասել է արտգործնախարարը:   Այդ տեսանկյունից կարևորելով նման հանդիպումները՝ Դավիթ Բաբայանը շեշտել է դրանք պարբերական դարձնելու անհրաժեշտության մասին:
17:22 - 30 մարտի, 2021