Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Ոստիկանն է հաղորդել, որ տվյալ անձն իր նկատմամբ բռնություն է կիրառել․ ՔԿ-ն՝ Կարապետ Պողոսյանի մասնակցությամբ միջադեպի մասին
 |tert.am|

Ոստիկանն է հաղորդել, որ տվյալ անձն իր նկատմամբ բռնություն է կիրառել․ ՔԿ-ն՝ Կարապետ Պողոսյանի մասնակցությամբ միջադեպի մասին |tert.am|

tert.am: Քննչական կոմիտեն գյումրեցի  իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հաղորդում չի ստացել։  Այս մասին Tert.am-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Այդպիսին ստացվելու դեպքում  հիմքերը կուսումնասիրվեն, բավարար հիմքերի դեպքում քրեական վարույթ կնախաձեռնվի»,- ասաց քննչական կոմիտեի մամուլի խոսնակը։ Միաժամանակ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ փոխարենը միջադեպի հետ կապված հաղորդում է ստացվել ոստիկանի կողմից, վերջինս հաղորդում է տվել, որ տվյալ անձի կողմից իր նկատմամբ բռնություն է կիրառվել։ «Կոմիտեն հաղորդում է ստացել ոստիկանի նկատամբ տվյալ անձի կողմից բռնություն կիրառելու վերաբերյալ։ Այդ հաղորդման առթիվ կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն»,-մանրամասնեց նա։  Նշենք՝  երեկ իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հարձակման է ենթարկվել ոստիկանի կողմից։ «Մասնավորապես ոստիկանության Մուշի բաժնի քրեականի աշխատող Արտակ Պողոսյանը ցոցաբերելով բացահայտ ցինիզմ, խուլիգանության ակնհայտ դրսևորմամբ հարձակվել է վրաս։ Քաղաք Գյումրի, Պ. Սևակ փողոցում գտնվող խանությում, որտեղ առկա են նաև տեսախցիկներ։ Հաշվի առնելով հայաստանյան բեզպրիդելը, գործելու եմ իմ իմացածով»,- գրել էր նա։ Հավելենք, որ կատարվածի առնչությամբ հայտարարություն է տարածել ՄԻՊ-ը՝ նշելով, որ դեպքի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։
12:52 - 10 հուլիսի, 2023
Իրավապաշտպանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ

Իրավապաշտպանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ

Տարածված տեղեկությունների համաձայն՝ Գյումրիում Մուշի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցը խանութում հարձակվել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի վրա։ Հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ «Դեպքի կապակցությամբ՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է. բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարտելի է: Այդ հանգամանքի հաշվառումն առանցքային նշանակություն ունի իրավապահ մարմնի յուրաքանչյուր ներկայացուցչի համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
11:42 - 10 հուլիսի, 2023
Գյումրիում բուժաշխատողների կողմից կաշառքով պատվաստման կեղծ սերտիֆիկատների գործով 7 մեղադրյալի նկատմամբ նախաքննությունն ավարտվել է

Գյումրիում բուժաշխատողների կողմից կաշառքով պատվաստման կեղծ սերտիֆիկատների գործով 7 մեղադրյալի նկատմամբ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում  իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատների դիմաց առևտրային կաշառք ստանալու դեպքերի հանգամանքները: Քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել ընկերության տնօրենին և 6 աշխատակցի: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, գործընկերային հարաբերությունների մեջ գտնվելով նույն ընկերության պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորի պաշտոնը զբաղեցնող աշխատակցի հետ, 2021 թ․ սեպտեմբերին վերջինիս հանձնարարել է 6-7 անձի վերաբերյալ կազմել և տրամադրել COVID-19 հիվանդության դեմ պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ։ Բուժքույրը կազմել է պաշտոնական փաստաթղթեր՝ դրանցում ներառելով իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տվյալներ ու տեղեկություններ, և այդ փաստաթղթերը դրել շրջանառության մեջ։ Արդյունքում փաստացի չպատվաստված քաղաքացիների տվյալները  մուտքագրվել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ, և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտիֆիկատներ: Քննությամբ պարզվել է նաև, որ կենտրոնի մի շարք աշխատակիցներ, նյութապես շահագրգռելու եղանակով, նշված բժշկական կենտրոնի բուժքրոջը և պատվաստման կաբինետի բուժքույր-վակցինատորին դրդել են իրենց ծանոթներին, ինչպես նաև տարբեր քաղաքացիների տրամադրել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելու հանգամանքը հավաստող կեղծ սերտիֆիկատներ: Արդյունքում՝ որոշ դեպքերում որպես կաշառք տրված գումարների դիմաց, իսկ որոշ դեպքերում էլ՝ նույն ընկերության աշխատակիցների խնդրանքները կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, բժշկական կենտրոնի բուժքույրը, ընդհանուր շուրջ 65, իսկ բուժքույր-վակցինատորը՝ ընդհանուր շուրջ 120 ՀՀ քաղաքացիների չպատվաստելով սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, վերջինների կողմից COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստված լինելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ և գրառումներ են կատարել համապատասխան մատյաններում և անկետաներում։ Դրանց հիման վրա կազմված ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթերը դրվել են շրջանառության մեջ՝ մուտքագրվել են «ԱՐՄԵԴ» համակարգ, և նրանց անվամբ տրվել են բովանդակությամբ ակնհայտ կեղծ սերտիֆիկատներ։ Արդյունքում՝ այդ քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում կիրառված սահմանափակումները: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Գյումրու Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ընկերության բուժքրոջը և բուժքույր-վակցինատորին՝ առևտրային կաշառք ստանալու և փաստաթղթեր կեղծելու, ընկերության ևս 4 աշխատակցի մեղադրանք է ներկայացվել՝ առևտրային կաշառք ստանալուն և փաստաթղթեր կեղծելուն դրդելու (օժանդակելու) համար: Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ երկուսի նկատմամբ՝ գրավը: Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:43 - 19 մայիսի, 2023
Գերիների հարազատները փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը

 |aravot.am|

Գերիների հարազատները փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը |aravot.am|

aravot.am: Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատներն այս պահին փակել են Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։ «Մեզ այլևս ոչ մի հանդիպում պետք չէ ո’չ կառավարության անդամների, ո’չ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ։ Անցած շաբաթ գնացել էինք Երևան, արտաքին գործերի նախարարության շենք անգամ ներս չթողեցին։ Մեզ մեր տղաներն են պետք` ողջ, առողջ։ «Կարմիր խաչի» միջոցով հեռախոսակապ ունենք հետները, բայց 30 տարեկանը 40-50 տարեկան է երևում, այլևս սպասելու տեղ չունենք»,– ասացին բողոքի ցույցի դուրս եկած գերիների հարազատները։ Շիրակի մարզից գերեվարվածները 26–ն են, նրանք 2 տարի 4 ամիս գտնվում են գերեվարության մեջ։ Հարազատները նշում են` չեն բացի ճանապարհը, մինչև իրենց որդիների վերադարձի մասին հստակ տեղեկատվություն չտրամադրեն։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:44 - 11 ապրիլի, 2023
Որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել. էկոնոմիկայի նախարարը` Գյումրիում չոր նավահանգիստ հիմնելու մասին |factor.am|

Որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել. էկոնոմիկայի նախարարը` Գյումրիում չոր նավահանգիստ հիմնելու մասին |factor.am|

factor.am: Այսօր Գյումրիում կառավարության մի քանի ներկայացուցիչների՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի, Պետական եկամուտների կոմիտեի նախարար Ռուստամ Բադասյանի, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի մասնակցությամբ տեղի ունեցավ «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող բիզնես ֆորում։ Էկոնոմիկայի նախարարը մանրամասներ ներկայացրեց Գյումրիում «չոր նավահանգիստ» հիմնելու ծրագրի ընթացքի մասին։ «Չոր նավահանգիստ», ըստ էության, ինդուստրիալ պարկ է, որտեղ լինելու են արդյունաբերական ենթակառուցվածքներ, շենքեր, հոսանքի, ջրի, գազի աղբյուրներ, տարածքներ, որտեղ հնարավոր է հեշտ արդյունաբերական ընկերություն ստեղծել, բայց նաև կոնտեներային տերմինալ, որը թույլ է տալիս, որպեսզի այդտեղ հավաքվեն բեռներ նաև ուրիշ տեղերից, նաև լոգիստիկ կենտրոն դառնա։ Հիմա այս ծրագիրը, որը նախնական հավանության արժանացել է, գտնվում է խորը ուսունասիրության փուլում։ Մենք շփվում ենք այնպիսի ընկերությունների հետ, որոնք, հնարավոր է , հետաքրքրված լինեն, մի քանի ընկերություններ նախնական հետաքրքրություն հայտնել են «չոր նավահանգստի» օպերատորությունն անել, տեսնենք, պրոցեսի դեռ 10 տոկոսն ենք անցել և ասել դրա մասին, որ հաստատ կլինի, դեռ չի կարելի ասել։ Էսօրվա մեր թվերը ցույց են տալիս, որ դա խոստումնալից նախաձեռնություն է, մենք հավատով առաջ ենք գնում։ Ես կարծում եմ, եթե իրադարձությունները հաջող գնան, մենք տարվա վերջ կարող ենք մրցույթ հայտարարել էն ընկերությանը ընտրելու համար, որը պետք է ներդրումները և կառավարումն իրականացնի չոր նավահանգստի, դա պետք է լինի միջազգային առաջնակարգ ընկերություն, դա «չոր նավահանգստի» հաջողության առաջնային, գլխավոր պայմանն է»,-ասաց էկոնոմիկայի նախարարը։
20:06 - 11 մարտի, 2023
Գյումրիում մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը
 |armenpress.am|

Գյումրիում մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համագործակցությամբ Գյումրու «Թումո» կենտրոնում մարտի 11-ին  մեկնարկեց «Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագիրը կրող պանելային քննարկումը, որի նպատակը պետություն-մասնավոր երկխոսության հարթակի միջոցով Շիրակի մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները բացահայտելը, ինչպես նաև՝ բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները ներկայացնելն է։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը, ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, գործարարներ: Մեկ հարթակում քննարկվեցին  մարզի տնտեսական զարգացման հեռանկարներն ու առկա խնդիրները, ինչպես նաև ներկայացվեցին բիզնեսին ուղղված պետական աջակցության ծրագրի շրջանակն ու հնարավորությունները։ ««Պետություն-մասնավոր երկխոսություն» խորագրով միջոցառումը հնարավորություն է տալիս գործարարին հանդիպելու ոլորտի պատասխանատուների հետ։ Տնտեսական ակտիվության ապահովման կարևոր բաղադրիչը մարզում գործունեություն ծավալող, աշխատատեղ ստեղծող ու հարկ վճարող բիզնեսն է։ Փորձը ցույց է տվել, որ գործարարի առաջ քաշած խնդիրներն ու առաջարկները պատասխանատու անձանց հետ քննարկելն ու առաջնահերթությունները առանձնացնելը խիստ կարևոր են բիզնեսի զարգացման ու տնտեսական կայունության ապահովման տեսակետից: Ի դեպ, Հանրապետության 1000 խոշոր հարկատուներից մեր մարզում գրանցված 18-ը պետությանը վճարում են 10 մլրդ դրամից ավելի գումար»,-իր խոսքում նշեց ԱԺ-ի՝ Շիրակի մարզը ներկայացնող պատգամավոր Դավիթ Առուշանյանը: Միջոցառմանը ներկա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոսելով պետության կողմից արտադրողականության ավելացմանը նպաստող բաղադրիչներից, առանձնացրեց սարքավորումների մոդեռնիզացիայի ծրագիրը, որի շրջանակներում, փետրվարի 1-ի դրությամբ, 1245 ընկերություն շուրջ 74  մլրդ. դրամի նոր սարքավորումներ է ձեռքբերել: «Կառավարությունն իրականացնում է ձեռքբերված սարքավորումների վարկերի սուբսիդավորումը: Այստեղ ուզում եմ շեշտել «նոր» բառը, որովհետև մենք ուզում ենք, որ ընկերությունները գնեն նոր, բարձր արտադրողականությամբ, էներգոարդյունավետ  սարքավորումներ, և բարձրացնեն իրենց արտադրողականությունը»,-նշեց նախարարը՝ խորհուրդ տալով բոլորին օգտվել այս ծրագրից: Քերոբյանը նաև խորհուրդ տվեց օգտվել օտարերկրյա բարձրագույն որակավորում ունեցող  մասնագետների ծառայություններից:  «Եթե ձեր բիզնեսի համար վարձում եք բարձր որակավորում ունեցող մասնագետ, ով սովորել է աշխարհի լավագույն  400 համալսարաններից մեկում, կամ աշխատել է առաջնակարգ ընկերություններում, ապա Կառավարությունը պատրաստ է նրա աշխատավարձի որոշակի տոկոս սուբսիդավորի»,-նշեց նախարարն՝ ընդգծելով, որ դա արվում է Հայաստանում բացակայող գիտելիքները Հայաստան բերելու նպատակով:  Որպես արտադրողականությունը բարձրացնող  բաղադրիչներ,  նախարարը նշեց նաև թվային տրանսֆորմացիան և նորարարությունների կիրառումը: Այն, որ նմանատիպ հանդիպում-քննարկումների կարիքը մեծ է, հաստատեց  Բաբկեն Թունյանը՝  վստահեցնելով՝ նման կազմով մարզ են եկել գործարարներին հուզող խնդիրներն ու առաջարկները լսելու, հնարավորության դեպքում՝ հարցերին անմիջապես պատասխանելու, կամ՝ դրանք Կառավարությանը փոխանցելու նպատակով: Նմանատիպ հանդիպումներ նախատեսվում են նաև մյուս մարզերում:
17:58 - 11 մարտի, 2023
Բախվել են Գյումրի-Երևան էլեկտրագնացքն ու մարդատար մեքենան

Բախվել են Գյումրի-Երևան էլեկտրագնացքն ու մարդատար մեքենան

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության  լրատվական ծառայությունից հայտնում են՝ մարտի 11-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս հատվածում բախվել են ընկերության Գյումրի-Երևան էլեկտրագնացքը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով էլեկտրագնացքը ժամանակացույցով ուշացել է 1 ժամ 15 րոպե: Ակնհայտ է, որ մարդատար ավտոմեքենայի վարորդը անտեսել է ինքնակարգավորվող անցման լուսացույցի արգելող նշաններն ու զգուշացնող ազդանշանները, ինչով վտանգել է մարդկանց առողջությունը և նյութական վնաս է հասցրել ընկերությանը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հորդորում է երկաթուղային գծերով անցնելիս պահպանել երթևեկության կանոնները՝ քաղաքացիների առողջությանն ու ընկերության նյութական միջոցներին վնաս չհասցնելու համար: Ընկերությունը նաև ներողություն է խնդրում էլեկտրագնացքի ուղևորներից՝ իրենից անկախ պատճառներով տեղի ունեցած միջադեպի համար։  
17:53 - 11 մարտի, 2023
Հրդեհից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը
 |armenpress.am|

Հրդեհից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը |armenpress.am|

armenpress.am: Հրդեհից մահացած 19-ամյա զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը: Հարազատները փակել էին ավտոճանապարհը՝ պահանջելով հանդիպում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Շիրակի մարզի Ազատան համայնքում բնակվող Պողոսյանների ընտանիքը ժամկետային զինծառայող որդու վերադարձին սպասում էր 2023-ի մարտին, սակայն, ինչպես տեղեկացրին ծնողները, դեպքից ամիսներ անց չկա տեղեկատվություն գործի քննության ընթացքի մասին: Որոշ ժամանակ անց ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը՝ պայմանով, որ համապատասխան մարմինները կօգնեն հանդիպում կազմակերպել Պաշտպանության նախարարի հետ: Ծնողները վստահեցնում են՝ եթե առաջիկա շաբաթվա ընթացքում դա չհաջողվի, իրենք նոր քայլեր կձեռնարկեն: Սիսիանի դիրքերից մեկում՝ 3700 մետր բարձրության վրա ՝զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից Պալյան Պողոսյանն այրվածքներ էր ստացել։ Նրան նախ տեղափոխել էին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ, այնուհետ` Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ինն օր անց տղան մահացավ ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներից:  
15:32 - 03 մարտի, 2023
Գյումրիում բացվել են Բարեկամության այգու սահադաշտն ու վերնիսաժը

Գյումրիում բացվել են Բարեկամության այգու սահադաշտն ու վերնիսաժը

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր մասնակցել է «Բարեկամության այգու» սահադաշտի և վերնիսաժի պաշտոնական բացմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ITTD ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոն, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի Գյումրու զարգացման ծրագրերի ղեկավար Ելենա Մուրադյանը, հիմնադրամի, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր։     «Անչափ ուրախալի միջոցառման ենք մասնակցում, որն իրապես ազդարարում է Բարեկամության այգու ծրագրի իրականացման գործնական փուլ մտնելու մասին։ Բարեկամության այգին կառավարություն-համայնք-հիմնադրամ բարեկամության լավագույն օրինակն է, հենց այդ բարեկամության արդյունքում այգին նոր կյանք ստացավ։ Ուրախ եմ, որ «Ձմեռը Բարեկամության այգում» տոնական շունչ է ստացել սառցադաշտի ու վերնիսաժի բացմամբ։ Հույս ունեմ, որ այգու լիարժեք վերականգնման աշխատանքները կավարտվեն շուտով, և այն կդառնա հիանալի ժամանցի վայր թե տեղացիների, թե զբոսաշրջիկների համար՝ նպաստելով Գյումրու արհեստների, արվեստների զարգացմանը»,- ողջունելով ներկաներին ընդգծել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։   Այգու վերակառուցման ամբողջական ծրագիրն իրականացնում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը՝ որպես մասնավոր-հանրային համագործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման անդրանիկ մոդել Գյումրիում։     ՀՀ Կառավարությունը 1,7 մլն դոլարով մասնակցել է զբոսայգու տարածքի և հարակից փողոցների արտաքին ինժեներական ենթակառուցվածքների հիմնանորոգման աշխատանքներին` Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։   815 քմ տարածք զբաղեցնող շարժական սահադաշտը հագեցած է չմշկելու համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, հանդերձարաններով և գլխապտույտ ոլորաններով։ Վերնիսաժը, որի 25 փայտյա տաղավարները կառուցվել են տեղի արհեստավորների կողմից, կծառայի որպես մշտական ցուցահանդես-տոնավաճառ գյումրեցի վարպետների և արվեստագետների համար՝ նրանց ձեռքի աշխատանքներն ու ստեղծագործությունները ներկայացնելու նպատակով։     Այգու վերակառուցման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 12 մլն դոլար, որից 4 մլն դոլարից ավելին ներդրվել է hիմնադրամի գործընկեր կազմակերպությունների և մի շարք անհատ բարերարների կողմից։ Այն շուրջ 50 տոկոսով պատրաստ կլինի շահագործման այս տարվա աշնանը, իսկ վերջնական բացումը իր բոլոր օբյեկտներով նախատեսվում է 2024-ի ամռանը։  
17:54 - 03 փետրվարի, 2023
Գյումրիի Ռեպինի փողոցում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ

Գյումրիի Ռեպինի փողոցում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ

Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 23։44-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ռեպինի փողոցում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել։ ԱԻՆ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շչերբինա փողոցի թիվ 1/1 հասցեում՝ «Պետրովիչ» շինանյութի խանութի պահեստում: Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 29-ին, ժամը 01։31-ին, մարվել՝  03։05-ին։ Այրվել է խանութի պահեստը (մոտ 100 քմ), իսկ տանիքի փայտե կառուցատարրերը՝ ջերմահարվել (մոտ 100 քմ):  
10:05 - 29 դեկտեմբերի, 2022
Գյումրիում ՌԴ քաղաքացին ձերբակալվել է համատեղ բնակվող ընկերուհու սպանության կասկածանքով․ սպանվածը ևս ՌԴ քաղաքացի է

Գյումրիում ՌԴ քաղաքացին ձերբակալվել է համատեղ բնակվող ընկերուհու սպանության կասկածանքով․ սպանվածը ևս ՌԴ քաղաքացի է

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվում են Գյումրի քաղաքում 37-ամյա կնոջ սպանության դեպքի հանգամանքները: 2022թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 08:00-ին, հաղորդում է ստացվել օպերատիվ տվյալների իրացմամբ Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի շենքերից մեկում սպանություն կատարվելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։   Անմիջապես դեպքի վայր ժամանած քննչական-օպերատիվ խումբը դեպքի վայր հանդիսացող բնակարանի հյուրասենյակ-ննջասենյակի հատակին հայտնաբերել է 37-ամյա կնոջ դի:   Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։   Նախաքննությամբ իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է ՌԴ՝ 2002թ․ ծնված քաղաքացի։   Մասնավորապես քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում։ Նշված բնակարանում վարձակալությամբ բնակվող անձի և վերջինիս հետ համատեղ բնակվող նրա ընկերուհու՝ 1985թ ծնված, ՌԴ քաղաքացի Ե․Բ․-ի միջև անձնական հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում, նախնական տվյալներով, տղամարդը նրան հասցրել է մարմնական վնասվածքներ՝ պատճառելով մահ և հեռացել դեպքի վայրից:   ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ ներկայացնելով ընկերուհուն կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ քննությանը հետաքրքրող էական հանգամանքներ:   Նախաքննական մարմնի որոշմամբ, անմիջականորեն առաջացած հիմնավոր կասկածի հիմքով, նա ձերբակալվել է: Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ: Տուժողի մարմնական վնասվածքների բնույթը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:32 - 24 դեկտեմբերի, 2022
Առաջիկա հինգ տարվա ընթացքում Գյումրիում կլուծվի տնակների խնդիրը. ՀՀ փոխվարչապետ

 |armenpress.am|

Առաջիկա հինգ տարվա ընթացքում Գյումրիում կլուծվի տնակների խնդիրը. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Աղետից 34 տարի անց Գյումրիում կան երկրաշարժը հիշեցնող վերքեր, և Կառավարությունը պարտավոր  է անել ամեն ինչ, որ այդ վերքերը մոռացվեն: Դեկտեմբերի 7-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց  ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: Փոխվարչապետը նշեց, որ ընտանիքների՝ երկրաշարժի հետևանքով անօթևան լինելու հարցը հիմնականում կարելի է լուծված համարել: Անդրադառնալով Գյումրիում առկա  տնակներին՝ փոխվարչապետն առանձնացրեց ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից շրջանառվող փաստաթուղթը, ըստ որի՝ այդ տնակներն ապամոնտաժվելու են:  «Ֆիքսում ենք աշխատանքային քարտեզ, որ գալիք 5 տարվա ընթացքում Գյումրիում պետք է լուծենք ոչ հիմնական շինությունների և տնակների հարցը: Ցավոք սրտի, քաղաքում դեռ շատ տնակներ կան, և ոչ բոլոր տնակներում բնակվող քաղաքացիներն են համարվում երկրաշարժի հետևանքով տուժածներ»,-նշեց փոխվարչապետը, տեղեկացնելով, որ ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարվանից և առաջիկա հինգ տարիների ընթացքում կլուծվի տնակների և ժամանակավոր կացարանների հարցը: Ծրագիրն իրականացվելու է փուլային տարբերակով. նախ՝ այն տնակների համար, որոնք համայնքային և պետական նշանակության հողամասերի վրա են: Տնակներում բնակվող տարբեր խմբերի համար այս հարցի լուծումը լինելու է տարբեր՝ բնակարանի գնման վկայագիր ծրագրով, կամ ֆինանսական աջակցության: Խոսելով վթարային բնակելիների մասին՝ փոխվարչապետը տեղեկացրեց, որ հիմնական աշխատանքները կմեկնարկեն 2024 թվականին և 2026 թվականին ամբողջ Հանրապետությունում վթարային շենքերի 70 տոկոսի խնդիրը լուծված պետք է լինի: Ըստ փոխվարչապետի՝ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում:  
15:48 - 07 դեկտեմբերի, 2022
Պուտինից պահանջում ենք հայրենադարձել գերիներին. բողոքի ակցիա Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի դիմաց

 |factor.am|

Պուտինից պահանջում ենք հայրենադարձել գերիներին. բողոքի ակցիա Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի դիմաց |factor.am|

factor.am: Այսօր ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ Խծաբերդում գերեվարված զինվորականների հարազատները բողոքի ցույց են անցկացրել Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց։ Նրանք Վլադիմիր Պուտինից պահանջում են անհապաղ վերադարձնել իրենց որդիներին, որպես գերհզոր երկրի ղեկավար` տեր կանգնել եռակողմ համաձայնագրի կատարմանը։ Ցուցարարների խոսքով՝ եթե ՌԴ նախագահը ցանկանա, կկարողանա արագ հայրենադարձել իրենց որդիներին, որոնք արդեն երկու տարի է` Բաքվի բանտերում են։ Ըստ բողոքավորների՝ իրենց զավակները Խծաբերդում գերեվարվել են «ռուս խաղաղապահների քթի տակ», այն ժամանակ, երբ Խծաբերդը հայերի վերահսկողության ներքո էր, իսկ ռուս խաղաղապահները խաղաղության երաշխավորն էին։Շարունակությունը՝ factor.am -ում 
14:55 - 23 նոյեմբերի, 2022
Գյումրիի փոխքաղաքապետը ազատման դիմում է գրել. գործունեությունը շարունակելու է ԱԺ-ում

Գյումրիի փոխքաղաքապետը ազատման դիմում է գրել. գործունեությունը շարունակելու է ԱԺ-ում

Գյումրիի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը հոկտեմբերի 10-ին պաշտոնից ազատման դիմում է գրել: Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսուհետ իմ գործունեությունը շարունակելու եմ Ազգային ժողովում։ Իմ պաշտոնավարման ընթացքում եկել եմ այն եզրահանգման, որ իներցիոն կառավարումից խուսափելու համար անհրաժեշտ է կառավարման նոր համակարգեր ներդնել, չվախենալ ռեֆորմներից (ինչքան էլ դրանք ցավոտ լինեն), չառաջնորդվել անձնական ամբիցիաներով. նշվածին մասամբ հասել եմ։ Ի հեճուկս բոլոր հուշագրերի՝ շատ կարևոր է գործել միասնական թիմով՝ հակառակ դեպքում ունենալու ենք մասնատված կառավարում, որը շատ դեպքերում խոչընդոտում է ծրագրերի իրականացմանը և անհարմարություններ է ստեղծում քաղաքացիների համար։ Իմ աշխատանքի ընթացքում մեծ դեր է ունեցել մեր թիմը, որը վստահել և աջակցել է ինձ իմ նախաձեռնություններում։ Մենք համախմբված ենք մեկ գաղափարի շուրջ և վստահ քայլերով գնում ենք առաջ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց համարել են թիմի անդամ և կանգնել իմ կողքին. վստահեցնում եմ՝ ամեն ինչ ունի բումերանգի էֆեկտ։ Հաջողություն եմ մաղթում իմ բոլոր գործընկերներին, պարոն Պապիկյանին և պարոն Սամսոնյանին՝ այս բարդ և պատասխանատու գործում։ Ավագանու առաջին նիստի ժամանակ ես ասել եմ հետևյալը.«Ուզում եմ նաև կարևորել ընդդիմության դերը։ Յուրաքանչյուր իշխանություն իր աշխատանքում հաջողում է միայն կառուցողական ընդդիմություն ունենալու պարագայում և համոզված եմ, որ մենք աշխատելու ենք միասին միայն ի շահ քաղաքի և կեղծ օրակարգերը չեն խոչընդոտելու Գյումրու զարգացմանը, քանզի թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության միակ նպատակը լինելու է դա》։ Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին՝ այս խոսքերը ճիշտ ընկալելու և համատեղ աշխատանքի համար։ Սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ եմ ձեզ՝ ձեր վստահության և գնահատականի համար։ Ուզում եմ նշել, որ մշտապես զգացել եմ ձեր աջակցությունը և անկախ ձեզանից դուք միշտ մասնակցել եք իմ կառավարման գործընթացին՝ բարձրաձայնելով իմ թերացումները և դրական գնահատելով արվածը, որը ուժ և վստահություն է տվել ինձ նոր ծրագրերի իրականացման համար։ Այս ընթացքում մեր թիմով շատ ծրագրեր հասցրեցինք անել, բայց շատերն էլ մնացին անավարտ, որի համար հայցում եմ ձեր ներողամտությունը։ Հավաստիացնում եմ, որ ես և իմ գործընկերները շարունակելու ենք բոլոր կիսատ թողած ծրագրերը և ավելին՝ օգտագործելով օրենքով ինձ տրված լիազորությունները, աշխատանքս օրենսդիրում միտված է լինելու ի նպաստ մեր քաղաքի զարգացմանը և պատվախնդիր գյումրեցու համար արժանապատիվ կյանքի ապահովմանը։ Չէ՞ որ Գյումրին բոլորիս Տուն-քաղաքն է»,- գրել է նա:
10:19 - 11 հոկտեմբերի, 2022