Գեղամ Ստեփանյան

Գեղամ Ստեփանյանն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան է (ՄԻՊ), այդ պաշտոնում ընտրվել է 2021 թ․ մարտին։

2014թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

2014-2016թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:

2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:

2016-2019 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում:

2020 սեպտեմբերից 2021թ մարտ աշխատել է Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմում:

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հայտարարություն են տարածել Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման մասին

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հայտարարություն են տարածել Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման մասին

Ադրբեջանական իշխանությունների հայտարարությունը` կապված Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայտարարված քրեական հետապնդման հետ, սեփական պատերազմական հանցանքները քողարկելուն, միջազգային հանրությանը մոլորեցնելուն և Արցախի խաղաղ բնակչությանն ահաբեկելուն ուղղված հերթական քայլն է: Այս մասին միասնական հայտարարություն են տարածել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: «Ադրբեջանական իշխանությունները միշտ են վարել Արցախն արտաքին աշխարհից մեկուսացնելու, մարդու իրավունքները խախտող, խաղաղության դեմ ուղղված պատերազմական հանցանքները թաքցնելու քաղաքականություն` կեղծելով փաստերը: Սրանով շարունակաբար կոպիտ կերպով խախտել են մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի միջազգային բացարձակ պահանջները: Հայաստանի և Արցախի, ինչպես նաև՝ միջազգային հանրային գործիչների, փորձագետների ու լրագրողների թիրախավորելու, նրանց, այսպես կոչված, սև ցուցակներով շանտաժի ու հետապնդման ենթարկելու գործելաոճը լավագույնն է փաստում, որ ադրբեջանական իշխանությունների խաղաղության կոչերն ու հայտարարություններն իրականում կեղծ են, շղարշ են արտաքին աշխարհի համար և ունեն իսկական մտադրությունները քողարկելու նպատակ: Իրականում, տարիներով է վարվել հայատյացության հովանավորության և թշնամանքի քարոզի քաղաքականություն էթնիկ ու կրոնական հիմնական հենասյուներով` խորքային անհանդուրժողականությամբ:  Փաստացի, վարվել է ցեղասպան քաղաքականություն, որը շարունակվում է նաև ներկայում:  Անգամ կրթական համակարգում է դրված հայատյացության և թշնամանքի քաղաքականությունը` ապահովելով նույնական վերարտադրություն հետագայում և ատելության տարածում հասարակությունում (հիմնավորվում է փաստերով): Այս քաղաքականությունն է այն աղբյուրը, որ սնուցել ու խրախուսել է Հայաստանի ու Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական զինված ծառայողների վայրագություններն ու խոշտանգումները, խաղաղ բնակչության էթնիկ զտումները արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում` այդ պատերազմից առաջ ու հետո տարբեր զինված հարձակումներով ու հանցավոր արարքներով: Հենց ադրբեջանական իշխանությունն է ուղիղ պատասխանատու պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցանքների, այդ թվում` Արցախի գրեթե բոլոր քաղաքացիական բնակավայրերը, ահաբեկիչների ու վարձկանների օգտագործմամբ, դիտավորյալ և նպատակային հարձակման ենթարկելու, 80 քաղաքացիական անձանց սպանելու, 165 քաղաքացիական անձանց տարբեր աստիճանի վիրավորումներ հասցնելու, հայ գերիներին խոշտանգելու և զոհված զինծառայողների մարմինները անարգելու, Արցախի մոտ 40 000 քաղաքացիական բնակչությանը հայրենի տներից ունեզրկելու և բռնի տեղահանելու, Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանները պղծելու, վանդալիզմի ենթարկելու և ոչնչացնելու համար։  Ադրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում COVID-19 համավարակի պայմաններում միջազգայնորեն անթույլատրելի զինված հարձակումների համար, որոնցով կաթվածահար արեցին Հայաստանի ու Արցախի առողջապահության համակարգերը և դրանով ապահովեցին մահվան թվերի շեշտակի աճ: Նույն կերպ էլ նրանք տարբեր գործիչների, իրավապաշտպանների ու լրագրողների (այդ թվում` միջազգային) նկատմամբ թշնամանքի մղումով քրեական գործեր հարուցելով փորձել են ուղղակի քողարկել իրենց կատարած ու կատարելիք վայրագությունները Արցախի խաղաղ հայ բնակչության նկատմամբ:  44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական իշխանությունների այս քաղաքականությունն ավելի է սաստկացել, ստացել է նոր դրսևորումներ. թույլ չեն տալիս մարդկանց վերականգնել կյանքը պատերազմից հետո, անընդհատ խաղաղ բնակչության համար փորձում են ստեղծել հուսահատության մթնոլորտ` մարդկանց անվտանգության, կյանքի ու մյուս կենսական իրավունքների դեմ ամենօրյա հանցավոր ոտնձգություններով ու այլ ահաբեկչական արարքներով: Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների վերը շարադրված գնահատականները հիմնված են հավաստի, կոնկրետ փաստերի վրա և տեղ են գտել մեր բազմաթիվ զեկույցներում: Ուստի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ ադրբեջանական իշխանությունների հայտարարած հետապնդման նպատակը ոչ այլ ինչ է, քան Արցախում ապրող յուրաքանչյուր մարդու ահաբեկելը և խաղաղ բնակչության մոտ խուճապ առաջացնելը: Անգամ ադրբեջանական իրավապահ մարմինների բառապաշարն է բացահայտ վկայում այդ նպատակի մասին: Սա իր հերթին նշանակում է, որ այդ հետապնդումն ունի քաղաքական շարժառիթներ և հիմնված է փաստերի բացահայտ մանիպուլացիայի վրա: Մենք միջազգային հանրությանը համոզված իրազեկում ենք, որ ադրբեջանական իշխանությունները շարունակելու են փաստերի կեղծումը և մոլորեցումը նորանոր մեթոդներով, ինչպես նաև խաղաղ բնակչության նկատմամբ իրենց հանցավոր արարքները խաղաղության կոչերի ներքո թաքցնելով, քանի դեռ իրենց ցեղասպան քաղաքականության համար հասցեական արձագանքի և պատասխանատվության չեն արժանացել ու չեն պատժվել իրենց հանցավոր արարքների համար»,- նշված է Մարդու իրավունքների պաշտպանների հայտարարության մեջ: Պաշտպանները տեղեկացնում են, որ այս համատեղ հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին նաև առանձին նամակներով:
10:23 - 18 փետրվարի, 2022
«Խաղաղ բնակիչների տեղահանումները թիրախային զինված հարձակումների հետևանք են»․ ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Շուշիից ու Հադրութից տեղահանվածների կացարան

«Խաղաղ բնակիչների տեղահանումները թիրախային զինված հարձակումների հետևանք են»․ ՀՀ ՄԻՊ-ն այցելել է Շուշիից ու Հադրութից տեղահանվածների կացարան

Ստեփանակերտում Արցախի գործընկերոջս` Գեղամ Ստեփանյանի հետ այցելել ենք Շուշիից ու Հադրութից ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակավայրերն ավերելու, էթնիկ զտումների արդյունքում բռնի տեղահանված խաղաղ բնակիչներին ժամանակավոր կացարան: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ուսումնասիրվել է նրանց իրավունքների ապահովման վիճակը, տեղի են ունեցել առանձնազրույցններ ժամանակավոր կացարանում բնակվող մարդկանց հետ։ Բոլորն էլ նշել են, որ թե´ Շուշի, թե´ Հադրութ քաղաքներում, հարակից գյուղերում մարդկանց տները պատերազմի ընթացքում եղել են ադրբեջանական զինված ուժերի ուղիղ թիրախի ներքո, իրականացվել են նպատակային հարձակումներ խաղաղ բնակչության նկատմամբ։ Մարդիկ վկայել են, որ ադրբեջանական ուղիղ հարձակումների ներքո են եղել մանկապարտեզներն ու դպրոցները, բժշկական կենտրոնները: Բռնի տեղահանման, ադրբեջանական հարձակումների արդյունքում մարդիկ զրկվել են ոչ միայն իրենց բնակարաններից, այլ նաև տարատեսակ տեխնիկաներից՝ մարդատար մեքենաներ, գյուղատնտեսական տեխնիկա, ինչպես նաև մանր ու խոշոր եղջերավոու և այլ ընտանի կենդանիներից։ Տևական ժամանակ խաթարված է եղել երեխաների կրթության իրավունքը, առաջ են եկել սոցիալական լուրջ խնդիրներ ընտանիքների համար, որոնք այսօր էլ արդիական են։ Այս ամենի վրա ազդում է այն, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են զինված ուժերի կրակոցներով խոչընդոտել մարդկանց գյուղատնտեսությամբ զբաղվելը, ընտանիքի եկամուտը վաստակելը: Բնակիչները բարձրացրել են հարցեր` կապված նոր բնակարանների հերթագրման կարգի ու պայմանների հետ: Այցի արդյունքներն ակնհայտորեն վկայում են, որ խաղաղ բնակիչների տեղահանումները թիրախային զինված հարձակումների հետևանք են, ինչն էլ ուղիղ կապված է ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի պետական քաղաքականության հետ: Դա տարվում է ոչ միայն էթնիկ, այլ նաև կրոնական հիմքերով։ Մարդկանց բարձրացրած անհատական բոլոր խնդիրներն արձանագրվել են ըստ իրավասության ընթացք տալու նպատակով»,- հայտնել է Թաթոյանը։
18:48 - 17 փետրվարի, 2022
Արցախի ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացուն զինվորական կենսաթոշակ է նշանակվել

Արցախի ՄԻՊ-ի աջակցությամբ քաղաքացուն զինվորական կենսաթոշակ է նշանակվել

Արցախի ՄԻՊ աշխատակազմից տեղեկացնում են, որ քաղաքացին պատերազմի ժամանակ բեկորային վնասվածք է ստացել ու նրան հաշմանդամության 3-րդ կարգ է տրվել: Սակայն զինվորական կենսաթոշակ չեն նշանակել՝ պատճառաբանելով, որ քաղաքացին վիրավորում ստանալու պահին չի հանդիսացել զինծառայող: Խնդիրը կարգավորվել է ՄԻՊ-ի միջնորդությամբ: «Քաղաքացին դիմելով Պաշտպանին` հայտնել է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին ներկայանալով զինկոմիսարիատի կանչով զբաղեցրել է շարքային զինվորական կոչումով հաստիք և պատերազմի ժամանակ ստացել բեկորային վնասվածք, ինչի հետևանքով նրա նկատմամբ սահմանվել է 3-րդ կարգի հաշմանդամություն: Սակայն պետական լիազոր մարմնի կողմից մերժվել է քաղաքացու նկատմամբ սահմանել զինվորական կենսաթոշակ` պատճառաբանելով, որ քաղաքացին վիրավորում ստանալու պահին չի հանդիսացել զինծառայող: Վերոգրյալի կապակցությամբ Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությունների և պարզաբանումների հիման վրա՝ ԱՀ Պաշտպանության բանակի հետ գրագրության և համագործակցության արդյունքում հաստատվել է, որ նշված հաստիքը պատերազմական ժամանակաշրջանում հանդիսացել է շարքային զինվորական կոչումով հաստիք: Արդյունքում՝ Պաշտպանի միջամտությամբ քաղաքացու նկատմամբ սահմանվել է հաշմանդամության զինվորական կենսաթոշակ»,- ասված է հաղորդագրությունում:
18:02 - 11 փետրվարի, 2022
Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական ԶՈՒ-ն է. Արցախի ՄԻՊ

Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական ԶՈՒ-ն է. Արցախի ՄԻՊ

Թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական զինված ուժերն են։ Այս մասին շեշտել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի առթիվ «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում: «44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ժողովրդի իրավունքների համար մեկ պաշտպանը Արցախի զինված ուժերն էին, հայկական զինված ուժերն էին: Դրանից այն կողմ մարդու իրավունքների ավելի արդյունավետ պաշտպանություն իրականացնող չի եղել:Մենք՝ որպես ՄԻՊ աշխատակազմ, բարձրաձայնել ենք ադրբեջանական հանցագործությունները, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, բայց բանակի նման շոշափելի պաշտպանություն մենք ի զորու չենք եղել իրականացնել՝ պայմանավորված նաև մեր իրավասություններով»,-նշել է ՄԻՊ-ը: Ստեփանյանը հավելել է՝ այն, որ Արցախի պատերազմի ընթացքում քաղաքացիական բնակավայրերում համեմատաբար ավելի քիչ զոհեր են եղել, քան օրինակ աշխարհի տարբեր կետերում հակամարտությունների ժամանակ, միանշանակ բանակի շնորհիվ է: «Պաշտպանել են, այսօր էլ շարունակում են պաշտպանել մեր ժողովրդի իրավունքները: Հավերժ խոնարհում հայրենիքի համար նահատակված հերոսների անմար հիշատակի և նրանց ընտանիքների առաջ»,-ասել է Ստեփանյանը:
17:22 - 28 հունվարի, 2022
Բաքվի հայատյաց ու հայասպան քաղաքականությունն ունի հստակ ժամանակագրություն. Արցախի ՄԻՊ

Բաքվի հայատյաց ու հայասպան քաղաքականությունն ունի հստակ ժամանակագրություն. Արցախի ՄԻՊ

32 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարի 13-19-ը, Բաքվում Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ թողտվությամբ և աջակցությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Մեկ շաբաթ տևած վայրագությունների ընթացքում սպանվեցին հարյուրավոր հայեր, ունեզրկվեցին և խոշտանգման ենթարկվեցին հարյուր հազարավոր հայեր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՄԻՊ գրասենյակը։ Բաքվի և այլ քաղաքների հայկական բնակչությունը ֆիզիկական գոյության ուղիղ սպառնալիքի տակ տեղահանվեցին և որպես փախստական ապաստան գտան Արցախում, Հայաստանում և աշխարհի այլ երկրներում՝ այդպես էլ միջազգային կարգավիճակ ու աջակցություն չստանալով։ Այդ տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը տարիների ընթացքում ենթարկվեց վանդալիզմի, պղծման, իսկ նրանց պատմական արժեքն ու նշանակությունը խեղաթյուրվեց ադրբեջանական իշխանությունների կողմից՝ հարմարեցվելով իրենց քաղաքական նպատակահարմարություններին։ Հայասպանության իրագործումը, խրախուսումն ու հերոսացումը ադրբեջանական իշխանությունների և ցավոք արդեն նաև ադրբեջանական հանրության կողմից կրում է համակարգային և լայնածավալ բնույթ և ունի հստակ ժամանակագրություն․ 1905թ-ին և 1918թ-ին Բաքվում, 1988 թվականի փետրվարին Սումգայիթում, նոյեմբերին՝ Գանձակ-Կիրովաբադում, 1990-ական թվականներին՝ նորից Բաքվում, Մարաղայում իրագործված ջարդերը,  2004 թվականին Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, 2016 թվականի ապրիլյան պատերազմի, 2020 թվականի ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում քաղաքացիական անձանց սպանությունները և հայ զինվորականների խոշտանգումները հայատյացության համակարգային քաղաքականության և դրա հետևանքների անհերքելի ապացույցներ են։ Իշխանությունների կողմից հասարակությանը տարիներ շարունակ թունավորելու հետևանքով հայերի նկատմամբ անհանդուրժողականությունը, ատելությունն ու հայասպանությունը, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմն ու հուշարձանների պղծումը Ադրբեջանում գործնականում դարձել են ոչ միայն պետական, այլև ազգային քաղաքականություն։ Սա փաստ է, որի դեմ միջոցներ ձեռնարկելու հրատապությունն այլևս ամրագրված է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ։ Տարածաշրջանում խաղաղության հաստատման կեղծ կարգախոսների ներքո ադրբեջանական իշխանությունները շարունակում են իրականացնել Արցախի հայության իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումներ՝ տարբեր մեթոդներով վախի և հուսահատության մթնոլորտ ձևավորվելով և խաթարելով բնականոն կյանքը Արցախում, մեկուսացնելով Արցախի ժողովրդին աշխարհից։ Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրագործված հանցագործությունները փաստագրող նյութերը շատ են, միայն թե անկողմանակալ ու համարձակ աչք է անհրաժեշտ այդ ամենը տեսնելու և դրանց պատշաճ գնահատական տալու համար։ Ցավոք, այդ հանցագործությունները միջազգային հանրության կողմից ցայսօր հստակ իրավական գնահատականի չեն արժանացել, և այդ անպատժելիությունն է պատճառներից հիմնականը, որ Ադրբեջանն իրեն թույլ է տալիս կոպտորեն ոտնահարել միջազգային իրավունքի նորմերը, ատելությամբ խոսել մի ողջ ժողովրդի մասին՝ մտավախություն չունենալով անգամ, որ դրա համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Առաջնորդվելով մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքով և հետամուտ լինելով այդ սկզբունքի անվերապահ հարգմանն ու արդարության վերականգնմանը՝ մենք շարունակելու ենք պահանջատեր լինել հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտման ու նոր ոճրագործությունների կանխման հարցում։
15:10 - 19 հունվարի, 2022
Արցախի ՄԻՊ-ը նամակ է հղել «Գուգլ»-ին՝ հորդորելով զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց

Արցախի ՄԻՊ-ը նամակ է հղել «Գուգլ»-ին՝ հորդորելով զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը նամակ է հղել «Գուգլ» ընկերությանը․   «Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նամակ է հղել «Գուգլ» ընկերությանը՝ հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնազուրկ պահանջները և զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց։ Պաշտպանը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի այդ ջանքերը հանդիսանում են Արցախի ժողովրդին հայրենիքից զրկելու, Արցախի հայկական ինքնությունը մերժելու ադրբեջանական երկարամյա քաղաքականության հերթական դրսևորումը։   Նա հիշեցրել է, որ 2020 թվականի աշնանը Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, որն ուղղված էր Արցախի ողջ տարածքի բռնազավթմանն ու նրա ժողովրդի ոչնչացմանը, դարձել է ադրբեջանական հանցավոր քաղաքականության գագաթնակետը։   Արցախի նկատմամբ իր հավակնությունների կեղծ իրավաչափությունն ապահովելու համար Ադրբեջանը միտումնավոր ջնջում, ոչնչացնում և վերացնում է իր վերահսկողության տակ հայտված տարածքի յուրաքանչյուր սանտիմետրից հայերի և հայկական մշակույթի ու պատմության ցանկացած հետք։   Քարտեզներից հայկական տեղանունները հանելու Ադրբեջանի պահանջների իրական դրդապատճառները հեշտությամբ կարելի է սահմանել. Արցախը (Լեռնային Ղարաբաղը) պարզապես տեղանուն չէ, այլ հայկական մշակույթի և պատմության ամբողջություն։ Արցախի հայկական տեղանունները տեղանքի հիշողություններ են, ինչպես նաև կենդանի հիշողություններ այն մարդկանց մասին, ովքեր այդ անունները տվել են այդ վայրերին։ Տեղանունները ծառայում են որպես տարածաշրջանային մշակույթի խորհրդանիշներ և այդպիսով արտացոլում են տվյալ վայրի պատմությունն ու միջավայրը: Քարտեզներից հայկական տեղանունները հանելու Ադրբեջանի պահանջը ոչ այլ ինչ է, քան քարտեզների վրա իր համար ցանկալի իրականություն ստեղծելու փորձ՝ նպատակ ունենալով նպաստելու իր հանցավոր քաղաքականությանը։   Պաշտպանը նամակում ներկայացրել է միջազգային իրավունքի կարգավորումները, որոնցով ամրագրված է ժողովուրդների՝ իրենց տեղանունները ազատորեն կիրառելու, պահպանելու և սերունդների ժառանգելու իրավունքը։ Նա ընդգծել է, որ միջազգային իրավունքը տեղանուններն ու աշխարհագրական անվանումները չի համարում պետությունների սեփականություն, այլ համարում է ժողովուրդների ոչ նյութական ժառանգություն։   Գեղամ Ստեփանյանը նշել է, որ հայկական տեղանունների հեռացումը միայն կխրախուսի Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների կոպիտ խախտումները և կաջակցի ուժի անօրինական կիրառման արդյունքների օրինականացմանը։   Բարձր գնահատելով ընկերության մարդակենտրոն մոտեցումը, որն արտահայտվում է քարտեզներում հայկական տեղանունների կիրառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը վստահություն է հայտնել, որ ընկերությունը կմերժի քարտեզները փոփոխելու և Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելու Ադրբեջանի շարունակական փորձերը»։
15:10 - 10 հունվարի, 2022
Վարչապետի առցանց ասուլիսի ընթացքում հնչած մոտեցումները ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի հատարարությունը

Վարչապետի առցանց ասուլիսի ընթացքում հնչած մոտեցումները ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի հատարարությունը

Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպաններ Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում անդրադառնում են վարչապետի Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Արցախի վերաբերյալ։ Գրառումը՝ ստորև․ «Հայաստանի վարչապետի 2021թ. դեկտեմբերի 24-ի առցանց ասուլիսի ընթացքում հնչած մոտեցումները հիմնովին հակասում են Արցախի հայերի կյանքի, անվտանգ ապրելու և մյուս կենսական, մարդկային գոյության համար անհրաժեշտ բնական իրավունքներին ու պարարտ հող են ստեղծում ադրբեջանական խախտումների համար: Այդ մոտեցումները ազգային ինքնորոշման բնական իրավունքը վտանգում են հիմնովին: ՀՀ վարչապետի հրապարակային խոսքերում ամբողջությամբ անտեսված է, որ ադրբեջանական իշխանությունները շարունակում են պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը. սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, որքան ադրբեջանական իրականությունում տարիներով հետևողականորեն կենսագործվող թշնամանքի քաղաքականություն (կրթություն, մշակույթ, սպորտ և այլն): Այն հատկապես ագրեսիվ է Արցախի ժողովրդի նկատմամբ: ՀՀ վարչապետի խոսքում անտեսված է, որ դեռ 1923 թվականին 95% հայկական բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայաթափմանն ուղղված է եղել ադրբեջանական հետևողական խտրական քաղաքականությունը՝ հետապնդումներով, ունեզրկումներով, վայրագություններով և այլ անօրինական միջոցներով: Հայատյացության ու թշնամանքի ադրբեջանական պետական քաղաղաքականությունն է, որ 2020թ. պատերազմի ընթացքում հանգեցրեց Արցախում զանգվածային էթնիկ զտումների՝ թիրախային ավերելով քաղաքներն ու գյուղերը (Ստեփանակերտ, Մարտունի, Շուշի, Հադրութ և այլն), մարդկանց զրկելով իրենց հայրենի տներից, խոշտանգումներով ու դաժանություններով, սպանություններով, եկեղեցիներ պղծելով ու ոչնչացնելով: Պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները, ադրբեջանական իշխանությունների հովանահավորչությամբ, ամեն օր շարունակում են Արցախի ժողովրդի կենսական իրավունքների խախտումները՝ խաղաղ բնակիչների սպանությունների, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ կրակոցների, գողությունների, հեռախոսային կենսական կապի խափանումների և ահաբեկչական բնույթի այլ հանցավոր արարքներով: Ամեն օր ոտնահարված է Արցախում ապրող մարդկանց արժանապատվությունը: Բնույթով նույն խախտումները, նույն հանցավոր արարքները ամեն օր շարունակվում են նաև Հայաստանի բնակչության նկատմամբ: Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի պարագայում ադրբեջանական զինված ծառայողները գործում են հանցավոր անպատժելիության պայմաններում: Չկան մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներ: ՀՀ վարչապետի գնահատականները համարում ենք խիստ վտանգավոր. դրանք հիմնավորում են քաղաքական հարցերի գերակայությունը մարդու իրավունքների նկատմամբ, ամրացնում են մարդու իրավունքներն անտեսող ադրբեջանական կեղծ թեզերը և ավելի իրական են դարձնում մեր հայրենակիցների իրավունքների խախտումների վտանգները. հենց սրան են տարիներ շարունակ ձգտել ադրբեջանական իշխանությունները: Այս քաղաքականությամբ է, որ ադրբեջանական իշխանությունները անընդհատ խոչընդոտել են, ամեն ինչ արել են Արցախը արտաքին աշխարհից մեկուսացնելու, արցախահայությանն իրենց իրավունքների պաշտպանությունից զրկելու համար՝ վարելով միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակային քաղաքականություն: Ազգային ինքնորոշման, մարդու կենսական իրավունքներն ու այդ իրավունքների երաշխիքներն անտեսելու, դրանց պաշտպանությունն ամեն գնով խոչընդոտելու քաղաքականությունն է պարարտ հող ստեղծել այն դաժանությունների ու վայրագությունների, էթնիկ զտումների համար, որ տեղի ունեցան 44-օրյա պատերազմի ընթացքում: Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համար խաղաղությունը բացարձակ արժեք է, բայց ադրբեջանական իշխանությունների հայտարարած խաղաղասիրությունը կեղծ է, այն միայն հետապնդում է արտաքին աշխարհին այդպիսին ներկայանալու, իրական դեմքը կեղծիքներով քողարկված պահելու նպատակ: Ուստի, բոլորին խստիվ հորդորում ենք դադարեցնել մարդու իրավունքներն անտեսելը, ինչը պարարտ հող է ապահովում ադրբեջանական կեղծ թեզերի համար, բացառել մարդու իրավունքները քաղաքական հարցերին ստորադասելը, ինչպես նաև զերծ մնալ հատկապես միջազգային ատյաններում ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության արհեստական խոչընդոտներ ստեղծելուց»:
18:46 - 26 դեկտեմբերի, 2021
Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը․ Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Գեղամ Ստեփանյանն ահազանգում է, որ Չարեքտար համայնքում առկա են բնականոն կյանքի կազմակերպման խնդիրներ։ Թեմայի վերաբերյալ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է հետևյալը։ «2020 թվականի թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետության Չարեքտար համայնքում ամբողջությամբ խաթարվել է մարդկանց բնականոն կյանքը։ Հետպատերազմյան իրավիճակում՝ համայնքի ճակատագրի անորոշության պայմաններում, համայնքի մի շարք բնակիչներ, հրդեհելով իրենց տները, հեռացել են գյուղից։ Համայնքի կարգավիճակի հստակեցումից հետո հրդեհված բնակարանները վերանորոգելու աշխատանքներ են նախաձեռնվել, որոնք այսօր կամ չեն իրականացվում, կամ էլ ընթանում են դանդաղ՝ հնարավորություն չընձեռելով համայնքի բնակիչներին վերադառնալու իրենց բնակավայր։ Համայնքում շատ լուրջ է արտահայտված անվտանգության հարցը, համայնքի հարակից բարձունքների վրա տեղակայված են ադրբեջանական զինված հենակետեր, որոնք անմիջական սպառնալիք են համայնքի բնակչության կյանքի և այլ կենսական իրավունքների ապահովման համար։ Գրանցվել են դեպքեր, երբ համայնքում ապրող սակավաթիվ բնակիչների խոշոր եղջերավոր անասունները հափշտակվել են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Բնականոն կյանքի վերականգնման համար խիստ անհրաժեշտություն է համայնքի տարածքում անվտանգություն ապահովող ուժերի տեղակայումը, այդ թվում նաև գործուն համագործակցությունը ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Դպրոցի բացակայությունն ու անվտանգային հարցերը խոչընդոտում են համայքի բնակիչների վերադարձին։ Համայնքապետարանի շենքը դպրոցի վերակառուցելու աշխատանքները, որը նախատեսված է ավարտին հասցնելու 2022թ. հունվարին, ընթանում են շատ դանդաղ, որի հետևանքով այս պահին գյուղում բնակվող 6 դպրոցահասակ երեխաներ զրկված են կրթության իրավունքից։ Երեխաների ուսումնառությունը հարևան Գետավան համայնքի դպրոցում կազմակերպելու առաջարկը ծնողի կողմից մերժվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ շաբաթական կտրվածքով մի քանի անգամ այդ նույն ճանապարհով անցնում են ադրբեջանական շարասյուները։ Համայնքի բնակիչների պնդմամբ մի քանի ընտանիքներ վերադարձել են համայնք, սակայն դպրոցի բացակայության պատճառով նորից թողել և հեռացել են։ Հարկ է նշել նաև, որ համայնքում այսօր ապրող մի քանի ընտանիքներ չեն օգտվում տարբեր կազմակերպությունների կողմից հատկացվող հումանիտար օգնությունից։ Ներկայումս համայնքում բնակվող քաղաքացիների կողմից այս հարցերը բարձաձայնվել են տարբեր խողովակներով, սակայն որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Կառավարության և տարածքային կառավարման մարմինների ուշադրությունն եմ հրավիրում բարձրացված խնդիրներին՝ ակնկալելով անհապաղ ու առարկայական միջոցառումներ Չարեքտարում համայնքի բնակիչների բնականոն կյանքն ապահովելու ուղղությամբ»:
17:54 - 23 դեկտեմբերի, 2021
Թաղավարդի բնակիչները զրկված են հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից. ԱՀ ՄԻՊ-ն ահազանգում է

Թաղավարդի բնակիչները զրկված են հարազատների շիրիմներին այցելելու հնարավորությունից. ԱՀ ՄԻՊ-ն ահազանգում է

Թաղավարդ համայնքի բնակիչների կողմից անցած մեկ տարվա ընթացքում անընդհատ բարձրաձայնվել է համայնքի գերեզմանատան հասանելիության հարցը, որը 2020 թվականի պատերազմի հետևանքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ գերեզմանատունը գտնվում է համայնքի օկուպացված հատվածում, որը ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու համայնքի այն հատվածից, որում այսօր ապրում են Թաղավարդի բնակիչները։ «Մարդիկ իրավունք ունեն իրենց հարազատների հիշատակը հարգելու՝ այդ թվում նաև նրանց գերեզմաններին այցելելու հնարավորություն ունենալով։ Սակայն ադրբեջանական կողմը որևէ ըմբռնում չի դրսևորում և հնարավորություն չի ընձեռում համայնքի բնակիչներին։ Հումանիտար բնույթ կրող այս հարցի վրա եմ ուզում հրավիրել պետական մարմինների, ռուսական խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան և հումանիտար առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունը։ Ընդ որում այս կարևորագույն հարցը հավասարապես վերաբերում և մտահոգում է ոչ միայն Թաղավարդի բնակիչներին, այլև Արցախի օկուպացված տարածքների բոլոր բնակիչներին»։
14:49 - 15 դեկտեմբերի, 2021
Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը․ ԱՀ ՄԻՊ

Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը․ ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ողջունում ենք Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը, որը, ի թիվս այլի, հաստատում է, որ ազգությամբ հայերի նկատմամբ ռասայական ատելությունն ու խտրականությունը հրահրվում և խթանվում են Ադրբեջանի պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։ Դատարանի որոշումը ապացուցում է Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասայական ատելության և խտրականության պետական քաղաքականության գոյությունը։ Մենք բազմիցս նշել ենք, որ հայերի դեմ Ադրբեջանի հարձակումները, ներառյալ խոշտանգումները, սպանությունները և անմարդկային վերաբերմունքը, իրականացվում են համաձայն կամ ի խթանումն հայերի հիմնարար իրավունքների համակարգային և լայնածավալ ոտնահարման ադրբեջանական պետական քաղաքականության։ Անցած տասնամյակների ընթացքում Ադրբեջանը ոչ միայն միտումնավոր կերպով չի ձեռնարկել գործողություններ հայերի դեմ հանցագործություններ կատարած անձանց պատժելու ուղղությամբ, ինչն ինքնին նշանակում է խրախուսել նման հանցագործությունները, այլև բացահայտ և միտումնավոր քաջալերել է հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն: Ազգային կամ էթնիկ ծագմամբ հայերի նկատմամբ իրականացված հանցագործությունների լայնածավալ և համակարգային բնույթը, ներառյալ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների դեմ կոպտագույն ոտնձգությունները, ինչպես նաև նման պետական քաղաքականության առկայությունը Ադրբեջանի խտրական գործողությունները որակում են որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություններ»։
17:09 - 09 դեկտեմբերի, 2021
Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում բնակվող ՌԴ քաղաքացու նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ քրգործ է հարուցվել. Արցախի ՄԻՊ

Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում բնակվող ՌԴ քաղաքացու նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ քրգործ է հարուցվել. Արցախի ՄԻՊ

2021  թվականի  նոյեմբերի 22-ին մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկություններ են ստացվել Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում բնակվող, Ռուսաստանի Դաշնության քաղաքացու նկատմամբ Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների կողմից բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը: «Սահմանված կարգով բողոքը ուսումնասիրելուց հետո «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` բողոք ներկայացրած անձի գրավոր համաձայնությամբ, որոշում է ընդունվել բողոքն այլ մարմնի՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության քննարկմանը փոխանցելու վերաբերյալ: Բողոք ներկայացրած անձը ծանուցվել է որոշման մասին: Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդման հիման վրա Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում 2021 թվականի նոյեմբերի 24-ին Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ  մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու մարդու իրավունքների և ազատությունների լիակատար պաշտպանության, խոշտանգումների և այլ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման հարցում»,- ասված է ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ:
16:58 - 06 դեկտեմբերի, 2021
Կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակահերթերի մասին

Կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով․ Արցախի ՄԻՊ-ը՝ Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակահերթերի մասին

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել, որոնք տևել են 10-15 րոպե։ Կիրառվել են հիմնականում հրաձգային զինատեսակներ։ Ստացված պարզաբանումների համաձայն՝ կրակահերթերը լսվել են համայնքի բնակելի հատվածում, իսկ կիրառված զենքի գնդակներն անցել են բնակիչների այգիների միջով։ Կրակահերթերի հետևանքով մարդկային և նյութական վնաս պատճառելու դեպքեր չեն արձանագրվել։ Ադրբեջանական կողմը, խախտելով եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմը և բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, շարունակում է Արցախի ժողովրդի իրավունքների դեմ իր հանցավոր գործողությունները՝ ոտնձգելով առաջին հերթին խաղաղ բնակչության կյանքի իրավունքի և հոգեբանական ու ֆիզիկական անձեռնմխելիության դեմ։ Հրադադարի հաստատումից հետո բազմիցս հայտարարել ենք, որ նման հանցավոր գործողություններով ադրբեջանական կողմը նպատակ է հետապնդում ահաբեկելու Արցախում ապրող մարդկանց և վախի ու հուսալքության մթնոլորտ ձևավորելու միջոցով հասնելու Արցախի հայաթափմանը։ Ադրբեջանական կողմի հանցավոր գործողությունները զսպելու և դրանց կրկնությունը բացառելու, ինչպես նաև բնակիչների անվտանգության և իրավունքների պաշտպանության համար շարունակում է խիստ անհրաժեշտություն մնալ ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությունից և հրադադարի խախտման դեպքերի անաչառ հետաքննության մեխանիզմների ներդրումը»։
15:20 - 02 դեկտեմբերի, 2021
Շուրջ մեկ ամիս է՝ հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով. ԱՀ ՄԻՊ

Շուրջ մեկ ամիս է՝ հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով. ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախում  հաղորդակցության միջոցների խափանումներին։«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցների, մասնավորապես՝ բջջային կապի ու համացանցի խլացման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգել էր դեռևս սույն տարվա օգոստոսին։ Նույն հարցով ԱՀ իրավասու մարմինների և ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում հարցը ներկայացվել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, և վերջիններիս միջամտությամբ խլացումների խնդիրը, կարծես թե, կարգավորվել էր։Սակայն 2021 թվականի նոյեմբերի 9-ից սկսած Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք Ադրբեջանի նախագահի այցից հետո խնդիրը նորից առաջացել է, և արդեն շուրջ մեկ ամիս է հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով։ Խնդիրն առավել սուր է արտահայտված այն համայքներում, որոնք 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախի տարածքի օկուպացիայի հետևանքով հայտվել են շփման գծի հարևանությամբ։ Որոշ համայնքների պարագայում կապն ընդհանրապես բացակայում է։ Կասկած չկա, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով։ Ադրբեջանն օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: Կոնկրետ այս պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները խոչընդոտներ են ստեղծում Արցախի ժողովրդի՝ հեռախոսային կապից և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու ազատության և տեղեկացված լինելու իրավունքի համար։ Պատկան մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի ուշադրությունը կրկին հրավիրում եմ այս խնդրին, որը կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլ հստակ կրում է հումանիտար բնույթ»,- գրել է ԱՀ ՄԻՊ-ը։
16:24 - 01 դեկտեմբերի, 2021
Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ

Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների խախտումները կրում են համակարգային բնույթ․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․«Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպման շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության և զինծառայողների շարունակվող նպատակային սպանությունները որակել է որպես «հատուկենտ, պատահական միջադեպեր»։ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պատահական միջադեպերի անվան տակ Ադրբեջանի կողմից հայերի հիմնարար իրավունքների լայնածավալ և համակարգային ոտնահարման՝ վերջին տասնամյակների ընթացքում իրականացվող քաղաքականության հերթական դրսևորումները քողարկելու փորձ։Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից հայերի վրա հարձակումները, այդ թվում՝ 2021 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստի և 2021 թվականի նոյեմբերի 8-ին Շուշի քաղաքի մերձակայքում վերանորոգման աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձի սպանությունները, Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների գնդակոծությունները կրում են դիտավորյալ բնույթ և իրականացվել են՝ որպես հայերի նկատմամբ հետապնդումների ադրբեջանական քաղաքականության շարունակություն։Ադրբեջանական հետապնդումների քաղաքականությունը ծայրահեղ դաժանությամբ արտահայտվում է հատկապես, երբ Արցախի կամ Հայաստանի քաղաքացիները հայտնվում են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերին ագրեսիայի ընթացքում Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում մնացած բոլոր խաղաղ բնակիչները դաժանաբար սպանվել են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։ Այն դեպքերում, երբ հնարավոր է եղել իրականացնել սպանվածների դատաբժշկական փորձաքննություններ, պարզվել է, որ նրանք մահից առաջ ենթարկվել են խոշտանգումների։ Որոշ դեպքերում խաղաղ բնակիչների սպանությունները նկարահանվել և տարածվել են ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ զոհերի հարազատներին առավելագույն հոգեբանական տառապանք պատճառելու և Արցախի բնակչությանն ու ընդհանրապես հայերին ահաբեկելու նպատակով։ Դաժան խոշտանգումների են ենթարկվել նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայ զինվորականները, որոնցից շատերը ևս սպանվել են։ Փրկված մի քանի զինծառայողներն էլ ապօրինի դատապարտվել են Ադրբեջանում և շարունակում են պահվել այդ երկրի իշխանությունների կողմից որպես պատանդ։Նման հանցավոր քաղաքականության առաջին զոհն է դարձել Ադրբեջանում բնակվող հայությունը դեռևս խորհրդային տարիներին։ Ադրբեջանական իշխանությունների կողմից 1988-1990 թվականներին կազմակերպված տեղահանումները, որոնք ուղեկցվում էին զանգվածային սպանություններով, խոշտանգումներով և ջարդերով, հիմք դրեցին հայերին հետապնդելու ադրբեջանական քաղաքականությանը, որը շարունակվում է ցայսօր։ 1991 թվականին Ադրբեջանի իշխանություններն արդեն սկսել էին հայերի արտաքսումը Արցախից «Օղակ» գործողության շրջանակներում, որը դարձավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախաբանը։ Լայնածավալ պատերազմն Արցախի Հանրապետության դեմ, որը տևեց մի քանի տարի՝ մինչև 1994 թվականը, Ադրբեջանի կողմից հայերին իրենց հողերից վերջնականապես վտարելու փորձ էր։Ինչպես 2020 թվականի ագրեսիայի ընթացքում, այնպես էլ 1990-ականների ռազմական գործողությունների ժամանակ, ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել և սպանել են իրենց վերահսկողության տակ հայտնված հայերին։ 1992 թվականին Արցախի Մարտակերտի շրջանի հայկական Մարաղա գյուղի բնակիչների ջարդը դարձավ այս քաղաքականության ամենաողբերգական դրվագներից մեկը․ գյուղի 50 բնակիչ դաժանաբար սպանվել է, ևս 50-ը՝ գերեվարվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ։ Նրանցից շատերի ճակատագրերը մինչ այսօր անհայտ է։Ադրբեջանցի զինծառայողները առանձնահատուկ դաժանությամբ են աչքի ընկել նաև 2016 թվականի ապրիլին Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ժամանակ՝ խոշտանգումների և մահապատժի ենթարկելով ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց, այդ թվում՝ տարեց ամուսինների Արցախի Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։Ադրբեջանի նախագահի հայտարարությունն Արցախում տեղի ունեցող միջադեպերի պատահական բնույթի մասին նպատակ ունի քողարկելու հայերի հետապնդման սեփական քաղաքականությունը։ Հենց ադրբեջանական իշխանությունների, այդ թվում՝ այդ երկրի նախագահի բացահայտ և միտումնավոր խրախուսմամբ է իրականացվել հայերի դեմ ուղղված ցանկացած հանցավոր գործողություն, այդ թվում՝ սպանությունները։ Ամենավառ օրինակներից են քնած հային սպանած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, ինչպես նաև 2016թ. ագրեսիայի ժամանակ հայի գլուխը կտրած և այն ադրբեջանական գյուղերում ցուցադրած ադրբեջանցի զինծառայողի՝ անձամբ նախագահի կողմից պարգևատրումը։ Ադրբեջանում հանցագործություններն անպատիժ թողնելը, այդ թվում հայերի կանխամտածված սպանությունները, ինչպես նաև հանցագործներին պարգևատրելը, Ադրբեջանում պետական մակարդակով իրականացվող հայատյացության քաղաքականության ամենաակնառու վկայությունն է։Հայերի հետապնդումները, որոնք դրսևորվում են զանգվածային սպանությունների, տեղահանությունների, խոշտանգումների և այլ անմարդկային արարքների տեսքով, կրում են լայնածավալ և համակարգված բնույթ և իրականացվում են Ադրբեջանի զինված ուժերի անդամների և այդ երկրի այլ գործակալների կողմից կանխամտածված՝ գոյություն ունեցող քաղաքականությանը համապատասխան կամ այն առաջ տանելու նպատակով»։
17:37 - 29 նոյեմբերի, 2021
Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական ապօրինի հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց հայ ռազմագերիների նկատմամբ ադրբեջանական ապօրինի հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց՝ կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ աշխատակազմը: Զեկույցում ներկայացված են տվյալներ հայ ռազմագերիների և քաղաքացիական գերեվարված անձանց նկատմամբ կազմակերպված շինծու և անօրինական դատավարությունների վերաբերյալ, ինչը «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» և «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիաների կոպտագույն խախտում է։ Կազմակերպված 45 ապօրինի, անհիմն ու շինծու դատավարությունների հետևանքով 3 անձ (մեկը քաղաքացիական) դատապարտվել է 20 տարվա, 2 անձ՝ (քաղաքացիական) 15 տարվա, 23 անձ՝ 6 տարվա, 2 անձ՝ 4 տարվա, 13 անձ՝ 6 ամսվա ազատազրկման։ 2 հայ ռազմագերիների նկատմամբ շինծու քրեական գործերի նյութերն գտնվում են Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում։ Իրականացվող ապօրինի դատավարությունների ենթարկված հայ ռազմագերիներից 5-ը 2021թ․ հոկտեմբերի 19-ին հայրենադարձվել են։ Սակայն այս պահին Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով դատապարտված են 40 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք։ Զեկույցը հասանելի է անգլերեն լեզվով՝ այստեղ:
17:15 - 23 նոյեմբերի, 2021