Արցախի ԱԳՆ

Արցախի  գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը։

Արցախի ԱԳն-ն խորը հիասթափություն է հայտնել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ

Արցախի ԱԳն-ն խորը հիասթափություն է հայտնել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը խորը հիասթափություն և տարակուսանք առաջացնող է որակել ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի մայիսի 30-ի հայտարարությունը, որում նա ողջունել է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակիչների, այսպես կոչված, համաներման հարցը դիտարկելու պատրաստակամության մասին Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները։ Այս մասին տեղեկացավ Արցախի Հանրապետության արտգործնախարարության մեկնաբանությունից։Մեկնաբանության մեջ նաև նշված է. «Անբացատրելի է, թե ինչպես կարելի է ամբողջությամբ բացահայտ շանտաժի և պարտադրանքի վրա հիմնված Ադրբեջանի նախագահի այդ հայտարարության մեջ խրախուսանքի արժանի որևէ դրական տարր գտնել։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի հայտարարության հիմնական ուղերձը կայանում էր նրանում, որ Ադրբեջանը հրաժարվում է Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունների հետ հավասար երկխոսությունից և առաջնորդվում է միայն իր իշխանությունն Արցախի ժողովրդին ուժով պարտադրելու ցանկությամբ։Կասկածներ չունենք, որ ԱՄՆ-ն ցանկություն ունի դրական դեր խաղալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված ու արժանապատիվ կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու գործում։ Միևնույն ժամանակ, գտնում ենք, որ Բաքվի ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության խրախուսումը հակասում է հակամարտության խաղաղ կարգավորման հարցում դրական փոփոխությունների հասնելու ցանկությանը»։
21:07 - 31 մայիսի, 2023
Անթույլատրելի է, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին ՌԴ-ն առանց կոշտ արձագանքի թողնեն Բաքվի սպառնալիքները. ԱՀ ԱԳՆ

Անթույլատրելի է, որ միջազգային հանրությունը, առաջին հերթին ՌԴ-ն առանց կոշտ արձագանքի թողնեն Բաքվի սպառնալիքները. ԱՀ ԱԳՆ

2023 թ․ մայիսի 28-ին, խախտելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և միաժամանակ անտեսելով ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայությունը՝ Ադրբեջանի նախագահը հանդես է եկել Արցախի Հանրապետության, վերջինիս ժողովրդավարական ինստիտուտների դեմ ուղղված, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին ռազմատենչ և սադրիչ հայտարարություններով։ Սրան արձագանքել է Արցախի ԱԳՆ-ն։ Հայտարարությունը ստորև․ Բաքվի հերթական անթաքույց սպառնալիքներն ու բացահայտ շանտաժը կասկած չեն թողնում, որ Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն մերժում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բանակցային ճանապարհով կարգավորելու բուն հնարավորությունը։ Տևական շրջափակումը, անտանելի կենսապայմանների ստեղծումը, կյանքի և անվտանգության իրավունքի մերժումը, այլ հիմնարար իրավունքների և ազատությունների կանոնավոր և զանգվածային խախտումները, բռնաճնշումներն ու հալածանքները հենց այն գործիքներն են, որոնք Ադրբեջանը մտադիր է շարունակել օգտագործել Արցախի ժողովրդի դեմ։ Ինչպես ցույց են տալիս արդեն ավելի քան 5 ամիս տևող շրջափակումը, շարունակվող զինված հարձակումներն ու ռազմատենչ հայտարարությունները, Ադրբեջանը ոչ միայն չի ցանկանում հրաժարվել սպառնալիքների և բռնության իր քաղաքականությունից, այլև ավելի ու ավելի է ամրապնդում այն՝ միջազգային հանրության, այդ թվում՝ կարգավորման գործընթացում ներգրավված միջազգային միջնորդների անգործության պայմաններում։ Արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու իբր պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարություններն ընդամենը կեղծ խոսույթ են և ծխածածկույթ, որոնց ետևում թաքնված է Արցախն էթնիկ զտման ենթարկելու Բաքվի իրական մտադրությունը։ Պահանջելով Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում՝ այդ երկրի իշխանություններն իրականում ձգտում են ստանալ արտոնագիր՝ իրենց հանցավոր ծրագրերն անպատիժ իրականացնելու համար։ Ներգրավված միջազգային դերակատարները պետք է դադարեն չնկատելու տալ Արցախի նկատմամբ ադրբեջանական օրակարգի իրական դրդապատճառներն ու բուն նպատակները։ Այդ օրակարգի դիվանագիտական և արտաքին քաղաքական բաղադրիչներն Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի հիմնարար փաստաթղթերի կոպիտ խախտմամբ իրականացվող շանտաժի, հարկադրանքի և ուժի սպառնալիքի քաղաքականության շարունակությունն են։ Ադրբեջանի իրական մտադրությունների, վերջինիս միջազգային պարտավորությունների խախտման անտեսումը, ինչպես նաև Ադրբեջանի բացահայտ ցեղասպանական օրակարգում կառուցողականություն փնտրելու միջազգային միջնորդների ցանկացած փորձ ինքնախաբեություն է և հավասարազոր է Բաքվի հանցավոր գործողությունները հավանության արժանացնելուն։ Բացարձակապես անթույլատրելի ենք համարում, որ միջազգային հանրությունը և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությունը, որի խաղաղապահ զորակազմը տեղակայված է Արցախում և որի անվտանգության երաշխիքների ներքո տասնյակ հազարավոր արցախցիներ 2020 թվականի պատերազմից հետո վերադարձել են հայրենիք, առանց պատշաճ և կոշտ արձագանքի թողնեն Արցախի դեմ մարտական գործողություններ վերսկսելու Ադրբեջանի սպառնալիքները։ Ելնում ենք նրանից, որ միջազգային միջնորդները՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և Եվրամիության, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանն ու հակաիրավական արարքներին և խոսքից անցնեն գործի՝ կանխելու Ադրբեջանի իշխանությունների հանցավոր ծրագրերը և դրանով իսկ գործնականում ապացուցելու իրենց համընդհանուր հանձնառությունը միջազգային իրավունքի հիմնարար նորմերին և սկզբունքներին, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովմանը, ինչպես նաև տարածաշրջանում արդար, արժանապատիվ և տևական խաղաղության հաստատմանը:
11:04 - 30 մայիսի, 2023
Արցախի ԱԳն նախարարը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին

Արցախի ԱԳն նախարարը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին

Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, որում ներկայացրել է ԱՀ կառավարության մտահոգություններն Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգների կապակցությամբ։ Նամակում, մասնավորապես, նշվել է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը դիտավորյալ կեղծ տեղեկատվություն է տարածում Արցախում իբր ապօրինի ռազմական գործունեության, սպառազինության տեղափոխման վերաբերյալ՝ այդպիսով փորձելով արդարացնել Արցախի ժողովրդի դեմ սեփական անօրինական գործողություններն ու հնարավոր նոր հարձակումները, ինչպես նաև զինաթափել Պաշտպանության բանակը՝ արցախցիներին զրկելով ինքնապաշտպանվելու հնարավորությունից։ Ընդգծվել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը տասնյակ նոր ռազմական օբյեկտներ է կառուցել Արցախի օկուպացված տարածքներում՝ այնտեղ տեղակայելով հազարավոր զինծառայողներ, ինչպես նաև կանոնավոր կերպով անց է կացնում զորավարժություններ, իր զինանոցը համալրում գլխավորապես հարձակողական զինատեսակներով՝ անտեսելով սպառազինությունների վերահսկման միջազգային մեխանիզմները։ Նամակում անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանի կողմից Արցախի ավելի քան 5 ամիս շարունակվող շրջափակմանը և դրա հումանիտար և անվտանգային հետևանքներին, այդ թվում՝ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի ապօրինի տեղադրմանը՝ ի խախտումն 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի որոշման։ Այս համատեքստում ընդգծվել է, որ Ադրբեջանի անօրինական նկրտումներին աջակցող ցանկացած գործողություն կամ հայտարարություն այդ երկրի ղեկավարության կողմից ընկալվում է որպես Արցախի ժողովրդի էթնիկ զտմանն ուղղված իր քաղաքականության թողտվություն։ ԱՀ ԱԳ նախարարը կոչ է արել միջազգային դերակատարներին վճռական և անկողմնակալ դիրքորոշում արտահայտել Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, հորդորել վերջինիս հրաժարվել ուժի կամ ուժի սպառնալիքի հետագա կիրառումից և հարգել իր միջազգային պարտավորությունները։ Շեշտվել է, որ դա նվազագույնն է, ինչ պետք է անի միջազգային հանրությունը՝ ապացուցելու իր հանձնառությունը ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտման և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը:
16:54 - 25 մայիսի, 2023
Չափազանց կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից». ԱՀ ԱԳ նախարար |artsakhpress.am|

Չափազանց կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից». ԱՀ ԱԳ նախարար |artsakhpress.am|

artsakhpress.am: Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը պատասխանել է «Արցախպրես»-ի հարցերին, որոնք վերաբերում են միջազգային դերակատարների միջնորդական բանակցային ռազմավարության արդյունավետությանը, միջազգային հանրության կողմից արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման և դրա միջոցով Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները զսպելու գործում անելիքներին ու պարտավորություններին: -Պարոն նախարար, տարիներ շարունակ արցախյան փորձագիտական հանրույթի կողմից և երբեմն էլ պաշտոնական որոշակի մակարդակով կարծիք է հայտնվել, որ պետք է փոխվեն բանակցային գործընթացի մեթոդաբանությունն ու փիլիսոփայությունը։ Համաձայն ե՞ք, որ կարգավորման հիմքում պետք է դրվեին ոչ թե հակամարտության և դրա ռազմական զարգացման հետևանքները, իմա՝ տարածքների հարցը, այլ հակամարտության բուն պատճառը՝ Արցախի կարգավիճակը։ Ըստ Ձեզ, ինչքանո՞վ էր ճիշտ և արդարացված միջնորդների բանակցային ռազմավարությունը: - Արցախի կարգավիճակը միշտ էլ եղել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայկական կողմերի օրակարգի առանցքային կետը։ 1994 թ․ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի կնքումից ի վեր և բանակցային գործընթացի ողջ ընթացքում Արցախի և Հայաստանի իշխանությունները հանդես են եկել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և փոխզիջումային կարգավորման օգտին, որի առանցքում պետք է լիներ Արցախի վերջնական կարգավիճակի որոշումը: Այնինչ Ադրբեջանը, թաքնվելով բանակցային գործընթացի ետևում և ժամանակ ձգձգելով, բացահայտ կերպով պատրաստվում էր հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծմանը: Տարիներ շարունակ միջնորդների կողմից արված այն հայտարարությունները, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, անարդյունավետ դուրս եկան այն պարզ պատճառով, որ բանակցային գործընթացում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումը, հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումները և ուժի կիրառման դեպքերը միջնորդ երկրների կողմից չէին արժանանում համարժեք դատապարտման և արձագանքի։ Մինչդեռ Ադրբեջանը, որպես միջազգային հանրության անդամ և բանակցային կողմ, ստանձնել էր հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հստակ պարտավորություն: Հետևաբար, այսօր Ադրբեջանի կողմից հնչող այն պնդումները, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, չեն համապատասխանում իրականությանը, ինչն արտացոլված է նաև գործընթացում ներգրավված դերակատարների դիրքորոշումներում։ Միջազգային մակարդակով Արցախի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, և մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունը և, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, լրացուցիչ ջանքեր կգործադրեն Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցային գործընթացի վերակագնման ուղղությամբ, առանց որի անհնար կլինի հասնել հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորմանը։ -Իսկ ինչպե՞ս կբնորոշեիք Արցախի շրջափակումը, ի՞նչ երևույթ է սա։ Ադրբեջանի իշխանությունների կողմից -Արցախի 120 հազար բնակիչների ավելի քան 5 ամիս տևող շրջափակումը ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերին սանձազերծված ագրեսիվ պատերազմի շարունակություն, որի նպատակն է ուժի կիրառման, պարտադրանքի և էթնիկ զտման հետևողական քաղաքականության միջոցով հասնել Արցախի հայաթափմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցի միջազգային օրակարգից դուրսբերմանը: Ակնհայտ է, որ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներով, Արցախում բնականոն կյանքի համար անտանելի պայմաններ ստեղծելով՝ ռազմաքաղաքական շանտաժի և պարտադրանքի քաղաքականությամբ պաշտոնական Բաքուն ձգտում է հասնել իր հիմնական և առաջնային նպատակներից մեկին. ստիպել արցախցուն անորոշությունից և վախից ելնելով լքել սեփական հայրենիքը: -Ինչպե՞ս եք գնահատում արցախյան հիմնախնդրի քաղաքական կարգավորման և դրա միջոցով Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները զսպելու գործում միջազգային ջանքերը։ Մասնավորապես, ի՞նչ պետք է անի, ըստ Ձեզ, միջազգային հանրությունն այս դեպքում։-Միջազգային հանրությունն ունի հստակ քաղաքական և իրավական պարտավորություններ և մեխանիզմներ՝ կանխելու մարդու իրավունքների զանգվածային խախտումները, հատկապես դրանց այնպիսի ծայրահեղ դրսևորումները, ինչպիսիք են մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը։ Արցախի շրջափակումն այն կարմիր դրոշակն է, որը պետք է ահազանգի միջազգային հանրությանը հնարավոր զանգվածային հանցագործութունների մասին։ Արցախի ժողովրդի դեմ հնարավոր զանգվածային հանցագործությունները կանխելու պարտավորության շրջանակներում, միջազգային հանրությունը, քաղաքական և դիվանագիտական գործիքներ կիրառելուց բացի, պետք է համապատասխան իրավական գնահատականներ տա Ադրբեջանի հանցավոր գործողություններին։ Բանակցային գործընթացում իրական առաջընթաց ապահովելու ուղղությամբ միջնորդների և այլ դերակատարների կողմից գործադրվող ջանքերը չեն կարող և չպետք է փոխարինեն այն հստակ քայլերին ու գործողություններին, որոնք միջազգային հանրությունը՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների պարտավոր է ձեռնարկել՝ կանխելու ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները և էթնիկ զտումները աշխարհի ցանկացած կետում, առանց քաղաքական, տնտեսական, աշխարհագրական կամ այլ նկատառումներ հաշվի առնելու։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նաև այն մարմինն է, որը պետք է ապահովի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը։ 2023 թ․ փետրվարի 22-ի ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմինը որոշում է ընդունել Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց՝ պարտավորեցնելով վերջինիս ապահովել Արցախի ապաշրջափակումը և Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժը։ Այդ որոշումը տրամաբանական շարունակությունն է մինչ այդ՝ 2021 թ․ դեկտեմբերի 7-ին կայացված միջանկյալ միջոցների վերաբերյալ որոշման, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու հայ ազգային կամ էթնիկ ծագում ունեցող անձանց դեմ ռասայական ատելության և խտրականության հրահրումը և խթանումը, այդ թվում` պաշտոնյաների և պետական հաստատությունների կողմից։ Նույն որոշմամբ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների, պաշտամունքի վայրերի, հուշարձանների և գերեզմանատների նկատմամբ վանդալիզմի և պղծման գործողությունները: Այս առումով մենք ակնկալում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան գործողությունները՝ ապահովելու այդ որոշումների իրականացումը։ -Կարելի է փաստել, որ Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը և վերջին տարիների բոլոր հանցագործությունները հետևանք են վերջինիս ագրեսիվ և ապակառուցողական քաղաքականությանը պատշաճ գնահատականի և արձագանքի բացակայության, և եթե հակամարտությունը համապարփակ և կայուն լուծում չստանա, ապա նման հանցագործությունները, ամենայն հավանականությամբ, շարունակվելու են: Այս առումով Դուք տեսնու՞մ եք հեռանկարը, և ի՞նչ լուծում պետք է ստանա հակամարտությունը, ի՞նչ սկզբունքներով և ի՞նչ ձևաչափերով, որպեսզի այն լինի արդարացի և արդյունավետ: Եվ արդյո՞ք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններն կարող են բերել ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորմանը, և ինչպիսի՞ն է Արցախի Հանրապետության դիրքորոշումը այս հարցում:-Արցախի ժողովրդի և իշխանությունների դիրքորոշումն այս հարցում միասնական է. միայն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է հիմք հանդիսանալ հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ և արդար խաղաղության ու կայունության հաստատման համար։ Մենք պատրաստ ենք հակամարտության համապարփակ և փոխընդունելի լուծման շուրջ բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ՝ համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով, կողմերի իրավահավասարության և պարտավորությունների իրականացման միջազգային ամուր երաշխիքների հիման վրա։ Նախքան հակամարտության վերջնական և համապարփակ կարգավորման ուղղությամբ լիարժեք ձևաչափով բանակցությունների համար պայմանների ստեղծումը՝ նպատակահարմար է հումանիտար և տեխնիկական հարցերի շուրջ երկխոսության հաստատումը Ստեփանակերտի և Բաքվի միջև, որը սակայն չպետք է և չի կարող փոխարինել քաղաքական հարցերի շուրջ բանակցություններին։ Այս համատեքստում անհրաժեշտ է ընդգծել, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը, սահմանազատումը և սահմանագծումը չեն կարող կանխորոշել ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծումը և Արցախի վերջնական կարգավիճակը։ Միևնույն ժամանակ առանց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ասել է թե՝ կիսատ մոտեցմամբ հնարավոր չէ պատկերացնել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորումն ու կայուն խաղաղության հաստատումը: Չնայած առկա դժվարություններին՝ չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն իր հերթին շարունակի հանդես գալ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից։ Եթե այսօր հնարավոր չէ հասնել Արցախի կարգավիճակի շուրջ բանակցային լուծման, ապա պետք է ընդունել այս խնդրի առկայությունը և հետաձգել որոշման ընդունումը մինչև դրա համար ստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ միաժամանակ այդ ընթացքում ապահովելով Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնիշխանության արդյունավետ և հուսալի միջազգային երաշխիքներ։  
10:45 - 21 մայիսի, 2023
Արցախի ԱԳՆ-ն՝ Շառլ Միշելի հայտարարության մասին

Արցախի ԱԳՆ-ն՝ Շառլ Միշելի հայտարարության մասին

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով Եվրոպական խորհրդի նախագահի հնչեցրած արտահայտությունների կապակցությամբ: Դրանում ասված է. «Մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով, հանդես է եկել ԶԼՄ-ների համար հայտարարությամբ։ Ինչպես հայտարարության ընդհանուր բովանդակությունը, այնպես էլ դրա առանձին դրույթներ վկայում են այն մասին, որ Եվրամիության ղեկավարությունը շարունակում է անտեսել Արցախի ժողովրդի օրինական իրավունքներն ու շահերը և առաջնորդվում է միայն տարածաշրջանում ունեցած սեփական աշխարհաքաղաքական և կարճաժամկետ շահերով՝ ի վնաս Եվրամիության կողմից հռչակված ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների։ Այդ է վկայում մասնավորապես այն, որ տվյալ հայտարարությունում բացակայում է որևէ հիշատակում Լաչինի միջանցքի արդեն ավելի քան 5 ամիս շարունակվող արգելափակման, միջանցքի մուտքի մոտ ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման և Արցախի 120 հազար բնակչության փաստացի պաշարման մասին՝ դրանից բխող բոլոր հումանիտար հետևանքներով։ Այս փաստը ցույց է տալիս, որ Եվրոպական խորհրդի նախագահը ոչ միայն չի խոչընդոտում, այլև փաստացի խրախուսում է Ադրբեջանին Արցախի ժողովրդի տառապանքներն օգտագործել որպես քաղաքական գործիք։ Սակայն, եթե Արցախում հումանիտար աղետ հրահրելու և էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մտադրություններն ու տեսանելի գործողությունները չեն մտահոգում Եվրոպական խորհրդի նախագահին, ապա մենք իրավունք ունեինք ակնկալելու, որ նրա ներկայացրած կազմակերպությունն անմիջական շահագրգռվածություն կցուցաբերի Ադրբեջանի կողմից ժամանակակից միջազգային իրավակարգի հիմնասյուներից մեկը հանդիսացող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումների անշեղ իրականացման նկատմամբ։ Այս առումով տարակուսանք է առաջացնում, որ Եվրոպական խորհրդի նախագահը ցուցադրաբար անտեսում է Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի բարձրագույն դատական մարմնի իրավաբանորեն պարտադիր վճռի հետևողական չիրաանացումը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերի, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքների համակարգված խախտումները։ Միայն միջազգային հանրության գործուն քայլերը՝ ուղղված Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի որոշման անհապաղ և լիարժեք իրականացման ապահովմանը, կարող են վկայել, որ միջնորդի դերում հանդես եկողներն անկեղծ շահագրգռված են տարածաշրջանում երկարատև խաղաղությամբ և կայունությամբ։ Համոզված ենք, որ այն միջազգային դերակատարները, որոնք իրենց գործողություններով կամ անգործությամբ խրախուսում են Բաքվին իր ագրեսիվ, ծավալապաշտական քաղաքականության և միջազգայնորեն հակաիրավական գործողությունների մեջ, ոչ միայն պատասխանատու են դրանց ծանր հետևանքների համար, այլև արդարացնում են նման քաղաքականության և խախտումների կրկնությունն աշխարհի այլ կետերում։ Կրկին հիշեցնում ենք, որ 1991 թ․ Արցախի ժողովուրդը, միջազգային իրավունքի նորմերին և այն ժամանակ գործող ներպետական օրենսդրությանը լիովին համապատասխան, իրացրել է ինքնորոշման իր անքակտելի իրավունքը և ստեղծել իր պետականությունը նույն հիմքերի վրա, ինչ Ադրբեջանը և Հայաստանը: Արցախի իշխանությունները հետևողականորեն պաշտպանել և շարունակելու են պաշտպանել իրենց ժողովրդի օրինական ընտրությունն ու ազատ կամարտահայտությունը։ Առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների որևէ ներկայացուցիչ իրավունք չունի տնօրինել Արցախի ժողովրդի ճակատագիրը։ Ավելին, ուժի ապօրինի կիրառման և շարունակվող տեռորի օրինականացման վրա հիմնված օրակարգն Արցախի ժողովրդին պարտադրելու ցանկացած փորձ հավասարազոր է մեղսակցության Արցախի էթնիկ զտմանն ու տարածաշրջանում լարվածության մշտական օջախի պահպանմանն ուղղված Ադրբեջանի հանցավոր ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ վերջինիս տարածքային նկրտումների ու ագրեսիվ քաղաքականության խրախուսման։ Այս կապակցությամբ կրկին վերահաստատում ենք Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակել պայքարն իրենց անքակտելի իրավունքների համար՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան։ Համոզված ենք, որ միայն Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչումը կարող է հիմք հանդիսանալ հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանում երկարաժամկետ ու արդար խաղաղության և կայունության հաստատման համար։ Միաժամանակ, հիշեցնում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները մշտապես հանդես են եկել բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման օգտին։ Արցախի Հանրապետությունը շարունակում է բաց մնալ հակամարտության բոլոր բաղադրիչների և խաղաղ կարգավորմանն ուղղված ողջամիտ առաջարկների քննարկման համար՝ համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով, կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց ստանձնած պարտավորությունների իրականացման միջազգային ամուր երաշխիքների առկայության պայմաններում»։ Հիշեցնենք՝ մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ ԵՄ խորհդրի նախագահ Շառլ Միշելը նաև հայտարարել է, որ կողմերը հաստատել են՝ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Հայաստանը՝ 29 800 քառ․ կմ, Ադրբեջանը՝ 86 600 քառ․ կմ (ներառյալ ԼՂԻՄ-ը և յոթ շրջանները)։ Ըստ Միշելի՝ քննարկվել է «նախկին ԼՂԻՄ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության խնդիրը»։
21:34 - 15 մայիսի, 2023
Արցախի արտգործնախարարն Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը

Արցախի արտգործնախարարն Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչներին է ներկայացրել շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը մայիսի 10-ին Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի նախաձեռնությամբ առցանց հանդիպում է ունեցել Ավստրալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նախարարը ներկայացրել է շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը, անդրադարձել առաջացած հումանիտար և գոյաբանական խնդիրներին։ Խոսելով հայրենիք-սփյուռք կապի մասին՝ Սերգեյ Ղազարյանը  երախտագիտություն է հայտնել Ավստրալիայի հայ համայնքին շրջափակումից ի վեր Արցախին ցուցաբերած նյութական օժանդակության համար։ Այդ համատեքստում նախարարը կարևորել է նաև Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի վարած հանցավոր քաղաքականության մասին արտերկրում իրազեկվածության բարձրացման աշխատանքների նշանակությունը։ Հանդիպման ավարտին նախանշվել են փոխգործակցության հետագա ուղղությունները։
17:27 - 11 մայիսի, 2023
Սարսանգի ցամաքման համար նախապայմաններ ստեղծելով և բնապահպանական աղետ հրահրելով՝ Ադրբեջանի իշխանությունները միանգամից մի քանի նպատակ են հետապնդում․ Արցախի ԱԳՆ

Սարսանգի ցամաքման համար նախապայմաններ ստեղծելով և բնապահպանական աղետ հրահրելով՝ Ադրբեջանի իշխանությունները միանգամից մի քանի նպատակ են հետապնդում․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի հրահրած վերահաս բնապահպանական աղետի վերաբերյալ։«Գրեթե 5 ամիս է, ինչ շարունակվում է Արցախի Հանրապետության պաշարումը, որն ուղեկցվում է տրանսպորտային և էներգետիկ ապօրինի շրջափակմամբ և հանդիսանում է Ադրբեջանի կողմից պետական մակարդակով համակարգված ու հետևողականորեն իրականացվող էթնիկ զտումների քաղաքականության հիմնական գործիքներից մեկը։ Այս քաղաքականության շրջանակներում ադրբեջանական կողմը փորձում է ոչ միայն անտանելի սոցիալ-տնտեսական պայմաններ ստեղծել, այլ նաև արհեստականորեն հրահրել բնապահպանական աղետ և խարխլել Արցախի կայուն զարգացման հիմքերը։Մասնավորապես, ադրբեջանական կողմը խոչընդոտում է Հայաստանից Արցախ մտնող միակ բարձրավոլտ հոսանքագծի վթարի վերացումն Աղավնո-Բերձոր հատվածում։ Էներգետիկ ճգնաժամը խորացնելու նպատակով ադրբեջանական կողմը կանոնավոր կերպով խափանել է նաև Հայաստանից Արցախ մտնող գազատարի աշխատանքը։ Վերջին անջատումից արդեն 2 ամիս է անցել։ Արդյունքում Սարսանգի ջրամբարի վրա գտնվող հիդրոէլեկտրակայանը դարձավ էներգետիկ ճգնաժամը մեղմելու միակ հնարավորությունը, սակայն ադրբեջանական իշխանությունների՝ պաշարման և էներգետիկ շրջափակման չդադարող քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ցրտաշունչ ձմռան ընթացքում Արցախի պաշարված բնակչության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով ջրամբարից բաց թողնվեց աննախադեպ քանակությամբ ջուր։Արցախի իշխանությունները բազմիցս միջազգային հանրության ուշադրություն են հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի կողմից Հայաստանից Արցախ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման միտումնավոր արգելափակման շարունակումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մասնավորապես, Սարսանգի ջրամբարի համար, որը քաղցրահամ ջրի ամենախոշոր ու կենսական նշանակություն ունեցող աղբյուրն է Արցախում։ Սարսանգի ջրամբարի ցամաքումը բնապահպանական լուրջ հետևանքներ կառաջացնի տարածաշրջանի ողջ էկոհամակարգի համար․ Արցախի, ինչպես նաև Ադրբեջանի որոշ շրջանների բնակչությունը կզրկվի նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ ջրային ռեսուրսներից։ Սարսանգի ցամաքման համար նախապայմաններ ստեղծելով և բնապահպանական աղետ հրահրելով՝ Ադրբեջանի իշխանությունները միանգամից մի քանի նպատակ են հետապնդում, այդ թվում՝ անտանելի կենսապայմաններ ստեղծել Արցախում և հող նախապատրաստել ջրային ռեսուրսների անբարեխիղճ օգտագործման մեջ մեղադրանքների համար՝ որպես նոր ռազմական սադրանքների պատրվակ։Վերստին ընդգծում ենք, որ Ադրբեջանի հակաիրավական և ագրեսիվ շարունակական գործողություններով պայմանավորված՝ շեշտակի վատթարանում է հումանիտար իրավիճակն Արցախի Հանրապետությունում և ընդհանուր ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում։ Ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակում խիստ անհրաժեշտ ենք համարում 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների անշեղ կատարման ապահովումը, ինչպես նաև միջազգային հանրության և առաջին հերթին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհապաղ և վճռական միջամտությունը՝ թույլ չտալու մարդու իրավունքների զանգվածային ու կանոնավոր խախտումների շարունակումն Արցախում և կասեցնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերն ու ցեղասպան մտադրությունները»,- ասված է հայտարարության մեջ։  
21:32 - 08 մայիսի, 2023
Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին

Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Արցախի հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացմանն ու յուրացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության մասին

Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Ադրբեջանի կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահի կողմից մայիսի 2-ին արված հայտարարությունն այն մասին, թե հայ վանականները պետք է լքեն Դադիվանքը, քանի որ այն իբր պատկանում է Կովկասյան Ալբանիային և վաղ թե ուշ կկառավարվի ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից: «Ադրբեջանի պետական մարմնի ղեկավարի այդ հայտարարությունը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման կոպիտ խախտում և հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանի իշխանությունները ծրագրված գործողություններով քայլ առ քայլ իրականացնում են Արցախի հայաթափման, հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու յուրացման հետևողական քաղաքականություն։ Այս համատեստքում հարկ ենք համարում հիշեցնել, որ 2020 թ. նոյեմբերից Դադիվանքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ, որոնք կոչված են ապահովելու քաղաքացիների անխափան և անվտանգ մուտքը սրբավայր։ Ավելին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես համաշխարհային առաջատար մասնագիտացված կազմակերպություն, բազմիցս ընդգծել է, որ պատմամշակութային ժառանգությունը չպետք է քաղաքական նպատակների գործիք դառնա, և կոչ է արել բոլոր անդամ պետություններին հարգել այս սկզբունքն ամբողջ աշխարհում։ 2020 թ․ պատերազմի և Արցախի տարածքների բռնազավթման արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել շուրջ 1.5 հազար հայկական պատպամշակութային և կրոնական հուշարձաններ, այդ թվում՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր, հնագիտական վայրեր, բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլն: Ագրեսիայի 44 օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ թիրախավորել, ոչնչացրել կամ պղծել են բազմաթիվ հուշարձաններ և սրբավայրեր, իսկ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը նախաձեռնել է հայկական պատմական և կրոնական ժառանգության «ալբանիզացման» քաղաքականություն՝ փորձելով ջնջել Արցախում հայկական հազարամյա ներկայության բոլոր հետքերը և առաջ քաշելով կեղծ պատմական թեզեր՝ հայկական հուշարձանների ոչնչացումն ու այլափոխումն արդարացնելու նպատակով։ Մասնավորապես, 2021 թ․ Հադրութի շրջանի Ծակուռի գյուղ այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մատնացույց անելով Ծաղկավանքի Սբ. Աստվածածին եկեղեցու (XII դ․) հայերեն գրությունները, նշել է, թե դրանք կեղծ են, եկեղեցին ալբանական է և անձամբ հրամայել է ջնջել այդ գրությունները: Ավելի ուշ Ադրբեջանում նույնիսկ ստեղծվել է «ալբանական պատմության և ճարտարապետության մասնագետների» աշխատանքային խումբ, որի նպատակն էր այսպես կոչված «ալբանական տաճարներից» հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»։ Ադրբեջանական վանդալիզմի վառ օրինակներից են նաև պատերազմի ժամանակ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծումը, իսկ այնուհետև վերանորոգման քողի տակ իրականացվող այլափոխումը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (Կանաչ ժամ) ոչնչացումը, Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ամբողջական ավերումը և այլն։ Վանդալիզիմի այս բոլոր դեպքերը, ինչպես նաև Արցախի գրավյալ տարածքներում մշակութային օբյեկտների և հուշարձանների վիճակի գնահատման և դրանց պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը մերժելու Ադրբեջանի հետևողական քաղաքականությունը վկայում են, որ Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական կոթողները վտանգված են. դրանք կամ այլափոխվում, կամ ոչնչացվում են Ադրբեջանի վարած հայատյաց պետական քաղաքականության արդյունքում: Այսպիսով, Ադրբեջանը, փորձելով ամեն կերպ դուրս մղել արցախցիներին իրենց պատմական հայրենիքից, Արցախի դեմ վարում է ոչ միայն էթնիկ զտման, այլ նաև մշակութային ցեղասպանության քաղաքականություն։ Կրկին դիմում ենք ողջ միջազգային հանրությանը, համապատասխան բոլոր միջազգային կառույցներին, և առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, հորդորելով ձեռնարկել հրատապ և արդյունավետ քայլեր՝ ապահովելու միջազգային առաքելությունների և համապատասխան փորձագետների մուտքն Արցախի գրավյալ տարածքներ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային օբյեկտների ու հուշարձանների վիճակը գնահատելու և միջազգային պաշտպանության տակ առնելու նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
22:06 - 03 մայիսի, 2023
Հորդորում ենք միջազգային հանրությանը ձեռնարկել քայլեր՝ կանխելու Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունները. Արցախի ԱԳՆ

Հորդորում ենք միջազգային հանրությանը ձեռնարկել քայլեր՝ կանխելու Ադրբեջանի ցեղասպանական մտադրությունները. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է  տարածել «Օղակ» գործողության 32-րդ տարելիցի կապակցությամբ, որում նշված է. «Ուղիղ 32 տարի առաջ՝ ապրիլի 30-ին, սկսվեց «Օղակ» (Кольцо) գործողությունը, որի անվանումն արդեն իսկ վկայում էր դրա պատժիչ բնույթի մասին։ 1991 թվականի ապրիլից մինչև օգոստոս մի քանի փուլով իրականացված գործողության հիմնական նպատակն էր ուժով ճնշել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի կամարտահայտությունն ու ստեղծել պայմաններ հայրենի հողից նրա արտագաղթի համար։ Մասնավորապես, 1991 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանական ԽՍՀ ՆԳՆ ՕՄՕՆ-ի ջոկատները՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և 4-րդ բանակի ստորաբաժանումների (Կիրովաբադ քաղաքում տեղակայված 23-րդ դիվիզիա) հետ համատեղ, նախաձեռնեցին Արցախի հայ բնակչության տեղահանման լայնամասշտաբ ռազմաական գործողություն։ 1991 թ. սկզբից Ադրբեջանում գրեթե բացահայտ, ամենաբարձր մակարդակով պարբերաբար սկսեցին հնչեցնել այն միտքը, որ հայերը պետք է վտարվեն Ղարաբաղից, եթե  համաձայն չեն ենթարկվել Ադրբեջանին: 1991 թ. մարտի 25-ից ադրբեջանական ՕՄՕՆ-ը սկսեց կանոնավոր կերպով գնդակոծել Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Ապրիլի 16-ից դադարեցվեց Շահումյանի շրջանի էներգամատակարարումը, անջատվեց հեռախոսակապը: Ապրիլի 19-ին Գետաշեն գյուղում տեղակայված ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմը դուրս բերվեց գյուղից: Ապրիլի 21-ին, Բաքվի պահանջով, արգելվեցին Երևան-Շահումյան կանոնավոր ուղղաթիռային չվերթները: Ապրիլի 30-ին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծությամբ սկսվեց «Օղակ» գործողությունը, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ կիրառվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: Հայկական գյուղերը հերթականությամբ օղակի մեջ էին առնվում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի ստորաբաժանումների կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու միլիցիան մտնում էին այդ գյուղերը՝ պաշտոնապես իբրև թե «անձնագրային ռեժիմի ստուգման», իսկ իրականում՝ հայ բնակչության սպանության, կողոպուտի, ահաբեկման և դրան հաջորդող տեղահանության նպատակով։ Գործողության արդյունքում ամբողջովին ամայացան ու ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե տաս հազար մարդ, ավելի քան հարյուրը սպանվեց, մի քանի հարյուր մարդ գերեվարվեց: Նրանցից շատերի ճակատագիրն առայսօր հայտնի չէ: Ծայրահեղ դաժանությամբ և մարդու իրավունքների զանգվածային խախտումներով աչքի ընկնող «Օղակ» գործողությունը կտրուկ բարձրացրեց լարվածության մակարդակը տարածաշրջանում, և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ դառնալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախերգանքը: Ցավոք, «Օղակ» գործողության ընթացքում կատարված զանգվածային հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումներն այդպես էլ չարժանացան միջազգային հանրության քաղաքական, իրավական և բարոյական պատշաճ գնահատականին, իսկ այս պատժիչ գործողության գաղափարախոսները, կազմակերպիչներն ու իրականացնողները մնացին անպատիժ։ Արդյունքում այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են կրկնվում և անպատիժ մնում 30 տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունները, այդ թվում՝ ռազմական ագրեսիան, տարածքների օկուպացիան, սպանությունները, էթնիկ զտումներն ու ահաբեկչությունը Արցախի ժողովրդի նկատմամբ։ Ադրբեջանի ներկայիս ղեկավարները հնչեցնում են նույն մտքերը՝ եթե հայերը համաձայն չեն ենթարկվել Բաքվին, ապա նրանց պետք է վտարել Ղարաբաղից։ Ինչպես և 30 տարի առաջ, այս ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ և աղաղակող անտարբերության ներքո՝ լիակատար անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում։ Այսօր Արցախի ժողովուրդը կրկին օղակի մեջ է հայտնվել՝ ավելի քան 4 ամիս շարունակվում է շրջափակումն Ադրբեջանի կողմից, որը, արդեն պաշտոնապես փակելով Լաչինի միջանցքը, փորձում է ապօրինի հսկիչ անցակետ տեղակայել ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի կողմից ստորագրված Եռակողմ հայտարարության հիմնարար կետերից մեկը։ Այն փաստը, որ 30 տարի անց Արցախը կրկին կանգնած է գոյաբանական նույն սպառնալիքի առաջ, ինչ և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդի փուլի ամենասկզբում, ապացուցում է, որ Արցախի ժողովրդին ոչնչացնելու մտադրությունն Ադրբեջանի պետական քաղաքականության մի մասն է, որի հիմքերը դրվել են դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, և որը հետագայում համակարգված և հետևողականորեն իրականացվել է այդ երկրի բոլոր իշխանությունների կողմից: Այսօր մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում դաժան, հանցավոր «Օղակ» գործողության բոլոր անմեղ զոհերի հիշատակի առջև և կրկին հորդորում ենք միջազգային հանրությանն ու առաջին հերթին՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար անմիջական պատասխանատվություն կրող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, վերջապես հրաժարվել անհանգստություն արտահայտող արարողակարգային բնույթի ձևակերպումներից ու երկու կողմերին ուղղված կոչերից և ձեռնարկել հրատապ ու գործնական քայլեր՝ կանխելու նման վայրագությունների և մարդու իրավունքների զանգվածային խախտումների կրկնությունը, ինչպես նաև Ադրբեջանի ցեղասպանական ու ծավալապաշտական մտադրություններն Արցախի և Հայաստանի նկատմամբ։ Համոզված ենք, որ այս ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել Ադրբեջանի ավտորիտար իշխանություններին համոզելը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հարկադրելը կատարել իրենց միջազգային պարտավորությունները և միջազգային իրավունքի նորմերը, ներառյալ՝ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումները։ Առանց այդ ամենի ցանկացած հղում միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին անհիմն է»։
16:12 - 30 ապրիլի, 2023
Ադրբեջանի ապօրինի պահանջները քննարկման դնելու ցանկացած առաջարկ փորձ է օրինականացնելու դրանք․ Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի ապօրինի պահանջները քննարկման դնելու ցանկացած առաջարկ փորձ է օրինականացնելու դրանք․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու վերաբերյալ․ «Արցախն ավելի քան 4 ամիս իր գործակալների միջոցով անմարդկային շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանն ապրիլի 23-ին ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։ Հերթական անգամ ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հաստատմանն ուղղված Ադրբեջանի քայլերը ուղղակիորեն հակասում են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 6-րդ կետին։ Եռակողմ հայտարարության տակ Ադրբեջանի նախագահի ստորագրությունն Ադրբեջան պետության ուղղակի և միանշանակ համաձայնությունն է՝ Լաչինի միջանցքի նկատմամբ բացառիկ վերահսկողություն փոխանցել ՌԴ խաղաղապահ զորակազմին։ Հրադադարի հաստատումից ի վեր Ադրբեջանը պարբերաբար խախտել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության գրեթե բոլոր դրույթները։ Սակայն անցակետ տեղադրելու մասին ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունը վկայում է Բաքվի՝ տվյալ փաստաթղթով ստանձնած պարտավորություններից հրաժարվելու մտադրության մասին։ Այս համատեքստում ակնկալում ենք ինչպես լայն միջազգային հանրության, այնպես էլ Եռակողմ հայտարարության կողմերի և, առաջին հերթին, հայտարարության իրականացման երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության միանշանակ և համարժեք արձագանքն ու գործուն քայլերը՝ ադրբեջանական անցակետի տեղադրումը թույլ չտալու, Լաչինի միջանցքը բացելու, Ադրբեջանի կողմից Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումն ու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Ակնհայտ է, որ անցակետի տեղադրումով Ադրբեջանը փորձում է նոր թափ հաղորդել կատարյալ անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում իր կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը։ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ միայն չի թաքցնում իր ցեղասպան գործողությունները, այլև նախօրոք ազդարարում է դրանց մասին՝ չարժանանալով միջազգային հանրության դատապարտմանը կամ հակազդեցությանը։ Հատկանշական է, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումներն իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ միջազգային միջնորդների ջանքերի և հայտարարությունների պայմաններում։ Ադրբեջանը, ըստ էության, Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացն օգտագործում է որպես գործիք՝ բացառելու ներգրավված պետությունների կողմից իր հանցավոր քաղաքականության կանխարգելմանն ուղղված հնարավոր միջոցների իրականացումը։ Եռակողմ հայտարարության կողմ չհանդիսացող, սակայն միջազգային խաղաղության և անվտանգության, այդ թվում՝ էթնիկ զտումների և ցեղասպանության կանխարգելման համար պատասխանատվություն կրող պետությունների կողմից համարժեք արձագանքի բացակայությունը և Ադրբեջանի անօրինական պահանջները քննարկելու առաջարկները հավասարազոր են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության թողտվությանը։ Ավելին, Ադրբեջանի ապօրինի պահանջները քննարկման դնելու ցանկացած առաջարկ՝ փորձ է օրինականացնել դրանք և, ըստ էության, ծառայում է Բաքվի հանցավոր ծրագրերի խրախուսմանը: Ստեղծված իրավիճակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության կանխարգելման ուղղությամբ վճռական քայլերի իրականացումը հրամայական է։ Պահանջում ենք ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետություններից իրականացնել ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները և վերջ դնել Արցախի էթնիկ զտման և նրա ժողովրդին ոչնչացնելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը»։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: 
12:01 - 24 ապրիլի, 2023
Ադրբեջանի հայտարարությունն առ այն, թե իբր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի հայտարարությունն առ այն, թե իբր Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի ՊՆ հերթական սադրիչ հայտարարությունն այն մասին, թե իբր երեկ Շուշիի շրջանում ադրբեջանական բանակի ռազմական բեռնատար է պայթել հայկական կողմի հատուկ տեղադրած ականների վրա, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Արցախի Արտաքին գործերի նախարարությունը։«Այս հայտարարությանը նախորդել էր ապատեղեկատվություն պարունակող մեկ այլ հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում էր, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել:Վերոնշյալ հայտարարությունների բովանդակային հաջորդականությունը հստակ ընդգծում է Ադրբեջանի կողմից վարվող կեղծ տեղեկատվական արշավի նպատակը. այն է՝ հող նախապատրաստել Արցախի Հանրապետության դեմ հնարավոր սադրանքների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
12:17 - 23 ապրիլի, 2023
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ. ԱՀ արտգործնախարար |artsakhpress.am|

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ. ԱՀ արտգործնախարար |artsakhpress.am|

artsakhpress.am: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ: Արցախպրեսին տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը։  Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից․ -Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի ապրիլի 18-ի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ փնտրեն բնակության այլ վայր։ -Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ անում  է հայտարարություններ, որոնք բացահայտում են Արցախն էթնիկ զտման ենթարկելու և Արցախի բնիկ ժողովրդին իր պատմական հայրենիքից վտարելու Ադրբեջանի իրական նպատակները։ Ադրբեջանի ավտորիտար ղեկավարության կողմից Արցախի ավելի քան չորս ամիս շարունակվող շրջափակումն այդ հանցավոր ծրագրերի իրագործման գործիքներից ընդամենը մեկն է։ Հարկադրման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով Ադրբեջանը, ըստ էության, փորձում է ստիպել Արցախի ժողովուրդին ընդունել Ադրբեջանի անօրինական պահանջները, որոնք, ի թիվս այլոց, հակասում են միջազգային իրավունքի պարտադիր նորմերին։ Այն փաստը, որ Ադրբեջանի ղեկավարությունն արդեն չի էլ թաքցնում իր հանցավոր մտադրությունները, վկայում է Արցախի շարունակվող շրջափակման դադարեցման և Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների կասեցման ուղղությամբ միջազգային արձագանքի և ներգրավվածության բավարար չլինելու մասին։ Փաստորեն, Ադրբեջանի իշխանությունները, գործելով բացարձակ անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտում, էլ ավելի են ընդլայնում ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունների ծավալներն ու աշխարհագրությունը։ Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել, որ պետություններն, անհատապես և հավաքականորեն, պարտավոր են ձեռնարկել արդյունավետ և վճռական քայլեր՝ կանխելու ամենածանր հանցագործությունները, առաջին հերթին ցեղասպանությունն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները՝  ներառյալ էթնիկ զտումները և անօրինական տեղահանությունը։ Միևնույն ժամանակ, նման հանցագործությունների կանխման անմիջական պատասխանատվությունը կրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ մարմին, որը ոչ միայն ունի համապատասխան մանդատ, այլ նաև օժտված է անհրաժեշտ գործիքակազմով՝ կասեցնելու Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի հանցավոր մտադրությունները։ Այս համատեքստում ափսոսանք է հարուցում այն, որ չնայած ծանր հանցագործությունները կանխելու հանձնառությանը՝ որոշ միջազգային կառույցների և պետությունների ներկայացուցիչներ գործադրում են քաղաքական ջանքեր, որոնք անուղղակիորեն խթանում են Ադրբեջանի ոչ լեգիտիմ դիրքորոշումը և խրախուսում նրա ցեղասպան քաղաքականությունը։ Կարծում ենք, որ միջազգային դերակատարների, մասնավորապես՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների  կարգավորման գործընթացներում ներգրավված դերակատարների նման մոտեցումը ոչ միայն անընդունելի և հակաարդյունավետ է, այլև հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար։ -Ինչպե՞ս  կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի պնդումն առ այն, որ Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է։ -Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ ոչ ԽՍՀՄ գոյության, ոչ էլ նախկին Խորհրդային Միության տարածքում անկախ պետությունների ձևավորման հետագա ժամանակաշրջանում։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո միջազգային հանրությունը ստեղծել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հատուկ մեխանիզմ՝ Մինսկի գործընթացը։ Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակը որոշելու համար միջազգային ձևաչափ ստեղծելու որոշումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն Արցախը չի ճանաչել որպես անկախ Ադրբեջանի մաս։ Իր հերթին, Մինսկի գործընթացին մասնակցելու Ադրբեջանի համաձայնությունը նույնպես ճանաչումն է այն փաստի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ։ Բացի այդ, հայկական կողմը մշտապես ընդգծել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը նախ և առաջ մարդու իրավունքների ու ազատությունների, և առաջին հերթին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիր է։ Այս առումով, միջազգային, այդ թվում՝ Ադրբեջան պետության ստանձնած պարտավորությունների համաձայն, մարդու իրավունքների և ազատությունների հիմնախնդիրներն ուղղակի և օրինական հետաքրքրություն են ներկայացնում բոլոր պետությունների համար և չեն հանդիսանում բացառապես որևէ պետության ներքին գործը։ Աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, երբ որոշ երկրներ և միջազգային կազմակերպություններ ուղղակիորեն միջամտել են կոնֆլիկտային իրավիճակներին՝ կանխելու ցեղասպանությունը, զանգվածային սպանություններն ու մարդու իրավունքների խախտումները։ Ժամանակակից աշխարհում, այն իրավիճակներում, երբ մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների հավաքական իրավունքները կոպտորեն խախտվում են, միայն միջազգային հանրության  միջամտությունը և ազգերի ինքնորոշման իրավունքի ազատ իրացումը կարող են ապահովել նման իրավիճակների խաղաղ և քաղաքակիրթ հանգուցալուծում՝ առանց ուժի կիրառման, բռնության, բռնի տեղահանության և էթնիկ զտումների։               Շարունակվող շրջափակման, Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների  և այլ ագրեսիվ գործողությունների պայմաններում  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը որպես իր ներքին գործը ներկայացնելու  պաշտոնական Բաքվի ձգտումն Ադրբեջանի ղեկավարության կողմից բացահայտ փորձ է միջազգային հանրությունից  ստանալ քարտ-բլանշ Արցախի տարածքի էթնիկ զտումները և նրա բնիկ ժողովրդին հայրենի հողերից վտարումը շարունակելու համար։ Բացարձակապես անընդունելի ենք համարում Ալիևի վերջնագրային հայտարարությունները և նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները։  Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հավատարիմ են իրենց կողմից ընտրված ազատության և անկախության ուղուն, և Ադրբեջանի կողմից ստեղծված ոչ մի դժվարություն կամ սպառնալիք չի կարող ստիպել մեզ շեղվել այս ուղուց։ Ավելի մանրամասն` artsakhpress.am-ում։ 
09:41 - 20 ապրիլի, 2023
Շուշի քաղաքն Արցախի անբաժանելի մասն է թե՛ տարածքային, թե՛ մշակութային, տնտեսական, պատմական առումով. Արցախի ԱԳՆ-ն դատապարտող հայտարարություն է տարածել

Շուշի քաղաքն Արցախի անբաժանելի մասն է թե՛ տարածքային, թե՛ մշակութային, տնտեսական, պատմական առումով. Արցախի ԱԳՆ-ն դատապարտող հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է ապրիլի 8-ին Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության անդամ երկրների ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների պատվիրակության այցելությունն օկուպացված հայկական Շուշի։ «Ակնհայտ է, որ այդ ապօրինի այցը, ինչպես նաև այլ նմանատիպ միջոցառումների անցկացումն օկուպացված հայկական Շուշի քաղաքում, միտված են Ադրբեջանի ու նրա դաշնակիցների կողմից Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ 2020 թվականին սանձազերծած ագրեսիվ պատերազմի և ուժի անօրինական կիրառման արդյունքների օրինականացմանը։ Կրկին ընդգծում ենք, որ Շուշի քաղաքն Արցախի անբաժանելի մասն է թե՛ տարածքային, թե՛ մշակութային, տնտեսական, պատմական առումներով։ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով ազգային հանձնաժողովների այցը Շուշի էլ ավելի սրբապիղծ և սադրիչ է թվում՝ հաշվի առնելով Արցախի արդեն 4 ամիս շարունակվող ապօրինի շրջափակումը, Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում, ներառյալ՝ հին հայկական Շուշի քաղաքում հայ ժողովրդի կրոնական, պատմական և մշակութային հուշարձանների համակարգված ոչնչացումն ու դրանց ինքնության կեղծումը, ինչպես նաև մշակութային ժառանգության օբյեկտների գույքագրման և դրանց վիճակի ուսումնասիրության նպատակով Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելություն ուղարկելու հարցում Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակ հարուցվող խոչընդոտները»,- նշված է Արցախի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ: Ըստ հայտարարության՝ նման գործողություններով Ադրբեջանի իշխանությունները ձգտում են ստանալ առանձին պետությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչների լռելյայն հավանությունը էթնիկ զտման իրենց հանցավոր ծրագրերի համար, որոնց նպատակն է հայաթափել Արցախը և ջնջել հայկական բազմադարյա ներկայության հետքերը։ «Պատմությունը կեղծելու և սեփական քաղաքական խոսույթն առաջ մղելու նպատակով երկրների և ժողովուրդների միջև ազգակցական կապերի չարաշահումն անընդունելի է և չի նպաստում ժողովուրդների միջև խաղաղության և փոխըմբռնման ամրապնդմանը:Այս կապակցությամբ ևս մեկ անգամ հիշեցնում ենք, որ Արցախում, այդ թվում՝ օկուպացված հայկական Շուշիում, եկեղեցիների և այլ մշակութային և կրոնական հուշարձանների նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող վանդալիզմի և պղծման դեպքերը հանդիսանում են միջազգային իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների մասին որոշման կոպիտ խախտումներ»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ:  
17:45 - 13 ապրիլի, 2023