Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան
 |arm.sputniknews.ru|

ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Ես հասկանում էի, որ ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր, հայտարարել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro պարբերականին տված հարցազրույցում` անդրադառնալով 2023-ի սեպտեմբերի 28-ի իր հրամանագրին Արցախի Հանրապետությոնը լուծարելու մասին։ «Ուժերի անհավասարակշռության պատճառով մենք դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեինք, դրա համար էլ շատ արագ կապ հաստատեցինք ադրբեջանցիների հետ, որպեսզի քաղաքացիական բնակչությունը հնարավորինս ազատ լինի մարտական գործողություններից։ Տասներկու ժամ տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին։ Արդեն հաջորդ օրը Արցախի քաղաքացիները խնդրել են տարհանվել Հայաստան՝ վախենալով զավթիչների կողմից զանգվածային սպանություններից։ Այսպիսով, մենք սկսեցինք բանակցությունների երկրորդ փուլը, որպեսզի նրանց տարհանումը հնարավորինս սահուն անցնի»,- ասել է նա: Շահրամանյանը նշել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ, որոնք հիվանդ են կամ հաշմանդամություն ունեն, նրանք չեն կարողանում ազատ տեղաշարժվել և չթողնել հարազատների գերեզմանները։ Պատասխանելով հարցին, թե գերիների հետ շփում կա` Արցախի նախագահը նշել է, որ բացի Արցախի 8 ղեկավարներից, կան նաև 7 զինծառայողներ, որոնք գերեվարվել են սեպտեմբերին ու խնդրել է Ֆրանսիային՝ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բոլոր գերիների ազատ արձակման պահանջով։ Անդրադառնալով խոսակցություններին, թե կապ կա՞ Արցախի 5-րդ նախագահի ընտրությունների և դրան հաջորդած հարձակման միջև` Շահրամանյանը հերքել է դա՝ հիշեցնելով, որ ադրբեջանցիները նախկինում արդեն զորք էին կուտակում շփման գծում։ «Ակնհայտ էր, որ մեզ թուլացնելու համար ինն ամիս տևած շրջափակումից հետո նրանք պատրաստվում էին հարձակվել»,- ասել է նա: Հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել է․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել ԵՄ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։ Պատասխանելով հնարավոր վերադարձի մասին հարցին՝ Շահրամանյանն ասել է․ «Ներկա իրավիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին։ Անհրաժեշտ է հաշվի առնել Ադրբեջանի և Արցախի այն ժողովուրդների իրողությունները, որոնք իրենց թշնամի են համարում։ Բաքվում ադրբեջանցիներին դպրոցից սովորեցնում են, որ հայերը թշնամիներ են։ Տարիներ կպահանջվեն, որպեսզի ադրբեջանական ժողովրդի մտածելակերպը փոխվի և հնարավոր դառնա հարևանների միջև խաղաղ գոյակցությունը։ Եվ ես այստեղ մտածում եմ նույնքան Հայաստանի հայերի մասին, որքան Արցախի հայերի։ Ինչպես կարող են Երևանի իշխանությունները իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից, իսկ Բաքվի առաջնորդները հրապարակայնորեն հայտարարում են մյուս տարածքներերի նկատմամբ իրենց իրավունքների մասին»,- եզրափակել է նա։
11:02 - 28 մարտի, 2024
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
 |news.am|

Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ |news.am|

news.am: Լեմկինի անվան Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի հայ պաշտոնյաների և քաղաքացիական անձանց շարունակվող և անօրինական բանտարկությունը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը, այդ թվում՝ նրանց կյանքին վտանգ սպառնալը, միջազգային լուրջ ներկայության անհրաժեշտությունը երբեք այսքան հրատապ չի եղել: Հետևաբար, Լեմկինի ինստիտուտը կոչ է անում միջազգային հանրությանը ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր և ապահովելու Ադրբեջանում պատանդառված բոլոր հայ ռազմագերիների, պաշտոնյաների և քաղաքացիական անձանց շուտափույթ և անվտանգ կերպով հայրենիք վերադարձը»։ Լեմկինի ինստիտուտը հիշեցրել է, որ Ադրբեջանը կալանքի տակ է պահում Արցախի Հանրապետության ութ բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավորապես՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և Արցախի Ազգային ժողովի վերջին նախագահ Դավիթ Իշխանյանին։ Ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ թեև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից կալանքի տակ պահվող բոլոր հայերի տառապանքը խորապես մտահոգիչ է, այսուհանդերձ, նրանց հատկապես մտահոգում է Ռուբեն Վարդանյանի վիճակը։«Արցախի նախկին պետնախարար, գործարար ու բարերար Վարդանյանին Ադրբեջանում առանձնահատուկ կերպով են ատում՝ Արցախի ինքնորոշման իրավունքի հարցում նրա բացահայտ և անսասան աջակցության պատճառով»,-ասված է հայտարարության մեջ։ Լեմկինի ինստիտուտը հիշեցրել է, որ նախորդ տարվա սեպտեմբերի 28-ի իր հայտարարության մեջ նշել էր, որ Ռուբեն Վարդանյանի չորս ամսվա «կանխարգելիչ կալանավորմանը» հետևելու են մի շարք շինծու մեղադրանքներ: Հաշվի առնելով Վարդանյանի և մնացած բարձրաստիճան պաշտոնյաների խորհրդանշական և պատմական նշանակությունն Արցախի անկախության գործում՝ Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Ալիևի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել նրանց հետ։ Ինստիտուտը ևս մեկ անգամ կոչ է արել միջազգային հանրությանը համոզել նախագահ Ալիևի վարչախմբին՝ անհապաղ կերպով ազատ արձակելու բոլոր հայ քաղաքացիական անձանց և ռազմագերիներին։ Բացի այդ, միջազգային հանրությանը հորդորել է զերծ մնալ ցանկացած տեսակի օգնության տրամադրումից, որը կարող է ավելի վատթարացնել Արցախի ցեղասպանության զոհերի տառապանքը կամ քաջալերել Ադրբեջանին՝ իրականացնելու ցանկացած անօրինական ոտնձգություն Հայաստանի Հանրապետության տարածքի դեմ։
11:00 - 27 մարտի, 2024
Բաքուն հայկական կողմին մեղադրում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ԼՂ նոր արտադրված զենք ներմուծելու համար |azatutyun.am|

Բաքուն հայկական կողմին մեղադրում է նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ԼՂ նոր արտադրված զենք ներմուծելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո Հայաստանը 2020-ից հետո արտադրված զենք է ներմուծել Ղարաբաղ, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Բաքուն նշել է, թե «հակաահաբեկչական գործողությունից հետո», [Ադրբեջանն այսպես է բնորոշում սեպտեմբերին Արցախի դեմ ագրեսիան, որի հետևանքով ավելի քան 100 հազար արցախցիներ լքեցին իրենց տները], Ղարաբաղի տարածքում հայտնաբերված սպառազինության և ծանր զինտեխնիկայի թիվը խոսում է այն մասին, որ այդ տարածքները դարձել են ոչ միայն տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում «ամենառազմականացված գոտիներից մեկը»։ «2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո հայկական կողմն իր զորքերը Ադրբեջանի տարածքից ամբողջությամբ դուրս բերելու փոխարեն, ապօրինի կերպով զինամթերք է ներմուծել Ղարաբաղի տարածաշրջան, այդ թվում՝ 2020 թվականից հետո արտադրված ականներ», - ասված է հայտարարությունում։
10:54 - 27 մարտի, 2024
Հայաստանը լքելու համար մեկ պատճառը սոցիալական, կենցաղային վիճակն է․ Գեղամ Ստեփանյան |a1plus.am|

Հայաստանը լքելու համար մեկ պատճառը սոցիալական, կենցաղային վիճակն է․ Գեղամ Ստեփանյան |a1plus.am|

a1plus.am: «Արցախի բնակչությանը Հայաստանում պահելու խնդիրը շատ սկզբունքային է մի քանի հանգամանքներից ելնելով և առաջնայինը՝ հավաքական ինքնությունը պահելու և վերադարձի իրավունքը հավաքական իրացնելն է։ Այս առումով մեզանից կախված բոլոր հնարավոր գործիքներն օգտագործում ենք՝ քարոզելու, համոզելու, որ պետք է մնալ Հայաստանում։ Բայց, ցավոք սրտի սոցիալական, կենցաղային պայմանները նպաստում են, որպեսզի մարդիկ թողնեն, լքեն Հայաստանը։ Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ շուրջ 7500-7700 արցախցի անվերադարձ հեռացել է Հայաստանից»,- ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Մեր վիճակագրությունը, սակայն, այլ բանի մասին է խոսում, որ թիվը հաստատ 12-13- հազարից ավելին է։ Հանրային տրամադրությունները շոշափելով՝ կարող եմ ասել, որ այդ թիվն աճելու է ուսումնական տարին ավարտելուց հետո։ Համար մեկ խնդիրը սոցիալական և կենցաղային վիճակն է։ Շատ-շատերը կան, որ սպասում են՝ հասկանալու թե Հայաստանի Հանրապետությունը բնակարանային ապահովման ինչ ծրագիր է գործողության մեջ դնելու»,- ասում է նա։ Գ. Ստեփանյանի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձնաց կարիքների համար միջազգային հանրության կողմից Հայաստանին տրվող աջակցությունն ընդհանրապես չի համապատասխանում առկա կարիքներին։ «Ըստ հանրային դաշտում առկա հայտարարություների՝ աջակցությունների թիվը չի գերազանցում 65-67մլն դոլարը և՛ Եվրոմիության և՛ ԱՄՆ կողմից հատկացրած։ Հարկ է նշել, որ այդ գումարը չի հատկացվել Հայաստանի կառավարությանը։ Դրանից կարծես թե 15մլն դոլարն է, որ ուղիղ բյուջետային աջակցություն էր Հայաստանի Հանրապետությանը։ Մյուս գումարը հատկացվել է Կարմիր խաչին, և տարբեր զարգացման, հասարակական կազմակերպությունների։ Վստահորեն, այդ կազմակերպությունները որոշակի աջակցություն ցուցաբերել են, բայց դա ընդհանրապես շոշափելի աջակցություն չէր։ Այսօր մարդիկ կան, որ սոված են քնում։ Տրամադրված 40+10 աջակցությունն ընդամենը հերիքում է բնակարանային վարձը և կոմունալ ծախսերը հոգալուն»,- ասում է Գ. Ստեփանյանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
17:56 - 26 մարտի, 2024
ԼՂ-ից տեղահանված 76,339 անձ ՀՀ-ում ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական, քաղաքացիության համար դիմել է 1,437 անձ

ԼՂ-ից տեղահանված 76,339 անձ ՀՀ-ում ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական, քաղաքացիության համար դիմել է 1,437 անձ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 25-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Փաստաթուղթն ընդունվել է ի գիտություն: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նախ ներկայացրել է նախարարության ձևավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կառուցվածքային վերափոխման գործընթացը: Ոստիկանությունը` որպես մասնագիտական կառույց, զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով` քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ոստիկանության գվարդիա և համայնքային ոստիկանություն: Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, Երևանում և մարզերում 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումներն ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները: Վահե Ղազարյանի խոսքով՝ պարեկային ծառայությունը ներդրվել է հանրապետության ամբողջ տարածքում: Այն ունի լիովին նոր նյութատեխնիկական հագեցվածություն, այդ թվում` գործարանային վիճակում գտնվող 630 ավտոմեքենա: Նախարարը մանրամասն ներկայացրել է ծառայության իրականացման ընթացքը, ջրային պարեկների գործունեությունը: Հաշվետու ժամանակահատվածում Ազգային ժողովի կողմից ընդունվել են համայնքային ոստիկանության վերաիմաստավորման ու քրեական ոստիկանության վերափոխմանն ուղղված օրենսդրական փաթեթները: Բարձրաձայնվել է Քրեական ոստիկանության կադրային համալրման նպատակով հայտարարված մրցույթի գործընթացը: Խոսելով ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգից՝ Վահե Ղազարյանը նշել է, որ բացառվում է ոստիկանության գվարդիայի երկակի կարգավիճակը. այն լինելու է բացառապես ոստիկանական ծառայություն` դուրս բերելով այն զորքերի իրավական կարգավիճակից: Անդրադառնալով ոստիկանության համակարգում կատարված օրենսդրական բարեփոխումներին` նախարարն ընդգծել է, որ ոստիկաններին ատեստավորման միջոցով աշխատավարձից բացի հավելավճար ստանալու հնարավորություն է տրվել: Նրա խոսքով նախկինում 222,000 դրամ ստացող օպերատիվ աշխատակիցը, ատեստավորումը գերազանց հանձնելով, ստանում է 459,000 դրամ: Նշվել է, որ փրկարար ծառայության աշխատակիցները եւս օգտվում են ատեստավորման միջոցով վարձատրությունը բարձրացնելու հնարավորությունից: Նախարարի համոզմամբ՝ ոստիկանության համակարգի բարեփոխումների արդյունքում է աճել է համակարգի նկատմամբ հանրային վստահությունը: Ըստ նրա` այս մասին են վկայում նաև հասարակական կազմակերպությունների վերլուծությունները: Նշվել է, որ փրկարար ծառայությունը համալրվել է 8 ամենագնացներով, ձեռք է բերվել 2 անօդաչու թռչող սարք, հաստատվել են աղետների ռիսկերի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը: Մանրամասն ներկայացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության,  աղետների դիմակայության, միգրացիոն հոսքերի կառավարման և այլ ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքը: Վահե Ղազարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման գործընթացը: Ներկայումս ժամանակավոր պաշտպանության վկայական է ստացել 76,339 անձ, հաշվառվել 79,682-ը, իսկ քաղաքացիության համար դիմել է 1,437 անձ: Հարցուպատասխանի և ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման հարցում բարեփոխումներին, համապատասխան կառույցի կողմից ճանապարհային նշանների ճշգրիտ տեղադրմանը, որոշ վայրերում գծանշումների բացակայությանը, մայրուղիների լուսավորության ապահովմանը, ոստիկանության ուժերի կողմից երբեմն ուժի կիրառման անհամաչափությանը, թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում պատժի խստացմանն ու պայքարի արդյունավետության մեխանիզմներին և այլ հարցերի: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ հաշվետու տարում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել: Նա բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների երեկվա գործողությունները, որոնց արդյունքում կանխվեցին հետագա զարգացումները: Հիշեցնենք, որ երեկ նռնակներով զինված 3 անձ մոտեցել էին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը: Նախարարը պատգամավորներին մտահոգող մի շարք այլ հարցերի վերաբերյալ եւս տվել է պարզաբանումներ:
18:37 - 25 մարտի, 2024
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հայտարարությունը

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հայտարարությունը

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև. «Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության մեկնարկած արշավի արդյունքում միասին կարողացել ենք հասնել ՀՀ Կառավարության կողմից մշակված բնակարանային ծրագրի անընդունելի նախագծի կասեցմանը և հասնել որոշ հաջողությունների։ Վերջին օրերին ՀՀ Կառավարությունը հայտարարեց, որ՝ լայն քննարկումներ կսկսեն Արցախի ժողովրդի հետ՝ նրանց տեղավորված վայրերում. բնակվարձի ու կոմունալ ծախսերի համար աջակցության (40,000+10,000 դրամ) ծրագիրն՝ առանց փոփոխության կշարունակեն մինչև տարեվերջ՝ նախկին կրճատումների փոխարեն: Ողջունելի է, որ ՀՀ կառավարությունը վերջապես արցախցիների հետ քննարկում է իրենց վերաբերող հարցերը, սակայն տարակուսելի է, թե ինչ մեթոդներով են ընտրում հանրային շրջանակների ներկայացուցիչներին: Հաշվի առնելով Նախաձեռնության հասարակական ու ներկայացուցչական բնույթը և հանրահավաքի բազմամարդությունը՝ անառարկելի է, որ բազմաթիվ արցախցիների կողմից Նախաձեռնությունը լիազորված է հասարակական հիմունքներով ներկայացնել նրանց ձայնն ու շահերը: Այնինչ, տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ կառավարությունը դիտավորյալ կերպով չի ցանկանում հրավիրել Նախաձեռնության ներկայացուցիչներին հանրային քննարկման՝ հերթական անգամ խախտելով ներառականության սկզբունքը և ձևացնելով կեղծ ներառականություն: Ինչ վերաբերում է բնակվարձի ու կոմունալ ծախսերի համար աջակցության ծրագրի ժամկետի երկարաձգմանը, ապա ողջունելի որոշում է, սակայն կսպասենք դրա պաշտոնական ընդունմանը: Ի դեպ, պատահական չէ, որ այս հայտարարությունն արել են հանրահավաքից ընդամենը մեկ օր առաջ՝  ենթադրաբար հանրահավաքի մասնակցության վերաբերյալ մարդկանց որոշման վրա ազդելու նպատակով։ Ամեն դեպքում, հաշվի առնելով ՀՀ կառավարության կողմից ներկայացվող՝ բնակապահովման ծրագրի մի շարք այլ էական դրույթներ՝ նույնիսկ վերանայված ծրագիրն անընդունելի է Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության համար։ Խիստ հրատապ ենք համարում բնակարանային հարցը, քանի որ ամեն օր և ամեն ժամ մեր հայրենակիցների բազմաթիվ ընտանիքներ են արտագաղթում Հայաստանի Հանրապետությունից։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ենք հայտնում մարտի 20-ի հանրահավաքին ներկայացած մեր հայրենակիցներին, մեր պայքարը շարունակվում է, քանի դեռ բռնի տեղահանված Արցախի ժողովրդին չեն առաջարկվել արժանապատիվ ու ապահով լուծումներ՝ մեր հավաքական վերադարձի տեսլականով: Հանրահավաքի հայտարարությունը հանրագրի տեսքով մարտի 21-ին հանձնվել է ՀՀ կառավարություն՝ այն համարելով մեր դիրքորոշումների հիմնական փաստաթուղթը»,- ասված է հայտարարությունում:
20:38 - 22 մարտի, 2024
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը թուրք- ադրբեջանական էներգետիկ համագործակցությանը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը թուրք- ադրբեջանական էներգետիկ համագործակցությանը

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև համագործակցությանն էներգետիկ ոլորտում։ Ներկայացնում ենք Միության տարածած հայտարարությունը․  «Ժնևում ընթացող Միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների միջև առևտրի, էներգետիկայի, անվտանգության, տրանսպորտի, գիտության և կրթության ոլորտներում համագործակցության խորացման կարևորության հարցը։ Նշվել է տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների համատեղ զարգացման կարևորությունը։  Ադրբեջանի նման համագործակցության շրջանակներում պարբերաբար փորձ է արվում սեղմել Հայաստանի շուրջ զարգացման օղակը, որի համատեքստում պարզ դիտարկելի է Հայաստանի էներգետիկ պոտենցիալի զարգացման զսպման փորձը, ինչն ինքնին մեր պետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի գործիքակազմերից է։ Մինչդեռ նավթագազային պաշարների հանույթի հետևանքով էկոլոգիական լրջագույն խնդիրներ հարուցող այս համագործակցությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել խնդրի բուն էությունից և արհեստական «մտահոգությունների» հրահրմամբ ձևավորել իրենց համար առավել շահավետ աշխարհաքաղաքական միջավայր։  Զուգահեռաբար, Ադրբեջանի «քաղհասարակությունը» (սահմանումն ինքնին զավեշտալի է) բաց նամակներ է հղում Միջուկային էներգետիկայի գագաթնաժողովի ղեկավարությանը՝ ուշադրություն հրավիրելով Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի վտանգների վրա և կոչ անելով միջազգային ջանքերով հասնել դրա փակմանը: Ադրբեջանական իշխանությունները և իրենք իրենց քաղհասարակություն որակած անհատների համախումբը արդյո՞ք ծանոթ են Ադրբեջանի բնապահպանական միջավայրի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների վերջին տարիների հաշվետվություններին, տեղյա՞կ են արդյոք քանի տասնյակ հազար հեկտար է աղտոտված նավթային թափոններով, քանի քաղցկեղածին լիճ կա և ինչպիսինն է վիճակագրությունը բնապահպանորեն հարուցված հիվանդությունների առումով։ Միայն «Թունավոր վայրերի նույնականացման ծրագրի» (Toxic Site Identification Program) շրջանակներում արձանագրվել է Բաքվին հարակից շրջաններում բարձր մակարդակի աղտոտվածությունը նավթամթերքներով, ծանր մետաղներով և այլ վնասակար արտանետումներով, իսկ Սումգայիթի արդյունաբերական քիմիական թափոնների առաջացրած աղտոտվածության մակարդակը ԽՍՀՄ ժամանակաշրջանից մինչ օրս գնալով աճել է։ Եվ նման երկիրը երեսպաշտորեն մեղադրանքներ է հնչեցնում Հայաստանի հասցեին: Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է ցանկացած համագործակցություն, որը միտված է Հայաստանի զարգացման հնարավորությունների սահմանափակմանը կեղծ մտահոգությունների քողի տակ, քանզի միակ մտահոգությունը, որն Ադրբեջանն ունի դա Հայաստանի զարգացումն է: Հայ փախստականության միջազգայնորեն երաշխավորված վերադարձի անօտարելի իրավունքի իրացումը գործնական ուղու վրա դնելու փոխարեն Ադրբեջանը զբաղված է տարածաշրջանային կեղծ օրակարգերի ստեղծմամբ, որոնք իրենց ամբողջության մեջ տեղավորվում են հակահայկականության ադրբեջանական ընկալումների և դրանց կիրառականության շրջանակներում»։   
16:50 - 22 մարտի, 2024
Քննարկվում է Արցախից բռնի տեղահանվածների համար նաև սոցիալական բնակարաններ կառուցելու հարցը

Քննարկվում է Արցախից բռնի տեղահանվածների համար նաև սոցիալական բնակարաններ կառուցելու հարցը

Կառավարությունը քննարկվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար սոցիալական բնակարաններ կառուցելու տարբերակը։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։   Նշվում է, որ սոցիալական բնակարաններ կտրամադրվեն հատուկ խնամքի կարիք ունեցող քաղաքացիներին, որոնք օբյեկտիվ պատճառներով չեն կարող տուն կառուցել:   Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագրի վերաբերյալ քննարկումը տեղի է ունեցել այսօր։ Մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Աննա Ժամակոչյանը, Դավիթ Խաչատրյանը և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը, ՀՀ մարզպետները, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը և տեղահանվածներ ՀՀ բոլոր մարզերից, ինչպես նաև Երևանից։   Հանդիպման ընթացքում փոխվարչապետը նշել է, որ բնակարանային ապահովման աջակցության ծրագիրն իրականացվելու է փուլերով։ «Առաջին փուլում առաջնահերթությունը տրվելու է երեք և ավել անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին։ Հաջորդ փուլերում աջակցությունը կստանան երկու և մեկ անչափահաս երեխաներով ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները»,– ասել է նա։ Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ այն ընտանիքները, որոնք առաջին փուլից հետո կշարունակեն սպասել բնակարանի իրենց հերթին, կօգտվեն պետության աջակցությունից։ Բնակապահովման նպատակով աջակցության չափը մեկ անձի հաշվով նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ (առանձին բնակավայրերի դեպքում նախատեսվածից ավել):   Եվս մեկ անգամ նշվել է, որ բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։ Տվյալ բնակարանի կամ տան սեփականության իրավունքն իրենց կանցնի միայն 10-րդ տարվա ավարտին, եթե նրանք այդ ամբողջ ժամանակահատվածում բնակվել են տվյալ տանը կամ բնակարանում։
21:05 - 21 մարտի, 2024
 «Ֆրանսիայի վարչապետին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ հայտարարություններից». Հաջիզադե  |azatutyun.am|

«Ֆրանսիայի վարչապետին կոչ ենք անում զերծ մնալ սադրիչ հայտարարություններից». Հաջիզադե |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանը կոչ է անում Ֆրանսիայի վարչապետի վերջ տալ սադրիչ հայտարարություններին», - մեկնաբանելով Գաբրիել Աթալի՝ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ ձեռնարկված ադրբեջանական հարձակումը դատապարտող հայտարարությունները, այսօր նշել է այդ երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այհան Հաջիզադեն։ «Ադրբեջանի կողմից ձեռնարկված գործողությունները ամբողջությամբ համապատասխանում էին միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ինչպես նաև այն բանաձևերին, որ ընդունվել էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Հիշեցնենք, որ Ֆրանսիան այդ խորհրդի մշտական անդամ է», - նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակը՝ հավելելով, - «մեկ անգամ ևս կոչ ենք անում Ֆրանսիային դասեր քաղել սեփական պատմությունից և չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին»։ Երեկ Գաբրիել Աթալը հայտարարել է, որ Մոսկվան չդատապարտեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղում, որտեղ մինչև անցած տարեվերջ մեծամասնությամբ հայեր էին բնակվում՝ շեշտելով՝ այսպես կոչված ռուսական «խաղաղապահ» ուժերը թույլ տվեցին, որ այնտեղ հումանիտար ճգնաժամ լինի։
17:49 - 21 մարտի, 2024
ԼՂ-ից տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում շարունակվում է հաշվառման գործընթացը

ԼՂ-ից տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում շարունակվում է հաշվառման գործընթացը

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց մասնագիտական ուսուցման և աշխատանքով ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում՝ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում (հասցեները՝ https://socservice.am/offices) շարունակվում է հայրենակիցների հաշվառման գործընթացը։ Այս պահի դրությամբ՝ ծրագրից օգտվում է 235 անձ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից։ «Միջոցառման շահառու դառնալու համար անհրաժեշտ է դիմել ՄՍԾ տարածքային կենտրոն, որտեղ հաշվառվելուց հետո կարող եք օգտվել առաջարկվող երեք բաղադրիչներից մեկից․ անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանք, անցնել աշխատանքային փորձառություն, որից հետո՝ աշխատանք, անցնել մասնագիտական ուսուցում, որից հետո ձեռք բերել աշխատանքային փորձառություն և ապա՝ աշխատանք։ Հիշեցնենք, որ առաջին բաղադրիչի շրջանակում տրվում է մասնագիտական ուսուցման հնարավորություն․ ԼՂ հայրենակիցը կարող է մինչև 6 ամիս ժամկետով սովորել որևէ մասնագիտություն կամ վերապատրաստվել գործատուի առաջարկած ուսումնական հաստատությունում։ Այդ ընթացքում նրան կտրվի ուսման վարձի փոխհատուցում՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով, ինչպես նաև կրթաթոշակ՝ ևս 50 հազար դրամի չափով։ Ուսուցման գործընթացի ավարտից հետո վերջինիս և գործատուի միջև կկնքվի ամենաքիչը 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր, որի դիմաց գործատուն ամսական կստանա փոխհատուցում՝ առավելագույնը 50,000 դրամի չափով։ Երկրորդ բաղադրիչի շրջանակում ԼՂ հայրենակիցը կարող է վճարովի աշխատանքային պրակտիկա անցնել գործատուի մոտ․ նրա և գործատուի միջև նվազագույնը 6 ամիս ժամկետով կկնքվի աշխատանքային պայմանագիր։ Այս դեպքում գործատուին 3 ամիս ժամկետով կտրվի ամսական 165,000 դրամ՝ շահառուի աշխատավարձի վճարման համար, ինչպես նաև ամսական առավելագույնը 50,000 դրամ՝ հարկերի և պարտադիր վճարների փոխհատուցման համար։ Երրորդ բաղադրիչի դեպքում՝ հայրենակիցը նույն պայմաններով կարող է օգտվել առաջին և երկրորդ բաղադրիչից, այսինքն՝ անցնել ուսուցում, ստանալ կրթաթոշակ ու ուսման վարձի փոխհատուցում, ձեռք բերել աշխատանքային փորձառություն և անցնել աշխատանքի։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ։
14:56 - 21 մարտի, 2024
Թիմ Լոութընը ՄԹ կառավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների համար
 |armenpress.am|

Թիմ Լոութընը ՄԹ կառավարությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտումների համար |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավորության խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության անդամ, ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութընն արձանագրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Լեռնային Ղարաբաղում՝ ՄԹ կառավարությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ։ Թիմ Լոութընն այդ մասին ասել է Միացյալ Թագավորության խորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի փախստականներին միջազգային աջակցություն» խորագրով քննարկման ժամանակ։ «Այս պալատում և գլխավոր պալատում մենք շատ ենք խոսել հայերի խնդիրների մասին։ Մենք ունեցել ենք իմ կողմից ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը և այլն, և մենք քննարկել ենք Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ խնդիրները։ Երեկ տագնապալի ու սթափեցնող ճեպազրույց ունեցանք Հայաստանի մարդու իրավունքների նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ։ Նա մեզ տեղեկացրեց Հայաստանին սպառնացող վերջին վտանգների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում անցած տարվա ընթացքում տեղի ունեցածի ժամանակագրության մասին»,- ասել է Լոութընը: Նա հիշեցրել է, որ անցյալ տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում էր սկսել Լեռնային Ղարաբաղում՝ հայերին դուրս մղելով այն տներից, որտեղ նրանք ապրել են սերունդների ընթացքում: «Նրանք, ինչպես երեկ լսեցինք, շրջափակել են տարածքից դուրս փախուստի ուղիները և տարել մի շարք զինվորականներ և քաղբանտարկյալների՝ կոնկրետ անձանց։ Նրանք գերության են վերցրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ Նրանք մնում են գերության մեջ։ Մյուս ռազմագերիների թվում են Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը և Լևոն Մնացականյանը։ Ո՞րն էր այդ ամենի արդյունքը։ Անկեղծ ասած, դա լայնամասշտաբ էթնիկ զտում էր։ Մինչև 2020 թվականի պատերազմը Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կազմում էր 160 հազար մարդ։ Կանայք, տարեցներն ու հիվանդ մարդիկ տարհանվել են նախնական ռմբակոծությունների ժամանակ, և շատերը երբեք հետ չեն գնացել 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո: Շատ հիվանդներ և որոշ ուսանողներ լքել են Լեռնային Ղարաբաղը շրջափակման ժամանակ: Գնահատվում է, որ 2023 թվականի սեպտեմբերի հարձակումներից հետո 105,000 հայեր լքել են Լեռնային Ղարաբաղը՝ քաոսային վիճակում, փակ ճանապարհներով»,- մանրամասնել է Լոութընը։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը փորձում է ջնջել մի ժողովրդի անունը, մշակույթը, պատմությունն ու ժառանգությունը, որն ապրել է այդ տարածքում  դարեր շարունակ: Լոութընը դիմել է քննարկմանը ներկա ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիին՝ ընդգծելով, որ իրենք մարդասիրական պարտականություններ ու երկարամյա հարաբերություններ ունեն Հայաստանի, հայկական սփյուռքի հետ ողջ աշխարհում և Միացյալ Թագավորությունում։ «Արդյոք կառավարությունը հետաքննելո՞ւ է, թե արդյոք տեղի են ունեցել էթնիկ զտումներ ՄԱԿ-ի սահմանումներով: Եթե այո, ապա որո՞նք են դրա հետևանքները: Արդյոք կառավարությունը կպահանջի» հետաքննել, թե ինչպես են վերաբերվում Ադրբեջանում քաղբանտարկյալների և ռազմագերիների նկատմամբ, որոնք դեռ պահվում են ադրբեջանցիների մոտ: Ի՞նչ է անելու կառավարությունը, որպեսզի ճնշում գործադրի ադրբեջանցիների վրա՝ նահանջելու Հայաստանի ինքնիշխան տարածքից: Ինչպես լսել ենք, մեծ ահազանգ կա, որ առաջիկայում նրանք կարող են հետագա ռազմական ոտնձգություններ կատարել հստակ, ինքնիշխան հայկական տարածքի նկատմամբ։ Միջազգային իրավունքի այս չարաշահումների համար հետևանքներ պետք է լինեն։ Պետք է լինեն պատժամիջոցներ։ Կարծում եմ, որ Միացյալ Թագավորությունը դերակատարում ունի ցանկացած խաղաղապահ գործունեության մեջ, որը կարող է օգտագործվել Լեռնային Ղարաբաղը և Հայաստանի սահմանները անվտանգ դարձնելու համար, քանի որ սա շատ փխրուն իրավիճակ է: Մենք այստեղ հոգատարության պարտականություն ունենք։ Այս պալատի պարտականություններից մեկն է աշխարհին տեղեկացնել այս էթնիկ զտումների և այս հսկայական հումանիտար ճգնաժամի մասին»,- հայտարարել է Լոութընը։
12:20 - 21 մարտի, 2024
Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության միասնական հայտարարությունը

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության միասնական հայտարարությունը

Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու կարիքների ապահովման վերաբերյալ հանրահավաքի նախաձեռնողները հանդես են եկել միասնական հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Խստագույնս դատապարտելով Ադրբեջանի բռնապետական ռեժիմի ցեղասպանական քաղաքականությունը, որի հետևանքով 2020-2023թթ. Արցախի բնիկ հայ ժողովուրդը ենթարկվել է ամբողջական և բռնի տեղահանման ու հայրենազրկման. Ընդգծելով, որ այդ ցեղասպանությունը տեղի է ունեցել միջազգային հանրության՝ ցեղասպանությունները կանխելու և ժողովուրդներին պաշտպանելու պատասխանատվության բացարձակ ձախողման ու անգործության պայմաններում. Շեշտադրելով, որ նույն ցեղասպանական քաղաքականության հարուցած գոյաբանական վտանգների և միջազգային պաշտպանության մեխանիզմների պատշաճ չկիրառման պատճառով Արցախի ժողովուրդը դեռևս ի վիճակի չէ վերադառնալ սեփական Հայրենիք՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետություն, որը, ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա, կայացել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում. Կարևորելով, որ Արցախի ժողովրդի մոտ առկա է կամք հավաքական կերպով վերադառնալու և անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում ապրելու Արցախում. Բարձր գնահատելով Հայաստանի ու Սփյուռքի մեր հայրենակիցների ցուցաբերած համապարփակ աջակցությունը և արձանագրելով ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի կարևորությունը, չնայած բազմաթիվ խնդիրների ու կարիքների շարունակական առկայությանն առ այսօր. Ուսումնասիրելով ՀՀ կառավարությունում քննարկվող՝ Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման և այլ ծրագրերի հիմնական սկզբունքների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները. Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունը տարբեր ներպետական ու միջպետական ակտերով ու պաշտոնական հայտարարություններով տասնամյակներ շարունակ քաղաքական, իրավական, անվտանգային ու սոցիալ-տնտեսական պատասխանատվություն է ստանձնել Արցախի ժողովրդի հանդեպ, որն էլ ճանաչվել է միջազգային հանրության տարբեր ձևաչափերում. Հիմք ընդունելով, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանը պարտավորվում է բռնի տեղահանված (ներառյալ՝ փախստական) անձանց ապահովել կացարանով՝ մինչև հարցի վերջնական կարգավորումը. Կարևորելով Հայաստանի մեր կարիքավոր հայրենակիցների սոցիալական հիմնախնդիրների լուծումը նույնպես՝ միևնույն ժամանակ ընդգծելով Արցախի ժողովրդի կարիքների ու կարգավիճակի, դրանց պատճառների, այդ կարիքների բավարարման ֆինանսավորման աղբյուրների և ՀՀ ստանձնած պարտավորությունների առանձնահատկությունների գիտակցման անհրաժեշտությունը. Արտացոլելով Արցախի ժողովրդի լայն շրջանակների ու Արցախի Հանրապետության պետական մարմինների հետ ունեցած քննարկումների արդյունքում վերհանված խնդիրներն ու առաջարկությունները՝ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության կողմից 2024թ. Մարտի 20-ին կազմակերպված հանրահավաքի մասնակիցներս ամրագրում ենք մեր դիրքորոշումներն ու առաջարկները Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության ու հրատապ կարիքների ապահովման վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետությունից և միջազգային հանրության բոլոր անդամներից պահանջում ենք ապահովել արդյունավետ միջազգային պաշտպանության մեխանիզմներ Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքի իրացման և պատմական Հայրենիքում անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան պայմաններում կյանքի ապահովման համար: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ. Դեկտեմբերի 7-ի ու 2023թ. նոյեմբերի 17-ի որոշումների և մի շարք այլ միջազգային փաստաթղթերի համաձայն՝ երաշխավորել Արցախում մեր հոգևոր-մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությունը ադրբեջանական օկուպացիոն միջամտություններից: Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու մտադրություններից ու գործողություններից՝ լրացուցիչ չափով հարվածի տակ չդնելու Արցախի ժողովրդի հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության ապահովման տեսանելի հեռանկարները: Ակտիվ ու գործնական քայլեր ձեռնարկել միջազգային հանրությունից ու Սփյուռքից համապատասխան միջոցներ ներգրավելու ուղղությամբ՝ լուծելու Արցախի բռնի տեղահանված ժողովրդի միջանկյալ մարդասիրական հիմնախնդիրները՝ նախքան հավաքական վերադարձի ապահովումը: Ապահովել, որ բոլոր մարդասիրական բնույթի ծրագրերը, մի կողմից, բավարարեն Արցախի բռնի տեղահանված ժողովրդի կարիքները, իսկ, մյուս կողմից, նպաստեն նրա արտագաղթի կանխմանը, միասնականության ապահովմանն ու ինքնության պահպանմանը՝ սպասարկելով հավաքական վերադարձի տեսլականին հասնելու ջանքերին: Հայաստանի Հանրապետությունում ապահովել պայմաններ Արցախի ժողովրդի հավաքական ինքնության պահպանման ու իրավունքների պաշտպանության համար՝ ըստ այդմ առաջիկա բնակարանային ծրագիրն իրականացնելով արցախյան համայնքների պահպանման սկզբունքով: Բնակարանային կարիքների ապահովման ծրագրում առաջնահերթություն տալ սոցիալական և մատչելի բնակֆոնդի արագ ձևավորմանը՝ սեղմ ժամկետում ապահովելով պետական լայնածավալ աջակցություն կառուցապատման աշխատանքներին: Երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար սահմանել իրականությանը համապատասխանող գումարի չափ՝ հիմք ընդունելով առկա շուկայական գներն ու սպասվող միտումները: Աջակցությունը ցուցաբերել ըստ կարիքի՝ առանց գումարի վերադարձելիության պահանջի՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի մեծ կորուստներն ու սոցիալական ծանրագույն վիճակը: Ծրագիրն իրականացնել առանց խտրականության ու պարտադրանքի՝ անկախ բռնի տեղահանված անձանց քաղաքացիությունից ու հաշվառումից՝ ՀՀ օրենսդրությանն ու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին համապատասխան: Առանց կրճատումների շարունակել բնակվարձի և կոմունալ ծախսերի համար ֆինանսական աջակցության գործող ծրագիրը՝ մինչև տվյալ ընտանիքին բնակարանով ապահովելը՝ ծրագրում ներառելով նաև 2020թ. տեղահանված անձանց: Ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների ու անհայտ կորածների, առաջին խմբի հաշմանդամների և բազմազավակ ընտանիքների համար: Ծրագրում նախատեսել նաև համակարգային լուծումներ Արցախից բռնի տեղահանված անձանց և Հայաստանի հյուրընկալ բնակավայրերի բնակչության կայուն զբաղվածության ապահովման համար: Ծրագրի նախագիծը, ՀՀ օրենսդրությամբ ու իրավակիրառ պրակտիկայով նախատեսված կերպով, դնել հանրային լայն ու մանրակրկիտ քննարկման և հաշվի առնել Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության և Արցախի Հանրապետության պետական մարմինների մտահոգություններն ու առաջարկները: Հանրային քննարկումները պետք է նպատակաուղղված լինեն ծրագրի ներառականության, արդարացիության ու արդյունավետության ապահովմանը: Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում ներառական ու արդյունավետ քննարկումներ կսկսեն և հստակ դիրքորոշում կհայտնեն վերոնշյալ հարցերի շուրջ, որպեսզի հնարավոր լինի ավելի մանրամասն քննարկումներ իրականացնել հետագա անելիքների վերաբերյալ: Մենք հետևողական ենք լինելու Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանության և կարիքների բավարարման հարցերում՝ կիրառելով օրինական բոլոր միջոցներն այդ ճանապարհին և զերծ մնալով հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը վնաս հասցնող որևէ քայլից»։
09:56 - 21 մարտի, 2024
ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը պետք է շարունակվեն. հայտարարություն |armeniasputnik.am|

ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերը պետք է շարունակվեն. հայտարարություն |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀՀ կառավարությունը պետք է շարունակի Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը, քանի դեռ չի իրականացրել բնակարանների ապահովման պատշաճ ծրագիր։ Այս մասին Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միություն» ՀԿ նախագահ Արմեն Ասրյանը` ընթերցելով նախաձեռնության միասնական հայտարարությունը։ «Առաջիկա բնակարանային ծրագիրը իրականացնել արցախյան համայնքների պահպանության սկզբունքով։ Բնակարանային կարիքների ապահովման ծրագրում առաջնահերթություն տալ սոցիալական և մատչելի բնակֆոնդի արագ ձևավորմանը` սեղմ ժամկետներում ապահովելով պետական լայնածավալ աջակցում կառուցապատման աշխատանքներին։ Երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելու համար սահմանել իրականությանը համապատասխանող գումարի չափ` հիմք ընդունելով առկա շուկայական գներն ու սպասվող միտումները»,- նշված է հայտարարության մեջ։ Հայտարարությամբ ՀՀ կառավարությանը կոչ է արվում աջակցություն ցուցաբերել ըստ կարիքի ու առանց գումարի վերադարձի պահանջի` հաշվի առնելով Արցախի ժողովրդի մեծ կորուստներն ու սոցիալական ծանրագույն վիճակը։ Բացի այդ, ծրագրում սահմանել առաջնահերթություններ և լրացուցիչ արտոնություններ զոհվածների և անհետ կորածների ընտանիքների, առաջին խմբի հաշմանդամների ու բազմազավակ ընտանիքների համար։ Նրանք վստահ են, որ բնակարանային ծրագիրը պետք է իրականացնել առանց խտրականության ու պարտադրանքի` անկախ բռնի տեղահանված անձանց քաղաքացիությունից ու հաշվառումից։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ՀՀ-ն և միջազգային հանրության բոլոր անդամները պետք է ապահովեն արդյունավետ միջազգային պաշտպանության մեխանիզմներ Արցախի ժողովրդի վերադարձի հավաքական իրավունքի իրացման և պատմական հայրենիքում արժանապատիվ, ինքնիշխան պայմաններում կյանքի ապահովման համար։ Կոչ է արվում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին երաշխավորել Արցախում հայ ժողովրդի հոգևոր մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանությանը ադրբեջանական օկուպացիոն միջամտություններից։ Ըստ նախաձեռնության անդամների` ՀՀ կառավարությանը պետք է զերծ մնա միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու մտադրություններից, լրացուցիչ հարվածի տակ չդնելու Արցախի ժողովրդի հավաքական ու անհատական իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի ապահովության տեսանելի հեռանկարները։ ՀՀ կառավարությանը կոչ է արվում ապահովել, որ մարդասիրական բնույթի բոլոր ծրագրերը մի կողմից բավարարեն Արցախից բռնի տեղահանված ժողովրդի կարիքները, մյուս կողմից նպաստեն նրանց արտագաղթի կանխմանը, միասնականության ապահովմանն ու ինքնության պահպանմանը։ Նշվում է, որ ծրագրի նախագիծը պետք է դնել հանրային լայն ու մանրակրկիտ քննարկման։ Նախաձեռնության անդամներն ակնկալում են, որ ՀՀ իշխանությունները երկշաբաթյա ժամկետում ներառական ու արդյունավետ քննարկումներ կսկսեն և հստակ դիրքորոշում կհայտնեն բարձրացված հարցերի շուրջ։ Նշենք, որ նախաձեռնության անդամներն այսօր հանրահավաք էին կազմակերպել Ազատության հրապարակում, որտեղ բարձրացնում էին իրենց հուզող հարցերն ու լուծումներ առաջարկում։
19:13 - 20 մարտի, 2024
«Գլխավոր նպատակը մեր հավաքական վերադարձն է հայրենիք». մեկնարկել է արցախցիների հանրահավաքը |azatutyun.am|

«Գլխավոր նպատակը մեր հավաքական վերադարձն է հայրենիք». մեկնարկել է արցախցիների հանրահավաքը |azatutyun.am|

azatutyun.am: Ազատության հրապարակում մեկնարկել է տեղահանված արցախցիների հրավիրած հանրահավաքը: Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության պահանջներից մեկն այն է, որ Հայաստանի իշխանությունները բանակցությունների օրակարգում ներառեն նաև արցախցիների հավաքական վերադարձի հարցը, շեշտեց, որ դա պատկերացնում են միայն այն դեպքում, երբ Արցախում կտեղակայվեն միջազգային դիտորդներ ՄԱԿ-ի մանդատով: «Գլխավոր նպատակը մեր հավաքական վերադարձն է հայրենիք ու այնտեղ անվտանգ, արժանապատիվ ու ինքնիշխան կյանքը: Այստեղ նմանատիպ պահանջներ հնչելու են՝ ուղղված և՛ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, և՛ միջազգային հանրության ներկայացուցիչներին, որ ապահովեն մեր հավաքական վերադարձը», - ասաց Բեգլարյանը: «Ազատության հարցին՝ ի՞նչ պայմաններում են արցախցիները պատրաստ վերադառնալ իրենց տներ, Արցախի նախկին պետնախարարը պատասխանեց. - «Իմ պատկերացումն այն է, որ պետք է բացառել ուղղակի ադրբեջանական որևէ տիրապետություն, որովհետև այդ տիրապետությունը ցեղասպանական տիրապետություն է, ու պետք է լինեն միջազգային պաշտպանության բարձրագույն մեխանիզմներ, հնարավորինս միջազգային անվտանգության երաշխիքներ լինեն, ու մենք այնտեղ կարողանանք ինքնիշխան կյանք վարել: Պատկերացնում եմ, որ պետք է Անվտանգության խորհրդի կողմից տրված մանդատով լիազորված խաղաղապահներ լինեն, որը նշանակում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բոլոր անդամները պետք է դրան համաձայնություն տան»: Տեղահանված արցախցիները նաև սոցիալական խնդիրների մասին են բարձրաձայնում, կացարանների ապահովման հարցը, բայց նրանք շարունակում են պնդել, որ իրենց համար առաջնահերթ է հայրենիք վերադառնալը. այնտեղ թողել են հարազատների շիրիմները, շեշտում են, որ նաև ունեցվածքն են կորցրել, տները: Արցախցիներն անընդունելի են համարում Հայաստանի կառավարության ներկայացրած բնակարանային ապահովության ծրագիրը, որը դեռևս քննարկման փուլում է: Կառավարությունն առաջարկում է ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամին 3 միլիոն դրամ տրամադրել բնակարան ձեռք բերելու համար, նրանք դա քիչ են համարում: 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:
17:54 - 20 մարտի, 2024
ԵՄ առաքելությունը Հայաստանում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին. Զախարովա
 |news.am|

ԵՄ առաքելությունը Հայաստանում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին եւ Ադրբեջանին. Զախարովա |news.am|

news.am: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացի դրական դինամիկան նկատվել է այն ժամանակ, երբ ակտիվ կերպով կատարվել են բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները, երբ իրականացվել են կանոնավոր շփումներ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ չկան այլ տեսական հնարավորություններ։ Սակայն հենց այդ ժամանակ է եղել դինամիկա՝ կապված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման եւ այն ձեւաչափերի հետ, որոնք թելադրվել են դրանցով։ Զախարովան նշել է, որ ավելի ուշ  տարածաշրջանի գործերին սկսեց միջամտել Արեւմուտքը, որը պարզապես ցանկանում էր իրենով անել օրակարգը։ «Նրանց հանգիստ չէր տալիս այն, որ իրավիճակը մտնում է խաղաղ հուն, որ կա միջազգային-իրավական չափում, որ երկրները պայմանավորվում են առանց որեւէ ագրեսիայի, չարացածության, չնայած շատ ծանր անցյալին, բայց խաղաղ ապագայի հստակ պլան ունենալով, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Դա նշանակում էր օրակարգի զավթում։ Հենց Արեւմուտքը Հայաստանին պարտադրեց Ղարաբաղի իր ձեւը՝ մոռանալով տեղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության պահպանման անհրաժեշտության մասին։ Դա հանգեցրեց տարածաշրջանում լրացուցիչ խնդրի ստեղծման»,- ասել է Զախարովան։ Նա նշել է, որ արեւմտյան վարչակարգերն են հարկադրում Երեւանին միակողմ որոշումներ կայացնել վիճելի տարածքային հարցերում երկու երկրների սահմանին, ինչպես նաեւ Հայաստանին դրդում են, որպեսզի փլուզեն դրական միտումները Բաքվի հետ շփումներում  եւ Մոսկվայի հետ հարաբերություններում։ «Մենք Երեւանի հետ ունեցել ենք հարաբերություններ, ունենք այդ հարաբերությունները, եւ ես անկեղծորեն համոզված եմ, որ այսուհետ էլ զարգանալու են դաշնակցային ուղիով»,- ասել է նա։ Զախարովան հայտնել է, որ ԵՄ առաքելությունը Հայաստանի տարածքում լրտեսում է Ռուսաստանին, Իրանին, Ադրբեջանին, ինչը փաստագրական հիմք ունի։ Նա չի բացառել, որ դա կարող է հանգեցնել անշրջելի հետեւանքների տարածաշրջանում։
17:24 - 20 մարտի, 2024
«Մեր ռազմավարական նպատակն Արցախ վերադառնալն է». Արտակ Բեգլարյան
 |news.am|

«Մեր ռազմավարական նպատակն Արցախ վերադառնալն է». Արտակ Բեգլարյան |news.am|

news.am: «Օրակարգում արցախցիների կոլեկտիվ իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Արցախ վերադարձի իրավունքի հարցն է, դա մեր ռազմավարական նպատակն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Ըստ Բեգլարյանի՝ մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն այդ օրակարգը: «Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանի իշխանությունները փակեն այդ հարցը: Այն պետք է լինի Ադրբեջանի հետ բանակցությունների սեղանին: Առանց Հայաստանի իշխանությունների հստակ դիրքորոշման մենք արդյունքի չենք հասնի: Նրանք պետք է ընդգծեն, որ դա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չէ: Միջազգային դատարանը համապատասխան որոշում է ընդունել արցախցիների վերադարձի իրավունքի մասին»,- նշել է Բեգլարյանը: Արցախցիների ամենասուր սոցիալական խնդիրը, նախկին պետնախարարի խոսքով, բնակարանային հարցն է։ «Ելնելով պատճառներից՝ արցախցիներին սխալ է համեմատել Հայաստանի՝ կացարանից զրկված բնակիչների հետ: Արցախցիները բռնի տեղահանվածներ են դարձել ցեղասպանության արդյունքում, ինչպես նաև Հայաստանի ստանձնած պարտավորությունների ձախողման պատճառով: Ձախողել են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը և, ընդհանուր առմամբ, ամբողջ միջազգային հանրությունը: Դրանից բացի, Հայաստանը փախստականի կարգավիճակ ունեցողների նկատմամբ լրացուցիչ պարտավորություններ ունի: Մեր դեպքում տարբերվում է նաև ֆինանսավորման աղբյուրը: Հայաստանը պետք է միջազգային հանրությունից խոշոր գումարներ պահանջի արցախցիների սոցիալական խնդիրների համար: Դրա փոխարեն Հայաստանի իշխանությունները հայտարարում են, թե արդյունավետորեն լուծում են այդ խնդիրները՝ միջազգային հանրությանը ազդարարելով, որ նրանց աջակցության կարիքը չկա»,- ընդգծել է նախկին պետնախարարը: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
21:55 - 19 մարտի, 2024