Արշակ Կարապետյան

Արշակ Կարապետյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարարն է։ 

Ծնվել է 1967 թ. փետրվարի 6-ին Երևանում։առայել է ՀՀ զինված ուժերում, ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 2021թ. օգոստոսի 2-ին նշանակվել է պաշտպանության նախարար, նոյեմբերի 15-ին ազատվել է այդ պաշտոնից։
Արշակ Կարապետյանը Չինաստանի դեսպանին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ շրջաններում վերջին օրերի զարգացումները

Արշակ Կարապետյանը Չինաստանի դեսպանին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ շրջաններում վերջին օրերի զարգացումները

Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը և նրա օգնականը: ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և  նորանոր հաջողություններ մաղթել  պատասխանատու պետական առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը դեսպան Ֆան Յունին տեղեկացրել է տարածաշրջանային իրադրության մասին և ներկայացրել ՀՀ սահմանամերձ շրջաններում վերջին օրերի զարգացումները: Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում: Քննարկվել է նաև պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը:  
18:17 - 30 օգոստոսի, 2021
Արշակ Կարապետյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը

Արշակ Կարապետյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան  Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի: Այս մասին հայտնում է ՊՆ-ն: Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Լաիտենենին և գնդապետ Փայփսին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել` ի նպաստ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման: Տիկին դեսպանն, իր հերթին, շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ դա տեղի է ունենում Հայաստանի համար բավական բարդ ժամանակահատվածում։  ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների մասին:  Արշակ Կարապետյանը վերահաստատել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ միևնույն ժամանակ շեշտելով Հայաստանի սահմանները և տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
17:09 - 30 օգոստոսի, 2021
Արշակ Կարապետյանն ընդունել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալին

Արշակ Կարապետյանն ընդունել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալին

Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը: Գեներալ-լեյտենանտ Կալոևը ՀՀ պաշտպանության նախարարին զեկուցել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ օպերատիվ ծավալման պլանավորման խնդիրների վերաբերյալ: Կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ շրջանակներում որոշումների կայացման և հավաքական ուժերի կիրառման մեխանիզմների կատարելագործման շուրջ։ ՀՀ այցի շրջանակներում ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալը ծանոթացել է նաև ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված հայկական ստորաբաժանումների մարտական պատրաստությանն առնչվող հարցերին:
15:25 - 27 օգոստոսի, 2021
Արվելու է առավելագույնը, որ հավաքների մասնակիցները լիարժեք ներգրավվեն զորամասի առօրյային և մարտական պատրաստությանը. պաշտպանության նախարարը հանդիպել է եռամսյա հավաքների մասնակիցներին

Արվելու է առավելագույնը, որ հավաքների մասնակիցները լիարժեք ներգրավվեն զորամասի առօրյային և մարտական պատրաստությանը. պաշտպանության նախարարը հանդիպել է եռամսյա հավաքների մասնակիցներին

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այցելել է եռամսյա վարժական հավաքների մասնակիցներին։ Զրուցելով պահեստազորի՝ շարքային, ենթասպայական ու սպայական կազմի հետ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը կոչ է արել անել ամեն ինչ՝ հավաքների եռամսյա ժամանակահատվածն արդյունավետ օգտագործելու համար։  Արշակ Կարապետյանը հորդորել է հարգել հարամանատարներին և անվերապահորեն կատարել նրանց հրամանները։ Պաշտպանության նախարարը շեշտել է, որ արվելու է առավելագույնը, որպեսզի հավաքների մասնակիցները լիարժեք ներգրավվեն զորամասի առօրյային և մարտական պատրաստությանը։ Արշակ Կարապետյանը նաև վստահեցրել է, որ կառավարության կողմից արվելու է հնարավորը՝ հավաքների հետ կապված, մասնակիցների սոցիալական խնդիրները լուծելու համար։ Պաշտպանության նախարարը եղել է դաշտային ճաշարանում և ստուգել սննդի որակը՝ անձամբ համտեսելով մատուցվող ճաշատեսակները։ Արշակ Կարապետյանն այցելել է նաև վրանային ավան, տեղում ծանոթացել հավաքի մասնակիցների կենցաղ-կացարանային պայմաններին, զորամիավորման ու զորամասի հրամկազմին հանձնարարել անել առավելագույնը՝ որակյալ սնունդն ու կացարանային պատշաճ պայմաններն ապահովելու համար։ Այնուհետև Արշակ Կարապետյանն այցելել է նորաստեղծ Հատուկ զորամիավորում, որի  ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել  գեներալ-մայոր Բուդաղյանի ավանդը բանակաշինության և Հայրենիքի պաշտպանության գործում և ընդգծել, որ զորամիավորման անձնակազմը պետք է մշտապես պատրաստ լինի իր առջև դրված խնդիրների կատարմանը։ Արշակ Կարապետյանը հրամանատարական կազմին հորդորել է անել առավելագույնը՝ եռամսյա  հավաքների շրջանակում ստորաբաժանումները համալրած պահեստազորայինների վերապատրաստումն առավել արդյունավետ անցկացնելու համար։ Աշխատանքային շրջայցի ավարտին նախարար Կարապետյանը եղել է եռամսյա հավաքների անցկացման շրջաններից ևս մեկում, հանդիպել պահեստազորայիններին և ծանոթացել նրանց համար ստեղծված սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նախարարը հավաստել է, որ իր այցերը պարբերական են լինելու, իսկ հավաքների անցկացման հետ կապված խնդիրները գտնվում են իր անմիջական հսկողության ներքո։ Արշակ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել պահեստազորայիններին՝ Հայրենիքի պաշտպանության գործին ոչ թե խոսքով, այլ գործով մասնակցելու համար։  
12:25 - 27 օգոստոսի, 2021
Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց. Արշակ Կարապետյան

Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց. Արշակ Կարապետյան

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի աշխատանքային այցը ՌԴ:  Այս մասին հայտնում են ՊՆ-ից։  Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը ՌԴ-ից ստանում է լիարժեք աջակցություն։ Պաշտպանության նախարարը մասնավորապես ասաց․ « Այստեղ «չէ» բառը չեմ լսել։ Գործնական քայլեր են արվում՝ մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ։ Մենք պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն։ Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց, սա մեր քաղաքականությունն է։ Ավելի լավ է մենք ունենանք քիչ, բայց որակով սպառազինություն և հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է։ Երկրորդ խնդիրը, որը ես տեսնում եմ՝ մենք պետք է ունենանք սեփական զենքի արտադրություն, այստեղ նույնպես մենք ունենք աջակցություն՝ համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով և արագ դա անելու ենք։ Մենք պետք է կարողանանք արտադրենք սեփական զենք։ Երրորդ խնդիրը, որը ես իմ առջև տեսնում եմ՝ թույլ չտանք, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների միջև լինեն միջնորդներ։ Ես կարծում եմ, որ այս երեք պայմանները պահպանելու դեպքում մենք անպայման ստանալու ենք նոր, արդիականացված  և 21-րդ դարին համահունչ բանակ, ու կարողանալու ենք դիմակայել մեր հանդեպ առկա վտանգներին»։  Օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի տարածքում բացազատված «Բարեկամության տուն» միջոցառմանը, որտեղ իրենց մշակութային տաղավարներն են ներկայացրել Միջազգային բանակային խաղերի մասնակից պետությունները: Արշակ Կարապետյանը ծանոթացել է հայկական տաղավարում ցուցադրվող պատմամշակութային ցուցանմուշներին, շրջել մասնակից այլ երկրների տաղավարներով: Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Պատրիոտ» կենտրոն, որտեղ անցկացվում է «Արմիա 2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսը: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցասրահներով, ծանոթացել ներկայացվող զինատեսակներին: Պաշտպանության նախարարը նաև աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ։
18:37 - 24 օգոստոսի, 2021
Արշակ Կարապետյանը ներկայացրել է պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Բրուտյանին

Արշակ Կարապետյանը ներկայացրել է պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Բրուտյանին

Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը վարչական համալիրում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարարի նորանշանակ տեղակալ Կարեն Բրուտյանին: Այս մասին տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից։ Շնորհավորելով նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արշակ Կարապետյանը անդրադարձել է Կարեն Բրուտյանի անցած աշխատանքային ուղուն, նախկինում զբաղեցրած պատասխանատու պաշտոններին: Ընդգծելով, որ մինչև այս Կարեն Բրուտյանը պատշաճ մակարդակով կատարել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պարտականությունները՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոր պաշտոնում ևս նա առավելագույն ջանք ու նվիրում կներդնի՝ իր աշխատանքային հարուստ փորձով նպաստելով պաշտպանական գերատեսչությունում գնումների գործընթացի արագ և որակով կազմակերպմանը, ֆինանսական հոսքերի ճիշտ, արդյունավետ և նպատակաուղղված կառավարմանը: Արշակ Կարապետյանը Կարեն Բրուտյանին մաղթել է հաջողություն և արգասաբեր գործունեություն։ Կարեն Բրուտյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ արվելու է ամեն ինչ՝ միասնական ջանքերով առկա խնդիրները լուծելու համար:  
18:22 - 16 օգոստոսի, 2021
Մարզական վաշտի զինծառայողները պարտադիր պետք է հասնեն մարզական հաջողությունների. Արշակ Կարապետյան

Մարզական վաշտի զինծառայողները պարտադիր պետք է հասնեն մարզական հաջողությունների. Արշակ Կարապետյան

Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։ Պաշտպանության նսխարարը կարևորել է պետական երկու գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը: Իրականացվող ծրագրերի շարքում Արշակ Կարապետյանն առանձնացրել է ԶՈՒ մարզական վաշտի գործունեությունը՝ ընդգծելով, որ այն կշարունակի համալրվել Հայաստանի լավագույն արդյունքներն արձանագրած մարզիկ-զինակոչիկներով։ Միևնույն ժամանակ, նախարար Կարապետյանը շեշտել է, որ պարտադիր պայման է, որ մարզական վաշտում ծառայելու ընթացքում ժամկետային զինծառայողները բարելավեն իրենց կարողությունները, հասնեն մարզական հաջողությունների, այլապես նրանց ծառայության պայմանների հետ կապված որոշումները կարող են վերանայվել։ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Արշակ Կարապետյանին արդյունավետ փոխգործակցության համար, նշելով, որ այն իր նպաստը կբերի ինչպես զինվսծ ուժերի, այնպես էլ Հայաստանի մարզական կյանքին։  
18:04 - 16 օգոստոսի, 2021
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որին հաջորդել է հանդիպումն ընդլայնված՝ պատվիրակությունների կազմով։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման խնդիրների շուրջ։  Շնորհավորելով ՀՀ պաշտպանության նախարարին պաշտոնավարումն ստանձնելու կապակցությամբ, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն բարձր է գնահատել այն աշխատանքը, որը, վերջին շրջանում, երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև տարվում է երկկողմ համագործակցության զարգացման և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման ուղղությամբ։  ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում խաղաղության ամրապնդման և Հայաստանի սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։  Օգտվելով առիթից, ՌԴ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել, որ չնայած առկա խնդիրներին, Հայաստանը շարունակում է մասնակցել Սիրիայի Հանրապետությունում իրականացվող հումանիտար առաքելությանը։ Շնորհակալություն հայտնելով գործընկերոջը ջերմ ընդունելության համար, ՀՀ պաշտպանության նախարարը, վերջինիս խնդրանքով, ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման գործում Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրվող միջնորդական ջանքերը։ Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և այդ ուղղությամբ բանակցությունների շարունակությանը, միևնույն ժամանակ` չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Օգտվելով առիթից, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության համար, նշելով, որ ռուս խաղաղապահների ջանքերով խաղաղ կյանքը Լեռնային Ղարաբաղում վերականգնվել է, և ապահովվում է անխափան կապը Հայաստանի Հանրապետության հետ։  Պաշտպանության նախարարը շեշտել է խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը, և որպես օրինակ նշել այսօր արձանագրված՝ հարվածային անօդաչուի կիրառումը։  Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև պաշտպանության ոլորտում իրականացվող ինտենսիվ բարեփոխումներին և շնորհակալություն հայտնել իր գործընկերոջը` այս ուղղությամբ տրամադրվող համակողմանի աջակցության համար։ Նախարարն ընդգծել է, որ այսօր հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակ տեղափոխվելու փուլում։  Երկու երկրների պաշտպանության նախարարները մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցության առաջիկա ծրագրերի շուրջ։
17:24 - 11 օգոստոսի, 2021
Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում |armenpress.am|

Շոյգուն հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պատրաստ է աջակցել Հայաստանին զինված ուժերի արդիականացման հարցում: Վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ընթացքում: «Կարևոր նշանակություն ենք տալիս մեր փոխգործակցության զարգացմանը ռազմական ոլորտում ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ընդ որում՝ պատրաստ ենք շարունակել աջակցությունը Հայաստանի զինված ուժերում բարեփոխումների ծրագրերի իրականացմանը»,- ասել է Շոյգուն: Նա ընդգծել է, որ Հայաստանի տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան, որը լավ հագեցած է և հանդիսանում է անվտանգության երաշխավոր: «Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցy և առանցքային գործընկերն է Անդրկովկասում խաղաղության ապահովման գործում, և մենք չափազանց հետաքրքրված ենք այդ տարածաշրջանում խաղաղության պահպանմամբ»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը: Շոյգուն շնորհավորել է Արշակ Կարապետյանին ՀՀ պաշտպանության նախարար նշանակվելու առիթով՝ ընդգծելով, որ այդ նշանակումը տեղի է ունեցել ոչ հեշտ ժամանակներում, երբ երկրի պաշտպանության ոլորտում բարեփոխումների իրականացման բարդ առաջադրանքներ կան:
15:28 - 11 օգոստոսի, 2021
Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան

Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք․ Արշակ Կարապետյան

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երրորդ զորամիավորման  կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին։ Ինչպես հայտնում է «Զինուժ մեդիա»-ն, Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ զորամիավորումը նորանշանակ հրամանատարի գլխավորությամբ լիարժեք կկատարի իր առջև դրված խնդիրները։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միաժամանակ խստորեն հրահանգել է կասեցնել Հայաստանի սահմանը հատելու հակառակորդի բոլոր փորձերը։ «Հակառակորդը ոչ մի ձև չպետք է նույնիսկ մտածի ներթափանցել մեր տարածք։ Դա ձեր խնդիրն է։ Դրա համար կորպուսի հրամանատարը և զորամասի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները՝ սկսած դիրքի հրամանատարից, ունեն բոլոր իրավունքները կիրառել բոլոր միջոցները մեր սահմանները պաշտպանելու նպատակով։ Միևնույն ժամանակ, մենք ոչ մի ձև չենք ուզում ոչ մի ուղղության վրա սրացումներ, բայց եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք, ես բոլորիդ հրամայում եմ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»,- ասել է նախարարը։ Առավել մանրամասն՝ «Զինուժ մեդիա»-ի տեսանյութում։ 
20:17 - 07 օգոստոսի, 2021
Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստն անդրադարձել է հակառակորդի սադրանքներին հակազդելու քայլերին

Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստն անդրադարձել է հակառակորդի սադրանքներին հակազդելու քայլերին

ՀՀ ՊՆ վարչական համալիրում օգոստոսի 5-ին կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, հակառակորդի կողմից իրականացվող սադրանքներին և դրանց հակազդելու քայլերին։ Պաշտպանության նախարարը խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման ցանկացած փորձ։ Կոլեգիայի նիստին քննարկվել է նաև ձմռան հետ կապված նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Արշակ Կարապետյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է սեղմ ժամկետներում լուծել առկա բոլոր խնդիրները և ապահովել պատշաճ պայմաններ՝ ձմեռային պայմաններում անձնակազմի լիարժեք ծառայության համար։ ՀՀ պաշտպանության նախարարությունից նաև հայտնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նիստի մասնակիցներից պահանջել է  գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերի բարեփոխումները հնարավորինս արագ և արդյունավետ կյանքի կոչելու համար։ 
19:51 - 05 օգոստոսի, 2021