Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Քննարկման փուլում ենք, առաջիկայում կներկայացնենք մեր որոշումը․ Արծվիկ Մինասյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին |tert.am|

Քննարկման փուլում ենք, առաջիկայում կներկայացնենք մեր որոշումը․ Արծվիկ Մինասյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին |tert.am|

tert.am: Մենք ներկայումս քննարկման փուլում ենք։ Մի քանի չափանիշներ նկատի առնելով՝ առաջիկայում ավելի կոնկրետ կհայտարարենք։ Այս մասին ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ քննարկու՞մ են նախագահի թեկնածուի տարբերակներ, առաջադրման հարց։ Հարցին՝ քննարկում են առաջադրելու՞ են, թե՞ ոչ, Մինասյանն արձագանքեց՝ միանշանակ։ «Այն չափանիշները, որոնք ամրագրված են նաև Սահմանադրությամբ և ենթադրում են նախագահի կարգավիճակի՝ համազգային նպատակների հետապնդող և համախմբում ապահովող անձին բնորոշ չափանիշներ, բնականաբար թեկնածության և առաջադրման մասով կներկայացնենք մեր որոշման մասին»,-ասաց նա։ Դիտարկմանը, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ նախագահը պետք է ներդաշնակ լինի իշխող ուժի հետ, Մինասյանն արձագանքեց, թե առաջիկայում ավելի հստակ կներկայացնեն իրենց չափանիշները։ «Նիկոլ Փաշինյանի խոսքը վերաբներում էր իր իշխանությանը, և ակնհայտ էր, որ այս խոսքի մեջ չկար այն հիմնական նպատակադրումը, որն անհրաժեշտ է մեր այսօրվա վիճակից դուրս գալու համար։ Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության «սրտի» նախագահը լինել»,-ասաց Մինասյանը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի կարծիքով էլ՝ Փաշինյանի այդ հայտարարությունը նշանակում է, որ նա որպես ՀՀ նախագահ ուզում է տեսնել մեկին, որն ընդհանրապես որևէ առարկություն չի հնչեցնի որևէ հարցի վերաբերյալ։ «Այսինքն՝ մարդ, որը լուռ կլինի և անհաղորդ կլինի երկրում ստեղծված իրավիճակին»,-նշեց պատգամավորը։
12:37 - 25 հունվարի, 2022
Քանի դեռ նախագահը հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, ՔՊ-ում թեկնածուի քննարկում չկա |armenpress.am|

Քանի դեռ նախագահը հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի, ՔՊ-ում թեկնածուի քննարկում չկա |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների վստահեցմամբ՝ խմբակցությունում դեռևս նախագահի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ չկան, քանի որ նախագահ Արմեն Սարգսյանը 7-օրյա ժամկետում հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն ունի: Խմբակցության պատգամավորներն այս մասին ասացին ԱԺ ճեպազրույցում: Պատգամավոր Գևորգ Պապոյանը նշեց, որ այս պահին ընթացող իրավակարգավորումներով ՀՀ-ն ունի փաստացի նախագահ, այպիսով ժամանակավրեպ են համարում այսպիսի իրավիճակում նախագահի թեկնածուի հարց քննարկելը: Օրենքը 7-օրյա ժամկետում հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն է տալիս: «Կանդրադառնանք այն պահին, երբ այդ պաշտոնը թափուր կլինի, իսկ պաշտոնն այս պահին թափուր չէ»,- ասաց Պապոյանը: Նրա խոսքով՝ թեկնածուն կլինի այն մարդը, ում կընտրի ՔՊ խմբակցությունը: Նա չի կարող ընդդիմության փոխարեն ասել՝ ընդդիմադիրները թեկնածու կառաջադրեն, թե ոչ: Բայց քանի որ ընտրողն ըստ էության ՔՊ խմբակցությունն է, այսինքն՝ միայն այդ խմբակցությունը կարող է նախագահ ընտրել, հետևաբար հանրապետության նախագահ կլինի այն մարդը, որը կլինի մեր խմբակցության թեկնածուն»,- ասաց նա: Վահագն Հովակիմյանն ասաց, որ քանի դեռ նախագահը կարող է ետ վերցնել դիմումը, պաշտոնական մակարդակում սկսել քննարկել թեկնածուի հարցը ինստիտուտի նկատմամբ ճիշտ չեն համարում: «Նախագահը, օրենսդրությամբ իրեն տրված հնարավորությամբ, իրավունք ունի ետ վերցնելու դիմումը: Իսկ առաջադրումների փուլը պետք է սկսի այդ 7-օրյա ժամկետն ավարտվելուց հետո, երբ ԱԺ նախագահը պաշտոնապես կհրապարակի նախագահի հրաժարականը: Դրանից հետո օրենսդրությունը 5-օրյա ժամկետ է տալիս թեկնածուների առաջադրման համար: Այդ 5-օրյա ժամկետում արդեն տեղի կունենան պաշտոնական քննարկումները»,- ասաց պատգամավորը: Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Այս պահին, քանի դեռ Հանրապետության նախագահը դիմումը ետ վերցնելու հնարավորություն ունի, մեր խմբակցությունում քննարկումներ չկան: Այո, բնական է, որ կան որոշակի քննարկումներ՝ մոտեցումների, չափանիշների շուրջ, բայց դրանք որևէ կերպ թեկնածուի քննարկում չի կարելի անվանել»:
12:21 - 25 հունվարի, 2022
Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ժամեր առաջ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին իմացել եմ հրապարակայնացումից ժամեր առաջ․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ առցանց ասուլիսի ընթացքում պատասխանեց նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին հարցին։ Փաշինյանն ասաց, որ հրաժարականի մասին ժամեր առաջ է իմացել․ «Ես դրա մասին իմացել եմ հրապարակայնացումից ընդամենը ժամեր առաջ, մոտավորապես 3.5 ժամ առաջ։ Նա հրապարակումից ժամեր առաջ, 3.5 ժամ առաջ զանգահարել է ինձ և մենք խոսել ենք այդ մասին։ Ես Հանրապետության նախագահին հարցրել եմ, թե ինքը ինձ հետ քննարկո՞ւմ է հարցը, թե՞ ինքը ինձ տեղեկացնում է, որ ինքը կայացրել է որոշում, այսինքն՝ ես փորձել եմ հասկանալ՝ այդ որոշումը քննարկման ենթակա է, թե քննարկման ենթակա չէ, որից հետո ինքը ասել է, որ ինքը կայացրել է որոշում և ես այս համատեքստում չեմ կարծում, թե ես պիտի ասեմ՝ ինչն է բավարար, ինչը բավարար չէ»։ Փաշինյանն ասաց, որ ինքը և Արմեն Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ են ունեցել․ «Նաև ուզում եմ ընդգծել, որ 2018 թ․-ից հետո, երբ Արմեն Սարգսյանը ընտրվել Հանրապետության նախագահ, հետո ես ընտրվել եմ Հանրապետության վարչապետ, այդ ժամանակներից ի վեր Սահմանադրության մեջ որևէ դրույթի փոփոխություն տեղի չի ունեցել։ Համենայնդեպս, նախագահի լիազորությունների մասով, այնտեղ մի փոփոխություն մենք ունեցել ենք Սահմանադրական դատարանի մասով։ Նկատի ունեմ այս ողջ ընթացքում կանոնների փոփոխություն տեղի չի ունեցել, ես նախկինում էլ այդ թեմայով անդրադարձել եմ։ Հրաժարականների դրդապատճառների մասին այնտեղ կան որոշակի բացատրություններ, և ես կարծում եմ, որ ինքս էլ այդ բացատրությունները ընդամենը ընդունում եմ ի գիտություն ու պատեհ չեմ համարում, որ ես մեկնաբանեմ՝ ինչն է բավարար, ինչը բավարար չէ, որովհետև յուրաքանչյուր անձ, պաշտոնյա, այդ թվում՝ բարձրաստիճան պետական պաշտոնյա ինքն է որոշում ի վերջո  փաստարկների կշռելու մեթոդաբանությունը»։  
20:36 - 24 հունվարի, 2022
Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել |hetq.am|

Արմեն Սարգսյանի ստերի բուրգը փլվեց. նախագահը ստիպված է հրաժարական տվել |hetq.am|

hetq.am: Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմումում մի քանի պատճառ է նշել, սակայն կարծում ենք, որ դրանք քիչ առնչություն ունեն իր հրաժարականին։ Մեր կարծիքով, հրաժարականի պատճառը մեկն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչեւ նախագահ դառնալը: Երբ Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագիծը (OCCRP) նախագահ Արմեն Սարգսյանին այլ երկրի քաղաքացի լինելու մասին հարցում ուղարկեց, նա ապացույցներ ուզեց: Նշենք, որ այդ երկիրը Միացյալ Թագավորությունը չէ, որի քաղաքացի էր Արմեն Սարգսյանը և որի մասին նրա ընտրվելուց առաջ հայտնի դարձավ: Արմեն Սարգսյանը Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։ Մենք տեղեկություն ունեինք, որ նախագահն ուներ Սենթ Քիթս և Նևիսի անձնագիր, ինչը հաստատվեց Սարգսյանի հետ նամակագրության ընթացքում։ Հետաքննության մանրամասներն այս փուլում չենք կարող ներկայացնել, քանի որ այն անդրսահմանային հետաքննություն է և դեռ ավարտված չէ: Երեկ՝ հունվարի 23-ին, Հայաստանի նախագահը հրաժարականի մասին հայտարարություն տարածեց: Ուշագրավ մի փաստ կա՝ այդ հայտարարությունից առաջ նա պատասխանել էր Սենթ Քիթս և Նևիսի իր քաղաքացիության մասին մեր մի շարք հարցերին: Այդ ժամանակ նա պաշտոնական այցով Արաբական Միացյալ էմիրություններում էր: Այնտեղից մեկնեց արձակուրդ առողջական խնդիրների պատճառով: Իսկ հրաժարական տվեց՝ այդպես էլ Հայաստան չվերադառնալով:   Երբ ապացույցներ տրամադրելու իր խնդրանքին ի պատասխան մենք փոխանցեցինք մեր ձեռքի տակ եղած նրա անձնագրային տվյալները, Արմեն Սարգսյանն իր վարկածն առաջ քաշեց: Վարկածում նա նշում է, թե տարիներ առաջ ներդրումներ է արել այդ երկրում։ Նամակագրության մեջ նախագահը խոստովանել է, որ մասնաբաժին է ունեցել Սենթ Քիթս և Նևիսի հյուրանոցներից մեկում։ Ըստ պնդման՝ նա մասնաբաժինը փոխանցել է իր ընտանիքի անդամներից մեկին մինչև 2013 թ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպան դառնալը։ Սենթ Քիթս և Նևիսում ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու ծրագիր կա, և Սարգսյանն ասում է, թե առանց իր իմացության է ինքն այդ ծրագրով քաղաքացի դարձել: Մեզ ուղղած իր պատասխանում նա նշել է. «...իմ շարժառիթը ներդրումներ անելն էր, իսկ անձնագիրն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում»։  Ըստ Սարգսյանի պնդման՝ 2013-ին Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան նշանակվելուց առաջ հանձնարարել է իր իրավաբանին Սենթ Քիթս և Նևիսի անձնագիրը վերադարձնել պետությանը։  Շարունակելով վարկածը՝ Սարգսյանը նշել է, թե 2017-ին, երբ իրեն առաջարկ էր արվել ՀՀ նախագահ դառնալ, պարզել էր, որ վերոնշյալ հանձնարարությունը չի կատարվել։ Պարզվել է նաև, որ այն անձը (ոչ իր իրավաբանը), որը պետք է զբաղվեր Սարգսյանի քաղաքացիության հարցերով, մահացել էր։ Դրանից հետո Սարգսյանը նամակ է գրել հանգուցյալի որդուն, որը նույն ընկերությունում է աշխատել, բացատրել է իրավիճակը և կրկնել է իր խնդրանքը։ Փաստն այն է, որ Արմեն Սարգսյանը Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիությունից հրաժարվելու պաշտոնական գործընթացը սկսել է 2018-ի մարտին նախագահ ընտրվելուց ոչ շատ շուտ։ Այս պարագայում Սահմանադրությամբ նա չէր կարող նախագահ ընտրվել։ Նրա ստորագրած բոլոր հրամանագրերը, այդ թվում՝ օրենքները, պաշտոնյաների նշանակումները, ընտրությունները, նույնիսկ վարչապետի նշանակումը հակաօրինական են։ Սարգսյանը մեզ հայտնել է, թե համարում է, որ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի չէ այն պահից, երբ ներդրումների դիմաց քաղաքացիությունը ստանալուց հետո խնդրել է սառեցնել այն։ Նախագահ Արմեն Սարգսյանը, հավանաբար, Հայաստան չի վերադառնա, քանի որ կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել փաստաթուղթ կեղծելու հիմքով:  Հգ. անդրսահմանային հետաքննությունը կհրապարակվի ավելի ուշ։
19:49 - 24 հունվարի, 2022
Արմեն Սարգսյանը լավ գիտեր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում. Քոչարյանը՝ նախագահի լիազորությունների մասին |armenpress.am|

Արմեն Սարգսյանը լավ գիտեր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում. Քոչարյանը՝ նախագահի լիազորությունների մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականի որոշմանը և հայտարարությանը, որ ինքը չի ունեցել բավարար լիազորություններ՝ ազդելու որոշակի գործընթացների վրա, հիշեցրեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի ստեղծման մասին: Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողներ հետ զրույցում՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի՝ Սահմանադրությամբ իրեն օժտված գործիքների մասին մտքին, դիտարկմանը, որ նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա:   «Երբ խոսքը գնում է լիազորությունների պակասի մասին, պարոն Սարգսյանը շատ լավ գիտեր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում, և այդ խնդիրները դեռ ունենալու էին իրենց բնորոշ ընթացակարգերը: Եվ չսպասել այդ ընթացակարգերին կամ մասնակցություն չունենալ այդ պրոցեսներին, որը վերաբերում է նաև նախագահական ինստիտուտին և տալ հայտարարություն՝ հրաժարականի մասին, այդտեղ որևէ բացատրություն ակնկալել…իհարկե կարելի է նաև տեսնել այն, ինչ, որ գոյություն չունի»,-ասաց Քոչարյանը: Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախագահի նկատմամբ եղե՞լ են ճնշումներ՝ Քոչարյանը հարցով պատասխանեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում, ՀՀ նախագահի վրա ի՞նչ ճնշում»: Ըստ Քոչարյանի՝ իշխանություններն ի գիտություն են ընդունել նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը: «Գուցե, բացատրություններ ինքը կտա հետագայում կամ այս ընթացքում: Այս պահի դրությամբ ես չեմ լսել»,-ասաց նա: Ընդհանուր առմամբ այս տարիներին գնահատելով Արմեն Սարգսյանի գործունեությունը՝ Քոչարյանն ասաց. «Ես կարծում եմ, որ մեր երկիրը իր նախագահ եղած ժամանակահատվածում ունեցավ նաև խորը ճգնաժամեր, հիշում եք հետպատերազմյան շրջանը, պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, այն որոշումները, որ արագ պետք է կայացվեին ԶՈՒ կադրային տեղաշարժի և փոփոխությունների առումով, մենք այդտեղ ունեցել ենք շատ ռիսկային պահեր: Եվ այդ ռիսկերը հաղթահարել ենք մեր ժողովրդի և գործող իշխանությունների համբերատար, ճիշտ, հավասարակշռված որոշումների արդյունքում»,-ասաց Քոչարյանը:
16:18 - 24 հունվարի, 2022
Կառավարման մոդելի հարցում նախագահի եւ կառավարության միջեւ փոխըմբռնում չկար. Արսեն Թորոսյան |news.am|

Կառավարման մոդելի հարցում նախագահի եւ կառավարության միջեւ փոխըմբռնում չկար. Արսեն Թորոսյան |news.am|

news.am: Նախագահն ինքն էր կողմնակից սահմանադրական փոփոխությունների եւ նախագահի լիազորություններն ավելացնելուն: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով տեսակետներին, թե գուցե ՀՀ նախագահի հրաժարականի պատճառը սպասվող սահմանադրական փոփոխություններն են, որի արդյունքում ինքը կարող է դուրս մնալ խաղից: «Այս հարցում նախագահի եւ կառավարության միջեւ փոխըմբռնում չկար: Մենք կարծում ենք, որ խորհրդարանական մոդելն ավելի ժողովրդավար է, թույլ է տալիս ճգնաժամային իրավիճակներում ավելի կայուն պահել երկիրը: Մեր օրակարգում նախագահական մոդելի վերադառնալու շուրջ քննարկումներ չկան եւ ես չեմ կարծում, որ կլինեն: Հետեւաբար, չեմ կարծում, որ նախագահի հրաժարականը կապ ունի սպասվող կամ քննարկվող սահմանադրական փոփոխությունների հետ»,-ասաց Թորոսյանը:  
15:48 - 24 հունվարի, 2022
Նախագահը փորձել է անել իր սահմանադրական սահմանափակ կարգավիճակից բխող հնարավորը․ «Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը

Նախագահը փորձել է անել իր սահմանադրական սահմանափակ կարգավիճակից բխող հնարավորը․ «Հանուն Հանրապետության» կուսակցության հայտարարությունը

«Հանուն հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կապված ՀՀ նախագահի հրաժարականի հետ: «Երեկ հրաժարական տվեց Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Ինչպես երևում է հրաժարականի տեքստից, Նախագահն իր սահմանադրական կարգավիճակն անբավարար է համարում սեփական անձնական և քաղաքական ներուժը երկրի բարօրությանն առավելագույնս ծառայեցնելու համար։ Միևնույն ժամանակ Նախագահի հրաժարականն առաջ է բերում մի շարք չպարզաբանված հարցեր, ինչը մտահոգիչ է հատկապես Հանրապետության արտաքին քաղաքական բազմաբարդ իրավիճակի համատեքստում։   Մասնավորապես, հստակ չէ, թե ինչո՞վ է պայմանավորված Նախագահի հրաժարականը հենց այժմ, եւ որո՞նք են եղել այն խնդիրները, որ, ի վերջո, անհնարին են դարձրել Նախագահի հետագա պաշտոնավարումը։   Այս և նմանաբույթ մի շարք այլ հարցերի անպատասխան մնալը կրկին անգամ ի ցույց կդնի Հայաստանի հետանկախական ողջ շրջանի քաղաքական համակարգին բնորոշ հանրային հաշվետվողականության բացակայությունը, երբ կարևորագույն որոշումներն ընդունվում են «մեկ գիշերում», իսկ հանրությունը կանգնեցվում է փաստի առաջ։ Սույնով արձանագրում ենք, որ իրավիճակը քիչ է փոխվել անգամ հեղափոխությունից հետո։   Միով բանիվ, պաշտոնավարման գրեթե չորս տարվա ընթացքում Նախագահը փորձել է անել իր սահմանադրական սահմանափակ կարգավիճակից բխող հնարավորը Հանրապետության ներքին կայունությանն ու արտաքին մրցունակությանը նպաստելու համար։ Մասնավորապես, նշանակալից է եղել Նախագահի դերակատարումը 2018թ․-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցած հեղափոխական իրադարձությունների ժամանակ ներքաղաքական լարված իրավիճակը բռնությունից զերծ պահելու, իշխանության խաղաղ փոխանցմանը նպաստելու և արտաքին քաղաքական բարենպաստ միջավայր ձևավորելու ուղղությամբ։   Նախագահը որոշակի դերակատարում է ունեցել նաև պետական իշխանության ինստիտուտների ներդաշնակ աշխատանքը խթանելու հարցում՝ նպաստելով խորհրդարանական կառավարման համակարգին բնորոշ քաղաքական պրակտիկայի սաղմնավորմանը։   Թերևս, սա այն առավելագույնն էր, որ ներկայիս կարգավիճակում կարող էր անել Նախագահը հեղափոխական և հետհեղափոխական Հայաստանում։ Ուստի, ամենայն հարգանքով վերաբերվելով Նախագահի այս քայլին՝ արժանին ենք մատուցում նրան՝ երկրի համար դժվարին շրջափուլում պետությանը բերած ծառայության համար։ Նախագահի հրաժարականից հետո խիստ կարևոր է համարժեք քաղաքական վերաբերմունք դրսևորել սահմանադրական այս կարևոր ինստիտուտի նկատմամբ։   Մասնավորապես, Նախագահի նոր թեկնածուն պետք է ունենա հանրային և քաղաքական այնպիսի հեղինակություն, որ ունակ լինի հասարակությանը և քաղաքական համակարգին տանել իրական հաշտեցման և իր նպաստը բերել այս անցումային փուլում՝ նախքան սահմանադրական փոփոխությունները, համազգային ներուժի համախմբմանը և ներքին ու արտաքին մարտահրավերների ու վտանգների, մեր ինքնիշխանությանն ուղղված ուղղակի սպառնալիքների դիմագրավմանը։   Նոր Նախագահի և քաղաքական մեծամասնության միջև հարաբերությունները պետք է լինեն հնարավորինս ներդաշնակ՝ միտված երկրի ներսում հեղափոխության օրակարգի սպասարկմանը, իսկ արտաքին ճակատում՝ պետության ինքնիշխանության և անվտանգության առավելագույն պաշտպանությանը։   Գործող խորհրդարանական կառավարման համակարգում Նախագահի գործառույթները նշյալ ուղղություններով ավելի արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է դիտարկել, նախքան համալիր սահմանադրական փոփոխություններ իրականացնելը՝ Ազգային Ժողովի կողմից Նախագահի սահմանադրական լիազորությունների շրջանակի փոփոխության հարցը, ինչը թույլ կտա Նախագահին իր սահմանադրական կարգավիճակին համազոր լիազորություններ և համարժեք պատասխանատվություն ունենալ։   Անկախ այլևայլ շահերից և տարաձայնություններից՝ ներքին և արտաքին բարդագույն այս իրավիճակում կոչ ենք անում պետական բոլոր ինստիտուտներին ու քաղաքական բոլոր սուբյեկտներին առաջնորդվել բացառապես պետական և հանրային գերակա շահերով` միանշանակորեն ընդունելով, որ Նախագահի ինստիտուտն այստեղ պետք է ունենա իր ուրույն դերն ու նշանակությունը։   Հրաժարականի հանգամանքների ամբողջական հրապարակայնացումը համարում ենք իշխանության՝ հանրության առաջ հաշվետվության պարտավորություն, որը բխում է ՀՀ Սահմանադրությունից, ժողովրդավարության արժեքներից եւ սկզբունքներից։ Այդ հանգամանքներն ի հայտ գալուց Կուսակցությունն իր դիրքորոշմամբ հանդես կգա առանձին հայտարարությամբ»։
15:06 - 24 հունվարի, 2022
Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարարական տալը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից. «5165 շարժում»

Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարարական տալը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից. «5165 շարժում»

«5165 շարժման» հայտարարություն է տարածել Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ․   «Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնից հրաժարարական տալը գնահատում ենք որպես փախուստ պատասխանատվությունից և պահանջում ենք բաց և հիմնավոր բացատրություն՝ իր որոշման իրական դրդապատճառների մասին: Անընդունելի է, որ երկրի գլխին ծառացած վտանգավոր զարգացումների պարագայում պատասխանատվությունից խուսափումը դառնում է օրինաչափություն՝ հատկապես հաշվի առնելով, որ պետության ղեկը գտնվում է ապիկար և ազգային-պետական շահերի դեմ գործող քաղաքական խմբավորման ձեռքին:   Ենթադրում ենք, որ անակնկալ այս որոշման պատճառները թաքնված են մակրոտարածաշրջանային, նույնիսկ գլոբալ փոխակերպումների և դրանց ազդեցությամբ պայմանավորված՝ Հայաստանին սպասվող վտանգավոր զարգացումների մեջ, հանգամանքներ, որոնց քաջատեղյակ է Արմեն Սարգսյանը՝ ունենալով քաղաքական և դիվանագիտական բավարար փորձառություն, լայն կապեր միջազգային քաղաքականության տարբեր դերակատարների հետ:   Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնից ոչ աշխատանքային օրով և ֆիզիկապես Հայաստանում չգտնվելով հրաժարական տալու հանգամանքը առնվազն տարակուսանք է առաջացնում՝ նկատի ունենալով իր հիմնավորումն այն մասին, որ ՀՀ նախագահը «չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»:   Հարկ ենք համարում նկատել, որ երկրի և ազգի համար ոչ պակաս արմատական գործընթացներ տեղի էին ունենում 2020թ. աշնանը, իսկ ՀՀ նախագահի լիազորությունները նույնն էին, ինչ այսօր. այդուհանդերձ այն ժամանակ Արմեն Սարգսյանը հրաժարական չներկայացրեց: Մեր համոզմամբ՝ ՀՀ նախագահի դիրքը կարելի էր Հայաստանի ազգային-պետական շահերին ի նպաստ օգտագործել ոչ թե թեկուզ սահմանափակ լիազորությունները գործադրելով, այլ որպես նախագահ խոսելու, ժողովրդին խոսք ասելու, ուղերձ հղելու միջոցով՝ զգուշացնելու վտանգավոր զարգացումների մասին, տալու գնահատականներ գործող իշխանությունների առնվազն վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում վարած քաղաքականության, կատարած գործողությունների առնչությամբ, ինչին, ցավոք, ականատես չենք եղել:   Այսպիսով, Արմեն Սարգսյանը այս ընթացքում բավականաչափ հնարավորություններ է ունեցել խոսելու, սակայն չի խոսել: Իսկ այժմ ընդամենը ակնարկում է արտաքին ու ներքին քաղաքական վտանգավոր զարգացումների մասին, սակայն բավարարվում է ապրիորի զգուշացումներով ու չի նշում ո՛չ վտանգների բովանդակության, ո՛չ դրանց ծագման աղբյուրների, ո՛չ գործող իշխանությունների՝ դրանց դիմակայելու անընդունակության կամ չցանկության մասին:   Արմեն Սարգսյանի հրաժարականը գուցե տրամաբանական լիներ, երբ իր նշած փոխզսպումների և հակակշիռների համակարգ նախատեսող սահմանադրությունն արդեն ընդունված լիներ:   Ուստի, նախագահի պաշտոնից հրաժարական տալու Ա. Սարգսյանի փաստարկները ևս մեկ անգամ համարելով չհիմնավորված և հրաժարականը գնահատելով որպես անընդունելի փախուստ պատասխանատվությունից՝ պահանջում ենք նրանից պարզ, բաց և լիարժեք բացատրություններ իր կայացրած որոշման մասին»:
13:51 - 24 հունվարի, 2022
Պաշտոնը ստանձնելիս Արմեն Սարգսյանը բավականին լավ տեղեկացված էր իր լիազորությունների մասին․ Մամիջանյան |1lurer.am|

Պաշտոնը ստանձնելիս Արմեն Սարգսյանը բավականին լավ տեղեկացված էր իր լիազորությունների մասին․ Մամիջանյան |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին և այդ որոշման հիմքերին, որ նշել էր նախագահը։ Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հայտնել էր մի իրավիճակի մասին, երբ ստիպված էր պետականության երաշխավորը լինել՝ փաստացի չունենալով որևէ գործիք։ «Իր հրաժարականի տեքստում նշված պատճառներն ինձ համար, մեղմ ասած, անտրամաբանական էին, որովհետև պաշտոնը ստանձնելիս Արմեն Սարգսյանը բավականին լավ տեղեկացված էր, կարծում եմ՝ լավ կարդացել էր Սահմանադրությունը, որի վրա երդվել է։ Չորս տարի նույն «երգը երգել», նույն բանի մասին խոսել՝ լիազորություններ, լիազորություններ, ինձ համար անընկալելի է։ Ընթացիկ ժամանակահատվածում պաշտոնաթող նախագահ Արմեն Սարգսյանը նաև իր որոշակի լիազորություններ պատվիրակել, զիջել էր՝ հօգուտ ԱԺ-ի։ Մարդ, որը բողոքում է իր լիազորություններից, բայց դրանցից մի քանիսից հրաժարվում է հօգուտ ԱԺ-ի, ինձ համար անտրամաբանական է»,- ասաց Մամիջանյանը։ Թե որն էր, այնուամենայնիվ, ՀՀ նախագահի հրաժարականի պահանջը, Մամիջանյանը նշեց. «Ես չեմ կարող դեռևս ասել, բայց այդ պատճառը կարող է լինել թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական»։ Պատասխանելով հարցին, թե իրենք մտադի՞ր են արդյոք ՀՀ նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրել, Մամիջանյանը նշեց, որ գործընթացը կքննարկվի իրենց խմբակցության նիստում։
12:47 - 24 հունվարի, 2022
Նախագահի նոր ընտրություններին մեր դաշինքը իր խոսքը կասի․ Սեյրան Օհանյան

Նախագահի նոր ընտրություններին մեր դաշինքը իր խոսքը կասի․ Սեյրան Օհանյան

Արմեն Սարգսյանի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որը հարված է ՀՀ-ին և ինքը խուսափում է այդ ամենից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շուրջ բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է․ «Հայաստանի շուրջ զարգացումները տանում են նրան, որ այնուամենայնիվ, պետք է ցավով նշեմ, որ պարտվող իշխանության պայմաններում անհաջողությունների շարանը շարունակվում է։ Այդ անհաջողությունները եղել են մինչև պատերազմ, եղել են պատերազմի ժամանակ, պատերազմից հետո արտահայտվել են նաև մեր սահմաններում և հիմա առանց որևիցե մի իրավիճակի, որևիցե նորմալ խաղաղության պայմանների ՀՀ-ի իշխանություններին տանում են խաղաղության  դարաշրջանի, այսինքն՝ հարաբերությունների ձևավորման և՛ Ադրբեջանի, և նաև հայ-թուրքական հարաբերությունների հետ»։ Օհանյանը ընդգծեց, որ ՀՀ նախագահը իր պարտականությունները լիարժեք չի կատարել․ «Այսպիսի բարդ իրավիճակում ենք մենք գտնվում և այս վերջին 3 տարիների դիտարկումները ՀՀ նախագահի գործունեության կամ կարելի է ասել՝ անգործունեության, թույլ են տալիս եզրակացնելու հետևյալը, որ ինքը լիարժեք իր պարտականությունները չի կարողացել կատարել, որքան էլ տեքստի մեջ ակնկարկներ կատարի  իր նկատմամբ, իր ընտանիքի նկատմամբ վերաբերմունքի, ես գտնում եմ, որ, այնուամենայնիվ, ՀՀ նախագահը Սահմանադրությամբ հանդիսանում է Հանրապետության գլուխը և ինքը ուներ և՛ արարողակարգային, և՛ ուղղակի պարտականություններ Սահմանադրությունը պահելու, նաև ՀՀ-ի անվտանգության և տարածքային ամբողջականության և այլ երաշխիք հանդիսանալու համար։ Ինքն իր պարտականությունները չի կատարել»։ Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը կառավարության հետ համագործակցությամբ ազդել է ՀՀ կադրային քաղաքականության վրա․ «Գոնե, օրինակ, ռազմական ոլորտում կադրային նշանակումները կամ կադրերի ազատումները թույլ են տալիս ասելու, որ նրանք մակերեսորեն են վերաբերվել այդ գործընթացին։ Լուրջ հարված է եղել խրախուսման, արժանավորներին գնահատման գործընթացին։ Ես նկատի ունեմ ամբողջ պարգևատրման, շքանշաններով, մեդալներով, հերոսի կոչում շնորհել և այլն և այլն։ Նաև օրենսդրական գործունեության մեջ։ Երկրորդը՝ նրա հրաժարականը թույլ է տալիս ասելու, այնուամենայնիվ, որ ներքաղաքական և նաև արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որը հարված է ՀՀ-ին և ինքը խուսափում է այդ ամենից։ Եվ երրորդը, ես կարող եմ ասել, որ նրա հրաժարականից հետո, իհարկե, հնարավորություն է ստեղծվում, որպեսզի նախագահական նոր ընտրություններ լինեն, և այդ ընտրություններում մեր դաշինքը («Հայաստան» դաշինքը, խմբ․) իր խոսքը կասի»։ Հարցին՝ արդյոք «Հայաստան» խմբակցությունը պատրաստվո՞ւմ է նախագահի թեկնածու առաջադրել, Օհանյանն ասաց․  «Քննարկելուց հետո մենք դրա վերաբերյալ համապատասխան տեղեկություն կտանք, ես գտնում եմ, որ Հանրապետության նախագահ՝ մեր պետության գլուխ պետք է ընտրվի այն մարդը, որ մեծ հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում, ողջ հայ ժողովրդի հետ։ Երբ այդ գործընթացը ամբողջությամբ սկսի ընթացք ստանալ մենք կքննարկենք և դրա մասին հայտարարություն կանենք»։ Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել․ «Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն»,-ի թիվս այլնի իր խոսքում նշել էր նախագահը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում հայտարարել էր, որ եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1 շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ԱԺ նախագահը նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի: 
12:37 - 24 հունվարի, 2022
Հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար ՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի․ Ալեն Սիմոնյան

Հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար ՀՀ նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի․ Ալեն Սիմոնյան

Եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1 շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ԱԺ նախագահը նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի: Հրապարակման պահից հրաժարականը կհամարվի ընդունված: ԱԺ նիստում այս մասին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- ասաց Սիմոնյանը:
10:39 - 24 հունվարի, 2022
Ինձ համար այդ հրաժարականն առնվազն ուշացած էր. Արթուր Վանեցյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարանի մասին |armeniasputnik.am|

Ինձ համար այդ հրաժարականն առնվազն ուշացած էր. Արթուր Վանեցյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարանի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Արմեն Սարգսյանը, Վանեցյանի համոզմամբ, իր պաշտոնավարման ընթացքում չի արել այնպիսի քայլեր, որոնք կարող էին ճնշումներ բանեցնելու պատճառ դառնալ։ «Քաղաքական առողջ տրամաբանության շրջանակներում բավական բարդ է, եթե չասեմ՝ անհնար է ընկալել Հայաստանի ներկա իշխանության վարքագիծն ընդհանրապես, հետևաբար այժմ ամենևին տեղին չեմ համարում մանրամասն անդրադառնալու Արմեն Սարգսյանի հրաժարականին»,- հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ «Ինձ համար այդ հրաժարականն առնվազն ուշացած է կամ այլևս ոչ կարևոր և, ըստ էության, մեր պետության առջև ծառացած ոչ մի խնդիր չլուծող։ Ակնհայտ է, որ արդեն նախկին նախագահը Սահմանադրությամբ իրեն վերապահված թեկուզ նվազագույն լիազորությունները մեր պետության համար դժվարագույն վիճակներում և ամենակարևոր գործընթացներում չի իրականացրել»։ Ըստ նրա՝ ժամանակին այդ լիազորությունները Արմեն Սարգսյանը համարում էր ոչ բավարար կամ նվազ արդյունավետ, մինչդեռ շատ կոնկրետ դեպքերում դրանք կարող էին լիարժեքորեն բավարարել մեր պետության առջև ծառացած ճգնաժամային խնդիրների լուծման ուղիներ գտնելու համար։ Դա էլ իր հերթին կարող էր կանխել այն աղետալի զարգացումները և իրավիճակը, որն այսօր ունենք։ Վանեցյանի կարծիքով՝ հաշվի առնելով այս ամենը, շատ քիչ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, թե եղե՞լ են կամ չեն եղել ճնշումներ Արմեն Սարգսյանի նկատմամբ։ Բացի այս, Արմեն Սարգսյանը, նրա համոզմամբ, իր պաշտոնավարման ընթացքում չի արել այնպիսի քայլեր, որոնք կարող էին ճնշումներ բանեցնելու պատճառ դառնալ։ Նա մշտապես ակտիվ համագործակցել է Նիկոլ Փաշինյանի հետ և հիմնականում կատարել վերջինիս բոլոր քմահաճույքները։ «Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության նախագահի մեր հնարավոր թեկնածուին, ապա ընդամենը ժամեր առաջ է տեղի ունեցել հրաժարականը, ուստի հարցը դեռ պետք է քննարկվի իմ ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունում և «Պատիվ ունեմ» խմբակցությունում, ինչի համար բնականաբար ժամանակ է անհրաժեշտ»,-նշել է նա:
00:26 - 24 հունվարի, 2022
Տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն, մինչ այդ նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահը

Տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն, մինչ այդ նախագահի լիազորությունները կկատարի ԱԺ նախագահը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ ՀՀ Սահմանադրությունը նախագահի հրաժարականի դեպքում սահմանում է արտահերթ ընտրություն։ Հանրապետության նախագահն իր հրաժարականը ներկայացնում է Ազգային ժողով: Հրաժարականը համարվում է ընդունված օրենքով սահմանված կարգով այն հրապարակելու պահից: Հանրապետության նախագահին ընտրում է Ազգային ժողովը։ Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Ըստ ՀՀ Սահմանադրության 125-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա տասնօրյա ժամկետում անցկացվում է Հանրապետության նախագահի նոր ընտրություն: Ըստ 126–րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն: Համաձայն Սահմանադրության 144-րդ հոդվածի` նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նրա լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:  
21:46 - 23 հունվարի, 2022