Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Ռազմական հանցագործությունների համար հայց կներկայացվի՞ Ալիևի դեմ․ ՀՀ կառավարության արձագանքը |hetq.am|

Ռազմական հանցագործությունների համար հայց կներկայացվի՞ Ալիևի դեմ․ ՀՀ կառավարության արձագանքը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատտրյանը հարց ուղղեց ՀՀ կառավարությանը, թե ռազմական հանցագործությունների կատարման համար Հայաստանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ հայց կներկայացնի՞ Միջազգային քրեական դատարան, թե՞ ոչ։ Հիշեցնենք՝ Հռոմի ստատուտը վավերացնելուց հետո այս տարվա փետրվարի 1-ից՝ Հայաստանը դարձավ Միջազգային քրեական դատարանի անդամ։ Արթուր Խաչատրյանի հարցին արձագանքած արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց։ «Միջազգային նման պայմանագրերի վավերացումը և ներգործումը պետական համակարգ ստիպում է թե՛ մեր Կառավարությանը, թե՛ հետագա բոլոր կառավարություններին գործել միջազգային սկզբունքներին համապատասխան։ Ի՞նչ է դա նշանակում․ եթե տեսնում ես հանցագործություն, նախ հնարավորություն ունես մտցնել քո քրեադատաիրավական մեխանիզմներ այլ երկրի փորձագետների, և եթե ֆիքսվում է մեղքի առկայությունը, բնականաբար, լինելու է պատասխանատվություն հենց կոնվենցիայի շրջանակներում»,- նշեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
17:39 - 07 փետրվարի, 2024
Գրիգոր Մինասյանն աշխատանքային այց է կատարել «Արմավիր» ՔԿՀ. ղեկավար կազմին հանձնարարականներ են տրվել

Գրիգոր Մինասյանն աշխատանքային այց է կատարել «Արմավիր» ՔԿՀ. ղեկավար կազմին հանձնարարականներ են տրվել

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, պատգամավորներ Դավիթ Առուշանյանը և Միքայել Թումասյանը, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: Նախարարը նախ ծանոթացել է հանձնուքների համար նախատեսված սրահի պայմաններին, զրուցել է քաղաքացիների հետ, լսել վերջիններիս առաջարկություններն ու դժգոհությունները: Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև «Արմավիր» ՔԿՀ-ի օդափոխման համակարգին, պատժախցերի, երկարատև, կարճատև տեսակցության սենյակների պահման պայմաններին, վերանորոգված գրադարանին, փաստաբան-վստահորդ տեսակապի ապահովման սենյակին, ինչպես նաև ՔԿՀ-ում առկա տեսահսկման սարքավորումներին ու դրանց աշխատանքին: Նախարարը կարևորել է քրեակատարողական հիմնարկում պատշաճ և որակյալ շինարարական աշխատանքների կազմակերպումը։ Այս ուղղությամբ մի շարք հանձնարարականներ են տրվել: Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել նաև քրեակատարողական հիմնարկում կազմակերպված՝ Պարույր Սևակի 100 ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր հիմնարկում գործող Ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների կողմից: Միջոցառմանը մասնակցել են նաև Պարույր Սևակի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանների տնօրեններն ու այլ հյուրեր:
11:11 - 06 փետրվարի, 2024
Հայաստանյան բանտերում շուրջ 200 օտարերկրյա քաղաքացի է պահվում. ո՞ր երկրներից են նրանք |armeniasputnik.am|

Հայաստանյան բանտերում շուրջ 200 օտարերկրյա քաղաքացի է պահվում. ո՞ր երկրներից են նրանք |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվում է թվով 199 օտարերկրյա քաղաքացի։ Sputnik Armenia-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են քրեակատարողական ծառայությունից։ Նրանցից ամենաշատն Իրանի քաղաքացիներն են՝ 59 անձ, երկրորդ տեղում ՌԴ քաղաքացիներն են՝ 38, երրորդ տեղը կիսում են Վրաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները՝ 14-ական քաղաքացի։ Հայաստանյան ՔԿՀ-ներում պահվող անձինք կան նաև աշխարհի այլ երկրներից։ 1-ական քաղաքացի է պահվում Գվատեմալայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Լատվիայից, Նիդեռլանդների Թագավորությունից, Քուվեյթից, Ալժիրից, Եմենից, Մարոկկոյի Թագավորությունից, Իսրայելից, Հարավային Կորեայից, Ուկրաինայից, Թուրքմենստանից և Ղրղզստանից։ Շարունակությունը՝ sputnikarmenia.am-ում
15:19 - 04 փետրվարի, 2024
Գրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները ու ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Գրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները ու ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:   Նախարարը բարձր է գնահատել ԵՄ դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և իրավունքի գերակայության ապահովման գործում, ինչպես նաև կարևորել ԵՄ պատվիրակության և արդարադատության նախարարության միջև համագործակցությունը՝ տարբեր ձևաչափերով։   Նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները: Մասնավորապես անդրադարձ է կատարել փետրվարի 1-ից գործող քաղաքացիական դատավարության թվայնացմանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ այս ոլորտում գործուն աջակցության համար:   Ներկայացվել են Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի աշխատանքներն ու այս ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ ընդգծվել է ԵՄ շարունակական աջակցության կարևորությունը: Դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ձևաչափերով, ներառյալ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման (CEPA), ԵՄ-Հայաստան արդարադատության բարեփոխումների ռազմավարական երկխոսության (Justice Dialogue) և Մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսության (CEPA HRD) նիստերի պարբերական անցկացման կարևորությունը:   Երկուստեք ընդգծվել է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացումն ու այս ուղղությամբ ԵՄ-ի կողմից աջակցության շարունակականության ապահովումը: Նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են ԵՄ բյուջետային աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու այս ուղղությամբ մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ:   Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքները արդարադատության ոլորտի բարեփոխման համար:
17:04 - 02 փետրվարի, 2024
Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության․ Նիկոլ Փաշինյանը՝ Արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ

Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության․ Նիկոլ Փաշինյանը՝ Արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Մինչ քննարկումը՝ վարչապետը կատարել է երկու շեշտադրում: «Առաջինը՝ Արդարադատության նախարարությունը ներգրավված է սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներում: Ուզում եմ սահմանազատման գործընթացի ռազմավարական նշանակությունը ընդգծել, որովհետև այստեղ, իհարկե, կան շատ լուրջ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-հոգեբանական, և՛ անվտանգային հարցեր: Հասկանալիորեն և ակնհայտորեն մենք ապրում ենք մի աշխարհում, որը շատ մեծ արագությամբ և անկանխատեսելի ուղղություններով փոխվում է, և շատ կարևոր է, ի վերջո, պատասխանել հետևյալ հարցին՝ իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման մեր տեսլականը և բանաձևը: Մենք այս հարցի շուրջ բազմիցս ենք քննարկումներ ունեցել ամենատարբեր ֆորմատներով, և իմ եզրակացությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու անկյունաքարը լեգիտիմությունն է: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ մենք պետք է ձևակերպենք խնդիրը շատ հստակ, իհարկե խնդիրը կամ ձևակերպումը շատ ակնհայտ է, բայց մենք պետք է սա չզլանանք վերաարձանագրել, իսկ արձանագրումը հետևյալն է, որ մենք խնդիր ենք դնում, որ Հայաստանի Հանրապետությունն իր միջազգայնորեն ճանաչված տարածքում կայանա, զարգանա՝ որպես իրավական, ժողովրդավարական պետություն: Եվ սա պետք է լինի մեր երկրի ապագայի ռազմավարական ընկալումը՝ Հայաստանի Հանրապետությունը որպես ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական պետություն, և սոցիալական պետություն: Իհարկե այս թվարկումը կարելի է շարունակել, բայց ես խոսում եմ այս պահին առաջնային ուղղությունների մասին: Հարց է ծագում, իսկ ո՞րն է Հայաստանի Հանրապետության տարածքը: Իրականում ես նորից ուզում եմ ընդգծել, որ մենք այս հարցին ոչ թե պետք է պատասխան գտնենք, այլ պետք է ուղղակի դարակներից հանենք և սեղանին դնենք գոյություն ունեցող պատասխանը: Ես հիմա կդժվարանամ ասել քանի տարի, բայց շատ վաղուցվանից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի չափն արձանագրվում է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշռով: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժամանակ առ ժամանակ ընդունում է Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը: Դա տեղի է ունեցել 2018թ. առաջ, դա տեղի է ունեցել 2018թ. հետո և մենք, ի վերջո, այս արձանագրումը պետք է անենք և մեր լեգիտիմությունը, լեգիտիմ հարցադրումներն, ակնկալիքները և շեշտադրումները պետք է անենք՝ հենվելով այս հենքի և տրամաբանության վրա: Ընդ որում, ես մեր գործողությունների և դիրքավորումների լեգիտիմությունը հայեցակարգային մակարդակով կապում եմ և պայմանավորում եմ «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի տրամաբանության շրջանակներում: Բայց ինչո՞ւ եմ սա ասում այսօր, հիմա՝ Արդարադատության նախարարությունում, որովհետև ասվածը նշանակում է, որ արտաքին անվտանգության ապահովման գործում մեր իրավաբանական հանրության դերը գնալով մեծանալու է: Սա շատ կարևոր շեշտադրում է, կարծում եմ՝ ակնհայտ բան է, բայց կան ակնհայտ բաներ, որ բոլորս, կամ գուցե գոնե ես, կամ շատ գործընկերներ, ամենօրյա շեշտադրման տիրույթում չեն ունենում, որովհետև տեսեք՝ մենք անվտանգություն ասելով սովորաբար հասկանում ենք բանակ, Զինված ուժեր, հասկանում ենք դիվանագիտություն: Երկուսն էլ ճիշտ են, այսինքն այստեղ խնդիր չկա, բայց մոռանում ենք անվտանգության ապահովման համար հենց լեգիտիմությունը, որի ապահովման գործառույթն առաջին հերթին մեր իրավաբանական հանրությանն է: Եվ ես այս շեշտադրումը ուզում եմ անել Արդարադատության նախարարի, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ներկայությամբ, իհարկե նաև ուզում եմ ընդգծել Սահմանադրական դատարանի դերն այս գործընթացում, ընդհանրապես՝ դատական համակարգի դերը: Ուզում եմ, որ մենք հենց այսպիսի աշխատանքի տրամադրվենք, որն, իմ կարծիքով, այս շրջափուլում անվտանգության ապահովման արդյունավետությունն էականորեն ավելացնելու է: Բայց նորից եմ ասում, լեգիտիմության ենթավերնագիրը մենք պետք է դնենք «հայրենիքը պետությունն է» հայեցակարգի ներքո, որովհետև երբեմն տարբեր դիտանկյուններից լեգիտիմությունը կարող է շատ լայն շրջանակ ստանալ: Իսկ դրա դեպքում, շրջանակ ասելով՝ ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքը և սահմանները»: Անդրադառնալով հաջորդ շեշտադրմանը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Աշխարհը փոխվում է, և անխուսափելիորեն փոխվելու է նաև մեր տարածաշրջանը, փոխվելու է նաև և փոխվում է նաև Հայաստանի Հանրապետությունը: Այս փոփոխությանը կարելի է ամենատարբեր կերպ վերաբերել: Բայց՝ անկախ նրանից, թե էվոլյուցիային ինչպես կվերաբերենք, այն տեղի է ունենում: Հետևաբար՝ մեր դիրքորոշումը և մոտեցումը պետք է լինի ոչ թե այն, որ այդ էվոլյուցիան կանգնեցնենք, սա ինքնին անտրամաբանական է, որովհետև էվոլյուցիան կանգնեցնելով՝ մենք դեգրադացիայի ենք հասնելու, այլ կառավարենք Հայաստանի Հանրապետության պետական շահերին համապատասխան: Այս առումով, Արդարադատության նախարարի հետ աշխատանքային մեկ-երկու քննարկման ժամանակ ես արձանագրել եմ, որ իմ ու նաև մի շարք գործընկերների կարծիքով, և այս միտքը ես բարձրաձայնում եմ, որպեսզի այն ավելի լայն քննարկման առարկա դառնա, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության: Ընդ որում, ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ սովորաբար այս թեմաների մասին խոսելիս առաջին ֆոկուսը հետևյալն է՝ այս ի՞նչ կառավարման համակարգ ենք ուզում փոխել և ո՞ւմ համար: Ուզում եմ ընդգծել, որ այդ հարցում իմ հրապարակային արտահայտած դիրքորոշումը որևէ փոփոխություն չի կրել: Ես համոզված եմ և ժամանակը՝ իհարկե, որոշ կասկածների փուլով, բայց ի վերջո ապացուցեց, որ ինձ համար գոնե և մի շարք գործընկերների համար Հայաստանի կառավարման խորհրդարանական մոդելը՝ հաշվի առնելով ժողովրդավարական մեր ձգտումները և ռազմավարությունները, ամենահարմարն է Հայաստանի Հանրապետության համար: Ընդ որում, ես հիմա ավելի եմ համոզվել, որ եթե 2020 թվականի հետպատերազմյան շրջանում մենք կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, մեր պետականության հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ գուցե շատերն ուզում էին, որ տեղի ունենա: Խոսքը սրա մասին չէ: Ես ուզում եմ հենց այս գլխից ասենք, որ կառավարման, օրինակ, ընթացիկ մոդելում քաղաքական առումով շատ բան փոխելու չկա: Դա մի փոքր մասնագիտական ոլորտի հարց է, օրինակ՝ դատաիրավական համակարգում ինչ է պետք փոխել: Նկատի ունեմ, քաղաքական առումով իմ խնդիրն ուրիշ է: Առաջինը, որ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ, մենք ինչքան էլ այդ խնդիրը փորձենք այլ ձևերով լուծել, Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմության հետ կապված, իմիջիայլոց, կարևոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում: Քանի որ երկու հարցում էլ Արդարադատության նախարարությունն, ըստ էության, շատ առանցքային դերակատարում ունի, ես ցանկացա սա ընդգծել, որպեսզի մենք առաջիկայում տրամադրվենք այսպիսի աշխատանքի: Նաև այս ուղերձը հղենք մեր իրավաբանական հանրությանը, որ իրավաբանական հանրության գործունեությունը Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգությունն ապահովելու տեսակետից առաջիկայում ակնհայտորեն մեծանալու է: Ընդ որում, ես այդ մոտեցման արդյունավետությանը հավատում եմ և տեսնում եմ նաև ու համոզված եմ, որ պրոֆեսիոնալ մոտեցման պարագայում, իսկապես, իրավաբանական աշխատանքն այդ դիրքորոշումների լեգիտիմությունը, մեր նույնիսկ քաղաքական որոշումների լեգիտիմությունն ապահովելու առումով կարող է բավականին մեծ էֆեկտներ և արդյունքներ ունենալ»,- նշել է վարչապետը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նախարարի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները: Զեկուցվել է, որ նախարարության բյուջեի կատարողականը կազմել է 99.4%:Նախարարության կողմից իրականացվել է Ներքին գործերի նախարարության ստեղծման և 2023թ. հունվարի 1-ից գործարկման ողջ գործընթացը: Վարչապետին են ներկայացվել դատական համակարգի բարեփոխումները: 2023թ. հունիսի 15-ից գործում է Վերաքննիչ հակակոռուպցիոն նոր դատարանը` ապահովելով հակակոռուպցիոն գործերի եռաստիճան մասնագիտացված քննությունը: Ավելի քան 250 դատավորի աշխատավարձ էապես բարձրացել է: Առաջին ատյանի դատարաններում` 60%-ով, վերաքննիչ դատարաններում` 55%-ով: Ներդրվել է դատավորների ընտրության նոր հատուկ կարգ, որով դատավորների թեկնածուները բարդ քննություն հանձնելով կարճ ժամանակում նշանակվում են որպես դատավոր։ Արդյունքում՝ այժմ գրեթե ամբողջությամբ համալրված է դատական համակարգը: Երևանում ձևավորվել են առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարանները: Դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով՝ այսուհետ բանկերը, ՈՒՎԿ-ները, կոմունալ և բջջային օպերատորները 2 միլիոն դրամը չգերազանցող բռնագանձման պահանջով դիմումները ներկայացնում են նոտարներին, այլ ոչ թե դատարան։ Արդյունքում շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների բեռը. ակնկալվում է, որ 2000-4000 գործ ունեցող քաղ. դատավորները գարնանից կունենան 200-300 գործ: Դատարանները մասամբ ազատվել են արբիտրաժային վճիռներով կատարողական թերթեր տրամադրելուց և տարեկան շուրջ 13.000 նման գործ այլևս չի մտնում դատարան: Անդրադառնալով դատարանների գործունեության ու ծանրաբեռնվածության հետ կապված հարցին՝ վարչապետը նշել է. «Մենք դատավորների խնդիրն էլ պետք է նկատի ունենանք: Կա՞ ստանդարտ միջազգային, ես չգիտեմ 2 տարում թե 4, բայց մենք պետք է այդ ստանդարտն ապահովենք: Եվ նորից եմ ասում՝ դա մենք դատավորների ու մեզ համար չենք անում՝ մենք անում ենք արդարադատությունը հասանելի դարձնելու համար: Եթե մենք ասում ենք՝ ուզում ենք լինել իրավական, ժողովրդավարական պետություն՝ կներեք, 5 տարի տևող դատական գործով չի կարող այդ հարցը լուծվել»: Գործարկվել է նոր Արբիտրաժային կենտրոնը, կազմակերպվել է նոր հաշտարարների ուսուցման դասընթաց, որի արդյունքում որակավորում է ստացել 14 նոր հաշտարար: Ներկայացվել է դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթների ցուցանիշը, ըստ որի՝ հաշվետու ժամանակահատվածում հարուցվել է 31 կարգապահական վարույթ: Վերջին մեկ տարում դադարել է 33 դատավորի լիազորություն, որից 10-ը՝ կարգապահական վարույթների հիման վրա: Բարելավել են դատարանների շենքային պայմանները, մասնավորապես՝ հիմնանորոգվել է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանի շենքը, վերանորոգվել է ԲԴԽ խորհրդակցական սենյակը, Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանը տեղակայվել է Թբիլիսյան 3/9 հասցեում նոր հիմնանորոգված տարածքում: Մեկնարկել է դատարանների շենքերի ստանդարտացման երկարաժամկետ ծրագիր: Զեկուցվել է, որ նախորդ տարում ընդունվել է Հակակոռուպցիոն 2023-2026թթ․ ռազմավարությունը: Ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվել. Հակակոռուպցիոն դատարանի բոլոր դատավորներն անցել են վերապատրաստում, առաջին ընթերցմամբ ընդունվել են դատավորների, դատախազների, քննիչների բարեվարքության ընթացիկ ուսումնասիրության նոր կառուցակարգերը: Մշակվել են կուսակցությունների ֆինանսական գործունեության թափանցիկության և ԿԿՀ կողմից վերահսկողության կառուցակարգերի լավարկման նախագծերը: Մշակվել են պետական և համայնքային պաշտոնյաների վարքագծի նոր կանոններ: Կատարելագործվել է ազդարարման համակարգն ու մեկնարկել է իրազեկման համապետական արշավ: Իրականացվել է բոլոր պետական մարմինների բարեվարքության հարցերով կազմակերպիչների կարողությունների զարգացում: Օրենքով հստակ սահմանվել են պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվերներ ընդունելու արգելքը, «նվեր» հասկացությունը, առաջին ընթերցմամբ ընդունված օրենքով սահմանվում են պետական սեփականություն դարձող գույքի տնօրինման եղանակները, դրանք տնօրինող մարմինները: Ներկայացվել է միջազգային պարտավորությունների իրականացման ընթացքը։ Հաստատվել է ԵԽ ԳՐԵԿՈ 4-րդ գնահատման փուլի «Կոռուպցիայի կանխարգելումը պատգամավորների, դատավորների և դատախազների շրջանում» զեկույցը: Լայնածավալ բարեփոխումների, ինչպես նաև ՀՀ պատվիրակության բանակցությունների արդյունքում ՀՀ-ն հաղթահարել է անհրաժեշտ շեմը: Ամփոփվել է ՏՀԶԿ 5-րդ փուլի «Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» մոնիթորինգային զեկույցը: Զեկուցվել է, որ մշակվել է անհայտ կորածների և գերիների վերաբերյալ օրենքի հայեցակարգը: ԱՆ նախաձեռնությամբ վավերացվել է 13-րդ լրացուցիչ արձանագրությունը՝ բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին։ Ներկայացվել են Հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները. ԱԺ է ներկայացվել 25 տարի առաջ ընդունված ԴԱՀԿ մասին օրենքի փոխարեն միջազգային չափանիշներին համապատասխան նոր օրենքի նախագիծը: Իրականացված բարեփոխումների շնորհիվ ՀԿԱԾ-ը՝ ի տարբերություն 2018 թ. -1.2 մլրդ դրամ բացասական եկամտաբերությամբ պետական հիմնարկի, 2023 թ. արդյունքներով դարձել է +1.4 մլրդ դրամ եկամտաբերությամբ կառույց, իսկ 2023թ. գանձված կատարողական ծախսերի չափը 15.5%-ով ավելի է 2022թ. ցուցանիշից: Նախորդ տարում հաստատվել են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2024-2026թթ. նոր ռազմավարական ուղղությունները: Զեկուցվել է, որ գերմանական մոդելով նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման փաթեթը փոխանցվել է Քաղաքաշինության կոմիտե, առկա է մրցույթում հաղթող կազմակերպություն, որը մինչև 2024թ. նոյեմբեր կներկայացնի նախագծանախահաշվային փաստաթղթերը: Ներկայումս իրականացվում է հողաշերտի փորձաքննություն տեղանքում կառուցապատման նպատակահարմարությունը պարզելու համար: Շահագործման է հանձնվել «Արմավիր» ՔԿ հիմնարկի օդափոխության, համակցված ջեռուցման և օդորակման համակարգը։ Ընթացիկ վերանորոգումներ են իրականացվել տարբեր ՔԿՀ-ներում: «Արմավիր» ՔԿՀ- ում առաջին անգամ ներդրվել է տեսազանգի միջոցով հանրային պաշտպան-վստահորդ հաղորդակցության պիլոտային ծրագիրը: Պրոբացիայի ծառայության կողմից իրականացվող տնային կալանք և վարչական հսկողություն խափանման միջոցները պատշաճ իրականացնելու համար ձեռք է բերվել 660 էլեկտրոնային հսկողության սարք: Ներկայացվել է Իրավական ակտերի փորձաքննության գործակալության կողմից իրականացված գործունեությունը, որի արդյունքում փորձագիտական եզրակացություն է տրվել 5002 իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ (2022թ. համեմատությամբ գրանցվել է 15% աճ): Արդարադատության նախարարությունը մեկնարկել է լայնածավալ թվայնացման գործընթաց, որի արդյունքում 2023թ. թվայնացվել են մի շարք համակարգեր՝ սնանկության, հաշտարարության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ինչպես նաև առաջին անգամ գործարկվելու է ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատավարությունը: 2023-ին «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ձեռք է բերվել 90 մասնագիտական նոր սարքավորում՝ փորձաքննությունները ճշգրիտ և ժամանակին իրականացնելու համար, արդյունքում՝ միայն 2023-ին իրականացվել է 3500 փորձաքննություն: Անդրադարձ է կատարվել նոտարական ոլորտին՝ նշվել է, որ արմատապես փոխվել է նոտարների քննության և նշանակման կարգը: Նվիրատվության գործարքներն այսուհետ կկնքվեն միայն նոտարական վավերացմամբ՝ հաշվի առնելով նաև այն, որ վերջին տարվա ընթացքում գործարքի իրական նպատակը` առուվաճառքը, նվիրատվությամբ քողարկելու միտում էր նկատվում, ինչի մասին վկայում էր նվիրատվության գործարքների կտրուկ աճը: 2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են Պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: 2023թ. ընթացքում ներկայացվել է 51275 հայտարարագիր: Կառավարություն է ներկայացվել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առաջին նախագիծը: Հունվարից կսկսվի Խորհրդի կողմից վերջնական քննարկումների փուլը: Ոլորտային քաղհասարակության հետ համագործակցությամբ և Freedom House-ի աջակցությամբ մշակվել է ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների ներդրման և օրենսդրական ճանաչման փաթեթ:
13:38 - 19 հունվարի, 2024
Խորհրդարանն ընդունեց Հայաստանում պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը

Խորհրդարանն ընդունեց Հայաստանում պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը

Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց անհատական պատվավոր կոչումների շնորհումը չեղարկելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը։  «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը ստացավ 64 կողմ, 31 դեմ ձայներ: Քննարկման ժամանակ նախագծին դեմ էին արտահայտվել ընդդիմադիր պատգամավորները։ Նախագծով առաջարկվում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքից և հարակից այլ օրենքներից հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ գիտության վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր ճարտարապետի, ՀՀ վաստակավոր շինարարի, ՀՀ վաստակավոր բժշկի, ՀՀ վաստակավոր իրավաբանի, ՀՀ վաստակավոր արտիստի, ՀՀ վաստակավոր նկարչի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մանկավարժի, ՀՀ վաստակավոր լրագրողի, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մարզչի կոչումները: Վերոնշյալի փոխարեն առաջարկվում է վերանայել ՀՀ-ում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում՝ ՀՀ վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը:
11:00 - 16 հունվարի, 2024
Հանդիպել են Հայաստանի և Պորտուգալիայի արդարադատության նախարարները

Հանդիպել են Հայաստանի և Պորտուգալիայի արդարադատության նախարարները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Պորտուգալիայում կայացած Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության Գլոբալ իրավունքի գերակայության հանձնաժողովի տարեկան նստաշրջանին երկկողմ հանդիպում է ունեցել Պորտուգալիայի արդարադատության նախարար տիկին Կատարինա Սարմենտո Է Կաստրոյի հետ։ Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են երկու երկրների արդարադատության ոլորտներում համագործակցության հնարավոր շրջանակները։ Մասնավորապես` անդրադարձ է կատարվել Պորտուգալիայի թվայնացման, քրեակատարողական ոլորտի առաջադեմ փորձին: Քննարկվել են նաև հաշտարարության՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությունները: «Երկու երկրների արդարադատության նախարարները մտքեր են փոխանակել նաև արդարադատության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել համագործակցությունը արդարադատության ոլորտում»,- նշվում է հաղորդագրությունում:
11:37 - 15 հունվարի, 2024
Խորհրդարանը քննարկում է անհատական պատվավոր կոչումների շնորհումը չեղարկելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը

Խորհրդարանը քննարկում է անհատական պատվավոր կոչումների շնորհումը չեղարկելու վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը

Մեկնարկել է Ազգային ժողովի 2024թ․ առաջին լիագումար նիստը։  Օրակարգում է նաև ՀՀ կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքից և հարակից այլ օրենքներից հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ գիտության վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր ճարտարապետի, ՀՀ վաստակավոր շինարարի, ՀՀ վաստակավոր բժշկի, ՀՀ վաստակավոր իրավաբանի, ՀՀ վաստակավոր արտիստի, ՀՀ վաստակավոր նկարչի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մանկավարժի, ՀՀ վաստակավոր լրագրողի, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մարզչի կոչումները: Այսպիսով՝ առաջարկվում է վերանայել ՀՀ-ում շնորհվող պատվավոր կոչումների համակարգը՝ սահմանելով միայն թիմերի խրախուսմանն ուղղված մեկ հավաքական պատվավոր կոչում՝ ՀՀ վաստակավոր կոլեկտիվ պատվավոր կոչումը: Ընդունման արդյունքում նախատեսվում է օրենքով սահմանված բնագավառներում գործող մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ ինքնադրսևորվելու ու գործելու, այդ թվում՝ ստեղծագործելու համար, ապահովել առանձին մասնագիտական հանրույթների ներսում առողջ մրցակցության ու բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ձևավորման, առանձին ոլորտներում օբյեկտիվ չափանիշներով աչքի ընկած մասնագետներին խրախուսելու արժանիքահեն, չափելի ցուցանիշների և մրցութային համակարգի վրա հենված գործիքակազմի ներդրում: Ըստ նախագծի հիմնավորման՝ պատվավոր կոչումների շնորհումը հաճախ դրական հետևանքներ ունենալու փոխարեն բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների և առանձին մասնագիտությունների ու կոլեկտիվների համարժեք հանրային ընկալման ձևավորման վրա: Նախագիծը խորհրդարանում զեկուցեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ Նա նշեց, որ այս տարիների ընթացքում, ընդհանուր առմամբ (վերջին 5 տարիներին՝ խմբ․), շնորհվել է 1181 պատվավոր կոչում․ «Այն անձինք, որոնց տրամադրվել են այս պատվավոր կոչումները, պահպանելու են իրենց իրավունքներն ու արտոնությունները և համապատասխան գումարային չափը, որը նրանց շնորհվում է ամենամսյա կտրվածքով»։ Այնուհետև Հարությունյանը մանրամասնեց, որ այսուհետ պետության կողմից չեն տրամադրվելու պատվավոր կոչումները, և այն կոչումները, որոնք տրվելու կամ այս կամ այն մրցանակաբաշխության ժամանակ հանձնվելու են տվյալ ոլորտում առանձնացված անհատների, լինելու են այդ ոլորտոի մասնագետների ձևավորած, այդ հանրույթում ձևավորված կարծիքի հիման վրա և նրանց կազմակերպած մրցանակաբաշխության արդյունքում։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե պետությունը տարեկան որքան գումար է ծախսում պետությունը պատվավոր կոչում ունեցող անձանց համար, Հարությունյանը պատասխանեց, որ ամսական 40 000-ական դրամ է տրամադրվում յուրաքանչյուր անհատին։ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն էլ հարց ուղղեց, թե արդյո՞ք պետությունը գումար է խնայում՝ այս նախագիծը ներկայացնելով, և արդյո՞ք պետությունը չպետք է միջամտի և խրախուսի արվեստ ստեղծող մարդկանց։ Արդարադատության նախարարի տեղակալը բացասական պատասխան տվեց առաջին հարցին՝ հայտնելով, որ պատվավոր կոչում ունեցող անձինք շարունակելու են ստանալ գումարները, որոնք նախատեսված են ՀՀ կառավարության որոշումներով։ Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, Հարությունյանն ընդգծեց, որ պետությունը չի բացառելու միջամտությունը ոլորտային մրցանակաբաշխություններին․ «Հակառակը, պետությունը ոլորտային մրցանակաբաշխությունները խրախուսելու է և հնարավորության սահմաններում աջակցելու է դրանց գոյությանը, ուղղակի չի միջամտելու որոշումների կայացմանը և մրցանակների շնորհմանը»։ Արմենուհի Հարությունյանի խոսքով պարտադիր չէ մասնագետին պետության կողմից շնորհել կոչում նրա ժողովրդականությունն ապահովելու համար, նրա գործունեությունը լուսաբանելու համար ուրիշ միջոցներ են անհրաժեշտ։ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Արփի Դավոյանն էլ հայտնեց, որ նախագիծը երկար քննարկել են հանձնաժողովի նիստի ժամանակ, ընդդիմադիր պատգամավորները տարբեր փաստարկներ են ներկայացրել և դեմ են արտահայտվել նախագծին։ «Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արտասահմանյան երկրներում որպես կանոն չեն գործում առանձին մասնագիտությունների տեր անձանց արժևորման կոնկրետ ձևաչափեր և ավելի շատ խրախուսվում է մարդկանց խմբային, կոլեկտիվ գործունեությունը։ Մենք ևս ուզում ենք ներդնել այս մոտեցումը մեր օրենսդրությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ այս կոչումները Խորհրդային Միությունից մնացած նորմեր են, և այն ժամանակ կոնկրետ հարց լուծելու համար են ներդրվել։
11:28 - 15 հունվարի, 2024
Համացանցում տարածված տեսանյութը նկարվել է մինչև 2022 թվականը, տեսանյութում պատկերված քրեակատարողական ծառայողը ազատվել է ծառայությունից

Համացանցում տարածված տեսանյութը նկարվել է մինչև 2022 թվականը, տեսանյութում պատկերված քրեակատարողական ծառայողը ազատվել է ծառայությունից

Համացանցում տարածում է ստացել մի տեսանյութ, որում ազատությունից զրկված անձինք քրեակատարողական ծառայողի ներկայությամբ և թողտվությամբ անարգել շրջում են քրեակատարողական հիմնարկի միջանցքում, լսում են բարձր երաժշտություն և այդ ամենը նկարահանում արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսով։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից: Տեսանյութի կապակցությամբ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն կատարվել է մինչև 2022 թվականի սեպտեմբեր, քանի որ տեսանյութում պատկերված դատապարտյալ Լ․Մ․-ն 2022 թվականի սեպտեմբերի 9-ին պատժի լրիվ կրումով ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից, այսինքն՝ 2022թ․ սեպտեմբերի 9-ից հետո վերջինս քրեակատարողական հիմնարկում չէր կարող գտնվել և այդ տեսանյութում չէր կարող պատկերվել։ Միաժամանակ իրազեկում ենք, որ տեսանյութում պատկերված քրեակատարողական ծառայող Դ․Ա․-ն Քրեակատարողական ծառայության պետի 08․01․2024թ․ հրամանով ազատվել է ծառայությունից։
12:41 - 12 հունվարի, 2024
Գնումների ամբողջ գործընթացը պետք է թվայնացվի․ Գրիգոր Մինասյան
 |armenpress.am|

Գնումների ամբողջ գործընթացը պետք է թվայնացվի․ Գրիգոր Մինասյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել է, որ գնումների գործընթացներում  կոռուպցիան նվազագույնի է հասցվել։ Գրիգոր Մինասյանն այս մասին ասել է հունվարի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ գնումների գործընթացը կատարելագործելու լավագույն միջոցը դրա թվայնացումն է և մարդուն որոշումների կայացման գործընթացից բացառելը։ « Պետք է թվայնացնենք գնումների ամբողջ գործընթացը։ Անհրաժեշտ է նաև սահմանել վերահսկողական մեխանիզմներ և հստակեցնել պատասխանատուներին, որովհետև շատ դեպքերում՝ նույնիսկ արդարադատության բլոկի մրցույթներում, դժվար է հասկանալ, թե ով և ինչի համար է պատասխանատու։ Օրինակ՝ դատարանի շենքի կառուցման մրցույթ է հայտարարվում, մի քիչ պատասխանատու է արդարադատության նախարարությունը, մի քիչ քաղաքաշինության կոմիտեն, մի քիչ դատական դեպարտամենտը, և այս դեպքում շատ հեշտ է պատասխանատվությունը մեկը մյուս վրա գցելը»,- ասաց Մինասյանը։ Նախարարը նաև խոսեց գնումների գործընթացի ժամկետները կրճատելու անհրաժեշտության մասին։ «Երբ ամեն բան արվում է օրենքի տառին համապատասխան, գործընթացը շատ երկար է տևում»,- ասաց Մինասյանը։
16:36 - 08 հունվարի, 2024
Գնդակն այժմ իրավապահների, դատավորների, դատախազների դաշտում է․ Մինասյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին
 |armenpress.am|

Գնդակն այժմ իրավապահների, դատավորների, դատախազների դաշտում է․ Մինասյանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում 2023 թվականին ամբողջությամբ ավարտել է ինստիտուցիոնալ կայացման շրջափուլը։ Հունվարի 8-ին կայացած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե նախարարությունը առաջիկայում ի՞նչ քայլեր է ձեռնարկելու կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում և արդյոք բավարա՞ր է գնահատում այդ ուղղությամբ ներկա վիճակը։ «Ունենք հակակոռուպցիոն կոմիտե, հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարան, վերաքննիչ առանձին դատարան, հակակոռուպցիոն առանձին վճռաբեկ պալատ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն աշխարհում եզակիներից է, ունենք կոնսեսուսային շատ լավ մշակված հակակոռուպցիոն ռազմավարություն։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ հազվագյուտ է լինում, որ նման ծավալի մեծ փաստաթուղթը ընդունելուց հետո հասարակական և մասնագիտական սեկտորից բացասական գնահատականներ չլինեն, իսկ մենք ունենք ռազմավարություն, որ մեկ բացասական գնահատական չի ստացել։ Բարձրացվել են աշխատավարձերը բոլոր ուղղություններով։ Կոռուպցիայի հակազդման համակարգերին տրված աշխատավարձն այնքան է, որ այլևս ոչ մի անկախ մարմին չի կարող ասել, որ աշխատավարձը ցածր է, դրա համար արդյունավետ չեն»,- ընդգծեց Մինասյանը։ Նրա խոսքով՝ այս ինստիտուցիոնալ կայացման փաթեթը պատրաստ է, և այժմ եռամսյակը մեկ պետք քաղել պտուղները՝ որակյալ նախաքննությամբ և արագ ու արդար դատավարությամբ։ « Կառավարությունը հակակոռուպցիոն ռազմավարության և քաղաքականության իրականացման շրջանակներում մեծ մասը իրականացրել է։ Այժմ գնդակը գտնվում է մեր իրավապահների, դատավորների, դատախազների դաշտում»,-եզրափակեց Մինասյանը։
15:24 - 08 հունվարի, 2024