Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
ՀՀ-ի և Արցախի համար այս ծանր ժամանակահատվածում առկա բոլոր փորձությունները կդիմագրավվեն համազգային միասնականությամբ. կաթողիկոսը հանդիպել է Արայիկ Հարությունյանին

ՀՀ-ի և Արցախի համար այս ծանր ժամանակահատվածում առկա բոլոր փորձությունները կդիմագրավվեն համազգային միասնականությամբ. կաթողիկոսը հանդիպել է Արայիկ Հարությունյանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 30-ին այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ մշտապես Արցախին սատար կանգնելու համար՝ ընդգծելով, որ հերթական անգամ հայ ժողովուրդը, հատկապես՝ արցախահայությունը ճակատագրական ժամանակներ է ապրում և Կաթողիկոսի ու հոգևոր դասի աղոթքներն ու ջանքերը շատ կարևոր են առկա փորձությունները հաղթահարելու համար։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Արցախի նախագահին ու ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր ու պատասխանատու ժամանակահատվածում առկա բոլոր դժվարություններն ու փորձությունները կդիմագրավվեն համազգային միասնականությամբ ու մեր ժողովրդին հատուկ արիության և տոկունության ոգով։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, 44–օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերին և անվտանգության խնդիրներին։ Երկուստեք մտահոգություն են արտահայտել Ադրբեջանի կողմից շարունակվող սադրիչ գործողությունների և հայատյաց քաղաքականության կապակցությամբ։ Նորին Սրբությունը և ԱՀ նախագահը կարևորել են բարեկամ երկրների և միջազգային հանրության զորակցությունն Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության գործում՝ անհրաժեշտ համարելով նաև աշխարհասփյուռ հայության հետևողական աջակցությունը՝ ի նպաստ Արցախի զորացման և ապահով ու անվտանգ կյանքի կերտման։ Զրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի թեմի գործունեությանը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգության պահպանության խնդիրներին։
14:17 - 30 ապրիլի, 2022
Խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ․ այն ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է․ Նիկոլ Փաշինյան

Խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ․ այն ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի և Արցախի կառավարությունների ֆինանսատնտեսական բլոկը ներկայացնող պաշտոնյաները: Մինչ քննարկման մեկնարկը, Նիկոլ Փաշինյանը և Արայիկ Հարությունյանը հանդես են եկել բացման խոսքերով, որոնք ներկայացվում են ստորև. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան - Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ձեզ տեսնելու համար և ողջունում եմ: Իհարկե, մենք մշտական և ամենօրյա կապի մեջ ենք, բայց նաև այսպիսի հանդիպումները հնարավորություն են տալիս ամփոփել կատարված համատեղ աշխատանքները և պլանավորել հետագա անելիքները: Ես ուզում եմ ընդգծել հետևյալ հանգամանքը. գործնականում մենք, ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, այնպես էլ պատերազմից հետո, նաև պատերազմի ընթացքում մեր աշխատանքները մշտապես կոորդինացրել ենք և կարևոր ենք համարել, որ Արցախի իշխանությունները լիարժեք տեղեկացված լինեն մեր ծրագրերի, անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող բանակցությունների բովանդակությանը և ընթացքին, մարտահրավերներին և հնարավորություններին: Այս սկզբունքը պահվել է միշտ, և շարունակելու է այդպես լինել: Գիտեք, ես երբեմն մտածում եմ, թե այդ մասին հատուկ շեշտադրում անելու անհրաժեշտություն չկա, որովհետև դա այնքան տրամաբանական փաստ է, որ շեշտադրելը նույնիսկ երբեմն կարող է ավելորդ լինել: Բայց ևս մեկ անգամ ուզում եմ արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը: Եվ, հետևապես, այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ, ուղղակի անտրամաբանական է, և նման բան երևակայելն ուղղակի անհնար է: Այս է պատճառը, որ մենք մշտապես, պարոն նախագահ, Ձեզ հետ անձամբ կապի մեջ ենք: Նաև մեր մյուս գործընկերներն աշխատում են զուգահեռ Արցախի գործընկերների հետ: Կարևոր եմ համարում և բարձր եմ գնահատում Ձեր՝ վերջին շրջանում արած մի հայտարարություն այն մասին, որ Արցախի իշխանությունները նույնպես, ըստ էության, որդեգրում են խաղաղության օրակարգը: Եվ ես ուզում եմ ասել, որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ: Խաղաղության օրակարգը պատերազմի արհավիրքը և պատերազմին հաջորդած դժվարությունները հաղթահարելու, ժողովրդի անվտանգությունը, իրավունքները, ապագան երաշխավորելու օրակարգ է: Եվ պիտի ասեմ, որ շատ դաժան, դժվար աշխատանքի արդյունքում ես պետք է այսօր արձանագրեմ, որ տեսնում եմ այն ճանապարհը, ընդ որում՝ տեսնում եմ այն քայլերի հաջորդականությունը, որոնք մեզ պետք է հանգեցնեն այն հանգրվանին, որի մասին մենք անընդհատ խոսում ենք, քննարկում ենք և որի մասին բարձրաձայնել ենք: Այն է՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության և իրավունքների երաշխավորումը, և, ինչպես նախկինում ասել եմ, շատ կարևոր սկզբունք կա, որ արցախցին ապրի Արցախում, իրեն համարի արցախցի, ղարաբաղցի և հայ: Եվ այս է այն օրակարգը, որ մենք համատեղ պետք է առաջ մղենք: Բայց ուզում եմ նաև ասել, որ մեր համատեղ աշխատանքի հսկայական հատվածը վերաբերում է սոցիալ-տնտեսական ոլորտին: Եվ սա առանցքային է, որովհետև էլի սկզբունքային է, որ մենք ամեն ինչ անենք, որպեսզի Արցախում մարդիկ ապրեն, իրենց զգան անվտանգ և ապագա տեսնեն Արցախում ապրելով: Իհարկե, նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է, Հայաստանի Հանրապետության մասին է, և ես համոզված եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում: Սա շատ կարևոր է: Ես համոզված եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում և ուրախ եմ և ուրախ եմ լինում, երբ Արցախի իշխանություններն այդ համոզմունքը կիսում են: Կրկին ողջունում եմ, մեծարգո պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, և մեզ այսօր արդյունավետ քննարկում եմ մաղթում:   Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան - Մեծարգո վարչապետ, Հարգելի գործընկերներ, Բարեբախտաբար, այսօր Արցախում քաղաքական առումով ձևավորված է ընդհանուր մթնոլորտ, և արցախահայությունը նախ, առաջինը՝ իհարկե, ողջունում է ու ընդունում է խաղաղության օրակարգը, քանի որ արցախցիներից ավելի շատ խաղաղության գին իմացող երևի թե չկա: Բայց, մյուս կողմից, ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որին մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում: Դրա համար այն տեսակետը, որը ձևավորված է՝ որ ցանկացած թեմա, ցանկացած փաստաթուղթ քննարկվելու է Արցախի իշխանության հետ, և, իհարկե, նաև լինելու է ժողովրդի տրամադրություններից բխող, ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել: Իհարկե, նաև ֆիքսել, որ այլ ձև հնարավոր էլ չէ, այսինքն՝ հնարավոր չէ մի փաստաթուղթ, որն Արցախի ժողովուրդը մերժի: Դա մենք բոլորս հասկանում ենք և այդ առումով հասկանում ենք նաև, որ երկար քաղաքական պայքար ունենք տանելու: Երկրորդը՝ անվտանգային բաղադրիչը, որն այսօր ամենակարևորն է: Բարեբախտաբար, վերջին ժամանակահատվածում արդեն ռուս խաղաղապահների, իհարկե, անմիջապես միջնորդությամբ կարծես թե կայունացել է, և այսօր հիմք և հնարավորություն է տալիս արդեն քննարկելու սոցիալ-տնտեսական ծրագրերը: Իսկ, ամենակարևորը, սոցիալ-տնտեսականն է այս փուլում. եթե չլինի մարդ Արցախում, ապա անիմաստ են դառնում քաղաքական պայքարը և նաև անվտանգության մասին խոսելը: Դրա համար ժողովրդագրությունը և սոցիալ-տնտեսական ծրագրերն այսօր նորից դառնում են կարևոր, ակտուալ, և այն ծրագրերը, որոնց սկիզբ է դրվել պատերազմից հետո, շարունակվում են: Եվ գտնում ենք, որ դրանք ոչ միայն պետք շարունակվեն, այլև այն հավակնոտ ծրագրերը, որ սկսել ենք, ավարտենք: Եվ մեր գլխավոր նպատակը, գլխավոր խնդիրն այս փուլում քաղաքական, անվտանգային, նաև ժողովրդագրական ու սոցիալ-տնտեսական հարցերն են: Այս ամենում որևէ խնդիր չենք ունեցել: Բայց նաև կան հարցեր, որոնց մասով ակնկալում ենք այսօրվա քննարկման ժամանակ ստանալ պատասխաններ, որով պայմանավորված են լինելու մեր հետագա քայլերը՝ այդ ծրագրերը շարունակելու առումով: Շնորհակալություն: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պարոն նախագահ, շատ ճիշտ նկատեցիք, որ անվտանգությունն այսօր թիվ մեկ խնդիրն է, և պիտի արձանագրեմ, որ մեր մտահոգությունը՝ ադրբեջանական ստորաբաժանումների՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու փաստը, իհարկե, շարունակում է մեզ անհանգստացնել, և մենք, ինչպես բազմիցս ասել ենք և շարունակում ենք այդ դիրքորոշումն ունենալ՝ հույս հայտնելով, որ ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հետևողականորեն կապահովեն ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց: Սա կարևոր խնդիր է, և կարծում եմ՝ նաև արցախցիների համար է կարևոր խնդիր՝ գնահատելու համար անվտանգության երաշխիքների այն համակարգը, որն այսօրվա դրությամբ ներդրված է Արցախում: Շնորհակալ եմ:
13:18 - 29 ապրիլի, 2022
Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ․ Արայիկ Հարությունյան

Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 27-ին հանդիպում է ունեցել Արցախի դատախազության և քննչական կոմիտեի պատասխանատուների հետ։ Բարձր գնահատելով երկրում օրինականության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, այդ թվում՝ կոռուպցիոն երևույթների բացահայտման գործում ունեցած հաջողությունները՝ նախագահը նշել է, որ արդյունավետ փոխգործակցության սկզբունքով անհրաժեշտ է հետևողական կերպով շարունակել աշխատանքը՝ հանցագործության ցանկացած դեպքի մանրակրկիտ քննությամբ և պատժողական քաղաքականությամբ ապահովելով քրեական արդարադատության նպատակները, ներառյալ՝ նոր հանցագործությունների կանխումը: Անդրադառնալով ներքին և արտաքին մարտահրավերներին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ անկախ բոլոր տեսակի շահարկումներից՝ Արցախի իշխանությունների համար գերակա է մնում Արցախի ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի իրավունքի իրացումն ու պաշտպանությունը սեփական հայրենիքում: «Մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ ընտրել ենք խաղաղության օրակարգը: Սակայն ինչպես նշել եմ անցած տարեվերջին իմ հայտարարության մեջ, արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է»,- ասել է Արցախի նախագահը և ավելացրել, որ Արցախի իշխանություններն ամբողջությամբ հավատարիմ են մնում այն որդեգրած սկզբունքներին, որոնց հիման վրա անցած ավելի քան երեք տասնամյակներում պետականություն է կառուցվել:
18:36 - 27 ապրիլի, 2022
Արցախի նախագահը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուների հետ

Արցախի նախագահը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուների հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 25-ին հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուների և քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Կարևորելով քաղաքային իշխանությունների հետ փոխգործակցված աշխատանքը՝ երկրի ղեկավարը նշել է, որ, ինչպես Արցախի բոլոր համայնքների, այնպես էլ Ստեփանակերտի կենսագործունեության ապահովման հարցերը մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում։ Այս համատեքստում ԱՀ նախագահն ընդգծել է, որ կառավարությունը շարունակելու է պետական բյուջեից միջոցներ հատկացնել մայրաքաղաքում նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար, որոնցից ամենակարևորը Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգի կարողությունների բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերն են, ինչի արդյունքում ամռանը բնակիչները խմելու ջրի խնդիր չեն ունենա: «Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի ներկա փուլին՝ նախագահը շեշտել է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները հավատարիմ են մնում ազատ և անկախ պետականության համար պայքարին՝ ընդգծելով, որ կարգավիճակի հետ կապված ցանկացած որոշում պետք է կայացվի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի համաձայնությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:  
22:20 - 25 ապրիլի, 2022
Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Արցախի նախագահը կառավարության ընդլայնված նիստ է հրավիրել

Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. Արցախի նախագահը կառավարության ընդլայնված նիստ է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ապրիլի 25-ին տեղի է ունեցել կառավարության ընդլայնված նիստ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։  Երկրի ղեկավարը ներկայացրել է Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը և Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները, մասնավորապես՝ վերջերս Հայաստանի Հանրապետության վարչապետի մասնակցությամբ Բրյուսելում և Մոսկվայում կայացած հանդիպումների համատեքստում։ Նախագահը շեշտել է, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ: Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ հետպատերազմյան շրջանում է՛լ ավելի է մեծացել ԱՀ և ՀՀ պետական կառավարման համակարգերի միջև սերտ կապեր ունենալու և ՀՀ գործընկեր գերատեսչությունների հետ փոխգործակցության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը։ Այդ համատեքստում երկրի ղեկավարը հանձնարարել է կառավարության անդամներին ցուցաբերել նախաձեռնողականություն՝ ընդգծելով, որ պետական մակարդակով առաջիկայում քայլեր կձեռնարկվեն այդ կապերն ավելի ամրապնդելու ուղղությամբ: Հանրապետության նախագահն անդրադարձ է կատարել նաև երկրի կենսագործունեության և սոցիալ-տնտեսական զարգացման հարցերին՝ նշելով, որ բնակարանաշինական աշխատանքները շարունակվելու են ամբողջ ծավալով, սակայն առաջնահերթություններից ելնելով՝ վերանայվելու են կապիտալ ներդրումների մի շարք ծրագրեր: Խոսելով պետական կառավարման համակարգի աշխատանքի մասին՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ շարունակական ջանքեր պետք է գործադրվեն պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ պահանջելով տեսչական ու վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական մարմիններից ավելի մեծ ուշադրություն դարձնել գնումների իրականացման գործընթացների և ֆինանսների արդյունավետ ծախսման վրա: Նախագահը հանձնարարել է անզիջում և հետևողական պայքար տանել կոռուպցիոն երևույթների դեմ և բացառել բոլոր հնարավոր չարաշահումները: Երկրի ղեկավարը զգուշացրել է կառավարության անդամներին, որ պետական պաշտոնյայի ցանկացած չարաշահման դեպքում օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ են կիրառվելու: Նիստի ընթացքում շահագրգիռ կառույցների պատասխանատուներին քննարկված հարցերի վերաբերյալ Արցախի նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ։
18:02 - 25 ապրիլի, 2022
Հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, հանուն մեր սերունդների ապագայի` Արցախը պետք է լինի միշտ հայկական, կանգուն ու անառիկ․ Արայիկ Հարությունյանի ուղերձը

Հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, հանուն մեր սերունդների ապագայի` Արցախը պետք է լինի միշտ հայկական, կանգուն ու անառիկ․ Արայիկ Հարությունյանի ուղերձը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այս օրերին Արցախում, ինչպես մայր Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում, որտեղ ապրում է գոնե մեկ հայ, սգում և ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1,5 միլիոն անմեղ հայերի, որ զոհ դարձան  1915 թվականին Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրականացված հրեշավոր ծրագրի: Դա ոճրագործություն էր՝ ուղղված ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության դեմ, և խարան՝ բոլոր նրանց համար, ովքեր մինչև հիմա չեն ընդունել ու չեն դատապարտել այն՝ ճանապարհ բացելով նոր կոտորածների ու հանցագործությունների համար: Մեծ Եղեռնից ավելի քան հարյուր տարի հետո էլ մենք կրկին կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, կրկին ստիպված ենք պայքարել հանուն ազգային ու համամարդկային արժեքների, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության, հանուն սեփական հողում ազատ ու անկախ ապրելու մեր բնական իրավունքի լիարժեք իրացման: Ամբողջ աշխարհի աչքի առջև այսօր Ադրբեջանը շարունակում է բացահայտ կերպով Արցախի ժողովրդի հանդեպ իրականացնել հայատյաց ու ռազմատենչ քաղաքականություն՝ կոպտորեն խախտելով ու ոտնահարելով համընդհանուր ընդունված ու ճանաչված միջազգային իրավունքի բոլոր նորմերն ու սկզբունքները: Աշխարհի առաջադեմ մարդկությունը պետք է կանգնի Արցախի խաղաղ բնակչության կողքին, որովհետև մենք այլընտրանք չունենք, մենք հաստատակամ ենք մեր որոշման մեջ՝ ապրել և արարել մեր նախնիների հողում, հող, որը սրբագործվել է հայ ժողովրդի հազարավոր որդիների թափած արյամբ:  Հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, հանուն մեր սերունդների ապագայի` Արցախը պետք է լինի միշտ հայկական, կանգուն ու անառիկ»:
10:31 - 24 ապրիլի, 2022
Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել ու տեղեկացրել է ՀՀ—ՌԴ վերջին բանակցությունների արդյունքների մասին

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել ու տեղեկացրել է ՀՀ—ՌԴ վերջին բանակցությունների արդյունքների մասին

Ապրիլի 22-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամները և ԱՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։  Նախագահ Հարությունյանը տեղեկություններ է հաղորդել ՀՀ-ՌԴ վերջին բանակցությունների արդյունքների մասին՝ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման գործընթացների համատեքստում: Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է Արցախի Հանրապետության դիրքորոշումը, այն է՝ շարունակել անկախության ճանապարհը՝ ուղեցույց ունենալով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ներկա ռազմաքաղաքական իրավիճակից բխող հարցեր:
20:01 - 22 ապրիլի, 2022
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱրՊՀ գիտական խորհրդի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԱրՊՀ գիտական խորհրդի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 16-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  քննարկվել են տարածաշրջանին առնչվող հիմնախնդիրները՝ վերջին աշխարհաքաղաքական իրադարձությունների համատեքստում: Նախագահ Հարությունյանը, ներկայացնելով Արցախի առջև ծառացած մարտահրավերները, խոսել է ձեռնարկվող քայլերից: «Արցախը շարունակում է պայքարն իր ինքնորոշման իրավունքի իրացման համար՝ չընդհատելով անկախ պետականաշինության գործընթացը»,- նշել է Նախագահը՝մանրամասնելով Արցախի ապագային առնչվող ռիսկերը, տեսլականն ու ռազմավարությունը: «44-օրյա պատերազմից հետո Արցախի անվտանգային նոր համակարգը ձևավորվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համագործակցությամբ: Խաղաղապահները ներգրավված են շփման գծում ծագող խնդիրների լուծմանը: Ակնկալելով նրանց թվաքանակի ավելացում՝ մենք զուգահեռաբար բարելավում ենք անվտանգության սեփական մեխանիզմները»,- նշել է Ա. Հարությունյանը: Քննարկվել են նաև ստեղծված պայմաններում Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ժողովրդագրական վիճակի բարելավմանը, գիտակրթական ոլորտում և հանրային կյանքում եղած խնդիրներին առնչվող հարցեր:  Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը:
16:08 - 16 ապրիլի, 2022
Արցախի նախագահն ընդունել է կամավորականների

Արցախի նախագահն ընդունել է կամավորականների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 15-ին ընդունել է մի խումբ քաղաքացիների, որոնք վերջին օրերին շփման գծում առաջացած լարվածության ընթացքում կամավորական սկզբունքով ծառայության են մեկնել: Այս մասին հայտնում է Արցախի կառավարությունը։ «Շնորհակալություն հայտնելով հայրենասիրության բարձր գիտակցության համար՝ երկրի ղեկավարն արդյունավետ է գնահատել նրանց կատարած աշխատանքը` ընդգծելով այն Պաշտպանության բանակի և ուժային այլ կառույցների ստորաբաժանումների հետ համագործակցված եղանակով իրականացնելու հանգամանքը։ Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում անգամ միասնական ջանքերով հնարավոր է հաղթահարել առկա մարտահրավերները: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Հանրապետությունում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին ու առաջիկա անելիքներին, ինչպես նաև պատասխանել կամավորականներին հուզող հարցերին»,- նշված է գրառման մեջ:
21:51 - 15 ապրիլի, 2022
Սահմանվել են Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները

Սահմանվել են Արցախի տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ սահմանվել են Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները: Ինչպես տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, այդ կանոնները հետևյալն են. 1. Արցախի Հանրապետության տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում, ելնելով պետական և հասարակական արտաքին և ներքին անվտանգության ապահովման անհրաժեշտությունից, ռազմական բնույթի տեղեկատվության, պետական անվտանգությանը վերաբերող ոչ ռազմական բնույթի տեղեկատվության, Արցախի Հանրապետության սահմանային իրավիճակին վերաբերող տեղեկատվության և հրապարակումների, մարտական տեխնիկայի, զինված ուժերի և այլ զորքերի վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում), կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված կամ հրապարակված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման): 2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) առերևույթ կեղծված ներկայացվող և (կամ) հերքող հաղորդումների հրապարակումն արգելվում է: 3. Արգելվում է Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը: 4. Հաղորդումների հետ կապված պաշտոնական հայտարարություններով­ հանդես են գալիս Արցախի Հանրապետության Նախագահը, Արցախի Հանրապետության համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմինները, իսկ այլ անձինք` Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ: 5. Հաղորդումները հրապարակվում են Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի կամ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության կամ համապատասխան ոլորտի պետական լիազորված մարմինների ղեկավարների կամ լիազորված ներկայացուցիչների միջոցով։ 6. Պաշտոնատար անձինք և պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հանդես գալ հաղորդումների վերաբերյալ հայտարարություններով­ և մեկնաբանություններով­ միայն Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան: 7. 1-3-րդ կետերով նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Արցախի Հանրապետության ոստիկանությունը: Արցախի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք»: Սահմանված կանոնների խախտումը ենթադրում է և՛ վարչական, և՛ քրեական պատասխանատվություն: Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.5-րդ հոդվածի հետևյալ մասերով նախատեսված են՝ «5. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը` առաջացնում են տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով: Լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված տույժերին ենթարկվելուց հետո՝ անհապաղ, ռազմական դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` լրատվական գործունեություն իրականացնողի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով, իսկ լրատվական գործունեություն չիրականացնող անձանց նկատմամբ` յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով»: Իսկ Քրեական օրենսգրքի 321.4-րդ հոդվածը սահմանում է՝ «1. Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը, որն էական վնաս է պատճառել անձանց կամ կազմակերպությունների իրավունքներին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»»:
10:39 - 15 ապրիլի, 2022
Արցախի նախագահը հանդիպել է ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ

Արցախի նախագահը հանդիպել է ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 14-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և հանդիպել ՊԲ բարձրագույն հրամանատարական կազմի հետ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Երկրի ղեկավարը նախ լսել է ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանի զեկույցը շփման գծի օպերատիվ-մարտավարական իրավիճակի վերաբերյալ, ապա մանրամասն անդրադարձել Հանրապետությունում առկա ռազմաքաղաքական իրավիճակի վերջին զարգացումներին: Խոսելով անվտանգային խնդիրների մասին՝ նախագահ Հարությունյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պաշտպանական բոլոր ծրագրերը պետք է համադրված լինեն Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գործառույթների հետ՝ ավելացնելով, որ գերխնդիրը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի խաղաղ և ինքնիշխան կյանքի ապահովումը: Հանդիպման ընթացքում տեղի են ունեցել մտքերի փոխանակում, Նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին: 
20:04 - 14 ապրիլի, 2022