Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ
 |civilnet.am|

Հայաստանում նախատեսում են կիրառել ջրծաղիկի դեմ պատվաստանյութ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանում նախատեսվում է ջրծաղիկի պատվաստանյութի կիրառություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ 2024-ին իմունականխարգելման ազգային ծրագրի համար հատկացումներն ավելանալու են 16,4 տոկոսով: «Դրա շնորհիվ մեր երկրում կարողանալու ենք ներդնել ջրծաղիկի պատվաստանյութի կիրառումը: Կարծում եմ՝ սա կնպաստի մեզ մոտ երեխաների, նաև զորակոչիկների առողջության պահպանմանն ու աշխատունակության պահպանմանը, նաև որոշակի առումով անվտանգային կարևոր լուծում է»,- ասել է նախարարը։ Ավանեսյանը նշում է, որ ջրծաղիկը բարձր վարակելիություն ունի. «Եթե մանկապարտեզում մեկ խմբում ջրծաղիկի դեպք է գրանցվում, ապա այդ հաստատությունում գրեթե բոլորը վարակվում են, լինում են նաև ծանր դեպքեր»:
14:29 - 06 նոյեմբերի, 2023
Ավանեսյանը՝ անչափահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների վաճառքի ու օգտագործման արգելքի մասին |1lurer.am|

Ավանեսյանը՝ անչափահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների վաճառքի ու օգտագործման արգելքի մասին |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության ոլորտի՝ 2024 թվականի բյուջետային հատկացումների մասին քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը տեղեկացրեց, որ շատ ծնողներ դիմել են իրեն և այլ պատգամավորների՝ Էներգետիկ ըմպելիքների օգտագործումը, նաև վաճառքն անչափահասների շրջանում արգելելու հարցով: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անչափահասների շրջանում էներգետիկ ըմպելիքների օգտագործումն ու վաճառքը նույնքան անընդունելի համարեց, որքան ալկոհոլինն ու ծխախոտինը՝ նշելով, որ երևույթը բացասաբար է անդրադառնում նրանց ֆիզիկական աճի և հոգեկան առողջության վրա: «Եթե էներգետիկի մասով մենք չունենք նման կարգավորում, ապա ալկոհոլի և ծխախոտի մասով ունենք կարգավորումներ, և պետք է վերահսկողության ուժեղացմամբ էլ հասնենք նրան, որ երեխաներին ուղղակի անհնար լինի ծխախոտ վաճառելը, անհնար լինի ալկոհոլ վաճառելը»,- ասաց նախարարը, ապա ընդգծեց, որ չնայած ալկոհոլի և ծխախոտի դեպքում կա օրենքով սահմանված արգելք՝ այն չվաճառելու, սակայն այսօր էլ հնարավոր է խանութներից դուրս գալիս տեսնել անչափահասների՝ ծխախոտը և ալկոհոլը ձեռքին: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, անդրադառնալով թեմային, տեղեկացրեց, որ իրեն ևս շատ ծնողներ են դիմել այս հարցով. «Զբոսնելիս մոտենում են և բարձրաձայնում են հարցը: Մի տեսակ մոդայիկ է դարձել դպրոցականների շրջանում: Այո՛, շատ կարևոր հարց է, սրան ինչ-որ կերպ պետք է լուծում տրվի»:
13:15 - 06 նոյեմբերի, 2023
Առողջապահության նախարարը ներկայացրեց, թե 2024-ին որ բժշկական կենտրոններում են շինարարական աշխատանքներ իրականացվելու
 |armenpress.am|

Առողջապահության նախարարը ներկայացրեց, թե 2024-ին որ բժշկական կենտրոններում են շինարարական աշխատանքներ իրականացվելու |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 2024 թվականին շարունակվելու են 2023-ին մեկնարկած՝ մի շարք բժշկական կենտրոնների շինարարական աշխատանքները, նաև մեկնարկելու են մի շարք հիվանդանոցների և առողջության առաջնային պահպանման օղակի հաստատությունների շինարարությունը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում ներկայացրեց իրականացվող աշխատանքները: 2018-ին առողջապահության ոլորտի կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 1.3 մլրդ դրամ, 2024-ին ոլորտի կապիտալ ծախսերին հատկացվել է ավելի քան 11 մլրդ դրամ: Նախարարը հիշեցրեց, որ մինչև 2026թ պետք է վերակառուցեն, կառուցեն, վերազինեն առնվազն 50 առողջապահական կազմակերպություններ: Ավանեսյանը նախ ներկայացրեց արված աշխատանքը՝ օրեր առաջ բացվել է Մարտունու բժշկական կենտրոնը, որի վրա Համաշխարհային բանկի հետ համատեղ պետությունը ծախսել է 3.2 մլրդ դրամ: 3 տարվա ընթացքում կառուցվել է 79 մահճակալից բաղկացած, բոլոր սարքավորումներով հագեցած կենտրոն: Մինչև տարեվերջ կավարտվի նաև Վայոց ձորի բժշկական կենտրոնի կառուցումը, կհագեցվի անհրաժեշտ սարքավորումներով: Այսինքն՝ 2023-ին շահագործման է հանձնվում 2 առողջապահական հաստատություն: Հաջորդ տարի շարունակվելու են  Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, Սիսիանի բժշկական կենտրոնի շինարարական աշխատանքները, դրանք կավարտվեն 2025-ին: «Քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում և շարունակվելու են հետևյալ օբյեկտները՝ Վաղարշապատի բժշկական կենտրոնի, Թալինի բժշկական կենտրոնի, Ծաղկահովիտի առողջության կենտրոնի, Աշտարակի բժշկական կենտրոնի, Մասիսի, Արտաշատի, Նաիրիի, Տաշիրի, Չարենցավանի բժշկական կենտրոնների շինարարությունները: Դրանցից մեծ մասի ավարտական աշխատանքները նախատեսված են հենց 2024թ 3-4-րդ եռամսյակներում»,-ասաց նախարարը: Վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում շարունակվելու են Վանաձորի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքի, Հիվանդությունների վերահսկողման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) Արմավիրի և Արարատի մարզային մասնաճյուղերի արդիականացման աշխատանքները: Նախարարը նաև ներկայացրեց  2024-ին մեկնարկող կապիտալ աշխատանքները: Այդ աշխատանքների թվում են շտապօգնության ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների տեխնիկական վերազինումը, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի, Կապանի, Սևանի, Բերդի դիահերձարանների վերակառուցումները, Արթիկի ԲԿ-ի, Վարդենիսի, Վեդիի,  Ջերմուկի առողջության կենտրոնի, Արմավիրի մարզի Զարիշատի Մարտին Մկրտչյանի անվան բժշկական կենտրոնի,  Նոր Հաճընի պոլիկլինիկայի, Գյումրու թիվ 1, 2 պոլիկլինիկաների, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի, Կապանի բժշկական կենտրոնի (խոսքը պոլիկլինիկայի հատվածի մասին է), Գորիսի բժշկական կենտրոնի (պոլիկլինիկայի հատվածը), Արարատի հիվանդանոցի (պոլիկլինիկայի հատվածը), Վայքի պոլիկլինիկայի, Գավառի պոլիկլինիկայի շինաշխաատանքները: Վերոնշյալ բոլոր պոլիկլինիկաների նախագծանախահաշվային աշխատանքների համար այս տարի արդեն որոշակի գումար հատկացվել է, աշխատանքները մեկնարկել են, հաջորդ տարվանից կսկսվեն շինարարական աշխատանքները: 2024 թվականին կմեկնարկեն ևս 20 ամբուլատորիաների շինարարական աշխատանքները:
12:29 - 06 նոյեմբերի, 2023
Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից․ Զեյնալյան
 |armenpress.am|

Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից․ Զեյնալյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգը արդեն ընդունված է։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ այս մասին ասաց Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։ «Առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից, որը կշարունակվի մինչև 2026 թվականը։ Այսինքն՝ առողջապահական ապահովագրության համակարգի ամբողջական ներդրումը կիրականացվի 2026 թվականին։ Այն նախատեսվում է ներդնել փուլային տարբերակով։ Ծրագրի միջնաժամկետ ծախսերը հաշվարկված և պլանավորված են»,- ասաց Զեյնալյանը։ Նրա խոսքով՝ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման հայեցակարգով ամբողջ կառուցվածքը և տրամաբանությունը շարադրված են։ «Առաջիկայում Ազգային ժողով կգա օրենսդրական մեծ փաթեթ, և դրա շրջանակներում քննարկումներ և բանավեճեր կունենանք։ Ազգային ժողովը պետք է ընդունի և հաստատի օրենքը, որի հիման վրա կառավարությունը արդեն իսկ այդ օրենքից բխող տրամաբանությամբ կիրականացնի բոլոր միջոցառումները՝ հիմնադրամի ստեղծումը, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և այլն։ Բնականաբար, բոլորիս նպատակն է հանրությանը տրամադրել միանման, հասանելի և մատչելի բժշկական ծառայություն»,- եզրափակեց Զեյնալյանը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ 2024 թվականի կեսերից առողջապահական ապահովագրության ներդրումը սկսելու համար կհատկացվի 18 միլիարդ դրամ։ «Առոջապահական ապահովագրության ներդրման հայեցակարգը բավականին ծավալուն, բայց նաև շատ հստակ սկզբունքներ, մոդել և կառուցվածք ամրագրող փաստաթուղթ է։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այն ոչ միայն ընդհանրական, բնութագրիչ և սկզբունքներ հավաստող է, այլ նաև հայեցակարգի մեջ բավականին հարցերի պատասխաններ են տրված։ Շուտով կունենանք օրենսդրական մեծ փաթեթի քննարկում Ազգային ժողովում»,- ասաց Ավանեսյանը։
11:44 - 06 նոյեմբերի, 2023
Ունենք բռնկում, բայց դեպի մարում է գնում. Ավանեսյանը՝ կարմրուկի մասին |1lurer.am|

Ունենք բռնկում, բայց դեպի մարում է գնում. Ավանեսյանը՝ կարմրուկի մասին |1lurer.am|

1lurer.am: Իրավիճակը վերահսկելի է: Մենք ունենք բռնկում, և կարող եմ ասել, որ հենց այս պահին դեպի մարում է գնում բռնկումը: Այդ մասին ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Իհարկե, մեր զգոնությունը դրանից չի նվազում, և հնարավորինս բոլոր բժշկական կենտրոններում, բոլոր սիմպտոմները, որոնք կարող են լինել կարմրուկի պարագայում, հետաքննվում են, և արվում են հետազոտման բոլոր աշխատանքները, որպեսզի որևէ դեպք բաց չթողնենք: Ունեցել ենք նաև բալիկի մահվան դեպք: Պետք է նշեմ, որ բալիկը պատվաստված չի եղել, և ունեցել է այն հիվանդությունները, որոնք իրավիճակը շատ ավելի բարդացրել են»,- ասաց Ավանեսյանը՝ հորդորելով, որ ազգային օրացույցով սահմանված իմունիզացիոն ծրագրով երեխաների պատվաստումները չուշացվեն: Նախարարը նաև նշեց, որ մինչև քովիդի բռնկումը հանրության շրջանում եղել է 93-94 տոկոս պատվաստվածության աստիճան, մինչդեռ քովիդի ժամանակ, երբ առաջնային օղակի աշխատանքն ընդհատված էր, պատվաստումների տոկոսն իջել է: 2022-ին վերականգնվել են ցուցանիշները: «Մենք մեզ համար խնդիր ենք դրել, որ պետք է հասնենք 95-96 տոկոսի»,- ասաց նա: Ինչ վերաբերում է քովիդի դեպքերին, ապա Ավանեսյանը նշեց, որ այս պահին որևէ նոր շտամ չկա, օմիկրոնի շտամն է շրջանառվում, բայց լինում է, որ գրիպն ու քովիդը միաժամանակ են լինում, այդ դեպքում հիվանդությունը բարդ է ընթանում: Իսկ ընդհանուր առմամբ քովիդի մասով անհանգստացնող բան չկա:
14:40 - 02 նոյեմբերի, 2023
Հանրապետությունում շրջանառվում է քովիդի օմիկրոն շտամն իր ենթաշտամներով. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

Հանրապետությունում շրջանառվում է քովիդի օմիկրոն շտամն իր ենթաշտամներով. Անահիտ Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Առողջապահության նախարարությունը շաբաթական կտրվածքով կատարում է սուր շնչառական վարակների մոնիթորինգ, այս պահին վարակիչ հիվանդությունների կտրուկ աճ չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարի խոսքով՝ տեսանելի է քովիդի թվերի աճ: «Նկատում ենք, որ գարնան կամ աշնան ամիսներին քովիդը, ինչպես նաև գրիպը նույն վարքագիծն են դրսևորում, և այս պահին սեզոնային ակտիվացում է դիտվում: Քովիդի շտամների փոփոխություն չի նկատվում: Շրջանառվում է օմիկրոն շտամն իր ենթաշտամներով»,- նշեց Ավանեսյանը՝ ընդգծելով՝ քովիդի ախտանշանները բավական նման են գրիպին՝ քթարտադրություն, կոկորդացավ, հազ, գլխացավեր, ուստի, առանց թեստավորման, մի փոքր դժվար է դրանք միմյանցից տարբերակելը: Ինչ վերաբերում է քովիդից մահվան դեպքերին, նախարարը նկատեց՝ գրիպից էլ են գրանցվում տարեկան մահվան դեպքեր, և եթե անձն ունի առողջական լուրջ խնդիրներ և ճիշտ ժամանակին չստանա պատճաշ բուժօգնություն, կարող են գրանցվել նաև մահվան դեպքեր: Հարցին՝ արդյոք առկա՞ է բավարար քանակությամբ գրիպի դեմ պատվաստանյութ, նախարարը վստահեցրեց՝ պաշարները համալրվել են, և այս պահին պատվաստանյութի պակաս չկա: «Հորդորում եմ օր առաջ պատվաստվել գրիպի դեմ, որովհետև այս ընթացքն ամենաճիշտ շրջանն է պատվաստվելու և պաշտպանված լինելու: Ինչպես գիտեք՝ գրիպի դեմ պատվաստանյութերն ամեն տարի են մշակվում՝ համապատասխանեցվելով ամեն տարի շրջանառվող ամենավտանգավոր շտամներին, և քրոնիկ հիվանդները, 65 տարեկանից բարձր անձինք և մինչև 12 տարեկան երեխաները ռիսկի խմբում են, ուստի շատ կարևոր է պատվաստվել»,- ասաց նախարարը: Ավանեսյանը տեղեկացրեց՝ պատվաստանյութը եվրոպական արտադրության է և գործում է գրիպի 4 շտամների դեմ:
12:43 - 25 հոկտեմբերի, 2023
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 319 քաղաքացի, 117-ի վիճակը ծանր է |armenpress.am|

Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում ԼՂ-ից բռնի տեղահանված 319 քաղաքացի, 117-ի վիճակը ծանր է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 319 քաղաքացի, 117-ի վիճակը գնահատվում է ծանր, 14-ինը՝ ծայրահեղ ծանր: «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններում բուժում ստացող բուժառուների վերաբերյալ տվյալները: «Այս պահին ունենք 319 բուժառու: Նրանցից 117-ի վիճակը գնահատվում է ծանր, 14-ինը՝ ծայրահեղ ծանր: Ուրախալի է, որ ունենք որոշակի դրական դինամիկա՝ հիվանդների վերակենդանացման բաժանմունքից տեղափոխում դեպի բաժանմունքներ և մի քանի դուրսգրումներ»,-ասաց նախարարը: Վերակենդանացման բաժանմունքներում իրենց բուժումն է շարունակում ստանալ 5 երեխա, 3 երեխա առողջական դրական դինամիկայով տեղափոխվել է բաժանմունք, ևս 1 նորածին հոկտեմբերի 5-ին դուրս է գրվել:
21:12 - 05 հոկտեմբերի, 2023
Շտապ օգնության 13 բրիգադ մեկնել է Ստեփանակերտ՝ բերելու հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ու անկողնային հիվանդներին

Շտապ օգնության 13 բրիգադ մեկնել է Ստեփանակերտ՝ բերելու հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ու անկողնային հիվանդներին

Շտապ օգնության 13 բրիգադ Հակարիի կամրջով ուղևորվել է Ստեփանակերտ՝ Հայաստան բերելու բոլոր անձանց, որոնք ունեն հենաշարժողական խնդիրներ կամ անկողնային հիվանդներ են։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանն էլ նշեց, որ հենաշարժողական խնդիր ունեցող 15 անձ մնացել է Ստեփանակերտում։ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց նաև Արցախից ՀՀ բժշկական կենտրոններ տեղափոխված բուժառուների վերաբերյալ տվյալներ։  Նրա խոսքով ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում այս պահի դրությամբ բուժում է ստանում ԼՂ-ից տեղափոխված 361 բուժառու: Մինչև այսօր ընդհանուր առմամբ գրանցվել է 14 մահ։ Մեծաթիվ բուժառուների վիճակը գնահատվում է ծանր ու ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքներում գտնվում է 10 երեխա, որոնք տուժել են և՛ պայթյունից, և՛ մարտական գործողությունների հետևանքով են վիրավորում ստացել։ 2 երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսներինը՝ կայուն։ Մեկ երեխայի մոտ կա դրական դինամիկա։ Այս գիշեր վթարի հետևանքով 2 երեխա է տեղափոխվել հիվանդանոց։
12:31 - 30 սեպտեմբերի, 2023
ՀՀ առողջապահության նախարարը Գորիսի ԲԿ-ում ծանոթացել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների առողջական վիճակին

ՀՀ առողջապահության նախարարը Գորիսի ԲԿ-ում ծանոթացել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների առողջական վիճակին

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Գորիսի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների առողջական վիճակին և տրամադրվող բուժսպասարկմանը: Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Անահիտ Ավանեսյանին է ներկայացվել բուժառուների առողջական վիճակը, որն այս պահին գնահատվում է հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր: Նախարարը եղել է բոլոր այն բաժանմունքներում, որտեղ այս պահին բուժում են ստանում տուժածները, լսել նրանց կարիքները: Բժիշկները նշել են, որ երկարատև շրջափակման հետևանքով բուժառուներն ունեն նաև սրտանոթային, նյարդաբանական և այլ խնդիրներ: Վիճակների կայունացումից հետո հնարավոր կլինի տուժածների տեղափոխումը և հետագա բուժումը կազմակերպել մասնագիտացված բուժհաստատություններում։
14:51 - 29 սեպտեմբերի, 2023
Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են ինսուլտից մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան
 |1lurer.am|

Ստեփանակերտից Կոռնիձոր ճանապարհին գրանցվել են ինսուլտից մեծահասակների մահվան դեպքեր. Ավանեսյան |1lurer.am|

1lurer.am: Այցիս նպատակն է, որ տեղում հասկանանք` արդյոք կազմակերպման ընթացքում որևէ բաներ կա՞ն լրացնելու, ուղղումներ իրականացնելու: Գորիսում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հենց առաջին վայրկյանից թե՛ Կոռնիձորում, թե՛ այստեղ կազմակերպվել է առաջին բուժօգնության ծառայություն: Մեր թերապևտները, մանկաբույժները կիրականացնեն առաջնային կոնսուլտացիա: Ցավոք սրտի, բռնի տեղահանված մեր հայրենակիցները գտնվում են նաև բավական ծանր առողջական վիճակում՝ 10 ամիս լինել շրջափակման մեջ, հիմնականում թերսնված, քրոնիկ հիվանդությունների համար դեղորայք չունենալով: Մեզ համար շատ կարևոր է հենց առաջին կետին նրանց առաջնակի բուժօգնություն տրամադրել: Բայց այս կետից հետո մենք գնահատման արդյունքում հասկանում ենք, որ հոսպիտալացման կարիք կա, շտապօգնության մեքենաները տեղափոխում են արդեն հիվանդանոցային բուժօգնության: Ես այսօր առավոտն այցելեցի նաև Գորիսի ԲԿ, այնտեղից էլ առաջնակի հետազոտումներից հետո եթե կարիք կա, կտեղափոխենք Երևանի ԲԿ-ներ»,- ասաց Անահիտ Ավանեսյանը: Նա նշեց, որ անընդհատ հերթափոխով բուժաշխատողները կարողանում են բոլոր կարիք ունեցողներին առաջնակի բուժօգնություն տրամադրել, որոշակի դեղորայք տրամադրել, ցավազրկողներ: «Այստեղ են նաև շաքարային դիաբետով պացիենտներ, որոնք ունեն ինսուլինի կարիք: Մենք հենց այստեղ ինսուլինի բաժանման կետ ունենք և կարիքի դեպքում տրամադրում ենք առաջիկա օրերի համար»,- հայտնեց նախարարը: Անահիտ Ավանեսյանը կարևոր է համարում, որ մեր հայրենակիցներն իրենց առաջին բնակեցման տեղում պոլիկլինիկայի կամ ամբուլատորիաների դիմեն և այնտեղից շարունակեն իրենց բժշկական ծառայությունները ստանալը. թե՛ դեղորայքի, թե՛ ամբուլատոր ծառայություններ, և եթե հանկարծ կարիքը կա՝ արդեն հիվանդանոցային: Հանրապետության բուժհաստատություններում բուժում ստացողների թիվը փոփոխվում է: «Դրանք 60-70-ից ավելի են»,- ասաց նա: Ինչ վերաբերում է Գորիսի ԲԿ-ում գտնվող երեխաներին, ապա նախարարը նշեց, որ այս պահին հոսք կա: «Մի քանի տասնյակ երեխաներ կան, և որոնք հետազոտվում են, գնահատվում է վիճակը, եթե հոսպիտալացման կարիք կա, հոսպիտալացնեն, եթե ոչ՝ ամբուլատոր բուժումը նշանակում են, դեղորայքը տալիս են, և արդեն նրանք շարունակում են իրենց ընթացքը դեպի կեցավայր: Ունենք նաև մի քանի ծանր վիճակում գտնվող պացիենտներ, ում տեղափոխումը կիրականացնենք երևանի ավելի մասնագիտացված կենտրոններ: Գորիսի ԲԿ-ի թիմը 24-ժամյա աշխատանք է իրականացնում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը: Խոսելով դեռևս ԼՂ-ում գտնվող մեր հայրենակիցների մասին՝ նա ասաց. «Այս պահին ավտոբուսների միջոցով կազմակերպվում է մեր այն հայրենակիցների տեղափոխումը, որոնք չունեն տրանսպորտային միջոց կամ խոցելի խմբերից են՝ ծերեր, հաշմանդամներ և նրանց տեղափոխումն այսօր իրականանցում ենք: Տեղափոխումներն ընթացքւի մեջ են: Այս պահին սանավիավիայի անհրաժեշտություն չկա»: ԼՂ-ում պայթյունից տուժածների առումով նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ 140-ից ավելի պացիենտներ տեղափոխվել էին ԲԿ-ներ. միայն այրվածքներով: «Հիմնական ծանր ընթացքը դեռ շարունակվում է, և մենք ունենք ծայրահեղ ծանր վիճակում պացիենտներ, բժիշկները պայքարում են նրանց կյանքը փրկելու համար: Միասնական կերպով մենք ապահովում ենք նրանց հնարավոր բոլոր բուժօգնության համար անհրաժեշտ թե՛ դեղորայքը, թե՛ բժշկական նշանակության ապրանքներ: Բոլորիս միայն մաղթանքն է, որ օր առաջ ապաքինվեն: Գիտեք, որ այրվածքները երկար վերականգնման շրջան են ունենալու: Այդ ամբողջ ընթացքը մենք պլաստիկ վիրաբույժների և այլ անհրաժեշտ մասնագետների օգնությամբ ապահովելու ենք»,- ասաց նա: «Ցավոք սրտի, նման դեպքեր էլ կան»,- անդրադառնալով ԼՂ-ից ՀՀ ճանապարհին տեղի ունեցած մահվան դեպքերին՝ ասաց Ավանեսյանը: «Մարդիկ 40 ժամից ավելի ճանապարհին են եղել, և այդ ընթացքում գրանցվել են մահեր՝ ինսուլտից, մեծահասակ մարդկանց մահ: Հիմա գիտեք, որ ընթացքը հասնելու Կոռնիձոր բավականին կրճատվել է և 10 ժամից ավելի չի տևում: Գիտեք՝ բռնի տեղահանումը նաև ունի ցավագին հետևանքներ, որի ականատեսն ենք մենք այսօր. հյուծված, մի քանի ժամվա ընթացքում թողնելով իրենց ամբողջ ունենցվածքը, առաջին անհրաժեշտության պարագաներ, դեղեր չունենալով ընկել են ճանապարհ և 40 ժամից ավելի գտնվել են ճանապարհին ՝ խցանման մեջ և նման հետևանքներն այս պարագայում անխուսափելի են»,- նշեց նախարարը: «Մեր իշխանությունն այս պահին պատասխանատվություն է կրում այս ամբողջը կազմակերպելու՝ մեր բռնի տեղահանված հայրենակիցներին գրկաբաց և հոգատար ընդունելու: Գիտեք՝ Հայաստանն իր համեստ միջոցներով, որպես երկիր, համամատած այլ եվրոպական երկրների հետ, մի քանի օրվա ընթացքում 80 հազարից ավելի մեր հայրենակիցներին ընդունել է, կերակրել է, բուժսպասարկում և կեցավայրով ապահովել է»,- պատասխանելով իշխող թիմի քաղաքական պատասխանատվության մասին հարցին՝ ասաց Անահիտ Ավանեսյանը: 
12:54 - 29 սեպտեմբերի, 2023
Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների առողջական խնդիրների լուծման և բուժսպասարկման երկարաժամկետ քայլերը

Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների առողջական խնդիրների լուծման և բուժսպասարկման երկարաժամկետ քայլերը

Միջազգային կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ  Ստեփանակերտից Երևանի բժշկական կենտրոններ տարբեր վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխված վիրավորների կարիքների գնահատում է իրականացվել, և այս պահին կառավարությունը, առողջապահության նախարարությունը հոգում են դրանք: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նշվել է, որ Հայաստանի տարբեր մարզերում տեղակայվելուց հետո, տեղում, ըստ կարիքի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են օգտվել բժշկական ծառայություններից` պետական պատվերի շրջանակներում: Ըստ աղբյուրի՝ Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է նաև Հայաստանում տեղակայումից հետո նրանց առողջական խնդիրների լուծմանն ու մասնագիտական բուժսպասարկմանն ուղղված երկարաժամկետ քայլերը` ընդգծելով բարեգործական և հասարակական կազմակերպությունների աջակցության կարևորությունը:
21:05 - 27 սեպտեմբերի, 2023
Արցախում պայթյունից տուժածներից 67–ը Երևանի այրվածքաբանության կենտրոնում են

Արցախում պայթյունից տուժածներից 67–ը Երևանի այրվածքաբանության կենտրոնում են

Այս պահի դրությամբ 67 տուժած անձ գտնում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր, ունենք նաև փոքրաթիվ միջին ծանրության դեպքեր։ Այս մասին այսօր կառավարության ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «ՀՀ տեղափոխված 23 վիրավոր շարունակում է բուժում ստանալ Երևանի տարբեր կլինիկաներում, իրականացվել են նաև վիրահատական միջամտություններ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր 13-ամյա տղայի մոտ նկատվում է դրական տեղաշարժ։ Տարհանման գործընթացն այս պահին էլ շարունակվում է, և ՀՀ-ից մեկնած շտապօգնության մեքենաները Ստեփանակերտից ինչպես ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացածների, այնպես էլ պայթյունից տուժածների տեղափոխում են իրականացնում։ Առավոտյան Երևան են բերվել նորածին երեխաներ, որոնց վիճակը բավական ծանր էր։ Այժմ նրանք գտնվում են մասնագետների վերահսկողության տակ, կայուն վիճակում են: Այսօր մենք կարողացել ենք աճյունների տեղափոխման հարցը լուծել։ Հաջորդիվ կսկսվեն նաև նույնականացման աշխատանքները։ 125 աճյուն է տեղափոխվել Հայաստան` դատաբժշկական փորձագիտական կենտրոններ։ Մյուս տվյալներն էլ հաջորդիվ կներկայացնենք»,– ասաց Ավանեսյանը։
20:51 - 26 սեպտեմբերի, 2023