ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունեն․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունեն․ ՀՀ ԱԳՆ

Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի ԶՈՒ սադրիչ գործողություններն արդարացում չունեն: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Սահմանի բազմաթիվ հատվածներում անկանոն կրակահերթեր բացելով, մի քանի տասնյակ զինվորական ավտոմեքենաների շարժերով Ադրբեջանն ակնհայտորեն հետապնդել է սադրիչ նպատակ. Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումներին դրդել համանման հակադարձ գործողությունների, վերջին շրջանի ադրբեջանական ապատեղեկատվությունը «հիմնավորող» փաստեր ստանալու համար:  Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստորաբաժանումները, գնահատելով իրադրությունը, հետագա սրմանը նպաստող գործողություններ չեն արել, ինչից հետո իրադրությունը սահմանագծում հանդարտվել է»: ՀՀ ԱԳՆ-ն նշում է՝ վերահաստատում է, որ Հայաստանը տարածաշրջանում իրադրության սրմամբ հետաքրքրված չէ և Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել իրադրության սրմանը հասնելու գործողությունները:  «Չարդարացված ենք համարում նաև ՀՀ ինքնիշխան տարածքում պաշտպանական կառույցների ստեղծման վերաբերյալ Ադրբեջանի գնահատականները, քանի որ բանակի և բանակային ենթակառուցվածքների բարեփոխումները ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Միևնույն ժամանակ հիշեցնում ենք, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների վերահսկման փոխադարձ մեխանիզմների ներդրման, չհարձակման պայմանագիր կնքելու, պետական սահմանին հարակից տարածքներն ապառազմականացնելու Հայաստանի Հանրապետության առաջարկները Ադրբեջանի կողմից շարունակում են մնալ անարձագանք»:  ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է՝ անհասկանալի են Հայաստանին ուղղված մեղադրանքները պաշտպանական նպատակներով սպառազինությունների ձեռքբերման առիթով, որովհետև Ադրբեջանը Հայաստանից անգամներով ավել սպառազինություն է ձեռքբերում, ինչի մասին Հայաստանը համապարփակ տեղեկատվություն է ստանում:  «Այս առիթով պաշտոնապես վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության նվիրումը խաղաղության օրակարգին, ինչպես նաև դրանից բխող սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմների ստեղծման և երկու երկրների միջև սահմանի հարակից տարածքներն ապառազմականացնելու` Ադրբեջանին ուղղված մեր առաջարկը», - նշված է հայտարարության մեջ:  Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել Սոթքի (Գեղարքունիքի մարզ), Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), Կութի (Գեղարքունիքի մարզ), Արավուսի (Սյունիքի մարզ), Չինարիի (Տավուշի մարզ), Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:
11:11 - 06 ապրիլի, 2024
«Եվրաջասթի» համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա ՀՀ-ԵՄ իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման հարցում. Միրզոյան

«Եվրաջասթի» համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա ՀՀ-ԵՄ իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման հարցում. Միրզոյան

«Եվրաջասթի» հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև ԵՄ և Բելգիայի պաշտոնյաներն իրենց խոսքում ընդգծել են, որ Հայաստանն առաջինն էր, որ 2021 թ. սկսեց բանակցությունները համաձայնագրի կնքման շուրջ, և այսօր՝ բանակցությունների հաջող ավարտից հետո, առաջինն է, որ ստորագրում է այն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:   Ստորև ներկայացնում ենք նախարար Միրզոյանի խոսքն ամբողջությամբ:   «Մեծարգո՛ նախարար, Հարգելի՛ հանձնակատար, Հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ գործընկերներ,   Իսկապես ուրախ եմ այսօր ստորագրել այս համաձայնագիրը, որն ուղղված է արդարադատության, օրենքի գերակայության ոլորտներում և անդրազգային ծանր հանցագործությունների դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության հետագա ամրապնդմանը։   Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտության խոսքերն ուղղել ԵՄ կառույցների բոլոր գործընկերներին, Բելգիայի նախագահությանը և նախագահ Համրանին՝ իր անձնական ներդրման համար, ինչպես նաև ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների գործընկերներին այս բանակցությունները հաջողությամբ վարելու համար։ Ինչպես արդեն ասվեց, Հայաստանն ի սկզբանե շահագրգռված էր ստորագրել այս համաձայնագիրը, մենք առաջինն էինք, որ սկսեցինք բանակցությունները, և ես հպարտ եմ, որ մենք առաջինն ենք ավարտել բանակցությունները և ստորագրում ենք համաձայնագիրը:   Բացի այդ, ուզում եմ ընդգծել, որ մենք արդեն ունեինք սերտ համագործակցություն «Եվրաջասթ», ինչպես նաև «Եվրոպոլ» գործակալությունների հետ նույնիսկ առանց այս համաձայնագրի, բայց հիմա այս համաձայնագիրն ամրապնդում և ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դնում մեր համագործակցությունը։ Այս համաձայնագրի ստորագրումով մենք նաև մեկ քայլ մոտենում ենք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը, բայց սա նաև դռներ է բացում փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նոր հնարավորությունների համար, ինչպես քննարկեցինք ավելի վաղ:   Այս համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա Հայաստանի և Եվրոպական միության իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման հարցում, որի նպատակն է նպաստել փոխադարձ իրավական օգնությանը, համատեղ հետաքննության ռազմավարությունների մշակմանը և արդարադատական հարցերի հասցեագրմանն աջակցելուն: Հատկանշական է, որ «Եվրոպոլ» գործակալության հետ մենք արդեն մի քանի փաստաթղթեր ենք ստորագրել, որոնք այս օրերին անցնում են մեր խորհրդարանի կողմից վավերացման փուլը։   Շնորհավորում եմ և շնորհակալություն»։
19:35 - 05 ապրիլի, 2024
Հայաստանը և «Եվրաջասթ»-ը համաձայնագիր են ստորագրել |armenpress.am|

Հայաստանը և «Եվրաջասթ»-ը համաձայնագիր են ստորագրել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության՝ «Եվրաջասթ»-ի հետ համաձայնագիր ստորագրեց։ Բրյուսելում «Արմենպրեսի» թղթակցի փոխանցմամբ՝ համաձայնագիրը ստորագրեցին  ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդիեր Ռեյներսը և Բելգիայի արդարադատության և Հյուսիսային ծովի հարցերով նախարար Փոլֆան Թիխելտը։ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված այս համագործակցության համաձայնագրի շնորհիվ ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինները և ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունը կկարողանան աշխատել միասին։ Բելգիայի արդարադատության և Հյուսիսային ծովի հարցերով նախարար Փոլֆան Թիխելտի խոսքով՝ այս համաձայնագիրը Եվրոպական միության և Հայաստանի միջև ամուր հիմք կստեղծի։  «Համաձայնագիրը հատկապես կարևոր է Բելգիայի նախագահության համար, քանի որ Եվրոպական միության և երրորդ երկրների միջև դատական համագործակցությունը մեզ համար առանցքային առաջնահերթություն է», - նշեց բելգիացի նախարարը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում շեշտեց, որ Հայաստանն ի սկզբանե հետաքրքրված է եղել այս համագործակցությամբ, առաջին երկիրն է եղել, որ սկսել է բանակցությունները: Նա փաստեց, որ առաջին երկիրն է, որ ստորագրում է համագործակցության համաձայնագիրը։ «Մենք սերտ համագործակցություն ունեցել ենք «Եվրաջասթ»-ի, «Եվրոպոլ»-ի հետ՝ նույնիսկ առանց համաձայնագրի, բայց այժմ այս համաձայնագիրը գալիս է ամրապնդելու և համագործակցությունը ինստիտուցիոնալ դարձնելու: Այս համաձայնագրի ստորագրմամբ մենք նաև մեկ քայլ մոտենում ենք Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական իրականացմանը: Սա դռներ է բացում փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նոր հնարավորությունների համար», - ասաց Արարատ Միրզոյանը։ Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատարն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ սա կարևոր անկյունաքար է ԵՄ-Հայաստան հարաբերություններում։  «Ներկայացնելով «Եվրոպոլ»-ի հանցավոր ցանցերի մասին զեկույցը՝ պարզ է դառնում, որ սա հնարավորություն է տալիս իսկապես ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ դատական ​​մակարդակով և ապահովել, որ 80 երկրների հետ ոչ միայն Եվրոպայում, այլև դրանից դուրս մենք կարողանանք ինտեգրված աշխատել։ Մեզ համար կարևորն այն է, որ այժմ Հայաստանը հնարավորություն ունի ունենալ ներկայացուցիչ Եվրաջասթի շրջանակներում, որը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում մասնակցել համատեղ քննչական խմբերին», - կարևորեց Դիդիեր Ռեյներսը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
17:24 - 05 ապրիլի, 2024
Կարևորում ենք Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամի. ԱԳՆ խոսնակ

Կարևորում ենք Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամի. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանություն է տարածել՝ ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների: Հարց.- Ապրիլի 2-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հարավային Կովկասում կայունության ապահովման անհրաժեշտությանն ու զարգացումներին, սրացումից խուսափելու Հայաստանի իրական մտադրությանը՝ նաև մտահոգություն հայտնելով ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հնարավոր սպառնալիքների առնչությամբ: Որոշ երկրներ Ֆրանսիայի այս ընկալումն օգտակար չեն համարում տարածաշրջանային կայունության տեսանկյունից: Ինչպե՞ս կմեկնաբանեք: Պատասխան.- Կարծում ենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարարի ապրիլի 2-ի անդրադարձը և տարածաշրջանում խաղաղության հաստատման ճանապարհին Ֆրանսիայի ներգրավվածության նպատակներն ու կարևոր ներդրումը հայտնի են բոլոր գործընկերներին: Դրա օրինակները շատ են թե՛ Հայաստանի հետ երկկողմ, թե՛ տարածաշրջանային ու բազմակողմ հարթակներում փոխգործակցության առումով: Քննարկվող համատեքստում կարող ենք առանձնահատուկ նշել 2022 թ. հոկտեմբերին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում կայացած քառակողմ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին. ի դեպ, Պրահայի հանդիպման և Ալմա-Աթայի հռչակագրի մասին հիշատակվում է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ երեկ կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից տարածված հաղորդագրության մեջ: Մենք կարևորում ենք, իհարկե, Ֆրանսիայի ներդրումը նաև որպես Եվրոպական միության անդամի, որի առաքելությունը 2022 թ. հոկտեմբերից՝ նույն Պրահայի հանդիպումից հետո մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը և վերջին օրերին էլ հանդես է եկել համապատասխան հաղորդագրություններով: Կարծում ենք՝ ԵՄ առաքելության մանդատին համապատասխան գործունեությունն ու գնահատականները պետք է հաշվի առնվեն, այդ թվում՝ ԵՄ բոլոր անդամ պետությունների դիրքորոշումներում: Հիշեցնենք՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեն Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր. «Մենք Հայաստանի հասցեին ավելի ու ավելի շատ կեղծ մեղադրանքներ ենք տեսնում, թե, իբր, վերջինս պատասխանատվություն է կրում էսկալացիայի համար, չնայած Հայաստանը, հավանաբար, միակ երկիրն է, որը ցանկանում և փորձում է խուսափել հակամարտությունից այդ տարածաշրջանում: Եթե ավելի ուշադիր նայենք, ապա կգտնենք շատ ընդհանուր տարրեր և կնկատենք նմանություններ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ, և ես կարծում եմ, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք դրան Բաքվում COP29-ից վեց ամիս առաջ»:
16:14 - 04 ապրիլի, 2024
ԱԳՆ-ում հայտնել են, որ չորս գյուղերը Ադրբեջանին փոխանցելու ժամկետներ չկան |news.am|

ԱԳՆ-ում հայտնել են, որ չորս գյուղերը Ադրբեջանին փոխանցելու ժամկետներ չկան |news.am|

news.am: Ժամկետներ չկան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 4-ին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կան ժամկետներ, թե երբ պետք է փոխանցվեն չորս գյուղերը, որոնք պահանջում է Ադրբեջանը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմնակցությունը պայմանավորվածությունների կատարմանը պետք է արտացոլվի գրավոր համաձայնությամբ, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացը պետք է կատարվի Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ «Ներկա պահին սահմանազատման եւ սահմանագծման մասով որոշակիություն չկա, այլ մեկնաբանություններ տալ չեմ կարող։ Եթե լինեն պայմանավորվածություններ երկու կողմերից, ապա երկու կողմերը դա կհրապարակեն»,- ավելացրել է նա։ Կոստանյանը նշել է, որ  Հայաստանը շարունակում է ներգրավված մնալ խաղաղ գործընթացում։ «Գործընթացը կանգնած չէ. այն կարելի է ավարտել, եթե Ադրբեջանը համաձայնի թղթի վրա ամրագրել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Բրյուսելում 2023թ. մայիսին եւ հունիսին պետությունների ղեկավարների մակարդակով»,- ընդգծել է նա։
14:24 - 04 ապրիլի, 2024
ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդն ընդունել է «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը

Ապրիլի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: «Հիմք ընդունելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան՝ երկու տարին մեկ ներկայացվող բանաձևը ՄԱԿ-ի անդամ երկրների ուշադրությունն է հրավիրում այս ոճրագործության կրկնության ռիսկերի և դրանք կանխելու անհրաժեշտության վրա: Այս տարվա բանաձևի տեքստում, հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերները` կարևոր դրույթներ են ավելացվել վաղ նախազգուշացման և ցեղասպանությունների հետ կապված ռիսկերի վերաբերյալ: Մասնավորապես, նման ռիսկերի շարքում նշվում են զինված հակամարտությունների օգտագործումը ցեղասպանություն իրականացնելու նպատակով և որպես պատերազմ վարելու արգելված միջոց խաղաղ բնակչությունը սովի մատնելու անթույլատրելիությունը: Բանաձևն անպատժելիությունը որակում է որպես ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների ռիսկի զգալի գործոն` ընդգծելով, որ այն պետք է հասցեագրվի հետաքննության, քրեական հետապնդման և պատժի միջոցով: Այս առումով հատկանշական է այն փաստը, որ բանաձևը հատուկ նշում է Արդարադատության միջազգային դատարանի դերը ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի հարցերում: Փաստաթղթով նախատեսվում է ՄԻԽ 58-րդ նստաշրջանում պանելային քննարկում անցկացնել վաղ նախազգուշացման թեմայով: Կոչ է արվում ՄԱԿ Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակին քաջալերել ինչպես անդամ պետությունների, այնպես էլ ՄԱԿ ԳՔ Ցեղասպանության կանխարգելման հարցով հատուկ խորհրդականի, պայմանագրային մարմինների, հատուկ ընթացակարգերի, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների ազգային ինստիտուտների, ակադեմիական շրջանակների և մասնավոր հատվածի մասնակցությունը միջոցառմանը: Հայաստանի այս նախաձեռնությունը կարևոր ներդրումն է ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման միջազգային օրակարգն ամրապնդելու, ժամանակակից մարտահրավերներին իրավունքակենտրոն մոտեցումներ առաջադրելու, մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային հումանիտար իրավունքի խաչվող խնդիրների շուրջ ինստիտուցիոնալ լուծումներ գտնելու ուղղությամբ: Կարևոր է նաև արձանագրել, որ Հայաստանի կողմից ներկայացված «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը վայելում է լայն աջակցություն. այն համահեղինակում են բոլոր հինգ տարածաշրջանային խմբերի անդամ հանդիսացող երկրները»,- հայտնում են ԱԳՆ-ից:
21:35 - 03 ապրիլի, 2024
Հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը․ Արարատ Միրզոյան
 |armenpress.am|

Հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը․ Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Արգենտինյան "Todos Noticias” հեռուստատեսության եթերում և առցանց հրապարակվել է Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանի հետ Բուենոս Այրեսում նկարահանված հարցազրույցը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։  Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստանի և Արգենտինայի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, պաշտոնական այցի ընթացքում այդ ուղղությամբ կայացած քննարկումներին, ինչպես նաև Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Վերջինիս համատեքստում նշվել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, առկա մարտահրավերների և դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերի մասին: «Բարդություններ կան, մարտահրավերներ կան, իհարկե, բայց մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը: Մեր կողմից մենք կառուցողական ջանքեր ենք գործադրում՝ լուծումներ գտնելու համար։ Երբ մենք խոսում ենք պայմանագրի ստորագրման մասին, ապա կան կարևոր կետեր, որոնց շուրջ պետք է լինի փոխհամաձայնություն: Դրանցից է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու սահմանների սահմանազատումը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա:» Նախարար Միրզոյանը պատասխանել է նաև Եվրոպական միության, ՆԱՏՕ-ի հետ գործընկերությանը վերաբերող և այլ հարցերի:
10:50 - 01 ապրիլի, 2024
Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց այս պահին չկա․ Միրզոյան |armenpress.am|

Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց այս պահին չկա․ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի օրակարգում այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա։ Արգենտինյան «Todos Noticias» հեռուստատեսությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Անդրադառնալով հարցին, թե պլանավորո՞ւմ է արդյոք Հայաստանն ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին՝ Արարատ Միրզոյանը պատասխանել է․ «Մենք արդեն իսկ ՆԱՏՕ- հետ համագործակցություն ունենք, մենք մասնակցում ենք խաղաղապահ գործողությունների, մենք եղել ենք Աֆղանստանում, մենք վերջերս ավելացրել ենք մեր խաղաղապահների թիվը Կոսովոյում։ Մենք համագործակցության ֆորմատ ունենք։ Եթե Դուք նկատի ունեք ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը կամ ձգտումները, ոչ, Հայաստանի օրակարգում այս պահին նման հարց չկա»։ Խոսելով ԵՄ-ի հետ փոխգործակցության մասին՝ ՀՀ ԱԳ նախարարն ասել է, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։ Միրզոյանն այս համատեքստում հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Եվրոպական խորհրդարանում, որ Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրոպական Միությանը, որքան Եվրոպական Միությունը դա հնարավոր կհամարի։  
09:28 - 01 ապրիլի, 2024
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Կորեայի ԱԳ նախարարությունների միջև

Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չոն Բյուն Վոնի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակին, մասնավորապես՝ միջուկային էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, կրթական և մշակութային փոխանակումներին: Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության և նորարարությունների ոլորտներում համագործակցության հեռանկարներին, պետական կառավարման ոլորտներում փորձի փոխանակմանը, ինչպես նաև Հայաստանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) միջոցով իրականացվող ծրագրերին: Խորհրդակցությունների ընթացքում կողմներն անդրադարձ են կատարել նաև միջազգային կազմակերպություններում և այլ բազմակողմ հարթակներում առկա համագործակցությանը, կայուն զարգացման նպատակների, մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերին: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը զրուցակցին հանգամանալից ներկայացրել է տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը և տևական խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները՝ կարևորելով նաև այս ուղղությամբ միջազգային գործընկերների աջակցությունը: Այցի շրջանակներում պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որի հետ հանդիպմանը ևս անդրադարձ է կատարվել հայ-կորեական հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի, տարածաշրջանային զարգացումներին:
21:40 - 28 մարտի, 2024
Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին
 |armenpress.am|

Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին |armenpress.am|

armenpress.am: Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել:   «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան` այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։  - Ադրբեջանական կողմն, անդրադառնալով Հայաստան-ԵՄ-ԱՄՆ սպասվող հանդիպմանը, նշում է, որ այն ներառական չէ, ինչպես նաև կարող է դրդել Հայաստանին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում։ - Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված բարձր մակարդակի հանդիպումը նվիրված է լինելու Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցության ամրապնդմանը և որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել:   Ինչ վերաբերում է տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու, բանակցային գործընթացում հայկական կողմի կառուցողական չլինելու մասին Ադրբեջանի մեղադրանքներին, թույլ տվեք ևս մեկ անգամ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է  Ադրբեջանի հետ արդեն իսկ համաձայնեցված սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի անհապաղ ստորագրմանը, սահմանների սահմանազատման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման: Խոսքը, հիշեցնենք, հետևյալ երեք սկզբունքների մասին է. ա) Հայաստանը և Ադրբեջանը միմյանց ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությանը փոխադարձաբար ճանաչում են 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: բ) Երկու երկրների միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացում են Ալմա-Աթայի հռչակագրի հենքի վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, ապա վերահաստատվել է 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Սա նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման պիտի ստեղծվի, այլ պետք է գետնի վրա վերարտադրվեն այն սահմանները, որոնք ԽՍՀՄ շրջանակներում դե յուրե գոյություն են ունեցել 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունելու պահին: Սահմանագծի վերարտադրությունից հետո դե յուրե յուրաքանչյուր երկրին պատկանող տարածքները պետք է լինեն այդ երկրի վերահսկողության ներքո:  գ) Տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակում՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքի հիման վրա: Այս սկզբունքը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվել է 2023թ. հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն իր պատրաստակամությունն արտահայտել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը լայն ընդունելություն է գտել միջազգային հանրության կողմից: Ցավոք, ադրբեջանական կողմը տարբեր արհեստածին պատրվակներով ձգձգում և խաթարում է խաղաղության գործընթացը, այդ թվում շարունակաբար մերժելով ԵՄ և ԱՄՆ կողմից արվող միջնորդական առաջարկները։ Ներառականության վերաբերյալ դժգոհելու փոխարեն Ադրբեջանը կարող է ի վերջո ընդունել ԱԳ նախարարների մակարդակով Վաշինգտոնում, իսկ երկրների ղեկավարների մակարդակով Բրյուսելում հանդիպելու առաջարկները։ Տեղին է թերևս նաև հիշատակել Ադրբեջանի կողմից շարունակվող գործողությունները, տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու, ներառականության սկզբունքն ամեն կերպ խաթարելու ջանքերը, ինչի վառ օրինակ է Սևծովյան ստորջրյա էլեկտրական մալուխ ծրագրին Հայաստանի մասնակցության խոչընդոտումը։  - Ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն ապրիլի 5-ին սպասվող Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպումից։ - Հանդիպումն արժեքավոր հնարավորություն է քննարկելու Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգերին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ակնկալում ենք բովանդակային քննարկումներ ունենալ մեր միջև առկա քաղաքական երկխոսության, տնտեսական, էներգետիկ ոլորտներում ՀՀ կարողությունների զարգացման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ։ Բարձր մակարդակի հանդիպումը միտված է առկա հարաբերությունների զարգացմանը և խորացմանը և կապված չէ երրորդ երկրների հետ։ Որևէ մեկի դեմ դրա ուղղված լինելու մասին պնդումները անտեղին, անհիմն և արհեստածին են։ 
22:01 - 27 մարտի, 2024
Պարույր Հովհաննիսյանը Գվինեայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները

Պարույր Հովհաննիսյանը Գվինեայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները

Մարտի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գվինեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Նիանկոյե Հաբային՝ (նստավայրը՝ ք. Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, շնորհավորելով դեսպան Հաբային կարևոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ դեսպանն իր նպաստը կբերի Հայաստանի և Գվինեայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդման ու խորացման գործում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել գործադրելու ջանքեր ներդրումների ներգրավման, առևտրատնտեսական, կրթամշակութային կապերի հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով երկկողմ համագործակցության զգալի ներուժի առկայությունը: Նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը դեսպանին ներկայացրել է նաև տարածաշրջանային զարգացումները և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը:
17:50 - 27 մարտի, 2024
Արարատ Միրզոյանը Միջազգային հարաբերությունների արգենտինական խորհրդում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին

Արարատ Միրզոյանը Միջազգային հարաբերությունների արգենտինական խորհրդում անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին

Մարտի 26-ին Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Միջազգային հարաբերությունների արգենտինական խորհուրդ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, կայացել է նախարար Միրզոյանի հանդիպումը խորհրդի նախագահ Ֆրանցիսկո դե Սանտիբանյեսի և ղեկավար կազմի հետ, որից հետո Արարատ Միրզոյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։ Հաջորդիվ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի մասնակցությամբ անցկացվել է հանգամանալից քննարկում խորհրդի անդամների և հյուրերի հետ։ Իր ներածական խոսքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Արգենտինա միջպետական հարաբերությունների դինամիկային, քաղաքական երկխոսության օրակարգին, իր այցի շրջանակներում և նախորդ բարձրաստիճան շփումների ժամանակ քննարկված՝ համագործակցության զարգացման ներուժ ունեցող հիմնական ուղղություններին։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ունեցած հանդիպումների ժամանակ իր երախտիքն է հայտնել դեռ նախորդ դարասկզբին Հայոց ցեղասպանությունից հետո Արգենտինայում հայերին ապաստան տալու, ապա ձևավորված հայ համայնքի դերի արժևորման համար, ինչի արդյունքում հայկական ներկայությունն այսօր յուրովի նպաստ է բերում Արգենտինայի հասարակական-քաղաքական կյանքին։ Քննարկման ու հարցուպատասխանի ձևաչափով նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև ավելի լայն՝ ՀՀ արտաքին քաղաքական, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցերի։ ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասով նախարար Միրզոյանը շեշտել է, որ դրանք հիմնված են ՀՀ պետականության, ինքնիշխանության շարունակական ամրապնդման, ՀՀ համար կայուն զարգացման միջավայրի ապահովման նպատակների վրա։ Ներկայացվել են ինչպես հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման, այնպես էլ լայն աշխարհագրությամբ այլ երկրների ու կառույցների հետ փոխգործակցության առանձնահատկություններն ու հեռանկարները։ Անդրադառնալով Հարավային Կովկասում 2020 թվականից ի վեր ստեղծված իրադրությանը՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Արարատ Միրզոյանը շեշտել է տարածքային ամբողջականության աներկբա ճանաչման հանձնառության և 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման հետագա գործընթացն իրականացնելու անհրաժեշտությունը։ Տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին և ընձեռնվող տնտեսական հնարավորություններին։ ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի։
16:15 - 27 մարտի, 2024
Բացօթյա տարածքներում 4 մետրից ավելի երկարությամբ ՀՀ դրոշ տեղադրելը պետք է համաձայնեցնել ԱԳՆ-ի հետ․ նախագիծ
 |factor.am|

Բացօթյա տարածքներում 4 մետրից ավելի երկարությամբ ՀՀ դրոշ տեղադրելը պետք է համաձայնեցնել ԱԳՆ-ի հետ․ նախագիծ |factor.am|

factor.am: Արտաքին գործերի նախարարությունը առաջարկում է «ՀՀ պետական դրոշի մասին» օրենքում փոփոխություններ կատարել։ Նախագծով առաջարկվում է սահմանել դրոշաձողի բարձրության և դրոշի չափի հարաբերակցություն։ «Հայաստանի Հանրապետությունում փակ տարածքներում դրոշի օգտագործման չափ է մինչև 2,8մ դրոշաձողի վրա առավելագույնը 1մ։2մ-ը, իսկ բացօթյա տարածքերում՝ մինչև 10մ դրոշակաձողի վրա առավելագույնը 2մ։4մ։ Ավելի մեծ չափի դրոշի տեղադրման դեպքում անհրաժեշտ է գրավոր դիմումի հիման վրա համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության հետ»,- ասված է նախագծում։ ԱԳՆ-ն նախագիծը տեղադրել է իրավական ակտերի նախագծերի հրապարական միասնական կայքում և հանրային քննարկման ներկայացրել։ Որպես հիմնավորում՝ արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ հստակեցվում են փակ և բացօթյա տարածքներում տեղադրված ՀՀ դրոշի և դրոշաձողի օպտիմալ չափսերը, այդպես կապահովվի Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ դրոշի համանման կիրառությունը։ Ներկայացվող նախագծում նաև ասվում է, որ ՀՀ դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր և չգունաթափված: Դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս: Հայաստանի Հանրապետության դրոշը ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղությանը հակառակ 90 աստիճանով շրջել այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի: Դրոշաձողի վրա բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշի ներքևի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա: Սահմանված կետերը կիրառելի են նաև ՀՀ տարածքում օտարերկրյա պետությունների դրոշների տեղադրման դեպքում։ Բացի այս, մշտապես բարձրացված ՀՀ դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի: ՀՀ դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը սահմանվում է հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաև ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական և մշակութային կազմակերպությունների, պետության և համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձանց աշխատանքային կարգապահական ներքին կանոններով։
12:15 - 27 մարտի, 2024