Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Ցավոք, անհետ կորածների թիվը մի քանի հարյուր է․ Նիկոլ Փաշինյան

Ցավոք, անհետ կորածների թիվը մի քանի հարյուր է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսին անդրադարձավ նաև անհետ կորածների թվին։ Հարց․ին, թե ինչ աշխատանքներ են կատարվում անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ, հայտնի՞ է արդյոք՝ քանի՞ անհետ կորած ունենք, վարչապետը դրական պատասխանեց։ «Հիմա կոնկրետ թիվ չհարապարակեմ, բայց մենք ունենք թիվ, ցավոք, անհետ կորածների թիվը մի քանի հարյուր է, մենք հույս ունենք, որ բոլորի դեպքում չէ, որ մենք նույն եզրակացությանը կհանգենք, մենք հույս ունենք, որ մի մասին ողջ կգտնենք, եթե ոչ ողջ-առողջ։ Երեկ իմացա, որ վիրավոր զինվոր է հայտնաբերվել, որը նախկինում համարվում էր անհետ կորած»,- նշեց նա։ Գերիների փոխանակման ժամկետների վերաբերյալ վարչապետը նշեց, որ այն տեղի կունենա մարմինների փոխանակումից հետո։ «Առաջարկներ կային, որ սգո օր հայտարարվի, ես կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ այդ որոշումը կայացվի, երբ մենք մարմինների փոխանակումը կհասցնենք ավարտին եւ հնարավորություն ունենանք հարգանքի տուրքը մատուցել նաեւ պետական մակարդակով կայացված որոշումների շրջանակում։ Կարեւոր եմ համարում, որ այս ընթացքում երաշխավորենք զոհված զինծառայողների ընտանիքների, հաշմանդամություն ստացած զինծառայոնղերի համար նախատեսված սոցերաշխիքները, եւ կառավարությունը միջոցներ ձեռնարկում է, եւ մենք ունենք վստահություն, որ այդ ամենը կարվի պատշաճ մակարդակով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
12:05 - 16 նոյեմբերի, 2020
Եկել էր իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել սահմանափակ ժամանակում, որովհետեւ կոնկրետ իրադարձություններին էին զարգանում․ Նիկոլ Փաշինյան

Եկել էր իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել սահմանափակ ժամանակում, որովհետեւ կոնկրետ իրադարձություններին էին զարգանում․ Նիկոլ Փաշինյան

Պատերազմի ընթացքում Անվտանգության խորհրդի գոնե երկու նիստ ենք ունեցել, որին մասնակցություն են ունեցել ՀՀ նախագահը, Վեհափառ հայրապետը, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, հանդիպումներ ու քննարկումներ ենք ունեցել նաեւ քաղաքական ուժերի հետ։ Այս մասին այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն պնդմանը, որ եթե ԱԺ պատգամավորները, ընդ որում՝ ոչ միայն «Իմ քայլ»-ի, նախարարները, կառավարության անդամները, ՀՀ նախագահը տեղյակ չէին հայտարարության բուն քննարկումից եւ ընդունված որոշումից, արդյոք չի՞ նշանակում, որ այդ ինստիտուտները պարզապես չեն գործում եւ ճգնաժամի մեջ են։  «Ընդհանուր առմամբ, միտումների մասին նրանք տեղյակ են եղել, իհարկե, կոնկրետության հետ կապված նրբություններ են եղել, որոնք հնարավոր չի համարվել քննարկել, որովհետեւ եկել էր մի իրավիճակ, երբ պետք էր որոշում կայացնել սահմանափակ ժամանակում, այդ որոշումները կայացվել են այդ սահմանափակ ժամանակահատվածում՝ խորհրդակցելով ԶՈՒ ԳՇ-ի եւ Արցախի քաղաքական ղեկավարության հետ, որովհետեւ կոնկրետ իրադարձություններին էին զարգանում, որոնք պետք էր կոնկրետ արձագանքել»,- ասաց վարչապետը։ Հարցին, թե չի՞ կարծում, որ օր առաջ անհրաժեշտ է արտահերթ ընտրությունների միջոցով ձեւավորել նշված ինստիտուտների գործունակ իրավահաջորդներին, Փաշինյանը պատասխանեց, որ ինստիտուտները գործում են եւ կգործեն։ «Հիմա ես կարեւորում եմ, որ ՀՀ-ում կայանությունը եւ հանրային անվտանգությունը լիովին երաշխավորենք, այսօր պետք է կենտրոնանանք այն խնդրի վրա։ Եվ խորհրդարանը, նախագահը, մնացյալ ինստիտուտները այսօր պետք է ոչ թե չգործեն, այլ պետք է գործեն, եւ մեր բոլորի գործունեությունը պետք է ուղղված լինի անվտանգությունը եւ կայունությունը ապահվելուն։ Իմ համոզմամբ՝ այդ ինստիտուտները գործունակ են եւ ունեն գործելու մանդատ եւ լիազորություն»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը։
11:49 - 16 նոյեմբերի, 2020
Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադարությունը․ Նիկոլ Փաշինյան

Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադարությունը․ Նիկոլ Փաշինյան

Սեփական կետ ասելով՝ ես նկատի ունեի, որ մենք փորձում ենք եւ փորձելու ենք չհամաձայնվել «տարածքներ՝ ոչնչի դիմաց» տրամաբանությանը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է հիմա վարչապետի սեփական կետը բանակցություններում, քանի որ վերջինս իր պաշտոնավարման սկզբում ասել էր՝ բանակցությունները սկսում է իր սեփական կետից։ «Մենք պետք է վերլուծենք, եւ ձեւակերպենք այն օրակարգը, որ ունենք այսօրվա իրավիճակի շուրջ եւ պետք է սպասարկենք այդ օրակարգը՝ մասնավորապես կենտրոնանալով ԼՂ կարգավիճակի հարցի վրա։ Ամենակարեւոր խնդիրը, որ ԼՂ-ի ժողովուրդը պետք է ապրի ԼՂ-ում, եւ կարգավիճակի հարցը մեզ համար նոր սրությամբ ու նոր կարեւորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում, ինչպես նաեւ հումանիտար, կոմունիկացիոն, տրանսպորտային եւ այլ հարցեր»,- նշեց նա։ Վարչապետն անդրադարձավ նաև հարցին, թե տարբեր քաղուժեր բարձրաձայնում են, որ ստորագրված հայտարարության կետերը կարելի է ավելի հայանպաստ դարձնել․ ինչո՞ւ այդ ուժերի հետ երկխոսություն չկա։ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ընդգծեց, որ որեւէ քաղաքական ուժից չի ստացել առաջարկ, որ նրանք գիտեն ինչպես ավելի լավը դարձնել։ «Բայց ես էլի ուզում եմ ասել, որ խնդիրն այն է, որ այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ կոնկրետ ռազմական իրադրության, որը, ցավոք, մենք ունեցել ենք տվյալ իրավիճակում։ Ըստ էության, հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադարությունը, ինչը, կարծում եմ, համենյան դեպս այսօր իրատեսական խնդիր չէ նման ձեւակերպում անելու համար։ Ինչ վերաբերում է բանակցային հետագա գործընթացին՝ այդ փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոն դեռ մեկնաբանությունների կարիք ունեն, եւ այդ մեկնաբանությունների ընթացքում բոլոր առաջարկներն ի մի կբերվերն, լավագույնները կփորձենք կյանքի կոչել»,- ասաց նա։
11:33 - 16 նոյեմբերի, 2020
Որեւէ կասկած չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար․ Նիկոլ Փաշինյան

Որեւէ կասկած չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար․ Նիկոլ Փաշինյան

Որեւէ կասկած չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, տեղի ունեածի համատեքստում կրում է պատասխանատվությունը։ Այս մասին այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընդունում է պատասխանատվությունը, որ պատերազմը իր վարած քաղաքականության հետեւանքն է նաեւ, եւ եթե ոչ, ապա ով է այն պաշտոնյան, որը պատասխանատու է տարածքային կորուստների, զոհերի ու գաղթականների համար։ «Եվ ես ինձ հաշիվ եմ տալիս, որ էս փաստի բերումով պետք է կանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ, բայց որպեսզի տվյալ դեպքում դատավաոր-ժողովուրդը կարողանա եզրահանգումների գալ, ինքը պետք է տիրապետի գործի հանգամանքներին։ Այսինքն՝ պետք է խոսակցություն տեղի ունենա, հենց նույն զինվորներին, ընդդիմությանը, կառավարությանը լսելը, բոլորին լսելը էս պրոցեսի շատ կարեւոր մասն է»,- նշեց նա։ Վարչապետը հայտնեց, որ կարևոր  է արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել։ «Իսկ տեղի է ունեցել հետեւյալը․ 2018-ի մայիսի դրությամբ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը մեզնից առաջ հատել էր չվերադառնալիության կետը, երբ, ըստ էության, հարցը մտել էր «տարածքներ՝ ոչնչի դիմաց» տրամաբանության փուլ։ Հիմա եթե ուշադիր նայեք լրատվական դաշտը, կտեսնեք, որ շատ հանրապետականներ էսօր ի ցույց են դնում 2018-ի իրենց գրառումները, կանխատեսումները՝ ասելով, որ ԼՂ-Ի շուրջ բարդություններ են լինելու, ընդհուպ հողեր են հանձնվելու, եւ այլն։ Էստեղ կա երեք տարբերակ․ կամ էդ մարդիկ մարգարե են, կամ մեր կառավարությունն ու անձամբ ես դավադիր եմ, հատուկ եկել եմ Արցախի համար պրոբլեմներ ստեղծելու, եւ կամ էլ էդ մարդիկ պարզապես էդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը, ուր է հասել, եւ ինչ անխուսափելի պահանջներ եւ կոնսենսուս կա ՀՀ-ի առաջ»,- ասաց վարչապետը։ Հիմա, Նիկոլ Փաշինյանի խոսքով, իր վարած քաղաքականությունն այդ համատեքստում եղել է փորձել չհամաձայնել այդ ամենի հետ, փորձել փոխել տրամաբանությունը։ «Եվ, ըստ էության, հիմա կարող ենք ասել, որ ցավոք, այո, մեզ դա չի հաջողվել, որովհետեւ, ըստ էության, մենք կանգնած ենք եղել եւ կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին՝ առանց որեւէ նախապայմանի։ Մենք չենք կարողացել փոխել էդ տրամաբանությունը եւ գուցե փոխելու հնարավորթյունները ճիշտ չենք գնահատաել, բայց, մյուս կողմից, եթե ճիշտ չենք գնահատալել, պետք է համակերպվեի՞նք դրա հետ։ Ես, օրինակ, չէի կարող դրա հետ համակերպվել, եւ փորձել եմ ամեն ինչ անել Հայաստանի դիմադրողականությունն այդ հարցի վերաբերյալ բարձրացնելու համար, փորձել եմ ամեն ինչ անել, որ մեր ԶՈՒ-ի մարտունակությունն ու զինվածության մակարդակն էականորեն բարձրանա»,- ընդգծեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այդ հարցի համատեքստում իրենց մեղադրում են հակադարձ բաների մեջ, օրինակ, մեղադրում, ասում են՝ դուք ստորագրեցիք թուղթ, որ հանձնվեն որոշակի տարածքներ, բայց մյուս կողմից մեղադրում են, որ ավելի վաղ չենք ստորագրել թուղթ, որպեսզի էդ տարածքները հանձնվեն։ «Մեզ մեղադրում են հա՛մ հանձնելու, հա՛մ չհանձնելու մեջ։ Ավելի շուտ չստորագրելու մասով ես ասացի, որ մեր բանակը կռվել է այնքան ժամանակ, մինչեւ այդ դիմադրությունը ունեցել է կոնկրետ իմաստ, նպատակ՝ ռազմավարական եւ մարտավարական։ Եւ մեզ մյուս կողմից էլի մեղադրում են հակադարձ բաների մեջ, մեղադրում են, որ պատերազմի ընթացքում զոհեր են եղել, մեղադրում են, որ մենք զոհերից խուսափելու համար եւ մեր 20-35 հազարանոց խմբավորման շրջափակումը թույլ չտալու համար գնացել ենք այդպիսի քայլերի։ Այս ամենի պատասխանատվությունն առաջին հերթին իմն է, բայց այդ պատասխանատվությունը լիարժեք կրելու համար ես հարկ եմ համարում, որ բոլոր հանգամանքները մանրամասն պարզաբանվեն հանրության համար»,- եզրափակեց վարչապետը։
11:21 - 16 նոյեմբերի, 2020
Իմ գրառման վերաբերյալ շահարկումները համարում եմ անտեղի․ զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն․ Նիկոլ Փաշինյան

Իմ գրառման վերաբերյալ շահարկումները համարում եմ անտեղի․ զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն․ Նիկոլ Փաշինյան

Երեկվա գրառման վերաբերյալ կարող եմ ասել, որ մի շարք արձագանքներ ի ցույց դրեցին, թե ինչպես են լարվածության այս շրջանում մանիպուլյատիվ մեխանիզմներ գործում։ Այս մասին այօսր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչ եմ ես գրել․ դուք տեղյակ եք, որ ամսի 9-ից հետո առաջնագծից կամավորներ, զինվորներ տեսանյութեր են հրապարակում, որտեղ աջակցության խոսքեր են ասում կառավարության հասցեին եւ տալիս որոշ գնահատականներ, վերլուծություններ։ Ես գրել եմ՝ ապշած եմ տղաների խորագիտությունից։ Շատ դեպքերում այնտեղ հնչում են շատ խորը վերլուծություններ, եւ դրանց համար հիմք են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել հենց այդ զինվորների աչքի առաջ։ Գրել եմ՝ տղե՛րք, դուք ճիշտ եք։ Այսինքն՝ շատ իրադարձությունների իրենց մեկնաբանության հետ ես համաձայնում եմ։ Գրել եմ՝ սպասում եմ ձեզ Երեւանում։ Ահա այս նախադասույթունն է, որ շատերին հիմք է տվել ասելու, թե այստեղ քաղաքացիական պատերազմի եւ բախումների կոչ կա։ Եթե մեր սիրելի հայրենակիցներն ուշադիր լինեն, հայտնի իրադարձություններից հետո հենց համացանցում էլ երեւում է, որ այդ զինվորներից շատերը զորացրվում են եւ վերադառնում իրենց ընտանիքներ։ Եվ այդ մարդկանցից շատերը, խմբեր, նույնիսկ առանձին ջոկատներ ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ, եւ ես հարկ եմ համարել հրապարակային արձագանքել, որ իրենց հետ հանդիպումը կկազմակերպեմ եւ իրենց հետ կքննարկենք հարցերը»,- հավելեց նա։ Փաշինյանն ասաց, որ հաջորդ նախադասությամբ ինքը գրել է՝ «վերջնականապես լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։ «Իհարկե, այստեղ բավականին կոշտ ձեւակերպում է, բայց, հաշվի առնելով, որ երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաեւ պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում (նկատի ունի ԲԴԽ նախագահի հայտարարությունը,-խմբ․), այս ձեւակերպումն օգտագործել եմ, եւ սա ինչ է նշանակում․ նշանակում է, որ առաջնագծի զինվորների վերդարձից հետո եւ նրանց հետ խոսակցության արդյունքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել եւ այլն։ Ո՞վ, եթե ոչ առաջնագծում գտնված զինվորը գիտի այդ հարցի պատասխանը, եւ ինձ համար շատ կարեւոր է շփվել տղաների հետ, լսել նրանց գնահատականները։ Ի դեպ, քանի որ խոսքը բախման մասին է, ասեմ, որ ոչ մեկը ՀՀ եւ Երեւան չի վերադառնում զինված, որովհետեւ դրված են հատուկ անցագրային կետեր, որտեղ գտնվող իրավապահների ներկայացուցիչներն այդ խմբերին ուղեկցում են զորամասեր, այնտեղ նրանք իրենց զենքերը սահմանված կարգով հանձնում են»,- ընդգծեց ՀՀ վարչապետը։ Փաշինյանը հայտնեց, որ ինքը երեկ այս թեմայով զրույց է ունեցել Ռազմական ոստիկանության պետի հետ, որպեսզի բացառեն որեւէ մեկի կողմից զենքերով Երեւան հասնելը։ Հիմա, վարչապետի խոսքով, իրավիճակն այնպիսին է, որ խոսքը կարող են մեկնաբանել տասնյակ ձեւերով։ Իհարկե, ըստ Փաշինյանի, այստեղ մի նուրբ հարց կա, որ առաջնագծից հրապարակված տեսանյութերի մեջ երբեմն շատ կոշտ բառապաշար է հնչում եւ դա մտահոգիչ է։ Նա ուշադրություն հրավրեց փաստի վրա, թե ինչը կարող է դրա համար պատճառ հանդիսացած լինել․ «Մենք տեսանք, թե նոյեմբերի 9-ի, լույս 10-ի գիշերն ինչ տեղի ունեցավ Երեւանում․ հարձակման ենթարկվեց կառավարության շենքը, ջարդուխուրդ արվեց, Ազգային ժողովի շենքը, Կոնդի առանձնատների ՊՈԱԿ-ը։ Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստին, որ այդ բռնությունները քաղաքական ուժերը չդադապարտեցին։ Սա շատ կարեւոր հանգամանք է, նույնիսկ ՀՀ ՄԻՊ-ն այդ հարձակումները չդատապարտեց, եւ դատապարտման խոսքեր հնչեցրին առաջնագծում եղող զինվորները»,- ասաց վարչապետը՝ շեշտելով, որ, իհարկե, Հայաստանում պետք է բացառվի ատելության խոսքն ու քաղաքացիական բախումը։ «Ի՞նչ քաղաքացիական պատերազմ, էդ ինչի՞ մասին է խոսքը, ո՞վ է ընդհանրապես դրա մասին խոսում։ Ես ուզում եմ ասել, որ ՀՀ իրավապահ համակարգը, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ունեն բավարար ներուժ՝ նման բան թույլ չտալու համար։ Հիմա հարց կհնչի․ եթե այդպես էր, ինչո՞ւ նոյեմբերի տասի գիշերն այդ ամենը չկանխվեց եւ չկանխարգելվեց․ շատ պարզ պատճառով․ նույն ոստիկանության զորքերը, ԱԱԾ-ն, նույնիսկ ՊՊԾ-ի մի շատ հսկայական հատված առաջնագծում էր, եւ, ըստ էության, մայրաքաղաքում շատ սահմանափակ ուժեր կային ե՛ւ ոստիկանությունից, ե՛ւ ԱԱԾ-ից, ե՛ւ ՊՊԾ-ից։»,- նշեց վարչապետը։ Վարչապետը ընդգծեց, որ այս իրավիճակում իր գրառման վերաբերյալ շահարկումները համարում է անտեղի։ «Եվ համարում եմ, որ զորացրվող զինվորները նույնպես կարծիք ունենալու իրավունք ունեն, եւ ես չեմ համարում, որ եթե նրանք ուզում են ինձ հետ հանդիպել ու ես համաձայն եմ հանդիպել, դրա մեջ դատապարտելի որեւէ բան կա։ Նրանք են ճշմարտության կրողը, եթե պարզվի, որ կա դավադրություն, թող բացահայտվի՝ բոլոր մեղավորները պատժվեն։ Բայց, կներեք, Երեւանից հեշտ չի գնահատական տալ նրանց համար, որոնք ամբողջական ինֆորմացիայի չեն տիրապետում»,- ասաց ՀՀ վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ռազմաքաղաքական դավադրություն չկա, բայց պետք է լսել նաեւ տղաներին, որովհետեւ դրվագների մասին են խոսում, պարզաբանվի, հասկացվի՝ ինչ եւ ինչու է տեղի ունեցել։ «Ի՞նչ է նշանակում քաղաքացիական պատերազմի կոչ, երկրի վարչապետը քաղաքացիական պատերազմի կոչ է անո՞ւմ։ Ո՞րտեղ է էդպիսի բան գրած, չի կարելի էդպիսի մանիպուլյատիվ մոտեցում ցուցաբերել։ Եթե առաջնագծի զինվորներին քաղաքական կամ ընթացիկ իրավիճակի հանգուցալուծման մեջ ներքաշելու խնդիր լինի, կառավարությունը բոլոր լծակներն ու լիազորությններն ունի։ Ռազմական դրության մասին ռեժիմը հնարավորութուոն է տալիս նաեւ ԶՈՒ-ին ներգրավել՝ աջակցելու, հասարակական կարգը պահպանելու եւ այլ հարցերում։ Դրա համար սոցցանցում գրառում անելու անհրաժեշտություն կա՞, եթե նույնիսկ այդ տրամաբանությամբ նայել։ Հույս ունեմ՝ մեր հայրենակիցները ճիշտ են հասկացել, իսկ նրանք, որոնք ճիշտ չէին հասկանցել, կվերանայեն իրենց գնահատակնները այս մեկնաբանությունից հետո»,- ասաց վարչապետը։
11:06 - 16 նոյեմբերի, 2020
Վարչապետի գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների. Էդուրարդ Աղաջանյան

Վարչապետի գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների. Էդուրարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրարդ Աղաջանյանը պարզաբանում է ներկայացրել վարչապետ Փաշինյանի վերջին գրաման վերաբերյալ․ «Վարչապետի վերջին գրառման հետ կապված բազմաթիվ իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվել։ Շատերն այն դիտարկում են իբրև քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ։ Վստահեցնում եմ, որ սա տարընթերցում է։ Գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր, շաբաթներ շարունակ լինելով առաջնագծում, այս օրերին շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների, ոչ մի դեպքում չփորձել ապակայունացնել ներքաղաքական վիճակը և համախմբվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի։ Միաժամանակ, այս օրերին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները լծված են կանխելու ցանկացած ներքին բախում և բացառելու զինված խմբավորումների գոյությունը։ Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի ու Արցախի առջև առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն ներքաղաքական կայունության միջավայրում և մեր ողջ ներուժի կոնսոլիդացիայի դեպքում։ Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում զերծ մնալ ատելության, բռնության քարոզից և պառակտիչ գործունեություն իրականացնելուց։ Ողջախոհություն բոլորիս»։
02:59 - 16 նոյեմբերի, 2020
Վարչապետի գրառմամբ, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների․ ՀՀ ՄԻՊ

Վարչապետի գրառմամբ, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառման վերաբերյալ։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև։ «ՀՀ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: Դրանով, ըստ էության, կոչ է արվում դուրս գալ քաղաքացիական բախումների: Այդ գրառումը հատկապես դատապարտելի է այն տեսանյութերի ֆոնին, որոնք վերջին օրերին պարբերաբար հրապարակվում էին զինվորական համազգեստով ու զինված անձանց կողմից և պարունակում էին ատելություն, բռնության կոչեր ու սպանությունների սպառնալիքներ: Ակնհայտ է, որ առաջնագծի զինվորները զինված են ու այդ գրառումը ենթադրում է հենց այդ կոչերի ու սպառնալիքների իրականացում, հաշվեհարդար: Բոլորին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ»:
01:14 - 16 նոյեմբերի, 2020
Արսեն Թորոսյանը վարչապետին զեկուցել է կորոնավիրուսի հետ կապված վիճակի և վիրավոր զինծառայողների բուժօգնության կազմակերպման մասին

Արսեն Թորոսյանը վարչապետին զեկուցել է կորոնավիրուսի հետ կապված վիճակի և վիրավոր զինծառայողների բուժօգնության կազմակերպման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որը կառավարության ղեկավարին է ներկայացրել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ու զեկուցել պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողների բուժօգնության կազմակերպման ընթացքը: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։ «Պարոն Թորոսյան, այսօր Ձեզ հրավիրել եմ, որպեսզի հասկանանք կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև պատերազմում վիրավորված զինծառայողների հետ կապված խնդիրները, տեսնենք՝ ինչ անելիքներ, դժվարություններ, հարցեր ունենք այս փուլում, որոնք պետք է կարճ ժամանակում լուծել: Իհարկե, արդեն սկսել են որոշ շահարկումներ՝ պատերազմում զոհվածների թվի վերաբերյալ: Առողջապահության նախարարությունն արդեն հանդես է եկել հստակ պարզաբանմամբ և կարծում եմ՝ հանրությանը հուզող հարցերի պատասխանը տրվել է: Իհարկե, դեռևս անորոշություններ կան, այժմ Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատանքին և խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ տեղի է ունենում նաև դիերի փոխանակության գործընթաց: Հույս ունենք, որ այդ ցավալի գործընթացը կարճ ժամանակում կիրականացվի և մենք անորոշություններից դուրս կգանք»,- նշել է վարչապետ Փաշինյանը: Նախարարը նշել է, որ պատերազմի ժամանակ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակել է մնալ լարված: Արսեն Թորոսյանի խոսքով, փաստացի, առողջապահական համակարգը ստիպված լինելով դիմակայել նոր մարտահրավերի, խոսքը ռազմական գործողությունների հետևանքով վիրավորվածների բուժմանն է վերաբերում, միևնույն ժամանակ շարունակել է զբաղվել հազարավոր այն քաղաքացիներով, որոնք կորոնավիրուսային հիվանդության դրական ախտորոշում են ունեցել: «Ինչպես նախկին լարված սեզոնին՝ հունիս, հուլիս ամիսներին, նույնիսկ դրանից ավելի, ծավալվել են 26 բժշկական հաստատություններ, որոնք զբաղվել են կորոնավիրուսային հիվանդությամբ: Ծավալների աճ ենք ունեցել և դեռ չունենք հակառակ ծավալման որևէ առիթ, քանի որ թվերը բարձր են մնում»,- ասել է նախարարը: Նա տեղեկացրել է, որ ներկայումս կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոց տեղափոխվելու իր հերթին սպասող քաղաքացիների թիվը 553 է: Նրանց վիճակը կամ ծանր է, կամ ծայրահեղ ծանր: «Բայց վերջին 7-10 օրերի ընթացքում ունեցել ենք նման մինչև 850 քաղաքացի: Փորձում ենք եղած հոսպիտալային մահճակալների հզորությունները և թթվածնային կետերն ավելացնել, որպեսի հերթում գտնվողների թիվը նվազեցենք: Փաստացի, ներկայումս ունենք կորոնավիրուսի 39 հազար 564 ակտիվ դեպք, որից ընդամենը 2500-ն է բուժվում հիվանդանոցային օղակում: Մնացածը բուժվում են տանը»,- ասել է նա: Արսեն Թորոսյանն անդրադառնալով այն թեզին, թե կան հիվանդանոցներ, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսային հիվանդությամբ, նշել է, որ այդպիսի հիվանդանոցներ կան: «Նրանց մի մասը նպատակային չեն զբաղվում կորոնավիրուսով, որովհետև մեզ համար եղել են ռեզերվային հոսպիտալներ՝ ռազմական գործողությունների ժամանակ այլ ուղղություններով ծավալվելու համար: Այդ նպատակով էլ դրանք նպատակային կերպով դատարկ են թողնվել: Միաժամանակ, կան հիվանդանոցներ, որոնց թիվը շատ քիչ է, որոնք չեն զբաղվում կորոնավիրուսով, քանի որ ունեն թթվածնով ապահովման խնդիր: Ինչպես ամռանը, այժմ էլ թթվածինը հիմնական խնդիրն է: Ճիշտ է՝ ձեռք էինք բերել մեծ հզորություններ, մի քանի կայաններ՝ Եվրոպայից, այլ երկրներից, սակայն չկանխատեսված այսպիսի մեծ թվերը, ինչպես ամբողջ աշխարհում, կրկին թթվածնի պահանջարկը մեծացրել են: Ժամանակին մենք թթվածին էինք ներկրել Ռուսաստանի Դաշնությունից, այժմ ներկրում ենք Վրաստանից: Եվս 4 կայան ենք ձեռք բերել Չինաստանից: Թթվածինը ձեռք ենք բերում դժվարությամբ, այդ թվում՝ Վրաստանից, քանի որ այն քվոտավորված է նույնիսկ երկրի ներսում: Հետևաբար, մեր մաքսիմումի վրա ենք, դա միանշանակ: Կրկին ուշադրությունը պետք է դարձնենք թվերը նվազեցնելու վրա, ինչով պետք է զբաղվենք բոլորս և ինչի կոչ մենք միշտ անում ենք: Սա է այս մարտահրավերի դեմն առնելու մեր միակ գործիքը, նաև հաշվի առնելով, որ դիմացը ձմեռ է, երբ միշտ ակտիվանում են սուր շնչառական վարակները, այդ թվում՝ կորոնավիրուսային հիվանդությունը»,- ասել է Առողջապահության նախարարը: Անդրադառնալով պատերազմում վիրավորված զինծառայողների բուժօգնությանը՝ Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո նախարարության ամբողջ անձնակազմը և ենթակա հիմնարկները լծվել են գործին: Երկու հիմնական ուղղություններով՝ Վարդենիսի ու Գորիսի, ծավալվել են մեծ ռեսուրսներ՝ վիրավորների հոսքերն ընդունելու, տեսակավորելու, տեղում բուժօգնություն ցուցաբերելու և Հայաստանի խորքում գտնվող բուժհաստատություններ տեղափոխելու համար: «Տարբեր ինտենսիվությամբ, ըստ մասնագիտացված պրոֆիլի, ծավալվել է մոտ 36 բժշկական հիմնարկ: Աշխատանքներում ներգրավված է եղել շտապօգնության ողջ ներուժը, ձևավորվել են հավելյալ բրիգադներ: Իրականացվել է մոտ 2 հազար բժշկական կանչ՝ տեղափոխում: Այլ հիմնարկներից ևս ներգրավվել են այնպիսի ավտոմեքենաներ, որոնք հնարավոր է եղել դարձնել ռեանիմոբիլներ: Դրանք համալրել ենք նոր անձնակազմով և կրկին ներգրավել աշխատանքներում: Շտապօգնության մեքենաների օրական ներգրավվածությունը եղել է մոտ 80, որոնք զբաղվել են միայն վիրավորների տեղափոխմամբ: Նաև մեզ շատ է օգնել սանիտարական ավիացիան, որոնց միջոցով տեղափոխվել են ծայրահեղ ծանր վիրավորները: Դրա արդյունքում տեղափոխման ժամանակը կրճատվել է երեք անգամ»,- հավելել է նախարարը: Արսեն Թորոսյանը նշել է, որ պատերազմի ընթացքում առողջապահական համակարգին օգնել են նաև սփյուռքահայ բազմաթիվ բժիշկներ: Նախարարը շնորհակալություն է հայտնել սփյուռքահայ մասնագետներին և հավելել, որ նրանցից շատերը մինչ օրս ներգրավված են բուժօգնության աշխատանքներում:
20:08 - 14 նոյեմբերի, 2020
Քննարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման աշխատանքների ընթացքը

Քննարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման աշխատանքների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի գործարկման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: «Արդեն ավելի քան երկու ամիս է Հայաստանում դե յուրե գործարկվել է ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենսդրությունը և համակարգը: Այսօրվա մեր քննարկման նպատակն է հասկանալ, թե ուր ենք հասել այս ինստիտուտի ներդրման հարցում, ինչքանով է այն պատրաստ լիարժեք աշխատանքի և այս առումով առաջիկայում ինչ անելիքներ կան»,- խորհրդակցության սկզբում նշել է վարչապետը: Զեկուցվել է, որ ներկայումս Գլխավոր դատախազությունում ձևավորված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը համապատասխան աշխատանքներ է տանում վարույթում առկա քրեական գործերի ուսումնասիրության, ապացուցողական բազայի համալրման ուղղությամբ: Վերը նշված աշխատանքները տարվում են շահագրգիռ գերատեսչությունների հետ սերտ համագործակցության միջոցով: Վարչապետը կարևորել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի արդյունավետ իրականացումն ու այս հարցում ընդգծել համապատասխան մարմինների հետևողական համագործակցության կարևորությունը:
17:43 - 14 նոյեմբերի, 2020
Փաշինյանի հրաժարականն ու իր թիմի գիտակցումը՝ այդ հրաժարականն ընդունելու, պետք է լինի ժամ առաջ. այդ ամենը հանուն ապագայի է, ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի կամ իշխանության աթոռակռվի. Դավիթ Իշխանյան |tert.am|

Փաշինյանի հրաժարականն ու իր թիմի գիտակցումը՝ այդ հրաժարականն ընդունելու, պետք է լինի ժամ առաջ. այդ ամենը հանուն ապագայի է, ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի կամ իշխանության աթոռակռվի. Դավիթ Իշխանյան |tert.am|

tert.am: Յուրաքանչյուր առաջնորդ, երկրի ղեկավար պետք է շատ հստակ պատկերացնի քաղաքական, ռազմական զարգացումները, և, ընդհանրապես, գլոբալ առումով հնարավոր զարգացումները: Ցավոք, մենք դա չտեսանք ո՛չ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերների, ո՛չ վերջին օրերին իր հնչեցրած բացատրությունների, ինչ-որ տեղ՝ «իր մեղքի բաժնի» մասին խոսելիս: Այս մասին ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: «Վարչապետը հստակ փաստում է, որ իր համար, քաղաքական իշխանության համար մարդը արժեք չէր: Եթե առաջնորդվեինք «մարդը արժեք է» սկզբունքով, կարող էինք շատ հարցերի պատասխան տալ և բավականին զարգացումներ կանխել, բայց այսօր ոչ միայն մարդկային կորուստների, այլև հողային կորուստների լուրջ գին ենք վճարել: Մենք պետք է հասկանայինք այդ գինը, առաջին իսկ պահից անցկացվեին քաղաքական լուրջ խորհրդատվություններ, արվեր ուժերի մոբիլիզացիա՝ բոլոր առումներով՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, ներազգային. այն ամենը, ինչին ականատես չենք եղել»,-ասաց Իշխանյանը: Վերջինիս կարծիքով՝ անկազմակերպվածության գերագույն աստիճան ենք ցույց տվել, որ երևի վերջին 30 տարվա ընթացքում, ըստ նրա, երբեք չենք ունեցել: «Նույնիսկ 90-ականների սկզբներին, երբ չունեինք պետական միավորներ, կազմավորված ատրիբուտներ, այս կարգի անկազմակերպվածության աստիճան չենք ունեցել»,-նշեց նա: Դիտարկմանը, թե պնդումներ կան, որ կնքվել է կապիտուլյացիոն համաձայնագիր, Իշխանյանն արձագանքեց, թե շատ տրամաբանական է այդպիսի բնորոշումը: «Փաշինյանի հրաժարականը կարող է որոշակի լույս փռել մեր ապագայի վրա: Սա ասում եմ ոչ թե որպես ՀՅԴ կառույցի պատասխանատու, այլ երկրի քաղաքացի, և շատ լավ հասկանալով նաև քաղաքական գործընթացները՝ ունեմ նաև իմ անձնական տեսակետը, որ վարչապետի հրաժարականն ու իր թիմի գիտակցումը՝ այդ հրաժարականն ընդունելու, պետք է լինի օր և ժամ առաջ, որ կարողանանք նոր լույս բացել մեր ժողովրդի համար»,-ասաց նա: Դիտարկմանը, թե վարչապետն ընդգծում է, որ սա ոչ թե համաձայնագիր, այլ համատեղ հայտարարություն է, և հարցին՝ ի վերջո, արդյո՞ք այն իրավական ուժի ունի, ԱՀ ԱԺ պատգամավորն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ դրանում իրավական ուժ չկա, և վարչապետի ստորագրած հայտարարության փաստաթուղթն իրավական հիմքեր չունի: Իրավական հիմքեր ստեղծելու համար այդ փաստաթուղթը պետք է խորհրդարանով և համապատասխան կառույցներով անցներ: Սա հարցի մի կողմն է, բայց արդեն փաստ է, ռուս խաղաղապահներն հասել են Արցախ, և արդեն իսկ իրենք իրենց հենակետերն են տեղակայում»,-ասաց Իշխանյանը: Շարունակությունը՝ tert.am-ում
17:42 - 14 նոյեմբերի, 2020
Մեր գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցը. վարչապետ

Մեր գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամություն ստացած անձանց սոցիալական երաշխիքների պահովման հետ կապված հարցեր: Իր խոսքում, վարչապետը, մասնավորապես, նշել է. «Մեր առաջիկա գործունեության կարևոր ուղղություններից մեկը պետք է դառնա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքների, նաև հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների հարցը: Այսօր մենք հավաքվել ենք նախ քննարկելու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակը, այսինքն տեսնելու, թե ինչ ունենք, ինչ իրավիճակ ունենք և ինչ անելիքներ կան, որպեսզի կարողանանք հիմնադրամի լիարժեք գործունեությունն ապահովել: Պետք է քննարկենք նաև այն, թե ինչ լրացուրցիչ գործիքներ ունենք, որպեսզի կարողանանք ավելի կայուն և համապարփակ դարձնել այդ հիմնադրամի գործունեության հետ կապված հարցերը»: Այնուհետև ներկայացվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շրչջանակում սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, միանվագ և ամենամսյա վճարների մեխանիզմները, հիմնադրամի միջոցների ընդլայնման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, որոնց շուրջ ներկայացվել են տարբեր առաջարկություններ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է տեղեկատվություն «Մենք ենք մեր սահմանները, բոլորս Արցախի համար» խորագրով դրամահավաքի շրջանակում ստացված միջոցների, դրանց օգտագործման ուղղությունների և նպատակների վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաև Արցախի մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ծրագրերի ու միջոցառումների իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնրարականներ՝ վերը նշված ուղղություններով աշխատանքներն առավեագույնս կազմակերպված, նպատակային ու հասցեական իրականացնելու համար:
15:17 - 14 նոյեմբերի, 2020
Վարչապետը հեռանում է, ԱԺ-ն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձեւավորվում է անցումային կառավարություն․ Մարուքյանը ներկայացրեց ԼՀԿ-ի ճանապարհային քարտեզը

Վարչապետը հեռանում է, ԱԺ-ն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձեւավորվում է անցումային կառավարություն․ Մարուքյանը ներկայացրեց ԼՀԿ-ի ճանապարհային քարտեզը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ուղիղ եթերով ներկայացրեց ստեղծված իրավիճակի հանգուցալուծման իրենց ճանապարհային քարտեզը։ Նախքան քայլերին անցնելը՝ Մարուքյանը նշեց, որ քաղաքական ոչ մի ուժ չի ներկայացրել ճանապարհային քարտեզ, թե ինչ է պետք անել, Փաշինյանի հեռանալուց հետո ինչ պետք է լինի։ Նրա խոսքով՝ հիմա սկսվել է մի մեծ քարոզաչություն, որ եթե Փաշինյանը հեռանա, կլինի քաոս։ Մարուքյանի համոզմամբ, սակայն, մենք արդեն ունենք քաոս։  Ստեղծված իրավիճակում ԼՀԿ-ի պատկերացրած առաջին քայլը եւս վարչապետի հրաժարականն է։ Մնացյալը՝ ստորեւ․ - պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է, խորհրդարանն ընտրում է ժամանակավոր վարչապետ, ձեւավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած մարդկանց անցումային կառավարություն,- ապահովվում է հայ-ռուսական հարաբերությունների բարձր որակ, - ստորագրված հայտարարության անորոշ դրույթների շուրջ բանակցությունների նախաձեռնում եւ վարում՝ հայանպաստ լուծումների հասնելու նպատակով,- Արցախի ինքնորոշման իրավունքի վերջնական ամրագրման եւ կենսագործման, երկարաժամկետ կայունության եւ խաղաղության, հայկական շահն արտահայտող հավասարակշռված համաձայնագիր ունենալու նպատակով ՄԽ համանախագահների ձեւաչափով բանակցությունների վերականգնում,- Հայաստան-Արցախ-սփյուռք ներուժի համախմբում,- ներքին իրավիճակի կայունացում, բախումների դադարեցում, հանրային համերաշխության վերականգնում, պառակտող գործողությունների, բռնության կոչերի բացառում, ատելության խոսքի բացառում, - պետական ինստիտուտների վերականգնում, - իրավապահ մարմիններ աշխատանքի խիստ համակարգում, երկրում կարգ ու կանոնի ամրապնդում՝ հանրային անվտանգության վերականգնման ապահովման նպատակով,- զոհված եւ վիրավորված զինծառայողների ու նրանց ընտանիքների պատշաճ ապահովում, - արցախահայության, այդ թվում՝ փախստականների սոցիալական կարիքների անհապաղ լուծում, կենսագործունեության պայմանների վերականգնում Արցախում,- կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ համակարգում,- միջազգային դոնորների համաժողովի հրավիրում, Հայաստան-Արցախ ավիրված հատվածի վերականգնման համար առնվազն մեկ միլիարդ դոլար միջոցների ներգրավում,- հայկական դիվանագիտության թիմի աշխատանքների հիմնարար փոփոխություն, արտաքին քաղաքականության վերաիմաստավորում, նախաձեռնողական քաղաքականության վարում դաշնակից եւ այլ պետությունների հետ,- Հայաստանի խախտված իրավունքների պաշտպանության նախաձեռնում միջազգային դատական ատյաններում,- տնտեսությունն ու բանակը վերականգնելու ազգային հեռանկարային ծրագրի մշակում՝ կայուն զարգացման ապահովման նպատակով,- անցումային վարչապետը իր անցումային կառավարությամբ ապահովում է ազատ, արդար, թափանցիկ, հավասար պայմանների ապահովմամբ խորհրդարանական ընտրությունների անցկացում։
14:54 - 14 նոյեմբերի, 2020
Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը․ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի մահվան կապակցությամբ, որում ասված է. «Այլևս մեզ հետ չէ մեծանուն հայ, մտավորական և բոլորիս կողմից սիրված Արմեն Ջիգարխանյանը: Ջերմությամբ եմ հիշում նախորդ տարի անվանի դերասանի հետ հանդիպումը՝ Մոսկվայի իր բնակարանում, որի ընթացքում նա մեծ ջերմությամբ էր խոսում հայրենիք այցելելու ցանկության մասին: Ցավոք, առողջությունը չներեց: Արմեն Ջիգարխանյանը մեծ սեր և ժողովրդականություն է վայելում ոչ միայն հայ, այլև այլ ժողովուրդների շրջանում ու մենք հպարտ ենք նրա նման հայրենակից ունենալու համար: Նա «Բարև, ես եմ», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Թեհրան-43», «Հարսնացու հյուսիսից» և բազմաթիվ այլ հայտնի ֆիլմերում ու ներկայացումներում կերտած դերերով միշտ կմնա մեր պատմության մեջ որպես մտավորականի և հայի բացառիկ կերպար:  Կիսում եմ վարպետի ընտանիքի, գործընկերների, երկրպագուների և բոլորի վիշտն այս մեծ կորստի պահին»:
12:58 - 14 նոյեմբերի, 2020
Հիմա մեր մեծագույն խնդիրն է՝ Արցախի մեր հայրենակիցները վերադառնան, ապրեն Արցախում, եւ մենք դրա համար շատ ծրագրեր ենք իրականացնելու․ վարչապետ

Հիմա մեր մեծագույն խնդիրն է՝ Արցախի մեր հայրենակիցները վերադառնան, ապրեն Արցախում, եւ մենք դրա համար շատ ծրագրեր ենք իրականացնելու․ վարչապետ

Արցախն այնտեղ ապրող մարդով է Արցախ։ Հիմա մեր մեծագույն խնդիրն այն է, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շատ վերադառնան եւ ապրեն Արցախում, եւ մենք դրա համար կառավարության մաքսիմալ շատ ծրագրեր ենք իրականացնելու՝ Արցախի մեր գործընկերների հետ համատեղ։ Կաշխատենք, փողը կստեղծենք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Մեր պետությունը ինսիտիտուցիոնալ լրջագույն վերափոխման կարիք ունի։ Մենք պիտի ունենանք նոր տիպի բանակ, որտեղ պետք է լինեն նոր պարամետրեր։ Բանակի մոբիլության աստիճանը պետք է անգամներով ավելանա։ Այս պատերազմում հաղթեց երկու գործոն․ մոբիլ խմբերը եւ ԱԹՍ-ները։ Բանակի բարեփոխումների կոնտեքստում պետք է դիտարկել նաեւ կանանց ներգրավվածության աստիճանի հնարավոր մեծացումը, ինչն այս համատեքստում շատ կարեւոր նշանակություն է ձեռք բերում»,- նշել է Փաշինյանը։Վարչապետի խոսքերով՝ մեր տնտեսության ամենաառաջատար ճյուղը պիտի դառնա ռազմարդյունաբերության համալիրի եւ բարձր տեխնոլոգիաների զարգացումը, կրթության ոլորտի բարեփոխումներն ամենակարեւորն են այս ամբողջ պատմության մեջ։  «Իշխանության փոփոխությունը ժողովրդավարական երկրում ունի մեխանիզմներ։ Մեր խնդիրն է ունենալ կայուն իրավիճակ, որից հետո արդեն կկարողանանք դիմել ժողովրդին։ Բանակցությունները հիմա են սկսվելու եւ մենք կարող ենք եւ ի վիճակի ենք բանակցել եւ բանակցում ենք»,- նշել է վարչապետը։  
23:24 - 13 նոյեմբերի, 2020