Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Եթե եռակողմ հայտարարության երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք գործել․ Իլհամ Ալիև

Եթե եռակողմ հայտարարության երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք գործել․ Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում անդրադարձել է Արցախի հայ բնակչության խնդրին։ «Պրահայում կայացած հանդիպմանը մենք նաև մտքեր փոխանակեցինք այս հարցի շուրջ։ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրության համաձայն։ Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել կողմերից ոչ մեկի հետ։ Եվ որքան ես հասկացա Պրահայի հանդիպման արդյունքներից, այս թեման քառակողմ հանդիպման մասնակիցների միջև հակասություններ չի առաջացրել»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։  Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը կատարում է 2020 թվականի եռակողմ հայտարարությունով սահմանված պարտավորությունները, այն է ՝ «Հայաստանից դեպի Ղարաբաղ անարգել մուտքի ապահովումը»։  Միևնույն ժամանակ նա նշել է, թե Հայաստանը չի կատարում իր պարտավորությունները՝ Ադրբեջանից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն անարգել մուտքի ապահավումը, ինչպես նաև «Ղարաբաղի տարածքից հայկական զինված ուժերի դուրսբերման» պարտավորությունը։ «Մենք դեռ համբերատար ենք, բայց համբերությունը նույնպես անսահմանափակ չէ։ Եթե ​​2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության այս երկու կարևոր կետերը չկատարվեն, մենք այլ ելք չենք ունենա, քան համարժեք գործել»,- ասել է Ալիևը։  Ալիևը անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին իրականացրած սադրանքին ու ընդգծել, որ հրադադար հաստատվել է ռուսական կողմի միջնորդությամբ։  «Ռուսական կողմի միջնորդական գործունեության արդյունքում, սա շեշտում եմ` հենց ռուսական կողմն է հանդես եկել հրադադարի առաջարկով, որը ոմանք վերագրում են այլ երկրների, ինչը բոլորովին անհիմն է։ Զինված բախումները, ինչպես արդեն ասացի, դադարեցվել են ռուսական կողմի միջնորդությամբ»,- նշել է Ալիևը։  Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։
16:22 - 14 հոկտեմբերի, 2022
Չպետք է թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո. շվեյցարացի պատգամավոր

 |armenpress.am|

Չպետք է թույլ տալ, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո. շվեյցարացի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում ապրող հայ բնակչությունը պետք է ինքնորոշման իրավունք ունենա: Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց  Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ, Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավոր Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը: Նա ընդգծեց, որ  ինքնորոշման իրավունքը շատ կարևոր կետ է մարդու իրավունքների տեսանկյունից: «Հստակորեն տեսնում ենք, որ մարդկանց գոյության խնդիրը կա, և դա սպառնալիքի տակ է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծումը պարզապես դուրս է մնացել միջազգային համայնքի ուշադրությունից: Քաղաքական լուծում պետք է գտնել, այլ ոչ թե դիմել զենքի օգնությանը, որը կբերի նոր ցեղասպանության, բայց Ադրբեջանի կողմից դա հստակ մերժվում է, և մենք պայքարում ենք դրա դեմ: Տարիներ շարունակ էթնիկ անհանդուրժողականության մթնոլորտ է հայերի դեմ: Եվ չպետք է թույլ տրվի, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը լինի Ադրբեջանի կառավարման ներքո: Դա հնարավոր չէ: Եվ սա պետք է հստակ լինի բոլոր կողմերի համար»,- շեշտել է Ստեֆան Մյուլեր-Ալտերմատը: Հիշեցնենք, որ  Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատին եւ Միշել Մարտերին այսօր ընդունել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նույնպես հանդիպել է Շվեյցարիայի խորհրդարանի պատվիրակության հետ: 
15:38 - 14 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանը շատ հարցերում գտնվում է մշտական կապի մեջ Արցախի իշխանությունների հետ. Ալեն Սիմոնյան

 |armenpress.am|

Ադրբեջանը շատ հարցերում գտնվում է մշտական կապի մեջ Արցախի իշխանությունների հետ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունները մշտապես առաջարկել են, որ Արցախը պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումների ու հարցերի մեջ: Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը; «Մենք Արցախին առաջարկում ենք այն, ինչ-որ առաջարկել ենք մշտապես՝ Արցախը ինքնուրույն պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումների ու հարցերի մեջ: Հայաստանի Հանրապետությունը միևնույն ժամանակ պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ»,- ասաց Սիմոնյանը: Արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե երբ կցանկանան և ինչպես կցանկանան կբանակցեն Արցախի հետ՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ մինչ օրս եղել են շատ հարցեր, որ Ադրբեջանը քննարկել է և բանակցել է Արցախի իշխանությունների հետ: «Միևնույն ժամանակ, Ադրբեջանը գտնվում է մշտական կապի մեջ Արցախի օրինական իշխանությունների հետ շատ հարցերում: Նույնիսկ լինում են դեպքեր, որ Արցախի իշխանությունները ինֆորմացիոն առումով ավելի շատ են տեղեկացված լինում, քան մենք: Բնական է, որ հարևան երկրի ղեկավարությունը պետք է այլ ձևակերպումներ տա՝ Ստեփանակերտի տեղը ադրբեջանական անվանում ասի և այլն, և այլն: Ես խնդրում եմ դիտարկել դա այդ տրամաբանության մեջ: Միևնույն ժամանակ, հիշենք բանակցային գործընթացը չի ավարտվել, որևէ փաստաթուղթ, որի վրա կարող ենք հղում անել, գոյություն չունի: Բնական է, ամեն մի կողմ իր տեսլականը և իր պատկերացումը ներկայացնում է: »,- եզրափակեց Սիմոնյանը:
14:07 - 14 հոկտեմբերի, 2022
Դեմ չենք, որ ՀՀ-ն-ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, բայց առանց Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու․ Արցախի ԱԳ նախարար
 |tert.am|

Դեմ չենք, որ ՀՀ-ն-ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, բայց առանց Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու․ Արցախի ԱԳ նախարար |tert.am|

tert.am: Արցախի պատվիրակությունը 2-3 օր է, ինչ Երևանում է, հանդիպումներ են եղել ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։ «Երեկ հանդիպել ենք ԱԽ քարտուղարի հետ, այսօր ԱԺ նախագահի հետ, նախատեսված է նաև հանդիպում ՀՀ նախագահի հետ, վաղը կհանդիպենք ԱԳ նախարարի և վարչապետի հետ։ Եկել ենք այստեղ՝ անկեղծ քննարկումներ իրականացնելու համար, ոչ միայն արցահայությունը, այլև ողջ հայությունը գտնվում է յուրահատուկ իրավիճակում, այսօր հայտնվել ենք գոյաբանական մարտահրավերների առաջ, շատ կարևոր է, որ ստանանք մի շարք հարցերի պատասխաններ և տեղեկանանք տարբեր գործընթացների մասին։ Ազնիվ ձևով քննարկել են նույնիսկ ամենաբարդ հարցերը, մեզ համար կարևոր է, որ Արցախի հարցում ունենանք հստակ դիրքորոշում»,- ասաց Բաբայանը։ Անդրադառնալով Պրահայի քառակողմ հանդիպմանը և ՀՀ-ի ու Ադբեջանի միջև փոխադարձ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությանը՝ Բաբայանը ասաց․ «Մենք դեմ չենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն պետք է հասկանանք, որ Արցախի և նաև ողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մի մաս։ Այս հանդիպումների ընթացքում եղան պարզաբանումներ այն մասին, որ որևէ մեկը չի պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս»։ Հոկտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Հոկտեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Երևանում հանդիպեց Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ: Ըստ ԱԽ հաղորդագրության՝ հանդիպմանը Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից, այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ: Հանդիպման մասին հաղորդագրություն տարածեց նաև Արցախի ԱԺ-ն, նշելով, որ ԱՀ պատվիրակությունն ընդգծել է՝ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում՝ շեշտելով, որ Արցախը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանը' պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ։
13:03 - 14 հոկտեմբերի, 2022
Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում․ Արցախի պատվիրակությունը՝ ԱԽ քարտուղարին

Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում․ Արցախի պատվիրակությունը՝ ԱԽ քարտուղարին

Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում։ ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանն ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահը։ Տեղեկանում ենք ԱՀ ԱԺ հաղորդագրությունից․ «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը այս օրերին գտնվում է ՀՀ- ում և հանդիպումներ է ունենում ՀՀ բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ։ Քննարկվում են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, տարածաշրջանային վերջին զարգացումներին և ներհայկական կապերին վերաբերող հարցեր։ Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ԱՀ պատվիրակությունը ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի առաջնորդությամբ հանդիպում է ունեցել ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ և քննարկել վերոնշյալ խնդիրներին առնչվող հարցեր։ Արցախի պատվիրակությունը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը ՀՀ ԱԽ քարտուղարին։ ԱՀ պատվիրակությունն ընդգծել է, որ Արցախի համար «կարմիր գիծ» է ցանկացած փորձ, որը կդիտարկի Արցախի ապագան Ադրբեջանի կազմում' շեշտելով, որ Արցախը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանը' պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ»։ Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ-ն նույնպես հաղորդագրություն է տարածել հանդիպման մասին, մասնավորապես, նշելով, որ  հանդիպմանը Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից, այնուհետև կողմերը մտքեր են փոխանակել և գնահատականներ ներկայացրել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակի վերաբերյալ:
08:51 - 14 հոկտեմբերի, 2022
Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ |news.am|

Արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ |news.am|

news.am: Հաշվի առնելով Արցախի եւ ընդհանրապես ամբողջ հայ աշխարհի օրհասական վիճակը, որոշել էինք կոչով դիմել մեր հասարակությանը, այս անգամ ոչ միայն Հադրութից, Քարվաճառից, Քաշաթաղից եւ մնացած շրջաններից տեղահանվածներին, այլ ամբողջ հայությանը, որ դուրս գան իրենց շահերը պաշտպանելու. Ցավոք սրտի, մեր կոչին արձագանքողները շատ քիչ են: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը։ «Մենք արդեն մոտենում են անելանելի վիճակին, դրա համար կոչ ենք անում ժողովրդին դուրս գալ եւ պաշտպանել իր շահերը, քանի որ մեր շահերը ոչ մեկը չի պաշտպանի, բացի մեզանից:»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր երկրում ստեղծված  վիճակի մեղավորը նաև ժողովրդի իներտությունն է: «Դանակը ոսկորին է հասել, բայց ժողովուրդը որևէ քայլ չի անում իր վիճակը փոխելու համար: Հստակ քայլն այն է, որ այս իշխանությունները պետք է հեռանան, որովհետեւ չեն սպասարկում հայության շահը: Մեր իշխանությունը պայմանագիր կնքեց թշնամու հետ նոյեմբերի 9-ին, որպեսզի իբր կանգնեցնեն նրանց հետագա առաջխաղացումը: Ի՞նչ իմաստ ու ուժ ունի այդ պայմանագիրը, տեսնում ենք բոլորս, ամեն օր մի քիչ ավելի առաջ են գալիս: 2020-ից կսած Ալիեւն ինչ ասում է, անում է, նշանակում է հասնելու է հաջորդ քայլին: Հաջորդ քայլը Հայաստանի հարավի օտարումն է, ճանապարհների տրամադրումը Ադրբեջանին: Փաշինյանն իր բերանով հայտարարում է, որ այդ ճանապարհները սպասարկելու են ոչ հայերը, այլ որեւէ երրորդ երկրի, կոնկրետ ՌԴ-ն»,-ասաց Հայրյանը: «Այս իշխանության հաջորդ հայտարարությունը լինելու է այն, որ մենք չենք կարող անկախ Հայաստանի շահերը պաշտպանել, մենք այդ շքեղությունը չունենք, որ անկախ պետություն պահենք, ու պետք է մտնենք ուրիշ պետության կազմ: Ու քանի որ Թուրքիան խնդրահարույց է, մեր ոխերիմ բարեկամ Ռուսաստանն  էլ հեռու է այս պահին ու թույլ, լավ կլինի մտնենք Ադրբեջանի կազմ, քանի որ Ալիեւը այդպես է ուզում: ՔՊ-ի հաջորդ հայտարարությունը սա է լինելու»: Նա նշեց, որ այսօր իրենց ակցիան ոչ թե կառավարությանն է ուղղված, այլ հայ մարդուն, որպեսզի արձագանքեն երկրի կործանմանը, չնստեն տանը, փողի մասին չտածեն, քանի որ երկիրը կործանվում է։ «Նայեք հադրուցեցու վիճակը, պատկերացրեք ձեր վիճակը: Հադրութեցին տուն չունի, տեղ չունի, պաշտպան չունի, հայրենիք չունի, ընկած է այստեղ փողոցներում։ Դուք էլ եք նույնը վիճակում հայտնվելու։ Սա է մեր ակցիայի իմաստը: Այն խաղաղության պայմանագիրը, որ կառավարությունը հայտարարում է, դա ոչ թե խաղաղության պայմանագիր է ապրելու համար, այլ ասում է՝ ժողովուրդ ջան, եթե պետք է սպանվենք, եկեք խաղաղ սպանվենք, ինչի՞ կռվով սպանվենք: Հայտարարում են՝ դուք պետք է կոտորվեք, ազգը չի պատասխանում: Ձեզ  սպասում  է հադրութեցու ճակատագիրը՝ ինչ-որ մի երկրում անտուն թափառել, քանի որ չենք ուզում մեր պետությունը պահենք, իշխանությունները պետությունը ծախում ենք, մենք սուս ու փուս նայում ենք»- ասաց Լ.Հայրյանը։
15:53 - 13 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին. Մայր Աթոռը հայտարարություն է տարածել

Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին. Մայր Աթոռը հայտարարություն է տարածել

Ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից ոտնձգությունները և բարբարոսական գործողությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մայր Աթոռի՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերով գրասենյակը: «Օրերս ԱՄՆ Քորնելի համալսարանի Caucasus Heritage Watch կառույցի կողմից հրապարակված արբանյակային տեսագրությունների հետազոտության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին (18-19 դդ․)»,- նշված է հայտարարության մեջ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից շարունակ իրականացվող մշակութային եղեռնը, որի նպատակը մեկն է՝ զրկել Արցախ աշխարհը իր պատմական ինքնությունից, հայկականության որևէ վկայությունից։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ որդեգրված այս քաղաքականությունը միտում ունի խորացնելու ազգերի միջև ատելության և անհանդուրժողականության մթնոլորտը և չի նպաստում տարածաշրջանում տևական խաղաղության վերահաստատմանը ։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրությանն ու պատկան կառույցներին հստակ գնահատական տալ սույն հանցագործությանը և գործնական քայլեր ձեռնարկել հետագա վերացումից փրկելու Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգությունը։
15:37 - 13 հոկտեմբերի, 2022
Ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի հետ շփման գծում, և այդ գործընթացը կատարվել է երկուստեք. Սուրեն Սարումյան
 |artsakhpress.am|

Ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի հետ շփման գծում, և այդ գործընթացը կատարվել է երկուստեք. Սուրեն Սարումյան |artsakhpress.am|

artsakhpress.am: Պաշտպանության բանակի կողմից ականների տեղադրումը եղել է բացառապես Ադրբեջանի զինված ուժերի հետ շփման գծում, և այդ գործընթացը կատարվել է երկուստեք: Այս մասին ասել է ԱՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը: Հիշեցնենք, որ այսօր հոկտեմբերի 13-ին, Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին հայտարարել է Արցախի բռնազավթված տարածքներում հայկական կողմի, իբր, նպատակաուղղված կերպով շուրջ մեկ միլիոն ականների տեղադրման մասին: Սուրեն Սարումյանի խոսքով՝ առաջին պատերազմից հետո ադրբեջանական կողմի տեղադրած ականների մաքրման բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել, սակայն, հաշվի առնելով դրանց ծավալները, հարյուրավոր հեկտարներ դեռևս ականապատված են։ Մեր զրուցակցի պնդմամբ՝ այդ տարածքներում տեղադրված ականների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը միայն ադրբեջանական կողմին է հայտնի, և այս առումով հայկական կողմին ուղղված մտացածին մեղադրանքները միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձ են:
11:35 - 13 հոկտեմբերի, 2022
Ստեփանակերտում քաղաքացին նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ, նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ

Ստեփանակերտում քաղաքացին նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ, նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ

Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի 5 ա հասցեում գտնվող քաղաքացին հոկտեմբերի 12-ին ժամը 12:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն էր զանգահարել և ասել, որ իր որդին՝ 1990թ. ծնված Հ.Հ.-ն, գտնվում է անհավասարակշիռ վիճակում և վտանգ է ներկայացնում շրջապատի համար: Ինչպես հայտնում են Արցախի դատախազությունից, հիշյալ հասցե են շտապել ոստիկանները: Քաղաքացի Հ.Հ.-ն մարտական վիճակի է բերել ապօրինի պահվող նռնակը և սպառնացել պայթեցնել այն, որից հետո նռնակը ձեռքին դիմել է փախուստի: Որոնողական աշխատանքների արդյունքում Հ.Հ.-ն ժամը 14:20-ի սահմաններում հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոցի փողոցում՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիր տանող ճանապարհին: Ոստիկանության ծառայողները փորձել են կանխել վտանգը, որի ընթացքում վերջինս նռնակը նետել է ոստիկանների ուղղությամբ և պայթեցրել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայող Լ.Բ.-ն ստացել է բեկորային վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, իսկ դեպքի վայրում գտնվող մյուս ոստիկանները հասցրել են անվտանգ դիրք ընդունել՝ այդ կերպ խուսափելով վնասվելուց: Ենթադրյալ հանցանք կատարած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն, կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ:  
16:39 - 12 հոկտեմբերի, 2022
Հայտնի են Արցախի 5 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները
 |armtimes.com|

Հայտնի են Արցախի 5 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները |armtimes.com|

armtimes.com: 2022թ. հոկտեմբերի 9-ի Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի ղեկավարի, Վանք, Նոր Ղազանչի, Մոխրաթաղ համայնքների ավագանու անդամների, Մարտունու շրջանի Խերխան համայնքի ավագանու անդամների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն հետևյալն են. Մարտակերտի շրջանի Ծմակահող համայնքի ղեկավար է ընտրվել Արայիկ Էռնեստի Հովսեփյանը` 74 կողմ ձայներով (գրանցված էր 2 թեկնածու): Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքում համայնքի ավագանի են ընտրվել՝ Վանյա Ժորայի Սադխյանը (23 կողմ), Արեգ Հակոբի Սարգսյանը (33 կողմ), Սվետլանա Ալեքսեյի Իսրայելյանը (23 կողմ), Հովիկ Ռոբիկի Պողոսյանը (45 կողմ), Սլավիկ Գուրգենի Հարությունյանը (25 կողմ): Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքում համայնքի ավագանի են ընտրվել՝ Սևակ Սամվելի Հայրապետյանը (28 կողմ), Գոհար Որոշի Հայրապետյանը (6 կողմ), Նվարդ Սերգեյի Հայրապետյանը (13 կողմ), Թեյմուր Վերդիի Առուստամյանը (19 կողմ): Մարտակերտի շրջանի Վանք համայնքում համայնքի ավագանի են ընտրվել Սեյրան Էդուարդի Առուշանյանը (25 կողմ) , Արթուր Ալեքսեյի Ահարոնյանը (10 կողմ), Նարեկ Տիգրանի Թևոսյանը (122 կողմ), Ժիրայր Յուրայի Ասրյանը (21 կողմ), Մհեր Վլադիմիրի Բեկլարյանը (24 կողմ), Մարտին Միքայելի Լազարյանը (44 կողմ), Խաչատուր Էդվարդի Չիլինգարյանը (42 կողմ): Մարտունու շրջանի Խերխան համայնքում համայնքի ավագանի են ընտրվել՝ Արմիդա Ռուբենի Բաղդասարյանը (4 կողմ), Յուրի Ռուբենի Համբարձումյանը (16 կողմ), Զոյա Սաշայի Կարապետյանը (8 կողմ), Ժասմեն Սենիկի Խալափյանը (21 կողմ): Տեղական ինքնակառավարման մարմինների այս ընտրություններին մասնակցել է 698 ընտրող կամ ընտրողների 41.72 %:
10:20 - 12 հոկտեմբերի, 2022
Ստեփանակերտը թոթափել է պատերազմից կրած նյութական վնասները. քաղաքապետ Դավիթ Սարգսյան |armenpress.am|

Ստեփանակերտը թոթափել է պատերազմից կրած նյութական վնասները. քաղաքապետ Դավիթ Սարգսյան |armenpress.am|

armenpress.am: Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն անդրադարձել է պատերազմական գործողությունների հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված ծրագրերին, շինարարական աշխատանքներին, բնակչության աճով պայմանավորված խնդիրներին ու դրական փոփոխություններին, Ստեփանակերտի հետպատերազմական կյանքին վերաբերող այլ ուշագրավ  հարցերի: Դավիթ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին, որը ներկայացնում ենք ստորև. -Պատերազմից հետո Ստեփանակերտում որքանով են վերականգնվել հրթիռահրետակոծության հետևանքով վնասված  շենք-շինությունները, ենթակառուցվածքները և այլն: Այդ աշխատանքներն արդեն ավարտվե՞լ են, թե շարունակվում են: - Պատերազմից հետո մայրաքաղաքում ձևավորվել է փաստահավաք խումբ, որը տարբեր գերատեսչությունների հետ տեղերում ուսումնասիրել և վեր է հանել հրետակոծությունից վնասված շենք-շինությունների հասցեներն ու ենթակառուցվածքները: Բայց մինչ այսօր էլ մեր քաղաքացիների կողմից ստանում ենք դիմումներ՝ իրենց այս կամ այն անշարժ գույքի հրետակոծված լինելու վերաբերյալ, սակայն դրանց վնասների ծավալները անհամեմատ փոքր են: Պատերազմի օրերին, բացի մասնավոր հատվածից, հասարակական նշանակության օբյեկտներից ու բազմաբնակարան շենքերից, մեծապես տուժել են ենթակառուցվածքները ևս: Վերջիններս նպատակային էին թիրախավորվել, քանզի գաղտնիք չէ, որ նաև նրանց հուսալիության շնորհիվ է հնարավոր ապահովել բնակավայրի կենսագործունեությունը: Թշնամու նշանառության տակ էր մասնավորապես էներգոցանցը: Քանի որ քաղաքի ողջ վարչական տարածքն էր օրուգիշեր հրետակոծվում, լրջորեն վնասվել են նաև տրանսպորտը, լուսացուցային համակարգն ու ջրաբաշխիչ ցանցը: Ի պատիվ մեր համայնքային ընկերությունների ու գործընկեր կազմակերպությունների և հուրախություն բոլորիս՝ Ստեփանակերտի ենթակառուցվածքներն այսօր լրիվությամբ վերականգնված են: Թերահավատներին հրավիրում եմ Արցախի մայրաքաղաք դրանում անձամբ համոզվելու: Քաղաքը հիմնականում թոթափել է նյութական վնասները: Որոշ տեղերում պատերազմից մնացած հետքեր դեռ կան, բայց դրանց վերացումն էլ արդեն ընթացքավորված է: -Քաղաքապետարանը ինչ գործառույթներով է մասնակցություն ունենում Ստեփանակերտում ընթացող լայնածավալ շինարարությանը: Որքանո՞վ են լուծում ստացել սոցիալական տարբեր խմբերի՝ մասնավորապես զոհված, անհայտ կորած զինծառայողների և դեռևս Արցախյան շարժման և առաջին պատերազմի տարիներից փախստական ընտանիքների բնակարանային ապահովման հարցը:  -Քաղաքապետարանը նշված ոլորտի ծրագրերին մասնակցում է իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում: Ստեփանակերտում շինաշխատանքներն իրականացվում են ինչպես համայնքային բյուջեի հաշվին, այնպես էլ կապիտալ շինարարության ծրագրերով՝ պետական միջամտությամբ: Փորձում ենք սոցիալական տարբեր խմբերից հնարավորինս շատ շահառուներ ընդգրկել վերանորոգման ծրագրերում: Այդ գործընթացը շարունակվելու է: Հարկ է նշել, որ վերջին տարիներին ուշադրության կենտրոնում է եղել գոյամարտի տարիներին զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման խնդիրը: Ընթացիկ տարում ծրագիրը շարունակվել է՝ բնակարանների վերանորոգման և փոխհատուցման տեսքով: Ի դեպ, մեր նահատակների ընտանիքների բնակպայմանների բարելավումը դեռ 2019 թվականին իմ նախընտրական ծրագրի դրույթներից էր, որի իրագործման հարցում հետևողական եղել ու լինելու եմ միշտ: -Պատերազմից հետո Ստեփանակերտում հաստատվեցին բազմաթիվ տեղահանված ընտանիքներ: Ի՞նչ խնդիրներ էին առկա այդ առումով, որքանո՞վ են դրանք լուծվել և ի՞նչ դրական առանձնահատկություններ է բերել բնակչության թվի աճը Ստեփանակերտում: - Բոլորս գիտակցում ենք, որ տեղահանվածներն ունեն բազմաբնույթ խնդիրներ՝ սկսած բնակարանայինից, մինչև հոգեբանական: Ճիշտ է, պատերազմից հետո ստեղծվել են համապատասխան պետական կառույցներ, որոնք կոչված են լուծել նրանց խնդիրները, բայց Ստեփանակերտում հաստատվածները, բնականաբար, կենցաղային շատ խնդիրների դեպքում առնչվում են քաղաքապետարանի հետ: Մենք մեր հնարավորության շրջանակում ընդառաջում ենք նրանց: Հիշեցնեմ՝ Ստեփանակերտը բոլոր արցախցիների հայրենի տունն է, հետևաբար նրա իշխանությունն էլ գրկաբաց ընդունեց տնանկ մեր հայրենակիցներին: Ուղղակի բնակչության այդ կտրուկ աճը մեր կողմից անսպասելի էր ու չնախատեսված, ինչն էլ հանգեցրեց քաղաքի ենթակառուցվածքների ծանրաբեռնվածության զգալի աճի: Բայց չեմ տրտնջում: Ես, քաղաքապետարանի ողջ աշխատակազմն ու համայնքային ընկերությունները պատրաստ ենք բազմակի ջանասիրությամբ աշխատել՝ մեր տուժած հայրենակիցների խնդիրներն օր առաջ լուծելու համար: Առավել ևս նրանցից յուրաքանչյուրն իր ինքնատիպությունն է բերել Ստեփանակերտ, իրեն բնորոշ գույնով է համալրել ստեփանակերտյան ներկապնակը՝ այն ավելի բազմերանգ ու գրավիչ դարձնելով: -Հետպատերազմյան ժամանակահատվածում նաև եռուն աշխատանքներ են տարվում փողոցների ու բակային հատվածների բարեկարգման ուղղությամբ: Այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել այդ ուղղությամբ: -Փողոցների բարեկարգումը մեր գործունեության գլխավոր ուղղություններից էր նաև նախքան 2020 թվականի աշունը: Պատերազմից հետո մենք չենք շեղվել այդ ուղուց: Հատկապես ծավալուն ճանապարհաշինական աշխատանքներ ենք կատարել ծայրամասային հատվածներում: Խաղահրապարակների վերանորոգումն ու կառուցումը ևս մեր ուշադրության կենտրոնում է: Շուտով դրանց թիվը կմեծանա: Ստեփանակերտն ունի բավականին ընդգրկուն լուսավորման ցանց՝ հիմնականում լուսադիոդային (էներգախնայող) համակարգով: Տեղացիներն էլ են փաստում՝ Արցախի մայրաքաղաքը երբեք այսչափ լուսավորված չէր եղել: Ուզում եմ նշել, որ բոլոր վերոնշյալ աշխատանքներում շեշտը դրվում է քաղաքի ծայրամասային հատվածների վրա: Ստեփանակերտի համաչափ զարգացումը մեր գործունեության առանցքն է: -Ի՞նչ փուլում է հրետակոծությունից մեծապես վնասված՝ Ստեփանակերտի 10-րդ դպրոցի վերանորոգումը: - Նախ ասեմ, որ համար 10 դպրոցի շենքային համալիրը մասնագետների եզրակացությամբ վթարային է գնահատվել դեռ նախքան պատերազմը: Հրետակոծվելու հետևանքով շենքի վիճակը վատթարացել է: Ուստի արդեն այն ոչ թե վերանորոգելու, այլ հիմնովին վերակառուցելու խնդիր է դրվել՝ ներառյալ հիմքերի ուժեղացում և սեյսմակայունության աստիճանի բարձրացում: Մեծ ծավալի աշխատանք արդեն կատարվել է: Ներկա դրությամբ ծրագրի ընթացքն ակտիվ փուլում է: Օրերս 10 հիմնանորոգ դասարաններ կհանձնվեն աշակերտներին: Շենքի մի մասում ներքին հարդարում է կատարվում, մյուսում տանիքն է փոխարինվում ու այդպես շարունակ: Այսինքն, համալիրի տարբեր հատվածներում համաժամանակյա տարբեր աշխատանքներ են կատարվում: -Ավարտվել է Ստեփանակերտի հուշահամալիրում նոր Եղբայրական գերեզմանոց-պանթեոնի կառուցումը: Ընդհանուր առմամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվել: Ի՞նչ է խորհրդանշում նոր հուշակոթողը: Աշխատանքներ կտարվե՞ն նաև Արցախյան առաջին պատերազմում նահատակվածների պանթեոնի և ընդհանուր հուշահամալիրի տարածքի բարեկարգման ուղղությամբ: -Հարցին պատասխանեմ վերջից: Արցախյան առաջին պատերազմի նահատակների գերեզմանոցը վերանորոգելու, պատշաճ տեսքի բերելու նպատակ ունեինք դեռ նախքան 44-օրյա պատերազմը: Բայց պատերազմի դառը հետևանքները խմբագրեցին մեր անելիքները: Այլևս առաջնահերթ էր վերջին պատերազմում մարտիրոսված տղաների գերեզմանատան կառուցումը: Ինչը հիրավի համազգային պատվի հարց էր. մեր հերոսների հիշատակը նաև այդ կերպ ենք պարտավոր վառ պահել: Նոր Եղբայրական գերեզմանոցի նախագիծը իրականացվել է շատ բարդ ռելիեֆային գոտում: Կատարվել են բարդ հողային աշխատանքներ: Հենապատեր են կառուցվել: Հաջորդիվ բետոնացման ու սալիկապատման աշխատանքներն էին: Շիրմաքարերի տեղադրումից հետո տարածքը բարեկարգվել, կանաչապատվել է: Նաև լուսավորման համակարգ է տեղադրվել: Նորակառույց կոթողը՝ «Լուսո խորան»-ը մատուռ է, որտեղ ցանկացողները կարող են մոմ վառել և աղոթել մեր նվիրյալների հոգիների հանգստության համար: Բայց այդքանով մեր անելիքը Եղբայրական գերեզմանոցում չի սահմանափակվել: Մենք հիշում ենք մեր նախապատերազմյան ուխտը և արդեն առաջարկել ենք նախագծող ընկերություններին Արցախյան առաջին պատերազմի զոհերի գերեզմանոցի վերանորոգման համար: Այն նորակառույցի հետ պետք է համահունչ լինի: Ի վերջո, այնտեղ ննջում են հանուն հայրենիքի ընկածները, իսկ հերոսությունը վաղեմության ժամկետ չունի: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:06 - 12 հոկտեմբերի, 2022