ԲԴԽ

Բարձրագույն դատական խորհուրդը Սահմանադրական մարմին է, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունը եւ բնականոն գործունեությունը։

1. ԲԴԽ-ն`
1) կազմում եւ հաստատում է դատավորների թեկնածուների, ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները.
2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա, ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին, դատարանների նախագահների եւ Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին. 
3) ԱԺ-ին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների եւ նախագահի թեկնածուներին.
4) լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորների լիազորությունների դադարեցման հարցերը։

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաեւ Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Խորհրդի գործող նախագահը Ռուբեն Վարդազարյանն է։

Ինձ համար ո՛չ կյանքի հարց է, ո՛չ էլ իմաստ. Տավարացյանը՝ ԲԴԽ անդամ լինելու մասին |a1plus.am|

Ինձ համար ո՛չ կյանքի հարց է, ո՛չ էլ իմաստ. Տավարացյանը՝ ԲԴԽ անդամ լինելու մասին |a1plus.am|

a1plus.am: Բարձրագույն դատական խորհրդի նիստի ժամանակ Գրիգոր Բեքմեզյանը հարց ուղղեց Նախշուն Տավարացյանին, թե ինչո՞ւ է նա 2018թ. նոյեմբերին ԲԴԽ անդամ ընտրվելուց հետո հրաժարվել այդ պաշտոնում երդվել, և արդյոք այն հետագայում կարո՞ղ է դառնալ նախադեպ, որ ընտրվեն ԲԴԽ անդամ ու տարիներ անց հայտարարեն, որ կերդվեն: Նախշուն Տավարացյանը պատասխանեց. «Այն, որ ես երդումից հրաժարվել եմ, բոլորին է հայտնի: Ինձ հետ մրցակցող գործընկերները այնպիսի արգելքներ ստեղծեցին: Եթե հուլիսի 11-ին իրենք ինձ հետ նորից մրցակցեին, ես դարձյալ երդում չէի տալ, որովհետև դա իմ ընտանիքն է, և ես չեմ թույլ տա այնտեղ լարված իրավիճակ: Դա ինձ համար ո՛չ կյանքի հարց է, ո՛չ էլ կյանքի իմաստ»,- ընդգծեց նա։ Ըստ Նախշուն Տավարացյանի՝ ինքը հարկադրված էր հրաժարվել երդվելուց, դա իր քմահաճույքը չի եղել: Ըստ Տավարացյանի՝ հնարավոր է իրավիճակի ոչ միանշանակ իրավական պարզաբանում լինի, որովհետև ըստ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի՝ ԲԴԽ անդամ ընտրվելուց հետո անմիջապես են երդվում, իսկ Դատավորների ժողովում այդ հատվածը բացթողնված է:
10:33 - 18 հուլիսի, 2019
Հենց անկախությանը միջամտելու խնդիր լինի՝ կարձագանքենք. ԲԴԽ անդամը՝ դատավորի աշխատասենյակի խուզարկության մասին |news.am|

Հենց անկախությանը միջամտելու խնդիր լինի՝ կարձագանքենք. ԲԴԽ անդամը՝ դատավորի աշխատասենյակի խուզարկության մասին |news.am|

news.am: Հատուկ քննչական ծառայությունը երեկ՝ հուլիսի 16–ին տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն կատարելու մասին։ Այս մասին հայտնեց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։ Նա ասաց, որ տեղյակ են, թե ինչ քրեական գործի շրջանակներում է իրականացվել խուզարկությունը, սակայն նախաքննական գաղտնիքից ելնելով չեն կարող ասել։ «Հետեւում ենք դեպքի ընթացքին, հենց որ նկատենք, որ առկա է դատավորների անկախությանը խոչընդոտելու կամ միջամտելու խնդիր, անպայման կարձագանքենք»,–ասաց նա։ Ավելի վաղ ՀՔԾ–ից  հայտնել էին, որ երեկ՝ հուլիսի 16–ին ՀՔԾ–ում քննվող քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում։ Politik.am-ի տեղեկություններով էլ՝ խուզարկության արդյունքում առգրավվել է դատավորի համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կապարակնքվել է։ Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորն է։
12:07 - 17 հուլիսի, 2019
Հայտնի են ԲԴԽ անդամ ընտրված դատավորների անունները |news.am|

Հայտնի են ԲԴԽ անդամ ընտրված դատավորների անունները |news.am|

news.am: Դատավորների ընդհանուր ժողովը քիչ առաջ ամփոփեց Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների քվեարկության արդյունքները։ ԲԴԽ անդամներ են ընտրվել Ռուբեն Վարդազարյանը և Մեսրոպ Մակյանը։ Մինչ այդ ժողովի նիստում ԲԴԽ անդամ դառնալու համար երդվել էր 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը։ Նշենք, որ ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի համար պայքարն ընթացել է առաջին ատյանի դատարանի 11 դատավորների՝ այդ թվում, Դավիթ Բալայանի, Անահիտ Թումանյանի, Վահե Խալաթյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Վարդուհի Հովնանյանի, Սիմիզար Հովսեփյանի, Արգիշտի Ղազարյանի, Մեսրոպ Մակյանի, Սուրեն Մնոյանի, Ռուբեն Վարդազարյանի և Ելենա Քոչարյանի միջև։ Ավելի վաղ առաջին ատյանի դատարանների 66 դատավորներ դիմումներ էին ներկայացրել՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:
16:40 - 11 հուլիսի, 2019
Դատավորներն ընդհանուր ժողով են անում. օրակարգում ԲԴԽ դատավոր անդամների ընտրությունն է |news.am|

Դատավորներն ընդհանուր ժողով են անում. օրակարգում ԲԴԽ դատավոր անդամների ընտրությունն է |news.am|

news.am։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ հուլիսի 11–ին նախատեսված է դատավորների հերթական ընդհանուր ժողովը։ Նշենք, որ Հայաստանում ներկայումս կա գործող 234 դատավոր։Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:Օրակարգում է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության հարցը։ Նշենք, որ ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղերի ընտրությունը կայանալու է առաջին ատյանի դատարանի 11 դատավորների՝ այդ թվում, Դավիթ Բալայանի, Անահիտ Թումանյանի, Վահե Խալաթյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Վարդուհի Հովնանյանի, Սիմիզար Հովսեփյանի, Արգիշտի Ղազարյանի, Մեսրոպ Մակյանի, Սուրեն Մնոյանի, Ռուբեն Վարդազարյանի և Ելենա Քոչարյանի միջև։ Ավելի վաղ առաջին ատյանի դատարանների 66 դատավորներ դիմումներ էին ներկայացրել՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:Ժողովն ամենայն հավանականությամբ կքննարկի նաև Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հետ կապված նամակն՝ ուղղված դատավորների ընդհանուր ժողովին։
07:22 - 11 հուլիսի, 2019
ԲԴԽ-ն ընդունել է ԵԽ և ԵՄ փորձագետների պատվիրակությանը

ԲԴԽ-ն ընդունել է ԵԽ և ԵՄ փորձագետների պատվիրակությանը

Բարձրագույն դատական խորհուրդը, նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանի գլխավորությամբ, հյուրընկալեց դատաիրավական բարեփոխումների ԵԽ, ԵՄ փորձագետների պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Սերգեյ Չիչոյանը Խորհրդի և դատական իշխանության անունից շնորհակալություն հայտնեց Հայաստանում դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության ունեցած կարևոր առաքելության համար: Իր խոսքում նա նկատեց, որ Խորհուրդը, ստանձնելով իր պարտականությունների իրականացումը, կարճ ժամանակաշրջանում սերտորեն համագործակցել է կառավարության հետ, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության հետ դատաիրավական բարեփոխումների ռազմավարության 2018-2023 թթ. ծրագրի մշակման ուղղությամբ: Ամբողջացվել են արդարադատության արդյունավետության համալիր բարձրացման գերակա ուղղությունները, մշակվել դրանց լուծման հնարավոր ռազամավարական գործիքակազմերը, որոնք ամփոփված են Խորհրդի «Տարեկան հաղորդման» մեջ:Ներկայացվեցին դատական համակարգում առկա այն գերակա խնդիրները, որոնք հրատապ լուծման կարիք ունեն: Դրանք վերաբերում են էլ-արդարադատության և մշտադիտարկման համակարգի ներդրմամբ դատարանների անհարկի գերծանրաբեռնվածության թեթևացմանը, դատարանների նյութատեխնիկական և շենքային պայմանների բարելավմանը, արդարադատության ծախսատարության կրճատմանը, դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնմանն ու բարձրացմանը, որն ուղղակի ցուցիչն է մեկ այլ առանցքային խնդրի, որ այսօր դատավորի մասնագիտությունը չի գրավում երիտասարդ կադրերին, և կա դատավորների թափուր տեղերը որակյալ կադրերով համալրելու անհրաժեշտություն: Առանցքային խնդիրների շուրջ տեղի ունեցավ կառուցողական քննարկում: Խորհրդի անդամներն իրենց հերթին անդրադարձան լուծում պահանջող նաև այլ առաջնահերթությունների, մասնավորապես՝ դատակենտրոնի ձևավորմանը, ուշացած արդարադատությանը, որն իր հերթին օբյեկտիվ հիմքեր ունի: Արձանագրվեց, որ դատավորների ներկա աշխատակազմով, տեխնիկական և օրենսդրական հնարավորությունների շրջանակում այսօր հնարավոր չէ իրականացնել այնպիսի արդարադատություն, որը կգոհացնի հանրությանը: Կարևորվեց ոչ միայն վերադաս ատյանների առավել արդյունավետ գործելու անհրաժեշտությունը, այլև այնպիսի օրենսդրական կարգավորումների մշակումը, ինչը Բարձրագույն դատական խորհրդին ևս հնարավորություն կտա առանձին դեպքերում հարուցելու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ:Շեշտվեց, որ դատական համակարգում որոշ հրատապ լուծում պահանջող խնդիրների համար համապատասխան ներդրումներ են անհրաժեշտ: Հանդիպմանն անդարադարձ եղավ նաև վեթինգի գործընթացին առնչվող որոշակի հարցերի: ԵԽ և ԵՄ փորձագիտական խմբի անդամներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին Խորհրդին հանդիպման, առարկայական ու բովանդակալից քննարկման համար և ընդգծեցին իրենց պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների իրականացման գործում:
12:32 - 09 հուլիսի, 2019
Հայտնի են ԲԴԽ անդամ դառնալ ցանկացող 11 դատավորների անունները |azatutyun.am|

Հայտնի են ԲԴԽ անդամ դառնալ ցանկացող 11 դատավորների անունները |azatutyun.am|

azatutyun.am։ 11 դատավոր համաձայնել է դառնալ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, այս մասին հայտնեց ԲԴԽ խոսնակ Արամ Խաչատրյանը։ Այդ դատավորներն են՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը, Դավիթ Բալայան, Սիմիզար Հովսեփյան, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը, Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, Շիրակի մարզի դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը, Սյունիքի մարզի դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը։ Հուլիսի 11-ին տեղի կունենա դատավորների ընդհանուր ժողովը, որը կընտրի ԲԴԽ անդամներ։
08:04 - 09 հուլիսի, 2019
ԲԴԽ հայեցակարգային դրույթները՝ պարզեցված վարույթի հիմքում

ԲԴԽ հայեցակարգային դրույթները՝ պարզեցված վարույթի հիմքում

Ազգային ժողովի 01.07.2019 թ. նիստում 102 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի համատեղ աշխատանքի արդյունքում մշակված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի» նախագիծը, որով նոր խմբագրությամբ է շարադրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ պարզեցված վարույթներին նվիրված 41-րդ գլուխը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ընդունված օրենքի կիրառմամբ ակնկալվում է էականորեն նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև ապահովել պարզեցված վարույթի արդյունավետությունը և կանխատեսելիությունը: Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններն ամբողջությամբ հիմնված են դատարանների ծանրաբեռնվածության բազմագործոն վերլուծության արդյունքում Բարձրագույն դատական խորհրդի կողմից ձեռք բերված տվյալների, ինչպես նաև Խորհրդի կողմից մշակված Արդարադատության արդյունավետության համալիր բարելավման հայեցակարգի վրա, որոնք ամփոփված են Խորհրդի 2018 թ. տարեկան հաղորդման շրջանակներում: Կատարված փոփոխությունները հիմնականում հանգում են հետևյալին. հստակեցվել են 2 մլն դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջները պարզեցված վարույթի կարգով քննելու թույլատրելիության պայմանները. ընդլայնվել է այլ կատեգորիայի գործերով պարզեցված վարույթ կիրառելու հնարավորությունը. ըստ նոր կարգավորումների՝ գործի քննության պարզեցված կարգ կարող է կիրառվել նաև այն դեպքերում, երբ մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը գործին մասնակցող որևէ անձ չի առարկել հայցի դեմ կամ չի ներկայացվել հակընդդեմ հայց, ինչպես նաև հայցի առարկայի փոփոխության արդյունքում պահանջի չափը նվազում է մինչև 2 մլն դրամ. նախատեսվել է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը հայցադիմումը վարույթ ընդունելու որոշմամբ լուծելու հնարավորություն. ըստ այդմ էապես կրճատվել է այն գործողությունների շրջանակը, որոնք պետք է կատարի գործը վարույթ ընդունած դատավորը (ներառյալ տարատեսակ ժամկետների հաշվարկը, միջանկյալ հավելյալ ակտի ընդունումը և այլն). սահմանվել է պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշման հետ մեկտեղ գործին մասնակցող անձանց նրանց իրավունքների և պարտականությունների, կատարման ենթակա գործողությունների, դրանց կատարման ժամկետների և չկատարելու հետևանքների մասին գրավոր պարզաբանում ուղարկելու պահանջ. սահմանվել է պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում եզրափակիչ դատական ակտ կայացնելու և հրապարակելու իրատեսական ժամկետ (առավելագույնը 4 ամիս պարզեցված վարույթ կիրառելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո)՝ դատարանի համար առավել դյուրին դարձնելով դրա հաշվարկը. նախատեսվել է պարզեցված վարույթի կարգով գործի քննության ընթացքում դատական նիստ հրավիրելու հնարավորություն կողմերի տնօրինչական գործողությունները (հայցից հրաժարում, հաշտության համաձայնություն, հայցային վաղեմություն կիրառելու միջնորդություն) քննարկելու, ինչպես նաև գործի լուծման համար նշանակություն ունեցող վկայակոչված հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ գործին մասնակցող անձանցից պարզաբանումներ ստանալու նպատակով. հնարավորինս նվազեցվել են պարզեցված վարույթի կարգով կայացվող վճռի պատճառաբանական մասին ներկայացվող պահանջները Հետայսու պարզեցված վարույթի կարգով քննվող գործերով կայացվող վճիռները պատճառաբանելիս ծավալուն, նյութատար և ժամանակատար աշխատանք կատարելու փոխարեն դատարանը վճռի պատճառաբանական մասում կարող է նշում կատարել առ այն, որ հայցի փաստական և իրավական հիմքերը (հայցվորի փաստարկները) բավարար է համարում հայցն ամբողջությամբ բավարարելու համար: Նշված կարգավորումը կիրառելի չի լինի այն դեպքերում, երբ գործի քննության ընթացքում հայցը պատասխանողի կողմից վիճարկվել է, հայցը մերժվել է լրիվ կամ մասնակիորեն: Միևնույն ժամանակ վերջին դեպքերի համար նախատեսվել է օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-2 մասերով և 192-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պահանջների համեմատ վճիռը պատճառաբանելու «թեթևացված ստանդարտ», ըստ որի՝ վճռի պատճառաբանական մասում բավարար է ցույց տալ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, օրենքների և այլ իրավական ակտերի այն դրույթները (առանց դրանք վերարտադրելու), որոնցով դատարանը ղեկավարվել է վճիռ կայացնելիս: Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և կիրառելի է այն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված գործերի նկատմամբ:
11:35 - 02 հուլիսի, 2019
Հայտնի է ԲԴԽ խորհրդի նոր նախագահի ընտրության ժամկետը |24news.am|

Հայտնի է ԲԴԽ խորհրդի նոր նախագահի ընտրության ժամկետը |24news.am|

24news.am: Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է կառույցի նոր նախագահի ընտրության հարցին անդրադառնալ ԲԴԽ անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Որոշումը հրապարակվել է ԲԴԽ պաշտոնական կայքում, որն էլ ներկայացնում ենք ամբողջությամբ: «Քննարկելով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության հարցը` Բարձրագույն դատական խորհուրդը պարզեց. Բարձրագույն դատական խորհրդի 2019թ. մայիսի 24-ի թիվ ԲԴԽ-36-Ո-84 որոշմամբ 2019թ. մայիսի 24-ից դադարած համարել Գագիկ Հարությունյանի` Բարձրագույն դատական խորհրդի անդամի և նախագահի լիազորությունները: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Բարձրագույն դատական խորհուրդն իր կազմից ընտրում է խորհրդի նախագահ` հաջորդաբար Ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված անդամներից: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության համար գաղտնի քվեարկվում են համապատասխանաբար Ընդհանուր ժողովի կամ Ազգային ժողովի կողմից ընտրված բոլոր անդամների թեկնածությունները: Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհրդի նոր նախագահի ընտրությունը կատարվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր տեղը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում: Ելնելով վերոգրյալ իրավակարգավորումներից և նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս Բարձրագույն դատական խորհրդում առկա են անդամների թվով 4 թափուր տեղեր, որոնք ենթական են համալրման համապատասխանաբար Ազգային ժողովի և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից, որպիսի պայմաններում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրությունը հնարավոր չէ անցկացնել Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, և ղեկավարվելով Օրենսգրքի 94-րդ հոդվածի 3-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց.  1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ընտրության հարցին անդրադառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամների բոլոր թափուր տեղերը համալրվելուց հետո` տասնօրյա ժամկետում:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,- նշված է հայտարարությունում:
16:46 - 27 հունիսի, 2019
ԲԴԽ նորընտիր անդամները հանդիպում են ունեցել Խորհրդի անդամների հետ

ԲԴԽ նորընտիր անդամները հանդիպում են ունեցել Խորհրդի անդամների հետ

Այսօր՝ հունիսի 24-ին, Բարձրագույն դատական խորհրդում կայացավ հանդիպում, որին մասնակցում էին նաև Խորհրդի նորընտիր գիտնական անդամներ Գրիգոր Բեքմեզյանը և Վիգեն Քոչարյանը։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը, Խորհրդի անունից շնորհավորելով գործընկերներին Խորհրդի անդամ ընտրվելու կապակցությամբ, հույս հայտնեց, որ համատեղ աշխատանքն արդյունավետ և կառուցողական կլինի դատական իշխանության առկա խնդիրների լուծման տեսանկյունից։ Խորհրդի նորընտիր անդամներն իրենց հերթին ևս ողջունեցին Խորհրդի անդամներին՝ նշելով, որ պատրաստակամ են հնարավորինս արագ ներգրավվելու Խորհրդի աշխատանքներին և իրենց մասնագիտական ու պրոֆեսիոնալ ներուժն ամբողջությամբ ի սպաս դնելու դատական իշխանության առողջացման ու զարգացման գործում։ Հիշեցնենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուներ էր առաջադրել Գրիգոր Բեքմեզյանին և Վիգեն Քոչարյանին։ Ազգային ժողովն ընտրել էր Գրիգոր Բեքմեզյանին 107 կողմ, 4 դեմ, իսկ Վիգեն Քոչարյանին՝ 114 կողմ, 4 դեմ ձայների համամասնությամբ։
11:07 - 24 հունիսի, 2019
Վիգեն Քոչարյանը երդմամբ ստանձնեց ԲԴԽ անդամի պաշտոնը |lragir.am|

Վիգեն Քոչարյանը երդմամբ ստանձնեց ԲԴԽ անդամի պաշտոնը |lragir.am|

lragir.am։ ՀՀ ազգային ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրված Վիգեն Քոչարյանը երդման արարողությամբ ստանձնեց պաշտոնը:«Ստանձնելով Բարձրագույն դատական խորհրդի անդամի բարձր պաշտոնը՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվում եմ իմ պարտականությունները կատարել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ ապահովելով իրավունքի գերակայությունը, երաշխավորելով դատարանների և դատավորների անկախությունը»,- երդման տեքստն ընթերցեց Քոչարյանը: Այնուհետև Վիգեն Քոչարյանը ստորագրեց երդման տեքստը:Քոչարյանը երդման արարողությունը կայացավ ԱԺ հունիսի 24-ի նիստում:Վիգեն Քոչարյանի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը:Քոչարյանն ընտրվել էր ԱԺ-ի հունիսի 21-ի նիստում փակ գաղտնի քվեւակությամբ, 114 կողմ, 4 դեմ ձայներով:
06:35 - 24 հունիսի, 2019
Հրաժարական տված ԲԴԽ նախկին անդամը դատական համակարգի առողջացման առաջարկներ է ներկայացրել

Հրաժարական տված ԲԴԽ նախկին անդամը դատական համակարգի առողջացման առաջարկներ է ներկայացրել

Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ Սերգեյ Մեղրյանը, որը  հրաժարական տված ԲԴԽ անդամներից մեկն էր, իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է առաջարկներ, որոնք կարող են առողջացնել դատական համակարգը: «Վեթինգը դատական իշխանության բոլոր խնդիրների համադարմանը չէ… Դատական համակարգը «մաքրելուն» զուգահեռ առնվազն անհրաժեշտ է լուծել հետևյալ խնդիրները.1. Բոլոր դատական ատյանների դատավորների թիվն անհրաժեշտ է կրկնապատկել՝ շեշտակիորեն նվազեցնելով նրանց ոչ խելամիտ ծանրաբեռնվածությունը: Միաժամանակ պետք է մշակվեն դատավորի ծանրաբեռնվածության հստակ նորմատիվներ, որոնք կբացառեն դրանց շրջանակներում լիովին ծանրաբեռնված դատավորին նոր գործերի մակագրումը:2. Հարկ է առնվազն կրկնապատկել դատավորների և Դատական դեպարտամենտում ծառայություն իրականացնող անձանց աշխատանքի վարձատրության չափը՝ ֆինանսապես գրավիչ դարձնելով հանրային ծառայությունը դատական իշխանության համակարգում և ապահովելով թարմ ու որակյալ կադրերի ներհոսք:3. Դատավարական օրենսդրության կատարելագործման և մի շարք այլ միջոցառումների իրականացման միջոցով պետք է ապահովվի դատական վերանայման արդարացի և անխափան մեխանիզմ, որը լիարժեքորեն կապահովի հնարավոր դատական սխալների վերացումը:4. Վճռաբեկ դատարանում պետք է ստեղծվի վարչական պալատ և ներդվեն քաղաքացիական և վարչական պալատների կողմից հակասական իրավական դիրքորոշումները բացառող մեխանիզմներ:5. Ստեղծել հակակոռուպցիոն դատարանների երկաստիճան համարգ՝ ապահովելով հակակոռուպցիոն գործերն առաջին ատյանի կարգով կոլեգիալ կազմով քննելու հնարավորություն։6. Օր առաջ պետք է ստեղծվի տվյալների թվայնացված անհրաժեշտ կենտրոնը և ներդրվեն էլեկտրոնային արդարադատության, դատական գործերի կառավարման և արդարադատության մշտադիտարկման թվայնացված համակարգերը:7. Հարկ է հանրության համար թափանցիկ դարձնել ԲԴԽ կողմից որոշումների կայացման ընթացակարգը՝ ներդնելով բաց քվեարկության կառուցակարգ, ինչը կապահովի Խորհրդի անդամների անհատական հաշվետվողականությունը կարևորագույն հարցերի վերաբերյալ իրենց ձայնի տնօրինման կապակցությամբ և կբացառի առերևույթ որևէ բացատրություն չունեցող որոշումների կայացումը կամ չափազանց կարևոր նախաձեռնությունների «անդեմ» ձախողումը:8. Պետք է մշակել և ներդնել ԲԴԽ-ի հստակ կանխորոշված որոշումների շրջանակի բողոքարկման/վերանայման մեխանիզմներ:9. Անհրաժեշտ է ընդլայնել և որոշակիացնել Դատավորների ընդհանուր ժողովի լիազորությունները՝ նրան վերապահելով դատարանների բնականոն գործունեության ապահովման կապակցությամբ կոնկրետ հարցերով Խորհրդի որոշումների վրա դատավորների ընդհանուր թվի որակյալ մեծամասնությամբ «վետո» դնելու իրավասություն:10. Նպատակահարմար կլինի վերականգնել Դատարանների նախագահների խորհուրդը՝ այդ մարմնին վերապահելով Խորհրդին կից խորհրդատվական մարմնի կարգավիճակ: Նման մարմնի բացակայությունն անջրպետ է ստեղծում Խոհրդի և դատական կորպուսի միջև: Ավելին, Խորհրդի բոլոր անդամների համար պետք է սահմանել Դատավորների ընդհանուր ժողովներին մասնակցելու, որոշ հարցերում Ժողովի առջև հաշվետու լինելու պարտականություն:11. Անհրաժեշտ է վերանայել և որոշակիացնել դատավորների կարգապահական պատասխանատվության հիմքերը՝ դրանց կազմից բացառելով նյութական իրավունքի նորմերի խախտումը և ընդլայնելով ու որոշակիացնելով վարքագծի կանոնների շրջանակը: Խորհրդին հարկ է վերապահել դատավորների աշխատանքային կարգապահության կանոններ հաստատելու և դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն:12. Խորհուրդը պետք է ունենա առանձին հիմքերով (այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջնորդությամբ) դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն:13. Կարգապահական հանձնաժողովի աշխատանքը պետք է տեսանելի դարձվի հանրության համար, բարձրացվի հանձնաժողովի հաշվետվողականությունը, նախատեսվի Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների լրացուցիչ վարձատրության համակարգ:14. Ընդհանուր ժողովին և Խորհրդին պետք է հնարավորություն տրվի բարձրացնելու Ընդհանուր ժողովի հանձնաժողովների անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը: 15. Խորհուրդը պետք է հնարավորություն ունենա վաղաժամկետ դադարեցնելու ոչ արդյունավետ աշխատող դատարանի նախագահի լիազորությունները և կազմակերպելու նոր ընտրություն:16. Անհրաժեշտ է վերանայել դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ոչնչով չհիմնավորված սահմանափակումները:17. Հարկ է հստակ իրավական հետևանքներ նախատեսել դատավորի գործունեության գնահատման անբավարար արդյունքների համար՝ հընթացս վերանայելով նաև այդ գնահատման չափանիշները: Ընդ որում, գնահատման լիազորությունը ճիշտ կլինի վերապահել Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ձևավորված գնահատման հանձնաժողովին, որի կազմում կարող են ներգրավվել իրավաբան գիտնականներ և ՀԿ-րի ներկայացուցիչներ: Լավ մշակված գնահատման համակարգն ի զորու է ապահովել դատավորների իրավաչափ «պերմանենտ վեթինգը»: Խորհուրդը կարող է հանդես գալ որպես գնահատման արդյունքների կապակցությամբ ներկայացված բողոքները քննող մարմին:18. Անհրաժեշտ է վերանայել դատավորների թափուր տեղերի համալրման ընթացակարգերը՝ նախատեսելով ըստ թափուր տեղերի մրցույթներ իրականացնելու և հավակնորդների ցուցակներ կազմելու հնարավորություն:19. Պետք է իրականացվեն արդարադատության ծախսատարությունը նվազեցնելուն ուղղված գործուն միջոցառումներ, այդ թվում՝ բացառելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դատական ակտերի անհարկի բողոքարկման հնարավորությունը:20. Պետք է բարելավել դատարանների շենքային և նյութատեխնիկական պայմանները, կատարելագործել դատարանների համար պետական գնումների ընթացակարգերը՝ բացառելով ոչ պատշաճ որակի ապրանքների ձեռքբերումների պատճառ հանդիսացող հանգամանքները:21. Արմատապես պետք է վերանայվի դատավորների ընթացիկ վերապատրաստման համակարգը՝ շեշտակի բարձրացնելով դրա արդյունավետությունը:22. Խորհրդին հարկ է վերապահել դատական իշխանության կազմակերպման և դատավարական հարցերի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության իրավունք:23. ԲԴԽ դատավոր անդամների լիազորությունները պետք է կասեցվեն՝ ԲԴԽ անդամի պաշտոնավարման ամբողջ ժամկետով:24. Հարկ է ներդնել գործերի բաշխման թափանցիկությունն ապահովող համակարգ:25. Լրջագույն փոձագիտական ներուժի ներգրավմամբ հարկ է մշակել և ընդունել ԲԴԽ հետևյալ որոշումները՝- Դատարանների գործավարության կանոնները.- Դատավորների գործունեության գնահատման կարգը և մեթոդաբանությունը.- Գործերի քննության ուղենիշային ժամկետները՝ ըստ գործերի առանձին տեսակների և բարդության.- Դատավորների ողջամիտ ծանրաբեռնվածության չափանիշները:Եթե ցանկանում ենք ունենալ իրապես անկախ, որակյալ և ադյունավետ արդարադատություն, առնվազն թվարկված միջոցառումները պետք է իրականացվեն առաջիկա 1-2 տարիների ընթացքում: Անհարժեշտ քաղաքական կամքի առկայության դեպքում նշված բոլոր խնդիրները լուծելի են», - գրել է Սերգեյ Մեղրյանը:
06:24 - 24 հունիսի, 2019
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է առաջինը ենթարկվել վեթինգի |armtimes.com|

Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուն ընտրվելու դեպքում պատրաստ է առաջինը ենթարկվել վեթինգի |armtimes.com|

armtimes.com։ Բարձրագույն դատական խորհրդում հրաժարականների շարան է։ Մայիսի 24-ին հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գեւորգ Դանիելյանը, ապա անդամներ Արմեն Խաչատրյանը, Սերգեյ Մեղրյանն ու Արմեն Բեկթաշյանը։ Հրաժարականների պատճառով Բարձրագույն դատական խորհրդի մայիսի 14-ի նիստը, որտեղ հրապարակվելու էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննության արդյունքում կայացրած որոշումը, չկայացավ: Այս ամենին զուգահեռ՝ հունիսի քսանին խորհրդարանը ընտրելու է Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ, թեկնածուն Գրիգոր Բեքմեզյանն է։ Վերջինիս հետ զրուցել ենք հրաժարականների, դատական համակարգը վերահսկող մարմնում հնարավոր ճգնաժամի եւ այլ հարցերի մասին։Պարոն Բեքմեզյան, Բարձրագույն դատական խորհրդում, որի անդամի պաշտոնում առաջադրել են Ձեր թեկնածությունը, իրար հետեւից հրաժարականի դիմումներ են գրվում։ Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է սա պայմանավորված, լավ չէի՞ն աշխատում, եւ որքանո՞վ կապ ունի վարչապետի՝ դատավորներին վեթինգի ենթարկելու հայտարարության հետ։ Հրաժարականները տալիս են հարցի պատասխանը, թե ինչպես են աշխատել։ Ըստ էության՝ կապ ունի վարչապետի հայտարարության հետ, թե՝ ոչ, չեմ բացառում, ամեն դեպքում այդ հայտարարությունց հետո էական շարժեր են տեղի ունենում դատական համակարգում, Բարձրագույն դատական խորհրդում, եւ չեն կարող չկապել մեկը մյուսի հետ։ ԲԴԽ այսօրվա նիստը հրաժարականների եւ ըստ այդմ՝ քվորում չլինելու պատճառով չի կայացել։ Կարծիքներ կան, որ ողջ դատական համակարգում եւ մասնավորապես այդ համակարգի գործունեությունը վերահսկող այս խորհրդում ճգնաժամային իրավիճակ կարող է ստեղծվել, դատավորներին չեն կարող ենթարկել կարգապահական պատասխանատվության եւ այլն։ Իրականում ԲԴԽ նպատակը միայն պատասխանատվության ենթարկելը չէ։ Նպատակը դատական համակարգի անկախության ապահովումն է, դատավորներին պատասխանատվության ենթարկելը միայն գործառույթներից մեկն է։ Բայց իսկապես եթե երկար ժամանակ չհամալվի կազմը, ապա այո՝ կարող է խնդիր առաջանալ գործունեության հետ կապված։ Դրա համար ե՛ւ օրենսդիրը, ե՛ւ դատավորների ընդհանուր ժողովը պետք է փորձեն հնարավորինս շուտ համալրել անդամների տեղերը, եւ այնպիսի անդամներով, որոնք ընդունելի կլինեն բոլորի կողմից, եւ ԲԴԽ-ն կսկսի նորմալ աշխատել։ Համալրման գործընթացը օրենքի տեսանկյունից կարող է տեւել 2-3 ամիս, դրա համար պետք է շուտ սկսել։ Հայտարարվել է դատաիրավական համակարգի բարեփոխումների փուլ։ Որպես ԲԴԽ անդամի թեկնածու՝ ի՞նչ ճանապարհով եք տեսնում այդ բարեփոխումները։ Բարեփոխումների համար պետք է կիրառել բոլոր հնարավոր օրինական գործիքակազմերը, այսինքն՝ դատական համակարգի ինքնամաքրում, երբ կփորձի ինքն իր միջոցով զատել այն դատավորներին, որոնք պատրաստ չեն նոր իրողության պայմաններում աշխատել։ Այս մեկ տարվա ընթացքում ինքնամաքրում չէր լինում, որովհետեւ չկար ցնցում։ Հիմա կա ցնցում եւ կա հստակ պահանջարկ։ Եւ այս բոլոր գործընթացները, հրաժարականները դրա հետեւանքն են։ Մյուս տարբերակը ԲԴԽ եւ դատական համակարգի նորմալ, բնականոն հարաբերություններ ստեղծելն է, որը հնարավորություն կտա ԲԴխ-ին՝ իր իրավասությունների սահմաններում ապահովել դատական համակարգի նորմալ գործունեությունը։ Դատական համակարգը պետք է համալրել նոր դատավորներով։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ նոր, թարմ ուժը դրական ազդեցություն կբերի, ինչպես նաեւ պետք է կարողանալ նվազեցնել դատավորների վրա դրվող բեռը, դատական գործերի քանակը, պետք է բարձրացվեն նաեւ դատավողների աշխատավարձերը, հատկապես՝ ստորին ատյանի դատավորների, որովհետեւ իրենք իսկապես իրենց աշխատանքի համեմատ շատ քիչ են վարձատրվում։Շարունակությունը՝ armtimes.com
12:08 - 18 հունիսի, 2019