Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին |armenpress.am|

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀԲ տարածաշրջանային տնօրենին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ տարեվերջյան հանդիպումը լավ առիթ է ամփոփելու համատեղ ծրագրերի ընթացքը և հասկանալու առաջիկա անելիքները: Մհեր Գրիգորյանը Սեբաստիան Մոլինեուսին ներկայացրել է նոյեմբերին կայացած հանդիպման արդյունքները, որի ընթացքում համապարփակ կերպով և շահագրգիռ բոլոր մարմինների մասնակցությամբ քննարկվել են Հայաստանում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը: Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհակալություն է հայտնել ստեղծված արդյունավետ համագործակցության համար և կարևորել Համաշխարհային բանկի խորհրդի կողմից նոյեմբերին «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության ծրագրի հաստատումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի, առողջապահության, կրթության ոլորտներին առնչվող ծրագրերը և դրանց մանրամասները: Սեբաստիան Մոլինեուսը ներկայացրել է այլ երկրներում հաջողված փորձն ու կարևորել մարդկային կապիտալի զարգացման ոլորտում նախաձեռնված քայլերը: Փոխվարչապետը, բարձր գնահատելով Համաշխարհային բանկի գիտելիքների ու փորձի պաշարները, նշել է, որ անհրաժեշտություն կա համագործակցելու նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացումն ապահովելու ուղղությամբ:      
11:35 - 11 դեկտեմբերի, 2019
Աջ ղեկով ավտոմեքենաները տեխնիկական փոփոխության ենթարկելու համար ժամկետները երկարացվել են ևս 3 ամսով |armenpress.am|

Աջ ղեկով ավտոմեքենաները տեխնիկական փոփոխության ենթարկելու համար ժամկետները երկարացվել են ևս 3 ամսով |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետություն ներմուծվող աջ ղեկով ավտոմեքենաները տեխնիկական փոփոխության ենթարկելու համար ժամկետները երկարացվել են ևս 3 ամսով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Տրանսպորտային միջոցի վրա տեխնիկական գործողություն է իրականացվում և այդ փոփոխությունը, եթե չարվի մասնագիտացված կառույցի կամ անձի կողմից, ապա կարող է հանրային վտանգի պատճառ դառնալ: Բացառություն ենք արել, տրամադրել ենք ժամկետ, որ տվյալ գործողությունը հնարավոր լինի անել նաև Հայաստանում, այլ ոչ թե արտերկրում: Միևնույն ժամանակ օրակարգում մնացել է մի խնդիր, որի վրա մենք պետք է աշխատենք, որ հասկանանք այդ տեխնիկական փոփոխությունն ինչպես է իրականացվում, և ինչպես պետք է իրականացվի, որ լինի անվտանգ»,-նշեց փոխվարչապետը։ Նրա կարծիքով՝ Հայաստանը նման հագեցվածություն ունի, որպեսզի կարողանա իրականացնել մեքենայում ղեկի փոփոխությունը: Կառավարության նիստում որոշվել է թույլատրել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան, սակայն այն կարող է շահագործվել միայն ղեկը փոխելուց հետո:  
11:12 - 09 դեկտեմբերի, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի 84-րդ նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված էին մեկ տասնյակից ավելի հարցեր: Քննարկվել են ԱՊՀ շրջանակներում տնտեսական համագործակցության արդիական հարցերը, Մինչև 2030 թվականը ԱՊՀ տնտեսական զարգացման ռազմավարության նախագիծը և Մինչև 2020 թվականը ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական համագործակցության միջպետական ծրագրի շրջանակներում պիլոտային միջպետական նորարարական նախագծերի իրականացման ընթացքը: Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:
13:57 - 06 դեկտեմբերի, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների զարգացումը և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում բարեկամ Ֆրանսիայի հետ համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում: Զրուցակիցները հանդիպմանն անդրադարձել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հաջողություններին և ձեռքբերումներին: Քննարկվել է ֆրանսիական կապիտալով Հայաստանում առկա ընկերությունների գործունեությունը: Ջոնաթան Լաքոթը նշել է, որ ֆրանսիական մի շարք կազմակերպություններ ևս Հայաստանում ներդրումներ ունենալու հարցում հետաքրքրություն են հայտնել: Փոխվարչապետը ողջունել է Հայաստանում գործունեություն ծավալող հնարավոր նոր ֆրանսիական կազմակերպություններ ունենալու գաղափարը և ընդգծել, որ Կառավարությունը ջանքեր է գործադրում մեր երկրում առավել բարենպաստ բիզնես միջավայր և ճիշտ գործարար մշակույթ զարգացնելու ուղղությամբ:
08:30 - 29 նոյեմբերի, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել բացման խոսքով ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդես է եկել բացման խոսքով ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Երևանում կազմակերպված ԵԱՏՄ բարձրագույն հաշվեքննիչ մարմինների կոլեգիայի համատեղ նիստին և հանդես եկել բացման խոսքով, որում մասնավորապես նշել է. «Եվրասիական տնտեսական միության ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների հարգելի նախագահողներ, Համատեղ նիստի հարգելի մասնակիցներ և հյուրեր, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից:Եվրասիական տնտեսական միությունը արդյունավետ ինտեգրացիոն միավորում է՝ ստեղծված անդամ պետությունների կայուն տնտեսական աճն ու զարգացումը ապահովելու համար: Միությունն արդեն իսկ ապացուցել է իր կենսունակությունն ու արդյունավետությունը, ինչի մասին վկայում են ներքին առևտրաշրջանառության ցուցանիշները, արտաքին առևտրի ծավալները, ինչպես նաև կհավելեմ, բազում երկրների ցանկությունը ունենալու գործնական և ինստիտուցիոնալ հարաբերություններ ԵԱՏՄ-ի հետ, մասնավորապես՝ առևտրի մասով: Անհրաժեշտ է ընդգծել, որ Եվրասիական միությունը մեծ, ընդհանուր և միաժամանակ բարդ օրգանիզմ է, որում մեր երկրները փոխադարձ հարգանքի վրա հենվելով և բոլոր կողմերի շահերը հաշվի առնելով, ամենօրյա և նպատակաուղղված աշխատանքով լուծում են արդիական խնդիրները: Այստեղ, իհարկե, կցանկանայի կանգ առնել Միության մարմինների աշխատանքի շարժունակության և արդյունավետության վրա: Մի կողմից, այո, իսկապես դա միություն է, որտեղ որոշումներն ընդունվում են կոնսենսուսի միջոցով, ինչը Միության ինստիտուցիոնալության տեսանկյունից, իհարկե, շատ լավ է: Մյուս կողմից՝ դա ունի որոշակի ազդեցություն որոշումների կայացման արագության վրա, բայց ես ձեզ վսհատեցնում եմ, որ ամեն դեպքում ամեն օր կամ ամեն տարի գուցե լուծումների քննարկումը և ընդունումը տեղի է ունենում ավելի արդյունավետ և օպերատիվ կերպով, և այս առումով միության և գործընթացների կառավարման հեռանկարները ամեն տարի զարգանում են, և մենք կարծում ենք, որ դառնում են գործուն և օպերատիվ: Ինչպես գիտեք, Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ-ում, և մենք մեր կողմից առավելագույն ջանքերն ենք գործադրել Միության լիարժեք գործառնության, ինչպես նաև արտաքին տնտեսական կապերի դիվերսիֆիկացման և ազատ առևտրի համաձայնագրերի աշխարհագրության ընդլայնման համար: Այս տարի մենք վերջնականացրել և անցել ենք Միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կնքված համաձայնագրի կիրարկմանը և Սերբիայի հետ կնքել ենք համաձայնագիր: Ես կարծում եմ, որ դրանք բավականին նշանակալի արդյունքներ են, քանի որ առևտրի ծավալը և հարաբերությունների ծավալը, որոնք կարգավորվում են այս համաձայնագրերով բավականին մեծ են: Կարծում եմ, որ մեր երկրների բիզնեսների համար դրանք առևտրային կապերը զարգացնելու լավ և նոր հարթակներ են: Նիստի հարգելի մասնակիցներ, Կցանկանայի նշել, որ Միության շրջանակներում ինտենսիվ համագործակցում են ոչ միայն գործադիր իշխանության ներկայացուցիչները, այլև ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները: Կարծում եմ, որ ձեր համագործակցությունը Միության շրջանակներում ամեն տարի ամրապնդվում է, իսկ այն փաստը, որ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ալեքսեյ Լեոնիդի Կուդրինը հանդիսանում է Ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության նախագահ, իր հերթին թույլ կտա զարգացնել և ամրապնդել փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ: Անխոս, մարմինների համագործակցությունը շատ կարևոր թեմա է: Ընդհանրապես դժվար է պատկերացնել տնտեսական միության զարգացում առանց պետությունների բոլոր մարմինների ընդհանրական համագործակցության: Այս իմաստով և՛ այսօրվա նիստի փաստը, և՛ այն փաստը, որ հաշվեքննիչ պալատների միջև կա ինստիտուցիոնալ համագործակցություն այսօր, ուրախացնում է և կարևոր նշանակություն ունի մեր տնտեսական համայնքների զարգացման համար: Այսօր հերթական միջոցառումն է, որը վկայում է, որ ինտեգրման զարգացումն անցնում է ընդհանրական, ինչը շատ կարևոր է: Որպես Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ կարող եմ վստահեցնել, որ մենք բարձր ենք գնահատում և ուշադրությամբ ենք վերաբերվում Ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից իրականացվող համատեղ վերահսկիչ միջոցառումների արդյունքներին: Ձեր առաջարկություններն ու խորհրդատվությունները մեզ ներկայացնում են օբյեկտիվ տեղեկատվություն Միության բյուջեի արդյունավետ ծրագրման և ծախսման, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերի վճարների ժամանակին և ճիշտ բաշխման համար: Սա նույնպես բավականին բարդ թեմա է, քանի որ մաքսատուրքերի վճարների բաշխումը, ինչպես գիտեք, ուղղակի մաթեմատիկական բանաձև չէ: Մենք այդ թեմայի մեջ ներդրել ենք հիմնական տնտեսական սկզբունքները: Այս թեման քննարկվել է շատ երկար և շատ մանրամասն: Եվ գրեթե մեկ տարի այն քննարկվել ք: Այս տարի մենք հանգել ենք որոշակի բանաձևի, որն իր մեջ ներառում է, կկրկնեմ, ոչ միայն մաթեմատիկական հետևանքներ, այլ իրապես մասնակիցների տնտեսական զարգացման մակարդակ: Այսինքն մեր երկրների տնտեսությունների համար նշանակություն ունեցող շատ գործոններ այս իմաստով հաշվի են առնվել: Հարգելի հյուրեր, Ամփոփելով ցանկանում եմ մաղթել բոլորիս արգասաբեր և հաջող աշխատանք և, իհարկե, հաճելի ժամանց Հայաստանում: Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ ձեզ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մասնակցության համար և մաղթել ամենայն բարիք: Շնորհակալություն ուշադրության համար»:
10:13 - 28 նոյեմբերի, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային ղեկավար Յան Վան Բիլսենին: ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ փոխվարչապետը, ողջունելով հյուրին, կարևորել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ հատկապես Հայաստանի մասնավոր հատվածի համագործակցության խորացումը, որն իր հետ բերում է բիզնես մշակույթի ճիշտ սկզբունքներ: Հանդիպման ընթացքում փոխվարչապետը և ՄՖԿ տարածաշրջանային ղեկավարը մտքեր են փոխանակել Հայաստանի կառավարության առաջ քաշած բարեփոխումների հիմնական ուղղությունների շուրջ: Մհեր Գրիգորյանն առանձնացրել է ենթակառուցվածքային ծրագրերը և տարածաշրջանային մասշտաբային նախագծերում Հայաստանի ներգրավվածությունը, կապիտալի շուկայի զարգացումը, ինչպես նաև որպես առանձին բարեփոխումների խումբ խոսել մարդկային կապիտալի զարգացման մասին: Յան Վան Բիլսենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ներկայացրել որպես համագործակցության հիմնական չորս ուղղություն՝ ֆինանսական ոլորտը, էներգետիկան, առողջապահությունն ու տուրիզմը: Զրուցակիցները խոսել են վերոնշայլ ոլորտներում զարգացման հեռանկարի շուրջ, անդրադարձել հատկապես տուրիզմի զարգացման հնարավորություններին:  
06:48 - 12 նոյեմբերի, 2019
Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին քննարկվել են ճանապարհային քարտեզի կիրարկմանն ուղղված միջոցառումների կատարումը

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին քննարկվել են ճանապարհային քարտեզի կիրարկմանն ուղղված միջոցառումների կատարումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին որպես հանձնաժողովի անդամ մասնակցել են նաև ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Հանձնաժողովի անդամները քննարկել են ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ կիրարկումն ապահովող ճանապարհային քարտեզում ներառված 2019 և 2020 թվականների միջոցառումների կատարողականը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել արդարադատության, միգրացիայի, ֆինանսների, ոստիկանության, տրանսպորտի և բնապահպանության ոլորտներում արդեն իսկ իրականացված քայլերին և սպասվող միջոցառումներին: Առանձին միջոցառումների համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները զեկուցել են համապատասխան կետերի կատարման ընթացքը: Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակվել մի շարք միջոցառումների առավել արդյունավետ կերպով իրականացման հնարավորությունների շուրջ: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար և ակնկալել նաև առաջիկայում սպասվելիք միջոցառումների կատարումը՝ համահունչ ճանապարհային քարտեզի ժամանակցույցին:
05:02 - 05 նոյեմբերի, 2019
ԵՄ դեսպան Վիկտորինը գոհունակությամբ է խոսել ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցած արդյունքների և առաջընթացի մասին

ԵՄ դեսպան Վիկտորինը գոհունակությամբ է խոսել ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցած արդյունքների և առաջընթացի մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ պատվիրակությանը ձևավորված կառուցողական համագործակցության համար՝ շեշտելով, որ Եվրամիությունը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, ով մշտապես աջակցում է մեր երկրին բարեփոխումների իրականացման գործում: Դեսպան Վիկտորինը գոհունակությամբ է խոսել ՀՀ-ԵՄ հարաբերություններում գրանցած արդյունքների և առաջընթացի մասին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակի շուրջ, խոսել Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության մասին: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումների ուղղություններին, ինչպես նաև արդարադատության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման և խորացման հեռանկարը:
15:57 - 30 հոկտեմբերի, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների, ովքեր իրականացնում են Հայաստանի սուվերեն վարկանշման գործընթացը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է կազմակերպության կողմից կատարված և կատարվելիք աշխատանքը՝ մեծ նշանակություն տալով միջազգային հեղինակային կազմակերպությունների կողմից երկրի կարևորագույն ոլորտներում առկա իրավիճակի վերլուծությունը և գնահատումն իրականացնելու գործընթացին: «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության առաջ քաշած առանցքային բարեփոխումների շրջանակը: Մհեր Գրիգորյանը խոսել է նաև կապիտալ շուկայի զարգացման կարևորության մասին՝ նշելով, որ դա հանդիսանում է Կառավարության ամենօրյա օրակարգի հարցերից մեկը: Փոխվարչապետը ներկայացրել է հանրային կառավարման ոլորտում ակնկալվող բարեփոխումների հիմնական շրջանակը՝ որպես առաջնային խնդիր առանձնացնելով գործառույթների ճիշտ ալգորիթմների ձևավորումն ու թվայնացումը: Անդրադարձ է կատարվել հարկաբյուջետային քաղաքականությանը, ինչպես նաև պետական գնումների ոլորտում կատարված բարեփոխումներին: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի ներդրումային գրավչության վերաբերյալ, փոխվարչապետը նշել է մեր երկրի առավելություններն ու տնտեսության զարգացման հնարավորությունները:
15:20 - 30 հոկտեմբերի, 2019
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակներում տնտեսական փոխգործակցության արդիական հարցերը: Խորհրդի նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել հասարակության թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության վերաբերյալ հայեցակարգի և միջոցառումների ծրագրի, ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարության շուրջ: Նիստի արդյունքներով ստորագրվել են ԱՊՀ տարածքում համագործակցության վերաբերյալ մեկ տասնյակից ավել փաստաթղթեր: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով: *** Հարգելի Դմիտրի Անատոլիի, միանում եմ այսօրվա հանդիպման լավ կազմակերպման և ջերմ ընդունելության համար մեր ռուս գործընկերներին ուղղված երախտագիտության խոսքերին: Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Սերգեյ Նիկոլայի Լեբեդևին գործադիր կոմիտեի արդյունավետ աշխատանքի համար: Ընթացիկ հանդիպման ժամանակ քննարկման են դրված առողջապահության, կրթության, տեղեկատվական և այլ բնագավառներում համագործակցության ընդլայնման և խորացման հնարավորություններին առնչվող հարցերի շրջանակ:Հայաստանը ողջունում է նշված ոլորտներում համագործակցության և փոխգործակցության նախաձեռնությունները և հաստատում է ցանկությունը լիարժեք մասնակցելու դրանց: Մենք հետաքրքրված ենք թվային զարգացման ոլորտում փոխշահավետ համագործակցության ակտիվացմամբ և ընդլայնմամբ: Հասարակության թվային զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության հայեցակարգում, ինչպես նաև դրա իրականացման ուղղությամբ առաջնային միջոցառումների ծրագրում արտացոլված են ԱՊՀ մասնակից պետությունների համաձայնեցված մոտեցումները այս ոլորտում միջպետական փոխգործության հիմնական խնդիրների, սկզբունքների, առանցքային ուղղությունների, ինչպես նաև մեխանիզմների վերաբերյալ: Շահագրգիռ պետությունների միջև բազմակողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, այդ թվում նաև՝ ԱՊՀ միասնական հակաօդային համակարգի ամրապնդումն ու զարգացումը, դիտարկում ենք որպես զգալի ներդրում անվտանգության ապահովման գործում և այդ առումով պատրաստ ենք աջակցել 2020 թվականին Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծմանն ու զարգացմանը հատկացումներ տրամադրելու վերաբերյալ որոշմանը: Հայկական կողմը նաև աջակցում է նիստին ներկայացված՝ տեղեկատվական անվտանգության, ռադիոնավիգացիայի և այլ ոլորտներում փոխգործակցությունը կանոնակարգող կամ առկա մեխանիզմների կատարելագործմանը միտված փաստաթղթերի ընդունմանը: Աջակցում ենք ԱՊՀ մասնակից պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարության ընդունմանը: Դիտարկում ենք ռազմավարությունը որպես համալիր փաստաթուղթ, որն իրենից ներկայացնում է փոխգործակցության զարգացման ընդհանուր նպատակների, առաջնայնությունների և հեռանկարի վերաբերյալ ԱՊՀ մասնակից պետությունների հայացքների համաձայնեցված համակարգ: ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը մեծ նշանակություն տալով՝ Հայաստանը հետաքրքրված է ԱՊՀ-ի՝ որպես միջազգային տարածաշրջանային կազմակերպության ամրապնդմամբ: Ընդհանուր կարծիք կարտահայտեմ, եթե նշեմ, որ Համագործակցության հիմնական խնդիրը ԱՊՀ-ում տնտեսության, հումանիտար, անվտանգության ոլորտում և քաղաքական փոխգործակցության շրջանակում միջպետական համագործակցության հետագա զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովումն է: Վստահ եմ, որ առկա պայմանավորվածությունները որոշակի բովանդակությամբ լրացնելու մեր հետագա ջանքերը կավելացնեն Անկախ պետությունների համագործակցության ներդրումը ԱՊՀ տարածքում մեր պետությունների բազմակողմ փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման հարցում: Ամփոփելով ցանկանում եմ հաստատել մեր մտադրությունն այսուհետ ևս մեր ներդումն ունենալու ԱՊՀ պետությունների միջև համագործակցության զարգացման գործում: Պատրաստ ենք ԱՊՀ շրջանակներում ջանքեր գործադրել ԱՊՀ կառույների և ոլորտային համագործակցության մարմինների գործնական արդյունավետությունը բարձրացնելու համար:
13:28 - 25 հոկտեմբերի, 2019
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ նորընտիր գործադիր տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ նորընտիր գործադիր տնօրենին

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի 2019 թվականի տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով ԱՄՆ ժամանած հայկական պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ այցի վերջին օրը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի նորընտիր գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ: Փոխվարչապետը, օգտվելով հանդիպման առիթից, շնորհավորել է տիկին Գեորգիևային այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք: Փոխվարչապետը ԱՄՀ նորընտիր գործադիր տնօրենին ներկայացրել է Հայաստանի կառավարության նախանշած բարեփոխումներն ու անդրադարձել ԱՄՀ-ի հետ կառուցողական մթնոլորտում զարգացող հարաբերություններին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի տարբեր ոլորտներում ԱՄՀ աջակցությամբ իրականացվող ծրագրերի և համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ:
08:24 - 23 հոկտեմբերի, 2019
Կարծում եմ, որ ձմեռային ամիսներին թանկացում չի լինի. Մհեր Գրիգորյանը`գազի գնի մասին |tert.am|

Կարծում եմ, որ ձմեռային ամիսներին թանկացում չի լինի. Մհեր Գրիգորյանը`գազի գնի մասին |tert.am|

tert.am: Ես կարծում եմ, որ ձմեռային ամիսներին թանկացում չի լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով գազի գնի վերաբերյալ ՌԴ-ի հետ բանակցություններին: «Ապագայի համար էլ պետք է աշխատենք, շարունակենք բանակցել, փորձենք այնպես անել, որ ընդհանրապես չլինի»,-ասաց նա: Հարցին, թե դա իրատեսական համարում եք, փոխվարչապետը պատասխանեց, որ մոտ ժամանակահատվածի համար, կարծում է, իրատեսական է: «Հնարավոր է գտնել մեկ բաղադրիչ, որ չհանգեցնի թանկացման»,-ասաց նա:Ինչ վերաբերում է Իրանի հետ համաձայնագրի դեր խաղալուն, Մհեր Գրիգորյանն ասաց, որ դա մի մեծ ամբողջություն է, որի մեջ այդ հարցը քննարկվում է: Անդրադառնալով ռուս գործընկերների համար Իրանի հետ համագործակցությունը քաղաքական խնդիր համարելուն՝ նա նկատեց. «Ես կարծում եմ, որ պետք չէ այդ հարցը քաղաքականացնել, նման խնդիր չկա, ի վերջո տարածաշրջանում պետք է լինի էներգետիկ համակարգերի որոշակի գործառնական ինտեգրացիա, և այդ շրջանակում համագործակցությունը, կարծում եմ, որ լրիվ բնականոն է»,-ասաց նա:
11:29 - 08 հոկտեմբերի, 2019
Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ-ի զարգացման ռազմավարությունը

Մհեր Գրիգորյանը և ԱԶԲ գրասենյակի ղեկավարը քննարկել են ՀՀ-ի զարգացման ռազմավարությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալին, ով ավարտում է իր լիազորությունները Հայաստանում: Հանդիպմանը ներկա էր նաև գրասենյակի նորանշանակ ղեկավար Պաոլո Սպանտիգատին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Շեյն Ռոզենթալին Հայաստանում պաշտոնավարման տարիներին կատարված աշխատանքի համար՝ ընդգծելով, որ ԱԶԲ-ն ակտիվորեն համագործակցում է թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածների հետ: Նա շեշտել է, որ պարոն Ռոզենթալի ղեկավարությամբ ԱԶԲ գրասենյակի հետ հարաբերությունները ակտիվորեն զարգացել են և այժմ գտնվում են բավականին բարձր մակարդակի վրա: Փոխվարչապետը ողջունել է ԱԶԲ գրասենյակի նորանշանակ ղեկավարին և հույս հայտնել, որ ձևավորված կառուցողական մթնոլորտում աշխատանքը նույն հունով կշարունակվի նաև իր պաշտոնավարման ընթացքում: Շեյն Ռոզենթալը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի խոսքերի և անկեղծ համագործակցության համար: Իսկ Պաոլո Սպանտիգատին վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունները և ԱԶԲ հետ համագործակցության առանցքային ոլորտները:
16:08 - 03 հոկտեմբերի, 2019
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՉԺՀ պատվիրակությանը

Մհեր Գրիգորյանն ընդունել է ՉԺՀ պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարի տեղակալ Յույ Ցզյանհուայի ղեկավարած պատվիրակությանը, որը ժամանել էր Հայաստան մասնակցելու Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստին:Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Չինաստանի առևտրի փոխնախարարի մասնակցությամբ Երևանում կայացած հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստը: Մհեր Գրիգորյանը նշել է, որ առկա են բոլոր նախադրյալները իրացնելու այն մեծ ներուժը, որ կա երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ոլորտում:Փոխվարչապետը ներկայացրել է այն բոլոր հնարավորությունները, որ ընձեռում է Հայաստանը գործարարների համար՝ անդրադառնալով մեր երկրի տարանցման ներուժին և առավելություններին: Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է շոշափելի արդյունքներ ունենալ նաև երկու երկրների բիզնես կապերի և շփումների զարգացման գործում:Չինաստանի առևտրի նախարարի տեղակալ Յույ Ցզյանհուան շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար՝ ընդգծելով, որ հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստին Չինաստանից ժամանած պատվիրակության ներկայացվածությունը վկայում է Չինաստանի ցանկության մասին Հայաստանի հետ զարգացնելու երկկողմ հարաբերությունները: Չինաստանի նախարարի տեղակալը խոսել է այն պատմական կապերի և ընդհանրությունների մասին, որ ունեն Հայաստանն ու Չինաստանը՝ շեշտելով, որ երկու հնագույն քաղաքակրթությունները, որոնք զգալի ներդրում են ունեցել մարդկության զարգացման գործում, դեռ համագործակցության նոր հնարավորություններ ունեն բացահայտելու:Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, գիտատեխնիկական և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման շուրջ: Անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի մասնակցությանը, այնպես էլ Հայաստանում մեծ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման կարևորությանն ու դրանց տարածաշրջանային բնույթ հաղորդելու անհրաժեշտությանը:Հանդիպման ավարտին զրուցակիցները հույս են հայտնել, որ այսուհետ Հայաստանի և Չինաստանի միջև շփումները կակտիվանան և երկկողմ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի:
11:23 - 24 սեպտեմբերի, 2019