Սահման

Գեղարքունիքի մարզում 195 շենք շինություն է վնասվել. ԱԻ փոխնախարարը ներկայացրեց համայնքներին հասցված վնասները

Գեղարքունիքի մարզում 195 շենք շինություն է վնասվել. ԱԻ փոխնախարարը ներկայացրեց համայնքներին հասցված վնասները

Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց, թե ինչ վնասներ են կրել ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնված համայնքները։ Ըստ նրա՝ Գեղարքունիքի մարզում Վերի Շորժա, Կութ, Սոթք, Այրք բնակավայրում 195 շենք շինություն է վնասվել, որոնց թվում են տներ, գյուղապետարանի և դպրոցների շենքեր, բուժկետ, ավտոլվացման կետ, անասանգոմեր և օժանդակ շինություններ։  «Ունենք ընդհանուր առմամաբ 150 հա ցորենի գարու ցանքատարածությունների, խոտհարքների վնասում։ Մարզում ունենք նաև հոսանքալարերի վնասում։ Վարդենիս քաղաքում վնասվել է Չարենցի փողոցը,  նաև անձնական մեքենաների վնասում ունենք»։ Նա տեղեկացրեց, որ Սյունիքի մարզում հիմնական վնասները հասել են Ակներ, Վերին շեն, Քարաշեն, Նորավան  և Աղիտու բնավայրերերին․ «Վնասվել են 5 շենք շինությունները՝ 4 տուն և 1 հանդիսությունների սրահ։ Բնակավայրերը սնուցող էլեկտրամատակարաման գծերն են վնասվել, Վաղատուր բնակավայրի էլեկտրամատակարարման և գազամատակարման գծերն են վնասվել։Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, նրա խոսքով, կա 9 վնասված շենք շինություն, այդ թվում՝ տներ, հյուրատներ, առողջարան։ 2 արկ ընկել է Կեչուտի ջրամբար։ «Պետք է նշեմ նաև, որ այստեղ հրշեջ-փրկարարական ջոկատը նույնպես ենթարկվել է հրետակոծության, վնասվել է շենքը, ինչպես նաև ճոպանուղին սպասարկող վարչական շենքն է վնասվել։ Վնասվել են ավտոճանապարհների որոշ հատվածներ, Կեչուտի ջրամբար ընկել է երկու արկ։ Այստեղ նույնպես մեր քաղաքացիների մեքենաներ են վնասվել։ Հարվածային ալիքների հետևանքով կան բազմաթիվ շենքեր, որոնց պատուհանները ոչնչացվել են»։
14:36 - 16 սեպտեմբերի, 2022
ԳՇ պետի խոսքով՝ Ադրբեջանը թիրախավորել է Ջերմուկի ենթակառուցվածքները՝ նպատակ ունենալով լուրջ վնասվներ հասցնել տնտեսությանը

ԳՇ պետի խոսքով՝ Ադրբեջանը թիրախավորել է Ջերմուկի ենթակառուցվածքները՝ նպատակ ունենալով լուրջ վնասվներ հասցնել տնտեսությանը

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշեց, որ Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել նաև ճոպանուղուն։ «Ջերմուկ քաղաքում հարված է հասցվել նաև ճոպանուղուն, որը՝ որպես առողջարանային կենտրոն, ունեցել է տարբեր պետություններից, երկրներից այստեղ հանգստացող անձնակազմ, ու ճոպանուղուն հարվածի արդյունքում ներկա դրությամբ Ջերմուկում պետություններից, երկրներից ներկայացուցիչներ չկան։ Ճոպանուղու տարածքում մանկական հրապարակներ կան, քանի որ տարհանում իրականացված չէր, ժողովուրդը և տարբեր երկրներից ներկայացուցիչներ քաղաքում էին»,- ասաց ԳՇ պետը։  Էդվարդ Ասրյանի խոսքով՝ միանշանակ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները որպես նշանակետեր ընտրել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։ «Ինչու, կարող եմ հիմնավորել, որովհետև սկզբից էլ նշեցի, որ Ջերմուկ քաղաքը միջազգային կարգավիճակով առողջարանային կենտրոն է, և թիրախավորելով Ջերմուկ քաղաքի ենթակառուցվածքները՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդել է իրենց նպատակներից կարելի է նշել հիմնական կարևորը՝ լուրջ տնտեսական հարված հասցնել ՀՀ տնտեսությանը։ Դպրոցների և այլնի հետ կապված տեղեկացնեմ, որ հաշվի առնելով մեր երեխաների անվտանգությունը, նաև ձեռնարկված միջոցառումների ամբողջությունը՝ դադարեցվել են դասընթացները․ մոտ 506 երեխա այս պահին չի ստանում իր կրթության իրավունքը։ Հիմա մտածում ենք այլ միջոցներ, որ երեխաների կրթություն ստանալու իրավունքը ապահովենք»,- նշեց Ասրյանը։ 
14:18 - 16 սեպտեմբերի, 2022
Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա. ԶՈՒ ԳՇ պետ

Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա. ԶՈՒ ԳՇ պետ

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն այցելել են Ջերմուկ քաղաք, որտեղ կծանոթանան Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին և տեղում տեղեկություններ կստանան օպերատիվ իրավիճակի վերաբերյալ: ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի խոսքով՝ դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է․ «եթե մենք գտնվում ենք այստեղ, ապա դա այն ուղղությունն է, որտեղ հակառակորդը իր հարձակողական գործողությունների արդյունքում ունեցել է որոշակի հաջողություններ և մխրճվել ՀՀ ինքնիշխան տարածք 8,5 կմ լայնությամբ ճակատով, մինչև 7,5 կմ խորությամբ»,- նշել է նա։ ԶՈՒ ԳՇ պետի խոսքով՝ այդ մխրճումները Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվել են խմբերով, ջոկատներով, և դրանց որոշակի խմբեր, ջոկատներ գտնվում են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակումների մեջ։  «Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4,5 կմ հեռավորության վրա»,- ընդգծել է Էդվարդ Ասրյանը։  ԳՇ պետը հայտնեց, որ հանցագործությունները (Ադրբեջանի ԶՈՒ կողմից) իրականացվել են հարձակման բոլոր ուղղություններով։ Դիվանագիտական ներկայացուցիչներից մեկը խնդրեց մանրամասներ ներկայացնել այդ հանցագործությունների վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Ասրյանն ասաց, որ վերջում տեսանյութերը կփոխանցի նրանց։  
13:56 - 16 սեպտեմբերի, 2022
Եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում անցել են նորից հետ՝ մեր տնօրինման տակ․ Անդրանիկ Քոչարյան

Եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում անցել են նորից հետ՝ մեր տնօրինման տակ․ Անդրանիկ Քոչարյան

Միջազգային հարթակներում էս արձագանքները նաև կապված են, ուղղակի կապված են մեր ԶՈՒ հստակ պաշտպանական գործողությունների իրականացման հետ։ Եթե մենք չկռվեինք էնպես, որ կռվել ենք, էսպիսի արձագանքներ պարզապես չէին լինի։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Խոսելով այն մասին, թե Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքները ռազմավարական ինչ նշանակություն ունեն, Քոչարյանը նշեց․ «Ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն։ Եվ էս գործողությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ, նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերը ավելի բարելավել, այն, ինչ Ձեր ասած թվերի շրջանակներում և հաջողվել է (խոսքը լրագրողի նշած 10 կմ տարածքների մասին է- խմբ․)։ Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում անցել են նորից հետ՝ մեր տնօրինման տակ։ 6 դիրքերի մասին է խոսքը, ես ամբողջական թվերը չհրապարակեմ, դա, շատ հնարավոր է, նորից փոփոխությունների ենթարկվի»։ Infocom-ը Պաշտպանության նախարարությանը խնդրեց մեկնաբանել, թե Ադրբեջանի վերջին հարձակումից հետո քանի դիրք է վերցրել ադրբեջանական կողմը, և եթե Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, որ հայկական կողմը 6 դիրք է հետ բերել, քանիսն է այժմ ադրբեջանական վերահսկողության ներքո։ ՊՆ խոսնակը նշեց․ «Պաշտպանության նախարարությունն ամփոփ տեղեկատվություն կտրամադրի ճշգրտման գործընթացը լիարժեք իրականացնելուց հետո»:
12:55 - 16 սեպտեմբերի, 2022
Կան դիակներ, որոնք գտնվում են էնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք․ Անդրանիկ Քոչարյան

Կան դիակներ, որոնք գտնվում են էնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք․ Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խորհրդարանական հերթական ճեպազրույցի ընթացում անդրադառնալով Նախիջևանի կողմից Ադրբեջանի հնարավոր հարձակման լուրերին, նշեց․ «Մենք պետք է զգոնությունը չկորցնենք, մեր զինված ուժերը համապատասխան տեղեկությունները ստուգելու բոլոր հնարավորություններն ունեն։ Անհրաժեշտության դեպքում մենք պետք է գտնենք այն ռեսուրները և կառավարման այն հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան կանխել նման զարգացումները»։ ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն էլ խոսեց երեկվա ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստին․ «Երեկ շատ կարևոր արձանագրություններ են հնչել, հասցեական գնահատականներ, և սա շատ արդյունավետ է, այս առումով պետք է շնորհակալություն հայտնենք ՀՀ դիվանագիտական կորպուսին՝ իր կատարած աշխատանքի համար, և մենք հույս ունենք, որ միջազգային հանրության ճնշման ներքո ագրեսորը կդադարեցնի իր գործողությունները»։  Նա նաև հայտնեց, որ զոհերի, վիրավորների, անհետ կորածների տվյալները ճշտվում են, և կհրապարակվեն բացառապես վերջնականապես ճշտված տվյալներ։ Անդրանիկ Քոչարյանն էլ, պատասխանելով հարցին, թե ինչու հնարավոր չէ մինչև հիմա ճշտել այդ թվերը, նշեց․ «Որովհետեւ դա շատ բարդ խնդիր է, ենթադրենք՝ անհետ կորածներ կան, դուք կարո՞ղ եք ասել՝ նրանք մահացա՞ծ են, թե՞ ոչ, մենք կասենք այն ժամանակ, երբ որ կճշտենք, սա շատ պարզ տրամաբանություն է»։ Անդրանիկ Քոչարյանը նաև անդրադարձավ զոհերին իդենտիֆիկացնելու հարցին․ «Երբ որ ասվել է 105 զոհ թիվը (այսօրվա դրությամբ հաստատված զոհերի թիվը 135 է- խմբ․), դա նշանակում է, որ դա այլևս իդենտիֆիկացման փուլ չունի անցնելու։ Անուն-ազգանունով հերթով կհրապարակվեն։ 105 թիվն ասում է, եթե զոհերը ճանաչել ենք, նշանակում է՝ գիտենք՝ որ մարմինն ում է պատկանում»։ Հարցին՝ ինչու զոհերի անունները չեն հրապարակվում, Քոչարյանը պատասխանեց՝ կհրապարկվեն։ Իսկ այն հարցին, թե՝ երբ, եթե հիմա իդենտիֆիկացման խնդիր չկա, Քոչարյանն ասաց․ «Ես կարծում եմ խնդիրը խնդիր չլինելու մեջ է։ Այսինքն՝ էդ ընթացակարգերը՝ ճանաչել, պատրաստել, տեցեկացնել, դրանք հերթականությամբ կլինեն»։ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ զոհերի հրապարակված թիվը կարող է փոխվել (ճեպազրույցի ժամանակ խոսվում էր 105 զոհի մասին, քիչ անց Փաշինյանը հայտնել է, որ հաստատված զոհերի թիվը 135 է- խմբ․)․ «Ինչի հաշվին․ մենք ունենք անհետ կորածներ ևս՝ իքս քանակի, և նրանց հայտնաբերելուց կամ ճշտելուց հետո պարզ կլինեն մահացածները, անհետ կորածները և գերեվարվածները։ Եվ ասեմ՝ ինչու թիվն ամբողջությամբ չի հրապարակվում, որովհետև 105-ի մեջ կան դիակներ, որոնք գտնվում են էնպիսի տարածքում, որը դեռ չի տեղափոխվել մեր տնօրինման տարածք»։ Ճշտող հարցին՝ երբ Քոչարյանն ասում է՝ կան դիակներ, որոնք գտնվում են մեր տնօրինման տակ չգտնվող տարածքներում, նկատի ունի՝ կան դիրքեր, որոնք հակառակորդի վերահսկողության տա՞կ են, և դիակները այնտե՞ղ են, պատգամավորն ասաց, որ չի պարզաբանի․ «Ոչ, չեմ պարզաբանի»։  Հարցին՝ ինչո՞ւ, նա արձագանքեց․ «Հենց էդպես, որովհետև դուք հիմա տալիս եք հարցեր, որոնց պարզաբանման ո՛չ կարիքը, կա ո՛չ հնարավորությունը։ Ես պարզ ասեցի՝ կան դիրքեր, որտեղ կան մարմիններ, որոնք պետք է տեղափոխվեն մեր տնօրինման տարածք։ Դա էլի բարդ խնդիր ա էս պահի դրությամբ, հրադադարի հնարավորություն էսօր ունենք, բայց էդ պայմաններում էլ նման գործողությունները որոշակի ընթացակրագ են պարունակում։ Չեք տեսե՞լ՝ սպիտակ դրոշ ա լինում, պայմանավորվում են, որպեսզի էդ տեղափոխությունների ժամանակ էլ ավելորդ լարվածություն և կրակոցներ չլինեն, ամեն ինչ կլինի՝ ըստ տրամաբանության և ըստ անվտանգային գործողությունների տրամաբանության»։ Իսկ այն հարցին, թե Ադրբեջանը հայտարարել էր, որ հարյուր մարմին կարող է վերադարձնել առանց ոչ մի բանի, ադրյոք այդ հարյուր մարմինը վերադարձվե՞լ է։ Քոչարյանը պատասխանեց․ «Ես չեմ ուզում Ադրբեջանի հայտարարությունները մեկնաբանել, Ադրբեջանը երեկ էլ մի ամբողջ ցանկ էր հրապարակել տեխնիկական միջոցների, ինչ որ իրենց տնօրինման տակ է եղել, էդ ցանկի մեջ որոշ բաներ ճիշտ ա, որոշ բաներ՝ ոչ։ Նաև ասեմ, որ Ադրբեջանի կողմից ապատեղեկատվություն էր տարածվել, որ գրավել են ՀՀ ինքնիշխան տարածքում նաև համայնքային կառավարման կենտրոններ։ Դրոշ էին գցում ոտքերի տակ։ Եկեք դուրս գանք և շարժվենք պաշտոնական տեղեկատվությամբ, սպասենք մյուս պաշտոնական տեղեկություններին (նկատի ունի նաև զոհերի մասին պաշտոնական տեղեկությունները-խմբ․)»։
12:32 - 16 սեպտեմբերի, 2022
Կան ուժեր, ովքեր չեն ուզում, որ Հայաստանը դառնա մրցունակ պետություն․ Նիկոլ Փաշինյան

Կան ուժեր, ովքեր չեն ուզում, որ Հայաստանը դառնա մրցունակ պետություն․ Նիկոլ Փաշինյան

Կա տեսակետ, և կարծում եմ, որ այդ տեսակետը ամենևին էլ անհիմն չէ, որ Ադրբեջանի ագրեսիան ՀՀ-ի դեմ ագրեսիա է նաև հայկական ժողովրդավարության դեմ։ Եվ կարծում եմ այս տեսակետը իրապես ամենևին էլ անհիմն չէ։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյնաը։ «Պիտի արձանագրեմ, որ ի հեճուկս բոլոր արդյունքների՝ ՀՀ-ն շարունակելու է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացները, այդ թվում՝ տնտեսական բարեփոխումներ, և բոլոր ուղղություններով բարեփոխումների գործընթացը։ Մենք պիտի շատ մեծ ուշադրություն դարձնենք ԶՈՒ բարեփոխումներին, որի հետ կապված այս օրերին ձևավորվել է հսկայական օրակարգ, և այդ օրակարգը իրագործման փուլում է, և մենք պետք է հետևողականորեն ու շարունակաբար առաջ մղենք այդ օրակարգը։ Տեղի ունեցողը որևէ կերպ մեզ ամենևին չի նսեմացնում խաղաղության օրակարգի կարևորությունը, ընդհակառակը, ավելի է ընդգծում դա, և մենք հետևողականորեն գնալու ենք այդ ճանապարհով։ Մինչև այս իրավիճակը ծագելը մենք քննարկում էինք առաջիկա տարիների մեր առաջնահերթությունները։ Ըստ էության, ընդգծել ենք երեք առաջնահերթություն, որի ուղղությամբ պետք է կենտրոնանք ու աշխատենք։ Առաջինը՝ խաղաղությունը, երկրորդը կրթությունն է, երրորդը ԶՈՒ բարեփոխումներն են։ Այս երեք առաջնահերթություններն են, որ մեր կարծիքով պիտի ապահովեն մեր երկրի անվտանգությունը և իրական զարգացումը, որը երկարաժամկետ առումով պիտի լուծի ՀՀ-ի հարատևության խնդիրը, և իմ կոչն է, որ մենք, այնուամենայնիվ, ապահովենք համախմբվածություն ՀՀ պետական շահերի շուրջ և ՀՀ պետական շահը պետք է դառնա որոշումների կայացման հիմնական ուղենիշ, և մենք պետք է առաջնորդվենք այս տրամաբանությամբ»,- նշեց Փաշինյանը։  ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով էլ այն մտքի վերաբերյալ, որ սա նաև հարձակում է հայկական ժողովրդավարությանը, կան նաև փաստական տվյալներ։ «Անցած տարի մայիսի 12-ին Ադրբեջանի ներխուժումը ՀՀ սուվերեն տարածք նաև հարձակում է հայկական ժողովրդավարության վրա, որովհետև երկիրը պատրաստվում էր արտահերթ ընտրությունների, ժողովրդավարության ամենակարևոր գործիքներից մեկն էր փորձում գործարկել ներքին կայունություն և ճգնաժամը հաղթահարելու նպատակով»,- ասաց Արմեն Գրիգորյանը։   Վարչապետ Փաշինյանը, լրացնելով ԱԽ քարտուղարի խոսքը նշեց․ «Այն ժամանակ էլ մեր գանահատականը այն էր, որ Խոզնավարի հատվածում տեղի ունեցածը ՀՀ-ի ներքին պրոցեսների վրա ազդեցություն գործելու շատ կոնկրետ նպատակ ուներ, և այս հարձակումը բնականաբար նույնպես այսպիսի համատեքստ ունի։ Իմ գնահատմամբ, նաև Հայաստանի տնտեսական առաջընթացի նկատմամբ հարձակում, այդ թվում 2020թ․-ին տեղի ունեցածը, որովհետև ի հեճուկս կանխատեսումների՝ ընթացիկ տարում ՀՀ-ն տնտեսական աճի բավական բարձր ցուցանիշ ունի, բայց խնդիրը նույնիսկ ընթացիկ ցուցանիշները չեն։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ հրապարակվեց տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսը, որի արդյունքներով ՀՀ-ն տնտեսական ազատության ցուցանիշով աշխարհի 165 երկրների շարքում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, 2018 թ․-ի համեմատությամբ էականորեն բարելավել է դիրքերը»։ 
12:31 - 16 սեպտեմբերի, 2022
ՄԻՊ տվյալներով՝ զոհվել է մեկ, վիրավորվել առնվազն վեց քաղաքացի

ՄԻՊ տվյալներով՝ զոհվել է մեկ, վիրավորվել առնվազն վեց քաղաքացի

 Քաղաքացիական ենթակառուցվածքներից զատ՝ ադրբեջանական ագրեսիայի շրջանակում թիրախավորվել է հենց քաղաքացիկաան բնակչությունը։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ՄԻՊ Քրիտինե Գրիգորյանը։ «Մենք արձանագրել ենք մեկ քաղաքացիական անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից․ նա որևէ զինված ծառայության մեջ ներգրավված չէ։ Առնվազն մեր հաստատության կողմից արձանագրվել է վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձի տվյալ։ Մենք նույնականացրել ենք այդ անձանց, այցելել ենք նաև, այսինքն՝ կան ապացույցներ։ Եվ այս ամենը ներկայացվել է ԱԳՆ-ին»,- նշեց Գրիգորյանը։  Քրիստինե Գրիգորյանի խոսքով՝ բացի շտապօգնության, տրասնպորտային միջոցներից ու անձնակազմից, թիրախորվել են են նաև լրագրողներ․ դրա վերաբերյալ նույնպես կան ապացույցներ։  «Մենք շարունակում են հավաքագրել, նույնականացնել պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվությունները․ դրանք նույնպես ամփոփվում են»,- եզրափակեց Գրիգորյանը։   Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը լրացնելով Քրիստինե Գրիգորյանին, նշեց․ «մարդու իրավունքների խախտումների, պատերազմական հանցագործությունների, քաղաքացիական օբյեկտների վնասման, ու միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի խախտման դեպքերի հետ կապված արդեն իսկ բոլոր պատկան մարմինների հետ ակտիվ աշխատում ենք։ Վերջին երկու օրվա ընթացքում Եվրոպական դատարան արդեն իսկ ներկայացրել ենք մի քանի իրար համալրող դիմումներ միջանկյալ միջոց կիրառելու առումով։ Նաև արդեն ստացել ենք պատասխաններ։ Խոսքը վերաբերում է թե՛ գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը,  ինչպես նաև այս պահի դրությամբ հավաքագրվում է մնացած ավելի լայնամասշտաբ հասցված վնասի հետ կապված ապացույցները, որոնք մեր ընթացիկ տարբեր միջազգային իրավական գործընթացների շրջանակում (մենք ունենք մի քանի միջպետական գործեր Եվրոպական դատարանում, Արդարադատության միջազգային դատարանում վարույթ) ներկայացնելու ենք»։
11:56 - 16 սեպտեմբերի, 2022
Կեչուտի ջրամբարն է երկու արկ ընկել․ ԱԻ նախարարը ներկայացրել է, թե ինչեր են վնասվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով

Կեչուտի ջրամբարն է երկու արկ ընկել․ ԱԻ նախարարը ներկայացրել է, թե ինչեր են վնասվել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարն է երկու արկ ընկել, ճոպանուղին, հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը և մարդկանց անձնական օգտագործման մեքենաներ և այլ գույքեր։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։ «Ունենք էլեկտրամատակարարման գծերի հետ կապված խափանումներ, մասնավորապես Սյունիքի մարզում Սիսիան համայնքի Վաղատին, Որոտանավան, Շամբ, Դարպաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն Դաստակերտ բնակավայրերը սպասարկող էլեկտրամատակարարման գիծը։ Ունենք նաև Շտապ օգնության մեքենաներ, որոնք հրետակոծության հետևանքով վնասվել են կրկին Սյունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները և հեկտարներով ցորենի, գարու արտեր, և Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել ու մասնավոր մեքենաներ»,- ասաց ԱԻ նախարարը։  Շատ կարևոր է փաստագրել այս հանգամանքները իրավական առումով․ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հույս ունենալով, որ այս ուղղությամբ մանրակրկիտ աշխատանք կիրականացվի։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքով ԱԻ նախարարի ներկայացրած տվյալները, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակի  և պետական մյուս գերատեսչությունների տիրապետության տակ եղած տեղեկատվությունը հանգամանալից կերպով և պատշաճ կերպով արդեն իսկ ներկայացվում է միջազգային գործընկերներին, իսկ այն դեպքերում, երբ իրավական խնդիրներ և ռազմական հանցագործության տարրեր կան, մշակվում են և հետագա համապատասխան ընթացք կստանան։
11:38 - 16 սեպտեմբերի, 2022
Առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, և որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան․ Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

Առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, և որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան․ Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

Սա ՄԱԿ-ի ԱԽ-ում արդեն երկրորդ քննարկումն էր։ Երկու օր առաջ տեղի էր ունեցել ևս մեկ քննարկում, փակ ռեժիմում։ Եվ ահա արդեն երկրորդը մեր պնդմամբ արդեն բաց ռեժիմով, որպեսզի ողջ աշխարհի մարդկությունը կարողանան հետևել տարբեր երկրների մշտական ոչ մշտական անդամ երկրների դիրքորոշումներին։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։  «Քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունվել, բայց ուզում եմ ընդգծել, որ սա որևէ կերպ չպետք է նսեմացնի քննարկման կարևորությունը։ Միջազգային հանրությունը շատ հստակ դիրքվորվել է հարցերի շուրջ։ Երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, ՀՀ սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, մինչև ներխուժումը տեղի ունեցած դիրքերի անհրաժեշտությունը, օգտագործվել է ագրեսիա եզրույթը, այսինքն՝ շատ հստակ ընկալում կա, որ սա ներխուժում է ՀՀ տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցավծենր, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր, բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են ԼՂ հակամարտության մասին, և ըստ էության չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, որը նրանք փորձում են շրջանառել մեկ տարի և ավել, որ ԼՂ հիմնախդնիր չկա, ԼՂ չկա, երեկ իր համարժեք ու հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից։ Հարկ է գնահատանքի խոսքեր ասել այն երկրների մասին, ովքեր համարձակորեն դադարել են հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև, բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունեինք մի փոքր ավելի ակնկալիքներ, և թերևս նաև գաղտնիք չի, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այդքան արդարացան։ Թույլ տվեք ավելի չմանրամասնել»,- նշեց Արարատ Միրզոյանը։ 
11:26 - 16 սեպտեմբերի, 2022
Եկել ենք այն եզրակացության, որ այս պահին ռազմական դրության որոշման չպետք է գնանք․ Նիկոլ Փաշինյան

Եկել ենք այն եզրակացության, որ այս պահին ռազմական դրության որոշման չպետք է գնանք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ դիրքորոշումը հստակ է և աներկբա՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից․ խոսքը ոչ միայն վերջին օրերի իրադարձությունների մասին է, այլև նախորդ տարի մայիսին Խոզնավար հատվածում տեղի ունեցած ներխուժման մասին է։ Այս մասին այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Փաշինյանը անդրադարձավ նաև ռազմական դրություն մտցնելու հարցին ու նշեց․ «ԱԽ մակարդակով քննարկել ենք Հայաստանում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտությունը և եկել ենք այն եզրակացության, որ այս պահին նման որոշման չպետք է գնանք։  Մյուս կողմից մենք նաև բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում, ովքեր ասում էին, որ ռազմական դրությանն էինք սպասում, որպեսզի մասնակցենք մեր երկրի ինքնիշխանությանը։ ԱԽ նիստում դա էլ ենք քննարկել և եկել ենք այն եզրակացության, որ մարդիկ, ովքեր ուզում են ներգրավված լինել, այս փուլում նրանք կարող են սովորական ընթացակարգով կամավորության հիմքով դիմել զինվորական կոմիսարիատներ, և այդ խնդիրը կլուծվի, առավել ևս, որ հիմա նախկինում կայացրած որոշումների շրջանակում եռամսյա հավաքների գործընթացը շարունակական է, ուժի մեջ է, և կան բոլոր օրենսդրական հիմքերը որոշումները կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավել ծառայության մեջ։ Շատերը ակնկալում էին, որ ռազմական դրություն պետք է մտցվի և այդ համատեքստում խոսույթ է ձևավորվել, թե ինչ անեն քաղաքացիները։ Ես կարծում եմ, որ առաջինը, մենք որևէ պարագայում չպետք է մոռանանք պետության գործունեության և գործառութային դերը կատարելու անհրաժեշտությունը, և խոսքը վերաբերվում է նաև տնտեսությանը, և սա չափազանց կարևոր է։ Իհարկե, մենք ամեն ինչով պետք է աջակցենք զինված ուժերին։ Կան հայրենակիցներ՝ եղբայրներ և քույրեր, ովքեր իրենց պատքն են համարում անմիջականորեն մասնակցել երկրի անվտանգության ապահովմանը։ Նման քաղաքացիները ցանկացած պահի կարող են դիմել կարող են դիմել համապատասխան կառույցներ, զինկոմիսարիատներ, մեր մյուս քաղաքացիները, պետական պաշտոնյաները, մասնավոր հատվածը պետք է ամենօրյա աշխատանքով ապահովեն երկրի բնականոն գործունեությունը, որովհետև դրանից է կախված մեր զինված ուժերի նյութական ֆինանսական ապահովումը, ինչի մասին մենք ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք»,- նշեց Փաշինյանը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ իր հերթին նշեց․ «բոլոր այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են կամավորության հիմունքով զինվորագրվել և գնալ պատրաստության, անհրաժեշտության դեպքում նրանց կիրառելիությունը ապահովելու համար՝ զինկոմիսարիատները պատրաստ են նրանց ընդունել և տեղորոշել ըստ վայրերի»։ Սուրեն Պապիկյանը անդրադարձավ նաև սահմանային իրավիճակին ու նշեց, որ օպերատիվ իրավիճակը սահմանին գնահատվում է հարաբերական հանգիստ։ Երեկ գիշերվա ընթացքում հրադադարի ռեժիմը պահպանվել է, զինված ուժերը շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրը։
11:09 - 16 սեպտեմբերի, 2022
Մակրոնը ՀՀ վարչապետի հետ զրույցում վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը

Մակրոնը ՀՀ վարչապետի հետ զրույցում վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած սահմանին հարաբերական հանգիստ է՝ իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված: Էմանուել Մակրոնը վերահաստատել է պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանն ու խաղաղությանը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված ՀՀ դիմումի շուրջ քննարկումներին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է տեղի ունեցողի վերաբերյալ միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը:
10:50 - 16 սեպտեմբերի, 2022