Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Իլհամ Ալիեւը սպառնալիքներ է հնչեցրել գրավված Շուշիից

Իլհամ Ալիեւը սպառնալիքներ է հնչեցրել գրավված Շուշիից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ նոյեմբերի 8-ին, իրենց բնորոշմամբ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ ելույթ է ունեցել Արցախի գրավված Շուշիում։ Ալիևը կրկին պնդել է, թե Հայաստանը չի կատարում 2020թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերը, մասնավորապես, «ամբողջությամբ չի դուրս բերել իր զինված ուժերը Ղարաբաղից, չի տրամադրել «Զանգեզուրի միջանցքը» և պարբերաբար ռազմական սադրանքներ է անում»։ «Իհարկե, մենք պետք է պատրաստ լինենք և պատրաստ ենք»,- ասել է Ալիևը։ Ալիևը նշել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և ռուս խաղաղապահները այնտեղ ժամանակավոր են․ «Մենք արդար երկիր ենք, եթե ինչ-որ պարտավորություն ենք ստանձնել, ուրեմն կատարում ենք։ Մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում։ Խաղաղություն, բայց արդար խաղաղություն։ Մեր առաջ քաշած պայմանները արդար են՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի այդ պայմաններով»,- նշել է Ալիևը։ Ալիևը նշել է, թե 2022թ․ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում ու «Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում»։ «Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Այսօր այս ռազմավարական բարձունքներից տեսնում ենք Վանաձոր, Կապան, Գորիս և Ջերմուկ քաղաքները։ Մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը։ Այս ամենը իրականություն է»,- ասել է Աիլևը։ Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև Իրանի՝ այս տարվա հոկտեմբերին Արաքսի շրջակայքում անցկացրած սահմանային զորավարժություններին․ «Մեր բանակը ցուցաբերել է հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և նվիրում։ Հարկ եղած դեպքում, սա եւս մեկ անգամ ցույց կտանք ու կհասնենք մեր ուզածին․ սա գիտեն բոլորը, թող սա իմանան նաեւ նրանք, ովքեր մեր սահմանին զորավարժություններ են անցկացնում ի պաշտպանություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»,- նշել է Ալիևը։
17:29 - 08 նոյեմբերի, 2022
Այն միջազգային պատվիրակությունները, որոնք այսօր այցելում են Շուշի, լեգիտիմացնում են ուժի կիրառումը, ագրեսիան և օկուպացիան. Արցախի ՄԻՊ

Այն միջազգային պատվիրակությունները, որոնք այսօր այցելում են Շուշի, լեգիտիմացնում են ուժի կիրառումը, ագրեսիան և օկուպացիան. Արցախի ՄԻՊ

Այսօրվա օկուպացված և հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք-ադրբեջանական դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի բռնազավթման երկրորդ տարելիցին:   «2020 թվականի աշնանն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից բռնազավթվել են Արցախի Հանրապետության շուրջ 200 բնակավայրեր՝ այդ թվում հայկական մշակույթի կենտրոն Շուշին։ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին բռնակցելու վերաբերյալ 1921 թվականի հուլիսի 5-ի ապօրինի որոշման մեջ որպես ձևավորվելիք հայկական ինքնավարության կենտրոն էր սահմանվում Շուշի քաղաքը։ Սակայն Շուշին Արցախից օտարելու հեռահար նպատակադրությամբ 1923 թ.-ին, երբ Արցախի մի փոքրիկ հատվածում ձևավորվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, կենտրոն դարձավ ոչ թե Շուշին, այլ Ստեփանակերտը։ Շուշին զավթելու, նրա հայկականությունը աղավաղելու և այն ադրբեջանական ներկայացնելու ուղղությամբ Ադրբեջանը գործել է մշտապես։ Քաղաքը յուրացնելու ընթացքում, ինչպես 1900-ականների սկզբին, այնպես էլ 2020 թ-ին թուրք-ադրբեջանական տանդեմի հիմնական գործիքները եղել են էթնիկ զտումն ու ցեղասպանությունը՝ հայ բնակչության ֆիզիկական ոչնչացումը, դեպորտացիան, նրանց ստեղծած հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացումն ու աղավաղումը։ Շուշիի մշակութային ժառանգությունը քաղաքի հայկական պատկանելության ինքնատիպ վկայություն է։ Դա է պատճառը, որ դեռ պատերազմի օրերին երկու անգամ դիտավորյալ թիրախավորվել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հրադադարից հետո շարունակաբար պղծվել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին և Շուշիում գտնվող բազմաթիվ հայկական մշակութային արժեքներ։ Ադրբեջանը շարունակաբար ավերում է քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները, տները, բազմաբնակարան շենքերը։ Այսօրվա օկուպացված և հայաթափված Շուշին Արցախն էթնիկ զտման ենթարկելու թուրք-ադրբեջանական դարավոր և անփոփոխ քաղաքականության իրական օրինակ է։ Տարբեր առիթներով միջազգային պատվիրակություններ տանելով Շուշի՝ Ադրբեջանը փորձում է լեգիտիմացնել իր ագրեսիան։ Բոլոր նրանք, ովքեր այցելում են Շուշի, իրենց քայլով հանցակից են դառնում մարդկանց տեղահանությանը և լեգիտիմացնում ուժի կիրառումը, ագրեսիան և օկուպացիան։ Այսօրվա բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը, այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի Հանրապետության անբաժանելի մասը»,- նշված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:
15:49 - 08 նոյեմբերի, 2022
Արցախի խորհրդարանում քննարկում է տեղի ունեցել գազի սակագնի սուբսիդավորման թեմայով

Արցախի խորհրդարանում քննարկում է տեղի ունեցել գազի սակագնի սուբսիդավորման թեմայով

Նոյեմբերի 7-ին ԱՀ ԱԺ մեծ դահլիճում կազմակերպվել  է քննարկում ՝ գազի սակագնի սուբսիդավորման թեմայով: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից։ Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը հրավիրվել էին ԱՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ: Խորհրդարանի նախանցյալ նիստի ժամանակ, երբ քննարկվել էր էլեկտրաէներգիայի սուբսիդավորման հարցը, խորհրդարանականներն առաջարկել էին սուբսիդավորել նաև գազի սակագինը: Առաջարկի վերաբերյալ ԱՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի կարծիքը բացասական էր: Հիմնավորելով այն՝ նախարարը նախ որոշ տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի մարտը գազի սուբսիդավորման վրա պետությունը ծախսել է 3,5 մլրդ դրամ, այնինչ այդ գումարները կարելի էր ծախսել ենթակառուցվածքների զարգացման վրա: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ով սուբսիդավորման կողմնակից է, շեշտել է ետպատերազմյան շրջանում նման աջակցության կարևորությունը: «Օդ ու ջրի պես անհրաժեշտ է այս սուբսիդավորումը: Պատգամավորների դերակատարությունը նման առաջարկներով հանդես գալն է, կառավարության գործառույթն էլ միջոցներ գտնելն է»,-ասել է նա՝ ընդգծելով ևս մի կարևոր հանգամանք: «Եթե գազը թանկ է նստում, մարդիկ շատ են էլեկտրաէներգիա օգտագործում, արդյո̉ք էներգոհամակարգը դիմակայելու է նման ճնշմանը»,-ասել է նա: Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը ներկայացնելով քննարկման նպատակը՝ ասել է, որ կառավարությանը հակադրվելու մտադրություն չկա: «Ինչքան հնարավոր է բարենպաստ պայմաններ ստեղծել բնակչության համար՝սա է օրակարգում», -ասել է գլխադասային հանձնաժողովի նախագահը: Սակայն, ըստ նրա՝ սխալ է, որ ծրագիրը համահավասար գործի բոլոր խավերի համար: «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այդ ենթատեքստում հիշեցրել է ընտանիքների կարիքների գնահատման ծրագրի բացակայության մասին: «Ժամանակին դրա վերաբերյալ մեր առաջարկը չընդունվեց, հակառակ պարագայում պարզ կլիներ՝ ով  է ծրագրի իրական շահառուն», - ասել է նա՝ հավելելով, որ դա նաև քաղաքական հարց է: Վերջին միտքն իրենց ելույթներում ընդգծել են նաև «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ու «ԱԺԿ» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը: «Թող տպավորություն չստեղծվի, որ պոպուլիզմով ենք զբաղված: Հարցը քաղաքական տիրույթում է, խոսքը պետական քաղաքականության մասին է, մշակենք համատեղ ռազմավարություն ու առաջնորդվենք դրանով»,-ասել է Մելքումյանը: «Միասնական հայրենիք» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը: «Հավասարության նշան է դրվում աղքատների և ունևորների միջև, անընդունելի է նման մոտեցումը: Ծրագիրը պետք է  հասցեական լինի»,-ասել է նա: «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Գրիգորյանը հիշեցրել է, որ կարիքների գնահատման ծրագիրն սկսվել է, սակայն ավարտին չի հասցվել ու սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը նաև այդ նպատակով էր: ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ներկաների ուշադրությունը հրավիրել է  այն հանգամանքի վրա, թե ինչ արձագանք կգտնի չսուբսիդավորումը: Ամփոփելով քննարկումը՝ Վլադիմիր Կասյանն  առաջարկել է կյանքի կոչել գազի սուբսիդավորման ծրագիրը՝ կիրառելով հին մեխանիզմը:
17:26 - 07 նոյեմբերի, 2022
«Սա ապատեղեկատվություն, աշխարհաքաղաքական շանտաժ է, ի՞նչ է, սա ՌԴ-ի՞ դեմ են անում»․ Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու՝ ադրբեջանական լուրերի առիթով |aravot.am|

«Սա ապատեղեկատվություն, աշխարհաքաղաքական շանտաժ է, ի՞նչ է, սա ՌԴ-ի՞ դեմ են անում»․ Դավիթ Բաբայանը՝ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու՝ ադրբեջանական լուրերի առիթով |aravot.am|

aravot.am: «Սա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն»,- Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն այսպես որակեց ադրբեջանական թելեգրամյան ալիքներով տարածվող այն տեղեկատվությունը, թե իբր Լաչինի միջանցքով Արցախ զինտեխնիկա է տեղափոխվում, նրանց բնութագրմամբ, «խաղաղապահ մարդասիրական օգնություն» անվան ներքո։ Դավիթ Բաբայանը փաստեց՝ շատ հեշտ կարելի է դա պարզել, որ դա ապատեղեկատվություն է ու պարզաբանեց․ «Ողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ Եթե նույնիսկ այս վիճակում նրանք այսպիսի քայլերի են դիմում, բնական է, սա շահարկում է, տեղեկատվական ահաբեկչություն, որն իրականության հետ որևէ կապ չունի։ Հետևաբար սա է խնդիրը։ Կարծում եմ՝ սա նաև հարված է ռուս խաղաղապահներին։ Ի՞նչ է նշանակում՝ այսինքն՝ զինտեխնիկա, ահաբեկիչներ։ Նման բաներ են գրում։ Ի՞նչ է, սա Ռուսաստանի՞ դեմ են անում, այն էլ Սոչիի հանդիպումից հետո՞։ Սա նաև աշխարհաքաղաքական առումով  հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, սա ապակայունացման քաղաքականություն է»։ Ըստ Դավիթ Բաբայանի՝ ադրբեջանական կողմը սա հմտորեն է անում, թե տեսեք՝ թելեգրամյան ալիքներ և այլն։ Նա փաստեց՝ մերթընդմերթ դրա մասին պետական գործիչներ էլ են խոսում, ինչի առիթով Դավիթ Բաբայանը կրկնեց՝ ընդհանրապես որևէ հիմք չկա ու շեշտեց․ «Դա ապատեղեկատվություն է։ Կան տեսախցիկներ, որոնք ցույց են տալիս։ Այդ թվում տեսախցիկ կա տեղադրված Շուշիի մոտ՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածում»։ Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ բոլոր այսպիսի հայտարարությունները չեն կարող չնկատվել ռուս խաղաղապահների, այլ մարմինների կողմից։ Նրա բնութագրմամբ՝ սա բացեիբաց շանտաժ, շահարկում և քարոզչություն է։ Հարցին՝ սա նաև ՀՀ-ի և Արցախի ազգային անվտանգության խնդիր չէ՞, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղ շանտաժ և ահաբեկչություն, ուրիշ ոչ մի բան»։
18:37 - 06 նոյեմբերի, 2022
Նոյեմբերի 5-ին թշնամին կրակել է Խրամորթ գյուղի ուղղությամբ.ԱՀ ՄԻՊ

Նոյեմբերի 5-ին թշնամին կրակել է Խրամորթ գյուղի ուղղությամբ.ԱՀ ՄԻՊ

Արցախի ՄԻՊ գրասենյակը հայտնում է. «Այսօր Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված թիրախային կրակոցներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ ատելության և ցեղասպանական քաղաքականության հերթական ապացույցն են։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկությունների համաձայն՝ դեպքն արձանագրվել է նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30 սահմաններում,  Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի վարչական տարածքում գտնվող դաշտում։ Արձակված կրակահերթերի հետևանքով վնասվել է Ստեփանակերտի բնակիչ Կ. Մարտիրոսյանին պատկանող «Բելառուս» մակնիշի տրակտորը, քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Կրակահերթերի հետևանքով ամբողջությամբ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Խաղաղության մասին խոսող և Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության կեղծ խոստումներ տվող ադրբեջանական իշխանությունները և զինված ուժերը շարունակում են վարել Արցախի ժողովրդի ամենատարրական իրավունքների լայնածավալ խախտումների հանգեցնող, ֆիզիական և հոգեբանական անվտանգությունը խաթարող հանցավոր քաղաքականություն։ Բազմիցս ընդգծել ենք, որ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ գտնվող ռազմական հենակետերն ուղիղ սպառնալիք են խաղաղ բնակչության կյանքի և տարրական այլ իրավունքների համար, որի սպառնալից հետևանքներին հրադադարի հաստատումից հետո ականատես ենք եղել բազմիցս։ Ադրբեջանական էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականությունը չի փոխվել և չի փոխվելու։ Այն, ինչ արվում է կեղծ խաղաղասիրության քողի ներքո, միտված է մոլորցնելու միջազգային հանրությանը և թմրեցնելու մեր հասարակության զգոնությունը»։
15:32 - 06 նոյեմբերի, 2022
Արցախի Կարմիր գյուղում ականի պայթյունից մեկ քաղաքացի վիրավորվում է ստացել

Արցախի Կարմիր գյուղում ականի պայթյունից մեկ քաղաքացի վիրավորվում է ստացել

Նոյեմբերի 5-ին ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ականի պայթյունի և քաղաքացիական անձանց շրջանում մեկ հոգու վիրավորվելու մասին։   ԱՀ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքի վայր մեկնած փրկարարական ու շտապ բժշկական օգնության հերթապահ օպերատիվ խմբերը տուժած քաղաքացուն տեղափոխել են հանրապետական բժշկական կենտրոն։  Ժամը16:30-ին, ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանությանը հաղորդել են, որ ձախ ոտնաթաթի ականապայթյունային անդամահատում, ձախ ձեռքի 2-րդ մատի բաց կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 32-ամյա բնակիչ Ս.Ազարյանը (նա աշխատւմ է Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում)։    Բուժհաստատություն մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում Ս. Ազարյանն աշխատանքի բերումով գտնվելով Ասկերանի շրջանի Կարմիր գյուղի վարչական տարածքի «Ղումատեղ» կոչվող տեղանքում, արոտավայրում պայթել է ականի վրա, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:  Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
10:40 - 06 նոյեմբերի, 2022
Քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներն Ադրբեջանի էթնիկ ատելության և ցեղասպան քաղաքականության հերթական ապացույցն են. Գեղամ Ստեփանյան

Քաղաքացիական անձանց ուղղությամբ կրակոցներն Ադրբեջանի էթնիկ ատելության և ցեղասպան քաղաքականության հերթական ապացույցն են. Գեղամ Ստեփանյան

Այսօր Արցախի Խրամորթ գյուղի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ արձակված թիրախային կրակոցներն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ ատելության և ցեղասպանական քաղաքականության հերթական ապացույցն են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:   «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկությունների համաձայն՝ դեպքն արձանագրվել է նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30 սահմաններում, Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքի վարչական տարածքում գտնվող դաշտում։ Արձակված կրակահերթերի հետևանքով վնասվել է Ստեփանակերտի բնակիչ Կ. Մարտիրոսյանին պատկանող «Բելառուս» մակնիշի տրակտորը, քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։ Կրակահերթերի հետևանքով ամբողջությամբ դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները։   Խաղաղության մասին խոսող և Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության կեղծ խոստումներ տվող ադրբեջանական իշխանությունները և զինված ուժերը շարունակում են վարել Արցախի ժողովրդի ամենատարրական իրավունքների լայնածավալ խախտումների հանգեցնող, ֆիզիական և հոգեբանական անվտանգությունը խաթարող հանցավոր քաղաքականություն։   Բազմիցս ընդգծել ենք, որ խաղաղ բնակավայրերի հարևանությամբ գտնվող ռազմական հենակետերն ուղիղ սպառնալիք են խաղաղ բնակչության կյանքի և տարրական այլ իրավունքների համար, որի սպառնալից հետևանքներին հրադադարի հաստատումից հետո ականատես ենք եղել բազմիցս։ Ադրբեջանական էթնիկ զտման և ցեղասպանական քաղաքականությունը չի փոխվել և չի փոխվելու։ Այն, ինչ արվում է կեղծ խաղաղասիրության քողի ներքո, միտված է մոլորցնելու միջազգային հանրությանը և թմրեցնելու մեր հասարակության զգոնությունը», - ասված է ՄԻՊ-ի հայտարարության մեջ։  
19:42 - 05 նոյեմբերի, 2022
«Դիմադրություն» շարժումը, ամփոփելով հանրահավաքը, հանդես եկավ հայտարարությամբ

«Դիմադրություն» շարժումը, ամփոփելով հանրահավաքը, հանդես եկավ հայտարարությամբ

«Դիմադրություն» շարժումը, Ֆրանսիայի հրապարակում ամփոփելով հանրահավաքը, հանդես եկավ հայտարարությամբ, որը ներկայացրեց Արցախի ՊԲ գնդապետ Գուրգեն Մելիքյանը։ Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Մենք ողջունում ենք արցախահայ մեր քույրերի ու եղբայրների պայքարը շարունակելու հավաքական կամքը։ Արցախը չի կարող լինեն Ադրբեջանի կազմում․ այս գաղափարն է ՀՀ Անկախության հռչակագրի հիմքում, և մենք այն պաշտպանելու ենք ամեն գնով։ Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգում է ՀՀ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ՀՀ անկախության հռչակագրում ամրագրված դրույթների կայնքի կոչումը, սպառնում է հայկական Արցախի գոյությանը, արցախահայերի անօտարելի իրավունքների իրացմանը և երկիրը ներքաշում է աշխարհքաղաքական արկածախնդրության, փչացնում մեր հարաբերությունները դաշնակից ու բարեկամ պետությունների հետ, բերում է նոր պատերազմ, կորուստներ, կապիտուլյացիա։ Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետում։ Արտաքին կողմնորոշումների քաղաքականությունը Ղարաբաղյան Հանրապետության կարգավորման հիմքում դնելը վտանգավոր է ու անընդունելի։ Մենք կողմ ենք հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց առանց նախապայմանների, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի, «Զանգեզուրի միջանցքը» պահանջելու թուրք-ադրբեջանական պահանջը չունի որևէ իրավական հիմք։ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները․ վերադարձնի հայ ռազմագերիներին, պահվող այլ անձանց, դուրս բերի իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Թուրքիան չպետք է ՀՀ-ի հետ խոսի վերջնագրերի լեզվով։ Մեր առաջնային խնդիրները պետք է լինեն հանրային համերաշխության ապահովումը, բանակի վերականգնումը, Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը։ Համաձայն ՀՀ Գերագուն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Մենք արձանագրում ենք՝ ներկայումս հայ ժողովրդի թիկունքում բանակցվում են մեզ համար սկզբունքային ու ճակատագրական նշանակություն ունեցող հարցեր։ ՀՀ ներկայիս իշխանությունը, ամբողջությամբ դրժելով իր իսկ նախընտրական խոստումները և կառավարության ծրագիրը, այդ բանակցություններում գնում է ՀՀ ինքնիշխանությունը, Արցախի գոյությունը հարցականի տակ դնող պայմանավորվածությունների։ Այդ պայմանավորվածությունները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին, քանի որ ընթանում են Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և դրա սպառնալիքի պայմաններում։ Մենք հայտարարում ենք, որ ՀՀ Սահմանադրության, ներպետական, օրինական ընթացակարգերի և միջազգային իրավունքի նորմերի խախտումներով Հայաստանի օրվա իշխանությունների գրավոր թե բանավոր հայտարարությունները, խոստումները, համաձայնությունները չունեն որևէ իրավական ուժ, և անխուսափելի իշխանափոխությունից անմիջապես հետո դիտվելու են առոչինչ։ Մեր համոզմամբ Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է հանդես գա նոր բանակցողով։ Կոչ ենք անում ՀՀ և ԱՀ քաղաքացիներին, հայ ժողովրդին չտրվել հիասթափության ու հոռետեսության, պատրաստ լինել պայքարելու հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր երկրի անվտանգ ու բարեկեցիկ ապագայի», - ասվում էր հայտարարության տեքստում։ Գլխավոր լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի
19:05 - 05 նոյեմբերի, 2022
Ադրբեջանցիները կրակել են Խրամորթ գյուղում աշխատանքներ իրականացնող տրակտորիստի ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

Ադրբեջանցիները կրակել են Խրամորթ գյուղում աշխատանքներ իրականացնող տրակտորիստի ուղղությամբ․ Արցախի ՆԳՆ

Ադրբեջանցիները կրակել են Խրամորթ գյուղում աշխատանքներ իրականացնող տրակտորիստի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից։ «Նոյեմբերի 5-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 12:30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կ. Մարտիրոսյանը (ծնված 1969թ.) «Բելառուս» մակնիշի տրակտորով Խրամորթ գյուղի վարչական տարածքում Մ.Առաքելյանին պատկանող «100 հեկտար» կոչվող տարածքում աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից` նրանց ուղությամբ հրաձգային զինատեսակներից կրակ են բացել։   Արձակված կրակոցներից ջարդվել է տրակտորի դիմապակին և ղեկակառավարման սարքերի վահանակը։   Տվյալները փոխանցվել են ռուսական խաղաղապահ զորակազմին», - նշված է հաղորդագրության մեջ։
18:26 - 05 նոյեմբերի, 2022
Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների եւ լուծումների, բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման եւ հայրենազրկման գնով․ Սաղաթելյան

Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների եւ լուծումների, բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման եւ հայրենազրկման գնով․ Սաղաթելյան

Այս հանրահավաքը սովորական հանրահավաք չէ, սա ինչ-որ մեկի դեմ, կամ ինչ-որ մեկի օգտին հանրահավաք չէ, այս հանրահավաքն ունի ավելի մեծ առաքելություն, ավելի կարեւոր բովանդակություն․ սա համահայկական միասնականությունը վերականգնելու հանրահավաք է, միասնականություն՝ մեր ներսում, միասնականություն եւ համերաշխություն՝ Արցախին, սփյուռքին։ Այս մասին Ազատության հրապարակում հաջակցություն Արցախի հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Նախորդ կիրրակի մենք լսեցինք Արցախի հստակ ձայնը․ Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու Ադրբեջանի կազմում։ Արցախահայությունը, Արցախի խորհրդարանը, պետական կառավարման համակարգը հստակ եւ աներկբա հայտարարեց, որ որեւէ իշխանություն իրավունք չունի ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը»,- հայտարարեց Սաղաթելյանը՝ շարունակելով․ «Մենք պետք է վերականգնենք մեր ազգային համերաշխությունը, մեր միասնականությունը՝ Արցախի ինքնիշխանության, Հայաստանի տարածքային ամբողջականության, հայ ժողովրդի գոյատեւելու, զարգանալու, չհանձնվելու գաղափարի շուրջ»։ Ըստ Սաղաթելյանի՝ ապագայի հզոր հայկական պետություն ունենալու առաջին քայլը «կապիտուլյացիայի կանխումն է, իսկ կապիտուլյացիան բացառելու առաջին քայլը բոլոր ուժերի համախմբումն է՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումով»․ «Այս հանրահավքի յուրաքանչյուր մասնակից պետք է իմանա, որ ինքը մասնակից է դառնում եռամիասնության եւ համազգային համերաշխության վերականգնման մեկնարկին»,- շեշտեց Սաղաթելյանը։  «Մենք խոսում ենք թշնամու հետ սահմանազատման մասին, բայց մինչեւ այդ պետք է կատարենք ամենակարեւոր սահմանազատումը մեր ներսում․ լինել Նիկոլի հե՞տ, թե՞ հայրենիքի․ իշխանության մեջ քաղաքական, հայեցողական պաշտոններ զբաղեցնող յուրաքանչյուր անձ այդ հարցը պետք է ինքն իրեն տա․ ինքը Նիկոլի՞ հետ է, թե՞ հայրենիքի, սրանից բացի ուրիշ ոչ մի բաժանում մեզ պետք չէ։ Այսօրվանից այս հարցը հնչելու է անդադար, հնչելու է հասցեական, այս բախտորոշ ընտրության առջեւ կանգնած են բոլորը․ կամ Նիկոլի հետ եք, կամ հայրենիքի»։ Սաղաթելյանը հարց հնչեցրեց․ «Արդյոք մեկ մարդը, ով մեր գլխին բերել է պատերազմ, կորուստներ, զոհեր, իրավունք ունի որոշել մեր բոլորի ճակատագիրը․ միանշանակ ո՛չ։ Այդ մեկ հոգին չի կարող որոշել մեր ժողովրդի ճակատագիրը, հայ ժողովրդի ճակատագիրը որոշելու ենք մենք, այս հրապարակի յուրաքանչյուր անձ։ Այս հանրահավաքով մենք ասում ենք՝ Հայաստանը ողջունում է միջնորդների ջանքերը՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Հայաստանը պատրաստ է քննարկելու բոլոր բարդ հարցերը, Հայաստանը պատրաստ է բարդ ու բովանդակային բանակցությունների եւ լուծումների, բայց դա չի կարող լինել ազգային նվաստացման եւ հայրենազրկման գնով, չի կարող ստորագրվել եւ վավերացվել որեւէ փաստաթուղթ, որը կսահմանափակի Արցախի ինքնորոշման իրավունքը, նման փաստաթուղթը պատռվելու է մեր ժողովրդի կողմից եւ իշխանափոխությունից հետո հայտարարվելու է առ ոչինչ»,- հայտարարեց Սաղաթելյանը։ Նա նշեց, որ «միջազգային հանրությունը պետք է լավ հասկանա, որ Նիկոլը Հայաստան չէ, Նիկոլը հայ ժողովուրդը չէ, Նիկոլը հայ ժողովրդի հավաքական կամքն արտահայտողը չէ, եւ դա, սիրելի ժողովուրդ, մենք պետք է արձանագրենք ամեն օր եւ ամեն ժամ»։ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո մասնակիցները հաջակցություն Արցախի միասնության եւ համերաշխության երթով շարժվեցին դեպի Կառավարության շենք, որտեղ, ինչպես հայտարարվեց, պետք է ակցիա անեն, ապա վերադառնան Ազատության հրապարակ՝ ամփոփելու հանրահավաքը։ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ կարեւոր հայտարարություն պետք է ընդունեն։
18:11 - 05 նոյեմբերի, 2022
Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձեւաչափը պետք է լինի Երեւան-Մոսկվա-Բաքու եռանկյունում․ Անդրանիկ Թեւանյան

Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձեւաչափը պետք է լինի Երեւան-Մոսկվա-Բաքու եռանկյունում․ Անդրանիկ Թեւանյան

Իմ անձնական պարտությունը կհամարեմ այն, եթե չկարողանանք էս վիճակից դուրս գալ։ Եթե մենք իրավիճակը չենք փոխում, անձամբ ես ինձ ոչ խորհրդարանում, ոչ էլ քաղաքական դաշտում այլեւս չեմ տեսնում։ Բայց ես համոզված եմ, որ մեր բոլորի միասնական ջանքերով պայքարելու ենք մինչեւ հաղթական ավարտ, երդվում եմ։ Այս մասին Ազատության հրապարակում հաջակցություն Արցախի հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։Նրա խոսքով՝ պետք է սխալներից հետեւություններ անել ու վերաիմաստավորել անցած ճանապարհը։ Նրա համոզմամբ՝ սխալվելն ամոթ չէ, բայց սխալները կրկնելն աններելի է, հետեւաբար պետք է արմատապես վերանայեն իրենց պայքարի մարտավարությունը, փոխեն գործիքակազմը, ընդլայնեն ձեւաչափը կամ նոր ձեւաչափ առաջարկեն․ «Ես գիտեմ, որ հիմա շատերի մոտ հուսահատություն է, հիասթափություն, իշխանություններն էլ անընդհատ հոռետեսություն են տարածում, ընկճվածություն, որ իբր մենք մենակ ենք, Հայաստանին ոչ մեկը չի օգնում, չկան դաշնակիցներ․ դա այդպես չէ, հավաստիացնում եմ, ես շփվել եմ մեր բարեկամ երկրների ազդեցիկ շրջանակների հետ, իրենք հավաստիացնում են, որ այս իշխանության պատճառով է նաեւ իրենց կեցվածքը, եւ եթե Հայաստանում փոփոխություն լինի, իրենք ամբողջությամբ եւ մեր պատկերացումներով կանգնելու են հայ ժողովրդի կողքին»,- ասաց Թեւանյանը՝ նշելով, թե «այսօրվա հանրահավաքը շատ խորհրդանշական է․ այն էստաֆետը վերցնում է 88-ի շարժումից, Արցախում SOS հնչեցրած մեծ հավաքից եւ իր հերթին էստաֆետը փոխանցում նոր փուլի»․ «Սա Հայաստանի գոյության կռիվ է այլեւս, եւ էդ կռիվը մենք ձեր հետ միասին պիտի տանք մինչեւ հաղթական ավարտ»,- նշեց պատգամավորը։Թեւանյանը ներկայացրեց տասը թեզ՝ Հայաստանի ու Արցախի ապագայի եւ իրենց անելիքների մասին․ «1.  Պետք է փոխվի Հայաստանի անունից բանակցողը։ Եթե այդ փոփոխությունը չի լինում, աշխարհը համարում է, որ հայ ժողովուրդը համակերպվել է այս վիճակի հետ, թուրք-ադրբեջանական պահանջների ու նախապայմանների հետ, ու պատրաստ է այդ ամենի տակ ստորագրել։ Բանակցողին փոխելով՝ աշխարհին մեսիջ ենք հղում, որ համաձայն չենք այդ վիճակի հետ։ Պարտության դեմքը պետք է փոխվի եւ վերջ։ 2. Բանակցողի փոփոխությունն անհրաժեշտ է, բայց միակ բավարար պայմանը չէ։ Չի կարելի թույլ տալ, որ Նիկոլին փոխարինի էլ ավելի Նիկոլ, կամ նրան փոխարինի մի տղայական, քյալլագյոզական մեկը, որը կասի, որ ես մեկ-երկու օրում ծովից ծով եմ բերելու, մեկ երկու օրից կստանանք պատերազմ ու պարտություն։ Բայց մեզ կայունություն ու խաղաղություն է պետք, որ մեջքներս շտկենք։ 3. Չի կարելի հայ-ադրբեջանական բանակցային ձեւաչափը եւ արցախի հարցը դարձնել աշխարհաքաղաքական մրցակցության կռվախնձոր, դա միջազգային արկածախնդրություն է, ու միայն կորուստներ է բերում մեզ։ 4․ Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձեւաչափը պետք է լինի Երեւան-Մոսկվա-Բաքու եռանկյունում։ Աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունից շահում է միայն ադրբեջանը, ինչի չի կարելի թույլ տալ։ 5․ Հայաստանը պետք է ժամանակ ու շունչ քաշելու հնարավորություն ստանա, մենք պետք է բանակցենք, ամեն մի ձեւակերպման համար կռիվ տանք, իսկ թիկունքում զարգացնենք տնտեսությունը, վերականգնենք բանակը, վերցնենք ներհասարակական թշնամության մթնոլորտը։ 6․ Խաղաղության ու լարվածության թուլացման համար պետք է բացվեն կոմունիկացիաները՝ բացառելով միջանցքային տրամաբանությունը, սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի սովետական քարտեզներով, ՌԴ միջնորդությամբ, այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիների իրավունքները, մեր երկրի տարածքային ամբողջականությունը։ 7. Արցախահայության աջակցության մասշտաբային ծրագրեր պետք է իրականցվեն, որպեսզի Արցախը չհայաթափվի։ Առանց Արցախի՝ Հայաստանի գոյությունը հարցականի տակ է հայտնվելու։ 8․ Նոր բանակցողի պարագայում ներքին կյանքում պետք է բացառվի հին բարքերի կրկնությունը կամ այսօրվա այլասերված բարքերի վերարտադրոթյունը։ 9. Մեզ պետք է ոչ միայն ուժեղ ու անվտանգ, այլ նաեւ արդար Հայաստան, որտեղ իրենց լիարժեք տեր կզգան բոլոր քաղաքացիները։ Սոցիալական բեռի տակ կքած ու արդարության կարոտ մարդն իրեն չի կարող պետության լիարժեք քաղաքացի զգալ։ 10. Իշխանափոխության համար անհրաժեշտ է հասարակական, քաղաքական լայն համախմբում, պայքարի ընդլայնված կամ նոր ձեւաչափ, նոր որակի Հայաստանի հայեցակարգ, պրոֆեսիոնալ կադրեր, դաշնակիցների ու աշխարհի համար ընկալելի ու վստահելի քաղաքական կոդեր, կամք, վճռականություն, առաջնորդություն»։Ամփոփելով ելույթը՝ Թեւանյանն ասաց, որ այս թեզերը կյանքի կոչելու համար մենք պետք է ըստ անհրաժեշոտթյան օգտագործեն խորհրդարանական եւ արտախորհրդարանական բոլոր գործիքակազմերը՝ առաջնորդվելով բացառապես իրենց օրակարգով։
17:17 - 05 նոյեմբերի, 2022