Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Հուսով եմ՝ 2020թ.-ի ԵՄ աջակցության չափը կլինի ավելին, քան 2019թ.-ին էր. Մհեր Գրիգորյան |aysor.am|

Հուսով եմ՝ 2020թ.-ի ԵՄ աջակցության չափը կլինի ավելին, քան 2019թ.-ին էր. Մհեր Գրիգորյան |aysor.am|

aysor.am: ՀՀ-ԵՄ հարաբերությունների դրական զարգացման մասին է վկայում երկկողմ ձևաչափով տրամադրվող աջակցության ծավալների ավելացումը, խորհրդարանում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը: Նա նկատեց՝ 2019 թվականին գործողությունների ծրագրով նախատեսվող աջակցության չափը նախորդ տարիների համեմատ ավելացել է՝ կազմելով 65 մլն եվրո: Գրիգորյանը հույս հայտնեց, որ այս տարի աջակցության ծավալը կավելանա:  «2020 թվականի աջակցության ուղղություններն արդեն իսկ նախատեսվել և հստակեցվել են, հուսով եմ՝ աջակցության չափը կլինի ավելին, քան 2019թ.-ին էր», - ասաց Գրիգորյանը: Նա նկատեց՝ 2020 թվականի ծրագրով աջակցություն է նախատեսված արդարադատության և ոստիկանության ոլորտների ռազմավարական բարեփոխումների ուղղությունների համար, որոնք ընդգրկված են կառավարության գերակայությունների ցանկում: «Համաձայանգիրը մեզ համար հանդիսանում է բարեփոխումների օրակարգ, և դրա կիրարկումը կառավարության առաջանահերթություններից է», - ավելացրեց փոխվարչապետը:
12:50 - 26 փետրվարի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ գործակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ գործակցությունը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ փետրվարի 25–ին, ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային փոխնախագահ Ջորջինա Բեյքերի գլխավորած պատվիրակությանը: Փոխվարչապետը   բարձր է գնահատել  և կարևորել ՄՖԿ-ի հետ համագործակցությունն ու կազմակերպության դերը Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հարցում:  Միջազգային ֆինանսական կորպորացիան, ըստ Մհեր Գրիգորյանի, սերմանում է մշակույթ, որը համահունչ է կառավարության մշակած ոլորտային ռազմավարություններին:   Գրիգորյանը նշել է, որ ՄՖԿ-ի հետ գործակցությունը բարձրացնում է բիզնեսների թափանցիկությունն ու թույլ է տալիս նրանց ճիշտ մշակել իրենց գործունեության հիմնական սկզբունքները: Ջորջինա Բեյքերը նշել է, որ սա որպես ՄՖԿ տարածաշրջանային փոխնախագահի՝ իր առաջին այցն է Հայաստան, որի շրջանակում ինքն անձամբ ծանոթանում է Հայաստանի տնտեսության ներկա վիճակին՝ հասկանալու համար կառավարության նախանշած բարեփոխումներին ՄՖԿ-ի կողմից հնարավոր մասնակցության ձևաչափերը:  Տիկին Բեյքերը շնորհավորել է ՀՀ կառավարությանը երկրի էական տնտեսական աճի կապակցությամբ և գոհունակությամբ խոսել մասնավորապես տուրիզմի ոլորտում ձեռքբերումների մասին: Հյուրի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ կան ՄՖԿ-ի հետ համագործակցության լայն հնարավորություններ: Մհեր Գրիգորյանն առանձնացրել է կապիտալի շուկայի զարգացումը, մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը, այլընտրանքային էներգետիկան, պետություն-մասնավոր համագործակցությունը, ՓՄՁ զարգացումը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Զրուցակիցները երկուստեք հաստատել են հայկական ստարտափների զարգացման մեծ ներուժի առկայությունը, ինչպես նաև անդրադարձել տարբեր ոլորտներում հնարավոր ՊՄԳ ծրագրերի իրականացմանը և դրանցում ՄՖԿ մասնակցության հեռանկարին:      
20:32 - 25 փետրվարի, 2020
Փաշինյանը հրապարակել է իրեն հասցեագրված նամակը և կարգադրել ծառայողական քննություն սկսել

Փաշինյանը հրապարակել է իրեն հասցեագրված նամակը և կարգադրել ծառայողական քննություն սկսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի քաղաքացու՝ իրեն հասցեագրված նամակը: Վարչապետը նամակը վերահասցեագրել է մի շարք պաշտոնյաների: Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Այսօր առավոտյան ստորև ներկայացվող նամակն եմ ստացել Մարիա Ղանաղունյանից: Նամակը կարդալուց հետո նախ զանգել եմ հեղինակին՝ շնորհակալություն հայտնել այս նամակը գրելու համար, այն իմ ֆեյսբուքյան էջում հրապարակելու թույլտվություն եմ ստացել, ապա նամակը հասցեագրել եմ մի շարք պաշտոնյաների հետևյալ գրությամբ. Պարոնայք, խնդրում եմ կարդացեք այս նամակը՝ հասկանալու համար, թե ինչ խայտառակ բաներ են կատարվում մեր երկրում: 1. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին. նամակից արագ դուրս բերել ընթացակարգային այն խնդիրները, որոնք նորմատիվային կարգավորման կարիք ունեն և սկսել կարգավորման գործընթացը: 2. Ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանին. սկսել ծառայողական քննություն Անձնագրային և վիզաների վարչության խայտառակ վատ աշխատանքի նկարագրված դեպքերի առիթով. պատժել բոլոր մեղավորներին՝ առնվազն աշխատանքից ազատման ձևով: Կապվել նամակի հեղինակի հետ, վերցնել մանրամասն բացատրություններ Անձնագրային և վիզաների վարչությունում ունեցած դժվարությունների վերաբերյալ, կատարել վատ աշխատողների ճանաչումներ և վատ աշխատողներին ազատել աշխատանքից: 3. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին. նշանակել ծառայողական քննություն ՔԿԱԳ հիշատակված բաժնի գործունեության կապակցությամբ և թերացած աշխատակիցներին ազատել աշխատանքից: 4. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին. հայրենադարձների շրջանում իրականացնել զրույցներ, հարցումներ նրանց ունեցած դժվարությունների, խնդիրների վերաբերյալ, կազմել համապատասխան օրակարգ և այդ օրակարգը փոխանցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որը պիտի ղեկավարի այդ հարցերը լուծելու գործընթացը: 5. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին. հետևել սույն հանձնարարականի կատարման ընթացքին: Սիրելի հայրենակիցներ, ստորև ներկայացնում եմ Մարիա Ղանաղունյանի նամակն ամբողջությամբ: Հարգելի պարոն Նիկոլ Փաշինյան, պարոն Զարեհ Սինանյան Իմ անունն է Մարիա Ղանաղունյան: Ես վերջերս եմ հայրենադարձվել Կանադայից: Ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել հայրենադարձության իմ փորձով: 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո մենք չափազանց ոգևորվեցինք: Ի վերջո, որոշում կայացվեց վերադառնալ հայրենիք: Ես ծնվել եմ Երևանում, Հայաստանում և հեռացել եմ 1999-ին: Ամուսինս սփյուռքահայ է, որը մանուկ հասակից ապրել է Կանադայում: Մենք ունենք երկու դուստր, որոնք ծնվել և մեծացել են Կանադայի Տորոնտո քաղաքում: Մեծ դուստրս 2019 թվականին ավարտեց Տորոնտոյի ավագ դպրոցը և ընդունվեց Հայաստանի ամերիկյան համալսարան: Մենք տեղափոխվեցինք 2019-ի ամռանը, և աղջիկս սկսեց իր առաջին տարին ՀԱՀ-ում: Մենք չափազանց հպարտ ենք, որ մեր դուստրը բարձրագույն կրթությունն ստանալու է Հայաստանում: Մենք Կանադայի քաղաքացի ենք և ժամանակն էր, որ դիմեինք ՀՀ քաղաքացիություն և անձնագիր ստանալու համար: Ես Հայաստանից հեռացա 1999-ին. Հայաստանն այն ժամանակ չուներ երկքաղաքացիություն, ուստի ինքնաբերաբար կորցրի Հայաստանի քաղաքացիությունն ու գրանցումը: Եկել էր ժամանակը՝ վերադարձնելու Հայաստանի քաղաքացիությունը: Իմ փորձությունն սկսվեց ոստիկանության Անձնագրային ու վիզաների վարչությունում: Խնդիրն այն էր, որ երեխաներ ունենալուց հետո վերցրել եմ ամուսնուս ազգանունը: Անձնագրային ու վիզաների վարչության ներկայացուցիչներն ինձ ասացին, որ քանի որ նրանք չեն կարող հաստատել, որ ծնվել եմ Հայաստանում, չեն կարող ինձ օգնել, քանի դեռ Կանադայից չեմ բերել համապատասխան տեղեկանք առ այն, որ ազգանունս ապոստիլով փոխել եմ 20 տարի առաջ: Կանադայում ապոստիլ չի կիրառվում, և նման փաստաթղթեր չեն տրվում: Մի քանի շաբաթ դեգերեցի Անձնագրային ու վիզաների վարչության աշխատասենյակներում: Նրանք ինձ առաջարկեցին գնալ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության այն բաժանմունքը, որտեղ մենք գրանցել էինք մեր ամուսնությունը. միգուցե նրանք կարողանային օգնել: Գնացի Սարյան փողոց՝ գլխավոր փոստային բաժանմունքի հարևանությամբ գործող ՔԿԱԳ: Այնտեղ գտնվող կինը, որն առնվազն վերջին 20 տարին զբաղեցնում էր այդ պաշտոնը, շատ վատ վերաբերվեց ինձ հետ: Նա ուզեց այդ նույն տեղեկանքը Կանադայից: Երբ ասացի, որ Կանադան նման տեղեկանքներ չի տալիս, նա ասաց՝ ոչինչ չգիտեմ, և որ ԱՄՆ-ում նման փաստաթղթեր տալիս են: Նրան բացատրեցի, որ Կանադան ուրիշ երկիր է և ունի այլ օրենքներ: Նա ասաց, որ ինքը չի կարող ինձ օգնել, և որ պետք չէր վերադառնալ Հայաստան, և որ ես լավ կանեի կրկին վերադառնայի այնտեղ, որտեղից եկել էի: Արդեն 4 ամիս ապարդյուն փորձում էի հասկանալ, թե ուր կարող էի գնալ, և ով կարող էր օգնել ինձ: Օվիրում ինձ ասացին, որ, ցավոք, չեն կարող օգնել՝ առանց համապատասխան տեղեկանքի Կանադայից կամ ՔԿԱԳ-ից: Դա փակուղի էր: Հուսահատության մեջ ես վազում էի Անձնագրային ու վիզաների վարչության մի սենյակից մյուսը՝ հարցնելով, թե ուր գնալ և ով կարող է օգնել: Իմ ժամանելուց 5 ամիս անց Անձնագրային ու վիզաների վարչությունում մեկն ինձ առաջարկեց գնալ 4-րդ հարկ և զրուցել այնտեղ գտնվող իրավաբանների հետ: Առաջին անգամն էր, որ այնտեղ ինչ-որ մեկը նշում էր, որ իրենք իրավաբաններ ունեն և գուցե կարող են օգնել ինձ: Ի զարմանս ինձ՝ նրանք շատ բարի և օգտակար գտնվեցին: Նրանք ինձ առաջարկեցին գնալ արդարադատության նախարարություն: Նախարարությունում կարողացան մեկ ամսվա ընթացքում փոխել ազգանունս իմ ամուսնության վկայագրում: Ինձնից 5 ամիս պահանջվեց, որպեսզի գտնեմ մի հաստատություն, որտեղ կարողացան օգնել ինձ: 5 ամիս շարունակ վազում էի Անձնագրային ու վիզաների վարչությունում, և գեթ մեկ անձ ինձ չասաց, որ պետք է գնամ նախարարություն: Դա ինձնից խլեց հսկայական ժամանակ և ռեսուրսներ: Այն հաստատությունը, որն ինձ պետք է օգներ և խորհրդատվություն տրամադրեր, չարեց ոչ մեկը, ոչ էլ մյուսը: Երկար և անկարգ հերթերն ու որոշ աշխատակիցների հեգնանքը հուսահատեցնող և հոգնեցուցիչ էին: Անձնագրային ու վիզաների վարչության աշխատակիցներից մեկը նույնիսկ այնքան հեռու գնաց, որ ասաց, թե ինչո՞ւ ես Կանադայից եկել Հայաստան. Փաշինյանը խաբեց բոլորիս: Նման վերաբերմունքն ու հայտարարությունները բացարձակապես անընդունելի են: Այն փաստը, որ աղջիկս Ամերիկյան համալսարանում էր, ինձ հետ պահեց Կանադա վերադառնալուց: Հայաստան գալուց 5 ամիս անց իմ փաստաթղթերը պատրաստ էին, և ես կարող էի դիմել անձնագրի համար: Այն քիչ բանը, որ գիտեմ՝ այն է, որ ոչ ոք չի կարող անձնագիր ստանալ, եթե Հայաստանում գրանցում չունի: Ես և իմ աղջիկը դեռ տուն չունենք, խնդրել էի իմ վարձակալած տան տիրոջը` թույլ տալ գրանցվել իր տանը, որպեսզի անձնագիր ստանամ: Նա, սակայն, մերժել է: Այսպիսով` հարցս սա է՝ ինչպե՞ս կարող է մի մարդ ստանալ անձնագիր, եթե տուն չունի դեռ, և տեղացիները շատ են վախենում անծանոթներին գրանցել իրենց տներում, նույնիսկ եթե դա նրանց՝ իրենց տան նկատմամբ որևէ իրավունք չի տա: Եթե մեկը չունի գրանցում, ապա չի կարող ստանալ սոցիալական նույնականացման քարտ: Իսկ եթե դու չունես սոցիալական նույնականացման քարտ, չես կարող գնել տուն, չես կարող գնել ավտոմեքենա, չես կարող աշխատել և չես կարող բանկային հաշվեհամար բացել: Դու հիմնականում չես կարող անձնագիր ստանալ՝ առանց գրանցման և չես կարող սոցիալական նույնականացման քարտ ստանալ առանց անձնագրի: Սա փակուղի է, համակարգը ձախողվել է: Հին բյուրոկրատական օրենքներում հսկայական բացեր կան, որոնք գրվել են, ինչպես ինձ են ասել, 1960-ականներին: Գալու և Հայաստանում իմ հմտությունների, փորձի և գիտելիքների իրագործման վրա կենտրոնանալու փոխարեն, ես ձախողվել եմ համակարգում, որտեղ մարդիկ պարզապես չէին ուզում օգնել ինձ կամ պարզապես չգիտեն, թե ինչպես օգնել: Պետական հաստատությունների շատ աշխատողներ բացարձակապես պատրաստված չեն օգնելու և լուծելու խնդիրներ: Նրանք ընդհանրապես արդյունավետ չեն: Նրանցից շատերը չեն խոսում անգլերեն և Անձնագրային ու վիզաների վարչության երկար հերթում գտնվելու ընթացքում ես ստիպված էի թարգմանել (մի քանի անգամ) ուրիշ սփյուռքահայերի համար, որոնց արևելահայերենը այդքան էլ լավը չէր: Պատշաճ հաղորդակցություն չկա: Ներկա օրենքները և համակարգը օգտակար կամ արդյունավետ չեն: Նրանք, ովքեր պատասխանատու են օգնելու այն մարդկանց, ինչպիսին, օրինակ, մենք ենք, բացարձակապես օգտակար չեն: Անհրաժեշտ արձանագրությունները (համաձայնությունները), վարքագծի կանոնները և պարզապես ընթացակարգը իմանալը մեր փոխադարձ հաջողությունների կարևոր մասն են Հայաստանում: Կառավարության մարմինները պետք է համոզված լինեն, որ անձնակազմը, որը պատասխանատու է հայրենադարձության սահուն անցման համար, լիովին պատրաստված է դրան: Ինքս անցնելով կոտրված համակարգի միջով, կարող եմ օգնել պարզել, նույնականացնել այդ աղբյուրները: Միայն կառուցողական երկխոսության, մտքերի փոխանակման, լսելու և փոխըմբռնման ու հարգանքի միջոցով մենք կարող ենք հաջողության հասնել: Ես գրում եմ Ձեզ՝ հույս ունենալով, որ Դուք կլսեք, կհասկանաք և կգնահատեք այն դժվար մարտահրավերները, որոնց ես բախվել եմ, և կիրականացնեք անհրաժեշտ փոփոխությունները` ավելի հեշտ դարձնելով իմ նման մարդկանց համար, ովքեր կայացրել են անհավատալիորեն դժվար որոշում՝ թողնելու իրենց արդեն կայացած և հարմարավետ կյանքը՝ սկսելու նոր կյանք մեր հայրենիքում: Ես սիրում եմ իմ երկիրը և հավատում եմ նրա ներուժին: Ես հավատում եմ կառուցողական երկխոսությանը և աշխատանքի ուժին: Հայաստանը մեր նման մարդկանց կարիքն ունի, և մենք Հայաստանի կարիքն ունենք: Միայն միասին աշխատելով մենք կարող ենք հաջողության հասնել և օգնել Հայաստանին բարգավաճել: Ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր պատրաստ են հայրենադարձվել Հայաստան, վստահ լինեն, որ Հայաստանը պատրաստ է նրանց համար: Մեզնից շատերը հայտնի մարդիկ չեն: Մենք խելացի և կրթված մարդիկ ենք, որոնք հաջողության են հասել որևէ տեղ և հիմա ուզում են նույնն անել իրենց հայրենիքում: Դժբախտաբար, իմ դեպքում Հայաստանը պատրաստ չէր ինձ համար, և ես զգացի կոտրված համակարգի ամբողջ ուժը: Ես ցանկանում եմ, որ հայրենադարձությունը լինի հեշտ, հասկանալի և պարզ՝բոլոր ներգրավված կողմերի համար: Կան դժվարին հանգամանքներ, և դեպքերը տարբեր են, սակայն պարզ է մեկ բան, որ համակարգում կան հսկայական բացեր, որոնք կանխում են նոր վերադարձողների կենտրոնացումը այն բանի վրա, թե ինչն է իրականում կարևոր և ինչու են նրանք առաջին հերթին այստեղ: Ինչպես արդեն նշել եմ, ես հավատում եմ Հայաստանի ներուժին և պատրաստ եմ մնալ, աշխատել և ներդրում ունենալ: Իմ երազանքն է, որ երբ Սփյուռքից մարդիկ հարցնեն ինձ, թե արդյոք արժե՞ր, իմ պատասխանը լինի՝ Այո, Հայաստանը պատրաստ է»:
15:32 - 25 փետրվարի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային փոխնախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային փոխնախագահ Ջորջինա Բեյքերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը նշել է, որ բարձր է գնահատում և կարևորում է ՄՖԿ-ի հետ համագործակցությունն ու կազմակերպության դերը Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հարցում: Միջազգային ֆինանսական կորպորացիան, ըստ փոխվարչապետի, սերմանում է մշակույթ, որը համահունչ է Կառավարության մշակած ոլորտային ռազմավարություններին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համագործակցությունը բարձրացնում է բիզնեսների թափանցիկությունն ու թույլ է տալիս նրանց ճիշտ մշակել իրենց գործունեության հիմնական սկզբունքները: Ջորջինա Բեյքերը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և նշել, որ սա որպես ՄՖԿ տարածաշրջանային փոխնախագահ իր առաջին այցն է Հայաստան, որի շրջանակներում ինքն անձամբ ծանոթանում է Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակին՝ հասկանալու համար Կառավարության նախանշած բարեփոխումներին ՄՖԿ կողմից հնարավոր մասնակցության ձևաչափերը: Տիկին Բեյքերը շնորհավորել է ՀՀ կառավարությանը երկրի էական տնտեսական աճի կապակցությամբ և գոհունակությամբ խոսել մասնավորապես տուրիզմի ոլորտում ձեռքբերումների մասին: Հյուրի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ կան ՄՖԿ-ի հետ համագործակցության լայն հնարավորություններ: Մհեր Գրիգորյանն առանձնացրել է կապիտալի շուկայի զարգացումը, մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը, այլընտրանքային էներգետիկան, պետություն-մասնավոր համագործակցությունը, ՓՄՁ զարգացումը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Զրուցակիցները երկուստեք հաստատել են հայկական ստարտափների զարգացման մեծ ներուժի առկայությունը, ինչպես նաև անդրադարձել տարբեր ոլորտներում հնարավոր ՊՄԳ ծրագրերի իրականացմանը և դրանցում ՄՖԿ մասնակցության հեռանկարին: 
14:04 - 25 փետրվարի, 2020
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ճանապարհային քարտեզով 2020

Մհեր Գրիգորյանի նախագահությամբ միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ճանապարհային քարտեզով 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցը զեկուցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, ով ներկայացրել 2019 թվականի դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի արդյունքները և առանձին հարցերի վերաբերյալ երկու կողմերի դիրքորոշումներն ու առաջարկությունները: Այնուհետև շրջակա միջավայրի նախարարի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալները զեկուցել են ՀԸԳՀ-ի կիրարկման ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված աշխատանքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել շրջակա միջավայրին, կլիմային և տրանսպորտին վերաբերող դրույթներին: Փոխվարչապետը, ամփոփելով նիստը, շնորհակալություն է հայտնել պատգամավորներին հանձնաժողովին նիստերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար և հանձնարարել է բոլոր շահագրգիռ մարմիններին համագործակցելով առաջ շարժվել ճանապարհային քարտեզում նշված միջոցառումների իրականացման գործընթացում՝ դրանց համընդգրկուն բնույթ հաղորդելու և պատշաճ ժամանակին կիրարկելու նպատակով: 
09:58 - 25 փետրվարի, 2020
Կառավարությունը հավանություն տվեց 3 միջազգային համաձայնագրերի. ընդհանուր գումարը կազմում է 65 մլն եվրո |armtimes.com|

Կառավարությունը հավանություն տվեց 3 միջազգային համաձայնագրերի. ընդհանուր գումարը կազմում է 65 մլն եվրո |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց միանգամից երեք միջազգային համաձայնագրեր: Դրանցից առաջինը ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ «ԵՄ-ն էներգաարդյունավետության եւ շրջակա միջավայրի համար» ֆինանսավորման համաձայնագիրն է, որը, ըստ նրա բաղկացած է 5 մլն եվրո Սեւանա լճի մաքրման, 3.7 մլն եվրո էներգոարդյունավետության համար եւ եւս 17 մլն եվրո հատկացվել է հարեւանության ներդրումային հարթակ գործիքով: «Նպատակները Սեւանի ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ենթակառուցվածքների բարելավումն է, էներգոարդյունավետության մասով օրենսդրության մոտարկումը: Իսկ 17 մլն եվրոն լավ ծրագիր կլինի, որովհետեւ ամբողջությամբ պետք է հանդիսանա մանրածախ վարկերի գրանտավորման գործիք: Ըստ էության, բազմաբնակարան շենքերի էներգախնայողության նպատակով իրականացվող բարենորոգման կամ նորոգման աշխատանքների համաֆինանսավորման նպատակով: Սեւանի մասով համակարգող կլինի Շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ մյուս երկու բաղադրիչով՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը»,- ասաց փոխվարչապետը: Երկրորդ համաձայնագիրը «Տեղական դերակատարների հզորացում՝ զարգացման նպատակով» ֆինանսավորման համաձայնագիրն է: Առաջին բաղադրիչը համայնքների տնտեսական զարգացումն է՝ 10.1 մլն եվրո. «Սա ենթադրում է, որ պետք է բացահայտվեն եւ ձեւավորվեն ակտիվ խմբեր, որոնք համայնքի համար իրականացնում են տնտեսական զարգացման այնպիսի ծրագրեր, որոնք նպաստում են բոլոր տնտեսավարողների բիզնեսի կամ նախաձեռնությունների զարգացմանը: Երկրորդ բաղադրիչը վերաբերում է աշխատանքային միգրանտների բիզնեսներին»,- ասաց Գրիգորյանը: Երրորդ համաձայնագիրը վերաբերում է SEPA-ի իրագործմանը, այսինքն ճանապարհային քարտեզին, որին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել. «Առաջին բաղադրիչը 18.7 մլն եվրո է կազմում, որը հենց համաձայնագրի կիրառման աջակցությունն է: Դա ենթադրում է բարձր մակարդակի փորձագետների ներգրավում ըստ ոլորտների: Երկրորդը՝ ԵՄ տների հանգույցների ձեւավորումն է, որը հիմնականում ունի տեղեկատվական եւ միջոցառումների կազմակերպման ֆունկցիա իրականացնելու տրամաբանություն: Այստեղ եւս 2 մլն եվրո հատկացնում է Արեւելյան գործընկերության հարթակ գործիքը եւ ենթադրվում է քաղհասարակության աջակցություն՝ համաձայնագրի կիրարկման մոնիտորինգի համար: Սա իրականացնելու է ԵՄ Հայաստանի գրասենյակը: Երրորդ բաղադրիչը որակի ենթակառուցվածքների բարելավումն է՝ 4 մլն եվրո, չափագիտական լաբորատոր հզորությունների արդիականացում եւ փորձագիտական աջակցություն: Դա ըստ էության, ենթակառուցվածք է, որը նպաստելու է Եվրոպա արտահանման խթանմանը: Ընդհանուր բյուջեն 65 մլն եվրո է, որը կրկնակի ավելի է քան 2018 թվականին»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ բոլոր երեք համաձայնագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 65 մլն եվրո: Փոխվարչապետն ընդգծեց, որ խոսքը 2019-ի համագործակցությանն է վերաբերում. «Մենք հիմա 2019-ի ամփոփումն ենք անում: 2020 թվականի համաձայնագրերի բյուջեն ավելին կլինի, քան 2019-ինը»:
12:21 - 20 փետրվարի, 2020
Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը |armtimes.com|

Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն առաջարկում է երկարաձգել ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքի գործունեության ժամկետը: Այսօրվա նիստում հարցը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: «Մենք սահմանել էինք տուրք ցեմենտի ներմուծման համար՝ 14 հազար դրամ, եւ նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տուրքի սահմանման արդյունքում Իրանից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, սակայն զգալիորեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները: Առաջարկում ենք ավելի լավ կարգավորման մեխանիզմ տալու նպատակով երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչև հուլիսի 1-ը»,- ասաց Ավանեսյանը: Փոխնախարարն ընդգծեց, որ եթե 2018-ին Իրանից ամսական ներմուծվում էր 19 մլն տոննա ցեմենտ, ապա 2019-ին այդ ցուցանիշը հասել է 16,8 մլն տոննայի, սակայն դրա փոխարեն եռակի աճել է կլինկերի ներմուծումը. «Այսինքն՝ եթե մենք 2018-ին ամսական ներկրել ենք 2.8 հազար տոննա կլինկեր, հիմա դա հասել է 10 հազար տոննայի: Զուգահեռաբար, չնայած հայկական ցեմենտի արտադրության ծավալները որոշակիորեն նվազել են, կազմակերպություններից մեկում տեղի է ունեցել ծավալների որոշակի աճ: Ուստի կարող ենք փաստել, որ այդ մեխանիզմը, որ կիրառել ենք, որոշակի ազդեցություն ունեցել է, սակայն ավելի երկարաժամկետ ազդեցությունը հասկանալու համար պետք է երկարաձգել ժամկետը»: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ այս կարգավորմամբ տուրք էր նախատեսվել միայն ցեմենտի ներմուծման համար, իսկ կլինկերի համար որեւէ տուրք սահմանված չէր. «Հայաստանում կան ընկերություններ, որոնք ցեմենտ են արտադրում ներմուծված կլինկերի հիման վրա: Ընդամենն այս նախագծով 3 ամսով երկարաձգվում է մեխանիզմի կիրառումը, որի ընթացքում կհասկանանք հետագա կարգավորումների չափը, եւ արդյոք կլինկերի համար նույնպե՞ս պետք է պետտուրք սահմանել, թե՞ ոչ, որպեսզի ՀՀ-ում արտադրողները հնարավորություն ունենան շարունակել իրենց արտադրությունը»: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը կքննարկվի Ազգային ժողովում: Նշենք, որ ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանող օրենքը գործում է մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը:
13:00 - 13 փետրվարի, 2020
Հայաստանին տրված մեքենաների ներկրման արտոնությունը ունեցել է ոչ թե բիզնես, այլ սոցիալական բնույթ.Մհեր Գրիգորյանը՝ ավտոներկրողների խնդիրների մասին|tert.am|

Հայաստանին տրված մեքենաների ներկրման արտոնությունը ունեցել է ոչ թե բիզնես, այլ սոցիալական բնույթ.Մհեր Գրիգորյանը՝ ավտոներկրողների խնդիրների մասին|tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրացրեց ավտոներկրողների խնդիրները, որոնց հետ ավելի վաղ հանդիպում էր ունեցել: Պատգամավորի խոսքով՝ նախորդ տարի Հայաստան է ներկրվել է 189 հազար ավտոմեքենա, որից 22 հազարն արտահանվել են Ղազախստան, 37 հազարը Ռուսաստան. «Նշանակում է, որ մեր Հանրապետությունում 130 հազար մեքենայից ավելի մնացել են, որոնց մեծ մասը իրացման ակնկալիքով է»,- ասաց նա: Ղազախական իշխանությունները հորդորել էին հայկական համարանիշներով մեքենաներ ունեցող Ղազախստանի քաղաքացիներին հաշվառել մեքենաներն իրենց երկրում, ինչից հետո նրանք արդեն հայ ավտոներկրողներից մեքենաներ չեն գնել:  «Հունվարի 1-ից հետո ավտոներկրողներն իրենց մեքենաների իրացման հետ կապված որոշակի խնդիրների առաջ են կանգնել: Մարդիկ իրենց ռիսկերն ունեն, վարկեր են վերցրել, խնդիրներ կան: Իրավական առումով՝ հաշվի առնելով հաշվառման հետ կապված հայտնի պատմությունները, մենք խնդիր ունե՞նք: Կառավարությունն ինչ է մտածում ԵԱՏՄ շրջանակում ազատ տեղաշարժի իրավունքը պահպանելու հետ կապված քայլեր իրականացնելու ուղղությամբ, որ մեր ավտոներկրողները կարողանան իրենց մեքենաներն արտահանել՝ ոչ միայն Ղազախստան, այլևս ԵԱՏՄ այլ երկրներ»,- նշեց Միքայել Մելքումյանը: Ի պատասխան պատգամավորի հարցերի՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ 2015թ. Հայաստանին տրված արտոնությունն ունեցել է ոչ թե բիզնես, այլ սոցիալական բնույթ: «Իսկապես, բարդ հարց եք բարձրացնում: Արտոնությունը, որը ԵԱՏՄ շրջանակում ՀՀ-ն ստացել է ժամանակին, ունեցել է սոցիալական բնույթ, ոչ թե բիզնես, առևտրային կամ սպեկուլյատիվ բնույթ: Բոլորս գիտենք, որ ԵԱՏՄ այն երկրները, որոնք ունեն սեփական արտադրություն, երբեք չեն համաձայնվել, չեն էլ համաձայնվի, որպեսզի լինի կոմերցիոն արտոնություն: Այս հարցին պետք է նայենք որպես սոցիալական արտոնության կիրառման որոշակի հետևանք»,- նշեց փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանը նաև հայտնեց, որ որևէ իրավական վտանգ չկա Հայաստանի այն քաղաքացիների համար, որոնք մեքենաների առքուվաճառքի գործարքներ են իրականացրել Ղազախստանի քաղաքացիների հետ: «Ի՞նչ կլինի ապագայում, կարծում եմ, որ պետք է մոբիլիզացվենք՝ խորհրդարանը՝ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակներում, մենք էլ՝ միջկառավարական հարաբերությունների շրջանակներում, փորձենք մեղմել»,- ասաց նա: Արձագանքի ժամանակ Միքայել Մելքումյանը համաձայնեց, որ խնդիրն իսկապես հեշտ չէ լուծել, բայց պրոցեսները կանխատեսելի են եղել. «Այսինքն՝ ոչ թե գար խնդրի ժամանակը ու հիմա սկսենք զբաղվել»,- նշեց պատգամավորը:
19:57 - 12 փետրվարի, 2020
ԵԱՏՄ-ում քննարկվում է վետոյի իրավունքից հրաժարվելը․ փոխվարչապետն անհանգստանալու առիթ չի տեսնում |civilnet.am|

ԵԱՏՄ-ում քննարկվում է վետոյի իրավունքից հրաժարվելը․ փոխվարչապետն անհանգստանալու առիթ չի տեսնում |civilnet.am|

civilnet.am: Եվրասաիական տնտեսական միությունում որոշ հարցերում անդամ պետությունների կողմից վետոյից հրաժարվելու մասին քննարկումները չեն կրում քաղաքական բնույթ, այլ վերաբերում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Այս մասին փետրվարի 12-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը խնդրին անդրադարձավ՝ պատասխանլով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի հարցին:  «Վերջերս, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն [Տիգրան Սարգսյանը] իր հարցազրույցում նշեց, որ անդամ պետությունների կառավարությունները քննարկում են որոշ հարցերի շրջանակում վետոյից հրաժարման խնդիրը և այդ իրավունքի փոխանցումը վերազգային կառույցին: Սա վերաբերում է պետությունների ազգային ինքնիշխանությանը: Այդ ի՞նչ հարցերի շրջանակ է, որոնց վերաբերյալ քննարկվում է պետությունների վետոյի իրավունքից հրաժարման հարցը»,- հետաքրքրվեց Սիմոնյանը: Մհեր Գիրգորյանը տեղեկացրեց, որ հարցն իրոք բուռն քննարկվել է․ «Այն դեռևս կքննարկվի: Անկեղծ ասած, այն քննարկվել է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության տեսանկյունից: Դա այնքան էլ քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Խնդիրն այն է, որ շատ դեպքերում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործառույթն ուղղակի զրոյացվում է, քանի որ անդամ պետություններից որևէ մեկը վետո է դնում, և որոշումն ուղղակի չի ընդունվում կամ իրականացվում: Հիմնական խնդիրը վերաբերում էր բելառուսական կաթին և Ռուսաստանի կառավարության վետոյին: Սա ռազմավարական հարց է, բայց այս պահին կոնկրետություն չկա: Այն դեռևս քննարկման փուլում է»: Մհեր Գրիգորյանը նշեց, որ ինչ-որ պահի կտեղեկացնեն հանրությանն ու Ազգային ժողովին, թե քննարկումներն ինչ հանգրվանի են հասել․ «Այնուամենայնիվ հարցն այնքան քաղաքական չէ․․․ այլ վերաբերում է հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությանը»: *** Հունվարի 30-ին Ալմաաթիում կայացած Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի շրջանակում ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ Միությունում քննարկվում է անդամ պետությունների՝ որոշ հարցերի շուրջ վետո կիրառելու իրավունքի չեղարկումն ու այդ գործառույթների հանձնումը վերպետական մարմնին՝ ԵՏՀ-ին։ Ըստ Սարգսյանի՝ այս հարցը ենթակա է քննարկման, քանի որ եթե կողմերը ցանկություն ունեն խորացնել եվրասիական ինտեգրացիան, ապա ակնհայտ է, որ անհրաժեշտ է մեծացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործառույթները։ 
18:27 - 12 փետրվարի, 2020
Գերմանական DEG-ը մեծ ներդրում կունենա երկրում բիզնես կանոնների ներդրման տեսանկյունից

Գերմանական DEG-ը մեծ ներդրում կունենա երկրում բիզնես կանոնների ներդրման տեսանկյունից

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է գերմանական DEG միջազգային ֆինանսական կազմակերպության փոխնախագահ Իրինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է DEG–ի գործունեությունը Հայաստանում: Մհեր Գրիգորյանը կազմակերպության մասնակցությունը Հայաստանի մասնավոր հատվածի զարգացման գործում համարել է մեծ ներդրում երկրում արդի բիզնես կանոնների ներդրման և թափանցիկության բարձրացման տեսանկյունից: Իրինա Շմիդտը փոխվարչապետին ներկայացրել է Հայաստանում իրենց շուրջ 15-ամյա գործունեության ընթացքում ձեռքբերված հաջողություններն ու առաջիկայում կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում կապիտալի լիարժեք շուկա ունենալու անհրաժեշտությունը, ինչը կնպաստի նաև ներքին և արտաքին ներդրումների ակտիվացմանը: Անդրադարձ է կատարվել կազմակերպության կողմից էներգախնայողության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում ծրագրերի իրականացման հնարավորություններին և հեռանկարին: Փոխվարչապետը վստահեցրել է, որ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները ֆինանսական ինստիտուտների արդյունավետ և նպաստավոր գործունեության համար, ինչի մասին վկայում են նաև մակրոտնտեսական ցուցանիշները և վարկանիշավորող միջազգային հեղինակավոր կառույցների գնահատականները:
15:44 - 12 փետրվարի, 2020
Նախագահ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը

Նախագահ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով փետրվարի 10-ին առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին Մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, թագավոր Աբդալլահ Երկրորդի գլխավորած պատվիրակության կազմում են նրա եղբայր, Նորին Արքայական Մեծություն արքայազն Ալի բին Ալ Հուսեյնը, թագավորի կրոնական ու մշակութային հարցերով խորհրդական և անձնական պատվիրակ Նորին Արքայական Մեծություն արքայազն Ղազի բին Մոհամմեդը, Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով նախարար Այման Սաֆադին, թագավորի հաղորդակցության և համակարգման հարցերով խորհրդական Բիշեր Ալ Խասավնեհը, արդյունաբերության, առևտրի և մատակարարումների նախարար Տարեկ Համմուրին: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բարձրաստիճան հյուրին դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Աբդալլահ Երկրորդ թագավորն իսլամական աշխարհում մեծ հեղինակություն վայելող գործիչ է, Հաշիմյան թագավորական դինաստիայի ներկայացուցիչ, Մուհամմադ մարգարեի 41-րդ սերնդից, գահ է բարձրացել 1999թ. փետրվարի 7-ին: Աբդալլահ Երկրորդը Երուսաղեմի քրիստոնեական և իսլամական սրբավայրերի խնամակալն է: Նախագահ Արմեն Սարգսյանը և Հորդանանի թագավորը հանդիպել էին 2019թ. ապրիլին Հայաստանի նախագահի՝ Հորդանան աշխատանքային այցի ժամանակ, որի ընթացքում էլ Հայաստանի նախագահը հրավիրել էր Հորդանանի թագավորին այցելել Հայաստան։
20:18 - 10 փետրվարի, 2020
Որոշումը չընդունվեց․ Մհեր Գրիգորյանը՝ փոստային առաքանիների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման մասին |news.am|

Որոշումը չընդունվեց․ Մհեր Գրիգորյանը՝ փոստային առաքանիների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման մասին |news.am|

news.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում չի ընդունվել փոստային առաքանիների՝ ծանրոցների, արտասահմանյան ինտերնետ խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման մասին որոշումը։ Այս մասին հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Որոշումը չընդունվեց, հանձնարարվեց ավելի խորը ուսումնասիրել հարցը և անդրադառնալ հարցին 6 ամիս հետո»,-ասաց նա։ ԵՏՀ նիստում քննարկվում էր այն առաջարկը, որի համաձայն՝ արտասահմանյան ինտերնետ-խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմը կնվազեցվի 100 եվրոյի 2020 թվականի հուլիսի 1-ից, 50 եվրոյի՝ 2021 թվականի հունվարի 1-ից և 20 եվրոյի՝ 2022 թվականի հունվարի 1-ից։ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) ղեկավար Վլադիմիր Բուլավինը նշել էր, որ 2019 թվականին մաքսերով հարկվող ծանրոցների թիվն ավելացել է հինգ անգամ։ «2019 թվականին շեմը 1000-ից 500 եվրոյի նվազեցնելուց հետո մաքսավճարներն ավելացել են, քանի որ ավելացել է «վճարովի» ծանրոցների քանակը՝ 2018-ի 56,8 հազարից մինչեւ 234,1 հազար 2019-ին, այսինքն՝ հինգ անգամ։ Վճարումները հասել են 895,6 մլն ռուբլու։ Դա երեք անգամ ավելին է, քան մեկ տարի առաջ»,- ասել է Բուլավինը։
05:38 - 31 հունվարի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում նախագահել է ԵԱՏՀ տնտեսական խորհրդի նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սանկտ Պետերբուրգում նախագահել է ԵԱՏՀ տնտեսական խորհրդի նիստը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ավարտելով իր այցը Ղազախստանի Հանրապետություն, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ նախահագել է Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը: Նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ ներքին շուկայում անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքը: Օրակարգում ի թիվս այլ հարցերի ներառված էր ԵԱՏՄ անդամ պետությունների պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների համար տեղեկացվածության բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցը: Քննարկվել են ԵԱՏՄ տարածքում որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի և տեխկանոնակարգերում փոփոխությունների վերաբերյալ որոշումների նախագծերը: ԵԱՏՀ տնտեսական խորհրդի նիստի մասնակիցները քննարկել են նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ձևավորման հետ կապված հարցը:
13:14 - 19 դեկտեմբերի, 2019