Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Ծառայությունների միասնական գրասենյակները հասանելի կլինեն հանրապետության տարբեր հատվածներում |armenpress.am|

Ծառայությունների միասնական գրասենյակները հասանելի կլինեն հանրապետության տարբեր հատվածներում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարարությունը խնդիր է դրել հասարակությանը տրամադրվող ծառայությունները մատուցել ժամանակակից սպասարկման կենտրոններում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ դրա համար հիմնվում են հանրային ծառայությունների միասնական գրասենյակներ: «Առաջինը Երևանում է հիմնվել Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որտեղ պայմանները բոլորովին այլ են: Մենք նախատեսում ենք բոլոր ծառայությունների տրամադրումը ամփոփել մեկ տեղում: Դա արվում է նրա համար, որ քաղաքացին որևէ պետական ծառայությունից օգտվելու համար ստիպված չլինի գերատեսչությունից գերատեսչություն գնալ: Դա պետք է արվի մեկ պատուհանի սկզբունքով»,-ասաց Վահե Դանիելյանը: Երևանում բացված գրասենյակը պիլոտային ծրագիր է, որն արդարացրել է: Արդյունքում խնդիր է դրվել ավելացնել նման գրասենյակների թիվը: Մասնավորապես, վերջերս նման գրասենյակ բացվել է Իջևանում: Առաջիկայում նախատեսվում է հանրապետության ամբողջ տարածքում ունենալ միասնական գրասենյակներ, որտեղ մատուցվելու են բոլոր պետական ծառայությունները՝ կադաստրային, անձնագրային, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և այլն: Վահե Դանիելյանի խոսքով, նոր միասնական գրասենյակները բացելուն զուգահեռ կամաց-կամաց քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակների տարածքային կենտրոնները կփակվեն:
17:46 - 17 մայիսի, 2021
Ամուսնության գրանցման համար պետական տուրք չի գանձվի. բարեփոխումներ ծառայությունների ոլորտում |armenpress.am|

Ամուսնության գրանցման համար պետական տուրք չի գանձվի. բարեփոխումներ ծառայությունների ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Կառավարությունն արմատական բարեփոխում է իրականացնում, որի արդյունքում կթվայնացվեն Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունները, կպարզեցվի վարչարարությունը, կկրճատվեն ժամկետները, կնվազեցվեն  կոռուպցիոն ռիսկերը։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններով համակարգային ձևով փոխվել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման, ինչպես նաև ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունները: «Մասնավորապես, ամբողջությամբ փոխվել է պետական տուրքի համակարգը: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետտուրքի վճարումից ազատվում են կենսաթոշակառուները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք, ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը։ Այս խմբերը ազատված են լինելու ՔԿԱԳ բոլոր ծառայություններից օգտվելու համար նախատեսված տուրքերից»,- ասաց Վահե Դանիելյանը: Որոշ ծառայությունների համար, Վահե Դանիելյանի խոսքով, տուրքերն ընդհանրապես հանել են: Օրինակ, ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար այլևս պետական տուրք չի պահանջվի: «Միաժամանակ կրճատել ենք մատուցվող ծառայությունների հետ կապված ժամկետները: Դա արել ենք, որ քաղաքացիների համար կյանքը շատ ավելի հեշտ լինի: Օրինակ, անվան փոփոխության համար մինչև 5 ամիս տևող ժամկետը կրճատել ենք՝ հասցնելով 15 աշխատանքային օրվա: Մեր քաղաքացիները քաշքշուկների մեջ են ընկել, երբ փորձել են անվան, ծննդյան թվի հետ կապված սխալը շտկել: Հիմա նման սխալները շտկելու համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 աշխատանքային օր»,- ասաց նախարարի տեղակալը: Վահե Դանիելյանը նկատեց, որ այս կատարվող քայլերը կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Օրինակ, անվան փոփոխության հետ կապված՝ քաղաքացին պետք է տարածքային մարմին ներկայացներ դիմում՝ հիմնավորելով, թե ինչու է դա անում: «Պետք է հիմնավորեր, որ անունը ոչ բարհունչ է: Դրանից բացի, դա կախված էր ՔԿԱԳ-ի պետից: Մեր կարծիքով, նման կարգավորումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, քանի որ դա թողնված է պետական պաշտոնիայի հայեցողությանը: Այսինքն՝ նա պետք է որոշի քաղաքացու անվան փոփոփոխությունը հարգելի է, թե ոչ: Հիմա այդ գնահատողական հիմքերը հանվել են: Դրանից բացի, քաղաքացուց  դիմում ընդունողն այլ մարդ է լինելու, որոշում կայացնողը՝ այլ: Դիմում ընդունողը որոշում չի կայացնելու: Քաղաքացին անգամ չի իմանա, թե ով է որոշում կայացնողը»,- ասաց նախարարի տեղակալը:
15:31 - 17 մայիսի, 2021
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտի բարեփոխումները

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ մայիսի 15-16-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ. ձեռքբերումներ և նոր մարտահրավերներ» թեմայով: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Աշխատաժողովին, որը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը, մասնակցում էին արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, տեղակալներ Սուրեն Գրիգորյանը և Արմեն Հովհաննիսյանը, Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և խորհրդի մյուս անդամները, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ Ռուզաննա Հակոբյանը և Համլետ Ասատրյանը, Վճռաբեկ դատարանի այլ դատավորներ, վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը, դատավորներ վերաքննիչ քաղաքացիական, քրեական և վարչական դատարաններից, վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը, սնանկության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը, ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ, ինչպես նաև գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ներկայացուցիչներ Արդարադատության նախարարությունից և «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամից, այլք: Ռուստամ Բադասյանը և Գագիկ Ջհանգիրյանը ողջունել են աշխատաժողովի մասնակիցներին, կարևորել նման հանդիպումները և երկխոսություններն ու արդյունավետ քննարկում մաղթել բոլորին: Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է նաև դատական իշխանության դերակատարումը արդարադատության ոլորտի բարեփոխումներում՝ կարևորելով դատական իշխանության ներկայացուցիչների ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը բարեփոխումների փուլում լավ արդյունքներ գրանցելու հարցում: Անցնելով օրակարգի հարցերին՝ Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների շրջանակներում վերջին մեկ տարվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները և առաջիկա ծրագրերը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը և Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը ներկայացրել են քրեական և քրեադատավարական օրենսդրության ոլորտում, իսկ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը՝ հակակոռուպցիոն ոլորտում կատարված բարեփոխումները: Նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանն իր հերթին խոսել է դատավորների նոր ավելացվող հաստիքների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովման հնարավորությունների և ծրագրերի մասին: Հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Պետրոսյանը և դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամները ներկայացրել են դատավորների գործունեության գնահատման նոր կառուցակարգի գործնական խնդիրները: Քննարկում է ծավալվել նաև Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման արդյունավետության և հիմնական իրավակարգավորումների վերաբերյալ: Բացի այդ, ներկայացվել է  էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացիկ վիճակը: Ներկայացված հարցերի առնչությամբ տեղի են ունեցել ակտիվ քննարկումներ, մտքերի փոխանակություններ՝ մի շարք թեմաների կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերելով հետագա առավել մանրամասն քննարկումների իրականացման:
11:16 - 17 մայիսի, 2021
Ռուստամ Բադասյանը և Սուրեն Գրիգորյանը մայիսի 18-20-ը կգործուղվեն Մոսկվա

Ռուստամ Բադասյանը և Սուրեն Գրիգորյանը մայիսի 18-20-ը կգործուղվեն Մոսկվա

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը և ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը մայիսի 18-20 գործուղման կմեկնեն Ռուսաստանի Դաշնություն․««Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանին 2021 թվականի մայիսի 18-20-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը մասնակցելու, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ հանդիպում ունենալու նպատակով»,-ասված է որոշման մեջ։ Համաձայն որոշման` ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն է ներկայացնելու Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
19:09 - 10 մայիսի, 2021
Համաներումը չի տարածվելու պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների նկատմամբ. Ռուստամ Բադասյան

Համաներումը չի տարածվելու պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների նկատմամբ. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծը: ​«Ականջալուր լինելով մեր բազմաթիվ քաղաքացիների խնդրանքին՝ ընդլայնել ենք համաներման ակտի կիրառման շրջանակները, որի արդյունքում համաներումը տարածվելու է՝ օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և   Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ (նույն հոդվածի 3-րդ մասի նկատմամբ համաներումը կիրառվում է միայն այն դեպքում, երբ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարվել է ռազմական դրության ժամանակ): ​Այս համաներման շահառուներին հնարավորություն է տրվելու մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին ներկայանալ քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։ Մեր հայրենակիցների համար կցանկանայի շեշտադրել այն, որ համաներում հայտարարելու նախաձեռնությամբ՝   մենք նպատակ ենք ունեցել հնարավորություն ընձեռել համաներման շահառուներին ՀՀ տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու,    հիմքում ունեցել ենք հետպատերազմյա հետևանքները հնարավորինս մեղմելու և դրանով իսկ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացումն ապահովելու տեսլականը և    առաջանորդվել ենք մարդասիրության և համերաշխության սկզբունքներով: Ուշադրություն։ Համաներումը ՉԻ՛ տարածվելու պատերազմի ժամանակ զորահավաքային զորակոչից խուսափածների նկատմամբ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Բադասյանը:
11:30 - 06 մայիսի, 2021
Ռուստամ Բադասյանն ընդունել է Արցախի պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների

Ռուստամ Բադասյանն ընդունել է Արցախի պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախարարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության շուրջ տասը պետական մարմինների երկու տասնյակ աշխատակիցների: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նրանք Հայաստանում են՝ տեղում ծանոթանալու պետական կառավարման տարբեր ինստիտուտների աշխատանքին՝ գիտելիքներն ու ձեռք բերած փորձը Արցախում ներդնելու և ի նպաստ Արցախի հզորացման ծառայեցնելու համար։ Հանրային ծառայողների հարցերի գերակշիռ մասը վերաբերել են Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների առնչությամբ ձեռնարկվող միջազգային իրավական գործընթացներին և Հայաստան-Արցախ պետական մարմինների միջև համագործակցության խորացմանը։ Առաջին հարցի առնչությամբ նախարար Բադասյանը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքները, այնուհետև անդրադարձել իր կողմից Արցախ կատարված աշխատանքային այցերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հայկական երկու պետությունների պետական մարմինների աշխատակիցների միջև կապերի ամրապնդմանն ու համատեղ ուժերով ոլորտային բարեփոխումների իրականացմանը։ Նշենք, որ Արցախի Հանրապետության հանրային ծառայողների այցը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն կազմակերպվել է Առաջնորդության դպրոցի նախաձեռնությամբ:
18:01 - 16 ապրիլի, 2021
Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ՆԳՆ ստեղծման առավելությունները

Ռուստամ Բադասյանը ներկայացրեց ՆԳՆ ստեղծման առավելությունները

Ներքին գործերի նախարարության ստեղծմամբ կապահովվի ոստիկանության գործունեության նկատմամբ խորրդարանական և քաղաքացիական վերահսկողությունը, ոլորտի քաղաքականության միասնական մշակումը, քաղաքացիական և ոստիկանական գործառույթների տարանջատումը և ոստիկանության շարունակական բարեփոխումների իրագործումը, ինչն էլ էականորեն կնպաստի իրավակարգի ամրապնդմանը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանում Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությանը: Նախարարության ենթակա մարմիններն են լինելու Ոստիկանությունը, Ոստիկանության զորքերը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, Ներքին գործերի նախարարության ուսումնական կենտրոնը՝ որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն»,-  գրել է Բադասյանը:
16:13 - 15 ապրիլի, 2021
Համոզված եմ՝ ունենալու ենք իրապես անկախ դատական համակարգ. Փաշինյան |1lurer.am|

Համոզված եմ՝ ունենալու ենք իրապես անկախ դատական համակարգ. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ ՀՀ-ում հակակոռուպցիոն պայքարին: Փաշինյանը ներկայացրեց՝ նախորդ տարի սեպտեմբերին դատախազությունում ստեղծվեց համապատասխան ստորաբաժանում, իսկ վերջերս համակարգ ընդունվեցին դատավորներ, որոնք զբաղվելու են ապօրինի գույքի բռնագանձման պրոֆեսիոնալ գործերով: «Ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը մեկ-երկու ամսվա ընթացքում կսկսի լիարժեք աշխատել: Թե պրակտիկայում ինչպիսի՛ դրսևորումներ մենք կունենանք՝ ցույց կտա ժամանակը: Մենք ասում ենք՝ ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտ, բայց մենք ուզում ենք, որ այդ պրոցեսն իրականացնի ոչ թե կառավարության համար վերահսկելի կամ խամաճիկային դատական համակարգ, այլ անկախ դատական համակարգ: Իհարկե այդ ընթացքում, տեսնում եք՝ մենք շատ բարդությունների ենք հանդիպում, բայց եթե իդեալիդ հետևից գնում ես, չպետք է կանգնել կես ճանապարհին»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ համոզված է՝ այս գործընթացի վերջում ունենալու ենք իրապես անկախ դատական համակարգ, որտեղ կայացված բոլոր վճիռներն ընդունվում են ի գիտություն:
13:58 - 14 ապրիլի, 2021
Կստեղծվի հակակոռուպցիոն դատարան. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը |armenpress.am|

Կստեղծվի հակակոռուպցիոն դատարան. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց հակակոռուպցիոն դատարան ստեղծելու մասին՝ կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 80 «կողմ», 33 «դեմ» և 1 «ձեռնպահ» ձայներ: Նախագծով սահմանվել է նաև հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը, սահմանվել, որ հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 15 դատավորի թվակազմով, որոնցից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասնագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ: Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենալու կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունների դատական քննությունը, քննվելու են պետության գույքային և ոչ գույքային շահերի հետ կապված հայցերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով ներկայացված հայցերը:
11:12 - 14 ապրիլի, 2021
Վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար առաջարկվում է սահմանել գրավոր ընթացակարգ |armenpress.am|

Վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար առաջարկվում է սահմանել գրավոր ընթացակարգ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունն առաջարկում է վարչական դատավարության մի շարք գործերի քննության համար սահմանել գրավոր ընթացակարգ: Այս մասին գործադիրի հեղինակած ««ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը: Գրիգորյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունները միտված են Վարչական և Վերաքննիչ վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելուն՝ նպաստելով ողջամիտ ժամկետում գործերի քննությանը: «Բանավոր դատաքննության անհրաժեշտությունը վերանում է հատկապես Ճանապարհային ոստիկանության կայացրած տուգանքների որոշումները բողոքարկելու և Երեւանի քաղաքապետարանի դեմ հայցերի քննության ժամանակ, որոնց դեպքում կողմերի մասնակցությունը հիմնականում չի ապահովվում: Ավելացել են նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց ակտերն անվավեր ճանաչելու իրավահարաբերությունների վերաբերյալ վարչական գործերի թիվը: Գործող օրենսգրքերով վարչական գործերի քննության համար գրավոր կամ պարզեցված կարգ նախատեսված չէ, ինչը շարունակաբար հանգեցրել է դատարանների ծանրաբեռնվածության մեծացմանը: Ուստի, առաջարկվում է վերոնշյալ գործերի քննության համար վարչական դատավարությունում ներդնել գրավոր ընթացակարգ»,- ասաց Գրիգորյանը:
16:20 - 13 ապրիլի, 2021
Ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով. փոփոխություններ՝ նախագծում |armenpress.am|

Ստեղծվելիք հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորի թվակազմով. փոփոխություններ՝ նախագծում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ապահովել կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն: Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում էր ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ: Բադասյանը ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված հիմնական փոփոխությունները:  «Նախագծից հանվել են վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի վերաբերյալ կարգավորումները՝ գործերի վերանայումը վերապահելով Վերաքննիչ քաղաքացիական, Վերաքննիչ քրեական դատարանների առանձին 6-ական դատավորների: Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը նվազեցվել է, սահմանվել է, որ Հակակոռուպցիոն դատարանը գործում է առնվազն 15 դատավորի թվակազմով, որոնցից առնվազն 10-ը պետք է լինեն կոռուպցիոն հանցագործությունների քննության գործերով մասանագիտացմամբ, իսկ առնվազն 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավորներ»,- ասաց նախարարը: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում սահմանվել էր առնվազն 25 դատավորի թվակազմ: Այսպիսով, կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունների դատական քննությունը տեղի է ունենալու հակակոռուպցիոն դատարանում: Պետության գույքային և ոչ գույքային շահերի հետ կապված հայցերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով ներկայացված հայցերը ևս քննվելու են Հակակոռուպցիոն դատարանում:
15:59 - 13 ապրիլի, 2021
Ովքեր կարող են դիմել սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար. ԱՆ-ն մանրամասնում է

Ովքեր կարող են դիմել սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու համար. ԱՆ-ն մանրամասնում է

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը սկսում է 2021 թվականի համար սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգումների անցկացման աշխատանքները: Այս մասին ՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել: «Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգմանը մասնակցելու  համար կարող է դիմել 63 տարին չլրացած այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու օրվան նախորդած վերջին հինգ տարվա ընթացքում ունի իրավաբանական, հաշվապահական կամ այլ տնտեսագիտական գործունեության ոլորտում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով անցել է համապատասխան ուսուցում: Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման համար կարող են դիմում ներկայացնել նաև այն անձինք, ովքեր չեն անցել ուսուցում, սակայն մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «Սնանկության մասին» օրենքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը անցել են ստաժավորում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում: Դիմումատուն որակավորման ստուգմանը մասնակցելու համար առձեռն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8) է ներկայացնում՝ Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի թիվ 112-Ն հրամանի Հավելված 2-ով սահմանված ձևով դիմում. դիմումատուի 2 գունավոր լուսանկար՝ 3 x 4 չափսի, որից մեկը փակցվում է դիմումին. դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը. դիմումատուի բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը. դիմումատուի` պահանջվող մասնագիտական աշխատանքի փորձառությունը հավաստող փաստաթղթերի պատճենները. նախարարի սահմանած կարգով դիմումատուի ուսուցումն անցած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը կամ կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունում ստաժավորում անցած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը, եթե անձը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 12-ին «Սնանկության մասին» օրենքում կատարված փոփոխությունների ուժի մեջ մտնելը անցել է ստաժավորում. նոտարական կարգով հաստատված դիմումատուի բանավոր հայտարարությունը «Սնանկության մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերում նշված հանգամանքների բացակայության մասին. որակավորման ստուգմանը մասնակցելու համար օրենքով սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը: Դիմումին կից փաստաթղթերի պատճենները ներկայացնելիս դրանց բնօրինակը պետք է լինի դիմողի մոտ՝ փաստաթղթերը հանձնելու պահին: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2021 թվականի մայիսի 3-ը մինչև ժամը 16:00: Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման առաջին՝ թեստավորման փուլը կանցկացվի 2021 թվականի մայիսի 18-ին, ժամը 10:00-ից սկսած (հասցե՝ ք. Երևան, Փիրումյանների փող. 9, Արդարադատության ակադեմիա): Կախված որակավորման ստուգման մասնակիցների թվից՝ թեստավորման փուլին մասնակիցները մասնակցելու են խմբերով՝ տարբեր ժամերի, որի մասին որակավորման ստուգմանը մասնակցելու իրավունք ստացած անձինք կծանուցվեն լրացուցիչ:    Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են «Սնանկության մասին» օրենքով և Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 13-ի «Սնանկության գործով կառավարչի որակավորման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, որակավորման ստուգմանը մասնակցելու դիմումին ներկայացվող պահանջները, որակավորման ստուգմանը մասնակցելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, որակավորման ստուգման և որակավորում շնորհելու ընթացակարգը սահմանելու մասին» N 112-Ն հրամանով: Որակավորման ստուգմանը մասնակցելու գործընթացում դիմումատուի հետ հաղորդակցությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ վերջինիս նշած էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հաղորդակցությունն ապահովող այլ միջոցներով: Սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման առաջին փուլի թեստային առաջադրանքները ընդգրկելու են հետևյալ թեմաները (իրավական ակտերը). Սահմանադրություն (սահմանադրական կարգի հիմունքներ, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներ և ազատություններ) «Սնանկության մասին» օրենք «Հրապարակային սակարկությունների մասին» օրենք և Արդարադատության նախարարի 2020 թվականի մարտի 16-ի N 116-Ն հրաման Քաղաքացիական օրենսգիրք (քաղաքացիական իրավունքների պաշտպանություն, գործունակություն, առևտրային կազմակերպություններ, սեփականության իրավունք ձեռք բերելը, սեփականության իրավունքի և այլ գույքային իրավունքների պաշտպանությունը, գրավ, ապահովված իրավունք, գործարքներ, պարտավորությունների կատարման ապահովում, պարտավորությունների դադարում, ընդհանուր դրույթներ առուվաճառքի մասին, ապրանքների մատակարարում, ընդհանուր դրույթներ վարձակալության մասին, նվիրատվություն, ժառանգական իրավունք) Քաղաքացիական դատավարության օրենսգիրք (հիմնական դրույթներ, գործերի ենթակայություն և ընդդատություն, դատավարության մասնակիցներ, դատական ներկայացուցչություն, ապացուցում, դատական ծանուցումներ, դատական ծախսեր, դատավարական ժամկետներ, հայցի հարուցման կարգ, հայցի ապահովում, հայցի դեմ պատասխանողի պաշտպանության միջոցներ, դատական նիստի ընդհանուր կանոնները, նախնական դատական նիստ, վարույթի ավարտն առանց գործն ըստ էության լուծելու, վարույթը վերաքննիչ դատարանում, վարույթը վճռաբեկ դատարանում) Հարկային օրենսգիրք (հարկային պարտավորությունը և դրա կատարումը, եկամտային հարկով հարկման օբյեկտը, հարկման բազան և դրույքաչափերը, հարկ վճարողների հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառումը հարկային մարմնի կողմից, անշարժ գույքի հարկի գումարի վճարման, հաշվանցման և վերադարձման կարգը) Քրեական օրենսգիրք (տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ) Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել Նաիրա Սեդրակյանին (010) 59 40 57 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:
15:52 - 13 ապրիլի, 2021
Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին

Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին

Հրապարակվել է Եվրոպայի խորհրդի 2020 թվականի տարեկան քրեական վիճակագրությունը։ Հայաստանն ամրապնդում է նախորդ վիճակագրությամբ գրանցած մի շարք ցուցանիշներ և ապահովում դրանց կայունությունը։ Այս մասին «»Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Ըստ զեկույցի՝ Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ կրկին նկատվել է ազատազրկման մակարդակի նվազում (2018 թվականին Հայաստանի ՔԿՀ-ներում պահվել է 3 հազար 536, 2019 թ-ին՝ 2 հազար 266, իսկ 2020թ-ի հունվարի 31-ին՝ 2 հազար 221 անձ) ։ Զեկույցում համեմատական է տարվել նաև 2010 և 2020 թվականների միջև և արձանագրվել, որ 2010 թվականի համեմատությամբ Հայաստանն արձանագրել է բանտային բնակչության թվի 50.4 % կրճատում, որը համեմատական աղյուսակում երկրորդ լավագույն արդյունքն է: Նույն զեկույցի համաձայն՝ ներկայում Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի, Դանիայի, Սլովենիայի, Շվեդիայի հետ: Հայաստանում 2020 թվականին կին բանտարկյալների թիվը կազմել է 3.1% ընդհանուր համամասնությունից, որը կրկին ցածր է եվրոպական միջինից։ Հայաստանի վերաբերյալ մյուս դրական ցուցանիշն այն է, որ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 41.5%: Սա գրեթե երկու անգամ ցածր է եվրոպական միջինից (86.6%): Վիճակագրական տվյալները ներկայացված են 2020 թվականի հունվարի 31-ի դրությամբ, ուստի, 2020 թվականի տարեվերջին մեր կողմից կատարված արձանագրումները թույլ են տալիս նախանշելու, որ հաջորդ տարվա վիճակագրությամբ Հայաստանը կրկին առաջընթաց է գրանցելու որոշ ցուցիչներում»,- գրել է Բադասյանը:
11:30 - 10 ապրիլի, 2021
Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ոլորտում բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ոլորտում բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Կառավարությանը, անձամբ դեսպանին՝ Հայաստանի հակակոռուպցիոն և Ոստիկանության բարեփոխումներին աջակցելու համար և այդ համատեքստում կարևորել նաև ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանի հետ արդյունավետ համագործակցությունը։ Նախարարը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ՝ ԱՄՆ պետական դեպարտամենտի հրապարակած «Մարդու իրավունքներ 2020» զեկույցին, ներկայացրել քրեակատարողական, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտներում ու դատական համակարգում ընթացող բարեփոխումները և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը հաստատուն քայլերով շարունակելու է իրականացնել բարեփոխումների օրակարգը։ Դեսպան Լին Թրեյսին կարևորել է Արդարադատության նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող աշխատանքները, ընդգծել, որ, չնայած նախորդ տարվա մարտահրավերներին, արձանագրվել են շոշափելի հաջողություններ այդ ուղղություններով։ Դեսպան Թրեյսին վերահաստատել է ԱՄՆ կառավարության աջակցությունը՝ ուղղված մի շարք ոլորտներում բարեփոխումների իրականացմանը։ ԱՄՆ ՄԶԳ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը հայտնել է հակակոռուպցիոն ու արդարադատության ոլորտներում նոր հնգամյա ծրագրերի մեկնարկի մասին։ Հանդիպման ընթացքում նախարար Բադասյանն ընդգծել է ԱՄՆ գործընկերների կողմից առավել գործուն քայլերի անհրաժեշտության մասին՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին և քաղաքացիական այլ պահվող անձանց վերադարձնելուց հրաժարվելու քաղաքականությանը հստակ արձագանքելու առումով։ Նախարարը նաև շեշտել է, որ այդ անձինք միջազգային մարդասիրական իրավունքի իմաստով ռազմագերիներ են, ուստի այս հարցում Ադրբեջանական կողմի հայտարարություններն հիմնազուրկ են։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի, Հակակոռուպցիոն դատարանների, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, դրանց գործարկման ժամկետները, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող մի շարք հարցեր։ Տիկին դեսպանը շեշտել է, որ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները տարածաշրջանում ժողովրդավար, ազատ ու արդար ընտրությունների բարձր նշաձող են սահմանել և հույս է հայտնել, որ առաջիկա ընտրությունների ընթացքում ևս այդ նշաձողը կպահպանվի։ Այս առումով Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ Կառավարությունն ունի քաղաքական կամք՝ բոլոր ընտրություններն ազատ ու թափանցիկ անցկացնելու՝ այդպիսով ամրապնդելով այն փաստը, որ Հայաստանը տարածաշրջանում ամենաուժեղ ժողովրդավարությունն ունեցող երկիրն է։
15:06 - 09 ապրիլի, 2021