Երեւան

ՀՀ մայրաքաղաքն է ու խոշորագույն բնակավայրը, վարչաքաղաքական, տնտեսական կենտրոնը: Համաձայն Հայաստանի պաշտոնական տեղեկատվության՝ 2014 թվականի հունվարի մեկի դրությամբ ունի 1.068.000 բնակիչ։ Տարածքը 227 կմ² է, բարձրությունը ծովի մակարդակից 1000մ։ 1995 թվականի ՀՀ նոր վարչատարածքային բաժանմամբ՝ Երեւանն ստացել է մարզի (Երեւանի քաղաքապետին նշանակում էր ՀՀ նախագահը), սահմանադրական փոփոխություններից հետո (2005)՝ համայնքի (հոդված 108) կարգավիճակ, ունի դրոշ, զինանշան եւ օրհներգ: Տեղական ինքնակառավարումը Երեւանում իրագործվում է «Տեղական ինքնակառավարման մասին» (2002) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (2008) ՀՀ օրենքներին համապատասխան։ Երեւանի տեղական ինքնակառավարման մարմիններն են ավագանին եւ քաղաքապետը: Գործող քաղաքապետը Հայկ Մարությանն է՝ ընտրված «Իմ քայլը» դաշինքից։ Ավագանիում ներկայացված են նաեւ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լույս» խմբակցությունները։

Երթուղայինների վարորդները դադարեցրին գործադուլը՝ արտոնություններ չտրամադրելու դեպքում կրկնելու սպառնալիքով |aysor.am|

Երթուղայինների վարորդները դադարեցրին գործադուլը՝ արտոնություններ չտրամադրելու դեպքում կրկնելու սպառնալիքով |aysor.am|

aysor.am: Մենք ժողովրդին շատ լավ սպասարկում ենք, ժողովրդից դժգոհ չենք։ Դժգոհ ենք «նալոգի» բարձրացումից. օրական 27 հազար դրամ մեզնից դուրս ա գալիս, որից 10 հազարը՝ վառելիքի փող, մնացածը՝ «նալոգ»։ Հիմա գծատերն ուզում ա ավելացնի, դրա համար էլ չենք աշխատում, լրագրողների հետ զրույցում հայտարարեցին այսօր առավոտից գործադուլ հայտարարած վարորդները՝ հավելելով, որ իրենց ամսական եկամուտը այնքան քիչ է, որ նույնիսկ գծատիրոջը պարտք ենք մնում։«Քաղաքապետարանի աշխատակցի հետ բանակցություններից հետո մեզ ասում են գնանք, հին պլանով քշենք։ Հիմա պայմանավորվենք, որոշենք՝ ինչ ենք անում», - ասաց վարորդներից մեկը։Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը և ուղևորափոխադրող ընկերության սեփականատերն իրենց հերթին գործադուլ հայտարարած վարորդներին հորդորեցին գիծ դուրս գալ և առաջիկա 7 օրն աշխատել հին օրավարձով՝ մինչև որևէ լուծում կմտածեն։«Լավ, ժողովրդի «խաթր» էս 7 օրը կքշենք, բայց հետո մեզ թող արտոնություն տան՝ գազի ծախսի մեջ տեղավորվենք, պլանի հարցի մեջ տեղավորվենք։ Մեր հաշվին փող չպետք ա բարձրանա», - նշեց վարորդներից մեկը։
12:04 - 10 փետրվարի, 2020
Երևանում հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով կկահավորվի 37 հետիոտնային անցում

Երևանում հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով կկահավորվի 37 հետիոտնային անցում

Երևանում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Խնդրին համակարգային լուծում տալու նպատակով 2019թ. Երևանի քաղաքապետարանը մի շարք ծրագրեր իրականացրեց: Ինչպես հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դրանցից մեկը հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներով անցումները կահավորելն էր: «Հաշվի առնելով վերջին շրջանում տրանսպորտային պատահարները, ընդհանրապես մեքենաքանակի աճը, քաղաքապետը հանձնարարեց անցած տարի գույքագրել, ուսումնասիրել հնարավոր ամենաթեժ կետերը խնդրահարույց, որտեղ մահվան ելքերով վրաերթեր են տեղի ունեցել, և միջոցառումներ ձեռնարկել: Այս դեպքում նախաձեռնվեց հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտների տեղակայում», - նշում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժ/պ Էդգար Գալստյանը:Ծրագրի շրջանակում նախորդ տարի մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում նման լուսացույցներով կահավորվեց 7 հետիոտնային անցում: Երևանում, ՏԻ մասին օրենքի համաձայն, ճանապարհային երթևեկության կարգավորումը, մասնավորապես լուսացույցների տեղադրումը, գծանշումները և այլն, քաղաքապետի պատվիրակված լիազորությունն է, սակայն 2009-ից կառավարության որոշմամբ այդ գործառույթները պատվիրակվել են Ճանապարհային ոստիկանության ծառայությանը: Համապատասխանաբար, բյուջեն ևս հատկացվում է ՃՈ-ին: «Սա նշանակում է, որ այս գործառույթն իրականացնելու պատասխանատուն ՃՈ-ն է: Հաշվի առնելով, որ մենք խոսում ենք մեր համայնքի բնակիչների անվտանգության, կյանքի և առողջության պահպանման անհրաժեշտության մասին, համայնքը փոխօգնության շրջանակներում կամավոր որոշակի բյուջե է հատկացնում և ՃՈ-ի հետ համագործակցությամբ ինքը ևս նախաձեռնում է հետիոտնի համար վտանգավոր վայրերում կանչի ռեժիմով լուսացույցների տեղադրում»,- նշում է Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գայանե Մելքոմ Մելքոմյանը: Ծրագրի ծավալները 2020-ին զգալիորեն աճել են: Ընթացիկ տարում հետիոտների միջամտությամբ լուսացույցի ազդանշաններով կկարգավորվի 37 հետիոտնային անցում:«Հետիոտնի կանչի ռեժիմով համալրված լուսացուցային այդ անցումներն իրենց արդյունավետությունն ունեն: Բնականաբար անհնար կլինի յուրաքանչյուր 100մ-ը մեկ տեղադրել, և կարծում եմ, որ պետք է կոչ անենք հետիոտնին, որպեսզի իրենք էլ հետիոտնի համար թույլատրելի այդ հատվածով անցնեն», - նկատում է «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ՀԿ ղեկավար Սերգեյ Ղահրամանյանը: Հաջորդ քայլով համայնքը հստակ մոտեցում է ցուցաբերում նաև անցումների մոտ երթևեկության կազմակերպման փոփոխության հարցում: Երևանում չպետք է լինեն հետիոտնային այնպիսի անցումներ, որտեղ թույլատրելի արագությունը 60 կմ ժամ և ավելի է ու կարգավորված չէ: «Քաղաքապետը հանձնարարեց ուսումնասիրել և գույքագրել երեք և ավել գոտի ունեցող ճանապարհներում հետիոտնային անցումները: Դրանց դիմաց արդեն իսկ նախաձեռնվել է սահմանված արագությունների նվազեցում` ոստիկանության հետ համատեղ: Նախկինում 70 կմ ժամ արագություն էր, որի արդյունքում թույլատրվում էր վարորդներին երթևեկել մինչև 80 կմ ժամ արագությամբ»,- նշում է Էդգար Գալստյանը: Մեկ շաբաթ առաջ համացանցում ակտիվ քննարկվում էր Շիրակի փողոցում տեղի ունեցած ողբերգական վթարը, որին զոհ դարձավ 10-ամյա դպրոցականը: Ցավոք, դա եզակի դեպք չէր. ճանապարհային մահերի թվով Հայաստանը Եվրոպայում տխուր առաջատարներից մեկն է: Անկախ նրանից՝ ով է կոնկրետ դեպքի մեղավորը՝ անկարգ վարորդը, անուշադիր հետիոտնը, ճանապարհի կահավորանքի պատասխանատուները, թե դժբախտ պատահականությունը, մի բան հստակ է՝ այսպես երկար շարունակվել չի կարող: «Բացի այն, որ մենք գույքագրում ենք Երևանի վտանգավոր կետերը, առանձին ևս մեկ անգամ նաև գույքագրեք բոլոր այն դպրոցները, մանկապարտեզները, ուսումնական այլ հաստատություններն ու մշակութային օջախները, որտեղ այցելում են երեխաները, և առանձին ցուցակ կազմեք, որպեսզի ըստ առաջնահերթության այդ մասն էլ փակենք: Մեր քաղաքացիների անվտանգությունը, առավել ևս երեխաների անվտանգությունը, մեր համար մեկ խնդիրն է այսօր: Դրանից առավել մենք այստեղ խնդիր չունենք լուծելու»,- ընդգծում է քաղաքապետ Հայկ Մարությանը: Հետիոտնային կանչի ռեժիմով կարգավորվող անցումների կողքին երևանյան փողոցներում քաղաքացիները կհանդիպեն նաև հատուկ մանեկեններով կահավորված անցուղիների: Գաղափարը Բյուզանդ Բաղդասարյանինն է: Նրա առաջարկը կյանքի կկոչվի Երևանի քաղաքապետի նախաձեռնած «Ակտիվ քաղաքացի» հարթակի շնորհիվ: «Գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ Փարիզում էի: Ես մեքենայով գնում էի, և այնպիսի տպավորություն էր, որ կարծես երեխան վազելու է փողոց: Եվ այս «Ակտիվ քաղաքացի» նախաձեռնության առաջարկը, երբ եղավ քաղաքապետարանից, այդ միտքը փորձեցի օգտագործել և առաջարկեցի: Ուրախ եմ, որ ծրագիրն անցավ, կյանքի կկոչվի: Կարծում եմ, որ շուտով մեր փողոցներում արդեն դպրոցների հարևանությամբ կլինեն այդ մանեկենները»,- ասում է Բյուզանդ Բաղդասարյանը: Ճանապարհաշինություն, հետիոտնային անցումների կառուցում, գրագետ կահավորում, հասարակական տրանսպորտի նոր ցանց. սրանք դեպի անվտանգ երթևեկություն տանող ճանապարհի անհրաժեշտ քայլերն են: Սակայն նա՛խ և առաջ պետք է, որ հետիոտն ու վարորդը պարզապես հարգեն մեկը մյուսին:
08:44 - 03 փետրվարի, 2020
Երևանում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 8-րդ նիստը

Երևանում անցկացվել է ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 8-րդ նիստը

Երևանում այսօր տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի 8-րդ նիստը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության հարցերով խորհրդի նախագահ Վաչե Տերտերյանը ողջունել է խորհրդի անդամներին Հայաստանում և նշել, որ արդեն երկրորդ անգամ նիստի անցկացումը Հայաստանում լավ խթան է անձնական և աշխատանքային մակարդակում նոր կապեր ստեղծելու և հներն ամրապնդելու համար: «Մենք կարևոր նշանակություն ենք տալիս այս համագործակցությանը, որովհետև սա լավ հնարավորություն է խորհրդի անդամ երկրների միջև միջտարածաշրջանային ակտիվ գործակցություն ծավալելու և համագործակցության աշխարհագրությունն ընդլայնելու համար»,-իր խոսքում նշել է Վ. Տերտերյանը: ՏԿԵ նախարարի տեղակալն առաջարկել է այս հարթակն օգտագործել համագործակցության նոր գաղափարներ քննարկելու և կյանքի կոչելու համար: ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Օլգա Պրոսկուրյակովան իր հերթին դրական է գնահատել խորհրդի աշխատանքները՝ ընդգծելով, որ խորհուրդն իր գործունեության ընթացքում մշակել է համագործակցության զարգացմանն ուղղված բազմաթիվ կարևոր փաստաթղթեր: Խորհրդի նիստում ներկայացվել են տեղեկություններ ԱՊՀ մասնակից պետությունների միջտարածաշրջանային և մերձսահմանային համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքների, մինչև 2020թ. ընկած ժամանակահատվածում համագործակցության հայեցակարգի և միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ, քննարկվել են միջտարածաշրջանային կապերի ամրապնդման համատեքստում առևտրաարդյունաբերական պալատների գործունեությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր: Խորհրդի նիստում ի գիտություն է ընդունվել ներկայացված տեղեկատվությունը: Նիստի արդյունքներով անդամ երկրները ստորագրել են արձանագրություն, հավանություն է տրվել խորհրդի 9-րդ նիստը Ուզբեկստանի Հանրապետությունում անցկացնելու որոշմանը:
12:09 - 13 դեկտեմբերի, 2019
Աբովյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մարվել է.այրվել է 250 քմ տարածք |news.am|

Աբովյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում ռեստորանի տանիքում բռնկված հրդեհը մարվել է.այրվել է 250 քմ տարածք |news.am|

news.am: Երեւանի կենտրոնում այսօր բռնկված հրդեհը մարվել է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին, ժամը 13:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աբովյան եւ Պուշկինի փողոցների խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Ժամը 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ-2» աստիճան: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Ժամը 14:19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3» կանչի: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս չորս մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում: Այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը: Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Ժամը 16:08-ին հրդեհը մեկուսացվել է, 17:00-ին՝ մարվել:
13:34 - 21 նոյեմբերի, 2019
Ճիշտ և սխալ․ Երևանի բյուջեի մասին «Լույս» խմբակցության հայտարարությունը |fip.am|

Ճիշտ և սխալ․ Երևանի բյուջեի մասին «Լույս» խմբակցության հայտարարությունը |fip.am|

fip.am: Հանրային քննարկման է դրվել Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեն։ Նախքան ավագանու անդամների կողմից քննարկումների մեկնարկը, մամուլի ասուլիս են տվել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամներ Թեհմինա Վարդանյանը և Անի Խաչատրյանը։ Նրանք մի շարք դիտարկումներ են կատարել քաղաքային բյուջեի վերաբերյալ։ Բյուջեի եկամուտների աճի մասին խոսելիս, օրինակ, Անի Խաչատրյանը նշել է, որ «նաև տուրքերի բարձրացման հաշվին է, որ ունենք ինչ-որ աճ բյուջեում»։ «Փաստերի ստուգման հարթակը» ստուգել է այս և մի քանի այլ խնդրահարույց հայտարարությունների իսկությունը։ Ըստ Երևան քաղաքի 2020 թ․ բյուջեի նախագծի՝ տեղական տուրքերից ստացվող մուտքերը, 2019-ի համեմատ, ավելացել են 461 միլիոն դրամով։ 2019-ի 2․7 միլիարդի փոխարեն նախատեսվում է գանձել շուրջ 3 միլիարդ դրամ տուրք։ Սակայն պետք է նշել, որ աճի պատճառն ամենևին էլ ԼՀԿ անդամների նշած տուրքերի բարձրացումը չէ։ Այսպես, շենքերի կառուցման, վերանորոգման ու քանդման թույլտվության համար գանձվող տուրքերը 2020 թ․ նախագծով կազմելու են, ընդհանուր առմամբ, 193 միլիոն դրամ՝ 2019-ի 179 միլիոն դրամի փոխարեն՝ ընդամենը 14 միլիոն դրամով ավելի։ Նշենք նաև, որ եթե պետական բյուջեի եկամուտների գերակշիռ մասը ապահովում են հենց հարկերն ու տուրքերը, ապա քաղաքային բյուջեի պարագայում նրանց բաժինը այնքան էլ մեծ չէ։ 2020 թ․ նախագծով հարկերից ու տուրքերից ստացված եկամուտը կազմելու է 18 միլիարդ դրամ, ինչը քաղաքի բյուջեի 107 միլիարդ դրամ եկամտի միայն 17 տոկոսն է։ Հարկերից և տուրքերից ստացված եկամուտը, 2019-ի համեմատ, աճել է շուրջ 3 միլիարդ դրամով։ Բյուջեի եկամուտների մոտ կեսը՝ 56 միլիարդ դրամ, ստացվելու է պետբյուջեից՝ պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորման համար։ Հենց այս ներդրումներն են ապահովել 2020 թվականի քաղաքային բյուջեի հիմնական աճը 2019 թ․ համեմատ՝ շուրջ 20 միլիարդ դրամ։ 2018 թ․ համեմատ՝ այս կետով հատկացումներն ավելացել են 31 միլիարդ դրամով։ Բյուջեի կատարման մասին Ասուլիսի ընթացքում ավագանու ներկայացուցիչները նշեցին, որ բյուջեի թերակատարման այս տարվա ցուցանիշի նման ցուցանիշ երբևէ չի գրանցվել։ «Ունենք թերծախս, որը գերազանցել է նույնիսկ քաղաքապետ չունեցած ժամանակահատվածին։ Աննախադեպ մեծ չափի թերծախս է եղել՝ 7 միլիարդ 800 միլիոն դրամ»։ Այս պնդումը մասամբ չի համապատասխանում իրականությանը, քանի որ, որպես կանոն, տարեսկզբի ազատ մնացորդը բյուջեի նախագծում ներկայացվում է որպես կանխատեսված ցուցանիշ և հստակեցվում է միայն նախորդ տարվա բյուջեի ամփոփումից հետո։ Այսպես, 2019 թվականի ազատ մնացորդը ևս 2018-ի բյուջեի կատարողականի ամփոփումից հետո կազմել է 7 միլիարդ 200 միլիոն դրամ։ 2017-ին այդ թիվը կազմել է 2 միլիարդ դրամ։ Ի դեպ, ըստ ինտերակտիվ բյուջեի՝ 2019 թ․ 11 ամիսների ընթացքում քաղաքի փաստացի 95 միլիարդ դրամ բյուջեից ծախսվել է միայն 39 միլիարդը կամ՝ 41 տոկոսը։ Մետրոյի նոր կայարանի մասին Խոսելով մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծի իրականացման համար անհրաժեշտ ներդրումների մասին՝ ավագանու անդամները հիշեցրին, որ մետրոն փորվել է խորհրդային տարիներին, և «դրանից հետո մեր բոլոր քաղաքապետերն էլ սպասում էին այդ ներդրմանը։ Բայց կա մի կարևոր բան․ քաղաքային իշխանությունները հասկացան, որ Աջափնյակ մետրոն հնարավոր չէ իրականացնել։ Կա նոր խոստում հնգամյա ծրագրում՝ ևս մեկ մետրոյի կայարան՝ «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի կենտրոնների տարածքում»։ Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքները սկսվել են դեռ Խորհրդային Միության տարիներին։ Պատրաստ է կայարանի շուրջ 70 տոկոսը, մյուս մասը կառուցելու համար անկախությունից հետո տարբեր իշխանություններ ցանկանում էին գտնել մասնավոր ներդրողներ․ ավագանու անդամների պնդման այս հատվածը համապատասխանում է իրականությանը։ Վերջին տարիներին մի քանի անգամ և՛ ճարտարապետների, և՛ իշխանությունների կողմից հայտարարվել է նոր կայարանի կառուցման կարևորության և նպատակահարմարության մասին, սակայն ներդրողների մասին հայտարարություն չի եղել։ Փոխարենը, այս տարվա հոկտեմբերի 29-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ ներդրողի հետ արեն կա նախնական համաձայնություն։ Իսկ աշխատանքների ֆինանսավորումը կսկսվի հենց նախագծային փուլից՝ նախահաշիվ կազմելու համար։ Փոխքաղաքապետը նշել է նաև, որ դեռ հստակ չեն կարող նշել ժամկետները։ Ըստ Սարգսյանի՝ աշխատանքների մեկնարկը կտրվի հաջորդ տարվա գարնանից։ 2020-ի սկզբին աշխատանքները մեկնարկելու մասին հայտարարություն դեռ մայիս ամսին արել էր նաև մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Ինչ վերաբերում է մետրոյի մյուս կայարանի կառուցման հարցին, ապա այն կառուցելու ծրագիրն այնքան էլ նոր չէ։ Այս մասին խոսվում էր նաև նախորդ տարի։ Նաև՝ եթե հնգամյա պլանում «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի կենտրոնների տարածքում կառուցվելիք կայարանի նախագիծը հստակ չէ, ապա Աջափնյակ մետրոյի պարագայում կան կատարված որոշակի հաշվարկներ և նշված է աշխատանքների մեկնարկի սկիզբը՝ 2020 թ․ գարուն։ Մի քանի այլ կետերի մասին Մյուս հայտարարությունը վերաբերում էր դրոշների տեղադրման համար հատկացված գումարներին, ըստ որի՝ դրանց չափերը չեն փոխվել հեղափոխությունից հետո։ Այս պնդումը համապատասխանում է իրականությանը։ Նշենք, որ 2018-ին դրոշների տեղադրման համար հատկացվել էր 45 միլիոն դրամ, 2019 և 2020 թվականներին՝ 44 միլիոն դրամ։ Ճիշտ է նաև այն, որ նախորդ տարվա համեմատ՝ ավելանում է աղբահանության համար նոր հիմնարկին տրվող գումարի չափը։ 2019-ին «Սանիթեքին» տրվել է 5 միլիարդ դրամ, նոր հիմնարկին՝ 4 միլիարդ 600 միլիոն դրամ։ Աղբահանության համար առանձին կետով նախատեսվել է 1,1 միլիարդ դրամ՝ մեքենաների ձեռքբերման համար։ Ի դեպ, 2020-ի բյուջեով աղբահանության համար հատկացվող գումարների չափը կրկնապատկվել է։ Այս տարվա 8 միլիարդ դրամի փոխարեն 2020-ին նախատեսվում է հատկացնել շուրջ 16 միլիարդ դրամ։ Շարունակությունը՝ fip.am։
14:36 - 20 նոյեմբերի, 2019
Քաղաքապետարանի ներկայացուցիչները սպասարկում են հին ցանցերի շահերը․ Վահրամ Սողոմոնյան

Քաղաքապետարանի ներկայացուցիչները սպասարկում են հին ցանցերի շահերը․ Վահրամ Սողոմոնյան

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հրավիրում եմ քաղաքապետ Հայկ Մարությանի ուշադրությունը։ Այսօր թիվ 164 հիմնական դպրոցում Երևանի քաղաքապետարանի նորանշանակ ներկայացուցիչները երկրորդ անգամ տապալել են տնօրենի ընտրությունը՝ չներկայանալով։ Ենթադրվող նպատակը՝ թույլ չտալ որպեսզի այլընտրանքային թեկնածուն (որը պատրաստվում էր առաջադրվել) մասնակցի ընտրությանը և հին տնօրենը հնարավորություն ստանա նշանակվել արդեն քաղաքապետի կողմից։Մենք տարբեր դպրոցներից տեղեկություններ ենք ստանում, որ քաղաքապետարանի ներկայացուցիչները սպասարկում են հին ցանցերի շահերը։ Շուտով հարցի մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք լրատվամիջոցներին և համապատասխան հարցում կանենք քաղաքապետարանին։»
13:01 - 03 հուլիսի, 2019
Առաջարկում եմ քննարկել Երեւանում երթեւեկության արագության շեմը 60-ից 50 կմ/ժամ նվազեցնելու հարցը. Մարության |news.am|

Առաջարկում եմ քննարկել Երեւանում երթեւեկության արագության շեմը 60-ից 50 կմ/ժամ նվազեցնելու հարցը. Մարության |news.am|

news.am։ Ես առաջարկում եմ քննարկել Երեւանում երթեւեկության արագության շեմը 60 կմ/ժամից 50 կմ/ժամ նվազեցնելու հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:«Չեմ կարծում, որ արագության իջեցումը կխոչընդոտի երթեւեկությանը, որովհետեւ ես շատ եմ տեսել, որ ոմանք արագ վարելով գնում են, հետո կարմիրի տակ հավասարվում ես իրենց ու մտածում՝ եղբայր, ոնց որ թե շտապում ես, բայց շատ հեռու չես գնա, եթե չես պատրաստվում կարմիրի տակով անցնել: Այսինքն 50-ով ես գնում, թե 80-ով, կարմիրի տակ կանգնելու ես»,-ասաց Մարությանը:Նա նախ նշեց, որ տվել է հանձնարարություն, որ Երեւանի բոլոր անցումների վրա հատուկ լուսավորություն լինի. «Միանգամից ամբողջ քաղաքում դա չենք կարող անել: Ես ասել եմ, որ գույքագրեն ամենամութ եւ վտանգավոր անցումները եւ կոնկրետ այդ անցումները պետք է լուսավորվեն:Շատ քաղաքներում նվազեցրել են շարժման արագությունը: Եթե մենք պատրաստ ենք դրան, այո 60 կմ/ժամը պետք է իջնի 50: Ինձ համար զարմանալի է, որ 8 գծանոց լայն փողոցում կա չկարգավորվող անցում եւ միաժամանակ 70 կմ/ժամ արագության թույլտվություն: Այստեղ ոչ մի տրամաբանական բան չկա»,-ընդգծեց քաղաքապետը:Նա հավելեց, որ ինքը շաբաթ-կիրակի մոնիտորինգ է անում եւ տեսնում, որ շատ դեպքերում մարդիկ չեն օգտվում վերգետնյա կամ ստորգետնյա անցումներից. «Եթե մենք ամբողջ քաղաքը պատենք վերգետնյա եւ ստորգետնյա անցումներով, ես ձեզ վստահեցնում եմ, որ խնդիրը չի լուծվի, որովհետեւ մարդիկ գերադասում են անցնել ուղիղ եւ արագ: Պետք է լինի մունիցիպալ ոստիկանություն, որը վերգետնյա եւ ստորերկրյա անցումների մոտ թույլ չտա փողոցով անցնել»:
11:11 - 26 հունիսի, 2019
1 մմ ճաքն էլ անմիջապես նորոգվում է, հորդորում ենք խուճապ չառաջացնել. Երեւանի մետրոպոլիտեն

1 մմ ճաքն էլ անմիջապես նորոգվում է, հորդորում ենք խուճապ չառաջացնել. Երեւանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկին՝ մետրոյի գնացքների անսարքության վերաբերյալ:«Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի 22.06.2019 թվականի ՝ «Տեխնոգեն աղետ.Մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից» վերտառությամբ հոդվածին, տեղեկացնում ենք, որ և՛ լուրը, և «մասնագիտական» վերլուծությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ․ ինչպե՞ս կարող է մետրոն դուրս գալ քաղաքի որևէ հատվածի ասֆալտի միջից, եթե այն գտնվում է 70 մետր խորության վրա։Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Երևանի մետրոպոլիտենում գիշերային ժամերին, երբ էլեկտրագնացքներով ուղևորափոխադրումը դադարում է, գործի է անցնում համապատասխան բրիգադը, որն էլ արատացուցիչի միջոցով իրականացնում է բոլոր կայարանների ռելսերի ստուգումները։ Մեկ միլիմետր խախտման և ճաքի դեպքում արատանշվում է դեպքը և անմիջապես նորոգվում։Երևանի մետրոպոլիտենը աշխատում է իր կարգախոսին համապատասխան և ապահովում է «արագ, անվտանգ և անխափան» ուղևորափոխադրում։ Հորդորում ենք մեր գործընկերներին խուճապ չառաջացնել ուղևորների շրջանում և ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ ձեզ համար միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»:  
09:11 - 22 հունիսի, 2019
Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները

Արաբկիրի կենտրոնական՝ Կոմիտասի պողոտայի փակ շուկայի մուտքին հարող մայթին տեղադրված առևտրային տաղավարներն ապամոնտաժվում են: «11 տաղավար, որոնք մոտավորապես 25մ մեկուսացրել են մայթը փողոցից, որը նաև քաղաքաշինական իմաստով սխալ է: Ժամանակին մայթի այդ հատվածը 5 տարի ժամկետով տրամադրվել է անհատ ձեռնարկատիրոջ: Այնուհետև ժամկետը երկարացվել է: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո մենք խնդիր էինք դրել, որ այն այլևս չենք երկարացնելու»,-պատմում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը: Այն, որ պայմանագրի ժամկետը չի երկարացվելու՝ տնտեսվարողը ծանուցվել էր դեռ ամիսներ առաջ: Երկարատև բանակցություններից հետո այսօր ապամոնտաժումն ամբողջովին կատարվում է հենց տաղավարների սեփականատիրոջ միջոցներով: Աննախադեպ այս ծրագրի հիմնական նպատակը նախ մայթն ազատելն էր, հետո նաև՝ շուկային իր նշանակությանը վերադարձնելն ու ծառայեցնելը: Տաղավարների ապամոնտաժումից հետո տարածքը կբարեկարգվի և կկանաչապատվի: Կվերականգնվի նաև մայթի ընդհատված ծառուղին, կփորվեն նոր բնաբաժակներ, և աշնանը տարածքը կհամալրվի նոր ծառերով: Արաբկիրում և հատկապես Կոմիտասի պողոտայում մայթերին տեղադրված կրպակների և տաղավարների ապամոնտաժման գործընթացը լինելու է շարունակական. «Նմանատիպ այլ կրպակաշարեր կան շուկայի մյուս կողմում, դրանք ևս պետք է նույն տարբերակով ապամոնտաժվեն: Մայթը լիարժեք գործառնական առումով վերադարձնելու ենք իր երբեմնի կարգավիճակին» ,- ընդգծում է վարչկան շրջանի ղեկավարը: Տաղավարների ապամոնտաժումն առաջացրել էր տարիներ շարունակ իրենց առևտուրն այստեղ կազմակերպող քաղաքացիների դժգոհությունը: Ու, թեև համայնքն ու վարչական շրջանը որևէ պարտավորություն չունեին առևտրով զբաղվողների նկատմամբ, վարչական շրջանի ղեկավարի առաջարկով առևտրականներն իրենց գործունեությունըը կարող են շարունակել շուկայում և առաջարկվող մի շարք այլ տարածքներում՝ առաջին մի քանի ամիսն առանց վճարելու պայմանով: Մայթերը բնակիչներին վերադարձնելու ևս մեկ օրինակը Արաբկիրում շուկայի հանդիպակաց մայթն էր: Առևտրի կենտրոնի կառուցումից հետո մայթն ամբողջությամբ վերածվել էր ավոտակայանտեղիի: Խնդիրն այստեղ արդեն լուծված է: 
16:24 - 17 հունիսի, 2019
Բնակիչների բողոքը մասամբ տեղ հասավ. Սիսակյան 3-ի շենքի հարկայնությունը կկրճատվի |hetq.am|

Բնակիչների բողոքը մասամբ տեղ հասավ. Սիսակյան 3-ի շենքի հարկայնությունը կկրճատվի |hetq.am|

hetq.am։ Երևանի Սիսակյան 3 հասցեում սոցիալական ծրագրով կառուցվող շենքի հարկայնությունը կկրճատվի. նախատեսված 12 հարկի փոխարեն կկառուցվի 8-ը։ Այսպիսի որոշում է կայացրել Երևանի քաղաքապետարանը մասամբ բավարարելով տարածքի բնակիչների պահանջը։ Սիսակյան 3-ի նորակառույցին հարող տարածքի՝ սեփական տների և այլ շենքերի բնակիչները ամիսներ շարունակ դիմումներ էին ուղարկում քաղաքապետարան՝ խնդրելով կրճատել շենքի հարկայնությունը։ Նրանք նաև փողոց փակեցին՝ շինարարությունը առժամանակ կանխելու նպատակով։ Բնակիչները պահանջում էին շենքի հարկայնությունը կիսել, կառուցել առավելագույնը 6 հարկ, քանի որ այդ տարածքում նախկինում եղել է հինգհարկանի հանրակացարան։ Իրենց դիմումներում բնակիչները նշում էին, որ շենքը 12 հարկ ունենալու դեպքում ստվերում է թողնելու իրենց տները՝ փակելով տեսադաշտն ու արևի մուտքը։Քաղաքապետարանը ընթացք չէր տալիս բնակիչների բողոքին՝ նշելով, թե շենքի նախագիծը կազմվել է գործող չափանիշներին համապատասխան, հետևաբար խախտումներ չկան։ Այն, որ իրենց պահանջը մասամբ բավարարվելու է, և 12-ի փոխարեն կառուցվելու է 8 հարկ, բնակիչներն իմացել են մի քանի օր առաջ, երբ իրենց է ուղարկվել Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի ստորագրությամբ որոշումը։Սիսակյան 3-ի շենքը կառուցվում է 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու սոցիալական ծրագրով։ Շենքի պատվիրատուն Երևանի քաղաքապետարանն է, կառուցապատումն իրականացնում է «Ինժգարանտ» ՍՊԸ-ն։
05:22 - 10 հունիսի, 2019
Մաշտոցի պողոտայի գետնանցումի նորոգման առաջարկ. Գրաֆիտիով պատ, թեքահարթակներ հեծանվորդների համար |panarmenian.net|

Մաշտոցի պողոտայի գետնանցումի նորոգման առաջարկ. Գրաֆիտիով պատ, թեքահարթակներ հեծանվորդների համար |panarmenian.net|

panarmenian.net: «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը ներկայացրել է Արամի, Բյուզանդ և Մաշտոց փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցման վերանորոգման իր տարբերակը:«Արամի, Բյուզանդ և Մաշտոց փողոցների խաչմերուկում գտնվող այս գետնանցումը տարիներ շարունակ կիրառվել է որպես «գրաֆիտի անելու տեղ» կամ «պետքարան»: Մեզ անհանգստացնում էր գետնանցումի նման կիրառությունը և կային մի շարք խնդիրներ, որոնց լուծումը մեզ համար առաջնահերթ էր.- Գետնանցումը դարձնել անվտանգ բոլորի համար, թե՛ առավոտյան, և թե՛ գիշերային ժամերին- Զարգացնել քաղաքային մշակույթը և Երևանում graffiti արվեստը- հոգալ մշտական խնդրի՝ «պետքարան»-ի հարցը- Ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց համար գետնանցումից օգտվելը դարձնել հնարավորԱյս նպատակներին հասնելու համար մենք նախագծեցինք աստիճանների և թեքահարթակի այս հիբրիդ լուծումը, որից կարող են նաև օգտվել մանկասայլակով ծնողները, հեծանվորդները և բոլոր նրանք, ում համար աստիճանները հարմար չեն: Անցումում տեղադրեցինք լուսային սենսորներ, որոնց միջոցով անցորդի շարժմանը զուգահեռ միանում են լույսեր, այսպիսով ապահովելով լուսավորությունը և միաժամանակ խնայելով էլեկտրաէներգիայի ծախսը»,-ասվում է ստուդիայի ֆեյսբուքյան գրառման մեջ:Նշվում է, որ անցումների մշտական խնդիրը լուծելու համար անցումի միջնամասում նախագծել են ներս ընկած թեք պատեր, որոնց վրայով հոսում է ջուր. այդ հատվածները կարող են ծառայել որպես հասարակական զուգարան՝ լուծելով քաղաքի լուրջ խնդիրներից մեկը:«Կարծում ենք՝ գրաֆիտիներով հայտնի այս անցումը պետք է պահել հենց այդպիսին: Անցումում նախատեսում ենք ունենալ գրաֆիտիների համար նախատեսված պատ, որը ժամանակ առ ժամանակ կարելի է թարմացնել՝ այս կերպ զարկ տալով քաղաքային մշակույթի զարգացմանը»,-ասվում է գրառման մեջ:
08:43 - 22 մայիսի, 2019
Երևանի թանգարանները հարուստ ծրագրով են նշելու «Թանգարանների գիշեր»  սպասված տոնը |armenpress.am|

Երևանի թանգարանները հարուստ ծրագրով են նշելու «Թանգարանների գիշեր» սպասված տոնը |armenpress.am|

armenpress.am: Թանգարանային գիշերվա և Թանգարանների միջազգային օրվա շրջանակում մայիսի 18-ին Հայաստանի և Արցախի հարյուրից ավելի թանգարանների դռներն անվճար բաց կլինեն հասարակության առաջ: Նախատեսված են բազմազան ու բազմաբովանդակ միջոցառումներ, որոնք ավելի կմեծացնեն հետաքրքրությունը թանգարանների հանդեպ:Երևանի մի քանի թանգարանում սպասվող միջոցառումները:   Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում կանցկացվի «Երաժշտությունը ավանդույթի ու ժամանակի մեջ» խորագրով բացօթյա համերգային ծրագիրը, որին մասնակցելու են Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի երգչախումբը, Ազգային նվագարանների համույթը և Ջազ նվագախումբը: Նվագախմբերն ու երգչախումբը հարուստ երկացանկով կզարդարեն թանգարանային գիշերի մասնակիցների մի քանի ժամը։Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նախատեսվում է «Սուրբ Էջմիածինը՝ Կոմիտաս Վարդապետի հոգևոր ծննդավայր» խորագրով զրույց-հանդիպում Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ:Աիդա Գալստյանը վարելու է կրթական ծրագիր՝ նվիրված Կոմիտասի և Թումանյանի 150-ամյա հոբելյաններին:Անցկացվելու է «Տեսանելի հնչյուն» ծրագիրը, որում համադրվելու են երաժշտությունն ու նկարչությունը: Կոմիտասի գործերը կատարելու են սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը, դաշնակահար Մարինա Վարդանյանը, նկարիչ Ռուբեն Սուվարին: Համերգի ընթացքում նկարիչ Ռուբեն Սուվարին ստեղծելու է հնչյունապատկեր: Համերգի ավարտին տեղի կունենա այդ ստեղծագործության ցուցադրությունը:Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում այցելուները հնարավորություն կունենան լուսանկարվել «Խաթաբալա» ֆիլմի մեծադիր լուսանկարի ֆոնին, ապա անվճար ներբեռնել ARize մոբայլ հավելվածը և հայտնվել վերոնշյալ ֆիլմի դրվագներից մեկում:Թանգարանում բացվելու է երաժշտագետ Սաշա Օգանիզաշվիլու 130-ամյակին նվիրված ցուցադրությունը: Ներկայացվելու են Օգանիզաշվիլու երաժշտական գործունեությանը նվիրված արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր և ազգային նվագարաններ: Փոքրիկ այցելուները կարող են դիտել Հովհաննես Թումանյանի հեքիաթների ինտերակտիվ բեմականացումը՝ դառնալով ներկայացման ակտիվ մասնակիցները: Կանցկացվի նաև «Կիթառս ու ես» համերգ-ֆլեշմոբը:Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացնելու է «Արվեստագետի մտերիմը» խորագրով դասախոսություն՝ նվիրված Արփենիկ Նալբանդյանին, Արմինե Կալենցին, Դիաննա Ուկլեբային և այն կանանց ովքեր նեցուկ են եղել իրենց արվեստագետ ամուսիններին և միասին անցել ստեղծագործողի դժվարին ուղին:Դասախոսությունը կվարի արվեստաբան՝ Հասմիկ Բադալյանը: Իրականացվելու է նաև «Իմ Կոմիտասը» կրթական ծրագիր՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին:«Կոմիտասը և մենք» խորագրով փառատոնի շրջանակներում տեղի կունենա տոնական համերգ, որին մասնակցելու է Երևանի պետական կամերային երգչախումբը՝ գլխավոր դիրիժոր և խմբավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան, տնօրեն՝ Վիլիամ Վայներ: Արվեստասերները կարող են մասնակցել «Լեոնարդո դա Վինչի. հեքիաթներ, լեգենդներ առակներ» ընթերցմանը, որը կապված է մեծ արվեստագետի մահվան 500-ամյակի հետ: Նյութը ներկայացնելու են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները:Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում ասմունքողներն ընթերցելու են Կապուտիկյանի ստեղծագործությունները, հնչելու են հեղինակի գործերի հիման վրա գրված երգեր:Տուն-թանգարանում բացվելու է Կապուտիկյանի տիկնիկների հարուստ հավաքածուի ցուցադրությունը: Նա հաճախ էր ճանապարհորդում և որպես հուշանվեր տարբեր երկրներից իր հետ տիկնիկներ էր բերում, որոնք խորհրդանշում էին այս կամ այն երկիրը:
08:08 - 18 մայիսի, 2019