Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ նեղացրել են չլուծված հարցերի շրջանակը․ Մեթյու Միլլեր
 |armenpress.am|

Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ նեղացրել են չլուծված հարցերի շրջանակը․ Մեթյու Միլլեր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին հանդիպման ժամանակ բավական նեղացրել են այն հարցերի շրջանակը, որոնք դեռ մնում են չլուծված։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Երբ ասում ենք, որ (խմբ․՝ խաղաղությունը) մոտ է, նկատի ունենք, որ նրանք զգալի առաջընթաց են գրանցել մի շարք հարցերի շուրջ։ Նույնիսկ վերջին հանդիպման ժամանակ նրանք նեղացրել են այն հարցերի շրջանակը, որոնք մնում են չլուծված։ Այնպես որ, մենք կարծում ենք, որ հաշվի առնելով լուծման ենթակա խնդիրների թվի նվազումը՝ համաձայնությունը մոտ է», - ասել է Մեթյու Միլլերը։ Դիվանագետը շեշտել է, որ խաղաղության համաձայնագրի հասնելու համար երկու կողմերն էլ պետք է փոխզիջման պատրաստակամություն ունենան։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև հաջորդ բանակցություններին, Միլլերը նշել է, որ առայժմ նման հանդիպում պլանավորված չէ։
10:28 - 13 հուլիսի, 2023
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հուլիսի 8-ին Խորվաթիայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: Նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային զարգացումները, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Երկարատև խաղաղության հասնելու համատեքստում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտությունը:  Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և ագրեսիվ գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված անվտանգային և մարդասիրական խնդիրներին։ Արարատ Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտմանն ուղղված՝ Բաքվի քաղաքականության կանխման նպատակով միջազգային կոնկրետ քայլերի անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից ադրբեջանական կողմը խոչընդոտներ է ստեղծում անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ ԼՂ անարգել մարդասիրական հասանելիության համար:   Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկու երկրների միջև հարաբերությունների, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության գերակայությունների և առկա մարտահրավերների շուրջ:
14:57 - 09 հուլիսի, 2023
Սա նույնիսկ շրջափակում չէ, սա Լեռնային Ղարաբաղի պաշարում է, մարդիկ պաշարված են. Արարատ Միրզոյան

Սա նույնիսկ շրջափակում չէ, սա Լեռնային Ղարաբաղի պաշարում է, մարդիկ պաշարված են. Արարատ Միրզոյան

Հուլիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի համաժողովի շրջանակներում անցկացվող «Համաշխարհային կարգը խախտված. ինչպե՞ս կայունացնել համաշխարհային քաղաքականությունը» պանելային քննարկմանը:  Անդրադառնալով ՀՀ-ԵՄ գործընկերությանը՝ նախարար Միրզոյանը նշել է.  «Ներկայումս Հայաստանը ժողովրդավարական լայնածավալ բարեփոխումների գործընթաց է իրականացնում՝ ուղղված ժողովրդավարական հաստատությունների, մարդու իրավունքների պաշտպանության և անկախ դատական համակարգի ամրապնդմանը: Սա Եվրոպական միությանն ավելի է մոտեցնում Հայաստանին և հակառակը: Անակնկալ չէ, որ մենք նաև ուսումնասիրում ենք տարբեր ոլորտներում ՀՀ և ԵՄ միջև հարաբերությունների խորացման ու համագործակցության նոր հեռանկարներ, այդ թվում՝ անվտանգության հարթության մեջ. մենք անցկացրեցինք Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության հարցերով առաջին նիստը»: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև շեշտել ԼՂ-ում էթնիկ զտման վտանգն ու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման հրամայականը: «Չեմ կարող խոսքս սահմանափակել միայն Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով, քանի որ անվտանգային իրավիճակը ենթադրում է նաև Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող հարցերի հետ կապված որոշ թեմաներ: Քանի որ մենք խոսում ենք խախտված աշխարհակարգից, ես պետք է որոշ դիտարկումներ անեմ այն արտաքին սպառնալիքների և մարտահրավերների վերաբերյալ, որոնց առերեսվում է Հայաստանը: Հիմա խոսում ենք համաշխարհային կարգի խախտման և միջազգային իրավունքի և կանոնների խախտման մասին: Մենք խոսում էինք այս ամենի մասին սկսած 2020 թվականից, երբ Ադրբեջանը պատերազմ, ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղում: Մենք բարձրաձայնում էինք այս մասին, սակայն այդ պահին աշխարհի միայն մի քանի երկրներ մեզ ականջալուր եղան, իսկ այժմ բոլորն առերեսվում են առավել մեծ խնդրի հետ: Մենք ներկայացնում էինք մեր խնդիրները, որոնք մաս են կազմում առավել մեծ հիմնախնդրի՝ միջազգային նորմերի կոպիտ խախտումների, ինչին այսօր բախվել են բոլորը: Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը մի քանի անգամ ենթարկվեց ներխուժումների, և այս համատեքստում ես պետք է մեր երախտիքը հայտնեմ ԵՄ կողմից շատ արագ արձագանքելու կապակցությամբ, ինչն, ի դեպ, գուցե մի փոքր անսպասելի էր ԵՄ պարագայում: Այսպես, ԵՄ արագ որոշում կայացրեց ԵՄ մշտադիտարկման առաքելություն ուղարկել Հայաստանի և մեր արևելյան հարևան Ադրբեջանի միջև պետական սահմանին իրավիճակը դիտարկելու նպատակով: ԵՄ դիտորդները ներկայումս այնտեղ են և իրականացնում են իրենց առաքելությունը: Սա էական գործոն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կայունության համար, և մենք շնորհակալ ենք դրա համար:  Սակայն սա խնդրի միայն մի մասն է. առկա է նաև Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցը: Կարծում եմ՝ մենք չենք կարող աչք փակել և ձևացնել, թե չկա նման խնդիր. կա խնդիր, և դա ոչ միայն Հայաստանի, այլև բոլորի խնդիրն է: Լեռնային Ղարաբաղում ժողովուրդը առերեսվում է իրական էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի: Եթե աշխարհակարգը, որի մասին մենք խոսում ենք և երազում, հիմնված է արժեքների վրա, ուրեմն մարդկությունը դեռ ունի հնարավորություն: Եթե խոսքը արժեքների մասին է, ուրեմն չենք կարող զերծ մնալ այս խնդիրը լուծելուց, քանի որ, կրկին, մենք խոսում ենք մարդկային կյանքերի մասին, և քաղաքականությունը մարդկանց կյանքը բարելավելու մասին է: Այսպիսով, սա բարդ իրավիճակ է, որով մենք պետք է զբաղվենք. առաջին հերթին գիտակցել, երկրորդ հերթին առավել մեծ ջանքեր ներդնել կանխելու Լեռնային Ղարաբաղում էթիկ զտումները, կա նման հնարավորություն: Մենք ներգրավված ենք բանակցային գործընթացում, փորձում ենք լուծումներ գտնել, թեև բանակցություններն ու խաղաղությունը շատ նման են տանգոյի. վերջինիս համար հարկավոր է զուգընկեր, խաղաղություն համար ևս հարկավոր է, որ ձեր հարևանը պատրաստ լինի խաղաղություն հաստատել, տևական խաղաղություն: Միայնակ հնարավոր է պատերազմ սկսել, բայց, ցավոք, միայնակ հնարավոր չէ հասնել տևական խաղաղության: Եվ այսպես, մենք բարեխղճորեն մասնակցում ենք բանակցություններին, բայց բանակցություններին զուգահեռ մենք դեռևս բախվում ենք ուժի սպառնալիքի և բուն ուժի կիրառմանը, ինչպես նաև ականատես ենք լինում Լեռնային Ղարաբաղի շրջափակման: Սա նույնիսկ շրջափակում չէ, սա Լեռնային Ղարաբաղի պաշարում է. բավականին երկար ժամանակ է՝ ինչ սնունդ և դեղորայք չի մատակարարվում Լեռնային Ղարաբաղ։ Մարդիկ պաշարված են։ Եվ սա խնդիր է, որը, ցավոք, մենք միայնակ չենք կարող լուծել, ունենք ձեր աջակցության կարիքը: Կարծում եմ, որ յուրաքանչյուրն ունի կամ պետք է ունենա պատասխանատվության իր սեփական բաժինը։ Կրկին, եթե մենք ուզում ենք ապրել ոչ թե քաոսի, այլ կարգուկանոնի մեջ»: Դուբրովնիկի համաժողովի աշխատանքների շրջանակներում Արարատ Միրզոյանը նաև մի շարք շփումներ է ունեցել միջոցառմանը մասնակցող գործընկերների հետ:
21:48 - 08 հուլիսի, 2023
Դատախազն ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարած Թ.Ա.-ի վերաբերյալ գործն ուղարկել է դատարան

Դատախազն ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ սպանության փորձ կատարած Թ.Ա.-ի վերաբերյալ գործն ուղարկել է դատարան

Երևան քաղաքի բնակիչ Թ.Ա.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմը 2020 թվականի նոյեմբերի 10-ին դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերի մոտ և դրանց ներսում կատարվում են զանգվածային անկարգություններ, դրանց մասնակցելու նպատակով նախ գնացել է Կառավարության, այնուհետև՝ Ազգային ժողովի վարչական շենք: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։ «Ազգային անվտանգության քննչական գլխավոր վարչությունում քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ազգային ժողովի շենքում որոշակի ժամանակ մնալուց հետո՝ ժամը 03:25-ի սահմաններում, Թ.Ա.-ն քայլել է Դեմիրճյան փողոց, որտեղ նկատելով, որ մի խումբ անձինք, կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածներ են հասցնում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ա.Մ.-ին՝ կապված վերջինիս պետական, քաղաքական  գործունեության հետ, խմբի անդամների հետ ձեռնամուխ է եղել հանցավոր մտադրության իրագործմանը: Թ.Ա.-ն, նկատելով, որ Ա.Մ.-ի անվտանգությունն ապահովող ԱԱԾ Պետական պահպանության ծառայության աշխատակիցները փորձում են դեպքի վայրից տեղափոխել Ա.Մ.-ին և կանխել ծանր հետևանքների առաջացումը, բարձրացել է հարակից հատվածում կայանված ավտոմեքենայի շարժիչի ծածկի վրա և ոտքով մի քանի անգամ հարվածել այդ պահին ավտոմեքենայի դիմացի հատվածում կանգնած Ա.Մ.-ին, որի հետևանքով ԱԺ նախագահն ընկել է գետնին: Այնուհետև, Թ.Ա-ն, ճեղքելով Ա.Մ.-ին շրջապատած անձանց շարքերը և մի կողմ հրելով անվտանգության աշխատակիցներին, մոտեցել է իր իսկ հարվածի հետևանքով գետնին ընկած Ա.Մ.-ին և, անտեսելով այդ պահին հնչող «մեռնում ա...մի՛ արեք» կոչը, հստակ գիտակցելով Ա.Մ.-ի անօգնական վիճակը և բռնություն գործադրելու եղանակով վերջինիս սպանելու ակնհայտ հնարավորությունը, ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել պաշտպանվելու կամ դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեցող Ա.Մ.-ի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող կրծքավանդակի, որովայնի, գոտկային շրջաններին: Թ.Ա.-ի հանցագործությունը կամքից անկախ պատճառներով չի իրագործվել, քանի որ Ա.Մ.-ի անվտանգությունն ապահովող աշխատակիցները և ներկաներից ոմանք կանխել են նրա գործողությունները, որից հետո հրելով նրան հեռացրել են Ա.Մ.-ից: Թ.Ա.-ի և մյուսների գործողությունների արդյունքում Ա.Մ.-ն ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ, անգիտակից վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը: 2023 թվականի հունիսի 15-ին Թ.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածով (պետական, քաղաքական գործչի սպանության փորձ) նախատեսված հանցանք կատարելու համար: Թ.Ա.-ի նկատմամբ կիրառված է կալանք խափանման միջոցը: 2023 թվականի հունիսի 30-ին հսկող դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:
19:20 - 07 հուլիսի, 2023
Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցերի շուրջ

Արարատ Միրզոյանն ու Կատրին Կոլոննան մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության ու կայունության հարցերի շուրջ

Հուլիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ։  Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Անդրադարձ է կատարվել առանցքային հարցերին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանն առնչվող հարցերի: Նախարար Միրզոյանն ընդգծել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու անթույլատրելիությունը, Ադրբեջանի կողմից ագրեսիվ գործողություններից և սադրիչ հռետորաբանությունից զերծ մնալու անհրաժեշտությունը: Ընդգծվել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հաղթահարման և Ադրբեջանի կողմից էթնիկ զտումներին ուղղված հետագա գործողությունների կանխման ուղղությամբ միջազգային ջանքերի հրատապությունը:
21:48 - 06 հուլիսի, 2023
ՀՀ ԱԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման՝ երկու երկրների տեսլականին

ՀՀ ԱԳ նախարարն ու Իրանի դեսպանը անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման՝ երկու երկրների տեսլականին

Հուլիսի 4-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  ԱԳ նախարար Միրզոյանը, նշելով, որ դեսպան Զոհուրիի պաշտոնավարման ժամանակահատվածը համընկել է Հայաստանի համար խիստ բարդ շրջանի հետ, բարձր է գնահատել Հայաստանի և Իրանի միջև փոխըմբռնման ու հարաբերությունների խորացման գործում նրա կողմից ներդրված ջանքերը և հաջողություն մաղթել հետագա դիվանագիտական աշխատանքում: Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համագործակցության օրակարգային տարբեր հարցեր՝ երկուստեք գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Ընդգծվել է, որ երկու երկրների փոխգործակցությունը բխում է ինչպես տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հրամայականից, այնպես էլ երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական կապերից: Վերահաստատվել է բարձրաստիճան փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների դրական դինամիկան պահպանելու պատրաստակամությունը: Կարևորվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերի իրականացմանն, երկկողմ առևտրի խթանման առկա ներուժի օգտագործմանն ուղղված քայլերը: Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման՝ երկու երկրների տեսլականին և այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին:
15:15 - 04 հուլիսի, 2023
Ավարտվեցին ԱՄՆ-ի հովանու ներքո հայ-ադրբեջանական հերթական բանակցություննները Վաշինգտոնում |amerikayidzayn.com|

Ավարտվեցին ԱՄՆ-ի հովանու ներքո հայ-ադրբեջանական հերթական բանակցություննները Վաշինգտոնում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կողմերի հետ հանդիպումից հետո բանակցություններն ամփոփող ելույթում բարձր է գնահատել Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև բանակցություններում արձանագրված առաջընթացը: «Ես և մեր թիմը, ինչպես նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը բարձր ենք գնահատում Ջեզ հետ հանդիպելու հնարավորությունը ու նաև համաձայնագրի այս ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին հետագա առաջընթացը, ներառյալ որոշ լրացուցիչ հոդվածների շուրջ համաձայնությունը, այլ չկարգավորված հարցերի վերաբերյալ դիրքորոշումների փոխըմբռնման խորացումը, ինչպես նաև գիտակցումը, որ առջևում դեռևս սպասվում է ծանր աշխատանք, որը պետք է կատարվի՝ վերջնական համաձայնագրին հասնելու համար»,- հայտարարել է Բլինքենը: Պետքարտուղարը կարևորել է մոտակա ժամանակներում ԵՄ-ի հովանու ներքո սպասվող հանդիպումը Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների միջև: Անհամբեր սպասում ենք առաջիկա շաբաթներում այս գործընթացի շարունակությանը, ասել է պետքարտուղարը: «Կարծում եմ, որ բոլորի մոտ առկա է հստակ ըմբռնում, որ որքան մոտենում ենք համաձայնության հասնելուն, այդքան որոշ դեպքերում գործընթացն ավելի է դժվարանում, քանի որ, ըստ սահմանման, ամենադժվար հարցերը թողնված են վերջում»: Ավելի ուշ թվիթերյան գրառման միջոցով ԱՄՆ պետքարտուղարը կրկին երախտագիտություն է հայտնել կողմերին անկեղծ և բաց երկխոսության համար: «Շնորհակալ եմ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու աշխատանքներում անկեղծ և բաց դրսևորում ցուցաբերելու համար: Կարևոր առաջընթաց է արձանագրվել, և մենք հանձնառու ենք տարածաշրջանի խաղաղ ապագային»,- գրել է պետքարտուղարը: Նախքան պետքարտուղարի ելույթն ԱՄՆ արտաքին գերատեսչության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցում բանակցությունները որակել է կառուցողական՝ հայտնելով, որ պետքարտուղարը երկկողմ և եռակողմ հանդիպումներ կունենան արտգործնախարարների հետ: Իսկ Երևանն ու Բաքուն բանակցություններից հետո ամփոփել են արդյունքները նույնանման հայտարարության տեսքով, ուր, մասնավորապես, նշված է. «Նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ: Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք: Երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը»: Հիշեցնենք, որ վաշինգտոնյան բանակցությունները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև մեկնարկել էին հունիսի 27-ին Վաշինգտոնին մերձակա Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում: Վաշինգտոնում ընթացող բանակցություններին զուգահեռ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ռազմական բախում, որի հետևանքով զոհվել են չորս հայ զինծառայողներ: Երևանն ու Բաքուն փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին: Այս առիթով լրագրողների հետ ճեպազրույցին պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանթ Փաթելն ասել էր. «Խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում [տեղ գտած միջադեպի հետևանքով] զոհվածների առնչությամբ և մեր ցավակցությունն ենք հայտնում բոլոր զոհվածների ընտանիքներին։ Այս վերջին միջադեպերն ընդգծում են ռազմական գործողություններից զերծ մնալու և տևական ու արժանապատիվ խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը»: Փաթելն ընդգծել էր, սակայն, որ բանակցություններն ընթանում են ըստ նախատեսվածի՝ ժամանակցույցում առանց որևէ փոփոխության: Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բարձր մակարդակի հաջորդ հանդիպումն այս պահին նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:
11:39 - 30 հունիսի, 2023
Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ. ՀՀ ԱԳՆ

Միրզոյանն ու Բայրամովը համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ. ՀՀ ԱԳՆ

Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ: Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «Նախարարներն ու նրանց թիմերը շարունակել են առաջընթացը «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ: Նրանք համաձայնության են հասել համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդվածների շուրջ և գրանցել փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ մի քանի առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք»,- ասվում է հաղորդագրությունում։ Արտաքին գերատեսչությունից հայտնում են նաև, որ երկու նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ամերիկյան կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար և հայտնել բանակցությունները շարունակելու իրենց հանձնառությունը: 
00:37 - 30 հունիսի, 2023