Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ․ Զարուհի Բաթոյան

Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ․ Զարուհի Բաթոյան

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ վարչապետի որոշմամբ այսօր ազատվել եմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից: Արված աշխատանքների մասին լրացուցիչ հաշվետվություն կներկայացնեմ: Հիմա ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարության իմ գործընկերներին և հատկապես այն թիմին, որն առանց դադարի աշխատեց թե՛ COVID-ով պայմանավորված արտակարգ դրության, թե՛ ռազմական դրության ընթացքում: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր կամավորներին, որոնք պատերազմի ընթացքում մեզ հետ էին և, իհարկե, բոլոր քաղաքացիներին, ում շնորհիվ Արցախի մեր հայրենակիցները աջակցություն ստացան: Շնորհակալ եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և համատեղ աշխատանքի համար»:
15:15 - 20 նոյեմբերի, 2020
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:Զարուհի Բաթոյանը ներկայացրել է պատերազմական գործողությունների ողջ ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև՝ մատնանշել ստեղծված իրավիճակում սոցիալական առաջնային կարիքները. «Արդեն հաջորդ շաբաթ կմեկնարկի միանվագ դրամական աջակցության ծրագիրը, որը նախատեսված է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների համար: Կառավարությունն այս օրերին  քննարկում է նաև Արցախում առաջացած հումանիտար աղետի հակազդման, քաղաքացիական ենթակառուցվածքների, Արցախի բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի ծրագրերը: Բացի այդ՝ մշակվել է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը»,- ասել է նախարար Բաթոյանը: Դեսպան Լաքոտը շնորհակալություն է հայտնել այս ծանր ժամանակահատվածում հանդիպման կազմակերպման համար. «Ուզում եմ ևս մեկ անգամ ուղղակի փաստել, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի կողքին է: Մեր համակրանքը և համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին: Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում, իր անմիջական ազդեցությունն է ունենում նաև Հայաստանի բնակչության վրա: Սա բավականին ծանր է ոչ միայն Հայաստանի կառավարության և մասնավորապես Ձեր նախարարության համար, այլև շարքային քաղաքացիների, ովքեր հյուրընկալել են ռազմական գործողությունների հետևանքով իրենց տները լքած մարդկանց: Այս համատեքստում Ֆրանսիան պատրաստվում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանին և հայ ժողովրդին»,- հանդիպման ընթացքում ասել է դեսպան Լաքոտը: Դեսպանը մանրամասնել է, որ խոսքը կարճաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրերի մասին է՝ հաշվի առնելով նաև պատերազմի մնայուն հետևանքները:
19:56 - 19 նոյեմբերի, 2020
Էդմոն Մարուքյանի պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն․ Սոցապ նախարարություն

Էդմոն Մարուքյանի պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն․ Սոցապ նախարարություն

Արձագանքելով ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությանն այն մասին, թե, իբր, Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիներն անտուն են մնում, իսկ նախարարությունը չի աշխատում, ստիպված ենք արձանագրել, որ ԱԺ պատգամավորի այդ պնդումները իրականության հետ որևէ աղերս չունեն: Այս մասին ասվում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ «Կացարանի համար նախարարություն դիմած բոլոր քաղաքացիներին առաջարկվել է կացարան: Դրան համաձայնելու դեպքում՝ կազմակերպվել է նրանց տեղափոխությունը ժամանակավոր կացարաններ: Նախարարությանը դիմած և անտուն մնացած արցախցիներ Հայաստանում չկան: Բացի այդ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է՝ Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված այն քաղաքացիները, ովքեր չունեն ժամանակավոր կացարան կամ հյուրընկալող, կարող են մոտենալ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող Արաբկիրի հայորդաց տուն, որտեղ շարունակում է գործել արցախցիների նախնական կայանման կենտրոնը: Այն աշխատում է շուրջօրյա: Կենտրոնում քաղաքացիները կարող են մնալ մինչև 24 ժամ, կա նաև սնվելու, գիշերելու և հանգստանալու հնարավորություն: Տեղում իրականացվում է քաղաքացիների կարիքների գնահատում, կացարանի կարիքի հայտ լրացվում: Կենտրոնից կազմակերպվում է քաղաքացիների տեղափոխումը ժամանակավոր կացարաններ: Կենտրոնում աշխատում են նաև հոգեբաններ և սոցիալական աշխատողներ: Շաբաթը 7 օր՝ 24-ժամյա աշխատանքային գրաֆիկով շարունակում է աշխատել նաև նախարարության 114 թեժ գիծը, որի միջոցով կարող եք ստանալ Ձեզ հուզող հարցերի պատասխանները, անհրաժեշտ ուղղորդումներ, ինչպես նաև՝ կացարանի կարիքի հայտ ձևավորել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում շարունակում է գործել սոցիալական աջակցության օպերատիվ շտաբը, որը զբաղվում է կացարանային ֆոնդի ձևավորմամբ և կարիքի համադրմամբ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշտական կապի մեջ է Արցախի գործընկերների, այդ թվում ԱՀ պետական նախարարի հետ՝ արցախցի մեր հայրենակիցների առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծման համար: Նախարարությունը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել արցախցի մեր գործընկերներին՝ դրա կարիքի դեպքում»։
19:11 - 18 նոյեմբերի, 2020
Ռայնիսի փողոցի փլուզված շենքի 12 բնակիչներ բնակարանի գնման վկայագրեր են ստացել

Ռայնիսի փողոցի փլուզված շենքի 12 բնակիչներ բնակարանի գնման վկայագրեր են ստացել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ բնակարանի գնման վկայագրեր է տրամադրել 2020 թ.-ի օգոստոսի 26-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցի N1 շենքի 12 փլուզված բնակարանների սեփականատերերին: Աջակցության չափը հաշվարկվել է՝ հիմքում ընդունելով փլուզված բնակարանի մակերեսները և ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված՝ 1 քառ. մետրի համար ձևավորված շուկայական միջինացված գնի տվյալները՝ 333 հազ. դրամ՝ 1քմ-ի համար: Կառավարության որոշման համաձայն՝ եթե նոր ձեռք բերվող բնակարանի արժեքն ավելի ցածր է, խնայված գումարը մնում է շահառուին: Եթե գնվող բնակարանի արժեքը գերազանցում է վկայագրով տրամադրվող աջակցությանը, ապա շահառուն կարող է նաև հավելյալ գումար ավելացնել կամ ձեռք բերել այն հիպոթեկային վարկավորման միջոցով: Հիշեցնենք, որ բնակարանների գնման վկայագրերի համար անհրաժեշտ գումարը հատկացվել էր ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացումը ևս վերապահելով նախարարությանը: Հիշեցնենք՝ օգոստոսին Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի էր ունեցել պայթյուն, որից շենքը մասնակի փլուզվել էր։
11:55 - 18 նոյեմբերի, 2020
Վերջին ամսվա ընթացքում Արցախից տեղափոխված մեր հայրենակիցներին ցուցաբերվել է համալիր աջակցություն․ Զարուհի Բաթոյան

Վերջին ամսվա ընթացքում Արցախից տեղափոխված մեր հայրենակիցներին ցուցաբերվել է համալիր աջակցություն․ Զարուհի Բաթոյան

Վերջին ամսվա ընթացքում Արցախից տեղափոխված` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին ցուցաբերվել է համալիր աջակցություն, ինչպես սոցիալական պաշտպանության, այնպես էլ առողջապահության համակարգի հաստատություններում՝ կացարան, բուժում, սոցիալական ծառայությունների ապահովում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Այս պահին նախարարության համակարգի խնամքի հաստատություններում ապրում են կյանքի դժվարի իրավիճակում հայտնված 97 արցախցի տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք: Քաշաթաղի 2 գիշերօթիկ հաստատություններից ՀՀ են տեղափոխվել 22 շահառուներ, որոնց խնամքը կազմակերպում է նախարարության գործընկեր հանդիսացող «ՍՈՍ մանկական գյուղեր» կազմակերպությունը: Թե չափահասների, թե երեխաների կեցությունը և անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը կիրականացվի այնքան ժամանակ, մինչև ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ` նրանց վերադարձը Արցախ կազմակերպելու համար»,- գրել է նա:
20:20 - 16 նոյեմբերի, 2020
Արցախցիների համար նախատեսված կացարանների պայմաններն ամենալավը չեն, բայց որեւէ մեկը դրսում չի մնում. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակ

Արցախցիների համար նախատեսված կացարանների պայմաններն ամենալավը չեն, բայց որեւէ մեկը դրսում չի մնում. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակ

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Արցախից Հայաստան եկած քաղաքացիներին տեղավորման հարցում ստանում է նաեւ մասնավոր կազմակերպությունների, հյուրատնային, հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների, անհատների ու նախաձեռնող խմբերի աջակցությունը՝ մեր հայրենակիցներին կացարաններ տրամադրելու հարցում։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Պատերազմի ընթացքում էլ Արցախի՝ մարտագծին մոտ գտնվող բնակավայրերից տարհանվող բնակիչներին Հայաստանի Հանրապետությունում կեցավայր տրամադրելու համար քայլեր էին ձեռնարկում ոչ միայն պետական կառույցները, այլեւ անհատներն ու կամավորական նախաձեռնությունները: Կրակի դադարեցումից հետո, երբ քաղաքացիների մի մասն առնվազն այս պահին չի կարող վերադառնալ իր բնակության շրջանները, Հայաստանում նրանց տեղավորման հարցերն առավել հրատապ են դարձել։ Մեր զրույցում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության խոսնակը հայտնեց, որ կացարանային ցանկում ներառված են նաեւ պետական եւ համայնքային նշանակության բազմաթիվ շենքեր, շինություններ` նախկին մանկապարտեզներ, քոլեջներ, մանկատներ, գիշերօթիկ հաստատություններ եւ այլ կառույցներ, որտեղ հնարավոր է մարդկանց շուրջօրյա կեցության ապահովումը։ Կարեւոր է, որ տրամադրվող վայրերը ապահովված լինեն կոմունալ որոշակի հարմարություններով եւ ջեռուցվեն։ Ինչպես ներկայացրեց մեր զրուցակիցը՝ նախարարության աշխատակիցները հավաքագրում են կացարանների մասին տվյալները, հավաքում են նաեւ Արցախից եկած հայրենակիցների հայտերը, որոնք այս պահին բնակության վայրի խնդիր ունեն։  «114 եւ 117 թեժ գծերին ստացած հեռախոսազանգերի շնորհիվ ճշտվում են` քանի անձ ունի կացարանի խնդիր, քանիսը՝ որոշակի հատուկ կարիքներ: Մեր հայրենակիցները, որոնք դիմում են նախարարությանը, հաճախ ունենում են հատուկ կարիքներ՝ վիրավորում, հաշմանդամություն, լինում են տարեցներ, որոնք հատուկ խնամքի կարիք ունեն: Բոլոր այս կարիքները գնահատվում, հավաքագրվում են, տվյալ քաղաքացու անունով կազմվում է, այսպես ասած, անհատական գործ»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ այստեղ զետեղված են կացարանի ապահովման համար պետք եղած բոլոր տեղեկություններն ու տվյալները, որոնք համադրում են կացարան առաջարկող կազմակերպությունների եւ քաղաքացիների տվյալների հետ, առաջարկում վերջիններիս։ Նախարարության խոսնակի հավաստմամբ՝ հայտերը լրացնելուց հետո անձանց՝ կացարան տեղափոխվելը ժամերի կամ առավելագույնը մեկ օրվա ընթացքում կազմակերպվում է։ Թեժ գծին դեռեւս չզանգահարած, առանց ժամանակավոր կացարանի ու այս հարցը սեփական ուժերով լուծելու հնարավորություն չունեցող քաղաքացիների համար ստեղծվել է առաջնային կայանման կետ, որը Ներսիսյան 14/1 հասցեում է: Այս կայանման կետում քաղաքացիները կարող են մնալ մինչեւ մեկ օր, սնվել, գիշերել, հանգստանալ, մինչեւ հենց տեղում կարիքները կգնահատվեն, հայտ կլրացվի կացարանի ձեռքբերման համար եւ արդեն հենց այստեղից կուղեկցվեն ժամանակավոր կացարաններ, եթե, ինչպես նշեց նախարարության խոսնակը, քաղաքացիները համաձայնում են առաջարկված կացարանին:  Ըստ Մարտիրոսյանի՝ լինում են նաեւ դեպքեր, երբ շահառուները հրաժարվում են կացարանից: Վերջիններում, ցավոք, պայմաններն իդեալական չեն, մանավանդ երբ արդեն բավականին շատ մարդիկ տեղավորված են․ «Ժամանակավոր կացարանների պայմանները արդեն այս պահին ամենալավը չեն, բայց, ամեն դեպքում, որեւէ քաղաքացի դրսում չի մնում: Հասկանալով պահի ողջ լրջությունը` նաեւ հորդորում ենք քաղաքացիներին, որ ժամանակավորապես համաձայնեն ոչ շատ բարվոք կենցաղային պայմաններին, մինչեւ կկարողանանք իրենց համար ավելի լավ պայմաններով կացարաններ առաջարկել»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը: Նրա վստահեցմամբ՝ կացարանները դեռեւս բավարարում են, միայն թե ոչ Երեւանում։ Բանն այն է, որ լինում են դեպքեր, երբ մարդիկ հրաժարվում են մարզերում գտնվող կեցավայրերից, որովհետեւ ցանկանում են Երեւանում մնալ․ «Երեւանում կացարաններ այեւս չկան, Երեւանում կացարան տրամադրելու տրամաբանությունը վիրավոր զինծառայողներին, նրանց ընտանիքներին, ստացիոնար բուժում ստացողներին տրամադրելու մեջ է, նրանք ամեն օր առողջապահական հասատություններ այցելելու խնդիր ունեն»,- ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մաուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը` հավելելով. որ եթե քաղաքացին առաջարկած բոլոր տարբերակներից հրաժարվում է, ապա իրենց այլեւս անելու բան չի մնում: Զարա Խաչատրյան
18:39 - 12 նոյեմբերի, 2020
2021-ի բյուջեն թույլ է տալիս ընթացիկ ծրագրերում ընդգրկել նաև պատերազմի հետևանքով կարիքի մեջ հայտնված շահառուներին. Բաթոյան
 |1lurer.am|

2021-ի բյուջեն թույլ է տալիս ընթացիկ ծրագրերում ընդգրկել նաև պատերազմի հետևանքով կարիքի մեջ հայտնված շահառուներին. Բաթոյան |1lurer.am|

1lurer.am: 2021-ի բյուջեն ձևավորվել է մինչև պատերազմական վիճակը՝ նկատի չառնելով ստեղծված իրավիճակը, սակայն բյուջեն թույլ է տալիս ընթացիկ ծրագրերում ընդգրկել նաև ռազմական գործողությունների հետևանքով կարիքի մեջ հայտնված նոր շահառուներին: Այդ մասին խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկմանն ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:   Նախարարը վստահեցրեց, որ բոլոր սոցիալական ծրագրերը գործելու են նաև հաջորդ տարի, ոչինչ չի կրճատվել, ֆինանսավորումը չի նվազել, ուստի կարող են աջակցել նաև նոր խմբերի:  Զ.Բաթոյանը նշեց, որ նախարարությունը պատրաստ է քննարկել նոր ծրագրեր, փոփոխությունների առաջարկներ, եթե դրա ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ դրա անհրաժեշտությունը կառաջանա:
10:55 - 09 նոյեմբերի, 2020
Զարուհի Բաթոյանն ու Միքայել Վիրաբյանը քննարկել են Արցախից տեղափոխված քաղաքացիների կացարանների մասին հարցեր

Զարուհի Բաթոյանն ու Միքայել Վիրաբյանը քննարկել են Արցախից տեղափոխված քաղաքացիների կացարանների մասին հարցեր

Քիչ առաջ տեղի է ունեցել հանդիպում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքների համակարգող Միքայել Վիրաբյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի միջև՝ վերջին օրերի ընթացքում Արցախից տեղափոխված քաղաքացիների կացարանային և նման այլ խնդիրների վերաբերյալ քննարկումներ իրականացնելու նպատակով։   Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը: Նշվում է, որ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց մասին առաջիկայում կիրազեկվի հանրությանը, իսկ մինչ այդ ժամանակավորապես տեղափոխված արցախցիների կացարանային խնդրի լուծման համար տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 114 թեժ գծի հեռախոսահամարին կամ այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող Հայորդաց տան շենքում ժամանակավոր գործող կայանման կետ, որտեղից կկազմակերպվի տեղափոխումը ժամանակավոր կացարաններ։
15:36 - 08 նոյեմբերի, 2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգում է Արցախից տեղափոխված քաղաքացիներին կացարանով ապահովման գործընթացը․ Բաթոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգում է Արցախից տեղափոխված քաղաքացիներին կացարանով ապահովման գործընթացը․ Բաթոյան

Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիներին սննդով և հիգիենայի պարագաներով ապահովելու հարցով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ պետական միջոցների հաշվին: Ուստի, կարիքի դեպքում անհրաժեշտ է դիմել համայնքապետարաններին: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Հայտարարության տեքստը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համակարգում է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիներին կացարանով ապահովման գործընթացը: Դրա համար անհրաժեշտ է, որ կացարանի կարիք ունեցող արցախցիներն իրենք կամ իրենց ծանոթ ՀՀ բնակիչները, համայնքապետարանները կամ աջակցող որևէ անձ դիմի նախարարություն՝ զանգահարելով 114 թեժ գծին: Սննդով և հիգիենայի պարագաներով ապահովելու հարցով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ պետական միջոցների հաշվին: Ուստի, կարիքի դեպքում խնդրում ենք դիմել համայնքապետարաններին: Դրանց կոնտակտները ճշտելու համար կարող եք կապվել 114 թեժ գծի հեռախոսահամարով: Նկատի ունենալով նաև հրատապ օգնության կարիքները և դրանց ծավալները, կարող եք դիմել նաև ՀՀ կառավարության և համայնքապետարանների հետ իր առանձնահատուկ մանդատի շրջանակում համագործակցող «Հայկական կարմիր խաչի ընկերություն», որը տրամադրում է մարդասիրական աջակցություն՝ Հայաստանի ամբողջ տարածքում (հեռ․՝ +374 60 625069, +374 60 627070)։ Աջակից այլ կազմակերպություններ․ Առանձին մարզերում և համայնքներոմ կարող եք դիմել նաև սոցիալական աջակցության հարցերով մեզ հետ համագործակցող հետևյալ կազմակերպություններին․«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ․ հեռ․՝ +374 77 064245։ Լոռի, Արմավիր, Արագածոտն (համայնքները ճշտել ՀԿ-ից)  «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ․ հեռ՝ +374 96403545։ Արարատ, Կոտայք, Լոռի, Շիրակ, Գեղարքունիք (համայնքները ճշտել ՀԿ-ից) «Տաշիր» ԲՀ․ հեռ․՝ - +374 91 906710։ Արարատ, Արմավիր, Կոտայք, Արագածոտն, Լոռի։«Երիտասարդական միքս» ՀԿ․ հեռ․՝ +374 94 969247։ Կոտայքի մարզի Եղվարդ համայնք։ Եթե կան կազմակերպություններ, որոնք կցանկանան իրենց տվյալներն ավելացնել այս ցանկում, խնդրում ենք կապվել նախարարության հետ՝ 521431 հեռախոսահամարով»:
18:13 - 06 նոյեմբերի, 2020
Կենսաթոշակ ստանալու համար բանկ ներկայանալու ժամկետը երկարաձգվել է

Կենսաթոշակ ստանալու համար բանկ ներկայանալու ժամկետը երկարաձգվել է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ եթե կենսաթոշակը կամ նպաստը ստանում եք անկանխիկ եղանակով՝ բանկային քարտի միջոցով, և բանկ ներկայանալու ամենամյա ժամկետը լրացել է 2020թ․ մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, ապա այդ ժամկետը երկարաձգվել է մինչև 2021թ․ մարտի 31-ը: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ,Եթե Ձեր կենսաթոշակը և/կամ նպաստը ստանում եք անկանխիկ եղանակով՝ բանկային քարտի միջոցով, և բանկ ներկայանալու ամենամյա ժամկետը լրացել է 2020 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին, ապա տեղեկացնում ենք, որ այդ ժամկետը երկարաձգվել է՝ մինչև 2021 թվականի մարտի 31-ը:Սա նշանակում է, որ մինչև 2021 թ.-ի մարտի 31-ը Ձեր վճարումները կիրականացվեն անխափան կերպով, եթե գտնվում եք Հայաստանի Հանրապետությունում:Ձեր՝ Հայաստանում գտնվելու հանգամանքը կարող է հավելյալ ստուգվել բանկի կողմից՝ աշխատակցի կատարած տնայցի կամ տեղեկատվատեխնիկական միջոցների (օրինակ՝ տեսազանգ) կիրառման միջոցով»:
17:14 - 05 նոյեմբերի, 2020
ՀՀ-ում արցախցիներին նպաստներ նշանակելու դիմումները կընդունվեն նաև  էլեկտրոնային եղանակով

ՀՀ-ում արցախցիներին նպաստներ նշանակելու դիմումները կընդունվեն նաև էլեկտրոնային եղանակով

Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիները, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական նպաստ և երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու դիմումը կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով։ Այս մասին հայտնում է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։Անհրաժեշտ է համապատասխան փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին՝ նշելով.1) Ծնողի անուն-ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հետադարձ կապի հեռախոսահամարը,2) Երեխայի կարգավիճակը, որից կախված նշանակվում է նպաստը՝ համաձայն ԱՀ կառավարության 2019թ. ապրիլի 17–ի N 273-Ն որոշման:Եթե քաղաքացին խնդիրներ ունի դիմումը ներկայացնելու (փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու) հետ կապված, ապա կարող է անհրաժեշտ փաստաթղթերով այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններ, որտեղ կարող է թղթային դիմում ներկայացնել, ինչպես նաև՝ օգնություն կստանա իր անունից դիմումի և անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները համապատասխան էլեկտրոնային փոստին ուղարկելու հարցում։Երեխայի ծննդյան միանվագ նպասի դիմում՝ https://bit.ly/3jZ4unIՊետական նպաստ դիմում՝ https://bit.ly/3l3GLnxԱռավել մանրամասն՝ https://bit.ly/2IaCVKA
13:11 - 05 նոյեմբերի, 2020
Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն Հայաստանում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով

Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն Հայաստանում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով

Արցախցի մեր հայրենակիցներն արդեն ունեն հնարավորություն Հայաստանում ստանալու իրենց կենսաթոշակը կանխիկ և անկանխիկ եղանակով: Նպաստների և իրավունքի վրա հիմնված այլ վճարումները կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում ԱՀ մեր գործընկերների հետ, որի արդյունքում առաջիկայում նաև այդ ֆինանսական միջոցները հասանելի կդառնան Հայաստանում: Այս մասին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատանքներ է տանում արցախցիների սոցիալական կարիքների գնահատման ուղղությամբ, նրանց միջնաժամկետ աջակցություն ցուցաբերելու նպատակով: Կարիքների գնահատման գործընթացը իրականացվելու է բացառապես պետական կառույցների կողմից՝ գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
12:06 - 03 նոյեմբերի, 2020