ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ առաջնորդների համատեղ հայտարարությունը |armenpress.am|

Պատրաստ ենք ապահովել սահմանների անվտանգությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում. ՀԱՊԿ առաջնորդների համատեղ հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությանը: Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է ապահովել իր սահմանների անվտանգությունը, այդ թվում՝ Աֆղանստանում և Կազմակերպության անդամ երկրների այլ արտաքին սահմաններին անհանգստություն պատճառող իրավիճակի ֆոնին: «Անհանգստություն է առաջացնում իրավիճակն Աֆղանստանում և ՀԱՊԿ անդամ երկրների այլ արտաքին սահմաններին տիրող իրավիճակը: Այս համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում ապահովել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պատրաստ են ՆԱՏՕ-ի հետ պրակտիկ համագործակցություն հաստատել: «Գիտակցելով մեր պատասխանատվությունը Եվրասիական տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու հարցում՝ ընդգծում ենք մայրցամաքում լարվածության թուլացման անհրաժեշտությունը և հաստատում ենք ՆԱՏՕ-ի հետ պրակտիկ համագործակցություն հաստատելու պատրաստակամությունը»,- ասված է հայտարարության մեջ:
17:31 - 16 մայիսի, 2022
Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին |armenpress.am|

Ցավոք, ՀԱՊԿ-ը չի արձագանքել այնպես, ինչպես սպասում էինք. Փաշինյանը՝ ՀՀ սուվերեն տարածք Ադրբեջանի ներխուժման մասին |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է ՀԱՊԿ երկրների փոխգործակցության և ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման հետ կապված հարցերը: ՀՀ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՀԱՊԿ կազմավորման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովը կազմակերպելու և ջերմ ընդունելության համար: «Իհարկե, մեր հոբելյանական հանդիպումը շատ լավ առիթ է, որպեսզի որոշ եզրակացություններ անենք և քննարկենք մեր կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրացրել է շատ կարևոր հարցեր ՀԱՊԿ անդամ երկրների միջև փոխգործակցության վերաբերյալ: Բելառուսի նախագահը անդրադարձել է, կարելի է ասել, բավականին խնդրահարույց հարցերի: Ընդհանրապես, կարելի է ասել, որ ՀԱՊԿ պատմության մեջ շատ է դրականը, որովհետև ՀԱՊԿ-ն եղել է, կա ու կլինի կարևորագույն գործոնը տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում: Բայց, ինչպես տեսնում ենք, այսօրվա հոբելյանական գագաթնաժողովին քննարկում ենք ոչ միայն հոբելյանական հարցեր, որովհետև ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակը բավականին լարված է»,- նշել է վարչապետը: Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրների քվեարկության վերաբերյալ խնդրին, նշելով, որ հաճախ այդ քվեարկությունները համաժամանակյա չեն:  «Նկատեմ, որ սա նոր խնդիր չէ, երկար ժամանակ այն ուղեկցում է մեզ: Հայաստանը բազմիցս բարձրացրել է այս հարցը: Մենք աշխատանքային կարգով բազմիցս այդ հարցը քննարկել ենք: Ակնհայտ է, որ այդ հարցը կարիք ունի հետագա քննարկման»,- ընդգծել է վարչապետը: Ինչ վերաբերվում է փոխգործակցության և արագ արձագանքման մեխանիզմներին, վարչապետը սա ևս շատ կարևոր հարց է համարում Հայաստանի համար: «Ինչպես գիտեք, անցած տարի հենց այս օրերին Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները: Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքել է այնպես, ինչպես սպասում էր Հայաստանի Հանրապետությունը: Դեռ երկար ժամանակ մենք բարձրացրել ենք ոչ բարեկամ երկրին ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից զենքի վաճառքի հարցը: Այդ զենքը օգտագործվել է Հայաստանի դեմ և հայ ժողովրդի դեմ: Դա նույնպես խնդիր է: Անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո այնքան էլ չեն ուրախացրել Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին, բայց ես ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարևորը դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում: Ես ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին: Կարծում եմ, որ եզրակացություններ անել իրապես կարևոր և լավ է, բայց Հայաստանը որպես կազմակերպության հիմնադիր անդամ, հավատարիմ է կազմակերպության հետագա զարգացմանը և կազմակերպությունը առանցքային գործոն է համարում Եվրասիական տարածաշրջանի և Հայաստանի համար կայունության և անվտանգության ապահովման հարցում: Մենք դրական ենք տրամադրված, որպեսզի ամբողջ ծավալով աջակցենք կազմակերպությանը և նրա հետագա զարգացմանը»,- եզրափակել է Փաշինյանը:
17:19 - 16 մայիսի, 2022
Պուտինն առաջարկում է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրել |civilnet.am|

Պուտինն առաջարկում է ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տրամադրել |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ տրամադրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ): Այս մասին ՌԴ նախագահն ասել է ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինը կարևորել է արտաքին քաղաքականության ոլորտում՝ ՄԱԿ-ում և այլ բազմակողմ հարթակներում, ՀԱՊԿ-ի մասնակիցների համաձայնեցված գործողությունները: «Այս համատեքստում պետք է ավելացնել փոխգործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գծով մեր բնական գործընկերների հետ։ Ի դեպ, մեր կարծիքով, տեղին և ճիշտ կլիներ, ԱՊՀ-ին ՀԱՊԿ-ին առընթեր դիտորդի կարգավիճակ տրամադրելը, դա մենք պետք է քննարկենք»,- ասել Է Ռուսաստանի ղեկավարը։ Այսօր՝ մայիսի 16-ին, Մոսկվայում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Նրանք քննարկելու են ռազմական համագործակցությունը խորացնելու և բիոլոգիական անվտանգության հարցեր։
16:44 - 16 մայիսի, 2022
Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջնահերթություն է համարում ՀԱՊԿ երկրների հետ փոխգործակցության ամրապնդումը

Ռուսաստանի ԱԳՆ-ն առաջնահերթություն է համարում ՀԱՊԿ երկրների հետ փոխգործակցության ամրապնդումը

Ռուսաստանը որպես իր արտաքին քաղաքականության առաջնահերթություն է դիտարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների հետ համագործակցության զարգացումն ու ամրապնդումը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն պայմանագրի ստորագրման 30-ամյակի կապակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։ Գերատեսչությունը նշել է, որ պատմական մասշտաբներով համեմատաբար ոչ մեծ ժամանակահատվածում ՀԱՊԿ-ը շատ բաների է հասել․ «Անդամ պետությունների համատեղ ջանքերով ստեղծվել է ամբողջական, արդյունավետ կառույց՝ անվտանգության հետ կապված հարցերի համատեղ լուծման և համաշխարհային հարթակում հավաքական շահերի զարգացման համար։ ՀԱՊԿ-ն այսօր առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման հարցում, հուսալիորեն երաշխավորում է անվտանգությունն իր պատասխանատվության գոտում, որը ներառում է կազմակերպության անդամ երկրների տարածքները»։ Նախարարությունը նշել է նաև, որ աստիճանաբար ձևավորվում են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը մասնակցեն ՄԱԿ հովանու ներքո անցկացվող գործողություններին։   Նորա Վանյան
14:20 - 15 մայիսի, 2022
Մոսկվայում մայիսի 16-ին կանցկացվի ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովը

Մոսկվայում մայիսի 16-ին կանցկացվի ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովը կանցկացվի Մոսկվայում մայիսի 16-ին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մայիսի 16-ին ՀԱՊԿ 30-ամյակի կապակցությամբ գագաթնաժողով կանցկացվի Մոսկվայում՝ անդամ երկրների մասնակցությամբ։ Դա լինելու է և առաջնորդների հանդիպում, և նրանց առանձին շփումներ՝ աշխատանքային նախաճաշի շրջանակում», - ասել է նա։ Այս միջոցառման արդյունքների վերաբերյալ լրատվամիջոցների համար հայտարարություններ կանեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ու կազմակերպությունում այս տարի նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գագաթնաժողովի շրջանակում ակնկալվում է ՌԴ և Բելառուսի նախագահների երկկողմ հանդիպումը։ Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ի անդամ երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։ Նորա Վանյան  
14:44 - 12 մայիսի, 2022
Այն, ինչպես Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, կարծում եմ՝ ձախողում էր կազմակերպության համար. Փաշինյան

Այն, ինչպես Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, կարծում եմ՝ ձախողում էր կազմակերպության համար. Փաշինյան

Սոթք-Խոզնավար հատվածում տեղի ունեցածը, անշուշտ, զինված ուժերի և կառավարության բացթողումն է: Բայց այն, ինչպես տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, կարծում եմ՝ ձախողում էր նաև կազմակերպության համար: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթի ժամանակ: «Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ իրկանացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտահոգությունը, թե ՀՀ անվտանգության համակարգի համար կարևորագույն դեր ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիրտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել»,- նշեց նա: Վարչապետը ընդգծեց, որ ադրբեջանաան Զինված ուժերը շարունակում են ներկա գտնվել Սոթք-Խոզնավար հատվածում՝ իրական սպառնալիքներ ստեղծելով ՀՀ անվտանգության համար. «Այդ իրադարձությունների հետևանքով օկուպացիայի տակ հայտնված 45 քառակուսի կմ տարածքները, ցավոք, միակը չեն ՀՀ-ում: Դեռևս 90-ականների սկզբից ևս շուրջ 70 քառակուսի կմ տարածք գնվում է այդ կարգավիճակում, և, ինչպես ասել եմ, մեր քաղաքականնությունն է հարցի լուծումը դիտարկել դելիմիացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի համատեքստում»:
11:10 - 13 ապրիլի, 2022
Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ զրույցում անդադարձել է Փառուխում ստեղծված իրավիճակին

Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ զրույցում անդադարձել է Փառուխում ստեղծված իրավիճակին

Ապրիլի 8-ին Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ ընթացիկ գործունեությանը, Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման ընթացքին ու առաջիկա միջոցառումների ժամանակացույցին։ Երկուստեք ընդգծվել է Կազմակերպության ներուժի զարգացման համատեքստում ՀՀ նախագահության առաջնահերթությունների իրականացման կարևորությունը։ Արարատ Միրզոյանը շեշտել է կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանն ուղղված ջանքերի շարունակականության անհրաժեշտությունը։ ՀՀ ԱԳ նախարարն անդադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և հարակից տարածքներ, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակին: Հանդիպման ընթացքում Ստանիսլավ Զասը ներկայացրել է ՀԱՊԿ գոտում անվտանգության իրավիճակն ու առկա մարտահրավերները և տեղեկացրել ՀԱՊԿ շրջանակներում բանակցվող փաստաթղթերի համաձայնեցման ընթացքի մասին։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀԱՊԿ անդամ պետությունների համար կարևոր նշանակություն ունեցող տարածաշրջանային և միջազգային այլ հարցերի»,- նշված է ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ։   Լուսանկարները՝ ՀՀ ԱԳՆ-ի
21:10 - 08 ապրիլի, 2022
ՀՀ Ազգային ժողովը հանդես է եկել ՀԱՊԿ ԽՎ 15-ամյակին նվիրված նիստը հունիսին Երևանում անցկացնելու առաջարկով

ՀՀ Ազգային ժողովը հանդես է եկել ՀԱՊԿ ԽՎ 15-ամյակին նվիրված նիստը հունիսին Երևանում անցկացնելու առաջարկով

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ ՀԱՊԿ նախագահության շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված հոբելյանական նիստը հունիսին Երեւանում անցկացնելու առաջարկով: Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովներին: ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը կանցկացվի ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում: Քննարկման առանցքում են եղել նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի ընդլայնմանն առնչվող հարցեր:
15:32 - 06 ապրիլի, 2022
Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացումը. Սանդիկովը՝ ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նիստում

Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացումը. Սանդիկովը՝ ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովի նիստում

Մարտի 18-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած՝ ՀԱՊԿ ԽՎ քաղաքական և միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: Այս մասին հատնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ Պատգամավորը ելույթ է ունեցել նիստում՝ նշելով. «Գործընկերնե՛ր, ինչպես բոլորդ գիտեք, մեր հանձնաժողովի նիստը պետք է կայանար մարտի 11-ին՝ Երևանում: Սակայն արտահերթ ընտրությունների և երկրի խորհրդարանի հատուկ նիստում ՀՀ նախագահի երդմնակալության արարողության հետ կապված ընթացակարգային խնդիրների պատճառով առաջարկեցինք հանձնաժողովի արտագնա նիստը տեղափոխել այս տարվա աշուն: Այսպիսով, մենք սպասում ենք ձեզ Երևանում՝ այս տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Անցյալ տարի Հայաստանը ստանձնեց ՀԱՊԿ նախագահությունը: Ընդհանուր գծերով ցանկանում եմ ձեզ տեղեկացնել Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունների մասին, որոնք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանգամանալից ներկայացրել է անցյալ տարվա սեպտեմբերին՝ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Հայաստանի Հանրապետությունն առանցքային ուշադրություն է դարձնում արտաքին քաղաքականության համակարգման և փոխադարձ աջակցության խորացմանը՝ ՀԱՊԿ անդամ պետություննների շահերը շոշափող միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ համակարգված մոտեցումների մշակման համար: Մենք միշտ առաջնորդվել ենք ՀԱՊԿ անդամ պետությունների համար կարևորագույն հարցերի շուրջ դիրքորոշումների համադրման և ներդաշնակեցման անհրաժեշտության սկզբունքով: Անհրաժեշտ ենք համարում ՀԱՊԿ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացումը` կոլեկտիվ անվտանգության ուժերի մարտական պատրաստվածությունը, համախմբվածությունն ու շարժունակությունը բարձրացնելու համար: Մեր ջանքերն ուղղված են խնդիրների մշակմանը և առաջարկությունների արդիականացմանն ու կատարելագործմանը, տեղեկատվական անվտանգության ապահովման, ահաբեկչության և ծայրահեղականության, անօրինական միգրացիայի և թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառումներին ու մեխանիզմներին: Գոհունակությամբ կցանկանայի նշել, որ շատ առաջնահերթ ուղղություններով արդեն իսկ արվել են համապատասխան քայլեր. խոսքը ճգնաժամային արձագանքման մեխանիզմների մասին է: Ինչպես գիտեք, այդ տարեսկզբին, հաշվի առնելով Ղազախստանի նախագահ պարոն Տոկաևի կոչը, Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, նախաձեռնեց արտակարգ խորհրդակցություններ Կազմակերպության պետությունների ղեկավարների հետ, որի արդյունքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահ զորախումբ ուղարկելու իր որոշման մասին: Մենք միշտ հավատացել ենք, որ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմները պետք է ճիշտ աշխատեն: Հայաստանը մի իրավիճակում էր, երբ մենք սպասում էինք, որ մեխանիզմները կաշխատեն, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ: Ղազախական կողմի խոսքով՝ խաղաղապահ առաքելության առկայությունը հնարավորություն է տվել ազատել ղազախստանյան ուժերի զգալի մասը և հակաահաբեկչական գործողության անմիջական անցկացման միջոցները: Ղազախստանում տիրող իրավիճակի վերաբերյալ կարող ենք արձանագրել ՀԱՊԿ պետությունների միջև բարձր փոխըմբռնում, մեր երկրների ղեկավարներն ընդգծել են խաղաղապահ առաքելության կարևորությունն ու պահանջվածությունը: Նշեմ նաև, որ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման համատեքստում պահանջարկ ունեն ճգնաժամային իրավիճակների մոնիտորինգի, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմները: Հանրային դիվանագիտության ոլորտում պետք է նշել, որ Հայաստանը ջանքեր է գործադրում միջազգային ասպարեզում Կազմակերպության իմիջի հետագա ամրապնդման ուղղությամբ՝ այդ թվում ընդլայնելով համագործակցությունն այլ միջազգային կազմակերպությունների հետ: Այս համատեքստում զգալի է մեր՝ խորհրդարանականների դերը: Կցանկանայի առանձին ընդգծել Կազմակերպության խորհրդարանական հարթության դերը, որի միջոցով Հայաստանի Հանրապետության առաջնահերթություններն են անվտանգության ոլորտում ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային օրենսդրությունների սերտաճումն ու ներդաշնակեցումը` հաշվի առնելով նոր մարտահրավերները և սպառնալիքները, այդ թվում՝ թվային, տնտեսական, ֆինանսական, բնապահպանական և հումանիտար ոլորտներում: Նաև անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել Խորհրդարանական վեհաժողովի ինստիտուցիոնալ զարգացումը շարունակելու և ակտիվացնելու համար: Այս համատեքստում դիտարկում ենք ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի բարելավման կարևոր և ճիշտ ժամանակին առաջարկը: Ինչպես տեսնում եք, այս տարի նախագահությունում մենք պահպանում ենք Կազմակերպության գործունեության շարունակականությունը, աշխատանքներ են տարվում մեր պետությունների ղեկավարների կողմից նախանշված նպատակների, պայմանավորվածությունների իրականացման և խնդիրների լուծման ուղղությամբ: Վերջում ցանկանում եմ անդրադառնալ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի մի շարք միջոցառումներին: Ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակը նշելու և ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հոբելյանական նիստը Երևանում անցկացնելու առաջարկով: Այն տեղի կունենա այս տարվա ապրիլի 29-ին: ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեների (հանձնաժողովների) նախագահների Համակարգող խորհրդակցությունը նախատեսված է տարվա երկրորդ կիսամյակում: Եւ ինչպես արդեն նշեցի, աշնանը մենք ձեզ հրավիրում ենք մեր հանձնաժողովի արտագնա նիստին: Ցանկանում եմ ձեզ վստահեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը կներդնի բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ այս հոբելյանական տարում նախատեսված կարևոր նախաձեռնություններն ու միջոցառումներն իրականացնելու համար»:
21:02 - 18 մարտի, 2022
Պատգամավորներն անդրադարձել են Ուկրաինայի կոնֆլիկտի համատեքստում ՀԱՊԿ մեխանիզմի գործադրման հավանականության հարցին |armenpress.am|

Պատգամավորներն անդրադարձել են Ուկրաինայի կոնֆլիկտի համատեքստում ՀԱՊԿ մեխանիզմի գործադրման հավանականության հարցին |armenpress.am|

armenpress.am: ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատում են միայն, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով հարցին՝ Հայաստանն ունի՞ դիրքորոշում, թե ինչպե՞ս է վարվելու, եթե ՀԱՊԿ գործընկերը՝ ՌԴ-ն առաջարկի իրագործել ՀԱՊԿ մեխանիզմները, ինչպես եղել է Ղազախստանի դեպքում: «Կարևոր է ֆիքսել, որ ՀԱՊԿ մեխանիզմներն աշխատում են, երբ հարձակման է ենթարկվում ՀԱՊԿ անդամ երկրներից մեկը, իսկ ռազմական գործողությունների տեղափոխում դեպի ՌԴ տարածք, առնվազն այս պահին ես հավանական չեմ համարում»,-ասաց Ալեքսանյանը: Էդուարդ Աղաջանյանն էլ, անդրադառնալով հարցին, ասաց, որ այս պահի դրությամբ նման հարց չի քննարկվում, հետևաբար նա չցանկացավ դիրքորոշում հայտնել գոյություն չունեցող օրակարգի մասին: «Եթե կոնկրետ իրավիճակ լինի, ըստ իրավիճակի, ըստ հիմնավորվածության, կարծում եմ՝ հարցը կքննարկվի»,-ասաց նա:
12:23 - 07 մարտի, 2022
ԱԽ քարտուղարը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Իմանբաև Բոլատ Բարիևիչի հետ

ԱԽ քարտուղարը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Իմանբաև Բոլատ Բարիևիչի հետ

Փետրվարի 25-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմանբաև Բոլատ Բարիևիչի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԽ-ն։Հանդիպման սկզբում դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի և Ղազախստանի միջև ինչպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դինամիկան, այնպես էլ մշակութային ու քաղաքական երկկողմ համագործակցությունը: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը շեշտել է ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության օրակարգի անխափան իրականացումը:Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ տնտեսական ու քաղաքական հարցերի և վերահաստատել երկկողմ պատրաստակամությունը հարաբերությունների հետագա փոխշահավետ զարգացման համար:
14:00 - 25 փետրվարի, 2022