Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Ծառայողական քննություն հարկադիր կատարողի կողմից պաշտոնական դիրքը կուսակցության շահերի համար օգտագործելու ենթադրյալ արարքի կապակցությամբ

Ծառայողական քննություն հարկադիր կատարողի կողմից պաշտոնական դիրքը կուսակցության շահերի համար օգտագործելու ենթադրյալ արարքի կապակցությամբ

Արդարադատության նախարարությունը, ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված «Շահեն Մեղրյանի եղբորորդուն ստիպել են աշխատանքից ազատվել, քանի որ հայրը «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է» և «Մեղրյանների ընտանիքը Կոտայքում լծված է Քոչարյանի քարոզարշավին» վերտառությամբ երկու հոդվածների վերաբերյալ ստացված հարցումների, պարզաբանում է․ «ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի պետ Ֆրիդոն Մեղրյանը 12․06․2021 թվականին դիմել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին՝ իրեն պաշտոնից ազատելու խնդրանքով՝ որպես հիմնավորում նշելով այն հանգամանքը, որ իրեն հորդորում են իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, քանի որ իր հայրը ներգրավված է գործող իշխանությունների դեմ «ակտիվ նախընտրական պայքարի մեջ»։ Դիմումին ընթացք չի տրվել։ Զանգվածային լրատվության միջոցներում և Ֆ․Մեղրյանի դիմումում նշված վերոգրյալ հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատարի կողմից 15․06․2021 թվականին նշանակվել է ծառայողական քննություն՝ պաշտոնական դիրքը կուսակցության շահերի համար օգտագործելու ենթադրյալ արարքի կապակցությամբ։ Միաժամանակ, նկատի ունենալով ենթակայական հարաբերությունները, որոնց պայմաններում կարող է խոչընդոտվել ծառայողական քննության անցկացումը, ՀԿԱԾ Կոտայքի մարզային բաժնի պետի լիազորությունները ծառայողական քննության ընթացքում ժամանակավորապես դադարեցվել են»։
17:10 - 15 հունիսի, 2021
Հայաստանը քաղաքական կամք է դրսևորել ժողովրդավարական ինստիտուտներ ձևավորելու հարցում. պետքարտուղարության ներկայացուցիչներ

Հայաստանը քաղաքական կամք է դրսևորել ժողովրդավարական ինստիտուտներ ձևավորելու հարցում. պետքարտուղարության ներկայացուցիչներ

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության հարցերով խորհրդական Ամալյա Հովսեփյանը 2021 թ. հունիսի 7-11-ը աշխատանքային այցով Վաշինգտոնում էին։ Այցի նպատակը հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության տրամաբանությամբ ամերիկյան գործընկերներին Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը ներկայացնելը, առկա մարտահրավերները քննարկելն ու արդարադատության ոլորտում ծավալված համագործակցության շրջանակն ընդլայնելն էր։ Այցի շրջանակում Քրիստիննե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթի, Պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Լորա Կուպերի, պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի և նրա Եվրոպայի հարցերով տեղակալ Վենդի Սիլվերմանի հետ։ Նախարարի առաջին տեղակալը գործընկերներին ներկայացրել է արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքը, դրանց՝ այս փուլի արդյունքները, կոռուպցիայի դեմ պայքարի ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման հաջողությունները, ոստիկանության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղություններն ու առաջիկա ծրագրերը։ Զրուցակիցներն անդրադարձել են թե՛ հաջորդիվ գործողություններին և թե՛ բարեփոխումների ընթացքի մարտահրավերներին։ ԱՄՆ գործընկերները բարձր են գնահատել 2020 թվականի համավարակի և ապա պատերազմի դժվարությունների պայմաններում բարեփոխումների ընթացքի շարունակությունն ապահովելու կառավարության ջանքերը, ինչպես նաև արդեն իսկ արձանագրված արդյունքները։ ԱՄՆ կողմի զրուցակիցները նշել են, որ տարածաշրջանում այլ պետությունների կողմից բարեփոխումների իրականացման ընթացքը մինչ այս արդեն իսկ վերհանել է կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի համար ընդհանրական մարտահրավերներ, սակայն Հայաստանի դեպքում արձանագրել են քաղաքական ուժեղ կամքի առկայությունը ժողովրդավարական, կարող հաստատություններ ձևավորելու առումով։ Պետքարտուղարության ներկայացուցիչները նշել են, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը կոռուպցիան դիտում է որպես ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, և իրենք համակրանքով են հետևում Հայաստանի կառավարության կողմից այդ ոլորտում իրականացվող քայլերին, որոնք կրում են ինստիտուցիոնալ և հիմնարար բնույթ։ Նախարարի առաջին տեղակալը հանդիպել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Մարգոթ Էլիսին և նրա տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկուն։          Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ գործընկերներին ավանդական բարձր մակարդակի համագործակցության համար։ Ի թիվս բազմաթիվ հաջողված ծրագրերի՝ տեղակալ Գրիգորյանը մատնանշել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման նախնական փուլում տրամադրված աջակցության, ինչպես նաև Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի աջակցության ծրագիրը, որը պետական կառավարման համակարգում ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորման ու տարածման լավ օրինակ է։ ԱՄՆ ՄԶԳ  գործընկերները ներկայացրել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումներին աջակցության մի քանի միլիոն դոլարանոց երկու մեծ ծրագրերի մեկնարկի մանրամասները։ Վաշինգտոնում Քրիստիննե Գրիգորյանն աշխատանքային քննարկումներ է ունեցել նաև Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության միջազգային բյուրոյի (INL) տնօրենի փոխտեղակալ Քեյթ Սցպիլայի, արդարադատության քարտուղարության «Քրեական հետաքննությունների վերապատրաստման աջակցության միջազգային կենտրոնի» (ICITAP) տնօրեն Գրեգ Դուկատի և նրա թիմի հետ։ Քննարկումների առանցքում եղել են ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, ներառյալ՝ նոր Պարեկային ծառայության, Ներքին գործերի նախարարության ձևավորման աջակցության, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի ինստիտուցիոնալ կայացմանն աջակցելու հարցերը։ Զրուցակիցները վերահաստատել են այս ուղղություններով ԱՄՆ կառավարության կողմից 2020 թվականին ներդրված աջակցությունը շարունակելու և ըստ կարիքների ընդլայնելու նպատակադրումը։   Այցի ընթացքում հեռավար հանդիպում է տեղի ունեցել նաև Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփիրի,Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախագահի տեղակալ Ադամ Շիֆի, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի անդամների աշխատակազմի ավագ խորհրդականների հետ։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչները հետաքրքվել են ժողովրդավարական բարեփոխումների ընթացքով և արձանագրված արդյունքներով։
13:06 - 15 հունիսի, 2021
Արդարադատության նախարարությունը պետական գրանցում է տվել հիմնադիր համագումարի ժամանակ 300 անդամ չապահոված կուսակցությունների

Արդարադատության նախարարությունը պետական գրանցում է տվել հիմնադիր համագումարի ժամանակ 300 անդամ չապահոված կուսակցությունների

2020-ի դեկտեմբերին փոփոխություններ և լրացումներ կատարվեցին «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում։ Ի թիվս այլնի, փոփոխություններ եղան նաև նոր կուսակցությունների պետական գրանցման գործընթացում։ Եթե նախկինում հիմնադիր համագումարի ժամանակ կուսակցության ստեղծմանը պետք է կողմ քվեարկեր 100 հիմնադիր անդամ, ապա այժմ այդ թիվը պետք է լինի 300։ Սա նշանակում է, որ կուսակցությունն իր ստեղծման պահին պետք է ունենա առնվազն 300 հիմնադիր անդամ։ Օրենքն ուժի մեջ մտավ 2021-ի հունվարի 20-ին, ինչը նշանակում է, որ հունվարի 20-ից հետո հիմնադիր համագումար անցկացրած բոլոր կուսակցությունները պետք է ունենան առնվազն 300 հիմնադիր անդամ, որոնք համագումարի ժամանակ կողմ են քվեարկել կուսակցության գրանցմանը։ «Կուսակցությունների մասին» օրենքով նաև սահմանվում է, որ պետական գրանցման նպատակով կուսակցությունը պետական լիազոր մարմին պետք է ներկայացնի հիմնադիր համագումարում կուսակցության ստեղծման մասին որոշմանը կողմ քվեարկած հիմնադիրների անունները, ազգանունները, անձնագրերի պատճենները, ստորագրությունները (հոդված 9)։ Infocom-ը ներկա է եղել կուսակցությունների՝ ապրիլի 22-ից հետո անցկացված հիմնադիր համագումարների մեծ մասին՝ հասկանալու համար, թե արդյո՞ք բոլոր կուսակցություններն են ապահովել 300 հիմնադիր անդամներ, և եթե այդ թիվը չի ապահովվել, արդարադատության նախարարությունը գրանցե՞լ է այդ կուսակցությունները, թե՞ ոչ։   2021-ին գրանցված կուսակցություններ, որոնց հիմնադրմանը կողմ չի քվեարկել 300 հիմնադիր անդամ Infocom-ը ներկա է եղել «Միասնական Հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարին։ Հիմնադիր անդամների թիվը չէր գերազանցում 80-ը։ Կուսակցությունը, սակայն, մայիսի 25-ին պետական գրանցում է ստացել։ «Միասնական Հայրենիք»-ի նախագահը Մհեր Տերտերյանն է։ «Շանթ դաշինք»-ի հիմնադիր համագումարի ժամանակ սրահում չկար 300 աթոռ, և զբաղված էին ոչ բոլոր աթոռները, հետևաբար՝ 300 հիմնադիր անդամ չէր կարող ապահովված լինել։ Կուսակցությունը պետական գրանցում է ստացել մայիսի 24-ին, նախագահը Շահեն Հարությունյանն է։ Infocom-ը ներկա չի եղել պետական գրանցում ստացած «Ազգ-բանակ-հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարին, սակայն հրապարակված տեսանյութերում երևում է՝ սրահում ներկա չէ 300 մարդ, այսինքն՝ հիմնադիր համագումարի ժամանակ կուսակցության ստեղծմանը կողմ չի քվեարկել 300 հիմնադիր անդամ, ինչպես պահանջում է օրենքը։  Կուսակցության նախագահը Ռուբեն Գևորգյանն է։ «Արդար Հայաստան» կուսացկությունը երկու ամիս առաջ անցկացրել էր հիմնադիր համագումար, բայց արդարադատության նախարարությունը վերադարձրել էր դիմումը։ Համացանցում եղող տեսանյութերից չենք կարող միանշանակ ասել՝ հիմնադիր համագումարին 300 անդամ եղե՞լ է, թե՞ ոչ։ Դիմումի վերադարձից հետո տեղի է ունեցել «Արդար Հայաստան»-ի նոր հիմնադիր համագումարը։ Այս համագումարի ժամանակ, որին մենք ներկա էինք, սրահում աթոռների թիվն առավելագույնը 250 էր, համագումարը մեկնարկելու պահին ոչ բոլոր աթոռներն էին զբաղված, այսինքն՝ 300 հիմնադիր անդամ չէր կարող ապահովվել, ինչը երևում է նաև կուսակցության տարածած հոլովակում։ Մայիսի 21-ին «Արդար Հայաստան» կուսակցությունը պետական գրանցում է ստացել։ Կուսակցության նախագահը Նորայր Նորիկյանն է։   Կուսակցություններ, որոնց հիմնադրմանը կողմ է քվեարկել առնվազն 300 հիմնադիր անդամ «Ինքնիշխան Հայաստան»-ի հիմնադիր համագումարին սրահում աթոռների թիվը 300-ից ավելի էր, գրեթե բոլոր աթոռները զբաղված էին, նաև կանգնած հիմնադիր անդամներ կային։ Հետևաբար, կուսակցությունը կարողացել է ապահովել առնվազն 300 հիմնադիր անդամ, ինչը երևում է նաև «Ինքնիշխան Հայաստան»-ի տարածած հոլովակում։ Կուսակցությունը պետական գրանցում է ստացել մայիսի 20-ին, նախագահը Դավիթ Սանասարյանն է։ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ էլ կար ավելի քան 300 հիմնադիր անդամ, ինչը երևում է նաև այլ տեսանյութերում։ Սրահում աթոռները 300-ից ավելի էին, կային նաև կանգնած հիմնադիր անդամներ։ Կուսակցությունը պետական գրանցում է ստացել մայիսի 19-ին, նախագահը Արա Զոհրաբյանն է։   Կուսակցություններ, որոնց հիմնադիր անդամների թիվն արձանագրել Infocom-ին չի հաջողվել Մինչև ապրիլի 29-ը արդարադատության նախարարությունը վերադարձրել է «Ձայն» կուսակցության պետական գրանցման դիմումը։ Կուսակցության երկրորդ հիմնադիր համագումարին Infocom-ը ներկա էր․ այդ ժամանակ փակ գաղտնի քվեարկությամբ հիմնադիր անդամները վերահաստատում էին հիմնադիր համագումարի ժամանակ ընդունած որոշումները, բայց քանի որ բոլոր հիմնադիր անդամները միաժամանակ չէին քվեարկում, իսկ առաջին համագումարից տեսանյութեր չկան, չենք կարող ասել, թե քանի հիմնադիր անդամ ունի կուսակցությունը։ «Ձայն»-ը մայիսի 25-ին պետական գրանցում է ստացել։ Պետական գրանցում ստացած «Վերելք», «Կայունություն», «Ազգ-բանակ-հայրենիք», «Իրավական պետություն», «Համահայկական ազգային պետականություն», «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական, «Ազատական» կուսակցությունների հիմնադիր համագումարներին Infocom-ը ներկա չի եղել։ «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական, «Ազատական» և «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունների հիմնադիր համագումարներից լուսանկարներ, տեսագրություններ համացանցում չկան, «Վերելք» և «Կայունություն» կուսակցությունների հիմնադիր համագումարների լուսանկարներից և «Իրավական պետություն» կուսակցության հիմնադիր համագումարի տեսանյութից էլ հնարավոր չէ հասկանալ՝ հիմնադիր անդամների թիվը 300-ի հասե՞լ է, թե՞ ոչ։ Infocom-ը փորձել է ներկա լինել ևս 4 կուսակցության հիմնադիր համագումարի, բայց այդ համագումարները կա՛մ հետաձգվել են, կա՛մ չեն կայացել։   2021-ին գրանցված կուսակցություններ, որոնց հիմնադիր համագումարը կայացել է մինչև օրենքի փոփոխությունները Այս տարի գրանցում ստացած «Արդարություն և հայրենիք», «Քրիստոնեա-ժողովրդավարական», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Իմ Հայաստան» կուսացությունների հիմնադիր համագումարները տեղի են ունեցել կա՛մ 2020-ին, կա՛մ մինչև 2021-ի հունվարի 20-ը, այսինքն՝ մինչև «Կուսակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելը։ Ամփոփելով նշենք, որ պետական գրանցում է ստացել «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելուց հետո հիմնադիր համագումար անցկացրած 12 կուսակցություն։ Այդ կուսակցություններից 5-ի հիմնադիր համագումարներին Infocom-ը ներկա է եղել և արձանագրել է, որ միայն 2-ի դեպքում է հիմնադիր անդամների թիվը եղել առնվազն 300, իսկ «Արդար Հայաստան»-ը, «Միասնական Հայրենիք»-ը և «Շանթ Դաշինք»-ը չեն ապահովել այդ թիվը։ «Ազգ-բանակ-հայրենիք» կուսակցության դեպքում էլ տարածված տեսանյութից է երևում, որ հիմնադիր անդամների թիվը չի հասել 300-ի։ Այսինքն՝ «Կուսակցությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո արդարադատության նախարարությունը պետական գրանցում է տվել առնվազն 4 կուսակցության, որոնք հիմնադիր համագումարներն անցկացրել են օրենքի առերևույթ խախտմամբ՝ չապահովելով 300 հիմնադիր անդամ։  Այդ չորս կուսակցություններից «Արդար Հայաստան»-ը և «Միասնական Հայրենիք»-ը մասնակցելու են սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին, իսկ «Շանթ Դաշինք»-ը և «Ազգ-բանակ-հայրենիք»-ը ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցանկում չկան։ Նոր ստեղծված կուսակցություններից ընտրություններին կմասնակցեն նաև «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական, «Վերելք», «Ազատական», «Ինքնիշխան Հայաստան», «Զարթոնք» ագային քրիստոնեական, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունները։ Արդարատադության նախարարություն հարցում էինք ուղարկել՝ հասկանալու համար, թե արդյոք ԱՆ-ն տեղեկություններ ունի օրենքի փոփոխություններից հետո հիմնադիր համագումար անցկացրած կուսակցությունների հիմնադիր անդամների թվի վերաբերյալ, և ինչ մեխանիզմներով է ստուգում՝ կուսակցությունների ստեղծմանը 300 հիմնադիր անդամ կողմ քվեարկե՞լ է, թե՞ ոչ։ Նախարարությունից մեզ պատասխանել են, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն` պետական գրանցման նպատակով կուսակցությունը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն է ներկայացնում կուսակցության հիմնադիր համագումարում կուսակցության ստեղծման մասին որոշմանը կողմ քվեարկած հիմնադիրների անունները, ազգանունները, անձնագրերի պատճենները, ստորագրությունները։ « «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին»  օրենքի 5-րդ հոդվածի համաձայն`  1. Պետական գրանցման կամ պետական հաշվառման համար դիմած անձի կողմից ներկայացված տեղեկատվությունը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի, գործակալությունը համարում է արժանահավատ:2. Գործակալությունը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի, գործակալություն ներկայացվող տեղեկությունների ճշտության ստուգում չի իրականացնում և պատասխանատվություն չի կրում դրա հետևանքով առաջացած հնարավոր որևէ վնասի համար: Սույն մասով նախատեսված պատասխանատվության սահմանափակումը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գործակալության աշխատակիցը գիտեր կամ ակնհայտորեն պարտավոր էր իմանալ փաստաթղթերի կեղծ լինելու մասին:3. Անձանց կողմից գործակալություն ներկայացված տեղեկատվությունը կարող է համարվել անարժանահավատ, եթե կա դա փաստող ապացույց կամ այլ անձանց ներկայացրած տեղեկատվություն:4. Դիմող անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում սխալ տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաև իր տրամադրած սխալ տեղեկատվության հետևանքով առաջացած վնասի համար»,- ասված է ԱՆ պատասխանում:  Արդարադատության նախարարության պատասխանից կարող ենք ենթադրել, որ նախարարությունը հիմնվել է կուսակցությունների՝ հիմնադիր անդամների մասին ներկայացրած տվյալների վրա և չունի մեխանիզմներ, որոնցով հնարավոր կլինի ստուգել՝ կուսակցության ստեղծման մասին որոշմանը հիմնադիր համագումարի ժամանակ կողմ քվերակե՞լ է առնվազն 300 հիմնադիր անդամ, թե՞ ոչ։ Նարեկ Մարտիրոսյան, Աննա Սահակյան  
19:12 - 07 հունիսի, 2021
Արդարադատության նախարարության կողմից բյուջեով պլանավորված ծախսերը չեն տարբերվում կատարողականից |armenpress.am|

Արդարադատության նախարարության կողմից բյուջեով պլանավորված ծախսերը չեն տարբերվում կատարողականից |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարության կողմից բյուջեով պլանավորված ծախսերը էականորեն չեն տարբերվում կատարողականից: Այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով  2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը: «Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտի քաղաքականության իրականացման նպատակով 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հատկացվել է 17, 6 միլիարդ դրամ: Տարվա ընթացքում Կառավարության կողմից ավելացվել է 933,4 միլիոն դրամ:  Արդյունքում ճշտված բյուջեն կազմել է 18,6 միլիարդ դրամ, կատարողականը՝ 18,1 միլիարդ դրամ կամ 96,7 տոկոս: Նախարարության կողմից իրականացվել է պետական բյուջեի 8 ծրագիր: Արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման ծրագրերի համակարգման խորհրդատվության և մոնիթորինգի իրականացման ծրագրերի գծով տարեկան ճշտված բյուջեն կազմել է շուրջ 1 միլիարդ 678 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 94 տոկոս: Ծրագրի շրջանակում իրականացվել է 7 միջոցառում, ծրագրի գծով նախատեսված միջոցների գերակշիռ մասը 1 միլիարդ 557 միլիոն դրամը բաժին է ընկել «Արդարադատության ոլորտում քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի գնահատման և աջակցության իրականացում» միջոցառմանը, որի գծով կատարողականը կազմել է 94,1 տոկոս: Տնտեսումը պայմանավորված է հաստիքների կրճատմամբ և նախատեսվածից ցածր գնով ծառայությունների և ապրանքների ձեռք բերմամբ: 2019 թվականի համեմատ ծախսերը նվազել են 3.5 տոկոսով կամ մոտ 53 միլիոն դրամով»,- ասաց Բադասյանը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով` նախարարության կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության նպատակով տրամադրվել է 12,7 միլիարդ դրամ, որի շրջանակներում ձեռք ենէ բերվել վարչական սարքավորումներ: «2019 թվականի համեմատ ծախսերը նվազել են 4.5 միլիոն դրամով` պայմանավորված ռազմական դրության հետևանքով գրասենյակային գույքի և վարչական սարքավորումների ձեռք բերման ծավալների կրճատմամբ»,- եզրափակեց Բադասյանը:
14:19 - 04 հունիսի, 2021
Կլուծվեն դատարաններում ողջամիտ ժամկետում գործերի քննության հետ կապված խնդիրները

Կլուծվեն դատարաններում ողջամիտ ժամկետում գործերի քննության հետ կապված խնդիրները

Կառավարությունը հավանություն է տվել օրենսդրական մի փաթեթի, որի համաձայն Վերաքննիչ վարչական դատարանի դատավորների թվակազմը կավելանա երեք դատավորով, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմը՝ երեքով, իսկ Սնանկության դատարանի դատավորների թվակազմը՝ չորս դատավորով։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:   «Նշեմ, որ բյուջետային ֆինանսավորմամբ նախատեսված է ևս վեց հաստիքի ավելացում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քաղաքացիական գործեր քննող դատավորների համար։ Իսկ Սահմանադրական դատարանում գտնվող օրենսդրական երկու փաթեթներով նախատեսվում էր ևս 38 հաստիքով ավելացնել դատավորների թվաքակազմը, ինչն էականորեն կբեռնաթափեր քրեական գործեր քննող դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև նոր գործիքակազմով թույլ կտար ձևավորել նոր մասնագիտացում ունեցող դատավորներ և դատարան, որով կբարձրացնենք հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ։   Արդյունքում կունենանք բարեվարքության պահանջներին համապատասխանող դատավորներ և կոռուպցիոն ու մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող ոլորտներում արագ և օբյեկտիվ քննության գործիքակազմ:    Լայն ծավալով շարունակվում է նաև էլեկտրոնային արդարադատության գործիքակազմի ներդրումը, որն էլ ավելի հասանելի կդարձնի դատական համակարգը քաղաքացիների և իրավաբանական անձանց համար, կնպաստի թափանցիկության բարձրացմանը»,- գրել է Բադասյանը։
15:07 - 03 հունիսի, 2021
Ամուսնության պետական գրանցման համար այլևս պետական տուրք չի գանձվի

Ամուսնության պետական գրանցման համար այլևս պետական տուրք չի գանձվի

Ամուսնության պետական գրանցման համար այլևս պետական տուրք չի՛ գանձվի։ Այս մասին Ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը:    «Նախկինում, եթե զույգը ցանկանում էր ամուսնություն գրանցել, պետք է նախապես՝ տասն օր առաջ, մոտենար ՔԿԱԳ տարածքային մարմին, դիմում գրեր, վճարեր 1000 դրամ պետտուրք, ու առնվազն տասն օրից նոր հնարավոր կլիներ գրանցել ամուսնությունը։   Օտարերկրյա քաղաքացու մասնակցությամբ ամուսնություն գրանցելու դեպքում պետությունը տասն օրից շուտ ժամկետում գրանցումը կատարելու համար սահմանել էր արտաբյուջետային վճար, օրինակ՝ մեկից երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ 150.000 ՀՀ դրամ։   Արդարադատության նախարարությունը բարեփոխումների արդյունքում այս ժամկետները կրճատել է, իսկ պետտուրքն ընդհանրապես հանել»,- գրել է խոսնակը։
10:47 - 02 հունիսի, 2021
Նոր Պարեկային ծառայությունը երևանաբնակ քաղաքացիներին կներկայանա հուլիսից․ Բադասյանը հանդիպել է ապագա պարեկների հետ

Նոր Պարեկային ծառայությունը երևանաբնակ քաղաքացիներին կներկայանա հուլիսից․ Բադասյանը հանդիպել է ապագա պարեկների հետ

ՀՀ Արդարադատության նախարարի պաշոտանակատար Ռուստամ Բադասյանը մայիսի 24-ին այցելել է Ոստիկանության կրթահամալիր՝ անձամբ զրուցելու հուլիսից Երևանում մեկնարկող նոր պարեկային ծառայության հնգամսյա ուսուցման մասնակիցների հետ ու տեղեկանալու նրանց պատրաստվածությանը, մտահոգություններին ու տրամադրվածությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանը, ՀՀ ոստիկանության Զորքերի ենթակա ստորաբաժանումների զորքերի հասարակական կարգի պահպանության գնդի հրամանատարության գնդի հրամանատար Արթուր Ումրշատյանը, Նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդական Ամալյա Հովսեփյանը, այլք:  Նախարարի պաշտոնակատարն ապագա պարեկների հետ հարցուպատասխանի միջոցով քննարկել է Պարեկային ծառայության ստեղծման գործնական հարցերը, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում։ 
09:40 - 25 մայիսի, 2021
Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Պետական գնումները մշտապես լրագրողների եւ գնումներով հետաքրքրված անձանց ուշադրության կենտրոնում են, քանի որ գնումներում հնարավոր է՝ լինեն կոռուպցիոն գործարքներ, փոխկապակցված ընկերություններից գնումներ եւ այլն։ Գնումների մասին օրենքի 18-րդ հոդվածը նախատեսում է, որ գնումների կատարման նախընտրելի ձեւը մրցույթն է, եթե գնման առարկան ներառված չէ նույն օրենքի մեկ այլ կետով սահմանված ցանկում։ Այս ցանկում հիմնականում ներառված են սննդամթերքներ, վառելիքներ, գրենական առարկաներ, դեղամիջոցներ եւ այլ իրեր։ Ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Օրենքով սահմանված է նաեւ, թե գնումների ընթացակարգերից որը ինչ դեպքում կարող է կիրառվել։ Օրինակ մեկ անձից գնման ընթացակարգը կիրառելի է, եթե գնման համար նախատեսված ապրանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, կամ գնումն իրականացվում է ՀՀ սահմաններից դուրս, կամ էլ գնման գինը չի գերեզանցում գնումների բազային միավորը։ Բազային միավորի արժեքը 1 մլն ՀՀ դրամն է։  Այնուամենայնիվ, թեեւ օրենքով նույնպես նախապատվությունը տրվում է գնման մրցութային ընթացակարգին, սակայն պետական կառույցները սեփական կարիքների համար նախապատվություն են տալիս մեկ անձից իրականացվող գնման ընթացակարգին։ Infocom-ն ուսումնասիրել է 2018-ից 2021 թվականների առաջին եռամսյակներում ՀՀ 12 նախարարությունների՝ սեփական կարիքների համար իրականացրած պետական գնումները եւ պարզել, որ նախարարությունները մեծամասամբ գնումներ են կատարել մեկ անձից գնման ընթացակարգով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսների ընթացքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է թվով 27 պետական գնում, որոնցից 16-ը կամ 59,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակա րգով։Սակայն գումարային առումով առավել մեծ է գնանշման հարցումով իրականացված գնումների արժեքը։ Ընդհանուր առմամբ 27 գնման համար հատկացվել է 25,5 մլն ՀՀ դրամ, որից 6,8 մլն ՀՀ դրամը կամ 26,6%-ը  հատկացվել է մեկ անձից կատարված գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նույն նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 36 պետական գնում, որոնցից 12-ը կամ 33%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 114,7 մլն ՀՀ դրամ, որից 5,6 մլն դրամը կամ 4,9%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ 2019-ին իրականացվել է 25 գնում, որոնցից 14-ը կամ 56%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 217,1 մլն ՀՀ դրամ, որից 146,5 մլն ՀՀ դրամը, կամ 72%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ Իսկ 2018 թ․՝ 37 պետական գնում, որոնցից 23-ը կամ 62%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 940,1 մլն ՀՀ դրամ, որից 709,1 մլն ՀՀ դրամը կամ 75,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսպիսով՝ վերջին 4 տարիներին, բացառությամբ 2020 թվականի, մշտապես մեկ անձից գնումները  կազմել են ընդհանուր գնումների կեսից ավելին, ինչը խնդրահարույց է։ Առողջապահության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Առողջապահության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 41 պետական գնում, որից 27-ը կամ 65,8%-ը իրականացվել է օրենքով ոչ նախընտրելի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 549 մլն ՀՀ դրամ, որից 1 մլրդ 708 մլն ՀՀ դրամը կամ 67%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ 2020 թ․ սեփական կարիքների համար իրականացվել է 991 պետական գնում, որից 960-ը կամ 96,8%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 76 մլրդ 119 մլն դրամ, որից 74 մլրդ 176 մլն դրամը կամ 97,4%-ը հատկացվել է մեկ անձից գնման համար։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը 2020 թվականի առաջին եռամսյակում գրեթե բոլոր գնումներն իրականացրել է առանց մրցույթի։ 2019 թ․ իրականացվել է 1084 պետական գնում, որից 1069 կամ 98,6%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գումարային առումով ընդհանուր գնումները կազմել են 72 մլրդ 230 մլն ՀՀ դրամ, որից 71 մլրդ 356 մլն ՀՀ դրամը կամ 98,7% գնումն իրականացվել է մեկ անձից։ 2018 թ․ իրականացվել է 1069 պետական գնում, որից 1046-ը կամ 97,8%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 63 մլրդ 363 մլն ՀՀ դրամ, որից 62 մլրդ 368 մլն ՀՀ դրամը կամ ընդհանուր գումարի 98,4%-ը իրականացվել է մեկ անձից։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը մշտապես գրեթե բոլոր գնումներն իրականացրել է մեկ անձից գնման ընթացակարգով, ինչը խնդրահարույց է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արդարադատության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արդարադատության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 34 պետական գնում, որից 29 գնումը կամ 85,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար տրամարդվել է 711 մլն ՀՀ դրամ, որից 484,8 մլն ՀՀ դրամը կամ 68,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ իրականացվել է 56 գնում, որից 33-ը կամ 58,9%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս գնումների համար ծախսվել է շուրջ 653,1 մլն ՀՀ դրամ, որից 405,5 մլն ՀՀ դրամը կամ 62%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունը կատարել է 46 պետական գնում, որից 30-ը կամ 65,2%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 702,8 մլն ՀՀ դրամ, որից 450,5 մլն ՀՀ դրամը կամ 64,1%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ նախարարությունը կատարել է 43 պետական գնում, որից 35-ը կամ 81,3%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 295,5 մլն ՀՀ դրամ, որից 101,8 մլն ՀՀ դրամը կամ 34,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։  Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ընդհանուր առմամբ Արդարադատության նախարարությունը նույնպես վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մեծամասնությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 9-ը կամ 26,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 182,4 մլն ՀՀ դրամ, որից 19,1 մլն ՀՀ դրամը կամ 10,4%-ը՝ մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 59 գնում, որից 13-ը կամ 22%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս պայմանագրերի գումարը կազմել է 371,9 մլն դրամ, որից 51,4 մլն դրամի գնումները կամ 13,8%-ը իրականացվել է մեկ անձից։ 2019 թ․ իրականացվել է 18 գնում, որից 9-ը կամ 50%-ն իրականացվել է մեկ անձից։ գնումների ընդհանուր գումարը կազմել է 135,4 մլն դրամ, որից 13,3 մլն դրամը՝ 9,8%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 45 պետական գնում, որից 23-ը՝ 51,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 452,6 մլն դրամ, որից 379,5 մլն դրամը՝ 83,8%-ը մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ ԱԻՆ պետական գնումներում մեկ անձից իրականացվող գնումները 2018 եւ 2019 թվականների համեմատությամբ նվազել են։ Արտաքին գործերի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արտաքին գործերի նախարարությունը իրականացրել է 93 պետական գնում, որից 81-ը՝ 87%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով, որի համար տրամադրվել է 52,4 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 70,4%-ն է։ 2020 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 78 պետական գնում, որից 65-ը կամ 83,3%-ը իրականացվել է մեկ անձից։ Մեկ անձից գնումների համար տրամադրվել է շուրջ 49,8 մլն ՀՀ դրամ, որը կազմում է ընդհանուր գնումների 56,7%-ը։ 2019 թ․ իրականացվել է 108 գնում, որից 97-ը՝ 89,8%-ը մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 63,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 24,5 մլն դրամ կամ գնումների գումարի 38,6%-ը։ 2018 թ․ իրականացվել է 92 պետական գնում, որից 85-ը կամ 92,3%-ը՝ մեկ անձից, որի համար տրամադրվել է 37,5 մլն ՀՀ դրամ, որը կազմել է ընդհանուր իրականացված գնումների գումարի 93%-ը։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արտաքին գործերի նախարարությունը, ինչպես տեսնում ենք, մշտապես գնումներ իրականացնելիս նախապատվությունը տվել է մեկ անձից իրականացվող գնումներին։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 62 պետական գնում, որից 46-ը կամ 74,1%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 225,6 մլն դրամ, որից 78,3 մլն դրամի գնումը՝ 34,7%-ը, կատարվել է մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 44 պետական գնում, որից 24-ը՝ 54,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 825,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման նպատակով ծախսվել է 122,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար տրամադրված գումարի 14,8%-ն է։ 2019 թ․ նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 20-ը՝ 58,5%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 85,1 մլն դրամ, որից մեկ անձի համար ծախսվել է 9,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար հատկացված գումարի 11,2%-ն է։ 2018 թ․ իրականացվել է 22 գնում, որից միայն 8-ը կամ 36,3%-ն է իրականացվել մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը եղել է 231,1 մլն դրամ, որից 3,4 մլն դրամը՝ 1,5%-ը՝ մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսինքն՝ այս նախարարության սեփական կարիքների համար իրականացված գնումներում միայն 2018 թվականի առաջին եռամսյակի՝ մինչեւ հեղափոխությունն իրականացված գնումներն են, որ մեկ անձից իրականացվել է պայմանագրերի կեսից քիչը։ 2019, 2020, 2021 թվականներին այդ ցուցանիշն աճել է՝ ընդհուպ հասնելով 74,1%-ի։ Էկոնոմիկայի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է ընդհանուր 84 պետական գնում, որի գերակշիռ մեծամասնությունը՝ 73 գնումը՝ 86,9%-ը, մեկ անձից գնման ընթացակարգով։ Սեփական կարիքների համար իրականացված պետական գնումների ընդհանուր գումարը կազմել է 579,7 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է 526,3 մլն դրամ կամ ընդհանուր գնումների 90,7%-ը։ 2020 թ․ Նախարարությունն իրականացրել է 63 գնում։ Այս դեպքում նույնպես մեծամասնությունը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր՝ 37 գնում կամ ընդհանուր գնումների 58,7%-ը։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 140,9 մլն դրամ, որից մեկ անձից գնումների արժեքը եղել է 58 մլն դրամ` 41.1%։ 2019 թ․ իրականացվել է 41 պետական գնում, որից 25-ը կամ 60,9%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ինչպես տեսնում ենք, այս դեպքում նույնպես մեծամասամբ գնումներն իրականացվել են օրենքով սահմանված ոչ նախընտրելի տարբերակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 93,4 մլն դրամ, որից 8,6 մլն դրամը կամ 9,2%-ը տրամադրվել է մեկ անձից գնումների ընթացակարգով գնման պարագայում։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 40 պետական գնում, 24-ը կամ 60%-ը՝ մեկ անձից։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 81,1 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 26,9 մլն դրամ՝ 33,1%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ինչպես տեսնում ենք Էկոնոմիկայի նախարարության պետական գնումները նույնպես մեծամասամբ իրականացվում է մեկ անձից գնման ընթացակարգով, որը 2021 թվականին հասել է 86,9 %-ի։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն 2021 թ․ նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը 201,4 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է շուրջ 171,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 85%-ն է։ 2020 թ․ երեք ամիսներին իրականացվել է 40 պետական գնում, որոնցից 21-ը կամ 52,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների պայմանագրերի ընդհանուր արժեքը 325,3 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 192,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 59%-ն է։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 21 պետական գնում։ 15-ը կամ ընդհանուր գնումների 71,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 20 մլն դրամ, որից 3,9 մլն դրամը կամ 19,5%-ը տրամադրվել է մեկ անձից գնման նպատակով։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին իրականացվել է 27 գնում, որից միայն մեկն է, որ իրականացվել է գնանշման հարցման ընթացակարգով։ Մնացած 26 գնումն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Դա ընդհանուր գնումների 96,3%-ն է։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 39,5 մլն դրամ, որից 38,5-ը՝ 97,4%-ը՝ մեկ անձից գնման համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այս նախարարության գնումները 2018 թվականի համեմատությամբ նվազել են, սակայն, միեւնույնն է, կազմում են մեծամասնություն։ Շրջակա միջավայրի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 36 գնում։ Մեծամասնությունն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ 24 գնում, որն ընդհանուր գնումների 66,6%-ն է։ Ընդհանուր գումարը կազմել է 29 մլն դրամ, որից 11,5 մլն՝ 39,6%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել է 42 գնում, որից 30-ը կամ 71,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 14,2 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 8,5 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 59,8%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 38 գնում, որոնց մեծ մասը՝ շուրջ 68,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 13,8 մլն դրամ է։ Մեկ անձից գնում կատարելու համար տրամադրվել է շուրջ 10,6 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 76,8%-ն։ 2018 թ․ երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 55 գնում։ Մեկ անձից գնման ընթացակարգով իրականացվել է 40 գնում, որն ընդհանուր գնումների 72,7%-ն է։ Գնումների ընդհանուր գումարը 81,8 մլն դրամ է, որի զգալի մեծամասնությունը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար․ շուրջ 78,2 մլն դրամ՝ 95,6%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Շրջակա միջավայրի նախարարության գնումներից նույնպես պարզ է դառնում, որ այս նախարարությունը նույնպես մեծամասամբ գնումներ է կատարել մեկ անձից, ինչը օրենքով խրախուսելի չէ։ Պաշտպանության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Պաշտպանության նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից միայն 6-ը կամ 19%-ը բաժին է ընկնում մեկ անձից գնումներին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը եղել է 716,7 մլն դրամ։ Մեկ անձից գնմանը տրամադրվել է 104 մլն դրամ կամ ընդհանուր գնումների արժեքի 14,5%-ը։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է համեմատաբար շատ՝ 173 գնում, որից ընդամենը 12-ը կամ 6,9%-ն է իրականացվել մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 9 մլրդ 831 մլն դրամ, որից 2 մլրդ 841 մլն դրամը՝ 28,9%-ը, իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ երեք ամիսներին իրականացվել է 233 պետական գնում։ Այս գնումներից 20-ը կամ 8,5%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 13 մլրդ 687 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 3 մլրդ 894 մլն դրամ՝ 28,4%։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 227 գնում, որից 18-ը՝ 7,9%-ը բաժին է հասնում մեկ անձից գնման ընթացակարգին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 17 մլրդ 674 մլն դրամ է։ Մեկ անձից գնման համար տրամադրվել է 8 մլրդ 300 մլն դրամ, որն գնումների ընդհանուր արժեքի 46,9%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Պաշտպանության նախարարությունը տեղեկատվության ազատության եւ բաց աշխատելաոճի առումով երբեք աչքի չի ընկել, սակայն պետական գնումների առումով, ինչպես տեսնում ենք, վերոնշյալ բոլոր նախարարությունների համեմատ ամենաքիչը մեկ անձից գնում կատարել է հենց այս նախարարությունը։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 88 պետական գնում, որից 20-ը կամ 22,7%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 6 մլրդ 425 մլն դրամ է, որից մեկ անձից գնումների համար տրամադրվել է 7,6 մլն դրամ։ Սա գնումների ընդհանուր արժեքի 0,11%-ն է։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 37 պետական գնում, որից 25-ը՝ 67,5% իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 256,2 մլն դրամ է, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 37,4 մլն դրամ, որը գնումների ընդհանուր արժեքի 14,6%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 19 պետական գնում, 7-ը՝ 36,8%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը՝ 25,8 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 2,5 մլն դրամ՝ 9,6%։ 2018 թ․ ընթացքում գնումները եղել են 25-ը, որից 15-ը կամ 60%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 134,9 մլն դրամ, որից 16,3 մլն դրամը կամ 12%-ը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Ֆինանսների նախարարությունը սեփական կարիքների համար կատարել է 24 պետական գնում, որից 18-ը՝ 75%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 333,9 մլն դրամ, որից 49,7 մլն դրամը կամ 14,8%-ը հատկացվել է մեկ անձից կատարվող գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 31 գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 363,5 մլն դրամ, որից 45,1 մլն դրամը՝ 12,4%-ը՝ մեկ անձից կատարվող գնումների համար։ 2019 թ․ ընթացքում իրականացվել է 36 պետական գնում, որից 23-ը կամ 63,8%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար ընդհանուր առմամբ հատկացվել է 222,9 մլն դրամ, որից 60,1 մլն դրամը՝ 26,9%-ը՝ մեկ անձից գնումներ կատարելու համար։ 2018 թ․ 52 գնում, որից 23-ը՝ 44,2%-ը՝ մեկ անձից։ Գնումների համար հատկացվել է 184,5 մլն դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար՝ 108,6 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 58,8%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարության վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում կատարված գնումներից իմանում ենք, որ մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մինչեւ 75%-ը։ Ընդ որում՝ մինչեւ հեղափոխությունը մեկ անձից գնումներն ավելի քիչ տոկոս են զբաղեցրել, քան դրանից հետո։ Սակայն գնումներին տրամադրված գումարի առումով պատկերն այլ է։ Ինպես տեսնում ենք երկրորդ գծապատկերում, մեկ անձից գնումներ իրականացնելու համար ամենաշատ գումարը տրամադրվել է 2018 թվականին։ Ընդհանուր առմամբ 12 նախարարությունները 2018-2021 թթ․ առաջին եռամսյակում իրականացրել են 5662 պետական գնում, որից 4338-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Սա կազմում է ընդհանուր գնումների 76,6%-ը։  Այս 4 տարիների առաջին եռամսյակում իրականացված գնումների համար ընդհանոուր առմամբ հատկացվել է 272,1 մլրդ ՀՀ դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար հատկացվել է 229,8 մլրդ դրամ։ Սա գնումների ընդհանուր գումարի 84,4%-ն է։ Այսպիսով՝ ամփոփելով բոլոր 12 նախարարությունների վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում իրականացվող պետական գնումները, կարող ենք եզրակացնել, որ նախարարությունների՝ գնումների ոլորտում ունեցած նախապատվությունը չի փոխվել, ավելին՝ նախարարություններից մի քանիսը մեկ անձից իրականացվող գնումները կրկնապատկել են 2018-ի համեմատությամբ։ Նարեկ Մարտիրոսյան
19:07 - 22 մայիսի, 2021
Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունները

Արդարադատության փոխնախարարը ներկայացրել է հակակոռուպցիոն ոլորտում Հայաստանի գրանցած հաջողությունները

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին մասնակցել է  «Խթանելով բարեվարքության բարեփոխումների օրակարգերն Արևելյան գործընկերությունում»  ԵՄ արևելյան գործընկերության ծրագրի բարձր մակարդակի հանդիպմանը: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ծրագիրը համատեղ իրականացվում է Եվրոպական հանձնաժողովի, Տնտեսական զարգացման և համագործակցության կազմակերպության և Բաց կառավարման գործընկերության կողմից: Փոխնախարար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին միջոցառման հրավերի համար և ներկայացրել հակակառուպցիոն ոլորտում Հայաստանի կառավարության գրանցած ինստիտուցիոնալ հաջողությունները, որոնք արձանագրվել են 2019 թվականին ընդունված Հակակոռուպցիոն բարեփոխումների հավակնոտ ռազմավարության մեկնարկից հետո։ Արձանագրված հաջողություններից նախարարի առաջին տեղակալն առանձնացրել է հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց շրջանակի  ընդլայնումը, դատարաններում քննված և ավարտված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով վերջին երեք տարիների ընթացքում վերականգնված գումարի չափը (100 մլն եվրո, այն դեպքում, երբ նախորդ ինը տարիների ընթացքում 3 անգամ պակաս միջոցների վերականգնում է արձանագրվել համանման գործերով), դատավորների, դատախազների և քննիչների թեկնածուների բարեվարքության ստուգման, ինչպես նաև դատավորների  գույքային դրության ստուգման համար ներդրված մեխանիզմները, որոնք, փոխնախարարի խոսքով, թեև 12 ամիս է, ինչ կիրառվում են, սակայն ապացուցում են դրանց արդյունավետ և հավասարակշռված բնույթը։ Այդուհանդերձ, Քրիստիննե Գրիգորյանը նշել է, որ Կառավարության ռազմավարական նպատակը կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումն ու կոռուպցիոն դեպքերի կանխարգելման, հետաքննության և դատաքննությամբ զբաղվող ուժեղ և անկախ ինստիտուտների ստեղծումն է։ Այդ համատեքստում փոխնախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ գործում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այս տարեվերջին կգործի Հակակոռուպցիոն կոմիտեն, իսկ 2022 թվականից՝ հակակոռուպցիոն դատարանը: «Միևնույն ժամանակ, Գլխավոր դատախազությունում ստեղծել ենք մասնագիտացված վարչություն, որը զբաղվում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով»,- նշել է փոխնախարարը և կարևորել «Թրանսփարենսի ինթերնեշնլի» Կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թվականի արդյունքները, համաձայն որոնց, Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում իր վարկանիշը բարելավել է 14 կետով։ Ամփոփելով՝ Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է, որ դեռ շատ աշխատանք կա անելու, իսկ դրան հասնելու ճանապարհին կարևոր է նաև առողջ և կենսունակ քաղաքացիական հասարակության ու միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։
10:22 - 21 մայիսի, 2021
ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է Համաներման մասին օրենքի կիրառման քայլերը

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է Համաներման մասին օրենքի կիրառման քայլերը

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է մայիսի 19-ին ուժի մեջ մտած Համաներման մասին օրենքի կիրառման քայլերը։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի, համաներումը կիրառելի է մայիսի 19-ի դրությամբ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի այն անձանց նկատմամբ, որոնք խուսափել են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից և կասկածվում, մեղադրվում կամ դատապարտվել են ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով (միայն եթե նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարվել է ռազմական դրության ժամանակ) սահմանված՝ ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ: «Համաներման մասին օրենքի կիրառումը մեր հայրենակիցների համար առավել պատկերավոր և կանխատեսելի դարձնելու համար ստորև ներկայացնում ենք գործնական որոշ պարզաբանումներ. Եթե Դուք գտնվում եք հետախուզման մեջ, և Ձեր նկատմամբ ընտրված է կալանքի ձևով խափանման միջոց, ապա. անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ տարածք (2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ). մուտք գործելուց հետո կարճ ժամանակով վերցվելու եք արգելանքի և ներկայացվելու եք վարույթն իրականացնող մարմին. կարճ ժամկետում վարույթն իրականացնող մարմինը կլուծի Ձեր նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու հարցը, և, ըստ այդմ, Դուք հնարավորություն կունենաք ազատվել արգելանքից և գտնվել ազատության մեջ. Համաներման օրենքի պահանջներին համապատասխանելու դեպքում իրավասու մարմինը Ձեր նկատմամբ կկիրառի համաներումը: Եթե Դուք պատիժ եք կրում քրեակատարողական հիմնարկում, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետը: Եթե Դուք դատապարտվել եք ազատությունից զրկելու հետ չկապված պատժի (օրինակ՝ տուգանք) կամ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվել եք, և Ձեր վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը: Եթե Ձեր վերաբերյալ գործը ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության կամ վերաքննիչ քրեական դատարանում է, սակայն մինչև Համաներման օրենքի ուժի մեջ մտնելը չի քննվել կամ քննվել է, բայց դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու են համապատասխանաբար ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության և վերաքննիչ քրեական դատարանները:  Եթե Ձեր հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է դատարանը` Ձեր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդության հիման վրա:  Եթե Ձեր գործով վճռաբեկ բողոքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ վճռաբեկ դատարանը:  Եթե Դուք ՀՀ դատարանների կողմից դատապարտվել եք, սակայն պատիժը կրում եք ՀՀ սահմաններից դուրս, ապա Ձեր նկատմամբ Համաներման մասին օրենքի կիրառման հարցը լուծելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը:  * Նկարագրված իրավիճակներից յուրաքանչյուրի դեպքում էլ համաներումը Ձեր նկատմամբ կիրառվելու է միայն Համաներման օրենքի պահանջներին համապատասխանելու դեպքում: Համաներման մասին օրենքի համաձայն՝ համաներումը չի կիրառվում` 1) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան. 2) այն անձանց նկատմամբ, որոնց դեպքում վերջին տասը տարվա ընթացքում` ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, և որոնք դրանից հետո կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով կամ դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, կամ բ. պատիժը կրելուց ազատել են Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, և որոնք դրանից հետո կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով կամ դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար, կամ գ. քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է համաներում հայտարարելու մասին օրենքի կամ Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, և որոնք դրանից հետո կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով կամ դատապարտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար. 3) այն անձանց նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանքը կատարել են մեկ այլ գործով նշանակված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքով սահմանված փորձաշրջանի ընթացքում»,- ասվում է պարզաբանման մեջ։
18:33 - 19 մայիսի, 2021
Ծառայությունների միասնական գրասենյակները հասանելի կլինեն հանրապետության տարբեր հատվածներում |armenpress.am|

Ծառայությունների միասնական գրասենյակները հասանելի կլինեն հանրապետության տարբեր հատվածներում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարարությունը խնդիր է դրել հասարակությանը տրամադրվող ծառայությունները մատուցել ժամանակակից սպասարկման կենտրոններում: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ դրա համար հիմնվում են հանրային ծառայությունների միասնական գրասենյակներ: «Առաջինը Երևանում է հիմնվել Վազգեն Սարգսյան 3 հասցեում, որտեղ պայմանները բոլորովին այլ են: Մենք նախատեսում ենք բոլոր ծառայությունների տրամադրումը ամփոփել մեկ տեղում: Դա արվում է նրա համար, որ քաղաքացին որևէ պետական ծառայությունից օգտվելու համար ստիպված չլինի գերատեսչությունից գերատեսչություն գնալ: Դա պետք է արվի մեկ պատուհանի սկզբունքով»,-ասաց Վահե Դանիելյանը: Երևանում բացված գրասենյակը պիլոտային ծրագիր է, որն արդարացրել է: Արդյունքում խնդիր է դրվել ավելացնել նման գրասենյակների թիվը: Մասնավորապես, վերջերս նման գրասենյակ բացվել է Իջևանում: Առաջիկայում նախատեսվում է հանրապետության ամբողջ տարածքում ունենալ միասնական գրասենյակներ, որտեղ մատուցվելու են բոլոր պետական ծառայությունները՝ կադաստրային, անձնագրային, քաղաքացիական կացության ակտերի գրանցման և այլն: Վահե Դանիելյանի խոսքով, նոր միասնական գրասենյակները բացելուն զուգահեռ կամաց-կամաց քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակների տարածքային կենտրոնները կփակվեն:
17:46 - 17 մայիսի, 2021
Ամուսնության գրանցման համար պետական տուրք չի գանձվի. բարեփոխումներ ծառայությունների ոլորտում |armenpress.am|

Ամուսնության գրանցման համար պետական տուրք չի գանձվի. բարեփոխումներ ծառայությունների ոլորտում |armenpress.am|

armenpress.am: Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Կառավարությունն արմատական բարեփոխում է իրականացնում, որի արդյունքում կթվայնացվեն Արդարադատության նախարարության կողմից մատուցվող հանրային ծառայությունները, կպարզեցվի վարչարարությունը, կկրճատվեն ժամկետները, կնվազեցվեն  կոռուպցիոն ռիսկերը։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ օրենսդրական փոփոխություններով համակարգային ձևով փոխվել են քաղաքացիական կացության ակտերի գրանցման, ինչպես նաև ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունները: «Մասնավորապես, ամբողջությամբ փոխվել է պետական տուրքի համակարգը: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման պետտուրքի վճարումից ազատվում են կենսաթոշակառուները, 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք, ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսինը, զավակը և ծնողը։ Այս խմբերը ազատված են լինելու ՔԿԱԳ բոլոր ծառայություններից օգտվելու համար նախատեսված տուրքերից»,- ասաց Վահե Դանիելյանը: Որոշ ծառայությունների համար, Վահե Դանիելյանի խոսքով, տուրքերն ընդհանրապես հանել են: Օրինակ, ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու և առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար այլևս պետական տուրք չի պահանջվի: «Միաժամանակ կրճատել ենք մատուցվող ծառայությունների հետ կապված ժամկետները: Դա արել ենք, որ քաղաքացիների համար կյանքը շատ ավելի հեշտ լինի: Օրինակ, անվան փոփոխության համար մինչև 5 ամիս տևող ժամկետը կրճատել ենք՝ հասցնելով 15 աշխատանքային օրվա: Մեր քաղաքացիները քաշքշուկների մեջ են ընկել, երբ փորձել են անվան, ծննդյան թվի հետ կապված սխալը շտկել: Հիմա նման սխալները շտկելու համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 աշխատանքային օր»,- ասաց նախարարի տեղակալը: Վահե Դանիելյանը նկատեց, որ այս կատարվող քայլերը կնպաստեն կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Օրինակ, անվան փոփոխության հետ կապված՝ քաղաքացին պետք է տարածքային մարմին ներկայացներ դիմում՝ հիմնավորելով, թե ինչու է դա անում: «Պետք է հիմնավորեր, որ անունը ոչ բարհունչ է: Դրանից բացի, դա կախված էր ՔԿԱԳ-ի պետից: Մեր կարծիքով, նման կարգավորումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, քանի որ դա թողնված է պետական պաշտոնիայի հայեցողությանը: Այսինքն՝ նա պետք է որոշի քաղաքացու անվան փոփոփոխությունը հարգելի է, թե ոչ: Հիմա այդ գնահատողական հիմքերը հանվել են: Դրանից բացի, քաղաքացուց  դիմում ընդունողն այլ մարդ է լինելու, որոշում կայացնողը՝ այլ: Դիմում ընդունողը որոշում չի կայացնելու: Քաղաքացին անգամ չի իմանա, թե ով է որոշում կայացնողը»,- ասաց նախարարի տեղակալը:
15:31 - 17 մայիսի, 2021
Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտի բարեփոխումները

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են արդարադատության ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ մայիսի 15-16-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ. ձեռքբերումներ և նոր մարտահրավերներ» թեմայով: Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Աշխատաժողովին, որը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը, մասնակցում էին արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, տեղակալներ Սուրեն Գրիգորյանը և Արմեն Հովհաննիսյանը, Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը և խորհրդի մյուս անդամները, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ Ռուզաննա Հակոբյանը և Համլետ Ասատրյանը, Վճռաբեկ դատարանի այլ դատավորներ, վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը, դատավորներ վերաքննիչ քաղաքացիական, քրեական և վարչական դատարաններից, վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը, սնանկության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը, ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ, ինչպես նաև գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ներկայացուցիչներ Արդարադատության նախարարությունից և «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամից, այլք: Ռուստամ Բադասյանը և Գագիկ Ջհանգիրյանը ողջունել են աշխատաժողովի մասնակիցներին, կարևորել նման հանդիպումները և երկխոսություններն ու արդյունավետ քննարկում մաղթել բոլորին: Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է նաև դատական իշխանության դերակատարումը արդարադատության ոլորտի բարեփոխումներում՝ կարևորելով դատական իշխանության ներկայացուցիչների ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը բարեփոխումների փուլում լավ արդյունքներ գրանցելու հարցում: Անցնելով օրակարգի հարցերին՝ Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների շրջանակներում վերջին մեկ տարվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները և առաջիկա ծրագրերը, Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը և Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը ներկայացրել են քրեական և քրեադատավարական օրենսդրության ոլորտում, իսկ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը՝ հակակոռուպցիոն ոլորտում կատարված բարեփոխումները: Նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանն իր հերթին խոսել է դատավորների նոր ավելացվող հաստիքների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովման հնարավորությունների և ծրագրերի մասին: Հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Պետրոսյանը և դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամները ներկայացրել են դատավորների գործունեության գնահատման նոր կառուցակարգի գործնական խնդիրները: Քննարկում է ծավալվել նաև Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման արդյունավետության և հիմնական իրավակարգավորումների վերաբերյալ: Բացի այդ, ներկայացվել է  էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացիկ վիճակը: Ներկայացված հարցերի առնչությամբ տեղի են ունեցել ակտիվ քննարկումներ, մտքերի փոխանակություններ՝ մի շարք թեմաների կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերելով հետագա առավել մանրամասն քննարկումների իրականացման:
11:16 - 17 մայիսի, 2021