Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

ՀԱՊԿ-ը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատը. Պեսկով |tert.am|

ՀԱՊԿ-ը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին խաղաղապահների մանդատը. Պեսկով |tert.am|

tert.am: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման թեման շոշափվել է ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում, Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի մասնակցել կարգավորմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս թեման շոշափվել է, միանգամայն անկեղծ, շատ ուղիղ, կառուցողական, դեռ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է, կան որոշակի նրբերանգներ, բայց այս թեման օրակարգում է»,- լրագրողներին ասել է նա։ «Բայց Ռուսաստանն ինքը շարունակում է շատ կարևոր դեր խաղալ: Ռուսաստանի բոլոր առաջարկները ֆիքսվել են Երևանի և Բաքվի կողմից: Եվ մենք կշարունակենք մեր ծառայությունները մատուցել այնքանով, որքանով երկրները կարիքը կունենան այդ ծառայությունների»,- ասել է Պեսկովը։ Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ ծառայությունները պահանջված են։ Պեսկովը հիշեցրել է, որ սահմանին իրավիճակի սրումից հետո լիազորված անձանց պատվիրակություն է ուղարկվել զեկույց կազմելու համար։ Շարունակությունը՝ tert.am-ում
09:24 - 24 նոյեմբերի, 2022
Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Պուտին
 |armenpress.am|

Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի. Պուտին |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում ընթացող ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում անդամ երկրների նախագահների ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի համակողմանի լուծման անհրաժեշտության վրա: Այս մասին տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից: «Համաձայն եմ գործընկերներիս հետ, ովքեր ավելի վաղ խոսեցին այս հարցի և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համապարփակ կարգավորմանը հասնելու ջանքերի մասին։ Իհարկե, դրանք սուր հարցեր են, որոնք պահանջում են մեր ուշադրությունը»,- ասել է Պուտինը: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ հոկտեմբերի վերջին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները «լավ հիմք են ստեղծել սկզբունքային հարցերի շուրջ ապագա փոխզիջումների համար»։ «Միայն հետևողականորեն կատարելով այս (ավելի վաղ ձեռք բերված) պայմանավորվածությունները՝ սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հումանիտար խնդիրների վերաբերյալ, մենք կարող ենք հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման: Հուսով ենք, որ դա ի վերջո կհանգեցնի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման»,-ասել է նա:
19:09 - 23 նոյեմբերի, 2022
Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն են, մենք երբեք չենք կարգավորել հարաբերությունները մի կողմի հետ՝ մյուսի հաշվին. Իրանի արտգործնախարար
 |tert.am|

Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն են, մենք երբեք չենք կարգավորել հարաբերությունները մի կողմի հետ՝ մյուսի հաշվին. Իրանի արտգործնախարար |tert.am|

tert.am: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցին և դրան ադրբեջանական կողմի արձագանքին: «Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարեւաններն են, և մենք երբեք չենք կարգավորել հարաբերությունները մի կողմի հետ՝ մյուսի հաշվին։ Ելնելով փոխադարձ շահերից՝ մենք առաջնահերթ ենք համարում բոլոր հարևանների հետ հարաբերությունների զարգացումը»,- ասել է Աբդոլլահիանը։ Նա ընդգծել է, որ Իրանը տարածքային հավակնություններ չունի հարևան երկրներից որևէ մեկի, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ, սակայն Թեհրանը հասկացրել է, որ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կբախվի Իրանի լուրջ արձագանքին։ «Տարածաշրջանի պաշտոնյաները մեզ վստահեցրել են, որ իրենք նման մոտեցում չունեն և պետք չէ մտահոգվել։ Մենք շարունակում ենք մեր հարաբերությունները Ադրբեջանի և մյուս հարևանների հետ՝ բարիդրացիության և եղբայրության սկզբունքների հիման վրա»,- հավելել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
18:39 - 23 նոյեմբերի, 2022
Ֆրանկոֆոնիայի բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացվել էր. ԱԳՆ-ն հերքում է Ալիևին |azatutyun.am|

Ֆրանկոֆոնիայի բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացվել էր. ԱԳՆ-ն հերքում է Ալիևին |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահի խոսքերը, թե հակաադրբեջանական դրույթները հանվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում շաբաթավերջին ընդունված ու Հայաստանին համերաշխություն հայտնող բանաձևի նախագծից, չեն համապատասխանում իրականությանը, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Այդ բոլոր փաստաթղթերը ինչպես որ ներկայացվել են նախարարական համաժողովում, այդպես էլ ընդունվել են կազմակերպության կողմից, այսինքն՝ նախագիծն ամբողջությամբ ընդունվել է գագաթնաժողովի կողմից: Եթե իրապես Ադրբեջանը հասած լիներ իր ուզածին, և եթե իրապես ցանկալի սցենարով ամեն ինր գնար, այսքան շարունակական հայտարարություններ իրենց կողմից չէին լինի», - ասաց Վահան Հունանյանը: «Ազատության» ձեռքի տակ է հայտնվել «Ճգնաժամային իրավիճակների, դրանց հաղթահարման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ» բանաձևի նախագիծը, որը վաղն է պաշտոնապես հրապարակվելու։ Հունանյանը հաստատեց՝ հենց այդ փաստաթուղթն է գագաթնաժողովում ընդունվել։ Կետերից մեկով կազմակերպության 50-ից ավելի երկրներ իրենց համերաշխությունն են հայտնում անդամ Հայաստանին, նաև մտահոգություն հայտնում բոլորովին վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղ գտած ռազմական էսկալացիայի, հատկապես այդ առճակատման հետևանքով միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության և մարդասիրական իրավունքի խախտումների առնչությամբ: Կազմակերպությունը ընդունված բանաձևով կոչ է արել խստորեն պահպանել հրադադարը, հակամարտությունը լուծել խաղաղ՝ հարգելով տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության սկզբունքները։ Նաև ողջունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորում գտնելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը: Ըստ «Ազատության» ձեռքի տակ եղած նախագծի՝ հայ-ադրբեջանական ու Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող կետերի վերաբերյալ վերապահումներ են ունեցել Ալբանիան, Ռումինիան ու Մոլդովան։ Հունանյանի ծոսքով՝ այս երկրները փորձել են խոչընդոտել ձևակերպումների ընդունմանը, բայց ի վերջո բանաձևն ընդունվել է այնպես, ինչպես նախագծում ներկայացվել էր: Վերապահում ունեցող երկրները կարող էին վետոյի գործընթաց սկսել, որին, ըստ ԱԳՆ խոսնակի, չեն գնացել։ «Ալբանիան Ռումինիայի և Մոլդովայի աջակցությամբ փորձում էր վերաբացել այդ կետերի շուրջ քննարկում, սակայն թե հայկական պատվիրության նախարարական համաժողովի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ղեկավարությամբ աշխատանքի և ընդհանրապես Ֆրանկոֆոնիայում առկա Հայաստանի նկատմամբ համերաշխությունը բերեց նրան, որ այդ քննարկումը տեղի չունեցավ, այսինքն՝ չկարողացան ադրբեջանական ազդեցության տակ այդ նախաձեռնությունն արած երկրները հասնել իրենց ուզածին», - շեշտեց գերատեսչության խոսնակը: Արդյոք Երեւանը փորձե՞լ է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ձևակերպում ներառել։ Տեքստում նման ուղիղ դրույթ չկա։ Այս ձևակերպումներով էլ, ըստ Վահան Հունանյանի, փաստաթուղթը գոհացնում է Երևանին. «Մինչև նախագծի հասնելը նախարարական համաժողով ինքը անցնում է որոշակի համաձայնեցման պրոցեսներ, 54 անդամ պետություն կա, գումարած 7 ասոցացված և դիտորդներ: Իհարկե, ցանկացած պարագայում կարելի է ունենալ էլ ավելի լավ բանաձև, էլ ավելի խիստ դատապարտում, բայց սա այն հնարավորն էր, որին կարողացել ենք հասնել, և ես կարծում եմ, որ ունենք շատ լավ փաստաթուղթ»: Շարունակությունը՝ azatutyun.am -ում  
09:46 - 23 նոյեմբերի, 2022
Ադրբեջանը այսօրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածում, թե ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը․ Արցախի ՊՆ

Ադրբեջանը այսօրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածում, թե ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը․ Արցախի ՊՆ

Նոյեմբերի 22-ին՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ժամը 09:17-ից 14:48-ն ընկած ժամանակահատվածում, Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։  Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն առավոտյան տարածել էր ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի ժամը 16։50-ից նոյեմբերի 22-ի ժամը 01։05-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Արցախի ՊՆ-ից հայտնել են, որ երեկ և այսօր Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գտնվող հողատարածքների ուղղությամբ։ 
17:50 - 22 նոյեմբերի, 2022
Առանց նախապայմանների ձևակերպումը վերաբերում է նաև Ցեղասպանության ճանաչման խնդրին․ Խաչատուրյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Առանց նախապայմանների ձևակերպումը վերաբերում է նաև Ցեղասպանության ճանաչման խնդրին․ Խաչատուրյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել SpecialEurasia-ին, որը ներկայացնում ենք ստորև․ SpecialEurasia - Հաշվի առնելով վերջին շրջանում Հարավային Կովկասում գրանցված աշխարհաքաղաքական զարգացումները, (2020 թ-ի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, 2022թ-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական ագրեսիան), և Ուկրաինայի հակամարտության արդյունքում ներկայումս միջազգային հարթակում առկա իրավիճակը, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ապագան և ի՞նչ ուղի կընտրի Ձեր երկիրն այս փոփոխվող աշխարհում։ - 2020 թվականի 44-օրյա պատերազմը ծանր փորձություն էր մեր ժողովրդի համար, ընդհանրապես պատերազմների ավերիչ հետևանքները դժվար է ամբողջական կերպով գնահատել՝ ընդ որում բոլոր պատերազմող կողմերի համար: Այսօր մեր տարածաշրջանում և, համարձակվում եմ ասել, ամբողջ աշխարհում տեղի է ունենում մինչ 2020 թվականը գոյություն ունեցած աշխարհակարգի վերափոխում և եթե դիտարկենք այս տեսանկյունից, ապա լոկալ հակամարտություններն այդ փոփոխության մասնակի դրսևորումներն են: Անշուշտ, առկա միջազգային իրադրության լարվածության և փոփոխությունների ֆոնին հարկ է, որ ցանկացած պետություն ընտրություն կատարի, բայց այդ ընտրությունը կարծում եմ ավելի շատ արժեքների դաշտում է: Հայաստանն այս տեսանկյունից իր միանշանակ որոշումը կայացրել է, այն է՝ անշեղորեն առաջնորդվել ժողովրդավարության սկզբունքներով և գնալ ժողովրդավարական ինստիտուտների կայացման ուղիով: Մենք փոքր հնարավորություններով երկիր ենք, նկատի ունեմ այն, որ Հայաստանը հարուստ չէ օգտակար հանածոներով, էներգակիրներով, մենք չունենք նավթ ու գազ և նման պայմաններում ժողովրդավարությունը, մշակույթը, գիտությունը դառնում են մեր առաջնային ռեսուրսն աշխարհին ներկայանալու և մոլորակի վրա մեր ուրույն տեղն ու դիմագիծն ունենալու համար: Իսկ այս ամենի համար անհրաժեշտ է խաղաղություն: Հայաստանի համար վերջինս այլընտրանք չունի, քանի որ խաղաղությունն ամենակարևոր նախապայմանն է ինչպես առանձին վերցրած քաղաքացու, այնպես էլ պետությունների կայացման, զարգացման ու քաղաքակրթական վերելքի համար: Եթե փորձենք ձևակերպել շատ հակիրճ, ապա Հայաստանն աներկբա կերպով ընտրել է խաղաղ, ժողովրդավար և մարդակենտրոն զարգացման ուղին: SpecialEurasia - Խոսելով Հայաստանի արտաքին հարաբերություններից, Դուք կարծու՞մ եք, որ հնարավոր է կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, չնայած նրան, որ Անկարան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Ինչպե՞ս կարող է հայ բնակչությունն արձագանքել այս խնդրին։ - Հայաստանի Հանրապետության համար բարիդրացիական հարաբերությունների հաստատումն իր բոլոր հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի հետ երբևէ վիճարկելի գաղափար չի եղել: Մենք մշտապես հանդես ենք եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման, սահմանների բացման դիրքորոշմամբ: Պետք է շեշտել, որ առանց նախապայմանների ձևակերպումը դիվանագիտական խուսանավում չէ և վերաբերում է նաև Ցեղասպանության ճանաչման խնդրին:Ցավոք, պետք է ասեմ, որ տասնամյակներ շարունակ առաջինը Թուրքիան է Հայաստանի հետ սահմանների բացման և հարաբերությունների կարգավորման համար նախապայմաններ առաջադրել՝ ինչ-որ առումով սպասարկելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ադրբեջանական օրակարգը: Միևնույն ժամանակ, կարևոր եմ համարում ընդգծել, որ 1990-ականների սկզբին և 2008-2009 թվականներին Հայաստանն ու Թուրքիան ունեին հնարավորություն գնալ արմատական փոփոխության և շարժվել կարգավորման ուղղությամբ: Այդ հնարավորությունները լիարժեք կերպով չօգտագործվեցին, բայց այսօր ես առավել կարևոր եմ համարում ոչ թե անցյալի բացթողումների կամ ինչ-ինչ կորսված հնարավորությունների մասին խոսելը, այլ ապագային նայելը:Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում են: Անգամ տեղեկատվական-քարոզչական դաշտում ես տեսնում եմ դրական միտումներ և հույս ունեմ, որ մեր արևմտյան հարևանի հետ մենք կարող ենք հաստատել քաղաքակիրթ, կարգավորված և կանխատեսելի բարիդրացիական հարաբերություններ: Ես այն համոզմանն եմ, որ անգամ բարդագույն խնդիրների լուծման բանալին զարգացումն ու ժողովրդավարությունն է, որոնք չենք կարող գոյություն ունենալ նախապայմաններով կամ բացառություններով: Այս տեսանկյունից քաղաքակիրթ հարաբերությունների հաստատումը Թուրքիայի և ընդհանարապես, բոլոր հարևան երկրների հետ, Հայաստանը տեսնում է որպես հնարավորություն, ինչպես արդեն ասեցի, ժողովրդավարության և զարգացման հասնելու և բարդագույն խնդիրների հաղթահարման համար: SpecialEurasia - Արևմուտքը հաճախ է երկակի ստանդարտների քաղաքականություն կիրառել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Արդյո՞ք տեսնում եք որևէ փոփոխություն 2022 թվականի սեպտեմբերից հետո: - Ես չէի ցանկանա միանշանակ ու միարժեք կերպով գնահատականներ հնչեցնել, ղարաբաղյան հիմնախնդրում Արևմուտքի դերակատարության մասին: 1992 թվականին ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խումբն այս տարիների ընթացքում գնահատելի աշխատանք է տարել հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հանդես գալով մի շարք առաջարկներով, այլ հարց է, որ 2020 թվականին Ադրբեջանը փորձեց ուժի կիրառմամբ հասնել իր համար ցանկալի արդյունքի:Ինչ վերաբերում է, 2022 թվականի սեպտեմբերից հետո Արևմուտքի և կարելի է ասել առաջադեմ աշխարհի դիրքորոշմանը, ապա այստեղ ամեն ինչ առավել քան պարզ էր: 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ոտնձգություն է իրականացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և փաստացի օկուպացրել: Այս հարցը քննարկվել է ՄԱԿ անվտանգության խորհրդում, բազմաթիվ երկրների կողմից ադրբեջանական ագրեսիան դատապարտվել է և ի վերջո, ԵԱՀԿ կողմից փաստահավաք առաքելություն է ուղարկվել Հայաստան: Կարծում եմ սրանք ցուցիչներ են, որոնք ակնառու կերպով ի ցույց են դնում Արևմուտքի դիրքորոշումը: SpecialEurasia - Վերջերս Դուք ելույթ ունեցաք COP27-ում։ Ո՞րն է կլիմայի փոփոխության մարտահրավերին դիմակայելու՝ Հայաստանի որդեգրած ռազմավարությունը, և ինչպե՞ս կարող են բնապահպանական խնդիրներն ազդել Հայաստանի բիզնես ոլորտների վրա: - Կլիմայի փոփոխություններին ինչ-որ կերպ հակազդելու հիմնախնդրի առաջ կանգնած է համայն մարդկությունը և այդ գործում բոլոր պետություններն ունեն իրենց դերակատարությունը՝ անկախ իրենց աշխարհագրական դիրքից ու տարածքից: Հայաստանը, բնականաբար, հանձնառու է իրականացնել այն միջոցառումները, որոնք մեր երկիրը ստանձնել է «Փարիզյան կոնվենցիայով»: Կարծում եմ, որ Կլիմայի փոփոխության մարտահրավերներին դիմակայելու բանաձևերը բավական պարզ և հստակ են՝ շարժվել դեպի «կանաչ տնտեսություն», զարկ տալ տեխնոլոգիական զարգացմանն ու էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրների կիրառությանը տնտեսության մեջ, կառավարելի դարձնել շրջակա միջավայրի աղտոտման վրա ուղակի ազդեցություն ունեցող ռիսկերը՝ գտնելով կենցաղային ու արտադրական թափոնների վերամշակման ու նվազեցման մեխանիզմներ: Կցանկայի նաև շեշտել, որ Կլիմայի փոփոխության յուրօրինակ մարտահրավերներից են նաև ռազմական ագրեսիաներն ու պատերազմները, որոնց հետևանքներին մենք ականատես ենք լինում տարիներ շարունակ: SpecialEurasia - Արդյո՞ք Հայկական Սփյուռքը կարող է էական դեր ունենալ այսօրվա Հայաստանում։- Հայկական սփյուռքն այսօր, ինչպես և անցյալում և հուսով եմ ապագայում, անքակտելիորեն կապված է Հայաստանի հետ: Հայաստանի Հանրապետությունն աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է, և այստեղ այլ կարծիք լինել չի կարող, այլ հարց է, որ պետք է առավել ինստիտուցիոնալ հիմքի վրա դնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, որպեսզի դրանք չսահմանափակվեն զուտ բարեգործական նախաձեռնություններով կամ տարբեր հիմնադրամների ու հասարակական կազմակերպությունների գործունեությամբ, թեկուզ և անգնահատելի է այդօրինակ կառույցների բազմոլորտ գործունեությունը հայապահպանության, հայկական մշակույթի զարգացման ու հանրահռչակման ու բազմաթիվ այլ ասպարեզներում: Այս հարցում բնականաբար անելիքներ ունեն և Հայաստանի ղեկավարությունը և Սփյուռքահայ կազմակերպությունները, որովհետև պարզ է նաև այն, որ Սփյուռքը բազմաշերտ, յուրօրինակ երևույթ է, որի հետ հնարավոր չէ միագիծ հարաբերություններ ստեղծել: SpecialEurasia -  Երևան կատարած մեր այցի ընթացքում մենք բացահայտեցինք, որ Պարսից ծոցի որոշ միապետություններ մեծ ակտիվությամբ խթանում և աջակցում են տեղական բիզնեսներին, հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունները: Վերջերս դուք հանդիպում ունեցաք Արաբական լիգայի գլխավոր քարտուղարի հետ։ Հաշվի առնելով Միջին Արևելքում հայկական Սփյուռքի կենսական դերը, հավատու՞մ եք, որ Ձեր երկիրը կարող է ամրապնդել իր տնտեսական և քաղաքական հարաբերությունները արաբ-մուսուլմանական աշխարհի հետ: - ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին համաժողովի շրջանակներում ես արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել նաև արաբական մի շարք երկրների իմ պաշտոնակիցների և ղեկավարների հետ և վստահաբար կարող եմ ասել, որ արաբական աշխարհում առկա է ցանկություն առավել բարձր մակարդակի հասցնել Հայաստանի հետ հարաբերությունները: Հայկական սփյուռքն, անշուշտ, իր դերակատարությունն ունի այս հարաբերություններում, սակայն կարծում եմ, որ միայն Սփյուռքի ներուժի օգտագործումը բավարար չէ և մենք պետք է շարժվենք քաղաքական տնտեսական ու առևտրա-տնտեսական կապերի սերտացման ու ընդլայնման ուղղությամբ: Հայաստանը բազմաթիվ բարեկամ ու գործընկեր երկրներ ունի արաբա-մուսուլմանական աշխարհում և իմ հանդիպումները՝ ինչպես Արաբական պետությունների լիգայի Գլխավոր քարտուղար պարոն Ղեյթի, այնպես էլ այլ արաբ առաջնորդների հետ նպատակ ունեին զարգացնել փոխշահավետ համագործակցությունն ու ընդլայնել Հայաստան-Արաբական աշխարհ երկխոսությունը: SpecialEurasia - Ի՞նչ կասեք հայ-իտալական հարաբերությունների մասին։ - Հայ-իտալական հարաբերությունները հարյուրամյակների պատմություն ունեն և իրենց արմատներով հասնում են վաղ միջնադար, երբ հայ վաճառականներն առևտուր էին անում Ջենովայի և Վենետիկի հետ: Մեկ այլ մակարդակում են գտնվում հայ-իտալական մշակութային առնչակցությունները, Վենետիկի Սուրբ Ղազար կղզում է գտնվում աշխարհում հայագիտության խոշորագույն կենտրոններից մեկը՝ Մխիթարյան միաբանությունը: Ընդհանրապես, հայ-իտալական հարաբերություններն այնքան խորն ու բազմաշերտ են, որ մեկ կամ մի քանի հարցազրույցների ընթացքում հնարավոր չէ անդրադառնալ դրանց բոլորին: Մեր ժողովուրդներն անգամ բազմաթիվ նմանություններ ունեն՝ սկսած արտաքինից վերջացրած զգացմունքայնությամբ և հախուռն բնավորությամբ: Այնպես որ, կարծում եմ հայ-իտալական հարաբերությունները մշտապես ունեն զարգացման մեծ ներուժ:
17:11 - 22 նոյեմբերի, 2022
Ադրբեջանական կողմը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ․ Արցախի ՊՆ

Ադրբեջանական կողմը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ․ Արցախի ՊՆ

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին, Ասկերանի շրջան Սարուշեն համայնքի ղեկավարը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Ամարասի հովտում՝ Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական հենակետերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքը: Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան:Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը փաստերը հավաքագրել ու փոխանցել է խաղաղապահ զորակազմին: Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ևս նույն վայրում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:
16:32 - 22 նոյեմբերի, 2022
Երևանի և Բաքվի միջև խաղաղության և անվտանգության հաստատումը ժամանակի պահանջն է. Ալիև
 |aravot.am|

Երևանի և Բաքվի միջև խաղաղության և անվտանգության հաստատումը ժամանակի պահանջն է. Ալիև |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության և անվտանգության հաստատումը ժամանակի պահանջն է: Այդ մասին ասվում է Ալիևի ուղերձում՝ ուղղված Ասիական կուսակցությունների միջազգային համաժողովի մասնակիցներին: «Պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունները չեն կարող հավերժ ձգվել: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և անվտանգության ապահովումը՝ միջազգային իրավունքի և արդարության սկզբունքի հիման վրա, ժամանակի և դարաշրջանի պահանջն է»,- ասվում է Ալիևի ուղերձում: Նրա խոսքով՝ ժամանակակից փուլում, երբ «ձևավորվում է նոր աշխարհակարգ, որն ուղեկցվում է միջազգային հարաբերություններում լուրջ ցնցումներով, անհրաժեշտություն է առաջ եկել, որպեսզի կուսակցությունները և միջազգային կազմակերպությունները վերագնահատեն իրենց դիրքորոշումը և հնարավորությունը՝ ազդելու իրադարձությունների վրա տարբեր մակարդակներում»: Ալիևը նշել է, որ համաշխարհային մարտահրավերներից մեկն էլ խաղաղության և անվտանգության խնդիրն է: «Դա նաև զգայուն և առաջնահերթ հարց է Ադրբեջանի համար, որն իրականացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերի պահանջները, որոնք չէին կատարվում մոտ 30 տարի»,- ասվում է Ադրբեջանի նախագահի ուղերձում:
12:40 - 22 նոյեմբերի, 2022
Ալիևը Փարիզին մեղադրում է Ադրբեջանի դեմ սադրանք կազմակերպելու մեջ |azatutyun.am|

Ալիևը Փարիզին մեղադրում է Ադրբեջանի դեմ սադրանք կազմակերպելու մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի դեմ սադրանք է կազմակերպվել, որի հեղինակը Ֆրանսիան էր, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով իր գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության 30-ամյակին նվիրված միջոցառմանը։ «Այդ սադրանքի հեղինակը Ֆրանսիան էր, իսկ հիմա Ֆրանսիան հովանավորում է Հայաստանին։ Նրանք միմյանց քույրեր են անվանում, և դա հատուկ ընդգծում են, չնայած կարող էին նաև իրար եղբայրներ անվանել», - հեգնել է Ալիևը։ Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը բանաձև է ցանկացել ընդունել, որում Ադրբեջանի դեմ «իրականությանը չհամապատասխանող» ձևակերպումներ կային։ «Բոլոր հակաադրբեջանական թեզերը հեռացվել են մեր ընկերների ջանքերի շնորհիվ», - ասել է Ադրբեջանի առաջնորդը՝ առանց հստակեցնելու, թե ինչ թեզերի մասին է խոսքը և որոնք են Բաքվին սատարած երկրները: Իլհամ Ալիևն իր ծավալուն ելույթի ընթացքում անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին, պնդել, որ այդ կառույցում Ադրբեջանն ավելի շատ բարեկամ ունի, քան Հայաստանը։ Ադրբեջանի առաջնորդի խոսքերով՝ Երևանին չի հաջողվել ռազմական այդ դաշինքին բացասաբար տրամադրել Բաքվի նկատմամբ, քանի որ կազմակերպության մյուս անդամները չեն տրվել Երևանի «սադրանքներին»։
18:09 - 21 նոյեմբերի, 2022
«ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը». Ալիև

 |aravot.am|

«ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ բարեկամներ ունի, քան Հայաստանը». Ալիև |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ բարեկամներ ունեն, քան Հայաստանը, դրա համար էլ կազմակերպության երկրներին «Ադրբեջանի հետ բախման տանելու Հայաստանը փորձերը» ձախողվել են: «Անգամ այն կազմակերպություններում, որոնց անդամ մենք չենք հանդիսանում, մենք ունենք ընկերներ, և վերջին տարիների ու ամիսների իրադարձությունները ևս մեկ անգամ դա ապացուցում են: Օրինակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Մենք ՀԱՊԿ անդամ չենք: Մինչդեռ Հայաստանն այդ կազմակերպության անդամ է, և այդ կազմակերպության միջոցով նպատակադրվել էր չհիմնավորված պահանջներ առաջ քաշել Ադրբեջանի դեմ, և, ըստ էության, ցանկանում էր բախման տանել դրա մեջ մտնող երկրներին Ադրբեջանի հետ: Դա մեծ սադրանք է և մեծ հանցագործություն»,- ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ստեղծման 30-ամյակին նվիրված համաժողովում: Նրա խոսքով՝ այդ սադրանքը տապալվել է, և ՀԱՊԿ երկրները չեն տրվել դրան: «Դա նշանակում է, որ մենք կազմակերպության մեջ ավելի շատ ընկերներ ունենք, քան Հայաստանը: Ինչո՞ւ է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքն այդքան բացասական: Քանի որ ամենուր ստում են, և իրենց խնդիրները լուծելու համար, ինչպես ասում են, էլ դուռ չի մնացել, որ թակած չլինեն: Այդ ամենն ակնհայտ է, բոլորն այդ մասին գիտեն»,- ասել է նա՝ հավելելով, որ հաջող արտաքին քաղաքականության շնորհիվ Ադրբեջանն ամրապնդել է իր դիրքերը միջազգային թատերաբեմում:
17:37 - 21 նոյեմբերի, 2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ՀԱՊԿ-ի իրավասությանը չի վերաբերում. Կոսաչև |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը ՀԱՊԿ-ի իրավասությանը չի վերաբերում. Կոսաչև |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իրավասությանը չի վերաբերվում: Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է դիվանագետ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահ Կոնստանտին Կոսաչևը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե կարող են արդյոք ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը, որպես կառույցի ամենահզոր անդամ, Հայաստանին ավելի եռանդուն աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի հետ հակամարտությունում, առաջին հերթին՝ ռազմական, թե՞ «Ռուսաստանը հիմա Հայաստանի ժամանակը չունի»: «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, իմ կարծիքով, կազմակերպության իրավասությանը չի վերաբերվում։ ՀԱՊԿ անդամ երկրներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում իր վերաբերմունքը դրա վերաբերյալ։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա հայտնի է, որ մենք ամենաանկեղծ ձևով աջակցում ենք կարգավորմանը։ Ընդ որում, մեր ջանքերը հավասարապես պահանջված են և այս, և մյուս կողմից։ Այլ կերպ չի էլ կարող լինել, իրավիճակը կարող է զարգանալ միայն այդ ճանապարհով»,- ասել է Կոսաչևը: ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի փոխնախագահի խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության մեջ միայն մեկ կողմի աջակցության դիրք զբաղեցնելը կնշանակեր այն ավելի խորացնել: «Պետք է խաղաղ կարգավորման դիրքորոշում որդեգրել և աջակցել, որպեսզի այդ կարգավորման պայմաններն ընդունելի լինեն բոլոր կողմերի համար»,- նշել է Կոսաչևը:  
17:09 - 21 նոյեմբերի, 2022