Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։ «Հայկական կողմը կորուստներ չունի: Նոյեմբերի 26-ի ժամը 22:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է», - նշված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ նմանատիպ հաղորդագրություն ՀՀ ՊՆ-ն տարածել էր նաև առավոտյան՝ նշելով, որ նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Մեկ այլ հաղորդագրությամբ էլ ՀՀ ՊՆ-ն հերքել էր Ադրբեջանի ՊՆ այն պնդումը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն են կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունն էլ էր այսօր հերքել տեղեկությունը, թե կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իսկ ՌԴ ՊՆ-ն Արցախում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին տեղեկագրում արձանագրել էր հրադադարի պահպանման ռեժիմի խախտման 3 դեպք։  Արցախյան գերատեսչությունը հերքել էր նաև Ադրբեջանի ՊՆ մեկ այլ հաղորդագրություն՝ հայկական զինված ուժերի քվադրոկոպտեր որսալու մասին: Հավելենք, որ և՛ Հայաստանի, և՛ Արցախի պաշտպանական գերատեսչությունների նմանատիպ հաղորդագրությունները պարբերական են դարձել։
22:44 - 26 նոյեմբերի, 2022
Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն. Արցախի ԱԺ նախագահ |armenpress.am|

Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն. Արցախի ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Չնայած հակամարտող կողմերի ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ հակառակ դիրքորոշումներին Արցախը հակված է բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակելուն: Այս մասին «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովում իր ելույթում ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Նա ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ խորապես կարևորելով «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» խորագրով գիտագործնական համաժողովի նախաձեռնումն ու կազմակերպումը: «Մեր օրերում, երբ վտանգված է Արցախի պետականությունը, հակամարտության վերջնական լուծման կողքին դրվում է նաև Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հեռանկարը: Մեր այս դիրքորոշումը պետք է ընկալելի լինի նաև Հարավային Կովկասում իրենց տարածաշրջանային շահերը հետապնդող երկրների համար:Միջազգային հանրությունը պարտավոր է հարգել արցախահայության պահանջը, քանզի այն համապատասխանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին»,-ասել է ԱԺ նախագահն իր ելույթում: Նրա խոսքով՝ հակամարտության կարգավորումը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կանխելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացրած գործողությունները: «Ադրբեջանը ցայսօր, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, Արցախի նկատմամբ պարբերաբար ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, որոնք որակվում են ինչպես հայատյացության դրսևորում, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության և կայունության խախտման և հատկապես՝ խաղաղապահ առաքելության չեզոքացման նենգ դրսևորում: Մենք շարունակելու ենք մեր ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծմանը հասնելու ուղղությամբ»,-ասել է Թովմասյանը, հավելելով, որ արցախահայությունը  կանգնած է անցյալից դասեր առնելու, ընդօրինակելու, կատարվածը հանրագումարի բերելու հրամայականի առջև: Ներկա դրությամբ առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է: «Կարևորում ենք հատկապես ՌԴ կողմից այս հարցի նկատմամբ ընդգծված վերաբերմունքն ու իրականացված գործնական քայլերը: Աշխարհաքաղաքական բարդ ու անկանխատեսելի իրավիճակին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար առաջնային ու կարևոր գործոն պետք է հանդիսանան համաժողովրդական համախմբվածությունն ու համերաշխությունը»,-ընդգծել է Արթուր Թովմասյանը:
17:03 - 26 նոյեմբերի, 2022
Բայրամովը և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

Բայրամովը և Կլաարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ: Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և այդ գործընթացին ուղղված հետագա քայլերին։ Բայրամովը և Կլաարը քննարկել են նաև Վաշինգտոնում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպման արդյունքները և խաղաղության հնարավոր պայմանագրի հետ կապված հարցեր: Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Բայրամովն ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը: Կլաարը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները։
16:25 - 26 նոյեմբերի, 2022
Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը դարձյալ հերքում է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության վերաբերյալ՝ նշելով, որ այն ապատեղեկատվություն է։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ին՝ ժամը 00:05-00:20-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը իր ֆեյսբուքյան էջում։ Նշենք, որ վաղ առավոտյան ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն են նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը խախտել հրադադարը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
15:15 - 26 նոյեմբերի, 2022
Արցախից հայտնում են, որ Ադրբեջանի ՊԲ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Արցախից հայտնում են, որ Ադրբեջանի ՊԲ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ «Հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները այսօր՝ ժամը 09:25-10:10-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել Արցախի Ասկերանի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է Արցախի ՊՆ հաղորդագրության մեջ։ Նշենք, որ վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ի նմանատիպ հաղորդագրությունները պարբերական են դարձել։ Արցախյան կողմից էլ հայտնում են, որ Ադրբեջանն է պարբերաբար կրակում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ։ Նոյեմբերի 24-ին ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանը կրակել է Մաղավուզ գյուղի ուղղությամբ։ Այս հաղորդագրությունից հետո Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը մեղադրել էր ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ իրավիճակը ոչ օբյեկտիվ ներկայացնելու ու հայկական տեղանուններ գործածելու մեջ։ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբից արձագանքել էին Բաքվի հայտարարությանը՝ մեղադրանքն անվանելով «զարմանալի»։
14:51 - 26 նոյեմբերի, 2022
Պուտինն ու Ալիևը շաբաթվա մեջ երկրորդ անգամ են հեռախոսազրույց ունեցել

Պուտինն ու Ալիևը շաբաթվա մեջ երկրորդ անգամ են հեռախոսազրույց ունեցել

Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ քննարկվել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ողջ կոմպլեքսի իրականացման հետագա քայլերը՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործնական հարցերի շեշտադրմամբ։ Իլհամ  Ալիևը երեկ հայտարարել է նաև, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցը իր վերջին զրույցի ժամանակ քննարկել է ռուս պաշտոնյաների հետ։ Վերջին անգամ Ալիևի հետ հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։  Նշենք, որ Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց էին ունեցել նաև մի քանի օր առաջ՝ նոյեմբերի 22-ին՝ Վլադիմիր Պուտինի՝ ՀԱԿՊ խորհրդի նիստի շրջանակներում Երևան այցից ընդամենը մեկ օր առաջ։ Երևանում անցկացված ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո կայացել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
14:37 - 26 նոյեմբերի, 2022
Ֆրանսիան արձագանքել է Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկման մասին Ալիևի հայտարարությանը

 |armenpress.am|

Ֆրանսիան արձագանքել է Բրյուսելում նախատեսված հանդիպման չեղարկման մասին Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցություններին աջակցելուն։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը։ «Ֆրանսիան, ինչպես և առաջ, լիովին հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ընթացող բանակցություններին աջակցելուն»,-ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը` պատասխանելով  հարցին, թե մտադի՞ր է արդյոք Ֆրանսիան նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպումների տարբերակներ առաջարկել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևը [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել են նաև ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
12:47 - 26 նոյեմբերի, 2022
Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դա արդարացնում է Էմանուել Մակրոնի ներկայությամբ․ Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դա արդարացնում է Էմանուել Մակրոնի ներկայությամբ․ Մարուքյան

Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դա արդարացնում է Էմանուել Մակրոնի ներկայությամբ։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է  ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը։ «Ադրբեջանը չի ցանկանում հանդիպել Բրյուսելում, և դա արդարացնում է Էմանուել Մակրոնի ներկայությամբ։ Ընդ որում՝ անցած գիշեր Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ որպես Հայաստանին առաջարկված «խաղաղության» իրական նշան»,- գրել է Մարուքյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևը [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել են ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
12:34 - 26 նոյեմբերի, 2022
Արցախում ՌԴ խաղաղապահ զորախումբը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը

Արցախում ՌԴ խաղաղապահ զորախումբը պատասխանել է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնամարզական և մարտական առաջադրանքներ իրականացնելիս օգտագործում են ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանուններ։ Այս մասին ասված է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տարածած հաղորդագրությունում։  «Մագավուզ բնակավայրի անվանման վերաբերյալ Բաքվի քննադատությունը զարմանալի է, քանի որ ավելի վաղ և բազմիցս ՌԴ ՊՆ տեղեկագրերում օգտագործվել են նաև այլ ոչ ադրբեջանական տեղանուններ՝ Ադրբեջանի քաղաքացիների ավտոշարասյունների ուղեկցումը ԼՂ տարածքով ապահովելու համատեքստում։ Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս և ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմն օգտագործում է նաև այդ տեղանունները։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրերում հրապարակված հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրվում են խաղաղապահների դիտակետերում՝ օբյեկտիվ հսկողության տեխնիկայի օգտագործմամբ, որը թույլ է տալիս դիտորդություն իրականացնել օրվա ցանկացած ժամի: Վատ չէր լինի, որ Ադրբեջանի ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այլ սերտ համագործակցությամբ շարունակեր աշխատանքը տարածաշրջանում խաղաղության պահպանման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր՝ նոյեմբերի 25-ին, հաղորդագրություն է տարածել, որում դժգոհում է, որ ռուսական խաղաղապահ առաքելության հաղորդագրություններում գործածվում են Արցախի Հանրապետության հայկական տեղանունները, ինչպես նաև մեղադրել է ռուսական կողմին, թե վերջինս իր պաշտոնական հաղորդագրություններում չի նշում Արցախյան կողմից հրադադարի խախտումների մասին։
16:43 - 25 նոյեմբերի, 2022
Հայաստանը պատրաստ է հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը

 |armenpress.am|

Հայաստանը պատրաստ է հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն. ԱԳՆ-ի արձագանքն Ալիևի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ հայկական կողմը հանդիպմանը համաձայն է պայմանով, որ դրան մասնակցի նաև Ֆրանսիայի նախագահը: Ադրբեջանի նախագահի հայտարարության, ինչպես նաև խաղաղության պայմանագրի վերաբերյալ  հայկական կողմի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկների մասին հարցերին է պատասխանել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բրյուսելում դեկտեմբերի 7-ին նախատեսվող հանդիպումը տեղի չի ունենա ձևաչափի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշման պատճառով: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա: -Ցանկանում ենք հիշեցնել, որ նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ հենց ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի: Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպման անցկացումը և խաղաղության գործընթացն իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն։ Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին անցկացված հանդիպման ընթացքում Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկները: Արդյոք որևէ զարգացում կա՞ այս առումով: -Այս պահի դրությամբ խաղաղության պայմանագրի մեր առաջարկներին Ադրբեջանը չի պատասխանել։
14:53 - 25 նոյեմբերի, 2022
Ադրբեջանն Արցախում կրկին թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին

Ադրբեջանն Արցախում կրկին թիրախավորել է գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող խաղաղ բնակիչներին

Նոյեմբերի 25-ին ժամը 11:55-ին Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի բնակիչ Ս. Գրգորյանը ոստիկանության շրջանային բաժնի նույն համայնքի բաժանմունք է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում, Թաղավարդ գյուղի վարչական տարածքի «Ծմակեն տակ» կոչվող տեղամասում, «Բելառուս» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հակառակորդը հրաձգային զինատեսկներից անկանոն կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունից:    Առավոտյան հրադադարի պահմանման ռեժիմի խախտում է արձանագրվել նաև Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ:   Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները թիրախավորել են խաղաղ բնակչությանը՝ խոչընդոտելով իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները:   Ոստիկանության շրջանային բաժինները փաստերը հավաքագրել ու տրամադրել են ռուսական խաղաղապահ զորակազմին:   Նշենք, որ Արցախում Ադրբեջանի կողմից խաղաղ բնակիչներին թիրախավորման դեպքերը վերջին օրերին պարբերական բնույթ են կրում: Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն ու խաղաղ բնակիչներին թիրախավորելու դեպքերն արձանագրում են նաև ՌԴ խաղաղապահները: 
14:05 - 25 նոյեմբերի, 2022