Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ. Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ
 |amerikayidzayn.com|

Ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ. Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Դեսպան Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսությանը․ Մեզ հետ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը: Շնորհակալություն պարոն դեսպան, որ համաձայնվել եք զրուցել մեզ հետ: Համուզված եմ, որ հետևում եք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին: Այստեղ ի հայտ են գալիս որոշակի դժվարություններ: Խաղաղ գործընթացը ինքնին կարծես հայտնվում է դադարեցման վտանգի տակ: Ականատես ենք հռետորաբանության կոշտացմանը: Ինչպե՞ս կգնահատեք գործընթացի ներկայիս փուլը և որո՞նք են հիմնական ռիսկերը: Ինձ իրականում լավատեսություն է ներշնչում վերջին մի քանի ամիսների գործընթացը: Լավ նշան է, որ Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը հանդիպեցին միմյանց: Մասնավորապես Սոչիում կայացած հանդիպումը դրական արդյունք տվեց. կողմերը համաձայնեցին ուժի չկիրառման վերաբերյալ: Ապագայում կան նաև առաջընթացի հնարավորություններ՝ դեկտեմբերի 7-ին Եվրամիության շրջանակում հնարավոր հանդիպման հետ կապված: Չեմ ակնկալում, որ բոլոր քննարկումները կանցնեն առանց դժվարությունների: Եվ, իհարկե, հռետորաբանությունը, հավանաբար, երկու կողմից էլ կարող է փոխվել, բայց դա չպետք է խանգարի գործընթացի առաջխաղացմանը: Կարևոր է, որ կողմերը խոսեն և կարևոր է, որ լինի բանակցային գործընթաց: Պարոն դեսպան, սակայն, դեռևս պարզ չէ, թե արդյոք կկայանան դեկտեմբերի 7-ի բանակցությունները, թե ոչ, քանի որ կողմերի մոտ առկա են որոշակի անհամաձայնություններ այս առիթով: Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանվորված այս հետընթացը խաղաղ գործընթացում: Առկա են որոշակի տարաձայնություններ, որոնք, իմ ընկալմամբ, վերաբերում են նախագահ Մակրոնի մասնակցությանը բանակցություններին: Հայկական կողմը ցանկանում է, որ Մակրոնը շարունակի մասնակցել երկխոսությանը և ինչու ոչ առաջնորդի այն, մինչդեռ նախագահ Ալիևը կտրուկ հայտարարություններ է արել Մակրոնի մասնակցության դեմ: Սա կարծում եմ մեծ խնդիր չէ, որը կողմերը պետք է հաղթահարեն, քանի որ ամենակարևորն այն է, որ հայկական և ադրբեջանական կողմերը խոսեն միմյանց հետ անկախ ձևաչափից կամ բանակցության մասնակիցներից: Պարոն դեսպան, Ձեր կարծիքով՝ ո՞րն է կողմերի միջև կարգավորմանը խանգարող ամենագլխավոր խոչընդոտը: Ամենամեծ մարտահրավերն այն է, որ ամեն ինչ չէ, որ հնարավոր է միանգամից կարգավորել: Պետք է միաժամանակ շատ հարցերի շուրջ գործընթացներ ընթանան։ Կարևոր է, որ նախագահը և վարչապետը խրախուսեն այն: Օրինակ, չափազանց կարևոր է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց լինի, որը կարող է նվազեցնել հակամարտության հավանականությունը: Կարևոր է, որ կարգավիճակի շուրջ քննարկում լինի: Ես ամբողջապես տեղյակ եմ, որ նախագահ Ալիևը հասկացրել է, որ հակամարտության բոլոր հարցերը կարգավորված են, և որ այս ամենն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց է, սակայն առկա է գործընթացի անհաժեշտություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Դա կարևոր քննարկում է կարգավիճակի շուրջ: Կան նաև այլ հարցեր։ Օրինակ՝ կոմունիկացիան, ջրային ռեսուրսները, ռազմագերիների վերադարձը։ Սրանք բոլորն այն խնդիրներն են, որոնք բախվում են խոչընդոտների, բայց կարող են լուծվել, որի համար պետք է լինի բազմակողմ մոտեցում, առաջին հերթին, նախագահի և վարչապետի ներգրավմամբ: Դուք նշեցիք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի գործոնը, ում մասնակցությունը բանակցութուններում դարձել է կողմերի միջև տարաձայնության պատճառ: Ադրբեջանի նախագահը ուղղակի դեմ է հանդես եկել նախագահ Մակրոնի մասնակցությանը, ինչպես նաև մատնանշել վերջերս Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձևը Հայաստանի ու Ադրբեջանին հակամարտության մասին: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը այս առումով և ինչպե՞ս է այն հնարավոր կարգավորել: Կարծում եմ, որ նախագահ Մակրոնը իսկապես հասկանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը, և նա կարող է լինել անաչառ, արդար միջնորդ այս գործընթացում։ Բայց իմ տեսակետները կարևորը չեն: Կարևոր է այնպիսի գործընթացի առկայություն, որը կվայելի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վստահությունը ինչպիսի ձևաչափ էլ որ լինի և որտեղ էլ որ այն տեղի ունենա։ Կարևոր է, որ կողմերը վստահություն ունենան գործընթացի նկատմամբ և հավատարիմ լինեն առաջ շարժվելուն: Այնպես որ, ես իսկապես չեմ կարծում, որ ձևաչափն այնքան կարևոր է, որքան Ալիևի և Փաշինյանի հանձնառությունը՝ խաղաղության քննարկումներում արդյունավետորեն առաջ շարժվելուն: Պարոն դեսպան, այս օրերին Բաքվում էր գլխավոր բանակցող, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերը, ով հանդիպել էր Ադրբեջանի նախագահի ու ղեկավարության հետ: Նա պատրաստվում է նաև այցելել Երևան՝ Հայաստանի ղեկավարության հետ հանդիպելու համար: Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի ակտիվությունը և դերն այս գործընթացում: Դեսպան Ռիքերը բավականին բարձրաստիճան դիվանագետ է, և ես շատ ուրախ եմ, որ նա նշանակվել է հատուկ բանակցողի պաշտոնում: Հուսադրող է նաև, որ և՛ պետքարտուղարը, և՛ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զբաղվում են այս խնդրով: Դա պետք է լինի կայուն պարտավորություն: Ամերիկյան կողմի հետ մեկ հանդիպումը բավարար չէ: Այն պետք է դառնա պարտավորություն ԱՄՆ կառավարության, իհարկե, նաև Եվրոպական միության և այլ կառույցների կողմից՝ այս գործընթացը առաջ տանելու համար: Հակառակ դեպքում մենք կվերադառնանք ռազմական հակամարտությանը: Այն, ինչ ես այժմ տեսնում եմ ԱՄՆ վարչակազմի կողմից, շատ դրական է, և այդ ներգրավածությունը պետք է կանոնավոր կերպով շարունակվի ոչ միայն դեսպան Ռիքերի, այլև ԱՄՆ կառավարության այլ բարձրաստիճան անդամների կողմից: Ինչպե՞ս կգնահատեք Մոսկվայի դերը այս գործընթացում: Այն ապակառուցողական է, թե՞ կարող է որոշակի դրական տարրեր պարունակել: Ուկրաինա ներխուժումից հետո դժվար է պատկերացնել Մոսկվային խաղաղություն արարողի դերում: Դժվար է պատկերացնել, որ այսօր ԱՄՆ-ը և Եվրամիությունը կարող են արդյունավետ աշխատել Մոսկվայի հետ: Այնուամենայնիվ, չնայած բոլոր տարաձայնություններին, որոնք մենք ունենք Ռուսաստանի հետ, մենք ունենք նաև ընդհանուր շահեր ի դեմս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և անվտանգության հաստատմանը: Կարծում եմ, որ ռուսական կողմը չի ցանկանում իր հարևանությամբ ունենալն ծավալվող հակամարտություն և կցանկա այստեղ տեսնել գործուն մի գործընթաց: Իհարկե ռուսական կողմը չպետք է վերահսկի գործընթացը, այլ պետք է լինի գործընթացի մասնակից տարածաշրջանի մյուս երկրների հետ մեկտեղ։ Ռուսաստանը ունի յուրահատուկ պատմություն և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որը մենք պետք է հասկանանք։ Այնպես որ, ես հավատացած եմ, որ Ռուսաստանը կարող է արդյունավետ դեր խաղալ, սակայն որքան հասկանում եմ համանախագահության ձևաչափն այլևս կենսունակ միջոց չէ՝ հակամարտությունը միջնորդելու համար: Շարունակությունը՝ amerikayidzayn.com-ում
11:42 - 30 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է՝ ՌԴ զորախումբը կանխակալ վերաբերմունք ունի և պահանջում է չկիրառել Լեռնային Ղարաբաղ անունը
 |armtimes.com|

Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է՝ ՌԴ զորախումբը կանխակալ վերաբերմունք ունի և պահանջում է չկիրառել Լեռնային Ղարաբաղ անունը |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կարծում է՝ ռուսական խաղաղապահ զորախումբը չի արձագանքում իրենց կոչերին և կանխակալ վերաբերմունք ունի 2 կողմերի հայտարարությունների նկատմամբ: «Ցավալի է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի արհամարհական վերաբերմունքը մեր կոչերին»: Այս մասին մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ երեկ  տարածած  հաղորդագրության մեջ։ Խոսքը Լեռնային Ղարաբաղ  անունը ռուսական հաղորդագրություններում չկիրառելու մասին է, քանի որ արդեն մի քանի օր՝ Ադրբեջանը նման տարօրինակ պահանջ է ներկայացնում և պնդում, որ ռուսական կողմն անտեսում է իր պահանջները: «Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ անընդունելի է Ադրբեջանի Հանրապետության տարածքում բնակավայրերի անունների հիշատակումը հայկական հորինված տեղանուններով, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտության օգտագործումը։  Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին պաշտոնական հաղորդակցություններում չօգտագործել այդ ոչ ճիշտ արտահայտությունները, և հուսով ենք, որ մեր կոչը հաշվի կառնվի։ Բացի այդ, պահանջում ենք իրենց հրապարակած քարտեզի վրա ճիշտ նշել մեր տարածքի անունը»,- ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ: Գերատեսչությունը նաև հորդորել է Լեռնային Ղարաբաղում գտնվող տեղանունների ադրբեջաներեն տարբերակները կիրառել՝ որպես օրինակ նշելով Մարտակերտն ու Մարտունին: Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն մինչ այս ևս երկու հաղորդագրություն է տարածել, որոոնցում դժգոհում է, որ ռուսական խաղաղապահ առաքելության հաղորդագրություններում գործածվում են Արցախի Հանրապետության հայկական տեղանունները, ինչպես նաև մեղադրել է ռուսական կողմին, թե վերջինս իր պաշտոնական հաղորդագրություններում չի նշում Արցախյան կողմից հրադադարի խախտումների մասին։ Արցախում ՌԴ խաղաղապահ զորախումբը պատասխանել էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը՝ նշելով, որ իրենք օգտագործում են ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանունները։ Իսկ պաշտոնական տեղեկագրերում հրապարակված հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրվում են խաղաղապահների դիտակետերում՝ օբյեկտիվ հսկողության տեխնիկայի օգտագործմամբ, որը թույլ է տալիս դիտորդություն իրականացնել օրվա ցանկացած ժամի:
10:12 - 30 նոյեմբերի, 2022
ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում կազմակերպելու ուղիներ փնտրել
 |azatutyun.am|

ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում կազմակերպելու ուղիներ փնտրել |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները խորապես ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման դիվանագիտական գործընթացում և շարունակում է ուղիներ փնտրել երկու երկրների արտաքին գործերի նախարարների և առաջնորդների միջև նոր հանդիպում կազմակերպելու համար: Երեկ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան Մայքլ Քարփենթերը՝ պատասխանելով թուրք լրագրողի հարցին, թե Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ բանակցություններից Բաքվի հրաժարվելու պայմաններում արդյոք Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պլաններ ունի: «Գաղտնիք չէ, որ մենք շատ սերտորեն աշխատում ենք Եվրամիության մեր գործընկերների հետ և նաև կիրառում ենք ԵԱՀԿ գործիքակազմը, որը հայ - ադրբեջանական սահմանի հայկական կողմում տեղակայեց կարիքների գնահատման թիմ՝ Հայաստանի դիմումով, բայց նաև շատ շատ աջակցում ենք սահմանին ԵՄ ջանքերին», - շեշտել է Քարփենթերը: «Մեր նպատակը պարզ է՝ մենք կցանկանայինք տեսնել սահմանը որքան հնարավոր է շուտ սահմանազատված, մենք կցանկանայինք տեսնել խաղաղության համաձայնագիրը երկու կողմերի միջև որքան հնարավոր է շուտ, որպեսզի խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան, հարգվեն մարդու իրավունքները և այս տարածաշրջանում ապրող բոլոր անհատների անվտանգությունը, և մենք կարողանանք նոր էջ բացել Հարավային Կովկասի պատմության մեջ», - ասել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը: «Ակնհայտ է, որ այդ վերջնական վիճակին հասնելու համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց մենք պարտավորվում ենք անել ամեն ինչ՝ հասնելու այդ արդյունքին», - վստահեցրել է Մայքլ Քարփենթերը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևը [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել են նաև ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:  
10:07 - 30 նոյեմբերի, 2022
Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը. Ռիքերի ուղերձը
 |1lurer.am|

Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը. Ռիքերի ուղերձը |1lurer.am|

1lurer.am: Ամեն անգամ, երբ վերադառնում եմ Բաքու, տեսնում եմ տնտեսության և հնարավորությունների աճ Հարավային Կովկասի ամբողջ տարածաշրջանի համար։ Այս մասին տեսաուղերձում հայտարարել է այցով Ադրբեջանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարության՝ Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։ Նրա խոսքով՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավատում է Հարավային Կովկասի՝ խաղաղության հասնելու հնարավորություններին և ներուժին: «Գիտակցելով աշխարհագրության կարևորությունը՝ նա խնդրեց ինձ այցելել տարածաշրջան: Հիմա ես Բաքվում եմ, այստեղից կմեկնեմ Թբիլիսի և Երևան։ Այս տարածաշրջանում հանդիպում են աշխարհագրությունն ու պատմությունը։ Մենք գիտենք, որ խաղաղ գործընթացը հեշտ չէ։ Գիտեմ, որ հակամարտությունը տարիների ընթացքում երկու կողմերի մեծ դժվարությունների ու տառապանքների պատճառ է դարձել։ Բայց ես հավատում եմ, որ խաղաղ ապագայի հույս կա: Հուսով եմ, որ խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված թափը հնարավոր կլինի պահպանել և պատմության նոր էջ բացել՝ ավելի պայծառ ապագա երաշխավորելու համար»,- ասել է դիվանագետը։ Նա հավելել է, որ այժմ հետևում է երկու երկրների իրական և համարձակ քայլերին, որոնք նայում են ապագային և ցանկանում են կայուն խաղաղության հասնել: «Ինչպես նշել է պետքարտուղար Բլինքենը, երկու երկրներն աշխատում են Հարավային Կովկասում ավելի բարեկեցիկ և խաղաղ ապագայի ապահովման ուղղությամբ։ Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ է անում պահպանել ձեռք բերված թափը նաև նոր տարում։ Իրական առաջընթաց է գրանցվել, և աշխարհը խոստանում է ավելի լավ և պայծառ ապագա: Ես ողջունում եմ խաղաղության հասնելու համար ցուցաբերվող խիզախությունն ու վճռականությունը»,- ընդգծել է Ռիքերը։    
18:48 - 29 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի կողմից փոխանցված մարմինների նույնականացման գործընթաց է սկսվել, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ

Ադրբեջանի կողմից փոխանցված մարմինների նույնականացման գործընթաց է սկսվել, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ

Ինչպես արդեն տեղեկացվել է, նոյեմբերի 28-ին հակառակորդի կողմից հայկական կողմին է վերադարձվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված և առ այսօր Ադրբեջանի տիրապետության և վերահսկողության ներքո գտնված ՀՀ զինված ուժերի 13 զինծառայողների դիեր։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Նկատի ունենալով բազմաթիվ բանավոր հարցումները՝ հարկ եմ համարում տեղեկացնել, որ նշված ագրեսիան իրականացնելու փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վերոնշյալից բխող անհրաժեշտ միջոցառումներ։ Մասնավորապես, արդեն սկսվել է դիերի նույնականացման գործընթաց, նշանակվել են դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններ։ Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարույթային գործողություններ»,- գրել է նա։
15:43 - 29 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են փոխել երկրի անունը
 |tert.am|

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են փոխել երկրի անունը |tert.am|

tert.am: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է փոխել երկրի անունը՝ այն դարձնելով Հյուսիսային Ադրբեջան: Նրա կարծիքով՝ Ադրբեջանում պետականաշինությանն ուղղված քայլերն անհրաժեշտ են դարձնում նոր Սահմանադրության ընդունումը, գրում է minval.az-ը:«Առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի անունը փոխելը։ Երկիրը պետք է կոչվի Հյուսիսային Ադրբեջան։ Նաև, ինչպես մյուս բաժանված ժողովուրդների սահմանումներում, առկա են հյուսիս և հարավ բառերը: Կարծում եմ՝ սա խթան կհանդիսանա նաև հարավային ադրբեջանցիների (ակնարկում է Իրանում բնակվող էթնիկ ադրբեջանցիներին-խմբ․) համար»,- ասել է նա։Հասանգուլիևը հիշեցրել է, որ վերջերս Իլհամ Ալիևը դատապարտել է Ադրբեջանի նկատմամբ Իրանի «թշնամական քաղաքականությունը»։ Դրանից հետո Ադրբեջանում Իրանի դեսպանը երկաթե բռունցքի ֆիգուր է դրել Իրանի դրոշի վրա և սոցցանցում տարածել այս լուսանկարը։  Նշենք, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները վերջին շրջանում լարված են։ Նախ Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը հայտարարեց, որ Շիրազ քաղաքի Շահ Չըրաղ դամբարանում ահաբեկչական գործողությունը կազմակերպողների թվում Ադրբեջանի քաղաքացի կամ քաղաքացիներ կան: Այնուհետև Բաքուն պնդեց, որ Նախիջևանում «սադրիչները» Իրանին միանալու մասին Թեհրանին ուղղված խնդրանքներ են տարածում։ Ավելի ուշ՝ նոյեմբերի 10-ին էլ Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն կանչվեց Իրանի ԱԳՆ. նրան բողոքի նոտա էր փոխանցվել հակաիրանական քարոզչության համար։ Ապա Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին կանչվեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ իրանական կողմին ներկայացվեց Բաքվի մտահոգությունը՝ կապված Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների կողմից հակաադրբեջանական քարոզչության, զրպարտչական արշավի, սպառնալից հռետորաբանության հետ։ Ավելի ուշ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ հայտնաբերել է Իրանի հատուկ ծառայությունների ստեղծած լրտեսական ցանց ու հայտարարեցին, թե Իրանի հատուկ ծառայությունները ակտիվ հետախուզական գործողություններ են իրականացնում Ադրբեջանի դեմ։ 
12:33 - 29 նոյեմբերի, 2022
Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով․ ուստի հուսով ենք, որ հանդիպումը կկայանա Մակրոնի և Միշելի հետ․ Մարուքյան

Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով․ ուստի հուսով ենք, որ հանդիպումը կկայանա Մակրոնի և Միշելի հետ․ Մարուքյան

Ադրբեջանը Պրահայում պայմանավորվել է շարունակել հանդիպումները քառակողմ ձևաչափով։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։  «Տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պետք է լինի նույնը։ Ուստի հուսով ենք, որ հանդիպումը կկայանա Բրյուսելում Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի հետ»,-նշել է Մարուքյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում է նախատեսված եղել, որը, սակայն, չի կայանա։ «Բրյուսելում հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին, բայց երեկ Հիքմեթ Հաջիևը [Ադրբեջանի նախագահի օգնական] ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել են Շառլ Միշելի գրասենյակից և հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է հանդիպմանը միայն այն դեպքում, եթե դրան մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սա նշանակում է, որ այս հանդիպումը չի կայանա»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը անդրադարձել են նաև ՀՀ ԱԳՆ-ից՝ նշելով, որ ՀՀ-ն պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն․ այն տեղի է ունեցել քառակողմ ձևաչափում, և տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափը և մասնակիցների կազմը պիտի նույնը լինի:
10:44 - 29 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցները գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների ուղղությամբ Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակ ունեն. ՄԻՊ

 |armenpress.am|

Ադրբեջանի ԶՈՒ-ի կրակոցները գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների ուղղությամբ Արցախում բնականոն կյանքը խաթարելու նպատակ ունեն. ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Արցախի  Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողություններն՝ ուղղված  Արցախի խաղաղ բնակչության, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց դեմ, համակարգված ու հետևողական բնույթ են կրում: Այս մասին նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ պատահականություն չէ, որ  հենց գյուղատնտեսական  տարբեր աշխատանքների, բերքահավաքի ժամանակահատվածում առավել ինտենսիվ բնույթ են կրում  Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ոտնձգությունները, որոնք ահաբեկելու և բնականոն կյանքը խաթարելու նպատակ ունեն: «Ադրբեջանական իշխանությունները և նաև այդ  երկրի նախագահը տարբեր առիթներով այսօր էլ փորձում են այդ միջադեպերը ներկայացնել ոչ թե որպես հրադադարի ռեժիմի համատարած խախտումներ, այլ տարբեր տեղանքներում հատուկենտ արձանագրվող դեպքեր: Բայց միայն այն հանգամանքը, որ 2022 թվականի նոյեմբերի ընթացքում արդեն 11 դեպք կա արձանագրված, երբ ադրբեջանական կողմն ուղիղ կրակոցներով դադարեցրել, խանգարել է գյուղատնտեսական աշխատանքները, խոսում է այն մասին, որ դրանք հատուկենտ չեն և հետևողականորեն ու համակարգային կերպով իրականացվող քաղաքականության բաղադրիչներ են»,-մանրամասնեց Գեղամ Ստեփանյանը՝ ընդգծելով, որ կրակում են, որպեսզի այդ հողատարածքները չօգտագործվեն, մարդիկ չմշակեն իրենց հողամասերը, որոնք գյուղերի  բնակչության համար եկամտի հիմնական աղբյուրն են: «Եթե մարդը չի կարողանում եկամուտ ունենալ, նա վաղ թե ուշ որոշելու և լքելու է իր բնակավայրը.  սա է Ադրբեջանի հիմնական նպատակը: Եթե դրան գումարենք նաև ոտնձգություններն  Արցախի ենթակառուցվածքային խոցելիության ուղղությամբ՝ նկատի ունեմ կապի խափանումները կամ գազամատակարարման հետ կապված խնդիրը՝ 2022 թվականի մարտին, ապա ամբողջության մեջ այս ամենը հենց խոսում է Արցախը հայաթափելու ադրբեջանական քաղաքականության մասին»,-հավելեց Արցախի ՄԻՊ-ը: Նրա խոսքով՝  Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն իր հիմնական գործառույթների շրջանակում այս փուլում փաստերի հավաքագրում է իրականացնում՝ համապատասխան տեղեկանքներ և զեկույցներ պատրաստելու նպատակով: Գեղամ Ստեփանյանը փաստեց, որ այդ զեկույցները ներկայում,  իրոք,  տեղեկատվության առաջնային աղբյուր և  նյութ են դառնում միջազգային տարբեր դերակատարների համար: «Մշտապես տպավորություն կար, որ Արցախում այդ փաստերը հավաքագրում, զեկույցներ ենք պատրաստում, բայց Եվրոպայում, Ռուսաստանում կամ Ամերիկայում որևէ մեկը չի ծանոթանում դրանց  և մեծ հաշվով ազդեցությունը չեն ունենում, բայց կարող եմ ասել, որ այդպես չէ: Եվրոպական խորհրդարանում կազմակերպված քննարկման նախօրեին՝ մինչև Բրյուսել այցելելը, հրապարակել էինք օգոստոս ամսվա ընթացում Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների խախտման  դեպքերի վերաբերյալ մեր զեկույցը էսկալացիայի և Լաչինի միջանցքի հետ կապված դեպքերի մասին: Հանդիպումների և քննարկումների ժամանակ համոզվել եմ, որ համապատասխան անձինք, իրոք, կարդում են այդ զեկույցները և ամբողջությամբ տեղեկացված են իրավիճակի մասին»,-շեշտեց  մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ  բացի այդ զեկույցներից ցանկացած դեպքի կամ մի քանի դեպքերի վերաբերյալ հանդես են գալիս հայտարարությամբ, որոնք թարգմանվում են տարբեր լեզուներով և ուղարկվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, միջազգային ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպություններին: Արցախի ՄԻՊ-ի հիմնական գործառույթն այս իրավիճակում, ըստ Գեղամ Ստեփանյանի, միջազգային տարբեր դերակատարներին իրազեկելն է և հետևողական պահանջը՝ միջազգային կազմակերպությունների ներգրավված լինելու և իրենց ազդեցությամբ զսպելու Ադրբեջանի ագրեսիվ վարքագիծը: «Ասել, թե բավարարված ենք միջազգային արձագանքով, այդքան էլ ճիշտ չի լինի, որովհետև իրապես իրավիճակն ավելի գործուն քայլեր և ավելի գործուն ներազդեցություն է պահանջում, բայց մյուս կողմից էլ հասկանում ենք, որ այս ճակատը բաց թողնելու իրավունք չունենք. պետք է որքան հնարավոր է ավելի ակտիվ և արդյունավետ շարունակենք այն աշխատանքը, որը պատերազմի ժամանակ ենք իրականացրել և հրադադարի հաստատումից հետո այս երկու տարիների ընթացքում»,-ասաց Արցախի Օմբուդսմենը՝ հայտնելով, որ  ներկայում ՄԻՊ աշխատակազմի  կողմից պատրաստվում է ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա դեպքերի վերաբերյալ հակիրճ տեղեկանք, որով կներկայացվեն նաև  թե արդյունքում ինչպիսի  վնաս է հասցվել քաղաքացիական բնակչությանը, մարդու իրավունքների ինչպիսի խախտումների են հանգեցրել Ադրբեջանի նման գործողությունները: Պաշտպանը տեղեկանքը կհրապարակի նաև անգլերեն, ռուսերեն ու  ֆրանսերեն և կուղարկի տարբեր մարմինների և միջազգային կառույցների: Ըստ Գեղամ Ստեփանյանի՝  ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի հարյուրավոր խախտումներից Արցախի ՄԻՊ-ը և իրավապահ մարմինները հիմնականում հաշվառման են  ենթարկում այն դեպքերը, որոնք նյութական  կամ մարդկային վնասի են հանգեցրել: «Դեռևս ամբողջական չենք ամփոփել 2022 թվականի տվյալները,  բայց երկու տարիների ընթացքում մինչև այս տարվա  նոյեմբերի 13-ն  արձանագրվել է 121 դեպք, երբ ադրբեջանական ԶՈՒ-ի ստորաբաժանումների կրակոցները Արցախի Հանրապետության խաղաղ բնակիչների  ուղղությամբ հանգեցրել են մարդկային կորուստների, մարմնական և նյութական վնասների: Դրանց հետևանքով սպանվել է 18 անձ, այդ թվում՝ 3-ը քաղաքացիական: Նրանցից երկուսը սպանվել են գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու,  մեկը կենսական նշանակության՝ ջրամատակարարման խողովակների վերանորոգման ժամանակ: Սպանության փորձի է ենթարկվել՝ 132 անձ (54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ (16-ը՝ քաղաքացիական անձ):Կան դեպքեր, որ քաղաքացիական բնակչությունը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, ենթարկվել է ֆիզիկական բռնության: Մասնավորապես գրանցվել է  ութ դեպք է, երբ քաղաքացիական անձինք մոլորվելու  հետևանքով հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում և ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվելուց հետո, նրանցից հինգի պարագայում բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մարդիկ ենթարկվել են ծեծի և խոշտանգման»,-ներկայացրեց Պաշտպանը: Ըստ Արցախի ՄԻՊ-ի հրապարակած  վիճակագրական տվյալների՝  ադրբեջանական ստորաբաժանումների կողմից   2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում  թիրախավորվել են 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 8 գյուղատնտեսական տեխնիկա, 22 տրանսպորտային միջոց, 16 այլ գույք, հրկիզվել է 5 այգի, խաղաղ բնակչությունից հափշտակվել են մանր և խոշոր եղջերավոր անասուններ։ Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ դեպքերը ցույց են տալիս, որ  ադրբեջանական կողմն, օգտվելով  աշխարհաքաղաքական իրավիճակից, ռուս-ուկրաինական ռազմագործողությունների առիթից, փորձում է  ապակայունացնել իրավիճակը նաև Արցախի շուրջ:  «Նրանց  անպատժելիությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ բացակայում է խաղաղապահների հստակ սահմանված մանդատն այն տեսանկյունից, թե ինչպիսի արձագանք պետք է լինի, եթե ադրբեջանական կողմը դիմում է ուժի կիրառման: Այս հարցի մասին բարձրաձայնել ենք նաև օգոստոսի դեպքերի վերաբերյալ հրապարակված զեկույցում՝ քննարկման առարկա դարձնելու խաղաղապահների մանդատի հարցը, որովհետև առանց միջադեպերի ուսումնասիրության և հանցագործներին պատժի ենթարկելու հստակ մեխանիզմի, հնարավոր չէ հետագայում բացառել նման դեպքերի կրկնությունը»,- համոզմունք հայտնեց ՄԻՊ-ը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:14 - 29 նոյեմբերի, 2022
Բայրամովն ու Ռիքերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը և տարածաշրջանային իրավիճակը |armtimes.com|

Բայրամովն ու Ռիքերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը և տարածաշրջանային իրավիճակը |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի օրը հանդիպել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հրապարակած տեղեկատվության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տարրերը և դրանից բխող հարցերը, տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը։ Ռիքերը  վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ ամեն կերպ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ Նա նաև ընդգծել է խաղաղության պայմանագրի տարրերի շուրջ շարունակվող բանակցությունների կարևորությունը։ «Կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի տարբեր ասպեկտներ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
09:29 - 29 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի նախագահը հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից վերցնում է իր վրա. Արարատ Միրզոյանի հարցազրույցը


 |armenpress.am|

Ադրբեջանի նախագահը հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունն այս գլխից վերցնում է իր վրա. Արարատ Միրզոյանի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումն ու սահմանազատումը պատմական քարտեզների հիման վրա իրականացնելու մասին Բաքվից հնչող հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:   Հարցազրույցում Միրզոյանն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի պնդումներին, թե Հայաստանը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպմանը մասնակցելուց, խոսել խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներից, գնահատել տարածաշրջանում առկա իրավիճակը:  - Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական կողմը հրաժարվել է Բրյուսելում եռակողմ հանդիպման մասնակցությունից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փաստը։  Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այս պայմանավորվածությանը և կրկին պատրաստակամություն ենք հայտնում ընդունելի ժամկետներում կազմակերպել Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպումը։ Կարծում ենք, որ Պրահայում այս ձևաչափով տեղի ունեցած հանդիպումը բավականին արդյունավետ էր և կարևոր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։ Հայկական կողմը, ինչպես և նախկինում, շահագրգիռ է հարաբերությունների կարգավորմամբ:  – Բաքուն կրկին հնչեցնում է պատմական քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացն իրականացնելու մասին թեզը։ Ի՞նչ դիրքորոշում ունի Երևանն այս առնչությամբ։  Նման հայտարարությունները խախտում են Պրահայում և Սոչիում ստանձնած հանձնառությունը՝ երկու երկրների միջև սահմանազատման աշխատանքներն իրականացնել՝ հիմք ընդունելով ՄԱԿ կանոնադրությունը և Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այդ հանձնառության շրջանակներում սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն 1991 թվականի՝ ԽՍՀՄ փլուզման ամսաթվի դրությամբ գոյություն ունեցած և իրավական ուժ և նշանակություն ունեցած իրավական ակտերի հիման վրա, ընդ որում՝ նույն ամսաթվի դրությամբ քարտեզագրում իրականացնելու, քարտեզներ կազմելու և քարտեզներ հրապարակելու պատշաճ լիազորություններ ունեցող կառույցների պաշտոնական փաստաթղթերի հիման վրա: Ըստ այդմ, պատմական քարտեզների մասին խոսելն առնվազն անհասկանալի է՝ և՛ ըստ սահմանման, և՛ ըստ բովանդակության: Պետք է ընդգծել նաև պատմական քարտեզների ընդհանրական հռետորաբանության վտանգավորությունը մեր երկրների անկախության համար, որովհետև եթե շեշտ դնենք պատմական քարտեզների վրա, կարող է պարզվել, որ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ առավել ևս Ադրբեջանի Հանրապետության այսօրվա տարածքները դարերով եղել են այլ պետությունների տարածքներ: Այս համատեքստում ևս մեկ հանգամանքի վրա կցանկանայի ուշադրություն հրավիրել. չնայած որ թե՛ 2021թ․նոյեմբերի 26-ի Սոչիի, թե՛ 2022թ․ ապրիլի 6-ի Բրյուսելի հանդիպման արդյունքներով ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ հանձնաժողովների ստեղծումը նախևառաջ սահմանային անվտանգության նպատակ է հետապնդում, համապատասխան հանձնաժողովների ստեղծումից հետո՝ 2022թ սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիա իրականացվեց և նոր տարածքներ օկուպացվեցին Ադրբեջանի կողմից, ինչը կասկածի տակ է դնում ոչ միայն պայմանավորվածությունները և միջազգային իրավունքը հարգելու Բաքվի ցանկությունը, այլև այդ հանձնաժողովների աշխատանքների նկատմամբ իր մտադրություններն առհասարակ: – Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս հարցին բազմիցս ենք անդրադարձել: Բայց իր ելույթներում անընդհատ նշելով, թե Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանի նախագահը ոչ մի անգամ չի ասում, թե Ադրբեջանն էլ ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս փաստը և զանազան «պատմական» քարտեզների հիշատակումը նշանակո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հավակնություններ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ: Ադրբեջանի նախագահը հայտարարում է նաև, որ իր երկրի շուրջ խաղաղություն է հաստատված և էսկալացիայի վտանգ չկա, ապա այլ հարցին ի պատասխան` հայտարարում է, որ եթե Հայաստանը չստորագրի խաղաղության պայմանագիրը, ապա խաղաղություն չի լինի: Սա նշանակում է, որ որևէ հնարավոր էսկալացիայի պատասխանատվությունը այս գլխից Ադրբեջանի նախագահը վերցնում է իր վրա, հատկապես որ Հայաստանը լիարժեք ներգրավված է խաղաղության հաստատման բովանդակային քննարկումների մեջ:   – Իսկ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ ընթացող աշխատանքներն ինչպե՞ս կգնահատեք։ Ինչպես տեղյակ եք, մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ և նախօրեին ենք միայն ստացել նրանց պատասխանները: Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են: Մենք հույս ունենք այս հարցում համաձայնության հասնել հնարավորինս շուտ, և այս գործընթացում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև մեր միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը։ - Ադրբեջանը հայտարարում է նաև, թե Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ և շարունակում է նոր ականներ տեղադրել Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում, որոնք հանգեցնում են բազմաթիվ զոհերի։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։ Ինչպես տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունը միակողմանիորեն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի՝ իր մոտ առկա բոլոր քարտեզները, չնայած նման հանձնառության բացակայությանը ինչպես եռակողմ պայմանավորվածությունների, այնպես էլ միջազգային իրավունքի շրջանակներում։ Ավելին, պատրաստակամություն ենք հայտնել միջազգային գործընկերների հետ համագործակցաբար աջակցել փոխանցված քարտեզների վերծանմանը։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ականներ տեղադրվել են դեռևս Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դա հիմնականում իրականացվել է Ադրբեջանի կողմից, որը առաջին պատերազմի ընթացքում վերահսկում էր այդ տարածքները։ Հայկական կողմի համագործակցության կոչերը մնացել են անարձագանք և, ավելին, Ադրբեջանը բոլոր հնարավոր միջոցներով խոչընդոտներ է հարուցել ականազերծման աշխատանքների իրականացմանը։ Տվյալ ոլորտում Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու հարցի շահարկման արդյունքում 2017թ․ Ադրբեջանի կողմից նույնիսկ արգելափակվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի 2019թ․ զեկույցում արձանագրված է, որ իրենց առաքելության ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականների զոհ է դարձել 747 անձ, որոնցից 59 տոկոս քաղաքացիական, և սա այն պարագայում, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները ականների պայթյուններից զոհերի թվի հաշվարկ սկսել են իրականացնել միայն 2004 թվականից ի վեր։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանի այն հրապարակումներին, թե Լեռնային Ղարաբաղում հայկական կողմը հայկական արտադրության ականներ է տեղադրել, պիտի արձանագրեմ, որ ցուցադրված ականները ադրբեջանական կողմը հայտնաբերել է ոչ թե ԼՂ-ում, այլ իր կողմից 2021-22թթ. օկուպացրած Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում և հիմա փորձում է դրանք օգտագործել քարոզչական նպատակներով: Մենք չենք հերքում, որ ՀՀ ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացնում է ականապատման աշխատանքներ և դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիաների իրականացման մշտապես բարձր ռիսկի հետ, ինչի ականատեսն ենք եղել ինչպես 2021թ․ մայիսին և նոյեմբերին, այնպես էլ 2022թ․ սեպտեմբերին։ Նմանօրինակ ագրեսիվ գործողություններ Ադրբեջանն այս շրջանում իրականացրել է նաև Լեռնային Ղարաբաղում՝ մասնավորապես այս տարվա փետրվար և օգոստոս ամիսներին, դրանով իսկ ապացուցելով, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը էթնիկ զտումների չենթարկվելու համար անհրաժեշտություն ունի ինքնապաշտպանական ուժերի։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանից հնչող մեղադրանքներին, որ Լեռնային Ղարաբաղում շարունակում են տեղակայված մնալ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներ, սա ևս որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը։ Մեր այս պնդման իսկությունը ստուգելու համար վարչապետ Փաշինյանի կողմից անգամ առաջարկ է եղել միջազգային փաստահավաք առաքելություն գործուղել Լեռնային Ղարաբաղ, ինչը մերժվել է Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից։  – Ինչպե՞ս եք ընդհանուր առմամբ գնահատում առկա իրավիճակը տարածաշրջանում։ Մենք ցավով ենք արձանագրում, որ չնայած տարբեր ուղղություններով ընթացող բանակցություններին՝ Ադրբեջանի կողմից չեն դադարում առավելապաշտական և ռազմատենչ հայտարարությունները, հայկական կողմին ուղղված անհիմն մեղադրանքները և ուժի գործադրման սպառնալիքները։ Բացի այդ, Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ռազմական սադրիչ գործողություններ։ Այս փաստերի համադրումը ցույց է տալիս, որ իրավիճակը շարունակում է չափազանց լարված մնալ, և մեր միջազգային բոլոր գործընկերները պիտի հավելյալ ջանքեր գործադրեն՝ զսպելու Ադրբեջանի նկրտումները և պահպանելու Հարավային Կովկասում առկա փխրուն խաղաղությունը։ Հայկական կողմը, ինչպես և նախկինում, պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել՝ փոխընդունելի լուծումներ գտնելու և տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն  հաստատելու համար:  
17:21 - 28 նոյեմբերի, 2022