Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Ըստ ԿԽՄԿ-ի, հումանիտար հրադադարի մասին կողմերի համաձայնեցված առաջարկ դեռևս չկա |azatutyun.am|

Ըստ ԿԽՄԿ-ի, հումանիտար հրադադարի մասին կողմերի համաձայնեցված առաջարկ դեռևս չկա |azatutyun.am|

azatutyun.am:  Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունից   տեղեկացրեցին, որ շարունակում են մնալ պատրաստակամ՝ հանդես գալու մարդասիրական միջնորդի դերում։ Բայց այս պահին հայտնում են, որ հումանիտար հրադադարի մասին կողմերի համաձայնեցված առաջարկ դեռևս չկա: Միևնույն ժամանակ Հայաստանում ԿՄԽԿ պատվիրակության ներկայացուցիչ Զառա Ամատունին հավելեց՝ շարունակում են ներգրավված իշխանությունների հետ մնալ մշտական կապի մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ կոչ արեց Հայաստանին ու Ադրբեջանին մարդասիրական նպատակներով Ղարաբաղում հրադադար հաստատել` գերիների և զոհերի աճյունների փոխանակման համար: «Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Վլադիմիր Պուտինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները», - հայտարարել է Կրեմլը: Պաշտոնական հաղորդագրությունը նաև նշում է` այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հրավիրվում են Մոսկվա` Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ:
11:22 - 09 հոկտեմբերի, 2020
ԿԽՄԿ-ն դատապարտում է քաղաքացիական անձանց շրջանում մահեր և վիրավորումներ պատճառող հարձակումները  |civilnet.am|

ԿԽՄԿ-ն դատապարտում է քաղաքացիական անձանց շրջանում մահեր և վիրավորումներ պատճառող հարձակումները |civilnet.am|

civilnet.am: Ժնև (ԿԽՄԿ)․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կիրակի օրը հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի խորացման պայմաններում բնակեցված տարածքներում պայթուցիկ ծանր զենքերի կիրառմամբ ուժգնացած հարձակումները մահացու հետևանքներ են ունենում քաղաքացիական անձանց համար։ «ԿԽՄԿ-ն խստորեն դատապարտում է հաղորդված չտարբերակված գնդակոծությունները և պայթուցիկ զենքերի կիրառմամբ իրականացված այլ անօրինական հարձակումները քաղաքներում, գյուղերում և բնակեցված այլ տարածքներում, որոնց հետևանքով զոհվում կամ ծանր ու կյանքը խեղող վիրավորվումներ են ստանում քաղաքացիական անձինք»,- ասել է Ժնևում ԿԽՄԿ Եվրասիայի տարածաշրջանային ղեկավար Մարտին Շյուպը։ «Բոլոր հնարավոր միջոցները պետք է ձեռնարկվեն՝ պաշտպանելու և խնայելու քաղաքացիական անձանց և ենթակառուցվածքները, ինչպիսիք են՝ հիվանդանոցները, դպրոցները և շուկաները։ Քաղաքացիական անձանց ջրամատակարարումը ևս պետք է պաշտպանվի։ Սրանք միջազգային մարդասիրական իրավունքի ներքո ստանձնված պարտավորություններ են»,- հավելել է Շյուպը։ Սեպտեմբերի 27-ից տարածաշրջանում ընթացող մարտերը, ըստ հաղորդումների, մեծ թվով քաղաքացիական անձանց կյանքեր են խլել կամ վիրավորումներ հասցրել շփման գծի երկու կողմում։ Վերջին օրերին մեծացել է բնակեցված տարածքներում ծանր և պայթուցիկ զենքերի կիրառումը։ Հարյուրավոր տներ և կենսական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ հիվանդանոցներ և դպրոցներ, ոչնչացվել կամ վնասվել են ծանր հրետակոծությունների և օդային ու հրթիռային հարձակումների հետևանքով։ Մյուս ենթակառուցվածքներին, ինչպիսիք են՝ ճանապարհները և էլեկտրականության, գազի ու հեռահաղորդակցության ցանցերը, ևս վնասներ են պատճառվել։ Որոշ ընտանիքներ ներկայումս տեղափոխվում են՝ փնտրելով ապահով ապաստարաններ, մինչդեռ մյուսները վերադարձել են ստորգետնյա չջեռուցվող նկուղներ՝ զօրուգիշեր պատսպարվելով այնտեղ բռնությունից։ Ազդեցության լայն շառավղով պայթուցիկ զենքերի կիրառումը բնակեցված տարածքներում գտնվող ռազմական թիրախների ուղղությամբ կարող է խախտել միջազգային մարդասիրական իրավունքը, որն արգելում է չտարբերակված ու անհամաչափ հարձակումները։ ԿԽՄԿ-ն գտնում է, որ պետք է խուսափել բնակեցված վայրերում ազդեցության լայն շառավղով պայթուցիկ զենքերից, եթե չեն կիրառվում այդ ազդեցության հետևանքները սահմանափակող և քաղաքացիական անձանց պատճառվող հնարավոր վնասները նվազեցնող բավարար միջոցներ։   Կարմիր խաչի միջազգային կոմիտե
20:55 - 04 հոկտեմբերի, 2020
Քաղաքացիական անձինք կրում են բռնության ալիքի հետևանքների ողջ ծանրությունը․ ԿԽՄԿ-ի հայտարարությունը

Քաղաքացիական անձինք կրում են բռնության ալիքի հետևանքների ողջ ծանրությունը․ ԿԽՄԿ-ի հայտարարությունը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել Արցախում իրավիճակի մասին՝ նշելով, որ «շփման գծի երկու կողմում և Հայաստանում հաղորդվել է քաղաքացիական անձանց, այդ թվում՝ երեխաների շրջանում մահերի ու վիրավորումների մասին»։ Նշվում է, որ մարտական գործողությունների ուժգնացումից ի վեր՝ ԿԽՄԿ-ն անհետաձգելի բուժօգնության պարագաներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներին և դիապարկեր՝ դատաբժշկական փորձաքննության բյուրոյին։ «Այժմ փորձում ենք գնահատել առողջապահական և մարդասիրական այլ կարիքները, այդ թվում՝ իրենց տները լքած անձանց իրավիճակը։ Դաշտային այցելություններ կատարելու մեր կարողությունը սահմանափակ է մարտարական գործողությունների ուժգնության ու իրավիճակի անկայունության պատճառով», - ասել է Բերտրան Լամոնը, Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության ղեկավարը։ Տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների ղեկավար Մարտին Շյուպը նշել է, որ մարդիկ կապ են պահպանում իրենց հետ՝ «ահաբեկված սեփական կյանքին ու իրենց ընտանիքներին սպառնացող վտանգներից ու շփոթված՝ չիմանալով՝ ինչ անել ապահով մնալու համար»։ «Մենք պատրաստ ենք աջակցելու բոլոր նրանց, ովքեր զգում են այս բռնության էսկալացիայի ազդեցությունը։ Կոչ ենք անում կողմերին՝ խնայելու քաղաքացիական անձանց ու նրանց գոյության համար կենսական ենթակառուցվածքներն ու ծառայությունները և հարգելու միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները»,- ասել է Շյուպը։ ԿԽՄԿ-ն հիշեցրել է նաև, որ իրավիճակը կարող է հանգեցնել նոր կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի։
17:19 - 02 հոկտեմբերի, 2020
ԿԽՄԿ-ն Ղարաբաղյան հակամարտություն կողմերին կոչ է անում խնայել քաղաքացիական բնակչությանը |armenpress.am|

ԿԽՄԿ-ն Ղարաբաղյան հակամարտություն կողմերին կոչ է անում խնայել քաղաքացիական բնակչությանը |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում սեպտեմբերի 27-ի առավոտվանից շփման գծին ուժգնացած ռազմական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին տեղեկացրին ԿԽՄԿ Երևանի գրասենյակից։ «ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին ապահովել բոլոր միջոցները քաղաքացիական անձանց կյանքը խնայելու ու ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ հարգելով միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները` համաձայն կողմերի ստանձնած պարտավորությունների։ «Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս լարվածության հետևանքով տուժածներին, ինչպես նաև հանդես գալու որպես չեզոք միջնորդ», - ասել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը։ - «Մենք հորդորում ենք կողմերին մշտպապես գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հավատարիմ մնալու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին»։
16:56 - 27 սեպտեմբերի, 2020
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը և Կարմիր խաչի ներկայացուցիչները քննարկել են իրականացվող ծրագրերը

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուդո Վագների հետ: Հանդիպման նպատակն էր քննարկել Տավուշի մարզում Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացվող գործունեությունը և հետագա համատեղ պլանները: Մարզպետարանը նշում է, որ Հայկ Չոբանյանը ներկայացրել է «Դիմակայուն համայք» ծրագիրը և ընդհանուր մոտեցումները Դիմակայունության կենտրոնի առաքելության և խնդիրների վերաբերյալ: Մարզպետը նշել է, որ ծրագիրը պետք է միտված լինի ապագային և համապատասխանի համաշխարհային ամենաբարձր չափանիշներին: Շնորհակալություն հայտնելով երկարատև համագործակցության համար` ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանն ասել է, որ Տավուշի մարզում իրենց համատեղ ծրագրերն իրականացվում են փոխըմբռնման և գործընկերության մթնոլորտում: Այդ է վկայում նաև այն լուրջ աջակցությունը, որ պետական կառուցների կողմից ցուցաբերվում է Իջևանում Դիմակայունության կենտրոնի գաղափարի իրագործմանը: Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիան արդեն պատրաստակամություն է հայտնել ֆինանասական և տեխնիկակական աջակցություն տրամադրել միջազգային չափանիշներին համապատասխան Դիմակայունության կենտրոնի կայացման համար:
23:51 - 25 սեպտեմբերի, 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ ղեկավարին, անդրադարձել է եղել Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ–ներում շրջանառված տեսանյութերին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ ղեկավարին, անդրադարձել է եղել Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ–ներում շրջանառված տեսանյութերին

ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Քլեր Մեյթրոյին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանն անդրադարձել է  Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ  ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառված տեսանյութերին և ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մտահոգությունը դրանց բովանդակության շուրջ։ Պաշտպանության նախարարը նշել է, որ ադրբեջանական իշխանությունների՝ ԿԽՄԿ-ի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների կողմից Գուրգեն Ալավերդյանին այցելության թույտվության խոչընդոտումը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է: Միաժամանակ, պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության գործադրած  ջանքերի համար: Իր հերթին ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստիացրել է, որ ԿԽՄԿ-ի պատվիրակությունը իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը Գուրգեն Ալավերդյանի և ադրբեջանական կողմում գտնվող հայազգի անձանց կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:  Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ  զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մակարդակի գնահատմանն ուղղված գործունեությունը: Գնահատման գործընթացը մեկնարկել է 2019թ.-ին և միտված է  ՀՀ զինված ուժերի ռազմաուսումնական և ուսումնական ծրագրերում, ռազմական գործողությունների պլանավորման և որոշումների կայացման գործընթացում ՄՄԻ ինտեգրման, ինչպես նաև ռազմական գործողությունների պլանավորման և որոշումների կայացման գործընթացում ռազմական իրավախորհրդատուների ներգրավման մակարդակի գնահատմանը:   
21:36 - 17 սեպտեմբերի, 2020
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Երևանում բնակվող 6000 անժառանգ տարեցների և խոցելի ընտանիքների

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մարդասիրական օգնություն է տրամադրում Երևանում բնակվող 6000 անժառանգ տարեցների և խոցելի ընտանիքների

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ ս․թ․ սեպտեմբեր ամսին Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի ֆինանսական աջակցությամբ, մարդասիրական օգնության փաթեթներ է տրամադրում Երևանում բնակվող 6000 անժառանգ տարեցների և խոցելի ընտանիքների։ Մարդասիրական օգնությունը տրամադրվում է Երևանի վարչական շրջանների հետ համագործակցությամբ։ Շահառուների ցանկերը տրամադրվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, մարտ-սեպտեմբեր ամիսների ընթացքում, ըստ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանած պարենային ապրանքների և պաշտպանական միջոցների մեկ ամսվա համար նախատեսված նվազագույն զամբյուղի, սննդով և հիգիենիկ պարագաներով աջակցել  է Քովիդ-19 համավարակով պայմանավորված առավել խոցելի մոտ  30 000 անձի՝ հանրապետության ամբողջ տարածքում, հասանելի լինելով 925 քաղաքային և գյուղական համայնքներից 792-ում։ Մարդասիրական օգնության փաթեթները Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները հասցնում են շահառուների տներ՝ այդ կերպ պաշտպանելով նրանց վարակից։ Աջակցությունը շարունակական է։ Շահառու խմբերն են․ միայնակ և անժառանգ կենսաթոշակառուներ, հաշմանդամություն ունեցող անձինք, սիրիահայեր, մանկատան շրջանավարտներ, տուն ինտերնատների շահառուներ, ցուցումով մեկուսացվածներ, ինքնամեկուսացվածներ, վարակվածներ, անհայտ կորածների ընտանիքներ, ականներից տուժածներ, բազմազավակ և խոցելի ընտանիքներ։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ իր 11 մարզային, մեկ տարածաշրջանային, և 52 համայնքային մասնաճյուղերի ցանցով,  փորձառու և նվիրված անձնակազմով, տարեկան կտրվածքով մոտ 3000 կամավորներով COVID-19 արձագանքի գործողություններում աջակցող կառույց է պետական մարմիններին՝ մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ-ն ներգրավված է ՀՀ փոխվարչապետի հովանու ներքո ստեղծված ազգային արձագանքման համակարգում և Արտակարգ դրության առաջին իսկ օրվանից Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Առողջապահության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՀՀ բոլոր մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և համակարգմամբ, իրականացնում է գործառույթներ, որոնք ուղղված են խոցելի խմբերի կարիքներին համապատասխան արձագանքմանը։
15:13 - 14 սեպտեմբերի, 2020
ԿԽՄԿ-ն երկու երկներից էլ հաստատում է ստացել․ սպա Գուրգեն Ալավերդյանն Ադրբեջանում է հայտնվել |armtimes.com|

ԿԽՄԿ-ն երկու երկներից էլ հաստատում է ստացել․ սպա Գուրգեն Ալավերդյանն Ադրբեջանում է հայտնվել |armtimes.com|

armtimes.com: Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը երկու երկրներից էլ ստացել է հաստատում սպա Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ։ Այս մասին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ Նա նշեց, որ այս պահին համապատասխան կողմերի հետ երկխոսություն է ընթանում։ «Ցանկացած նման իրավիճակում ԿԽՄԿ-ն ունի իր ընթացակագերը, որոնք միմիայն երկխոսության տեսքով են իրականացվում։ Ընթացակարգերի համաձայն`բոլոր ներգրավված կողմերի պաշտոնական հաստատումից հետո մեր կազմակերպությունը, հիմնվելով իր մանդատի, Ժնեւի կոնվենցիայի, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի վրա` համապատասխան քայլեր է անում»,- ասաց Ամատունին: ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով ՀՀ Զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել եւ հայտնվել է ադրբեջանական կողմում:   Շարունակությունը՝ armtimes.com-ում։
09:35 - 25 օգոստոսի, 2020
Կարմիր խաչի ընկերությունը օգնություն կտրամադրի Գյումրիում կարկուտից տուժած ընտանիքներին

Կարմիր խաչի ընկերությունը օգնություն կտրամադրի Գյումրիում կարկուտից տուժած ընտանիքներին

Հուլիսի 13-ին Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետեւանքով առավել տուժած 600 ընտանիք՝ ընդհանուր առմամբ 2670 մարդ, մասնավորապես՝ Գյումրիի տնակային թաղամասում բնակվող եւ այլ տուժած ընտանիքներ, Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կողմից կստանան մարդասիրական օգնություն՝ դրամական աջակցություն եւ անկողնային պարագաներ (400 ընտանիք՝ 1800 անձ), հագուստ եւ կոշիկ ձեռք բերելու վաուչերներ (200 ընտանիք՝ 870 անձ)։  Յուրաքանչյուր անձի կտրամադրվի 49 696 ՀՀ դրամին համարժեք աջակցություն  (ընդհանուր առմամբ՝  132 688 587 ՀՀ դրամ)։    Վերջին 170 տարվա ընթացքում տեղացած աննախադեպ կարկուտից  հետո Գյումրու քաղաքապետարանն իրականացրել էր կարիքների նախնական գնահատում՝  հայտնաբերելու առավել խոցելի ընտանիքներին։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ որպես կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում, կարկուտից տուժած բնակչությանն աջակցելու նպատակով միջոցներ հայթայթելու համար համապատասխան ծրագրով դիմեց Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդին եւ ստացավ դրական արձագանք։ ՀԿԽԸ-ն առավել տուժած ընտանիքների կարիքների անհատական գնահատում եւ ցուցակների վերջնական ճշգրտում կիրականացնի Գյումրու քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ։   
16:40 - 28 հուլիսի, 2020
ԿԽՄԿ գրասենյակը կապի մեջ է իշխանությունների հետ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով |armenpress.am|

ԿԽՄԿ գրասենյակը կապի մեջ է իշխանությունների հետ Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի հարցով |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակը կապի մեջ է երկու կողմի համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչ Նարեկ Սարդարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու հարցով։ Այս մասին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Այո, կարողացել ենք կապվել երկու համապատասխան իշխանությունների ներկայացուցիչների հետ այս հարցի շուրջ։  Մենք կապի մեջ ենք նաև այդ անձի ընտանիքի հետ»,- ասաց Ամատունին։ Նա նաև նշեց, որ այս պահին դեռ վաղ է խոսել Նարեկ Սարդարյանին տեսակցելու մասին, հետագա զարգացումներից արդեն պարզ կլինի։ 2020 թ. հուլիսի 8-ին` ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհետ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը: ԱԱԾ-ն պարզել էր՝ Սարդարյանը կորած անասունները որոնելու հետևանքով մոլորվել և անցել է ԱՀ Նախիջևանի տարածք, որտեղ գերեվարվել է:
16:02 - 17 հուլիսի, 2020
ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ |civilnet.am|

ԿԽՄԿ-ն պատրաստ է հանդես գալ որպես չեզոք միջնորդ |civilnet.am|

civilnet.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտահոգություն է հայտնում հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ուժգնացած մարտական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ․ ասված է կոմիտեի հաղորդագրությունում։ «Նման իրավիճակը լրացուցիչ ռիսկեր է ստեղծում սահմանամերձ համայնքների բնակչության համար՝ սահմանափակելով նրանց ապրուստի միջոցների հասանելիությունը։ ԿԽՄԿ-ն հայտնում է իր մտահոգությունը հակամարտության կողմերին՝ հիշեցնելով ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցող և քաղաքացիական անձանց միջև մշտապես տարբերակելու անհրաժեշտության մասին։ «Կոչ ենք անում կողմերին հարգել միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները և մարտական գործողություններ իրականացնելիս ապահովել նախազգուշացման բոլոր միջոցները՝ խնայելու քաղաքացիական անձանց կյանքը և ապահովելու ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների, բնակելի և բժշկական շինությունների անվտանգությունը», - նշել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը։ - «Մենք պատրաստ ենք հանդես գալ որպես չեզոք միջնորդ ու աջակցել վերջին լարվածության հետևանքով տուժածներին»։ Հայ-ադրբեջանական սահմանային բախումների արդյունքում հայկական կողմը 2 զոհ ունի ու 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 զոհի մասին:
17:11 - 14 հուլիսի, 2020