Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ալեն Սիմոնյանի տեղեկություններով Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի |news.am|

Ալեն Սիմոնյանի տեղեկություններով Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի |news.am|

news.am: Մինչեւ տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու մասին արտահայտությունը որպես այդպիսին համաձայնության հետեւանք չէ, դա ինչ-որ լռելյայն վերջնաժամկետ է, որը երկու կողմն էլ դրա հետ կապված ցանկություններ ունեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հնչող հայտարարություններին, թե մինչեւ տարեվերջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է խաղաղության պայմանագիր կնքվի: «Ես էլ եմ ցանկանում, որ մենք հնարավորինս արագ կնքենք խաղաղության պայմանագիր: Խաղաղության պայմանագիրը հնարավորինս արագ պետք է կնքվի: Կրկնում եմ՝ Հայաստանի 29,8 հազար քառակուսի կմ-ն մեզ համար կարմիր գիծ է»,- ասաց նա: Հարցին, թե արդյոք հայկական կողմը նախապայման է դնելու, որ քանի դեռ Ադրբեջանի զորքը հետ չի քաշվել Հայաստանի ինքնիշխան տարածքից, որեւէ պայմանագիր չի կնքելու, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բոլոր այն տարածքներից, որոնք Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք են, ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ լքեն: Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ դա առաջին կետն է: ես չեմ ուզում խոսել խաղաղության պայմանագրի շրջանակում, որովհետեւ ԱԳ նախարարը չեմ, չեմ ուզում ինչ-որ նախապայմաններ դնեմ, բայց միանշանակ հասկանալի է, որ ոնց կարելի է այլ պարագայում առաջ գնալ: Դա քննարկման ենթակա չէ»: «Իմ տեղեկություններով, այո, գնալու է»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին գնալու է Սոչի։ Հարցին, թե հանդիպում տեղի ունենալո՞ւ է Իլամ Ալիևի հետ, Սիմոնյանը պատասխանեց․ «Ենթադրում եմ, որ այո»։
12:36 - 26 հոկտեմբերի, 2022
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 27 հարց

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 27 հարց

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ այսօր կայացել է ԱԺ խորհրդի նիստը: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և հոկտեմբերի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 27 հարց: Փոփոխություններ են կատարվել ԱԺ խորհրդի 2022 թ. հոկտեմբերի 6-ի և փոփոխություններ ու լրացումներ՝ 2017 թ. մայիսի 26-ի որոշումներում: Խորհրդի որոշմամբ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
17:10 - 24 հոկտեմբերի, 2022
Իրանը կողմնակից է տարածաշրջանի կայուն զարգացմանը. տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի եւ ԻԻՀ ԱԳ նախարարի հանդիպումը

Իրանը կողմնակից է տարածաշրջանի կայուն զարգացմանը. տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի եւ ԻԻՀ ԱԳ նախարարի հանդիպումը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 22-ին ընդունել Է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությանը: Ալեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ ջերմությամբ է հիշում Թեհրանում հունիսին տեղի ունեցած արդյունավետ հանդիպումը: Այս մասին հաղորդել է ՀՀ ԱԺ աշխատակազմը։ Նա ընդգծել է բարեկամ Իրանի հետ հարեւանային հարաբերությունների կարեւորությունը՝ շեշտելով, որ դրանց զարգացմանն ուղղված ջանքերը տալիս են իրենց պտուղները:  «Սյունիքի մարզկենտրոն Կապանում Ձեր գլխավոր հյուպատոսության բացումը փաստ է, շնորհավորում եմ բոլորիս այդ կարեւոր իրադարձության կապակցությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանը ձգտելու է մոտ ապագայում մեր երկրի հյուպատոսություն բացել Թավրիզում: ԻԻՀ արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքի համար՝ ընդգծելով, որ Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարեւոր ուղերձ է պարունակում, ըստ որի՝ Իրանը դեմ է բարեկամ Հայաստանի հետ սահմանի կամ տարանցիկ ուղու հանդեպ խոչընդոտներին եւ կողմնակից է տարածաշրջանի զարգացմանը: Նա հավելել է նաեւ, որ հետաքրքրված են Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացմամբ: Երկուստեք արձանագրվել է, որ ԻԻՀ գլխավոր հյուպատոսությունն իր գործունեությամբ կնպաստի Սյունիքի մարզում առեւտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ եւ մի շարք այլ բնագավառներում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը: Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային եւ տեւական խաղաղությանն առնչվող հարցերի: Քննարկման առանցքային հարցերից է եղել հայ-իրանական ռազմավարական երկխոսությունը բոլոր ուղղություններով, ինչպես  նաեւ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու հեռանկարը: Իրանի արտգործնախարարը նշել է, որ մեկ միլիարդ դոլարի կարելի է հասնել առաջին փուլով, իսկ երկրորդ՝ առավել հեռանկարային փուլում, իրատեսական է համարել 3 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության հասնելը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ողջույններ է փոխանցել Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին՝ նշելով, որ գործընկերոջը սպասում է Հայաստանում:
11:06 - 22 հոկտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանը Հայկոյի հուշամեդալը հանձնել է երգչի եղբորը

Ալեն Սիմոնյանը Հայկոյի հուշամեդալը հանձնել է երգչի եղբորը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի (Հայկո) հետմահու պարգևը` Ազգային ժողովի նախագահի հուշամեդալը, հանձնել է երգչի եղբորը՝ Վահե Հակոբյանին: Շնորհակալություն հայտնելով Ալեն Սիմոնյանին` Վահե Հակոբյանը նշել է, որ հուշամեդալն իր պատվավոր տեղը կունենա Հայկոյի ստուդիայի հատուկ անկյունում: Նա նշել է, որ ստուդիան Հայկոյի մահից հետո վերածվել է թանգարանի, որտեղ այցելում են երգարվեստի պրոֆեսիոնալներն ու նոր սերնդի շնորհալի երիտասարդները: Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հայ մշակույթի և երգարվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար երգիչ և երգահան Հայկ Հակոբյանին (Հայկո) հետմահու պարգևատրել էր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:
15:05 - 21 հոկտեմբերի, 2022
Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք. Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցողը՝ Ալեն Սիմոնյանին

Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք. Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցողը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչեւին: ԱԺ նախագահը՝ ի դեմս հյուրի, երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդարանին՝ հօգուտ Հայաստանի համապատասխան բանաձեւեր եւ զեկույցներ ընդունելու համար: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հետեւողականորեն հնչող հայատյաց հռետորաբանությանը, հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության ոչնչացմանը, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձմանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային՝ կողմերն արձանագրել են, որ հակամարտության կարգավորման հարցը բանակցությունների սեղանից կրկին փորձ է արվել տեղափոխել ռազմական դաշտ՝ վերածելով լայնածավալ ագրեսիայի Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ: Անդրեյ Կովաչեւը նկատել է, որ սա այն դեպքը չէ, երբ հավասարապես պետք է կողմերին կոչ անել կրակի դադարեցման վերաբերյալ: «Հարձակումը եղել է Ադրբեջանի կողմից, բնականաբար, Մարս մոլորակից չեն ներխուժել Հայաստանի տարածք», - հավելել է նա: «Մենք վաղուց եւ բազմիցս զգուշացնում ենք ադրբեջանական կողմից նոր պատերազմի մասին եւ մեր միջազգային գործընկերներից ակնկալում ենք Ադրբեջանի գործողությունները դատապարտող հասցեական հայտարարություններ», - ի պատասխան՝ նշել է Ալեն Սիմոնյանը: Նա ընդգծել է, որ բարձր է գնահատում Եվրամիության շարունակական միջնորդական ջանքերը, ԵՄ դիտորդական առաքելության ժամանումը հայ-ադրբեջանական սահման: Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նաեւ առաջիկայում ԵԽ-ի կողմից հրապարակվելիք զեկույցի մասին:
13:43 - 21 հոկտեմբերի, 2022
Հայաստանի տարածքից Ադրբեջանի ԶՈՒ-ի դուրսբերումն առաջնահերթ է. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի արտգործնախարարին

Հայաստանի տարածքից Ադրբեջանի ԶՈՒ-ի դուրսբերումն առաջնահերթ է. Ալեն Սիմոնյանը՝ Նորվեգիայի արտգործնախարարին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Աննիկեն Հյութֆիլդտի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Զրույցը ծավալվել է հիմնականում հայաստանյան ժողովրդավարության և դրա զարգացմանը նպաստող անհրաժեշտ պայմանների շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի վերջին դրսևորման հետևանքների վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով, որ Հայաստանի տարածքից ադրբեջանական ԶՈՒ-ի դուրսբերումն առաջնահերթ է: Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Նորվեգիան՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առաջատար երկիր, հետևողական կլինի ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների դատապարտման, դրանց արդար դատաքննության ու մեղավորների պատժման հարցում: Հանդիպմանը խոսվել է նաև խորհրդարանական դիվանագիտության կարևորությունից, ինչի շնորհիվ երկրներին հաջողվում է քաղաքական և միջազգային հարթակներում բարձրաձայնել շուտափույթ լուծումներ պահանջող խնդիրներ: «Հայկական կողմը շահագրգռված է խթանել քաղաքական երկխոսությունը Նորվեգիայի հետ: Առաջնահերթ եմ համարում միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացումը: Տեղյակ եմ, որ Նորվեգիայի խորհրդարանում բարեկամական խմբերի ձևավորման ավանդույթ չկա: Սակայն, կարծում եմ, կարելի է գտնել համագործակցության այլ ձևաչափեր»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Ի պատասխան Նորվեգիայի արտգործնախարարը հավելել է, որ կարելի է  խթանել երկկողմ խորհրդարանական համագործակցության մեխանիզմները, տարբեր միջազգային կազմակերպությունների խորհրդարանական հարթակներում փոխգործակցությունը, ակտիվացնել փոխայցերը:
19:48 - 18 հոկտեմբերի, 2022
Ամերիկյան կողմն անթույլատրելի է համարում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները. ԱԺ նախագահն ընդունել է կոնգրեսականների

Ամերիկյան կողմն անթույլատրելի է համարում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները. ԱԺ նախագահն ընդունել է կոնգրեսականների

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Ողջույնների փոխանակումից հետո կողմերը քննարկել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի հետևանքները: ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 14-ի երեկոյան Միացյալ Նահանգների միջնորդությամբ ձեռք է բերվել փխրուն զինադադարի համաձայնություն, այնուամենայնիվ, դրանից հետո ևս ադրբեջանական կողմը պարբերաբար շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը»: Նա երախտագիտություն է հայտնել ԱՄՆ իշխանություններին, այդ թվում` բազմաթիվ կոնգրեսականների` վերջին զարգացումներին հասցեական գնահատական տալու, ինչպես նաև Միացյալ Նահանգների միջնորդությամբ վերջերս Հայաստան վերադարձված 17 ռազմագերիների համար: Կողմերն անդրադարձել են Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանական զինուժին և Ադրբեջան-Թուրքիա ծավալապաշտական նկրտումներին: Ամերիկյան կողմն անթույլատրելի է համարել ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական ոտնձգությունները: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-ԱՄՆ փոխգործակցությունը բոլոր մակարդակներում: Նա կարևորել է մեր երկրի համար ծանրագույն շրջանում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը: Հանդիպմանն անդրադարձ է եղել միջխորհրդարանական երկխոսությանը և խորհրդարանական դիվանագիտությանը: Ալեն Սիմոնյանի խոսքով` ՀՀ ԱԺ անդամակցությունը Կոնգրեսի երկկուսակցական «House Democracy Partnership» հանձնախմբին շատ կարևոր է: Նա ընդգծել է, որ այս այցը կարևորագույն նշանակություն ունի համագործակցության այս ձևաչափի շարունակականության համար: Հայկական կողմը բարձր է գնահատել նաև Ներկայացուցիչների պալատի Հայկական հարցերով հանձնախմբի աշխատանքը, այդ թվում` Հայաստանին աջակցելու ծրագրերում, Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, առևտրային նախաձեռնությունների, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Հանդիպմանը քննարկվել են օրենսդիր-գործադիր հարաբերությունները, խորհրդարանական ընդդիմությանը, որոշումների կայացման մեխանիզմներին առնչվող հարցեր:
16:46 - 18 հոկտեմբերի, 2022
Կոչ եմ անում միջազգային գործընկերներին հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիան. Ալեն Սիմոնյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին

Կոչ եմ անում միջազգային գործընկերներին հասցեական դատապարտել Ադրբեջանի ագրեսիան. Ալեն Սիմոնյանն ընդունել է Բրազիլիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: ՀՀ ԱԺ նախագահը բարեմաղթանքներ է հղել նորանշանակ դեսպանին առաքելության իրականացման գործում: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների միջխորհրդարանական ձևաչափին՝ Ալեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում ձևավորվել է Հայաստան-Բրազիլիա բարեկամական խումբ՝ հույս հայտնելով Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Ազգային կոնգրեսում մոտ ապագայում Բրազիլիա-Հայաստան բարեկամական խմբի ստեղծման վերաբերյալ: Կողմերը փաստել են բազմոլորտ համագործակցության կարևորության և դրան նպաստելու քայլերի իրականացման մասին: Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 13-ի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին վերաբերող մանրամասներ: Ալեն Սիմոնյանը նշել է, որ միջազգային գործընկերներին կոչ է անում խստորեն և հասցեական դատապարտել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան, ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված` տարածքային ամբողջականության դեմ ուժի և ուժի կիրառման սպառնալիքի արգելման սկզբունքի կոպտագույն խախտումները:
13:18 - 17 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից առաջնահերթ խնդիր է. Ալեն Սիմոնյանը հանդիպել է շվեյցարացի գործընկերներին

Ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից առաջնահերթ խնդիր է. Ալեն Սիմոնյանը հանդիպել է շվեյցարացի գործընկերներին

ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատին եւ Միշել Մարտերին: Պատգամավորները Հայաստանում են աշխատանքային այցով, նախատեսում են այցելել ադրբեջանական զինուժի կողմից հրաձգության ենթարկված բնակավայրեր: Հանդիպմանը կողմերը փաստել են՝ փոխգործակցության լայն ասպարեզ կա խորհրդարանների համար, ուստի, անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները: Այս համատեքստում կարեւորվել են բարեկամական խմբերի գործունեությունը եւ փոխայցերի ընթացքում բարձրացված հարցերի օպերատիվ արձագանքը: Կողմերն անդրադարձել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքներին: ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել զոհերի, գնդակոծված ենթակառուցվածքների մասին: «Դուք այցելելու եք Ջերմուկ, որտեղ ականատես կլինեք ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին: Ձեր դեսպանն արդեն այցելել է Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզեր, որտեղ ծանոթացել է Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով տարբեր բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին»,- հավելել է նա: Ալեն Սիմոնյանը երախտիքի խոսքեր է ասել շվեյցարացի գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի եւ դրա հետեւանքների մասին շվեյցարական կառավարության հետ խոսելու համար՝ նշելով, որ սպասում է գործուն քայլերի: Արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից առաջնահերթ խնդիր է, իսկ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ անընդունելի: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստան այցելությունից հետո, պատգամավորները կբազմապատկեն ջանքերն իրականությունն անաչառ ներկայացնելու, Հայաստանին եւ հայ ժողովրդին, հայոց անկախ պետականությանը նեցուկ կանգնելու ուղղությամբ, միաժամանակ, չմոռանալով Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել շվեյցարացի պատվիրակների մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք հանդես են եկել հայտարարությամբ:  
14:50 - 14 հոկտեմբերի, 2022
Ադրբեջանը շատ հարցերում գտնվում է մշտական կապի մեջ Արցախի իշխանությունների հետ. Ալեն Սիմոնյան

 |armenpress.am|

Ադրբեջանը շատ հարցերում գտնվում է մշտական կապի մեջ Արցախի իշխանությունների հետ. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի իշխանությունները մշտապես առաջարկել են, որ Արցախը պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումների ու հարցերի մեջ: Արցախի պատվիրակության հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը; «Մենք Արցախին առաջարկում ենք այն, ինչ-որ առաջարկել ենք մշտապես՝ Արցախը ինքնուրույն պետք է ներգրավված լինի և ներգրավված է բոլոր քննարկումների ու հարցերի մեջ: Հայաստանի Հանրապետությունը միևնույն ժամանակ պետք է մաքսիմալ ներգրավված լինի այդ խոսակցությունների մեջ»,- ասաց Սիմոնյանը: Արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե երբ կցանկանան և ինչպես կցանկանան կբանակցեն Արցախի հետ՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ մինչ օրս եղել են շատ հարցեր, որ Ադրբեջանը քննարկել է և բանակցել է Արցախի իշխանությունների հետ: «Միևնույն ժամանակ, Ադրբեջանը գտնվում է մշտական կապի մեջ Արցախի օրինական իշխանությունների հետ շատ հարցերում: Նույնիսկ լինում են դեպքեր, որ Արցախի իշխանությունները ինֆորմացիոն առումով ավելի շատ են տեղեկացված լինում, քան մենք: Բնական է, որ հարևան երկրի ղեկավարությունը պետք է այլ ձևակերպումներ տա՝ Ստեփանակերտի տեղը ադրբեջանական անվանում ասի և այլն, և այլն: Ես խնդրում եմ դիտարկել դա այդ տրամաբանության մեջ: Միևնույն ժամանակ, հիշենք բանակցային գործընթացը չի ավարտվել, որևէ փաստաթուղթ, որի վրա կարող ենք հղում անել, գոյություն չունի: Բնական է, ամեն մի կողմ իր տեսլականը և իր պատկերացումը ներկայացնում է: »,- եզրափակեց Սիմոնյանը:
14:07 - 14 հոկտեմբերի, 2022
Ռուս գործընկերներից ակնկալում ենք արդյունավետ և անկեղծ համագործակցություն անվտանգության և տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցերում. Ալեն Սիմոնյան

Ռուս գործընկերներից ակնկալում ենք արդյունավետ և անկեղծ համագործակցություն անվտանգության և տարածաշրջանում խաղաղության հասնելու հարցերում. Ալեն Սիմոնյան

Եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով հոկտեմբերի 11-ին հանդիպել է Պետական դումայի «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Հանդիպման սկզբում Ալեն Սիմոնյանն ասել է, որ ռուս գործընկերներից ակնկալում է արդյունավետ եւ անկեղծ համագործակցություն անվտանգության եւ տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու հարցերում: «Մենք հիմա շատ անհանգիստ ժամանակներում ենք ապրում, ինչն անմիջական ազդեցություն է ունենում երկրների ու ժողովուրդների վրա»,-ընդգծել է նա: Ռուս գործընկերները մատնանշել են համատեղ նախագծերի հաջող իրականացման փաստը, մասնավորապես, բարձր է գնահատվել միջխորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցությունը: Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ սահմանում ադրբեջանական ԶՈւ-ն երեկ կրկին հրաձգություն է իրականացրել: Հայկական կողմը ռուս գործընկերներին է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկ առողջարանային քաղաքում ստեղծված իրավիճակը, ենթակառուցվածքներին հասցված վնասները: «Մենք` որպես իշխող կուսակցություն, պատրաստակամ ենք ձեր բարձրացրած հարցերի շուրջ տարբեր ձեւաչափերի քննարկումներ եւ խորհրդակցություններ անցկացնել»,-նշել է խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլեւը: Քննարկվել են Ռուսաստանում ապրող հայերի կենսագործունեությանն առնչվող հարցեր: Հոկտեմբերի 10-ին ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել էր ՌԴ ԴԺ Պետական դումայի «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ), «Նոր մարդիկ» («Новые люди»), «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» («Справедливая Россия-за правду») եւ Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
13:14 - 11 հոկտեմբերի, 2022
 ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի խմբակցությունների ներկայացուցիչներին. ՀՀ ԱԺ

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի խմբակցությունների ներկայացուցիչներին. ՀՀ ԱԺ

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր եւ վաղը հանդիպումներ է ունենալու Պետական դումայի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հայ պատվիրակները հանդիպել են «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ) խմբակցության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր: Հանդիպում է եղել «Նոր մարդիկ» (Новые люди) կուսակցության խմբակցության հետ: Քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեությանը վերաբերող հարցեր, Հայաստանում ՌԴ քաղաքացիների կեցությանն առնչվող խնդիրների շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել 44-օրյա պատերազմի եւ այս պահին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈՒ-ի գործողությունների մասին:  
20:36 - 10 հոկտեմբերի, 2022
Մեր դիրքորոշումը միանշանակ է. Ադրբեջանի ԶՈԻ-ն պետք է լքի ՀՀ ինքնիշխան տարածքը. Ալեն Սիմոնյանը՝ Վալենտինա Մատվիենկոյին

Մեր դիրքորոշումը միանշանակ է. Ադրբեջանի ԶՈԻ-ն պետք է լքի ՀՀ ինքնիշխան տարածքը. Ալեն Սիմոնյանը՝ Վալենտինա Մատվիենկոյին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հոկտեմբերի 10-ին հյուրընկալել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Գործընկերները փաստել են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմակողմանի կապերն անշեղորեն զարգանում են բարեկամության և փոխըմբռնման պատմական ավանդույթների հունով: Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ կապերի շարունակական զարգացման երաշխիքն ակտիվ երկխոսությունն է, որի շրջանակում առանձնացվել է խորհրդարանական փոխգործակցության նշանակալի դերակատարումը: Հատուկ ընդգծվել է մեր խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների համատեղ գործունեությունը, որտեղ ձևավորվել է համատեղ նիստերի պրակտիկան: Հաջորդ ամիս Երևանում նախատեսվում է Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը: ՀՀ ԱԺ նախագահը Վալենտինա Մատվիենկոյին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի մանրամասները՝ նշելով, որ մեր դիրքորոշումը միանշանակ է. ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը: Ծավալուն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը, որի ժամանակ հաշվի կառնվեն և կերաշխավորվեն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը: «Հայաստանի Հանրապետությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի մեր տարածաշրջանում հաստատվի ամուր խաղաղություն: Վստահ եմ, որ դա նաև լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական շահերին»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Երևան: «Հայաստանը մեզ համար ոչ միայն դաշնակից է, այլ  նաև եղբայրական ջերմ հարաբերություններով ենք կապված»,- նշել է Վալենտինա Մատվիենկոն՝ սիրով ընդունելով հրավերը:
17:59 - 10 հոկտեմբերի, 2022
Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի. Ալեն Սիմոնյանը՝ Վյաչեսլավ Վոլոդինին

Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի. Ալեն Սիմոնյանը՝ Վյաչեսլավ Վոլոդինին

Եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին հյուրընկալվել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Սիմոնյան-Վոլոդին մոտ մեկ ժամ տեւած առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ալեն Սիմոնյանը, ողջունելով ռուս գործընկերներին, շնորհակալություն է հայտնել Վյաչեսլավ Վոլոդինին հրավերի համար՝ նշելով, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է մեր երկրների ժողովուրդների միջեւ պատմականորեն ձեւավորված բարեկամության վրա: Հանդիպմանը երկուստեք արձանագրվել է, որ երկկողմ կապերի շարունակական զարգացման երաշխիքը քաղաքական ակտիվ երկխոսությունն է բոլոր մակարդակներում, մասնավորապես, մեր երկրների ղեկավարների միջեւ, որոնք նախանշում են համագործակցության դինամիկան բոլոր ոլորտներում: Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրում խորհրդարանական փոխգործակցության առանցքային դերը՝ կարեւորելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը: Կողմերն այս համատեքստում շոշափել են առաջիկա նախագծերին առնչվող թեմաներ՝ փաստելով, որ աշխատանքները պետք է շարունակել համակարգային հիմքի վրա՝ ունենալով զարգացման հստակ՝ կոլեգիալության եւ ռազմավարական գործընկերության պահպանման սկզբունքներով նախանշված վեկտոր: Ռուս գործընկերների հետ հանդիպման առանցքային հարցերից է եղել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիան: «Մեր այցը Մոսկվա տեղի է ունենում Հայաստանի համար բարդ շրջանում: Ինչպես արդեն հայտնի է, սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի նոր փուլ է սկսել: Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքի խորքում, մի քանի ուղղություններով ինտենսիվ գնդակոծել են ոչ միայն ՀՀ ԶՈւ դիրքերը, այլեւ քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները: Ցավալի փաստ է. 207 զոհ ու վիրավորներ ունենք»,- նշել է Ալեն Սիմոնյանը՝ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումն անվանելով ԱՊՀ տարածքում Ադրբեջանի կողմից զավթողական նպատակներ ունեցող վտանգավոր միտում: Այս համատեքստում անդրադառնալով ՀԱՊԿ-ի գործունեությանը՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ այն չի կարողացել իր անդամներից մեկի դեմ ագրեսիային արձագանքել օպերատիվ եւ արդյունավետ: «Հայաստանն անվտանգության մասով երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը: Ալեն Սիմոնյանը միեւնույն ժամանակ հույս է հայտնել, որ ՀԱՊԿ աշխատանքների ընթացքում մշակված առաջարկություններն իրենց լուման կներդնեն իրավիճակի ապաէսկալացման եւ մեր տարածաշրջանում կայունության հաստատման գործում: Անդրադարձ է եղել Ռուսաստանի Դաշնությունում հայկական սփյուռքին եւ Հայաստանում բնակություն հաստատած ՌԴ բազմահազար քաղաքացիներին առնչվող հարցերին:
13:40 - 10 հոկտեմբերի, 2022
Մենք պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ը աշխատի. մենք չենք սպասելու, ինչքան սպասեցինք՝ հերիք է. Ալեն Սիմոնյան |news.am|

Մենք պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ը աշխատի. մենք չենք սպասելու, ինչքան սպասեցինք՝ հերիք է. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Ինձ համար մեկ է, ինձ պետք է, որ Հայաստանի սահմանից այն կողմ, որը ՀԱՊԿ-ի անդամ է, այլ երկրի զինվոր չանցնի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վտանգավոր չէ, որ Հայաստանն ավելի շատ Արևմուտքի գործիչների միջոցով է բանակցում Ադրբեջանի հետ, և արդյոք դա չի առաջացնի Ռուսաստանի խանդը: «ՒԻնձ համար մեկ է՝ դա խանդի հողի վրա է, պայմանավորվածությունների հիման վրա է: Ես հռետորական հարց ունեմ. Ենթադրենք ինչ-որ երևակայական հակառակորդ հատել է ՌԴ սահմանը և դրա պատճառով Սոչին դատարկվել է: Դուք պտկերացնո՞ւմ եք այդ իրավիճակը: Ինձ համար մեր երկրի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունն է կարևոր: Մենք պետք է ստիպենք, որ ՀԱՊԿ-ը աշխատի, եթե այդ մեխանիզմը չի աշխատի, ապա  բնական է, որ մենք գնում ենք այն մեխանիզմներով, որոնք հիմա անում ենք: Մենք բերեցինք այն բանին, որ հայտարարություն արվի, քաղաքական գնահատական հնչի: Հիմա սպասում ենք առնվազն այդ քաղաքական գնահատականին: Բայց միաժամանակ, մեզ համար դա բավարար չէ, մենք մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար չենք սպասելու, որ մի կողմից մի բան լինի, որովհետև չունենք այդ սպասելու ոչ ժամանակը, ոչ տարածքը, ոչ էլ հնարավորությունները: Ինչքան սպասեցինք՝ հերիք է»:    
16:41 - 06 հոկտեմբերի, 2022