Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

Անվտանգության խորհուրդը Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել

Անվտանգության խորհուրդը Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթեր է հրապարակել

ՀՀ անվտանգության խորհուրդն անդրադարձել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 17.11.2020 թ. հայտարարությանը՝ հրապարակելով սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի արձանագրությունից քաղվածքներ: «Ի պատասխան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 17.11.2020 թ. հայտարարության՝ Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հայտարարությունում հնչած որոշ պնդումներ և հրապարակել վերջինիս առնչվող գաղտնազերծված փաստաթղթեր: Դեռ նոյեմբերին պարոն Գասպարյանը հայտարարել էր. «Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց նաև անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները»: Սակայն Օնիկ Գասպարյանի նշանակմանը հաջորդած ԱԽ-ի՝ հունիսի 19-ի նիստին պարոն Գասպարյանը զեկուցողների ցանկում չի եղել (նիստում երկու զեկուցող է եղել), ինչը հավաստում է ԱԽ-ի նիստի արձանագրությունը (տես՝ քաղվածք № 1) : Հաջորդիվ պարոն Գասպարյանը հայտարարել է. «Պատերազմի չորրորդ օրը՝ անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»: Սույն պնդման առնչությամբ ներկայացնում ենք ԱԽ-ի՝ 30.09.2021 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝ քաղվածք № 2), որոնցում պարոն Գասպարյանը հայտնում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել ... » հավելելով. « ... Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք ... », եզրափակելով իր ելույթը՝ վերջինս նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»: Սույն պարզաբանման համատեքստում հարկ ենք համարում նաև ներկայացնել ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը (տես՝ քաղվածք № 3), որում Օնիկ Գասպարյանը մասնավորապես ասում է. « ... Արևելյան օպերացիոն ուղղությունում ..... և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները, ... » հավելելով, որ՝  « ... Խնդիրների զգալի մասի լուծումը տեսնում եմ աշխարհազորի ստեղծման ու կայացման շրջանակներում ... »: Սա արտահայտում է պարոն Գասպարյանի դիրքորոշումը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ և առավել ամբողջական է դարձնում վերջինիս մոտեցումներն այս հարցում տվյալ պահի դրությամբ»,- նշված է ԱԽ հայտարարության մեջ:
17:31 - 15 ապրիլի, 2021
Պետք է կայացնենք որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի երկարատև, կայուն զարգացումը. վարչապետը՝ ԱԽ նիստում

Պետք է կայացնենք որոշումներ, որոնք կապահովեն Հայաստանի երկարատև, կայուն զարգացումը. վարչապետը՝ ԱԽ նիստում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգությանխորհրդի հերթական նիստը: Վարչապետի ելույթը ԱԽ նիստի մեկնարկին․ «Բարեւ ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք Անվտանգության խորհրդի հերթական նիստի աշխատանքները։ Հայտնի իրադարձությունների բերումով անվտանգային միջավայրը էական փոփոխություններ է կրել Հայաստանի եւ Արցախի շուրջ, եւ մենք պետք է շարունակաբար գնահատենք այն նոր մարտահրավերները եւ հնարավորությունները, որոնք ունենք այս իրավիճակում։ Պետք է կարողանանք գնահատել Հայաստանի դիրքը, դիրքորոշումը եւ մոտեցումը նոր մարտահրավերներին, ինչպես ենք դիմակայելու նոր մարտահրավերներին, եւ ինչ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն Հայաստանի եւ Արցախի կայուն եւ բնականոն զարգացման համար։ Իհարկե Հայաստանի տեւական շրջափակումը Հայաստանի Հանրապետությունը որոշակիորեն օտարել է տարածաշրջանից, եւ մենք օրինակ մեր ռազմավարական գործընկերոջ հետ ցամաքային ընդամենը մեկ ճանապարհ, ունենք, որը ունի սեզոնային բնույթ եւ մեծապես կախված է եղանակային պայմաններից, ինչն իր հերթին բերում է բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում եւ անվտանգային։ Մենք պետք է այս նոր իրավիճակում կարողանանք գնահատել այն հնարավորությունները, որ կա Հայաստանի շրջափակումը վերացնելու առումով, մյուս կողմից պետք է արձանագրենք, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայաստանի կենսական շահերի հաշվին։ Ընդհակառակը, մենք պետք է այս գործընթացում կարողանանք լիարժեք պահպանել եւ պաշտպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը, իհարկե նաեւ պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության։ Ընդհանրապես կոմունիկացիաների բացումը մեր այսօրվա քննարկման կարեւորագույն թեմաներից է լինելու։  Հարցը էական է եւ ուշագրավ, բայց ինքնին ունի բազմաթիվ նրբություններ, եւ այդ բոլոր նրբությունները մենք պետք է հաշվի առնենք։ Բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի այն, որ մենք պիտի ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության շահերից։ Պիտի ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք կապահովեն երկարատեւ կայուն զարգացումը Հայաստանի Հանրապետության, եւ նաեւ ինչ-որ առումով տարածաշրջանի երկարատեւ եւ կայուն զարգացումը եւս մեր պատասխանատվության ոլորտում է։ Այնպես որ, ես այսօր մեզ հաջող եւ արդյունավետ քննարկում եմ մաղթում»։
21:58 - 30 մարտի, 2021
ՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կիրականացվեն 110 մլրդ դրամի ծրագրեր. կայացել է ՀՀ և ԱՀ ԱԽ համատեղ նիստ

ՀՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Արցախում կիրականացվեն 110 մլրդ դրամի ծրագրեր. կայացել է ՀՀ և ԱՀ ԱԽ համատեղ նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ:   Վարչապետ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես նշել է. «Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Այս շաբաթ արդեն երկրորդ օրը մենք աշխատում և քննարկումներ ենք իրականացնում Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ երեկ շատ արդյունավետ քննարկում ենք ունեցել, որի արդյունքներով որոշվել է հանդես գալ այսպիսի առաջարկությամբ՝ Արցախում շուրջ 110 միլիարդ դրամի բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր իրականացնելու վերաբերյալ: Ընդ որում առաջարկը հետևյալն է՝ ծրագիրն իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով և ծրագիրը ֆինանսավորել հետևյալ համամասնությամբ. այս պահին հիմնադրամի հաշիվներում կա վերջին դրամահավաքի արդյունքներով գոյացած շուրջ 58 միլիարդ դրամ և Հայաստանի կառավարությունը կտրամադրի 52 միլիարդ դրամ: Այսինքն կունենանք 110 միլիարդ դրամանոց դրամագլուխ, որով և կիրականացնենք բնակարանաշինության և անհրաժեշտ ենթակառուցվածքների ծրագիրը: Եվս մի քանի որոշումներ ենք կայացրել, որոնցով ըստ էության ոչ միայն պետք է իրագործենք 2020 թվականի նոյեմբերի 18-ին իմ կողմից հրապարակված «ճանապարհային քարտեզի» դրույթը, այն է՝ Արցախի բնականոն կյանքի վերականգնման վերաբերյալ, այլև պետք է զարգացման ծրագրեր իրականացնենք Արցախում, որպեսզի ունենանք սոցիալտնտեսական զարգացման բավարար, բարձր տեմպեր: Կարծում եմ՝ երեկ կայացրած որոշումները շատ ամուր հիմք կարող են դառնալ այդ զարգացումներն ապահովելու համար: Այսօր մենք քննարկումներ ենք ունենալու Անվտանգության խորհուրդների կազմերով, քննարկելու ենք անվտանգային միջավայրին և ապագայի շուրջ մեր ռազմավարական պատկերացումների վերաբերյալ հարցեր: Համոզված եմ, որ այսօրվա որոշումները նույնպես կարևոր դեր պետք է խաղան մեր հետագա անելիքների և դրանց իրագործման առումով»: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ մարտի 25-ին կայացած համատեղ խորհրդակցության արդյունքում ընդունված՝ Արցախում բնակարանաշինության և ենթակառուցվածքների վերականգնման համար 110 մլրդ ՀՀ դրամ հատկացնելու մասին որոշումն առանցքային նշանակություն է ունենալու Արցախի հումանիտար խնդիրների կարգավորման ու հետագա զարգացման գործում: «Մոտ 4 հազար տուն կառուցելու նախնական նախագծեր, որոշակի աշխատանքներ, պլանավորում արդեն կատարված է, և առաջիկա ամիսների ընթացքում ևս 2 հազար տուն կառուցելու նախագծեր կմշակենք: Այդ նախագծերում միշտ հաշվի ենք առնում այսօրվա իրականությունը, զուգահեռ պլանավորում հողահատկացման, բնակիչների հետագա զբաղվածության ապահովման աշխատանքները, քննարկում ենք նաև կոոպերացիայի ժամանակակից մոդելներ»,- ասել է Արցախի Հանրապետության նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով կիրականացվեն օրակարգային առաջնահերթության բոլոր հարցերը:
12:01 - 26 մարտի, 2021
«ՍՈՒ-30»-ները չկիրառվեցին, որովհետև առկա հրթիռներն ունեին սահմանափակ կարողություններ, որևէ այլ խնդիր, «ՍՈՒ-30»-ների հետ կապված, չենք ունեցել․ ԱԽ քարտուղար |tert.am|

«ՍՈՒ-30»-ները չկիրառվեցին, որովհետև առկա հրթիռներն ունեին սահմանափակ կարողություններ, որևէ այլ խնդիր, «ՍՈՒ-30»-ների հետ կապված, չենք ունեցել․ ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Լ րագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Արմեն Գրիգորյանը անդրադարձավ Սյունիքում առկա անվտանգային խնդիրներին։ Գրիգորյանը պատասխանեց․ «Որևիցէ հանրությունում չկա անվտանգության որևիցէ մակարդակ, որ գոհացուցիչ կլինի։ Նոր ստեղծված իրավիճակի ուղղությամբ մենք բազմաթիվ աշխատանքներ ենք տանում, որպեսզի անվտանգությունը հնարավորության շրջանակում բարձր լինի»։ ԱԽ քարտուղարը անդրադարձավ նաև «ՍՈՒ-30»-ների մասին Փաշինյանի հայտարարություններին և այն հարցին, թե ինչու չկիրառվեցին զինանոցում առկա  հրթիռները։ «ՍՈՒ-30»-ներ գնելու գործընթացը դիտարկվել է որպես երկար ժամանակի գործընթաց։ Ըստ պլանավորման՝ «ՍՈՒ-30»-ների զինամթերքի և մնացած կարողությունների ձեռքբերման գործընթացը դիտարկվել է որպես  երկարաժամկետ գործընթաց, քան պատերազմի սկսվելն էր։ Որևէ այլ խնդիր, «ՍՈՒ-30»-ի հետ կապված, մենք չենք ունեցել։ Կան տարբեր կարողությունների հրթիռներ, խնդիրը լավագույնն ունենալն էր, որն ամենամեծ ազդեցությունը կարող էր ունենալ։ Այն, ինչ մենք ունեցել ենք, որոշակի սահմանափակումներ են ունեցել»,-նշեց ԱԽ քարտուղարը։
13:09 - 25 մարտի, 2021
Ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա. ԱԽ քարտուղարն անդրադարձավ ԳՇ պետի մասին իր հայտարարությանը |1lurer.am|

Ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա. ԱԽ քարտուղարն անդրադարձավ ԳՇ պետի մասին իր հայտարարությանը |1lurer.am|

1lurer.am: «Իմ հայտարարությունը հիմնված է փաստաթղթերի և արձանագրությունների վրա: Անվտանգության խորհրդի այդ նիստն ամբողջությամբ արձանագրված է, և այն, ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա: Պատմության տեսանկյունից, կարծում եմ, որ եթե հնարավորություն լինի դա հրապարակելու, ապա միանշանակ հաստատվելու են բոլոր թեզերը, որոնք ես ասել եմ»,- հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով իր հարցազրույցներից մեկում հնչեցրած պնդմանը, թե գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու մասին ռազմական գործողությունների չորրորդ օրը չի ասել, այլ ավելի շուտ: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ պատերազմը դադարեցնելու քննարկում առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում: «Այդ նիստում է հնչել միտքը, թե մեր կարողությունները 2-3 օրվա մեջ չեն ձգելու: Ի դեպ, այդ նիստին մասնակցել են նաև ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարները»,- նշեց Գրիգորյանը: ԱԽ քարտուղարի խոսքով՝ սլաքները դեպի զինված ուժեր ուղղելու որևէ նպատակ չկա, զինված ուժերը նույնիսկ պետք է պատերազմի մասին զեկույց պատրաստեր՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ: «Եթե մենք ուզում էինք սլաքներն ուղղել դեպի զինված ուժեր, ապա այդ զեկույցը մենք կպատրաստեինք և սլաքները կուղղեինք դեպի զինված ուժեր: Որևիցե նման նպատակ չունենք, չենք ունեցել և չենք ունենա: Մեղավորներ եկեք չփնտրենք: Անհրաժեշտ է, որ զինված ուժերը պատրաստեն համապարփակ զեկույց պատերազմի մասին, և մենք հանգամանալից հանրության հետ կխոսենք»,- նշեց Գրիգորյանը: Իսկ թե ինչու իշխանություններն ուշ արձագանքեցին գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարություններին և ուշ հերքեցին նրա խոսքերը, թե իբր ռազմական գործողությունների չորրորդ օրն է առաջարկել դադարեցնել պատերազմը, Գրիգորյանը մեկնաբանեց. «Հաշվի առնելով ներքաղաքական իրավիճակը, ընդհանուր անվտանգային միջավայրը, մենք գտել ենք, որ ավելի լավ է կենտրոնանալ բանակի բարեփոխումների վրա, քան այդ հարցերի: Քանի որ այս պահին այդ հայտարարությունը որևէ ձևով բանակի բարեփոխումների վրա չի ազդելու, և մենք անվտանգային մեր աշխատանքը կատարելու ենք, նոր փորձել ենք պարզաբանումներ մտցնել: Սա, ի դեպ, հանրային մակարդակում ամենաշահարկված թեման է. չկա մեկ քաղաքական գործիչ, որ այդ մասին խոսած չլինի, ինչ-որ ձևով շահարկած չլինի, դրա համար անհրաժեշտություն կար պարզաբանում մտցնելու»:
12:48 - 25 մարտի, 2021
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբրահամյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբրահամյանը նշանակվել է ԱԽ գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Արմեն Աբրահամյանի դիմումը՝ 1. Արմեն Բաբկենի Աբրահամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի անվտանգության խորհրդի գրասենյակի ռազմական անվտանգության վարչության ռազմաքաղաքական համագործակցության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ25-30.1-Ղ3-1)։ 2. Արմեն Բաբկենի Աբրահամյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասված է որոշման մեջ:
13:54 - 22 մարտի, 2021
Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկում է ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագիրը

Անվտանգության խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկում է ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու հրամանագիրը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսուքյան իր էջում ներկայացրել է ԱԽ հայտարարությունը․ «ՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը: Օրենքի համաձայն, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի, որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի, նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է կառավարության ղեկավարի հայեցողությունը։ Ընդունելով, որ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը, որպես Սահմանադրության պահպանմանը հետևող կարևորագույն ինստիտուտ, ունի զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը նշանակելու և ազատելու հայեցողական այլընտրանքային լիազորություն՝ Անվտանգության խորհուրդը Հանրապետության նախագահին առաջարկում է բավարարել ՀՀ վարչապետի` Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկությունը և ստորագրել համապատասխան հրամանագիրը»:
13:31 - 01 մարտի, 2021
Վարչապետ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն

Վարչապետ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն: «Այսօր անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով անցկացնում ենք խորհրդակցություն, առաջիկայում նման խորհրդակցություններ ավելի հաճախ պետք է անենք, որպեսզի մեր գործողությունները լինեն համադրված»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ մի շարք ուղղություններով տարբեր գերատեսչություններում կատարվում են համապատասխան աշխատանքներ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է խորհրդակցությանն Արցախի Հանրապետության նախագահի մասնակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, մարտավարական և ռազմավարական առումով հետագա անելիքների պլանավորման համատեքստում: Կառավարության ղեկավարը նշել է, որ այսօր կքննարկվեն ընթացիկ հարցերը, որոնք այս պահին կան օրակարգում:
11:21 - 22 հունվարի, 2021
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

Այսօր Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: ԱԽ քարտուղարը կարևորելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում տարածաշրջանային ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման գործում հայ-իրանական փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը, անդրադարձել է, տարածաշրջանային ռազմաքաղաքական անվտանգային իրավիճակին: Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ փոխգործակցությունն անվտգանգության, տնտեսական, ենթակառուցվածքների զարգացման, գիտության և այլ ոլորտներում: Երկուստեք կարևորվել է հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման խնդրում հյուսիս-հարավ մայրուղու բացառիկ դերը:
15:01 - 28 դեկտեմբերի, 2020
Հին Թաղերը և Խծաբերդն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո․ այսօր ռուսական խաղաղապահները մուտք են գործել տվյալ հատված, իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ Ն․ Փաշինյան

Հին Թաղերը և Խծաբերդն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո․ այսօր ռուսական խաղաղապահները մուտք են գործել տվյալ հատված, իրավիճակը հարաբերականորեն կայուն է․ Ն․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: Այս մասին հայտնում է վարչապետի աշխատակազմը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,Խորհրդարանական խմբակցությունների հարգելի՛ ներկայացուցիչներ,Հարգելի՛ գործընկերներ,Անվտանգության խորհրդի հարգելի՛ անդամներ, Երեկվանից մենք որոշակի լարվածություններ ունենք Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին: Ուզում եմ ձեզ տեղեկացնել իրադրության ու որոշակի որոշումների վերաբերյալ: Նախ Արցախի Խծաբերդ, Հին Թաղեր հատվածում երեկ մեր դիրքերը հարձակման են ենթարկվել ադրբեջանական ստորաբաժանումների կողմից, որոշ տեղեկությունների համաձայն՝ մասնակցություն են ունեցել նաև թուրքական հատուկ նշանակության ջոկատներ: Հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռևս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում և գրոհ է տեղի ունեցել: Մեր Զինված ուժերի, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի են բռնվել, դիմադրություն են ցույց տվել: Մենք ունենք առնվազն 6 վիրավոր, կան այլ տուժածներ, որոնց վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է: Երեկ՝ արդեն մարտական գործողությունների մեկնարկից որոշ ժամանակ անց, ռուս խաղաղապահ փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գործողությունների գոտի, որի արդյունքում մարտերը դադարել են, բայց որոշակի հատված՝ Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերն անցել են Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատների վերահսկողության ներքո: Այսօր առավոտվանից ռուսական խաղաղապահներն ավելի մեծ ուժերով մուտք են գործել տվյալ հատված և այս պահին իրավիճակը հարաբերականորեն կայուն է, առնվազն խաղաղապահների ներկայությունն այդտեղ որոշակի վստահություն է տալիս, որ հետագա էսկալացիայից խուսափելու շատ մեծ հավանականություն կա: Մեր առաջ, բնականաբար, խնդիր է՝ այդ հատվածում իրավիճակը լիարժեք համապատասխանեցնել նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթներին, որտեղ հստակ արձանագրված է, որ հայտարարության ընդունման պահից զորքերը մնում են իրենց դիրքերում շփման գծի երկայնքով: Այսինքն, այստեղ նրբությունը նրանում է, որ Խծաբերդ, Հին Թաղեր հատվածը գտնվում է Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի վարչական սահմաններից ներս, և հետևաբար լիարժեք այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից է բխում, որ պետք է գտնվի հայկական ուժերի վերահսկողության ներքո, որովհետև նոյեմբերի 9-ի դրությամբ այդ տարածքները եղել են հայկական, Պաշտպանության բանակի վերահսկողւթյան ներքո: Անկախ ռուս խաղաղապահների ներկայությունից, ադրբեջանական ուժերի երեկվա գործողությունները միանշանակ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության դրույթների խախտում են և այսօր Արտաքին գործերի նախարարությունն իր հայտարարությամբ հստակ արձանագրել է դա: Ի՞նչն է հապաղման պատճառը, որ հարձակման պահին խաղաղապահները տեղակայված չեն եղել այնտեղ, դա առանձին քննարկման և վերլուծության նյութ է, բայց այս պահին ամենակարևորն այն է, որ խաղաղապահները բավական շոշափելի ուժերով մուտք են գործել տարածք, որը պիտի բացառի ադրբեջանական ուժերի հետագա առաջխաղացումը: Իհարկե, Պաշտպանության բանակի ուժերը նույնպես ներկա են այնտեղ, բայց խաղաղապահների ներկայությունը վստահություն է տալիս, որ այնտեղ հնարավոր կլինի որոշակի կայունություն պահպանել: Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն՝ հենց այս հատվածին է վերաբերվում: Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ: Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ: Շատ կարևոր է նաև գերիների փոխանակման գործընթացը և այստեղ էլ մենք որոշակի առաջընթաց կամ առաջընթացի լուրջ հնարավորություն ունենք ու այսօր, վաղը պետք է կայացնենք կոնկրետ որոշումներ: Կցանկանայի նաև Անվտանգության խորհրդին և մեր խորհրդարանական գործընկերներին տեղեկատվություն փոխանցել անհետ կորածների և զոհվածների մարմինների դուրսբերման գործընթացի վերաբերյալ, ներկայացնել, թե որտեղ է հասել գործընթացը և առաջիկայում ինչ պրոցեսներ պետք է տեղի ունենան, ինչ անելիքներ ունենք այս խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար և ինչպիսի վստահություն կա, որ մենք այդ խնդիրները կկարողանանք հնարավորինս արագ և էֆեկտիվ լուծել: Սա է լինելու մեր այսօրվա քննարկումների շրջանակը: Իհարկե երեկվանից և ոչ միայն երեկվանից, արդեն բավականին երկար ժամանակ բնական լարվածությունների և որոշակի զարգացումների ֆոնին շատ մեծ ծավալներով ապատեղեկատվական հոսքեր են առաջանում և սա իրապես սպառնալիք է ազգային անվտանգությանը ու մենք պետք է հասկանանք, թե ինչպես ենք կառավարում այս իրավիճակը: Շատ կարևոր է, որ այս քննարկմանը ներկա են նաև մեր ընդդիմության հարգելի ներկայացուցիչները, որպեսզի մենք կարողանանք ձևակերպել, թե այս պրոցեսի մեջ ինչպիսի անելիքներ ունենք: Ուզում եմ շեշտել, որ այդ ինֆորմացիոն ահաբեկչությունն անհանգստացրել է նաև մեր ընդդիմադիր գործընկերներին և ասեմ, որ վաղ առավոտից նաև ընդդիմության ներկայացուցիչներից եմ ստացել զանգեր ու ահազանգեր և այս կապակցությամբ պետք է շատ կոնկրոտ քայլեր ձեռնարկվեն, ինչը նշանակում է, որ առնվազն որպես օրակարգ մենք սա կարող ենք ձևակերպել որպես ընդհանուր անելիք: Ինչպես ասում են՝ չկա չարիք առանց բարիքի, համենայն դեպս, այդ ինֆորմացիոն ահաբեկչությունը, որ երեկ երեկոյանից շատ մեծ ծավալներ ստացավ, կարող է դառնալ այն հենման կետը, որտեղ ընդդիմության և իշխանության ներկայացուցիչները կարող են ընդհանուր անելիքներ ձևակերպել և որոշումներ կայացնել, որոնք չեն ընկալվի որպես ընդդիմության կայացրած որոշում ընդդեմ իշխանության, կամ իշխանության կայացրած որոշում՝ ընդդեմ ընդդիմության: Սա մի հարց է, որի շուրջ մտքեր կփոխանակենք՝ տեսնելու, թե ինչպիսի անելիքներ ունենք այստեղ: Ընդհանուր առմանբ, ուզում եմ ասել նաև, որ իրավիճակը, որի մասին ես խոսեցի, համարում եմ կառավարելի, խուճապի մատնվելու կարիք չկա, պարզապես պետք է մենք կայացնենք որոշումներ և իհարկե կկայացնենք այդ որոշումները: Դրանք կարող են լինել հարցեր առաջացնող և մենք իհարկե պատրաստակամ ենք բոլոր հարցերին պատասխանել: Ամբողջ խնդիրն այն է, որ պետք է ճիշտ ներկայացնենք հանրությանը, թե որ որոշումն ինչի համար է կայացվում, նաև իրավիճակներն ինչի համար են ծագել: Կապված Հին Թաղեր, Խծաբերդ հատվածի հետ, ուզում եմ ասել նաև, որ ի սկզբանե եղել են որոշակի հակասություններ իրադրության գնահատման շուրջ այն առումով, թե նոյեմբերի 9-ի դրությամբ ով որտեղ է գտնվել: Սա, իհարկե, գուցե ոչ հետաքրքիր, բայց կարևոր նրբություն է, որովհետև նաև սա կապ ունի իրադրության հետ, որովհետև կան տարբեր վարկածներ, տարբեր մեղադրանքներ, թե ով ամսի 9-ի դրությամբ որտեղ է գտնվել և ամսի 9-ից հետո որտեղ է հայտնվել: Մենք, Պաշտպանության բանակը վստահ ենք մեր դիրքորոշումների և ճշմարտացիության վրա և իհարկե հետևողականորեն կաշխատենք նաև դա մեր միջազգային գործընկերներին ցույց տալու և իրադրությունը մեր ունեցած փաստարկների շրջանակում կառավարելու համար»:
18:58 - 13 դեկտեմբերի, 2020
Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին

Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին: Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը երեք անգամ կոպտագույն կերպով խախտել է հումանիտար հրադադարի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ ձեռքբերված պայմանավորվածությունները։ ԱԽ քարտուղարը ընգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով ու պատերազմական հանցագործություններով, մասնավորապես՝ պարբերաբար քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների հրետակոծմամբ ու հրթիռակոծմամբ: Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության վրա Թուրքիայի բացասաբար աճող ներգրավվածությանը, տարածաշրջանը ահաբեկչական կազմավորումների ներկայությամբ ապակայունացնելու և  հրադադարի ռեժիմը չպահպանելուն ուղղված Թուրքիայի սադրիչ քաղաքականությանը՝ ԱԽ քարտուղարը շեշտել է, որ այն սպառնալիք է ոչ միայն Արցախի ժողովրդի գոյութենական լինելիությանը, այլև տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգությանը։ Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզին կարևորեց կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:
14:26 - 30 հոկտեմբերի, 2020