Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Վահան Քերոբյանն անդրադարձել է Պետերբուրգում տեղի ունեցած իր հանդիպումներին

Վահան Քերոբյանն անդրադարձել է Պետերբուրգում տեղի ունեցած իր հանդիպումներին

«Ամփոփելով միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում այս երկու օրերի հանդիպում-քննարկումներս՝ անդրադառնամ դրանցից մի քանիսին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:   «Երեկ մասնակցել եմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավորած լիագումար նիստին, որի ընթացքում նախագահը ներկայացրեց ՌԴ գործարար օրակարգի առաջնահերթությունները։ Սա մեզ կօգնի ճիշտ ուղիներ ընտրել Ռուսաստանի հետ գործարար հարաբերություններն էլ ավելի ամրացնելու և խորացնելու գործում։   Հանդիպել եմ Չիլիի ԱԳ նախարարի միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով տեղակալ Ռոդրիգո Յանյես Բենիտիսին։ Քննարկել ենք երկկողմ առևտրատնտեսական համագործակցության նոր ուղիներն ու հնարավորությունները։ Չիլիական կողմը հետաքրքրվածություն հայտնեց Հայաստանը դիտարկել որպես հարթակ Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու համար։   «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկիի հետ հանդիպումս բավականին արդյունավետ էր։ Քննարկել ենք Փոթի-Կովկաս նավահանգիստներով լաստինավային կանոնավոր բեռնափոխադրումների ակտիվացման հնարավորությունները և նախանշել դրա վերագործարկմանն ուղղված քայլերը։   Այսօր ֆորումի վերջին օրն է։   Վերադառնում եմ Երևան՝ ձեռք բերված նոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու»,- գրառման վերջում նշել է նախարարի պաշտոնակատարը:
14:27 - 05 հունիսի, 2021
Վահան Քերոբյանը մասնակցում է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

Վահան Քերոբյանը մասնակցում է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովին

Համաժողովի նպատակն է լայնամասշտաբ քննարկումներ անցկացնել համաշխարհային տնտեսության ու առևտրի վերականգնման խնդիրների շուրջ և համատեղ ջանքերով նպաստել այդ խնդիրների լուծմանը։ Վահան Քերոբյանը հունիսի 3-ին ներկա է  գտնվել համաժողովի հանդիսավոր բացմանը։ Նույն օրը նա նաև մասնակցել է «Զարգացող երկրների վենչուրային տնտեսություն» խորագրով քննարկմանը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ վենչուրային կապիտալի թեման առանցքային է մեր երկրի տնտեսության համար, և դրա ակտիվ ներգրավմամբ մենք կկարողանանք խթանել ձեռներեցությունն ու նորարարությունը՝ այդ կերպ նպաստելով մեր երկրի տնտեսության արագընթաց զարգացմանը։ Համաժողովի շրջանակներում Վահան Քերոբյանը կմասնակցի արդի տնտեսական հիմնախնդիրներին նվիրված մի շարք քննարկումների և հանդիպումների։ Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովն ունի հագեցած օրակարգ․ ավելի քան 100 քննարկումներ կծավալվեն 4 հիմնական ուղղվածությամբ՝ համաշխարհային տնտեսություն, զարգացման ազգային ուղիներ, սոցիալական օրակարգ և տեխնոլոգիական մարտահրավերներ։ Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովն այս տարի ունի ավելի քան 2000 օտարերկրյա մասնակիցներ։ Համաժողովն անցկացվում է 1997 թվականից։  
18:09 - 03 հունիսի, 2021
Վարոս Սիմոնյանը ներկայացրել է Մեղրու ազատ տնտեսական գոտու վերագործարկման շուրջ ծավալվող քննարկումները |armenpress.am|

Վարոս Սիմոնյանը ներկայացրել է Մեղրու ազատ տնտեսական գոտու վերագործարկման շուրջ ծավալվող քննարկումները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ով նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու խորհրդի ղեկավարն է, խորհրդարանում բյուջետային քննարկումների ժամանակ ներկայացրեց ազատ տնտեսական գոտու վերագործարկման շուրջ ծավալվող քննարկումները:  «Մեր խորհրդի կողմից իրականացված աշխատանքի արդյունքում ունենք մի շարք զարգացումներ: Մեղրու ազատ տնտեսական գոտին այս պահին իր սահմաններով 1.7 հա է, և հարակից տարածքները պատկանում են այլ սեփականատերերի: Դրանք, գումարած 1.7 հա-ին, ընդհանուր դառնում են 11.4. հա, որն իդեալական է տնտեսական գոտին վերագործարկելու համար: Մենք որոշել ենք չսպասել դատական գործերին, այդ հողը հետ բերելու կամ գնելու հարցերին: Մենք սկսել ենք բանակցությունները մի շարք գործընկերների հետ, մեծամասնությունը Իրանի Իսլամական Հանրապետությունից են»,-  ասաց Վարոս Սիմոնյանը: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ ընդունել են 3 պատվիրակությունը Իրանից, որոնցից արդեն իսկ ստացել են մի շարք առաջարկներ: Ընթացակարգը հետևյալն է, խորհուրդը ստանում է առաջարկները, որոնք քննարկվում են, ամբողջացվում են ու ներկայացվում են ստեղծված հանձնաժողովին: Վերջինիս կազմում են ՀՀ էկոնոմիկայի, Ֆինանսների, Արդարադատության նախարարության, ՊԵԿ-ի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները: «Այն առաջարկները, որոնք կստանան 60-ից ավելի միավոր, ըստ կառավարության հաստատված կարգի, դրանց առնչությամբ կընդունվի կառավարության որոշում ու դրանք կդառնան ազատ գոտու օպերատոր: Այսինքն՝ մենք սկսում ենք աշխատանքները, վերագործարկում ենք 1.7 հա-ից, որի վրա տեղակայված է վարչական շենքը: Կա նաև դատական գործընթաց վերջնական ակտ ստանալու համար, բայց դա մեզ չի խոչընդոտում վերագործարկելու»,-ասաց Վարոս Սիմոնյանը: Նրա խոսքով, հաջորդ փուլով կգնա հարակից տարածների ձեռքբերումը և միացումը Մեղրու ազատ տնտեսական գոտուն:   ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ գործընթացները, ընդհանուր առմամբ, շատ դանդաղ են գնում:  Ի պատասխան ԲՀԿ պատգամավորի, Վարոս Սիմոնյանը հիշեցրեց, որ նախորդ տարի համավարակ էր ու պատերազմ:  
17:43 - 03 հունիսի, 2021
Հրավառությունները կթույլատրվեն միայն տոն օրերին կամ կառավարության որոշմամբ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

Հրավառությունները կթույլատրվեն միայն տոն օրերին կամ կառավարության որոշմամբ. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում որոշակի դասի հրատեխնիկական արտադրանքի կիրառմամբ հրավառությունների կազմակերպումը կթույլատրվի միայն տոն օրերին կամ կառավարության թույլտվությամբ, իսկ այլ դասի հրատեխնիկական արտադրանքի վաճառքի համար կսահմանվեն կանոններ:    «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը: Փոխնախարարը նշեց, որ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով 2015-ին ընդունվել են հրավառության սարքերի դասակարգիչներ՝ 1-5-րդ:   3-5-րդ դասերի հրավառության սարքերի օգտագործմամբ հրավառություն կազմակերպելը դառնալու է լիցենզավորման ենթակա գործունեություն: «Եվ նման հրավառությունները հնարավոր է լինելու կազմակերպել միայն տոն օրերին, կառավարության որոշման հիման վրա, իսկ համայնքապետարանները պատասխանատու են լինելու համապատասխան վայրերը և կիրառման կանոնները սահմանելու համար»,- ասաց Ավանեսյանը: Իսկ 1-2-րդ դասի հրավառության սարքերի համար սահմանվում են վաճառքի կանոններ: Նախագծով վաճառքն արգելվում է 16 տարեկանից ցածր քաղաքացիներին, նաև՝ բնակելի տարածքներում: Վաճառքն արգելվում է նաև առանց համապատասխան կանոնների ներկայացման:  «Արգելվում է 1-2-րդ դասի հրավառության սարքերի վաճառքը, եթե պայթյունի արդյունքում 250 մետրի վրա ձայնային ուժգնությունը գերազանցում է 60 դեցիբելը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանից վերև արդեն սկսում են առողջության համար ռիսկեր առաջանալ»,- ասաց փոխնախարարը: Ամփոփելով նախագիծը՝ Ավանեսյանը նշեց՝ 3-5-րդ դասի հրավառության սարքերով, որոնք արդյունաբերական կատեգորիաներ են, այսինքն` բավականին բարձր հզորություն ունեն,  հրավառությունները կարող են կազմակերպվել միայն սահմանված օրերին՝ տոն օրերին կամ կառավարության կողմից սահմանված օրերին:
15:25 - 03 հունիսի, 2021
Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար |armenpress.am|

Հայկական և արտերկրի կազմակերպությունները ներդրումներ կատարելու հետաքրքրություն ունեն. փոխնախարար |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի ներդրումային դաշտը շարունակում է հետաքրքիր լինել թե հայկական, թե արտերկրի կազմակերպությունների համար՝ չնայած որոշակի զգուշավորությանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ անդրադառնալով նախարարի պաշտոնակատարի ավելի վաղ արած հայտարարությանը, թե ներդրումները հորդում են, աշխատատեղերն ավելանում: «Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը վերաբերում էր նրան, որ ներդրումային դաշտը սկսում է գնալով կարգավորվել: Եվ մենք բազմիցս ասել ենք, որ միջնաժամկետ հատվածում Հայաստանի ներդրումային դաշտը շարունակելու է հետաքրքիր լինել ներդրողների համար: Տարբեր կազմակերպությունների՝ ինչպես հայկական, այնպես էլ արտերկրի, հետաքրքրությունը առկա է: Իհարկե, կա որոշակի զգուշավորություն, դա հասկանալի է»,-ասաց Ավանեսյանը: Իսկ թե այդ ներդրումները կոնկրետ երբ են լինելու, կախված է բազմաթիվ գործոններից: Շինարարության ոլորտում ներդրումներն արդեն համեմատաբար վերակագնվել են 2019-ի մակարդակում: Ներկայիս դրությամբ նախարարությունը հատկապես ուշադիր է մշակող արդյունաբերության ոլորտի նկատմամբ՝ հաշվի առնելով, որ դա տնտեսական վերականգնման առանցքային ոլորտներից է լինելու:  
15:00 - 02 հունիսի, 2021
Գիտելիքահեն տնտեսության կայացման ճանապարհին նորարարությունը կարևորագույն դեր է խաղում. Վահան Քերոբյան

Գիտելիքահեն տնտեսության կայացման ճանապարհին նորարարությունը կարևորագույն դեր է խաղում. Վահան Քերոբյան

Մեկնարկել է էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԷՆ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի համատեղ կազմակերպված ռազմավարական համաժողովը։   Համաժողովին մասնակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պետական կառույցների, մասնավոր հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ և միջազգային փորձագետներ։   Համաժողովի գլխավոր նպատակն է ծավալուն քննարկումներ իրականացնել Նորարարության և ձեռներեցության ազգային կենտրոնի ապագա արդյունավետ մոդելի տեսլականի, նորարարությունների առևտրայնացմանը և բիզնեսի ու ներդրումների աջակցմանն ուղղված ծրագրերի շուրջ։   «Գիտելիքահենք տնտեսության կայացման ճանապարհին նորարարությունը կարևորագույն դեր է խաղում, և ՆՁԱԿ-ի աշխատանքի նոր մոդելի գործարկումը դրա ձևավորման առաջին քայլերից մեկն է»,- ասել է Վահան Քերոբյանը:
14:05 - 29 մայիսի, 2021
Նուր-Սուլթանում տեղի է ունեցել հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

Նուր-Սուլթանում տեղի է ունեցել հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մայիսի 26-ին կայացած տնտեսական համագործակցության հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին։ Նիստի համանախագահներն էին․ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, ղազախական կողմից՝ Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը։ Նիստի ընթացքում քննարկվել է հայ-ղազախական առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, պտուղբանջարեղենային պահածոների արտադրության, գիտատեխնիկական և տրանսպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարներն ու դրանց իրականացման ուղիները։ Քննարկված հարցերի արդյունքում ընդունվել են որոշումներ և տրվել հանձնարարականներ, որոնք կնպաստեն երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը։   Բախիտ Սուլթանովը նշել է, որ ղազախական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել մեծացնել արտահանման անվանակարգումը (նոմենկլատուրան) 230,9 մլն դոլարի չափով՝ տարբեր ոլորտների 50 անուն վերամշակվող ապրանքների մատակարարման համար․ նավթաքիմիա՝ 138,8 մլն դոլար, մետաղագործություն՝ 23,1 մլն․ դոլար, սննդամթերքի վերամշակում՝ 36,4 մլն․ դոլար և այլն։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանից Ղազախստան ուղիղ չվերթների վերաբացման, ինչպես նաև համատեղ ուժերով մեծածախ լոգիստիկ կենտրոնի հիմնման հնարավորություններին, ինչը կնպաստի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ակտիվացմանը։ Նիստի ավարտին ստորագրվել է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, որում, ըստ ոլորտների, սահմանվել են հետագա համագործակցության ուղղությունները։
18:39 - 26 մայիսի, 2021
Ցեմենտի ներկրման համար առաջարկվում է սահմանել 14 հազար դրամ պետական տուրք. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |1lurer.am|

Ցեմենտի ներկրման համար առաջարկվում է սահմանել 14 հազար դրամ պետական տուրք. ԱԺ-ն քննարկեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծը:  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը նշեց, որ առաջարկվում է 1 տոննա ցեմենտի ներկրման համար սահմանել 14 հազար դրամ պետական տուրք, 1 տոննա կլինկերի համար՝ 2 հազար դրամ պետական տուրք: Ավանեսյանի խոսքով՝ այն թույլ կտա հավասար մրցակցային պայմաններ ստեղծել ներմուծվող ցեմենտի և տեղական արտադրության ցեմենտի միջև: Ըստ նախագծի՝ ցեմենտի և կլինկերի  արտադրությունը դառնում է լիցենզավորվող:   «Ներկայիս դրությամբ 4 ամսվա կտրվածքով կլինկերի ներմուծումը կազմել է 22.5 հազար տոննա, որը որոշակիորեն ավելի է 2020 թվականի համադրելի ծավալներից և մոտ 5000 տոննայով ավելի է 2019 թվականի նույն ցուցանիշից»,- ասաց Ավանեսյանը՝ նշելով, որ 2019-ի համեմատ ունենք ցեմենտի զգալի անկում: 2021-ին ներմուծվել է  24 հազար տոննայի ներմուծված ցեմենտ: 
16:14 - 25 մայիսի, 2021
Վահան Քերոբյանն ու Իրանի քաղաքաշինության նախարարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Վահան Քերոբյանն ու Իրանի քաղաքաշինության նախարարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 24-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Ողջունելով հյուրերին՝ Վահան Քերոբյանը նշել է, որ Հայաստանի և Իրանի միջև տնտեսության ոլորտում ձևավորվել են ամուր գործընկերային հարաբերություններ, և հայկական կողմը հետաքրքրված է ընդլայնել Իրանի հետ փոխշահավետ համագործակցությունն ու առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև ձեռնարկել գործնական քայլեր՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մոհամադ Էսլամին վերահաստատել է տնտեսական կապերի խորացմանը նպաստող նախաձեռնությունների իրականացման հարցում իրանական կողմի պատրաստակամությունը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև առկա  փոխգործակցության մեծ ներուժը կարելի է իրացնել՝ ներգրավելով հայկական և իրանական ընկերությունների համատեղ ծրագրերի իրականացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ ներդրումների ներգրավման, իրանական կողմի մասնակցությամբ արդյունաբերական ավանի կառուցման, լոգիստիկ ենթակառուցվածքների բարելավման, բեռնափոխադրումների գործընթացում ընթացակարգերի պարզեցման և կանոնակարգման, ինչպես նաև Հայաստանի տարածքով իրանական տարանցիկ բեռնափոխադրումների վճարների դրույքաչափերի վերանայման հնարավորությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրանի միջև նոր ուղիղ չվերթների գործարկմանը, ինչը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ զբոսաշրջության ոլորտի ակտիվացման համար։ Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Վահան Քերոբյանը գոհունակությամբ նշել է, որ երկուստեք առկա է պատրաստակամություն գործնական արդյունքներ արձանագրելու համար և հույս հայտնել, որ հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները կնպաստեն, որպեսզի երկկողմ առևտուրն ու տարանցիկ բեռնափոխադրումները նոր թափ ստանան։ Այդ նպատակով ստորագրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր, որով մասնավորապես, նախատեսվում է ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի և Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալի գլխավորությամբ։ Աշխատանքային խումբը կուսումնասիրի առևտրատնտեսական հարաբերությունները խոչընդոտող ընթացակարգերը և առաջարկություններ կներկայացնի դրանց վերացման վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ու ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մոհամադ Էսլամին։
12:13 - 25 մայիսի, 2021
Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Մեկ անձից իրականացվող գնումները վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում կազմել են ընդհանուր գնումների 76,6%-ը

Պետական գնումները մշտապես լրագրողների եւ գնումներով հետաքրքրված անձանց ուշադրության կենտրոնում են, քանի որ գնումներում հնարավոր է՝ լինեն կոռուպցիոն գործարքներ, փոխկապակցված ընկերություններից գնումներ եւ այլն։ Գնումների մասին օրենքի 18-րդ հոդվածը նախատեսում է, որ գնումների կատարման նախընտրելի ձեւը մրցույթն է, եթե գնման առարկան ներառված չէ նույն օրենքի մեկ այլ կետով սահմանված ցանկում։ Այս ցանկում հիմնականում ներառված են սննդամթերքներ, վառելիքներ, գրենական առարկաներ, դեղամիջոցներ եւ այլ իրեր։ Ցանկին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Օրենքով սահմանված է նաեւ, թե գնումների ընթացակարգերից որը ինչ դեպքում կարող է կիրառվել։ Օրինակ մեկ անձից գնման ընթացակարգը կիրառելի է, եթե գնման համար նախատեսված ապրանքը կամ ծառայությունը հնարավոր է ձեռք բերել միայն մեկ անձից, կամ չնախատեսված իրավիճակի առաջացման հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ, եւ գնման այլ ձևերի կիրառումը ժամկետի առումով անհնար է, կամ գնումն իրականացվում է ՀՀ սահմաններից դուրս, կամ էլ գնման գինը չի գերեզանցում գնումների բազային միավորը։ Բազային միավորի արժեքը 1 մլն ՀՀ դրամն է։  Այնուամենայնիվ, թեեւ օրենքով նույնպես նախապատվությունը տրվում է գնման մրցութային ընթացակարգին, սակայն պետական կառույցները սեփական կարիքների համար նախապատվություն են տալիս մեկ անձից իրականացվող գնման ընթացակարգին։ Infocom-ն ուսումնասիրել է 2018-ից 2021 թվականների առաջին եռամսյակներում ՀՀ 12 նախարարությունների՝ սեփական կարիքների համար իրականացրած պետական գնումները եւ պարզել, որ նախարարությունները մեծամասամբ գնումներ են կատարել մեկ անձից գնման ընթացակարգով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսների ընթացքում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է թվով 27 պետական գնում, որոնցից 16-ը կամ 59,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակա րգով։Սակայն գումարային առումով առավել մեծ է գնանշման հարցումով իրականացված գնումների արժեքը։ Ընդհանուր առմամբ 27 գնման համար հատկացվել է 25,5 մլն ՀՀ դրամ, որից 6,8 մլն ՀՀ դրամը կամ 26,6%-ը  հատկացվել է մեկ անձից կատարված գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նույն նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 36 պետական գնում, որոնցից 12-ը կամ 33%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 114,7 մլն ՀՀ դրամ, որից 5,6 մլն դրամը կամ 4,9%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ 2019-ին իրականացվել է 25 գնում, որոնցից 14-ը կամ 56%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 217,1 մլն ՀՀ դրամ, որից 146,5 մլն ՀՀ դրամը, կամ 72%-ը վճարվել է մեկ անձից գնման համար։ Իսկ 2018 թ․՝ 37 պետական գնում, որոնցից 23-ը կամ 62%-ը եղել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 940,1 մլն ՀՀ դրամ, որից 709,1 մլն ՀՀ դրամը կամ 75,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսպիսով՝ վերջին 4 տարիներին, բացառությամբ 2020 թվականի, մշտապես մեկ անձից գնումները  կազմել են ընդհանուր գնումների կեսից ավելին, ինչը խնդրահարույց է։ Առողջապահության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Առողջապահության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 41 պետական գնում, որից 27-ը կամ 65,8%-ը իրականացվել է օրենքով ոչ նախընտրելի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 549 մլն ՀՀ դրամ, որից 1 մլրդ 708 մլն ՀՀ դրամը կամ 67%-ն իրականացվել է մեկ անձից գնման եղանակով։ 2020 թ․ սեփական կարիքների համար իրականացվել է 991 պետական գնում, որից 960-ը կամ 96,8%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 76 մլրդ 119 մլն դրամ, որից 74 մլրդ 176 մլն դրամը կամ 97,4%-ը հատկացվել է մեկ անձից գնման համար։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը 2020 թվականի առաջին եռամսյակում գրեթե բոլոր գնումներն իրականացրել է առանց մրցույթի։ 2019 թ․ իրականացվել է 1084 պետական գնում, որից 1069 կամ 98,6%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գումարային առումով ընդհանուր գնումները կազմել են 72 մլրդ 230 մլն ՀՀ դրամ, որից 71 մլրդ 356 մլն ՀՀ դրամը կամ 98,7% գնումն իրականացվել է մեկ անձից։ 2018 թ․ իրականացվել է 1069 պետական գնում, որից 1046-ը կամ 97,8%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 63 մլրդ 363 մլն ՀՀ դրամ, որից 62 մլրդ 368 մլն ՀՀ դրամը կամ ընդհանուր գումարի 98,4%-ը իրականացվել է մեկ անձից։ Այսինքն՝ Առողջապահության նախարարությունը մշտապես գրեթե բոլոր գնումներն իրականացրել է մեկ անձից գնման ընթացակարգով, ինչը խնդրահարույց է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արդարադատության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արդարադատության նախարարությունը սեփական կարիքների համար իրականացրել է 34 պետական գնում, որից 29 գնումը կամ 85,2%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար տրամարդվել է 711 մլն ՀՀ դրամ, որից 484,8 մլն ՀՀ դրամը կամ 68,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ իրականացվել է 56 գնում, որից 33-ը կամ 58,9%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս գնումների համար ծախսվել է շուրջ 653,1 մլն ՀՀ դրամ, որից 405,5 մլն ՀՀ դրամը կամ 62%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունը կատարել է 46 պետական գնում, որից 30-ը կամ 65,2%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 702,8 մլն ՀՀ դրամ, որից 450,5 մլն ՀՀ դրամը կամ 64,1%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ նախարարությունը կատարել է 43 պետական գնում, որից 35-ը կամ 81,3%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 295,5 մլն ՀՀ դրամ, որից 101,8 մլն ՀՀ դրամը կամ 34,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։  Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ընդհանուր առմամբ Արդարադատության նախարարությունը նույնպես վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մեծամասնությունը։ Արտակարգ իրավիճակների նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 9-ը կամ 26,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 182,4 մլն ՀՀ դրամ, որից 19,1 մլն ՀՀ դրամը կամ 10,4%-ը՝ մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 59 գնում, որից 13-ը կամ 22%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր առմամբ այս պայմանագրերի գումարը կազմել է 371,9 մլն դրամ, որից 51,4 մլն դրամի գնումները կամ 13,8%-ը իրականացվել է մեկ անձից։ 2019 թ․ իրականացվել է 18 գնում, որից 9-ը կամ 50%-ն իրականացվել է մեկ անձից։ գնումների ընդհանուր գումարը կազմել է 135,4 մլն դրամ, որից 13,3 մլն դրամը՝ 9,8%-ը՝ մեկ անձից։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 45 պետական գնում, որից 23-ը՝ 51,1%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 452,6 մլն դրամ, որից 379,5 մլն դրամը՝ 83,8%-ը մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ ԱԻՆ պետական գնումներում մեկ անձից իրականացվող գնումները 2018 եւ 2019 թվականների համեմատությամբ նվազել են։ Արտաքին գործերի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Արտաքին գործերի նախարարությունը իրականացրել է 93 պետական գնում, որից 81-ը՝ 87%-ն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով, որի համար տրամադրվել է 52,4 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 70,4%-ն է։ 2020 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 78 պետական գնում, որից 65-ը կամ 83,3%-ը իրականացվել է մեկ անձից։ Մեկ անձից գնումների համար տրամադրվել է շուրջ 49,8 մլն ՀՀ դրամ, որը կազմում է ընդհանուր գնումների 56,7%-ը։ 2019 թ․ իրականացվել է 108 գնում, որից 97-ը՝ 89,8%-ը մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 63,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 24,5 մլն դրամ կամ գնումների գումարի 38,6%-ը։ 2018 թ․ իրականացվել է 92 պետական գնում, որից 85-ը կամ 92,3%-ը՝ մեկ անձից, որի համար տրամադրվել է 37,5 մլն ՀՀ դրամ, որը կազմել է ընդհանուր իրականացված գնումների գումարի 93%-ը։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Արտաքին գործերի նախարարությունը, ինչպես տեսնում ենք, մշտապես գնումներ իրականացնելիս նախապատվությունը տվել է մեկ անձից իրականացվող գնումներին։ Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 62 պետական գնում, որից 46-ը կամ 74,1%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 225,6 մլն դրամ, որից 78,3 մլն դրամի գնումը՝ 34,7%-ը, կատարվել է մեկ անձից։ 2020 թ․ իրականացվել է 44 պետական գնում, որից 24-ը՝ 54,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 825,4 մլն դրամ, որից մեկ անձից գնման նպատակով ծախսվել է 122,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար տրամադրված գումարի 14,8%-ն է։ 2019 թ․ նախարարությունն իրականացրել է 34 պետական գնում, որից 20-ը՝ 58,5%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 85,1 մլն դրամ, որից մեկ անձի համար ծախսվել է 9,6 մլն դրամ։ Սա ընդհանուր գնումների համար հատկացված գումարի 11,2%-ն է։ 2018 թ․ իրականացվել է 22 գնում, որից միայն 8-ը կամ 36,3%-ն է իրականացվել մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը եղել է 231,1 մլն դրամ, որից 3,4 մլն դրամը՝ 1,5%-ը՝ մեկ անձից։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այսինքն՝ այս նախարարության սեփական կարիքների համար իրականացված գնումներում միայն 2018 թվականի առաջին եռամսյակի՝ մինչեւ հեղափոխությունն իրականացված գնումներն են, որ մեկ անձից իրականացվել է պայմանագրերի կեսից քիչը։ 2019, 2020, 2021 թվականներին այդ ցուցանիշն աճել է՝ ընդհուպ հասնելով 74,1%-ի։ Էկոնոմիկայի նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է ընդհանուր 84 պետական գնում, որի գերակշիռ մեծամասնությունը՝ 73 գնումը՝ 86,9%-ը, մեկ անձից գնման ընթացակարգով։ Սեփական կարիքների համար իրականացված պետական գնումների ընդհանուր գումարը կազմել է 579,7 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է 526,3 մլն դրամ կամ ընդհանուր գնումների 90,7%-ը։ 2020 թ․ Նախարարությունն իրականացրել է 63 գնում։ Այս դեպքում նույնպես մեծամասնությունը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Ընդհանուր՝ 37 գնում կամ ընդհանուր գնումների 58,7%-ը։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 140,9 մլն դրամ, որից մեկ անձից գնումների արժեքը եղել է 58 մլն դրամ` 41.1%։ 2019 թ․ իրականացվել է 41 պետական գնում, որից 25-ը կամ 60,9%-ը՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Ինչպես տեսնում ենք, այս դեպքում նույնպես մեծամասամբ գնումներն իրականացվել են օրենքով սահմանված ոչ նախընտրելի տարբերակով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 93,4 մլն դրամ, որից 8,6 մլն դրամը կամ 9,2%-ը տրամադրվել է մեկ անձից գնումների ընթացակարգով գնման պարագայում։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 40 պետական գնում, 24-ը կամ 60%-ը՝ մեկ անձից։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 81,1 մլն դրամ, որից մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 26,9 մլն դրամ՝ 33,1%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ինչպես տեսնում ենք Էկոնոմիկայի նախարարության պետական գնումները նույնպես մեծամասամբ իրականացվում է մեկ անձից գնման ընթացակարգով, որը 2021 թվականին հասել է 86,9 %-ի։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն 2021 թ․ նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը 201,4 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով տրամադրվել է շուրջ 171,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների արժեքի 85%-ն է։ 2020 թ․ երեք ամիսներին իրականացվել է 40 պետական գնում, որոնցից 21-ը կամ 52,5%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների պայմանագրերի ընդհանուր արժեքը 325,3 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 192,2 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 59%-ն է։ 2019 թ․ նույն ժամանակահատվածում իրականացվել է 21 պետական գնում։ 15-ը կամ ընդհանուր գնումների 71,4%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր գումարը կազմել է 20 մլն դրամ, որից 3,9 մլն դրամը կամ 19,5%-ը տրամադրվել է մեկ անձից գնման նպատակով։ 2018 թ․ առաջին երեք ամիսներին իրականացվել է 27 գնում, որից միայն մեկն է, որ իրականացվել է գնանշման հարցման ընթացակարգով։ Մնացած 26 գնումն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Դա ընդհանուր գնումների 96,3%-ն է։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է 39,5 մլն դրամ, որից 38,5-ը՝ 97,4%-ը՝ մեկ անձից գնման համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Այս նախարարության գնումները 2018 թվականի համեմատությամբ նվազել են, սակայն, միեւնույնն է, կազմում են մեծամասնություն։ Շրջակա միջավայրի նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 36 գնում։ Մեծամասնությունն իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով՝ 24 գնում, որն ընդհանուր գնումների 66,6%-ն է։ Ընդհանուր գումարը կազմել է 29 մլն դրամ, որից 11,5 մլն՝ 39,6%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում Շրջակա միջավայրի նախարարությունը իրականացրել է 42 գնում, որից 30-ը կամ 71,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 14,2 մլն դրամ է։ Մեկ անձից գնման ընթացակարգով գնումների համար տրամադրվել է 8,5 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 59,8%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 38 գնում, որոնց մեծ մասը՝ շուրջ 68,4%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 13,8 մլն դրամ է։ Մեկ անձից գնում կատարելու համար տրամադրվել է շուրջ 10,6 մլն դրամ, որն ընդհանուր պայմանագրերի արժեքի 76,8%-ն։ 2018 թ․ երեք ամիսներին նախարարությունն իրականացրել է 55 գնում։ Մեկ անձից գնման ընթացակարգով իրականացվել է 40 գնում, որն ընդհանուր գնումների 72,7%-ն է։ Գնումների ընդհանուր գումարը 81,8 մլն դրամ է, որի զգալի մեծամասնությունը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար․ շուրջ 78,2 մլն դրամ՝ 95,6%։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Շրջակա միջավայրի նախարարության գնումներից նույնպես պարզ է դառնում, որ այս նախարարությունը նույնպես մեծամասամբ գնումներ է կատարել մեկ անձից, ինչը օրենքով խրախուսելի չէ։ Պաշտպանության նախարարություն 2021 թ․ առաջին երեք ամիսներին Պաշտպանության նախարարությունն իրականացրել է 31 պետական գնում, որից միայն 6-ը կամ 19%-ը բաժին է ընկնում մեկ անձից գնումներին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը եղել է 716,7 մլն դրամ։ Մեկ անձից գնմանը տրամադրվել է 104 մլն դրամ կամ ընդհանուր գնումների արժեքի 14,5%-ը։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է համեմատաբար շատ՝ 173 գնում, որից ընդամենը 12-ը կամ 6,9%-ն է իրականացվել մեկ անձից։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 9 մլրդ 831 մլն դրամ, որից 2 մլրդ 841 մլն դրամը՝ 28,9%-ը, իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ 2019 թ․ երեք ամիսներին իրականացվել է 233 պետական գնում։ Այս գնումներից 20-ը կամ 8,5%-ը իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը եղել է 13 մլրդ 687 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 3 մլրդ 894 մլն դրամ՝ 28,4%։ 2018 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 227 գնում, որից 18-ը՝ 7,9%-ը բաժին է հասնում մեկ անձից գնման ընթացակարգին։ Պայմանագրերի ընդհանուր գումարը 17 մլրդ 674 մլն դրամ է։ Մեկ անձից գնման համար տրամադրվել է 8 մլրդ 300 մլն դրամ, որն գնումների ընդհանուր արժեքի 46,9%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Պաշտպանության նախարարությունը տեղեկատվության ազատության եւ բաց աշխատելաոճի առումով երբեք աչքի չի ընկել, սակայն պետական գնումների առումով, ինչպես տեսնում ենք, վերոնշյալ բոլոր նախարարությունների համեմատ ամենաքիչը մեկ անձից գնում կատարել է հենց այս նախարարությունը։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում նախարարությունն իրականացրել է 88 պետական գնում, որից 20-ը կամ 22,7%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 6 մլրդ 425 մլն դրամ է, որից մեկ անձից գնումների համար տրամադրվել է 7,6 մլն դրամ։ Սա գնումների ընդհանուր արժեքի 0,11%-ն է։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 37 պետական գնում, որից 25-ը՝ 67,5% իրականացվել է մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 256,2 մլն դրամ է, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 37,4 մլն դրամ, որը գնումների ընդհանուր արժեքի 14,6%-ն է։ 2019 թ․ իրականացվել է 19 պետական գնում, 7-ը՝ 36,8%-ը՝ մեկ անձից։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը՝ 25,8 մլն դրամ, որից մեկ անձից գնման համար հատկացվել է 2,5 մլն դրամ՝ 9,6%։ 2018 թ․ ընթացքում գնումները եղել են 25-ը, որից 15-ը կամ 60%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 134,9 մլն դրամ, որից 16,3 մլն դրամը կամ 12%-ը տրամադրվել է մեկ անձից գնումներ կատարելու համար։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարություն 2021 թ․ առաջին եռամսյակում Ֆինանսների նախարարությունը սեփական կարիքների համար կատարել է 24 պետական գնում, որից 18-ը՝ 75%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 333,9 մլն դրամ, որից 49,7 մլն դրամը կամ 14,8%-ը հատկացվել է մեկ անձից կատարվող գնումների համար։ 2020 թ․ նույն ժամանակահատվածում նախարարությունն իրականացրել է 31 գնում, որից 18-ը կամ 58%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների ընդհանուր արժեքը կազմել է 363,5 մլն դրամ, որից 45,1 մլն դրամը՝ 12,4%-ը՝ մեկ անձից կատարվող գնումների համար։ 2019 թ․ ընթացքում իրականացվել է 36 պետական գնում, որից 23-ը կամ 63,8%-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Գնումների համար ընդհանուր առմամբ հատկացվել է 222,9 մլն դրամ, որից 60,1 մլն դրամը՝ 26,9%-ը՝ մեկ անձից գնումներ կատարելու համար։ 2018 թ․ 52 գնում, որից 23-ը՝ 44,2%-ը՝ մեկ անձից։ Գնումների համար հատկացվել է 184,5 մլն դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար՝ 108,6 մլն դրամ, որն ընդհանուր գնումների 58,8%-ն է։ Մեկ անձից իրականացված գնումների քանակի տոկոսային հարաբերակցությունը։ Մեկ անձից իրականացված գնումների գումարի տոկոսային հարաբերակցությունը։ Ֆինանսների նախարարության վերջին չորս տարիների առաջին եռամսյակներում կատարված գնումներից իմանում ենք, որ մեկ անձից գնման ընթացակարգով գնումները կազմել են ընդհանուր գնումների մինչեւ 75%-ը։ Ընդ որում՝ մինչեւ հեղափոխությունը մեկ անձից գնումներն ավելի քիչ տոկոս են զբաղեցրել, քան դրանից հետո։ Սակայն գնումներին տրամադրված գումարի առումով պատկերն այլ է։ Ինպես տեսնում ենք երկրորդ գծապատկերում, մեկ անձից գնումներ իրականացնելու համար ամենաշատ գումարը տրամադրվել է 2018 թվականին։ Ընդհանուր առմամբ 12 նախարարությունները 2018-2021 թթ․ առաջին եռամսյակում իրականացրել են 5662 պետական գնում, որից 4338-ը մեկ անձից գնման ընթացակարգով։ Սա կազմում է ընդհանուր գնումների 76,6%-ը։  Այս 4 տարիների առաջին եռամսյակում իրականացված գնումների համար ընդհանոուր առմամբ հատկացվել է 272,1 մլրդ ՀՀ դրամ։ Մեկ անձից գնումներ իրականացնելու համար հատկացվել է 229,8 մլրդ դրամ։ Սա գնումների ընդհանուր գումարի 84,4%-ն է։ Այսպիսով՝ ամփոփելով բոլոր 12 նախարարությունների վերջին 4 տարիների առաջին եռամսյակներում իրականացվող պետական գնումները, կարող ենք եզրակացնել, որ նախարարությունների՝ գնումների ոլորտում ունեցած նախապատվությունը չի փոխվել, ավելին՝ նախարարություններից մի քանիսը մեկ անձից իրականացվող գնումները կրկնապատկել են 2018-ի համեմատությամբ։ Նարեկ Մարտիրոսյան
19:07 - 22 մայիսի, 2021
Մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն, որը շուտով կներկայացվի ավելի լայն քննարկման. Վահան Քերոբյան

Մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն, որը շուտով կներկայացվի ավելի լայն քննարկման. Վահան Քերոբյան

Երեկ Դիլիջանում մեկնարկել է «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումը, որին մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: «Մենք մշակել ենք նոր տնտեսական քաղաքականություն, որը շուտով կներկայացվի արդեն ավելի լայն քննարկման։ Այդտեղ առանցքային դեր ունի գիտությունը՝ որպես մեր երկրի զարգացման, կարելի է ասել միակ ճանապարհ, որովհետև մեր փոքր բնակչություն ունեցող փոքր երկրում ուժեղ տնտեսություն ունենալու համար կա միայն մեկ ճանապարհ՝ ստեղծել ինչքան հնարավոր է բարձր ավելացված արժեք և այդ ավելացրած արժեքը պետք է ստեղծի յուրաքանչյուր մարդ։ Դրա միակ հնարավոր տարբերակը ինչքան հնարավոր է բարձր գիտելիքահեն կոմպոնենտ ունենալն է մեր երկրի տնտեսության մեջ:   Փոխում ենք պատկերացումները և մյուս տարի կարծում եմ արդեն պատրաստ կլինենք կրթության համակարգին ներկայացնել, թե տնտեսությանը ինչ աշխատակիցներ են պետք տարբեր ոլորտներից:   Գաղտնիք չէ, որ հիմա կրթությունն ու տնտեսությունն իրարից շատ անկախ են աշխատում, և մեր նպատակն է այնպես անել, որ այս երկու համակարգերը համահունչ լինեն և ծառայեն մեր առջև դրված մարտահրավերների հաղթահարմանը»,- ասել է Վահան Քերոբյանը:
13:35 - 16 մայիսի, 2021
Գյումրիում կբացվի ժամանակակից «Դիստրիկտ» էկո և տեխնո թաղամաս․ Վահան Քերոբյանը մասնակցել է ծրագրի մեկնարկի միջոցառմանը

Գյումրիում կբացվի ժամանակակից «Դիստրիկտ» էկո և տեխնո թաղամաս․ Վահան Քերոբյանը մասնակցել է ծրագրի մեկնարկի միջոցառմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 15-ին այցելել է Գյումրի՝ մասնակցելու «Ապագան Գյումրիում է» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում նախատեսված էր «Դիջիթըլ Փոմեգրանեթ» ընկերության նոր գրասենյակի բացման արարողությունը և այդ կազմակերպության ամենամեծ նախագծի՝ «Դիստրիկտ» նախաձեռնության մեկնարկը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիայի նախարարություն պաշտոնական կայքը։  «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության տեսլականն է Գյումրին վերածել առաջատար համայնքի, որը կենտրոնացած կլինի ստեղծագործական, տեխնոլոգիական, բարեկեցիկ և կայուն տնտեսական զարգացման վրա: Ծրագրի շրջանակում Գյումրի քաղաքում նախատեսվում է հիմնել իր տեսակի մեջ առաջին բնակելի թաղամասը՝ եզակի տեխնոլոգիաներով ձեռնարկատիրական էկոհամակարգ, որը կխթանի նորարարությունը, կապահովի բնակիչների պատշաճ և կայուն ապրուստը և կունենա դրական սոցիալ-տնտեսական և էկոլոգիական ազդեցություն: Միջոցառման ընթացքում Վահան Քերոբյանը ներկա է գտնվել ընկերության նոր գրասենյակի բացման արարողությանը, ծանոթացել ընկերության գործունեությանն ու նախատեսվող «Դիստրիկտ» էկո և տեխնո թաղամասի հիմնադրման մանրամասներին։  Ողջունելով նման խոշոր ծրագրի մեկնարկումը՝ Վահան Քերոբյանը նշել է․ «Ես հավատում եմ, որ Գյումրին կարող է դառնալ հրաշալի տեղ ապրելու, աշխատելու և ստեղծագործելու համար։ Բոլորը գիտեն, որ գյումրեցիները տաղանդավոր, ստեղծագործ մարդիկ են, և ես իմ առաքելությունը տեսնում եմ մարդկանց այդ հզորությունը և էներգիան պարգևելու մեջ, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս լավ ստեղծագործել և արարել»։ Վահան Քերոբյանը նաև ընդգծել է իր պատրաստակամությունը աջակցել ծրագրի բարեհաջող իրականացմանը։ «Դիստրիկտ» հիմնադրամի տնօրեն Գայանե Առաքելյանը նշել է, որ ծրագրի կարևոր նպատակներից է նաև կասեցնել Գյումրիից տաղանդավոր մարդկանց հոսքի և արտագաղթի խնդիրը․ «Եթե մարդիկ այստեղ ունենան գեղեցիկ միջավայր հասանելի, դինամիկ զարգացող, տնտեսապես կայուն և, իհարկե, ստեղծարար, հետևաբար նրանք չեն ուզենա այստեղից հեռանալ»։ «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության համահիմնադիր Թոդդ Ֆաբաքերի խոսքով՝ այս նախաձեռնության շնորհիվ հնարավորություն կընձեռնվի երիտասարդ կադրերի և առաջատար մասնագետների համար բացել նոր աշխատատեղեր։ Ըստ նրա՝ այն լինելու է ոչ միայն էկո, տեխնո միջավայր, ալև այն համապատասխանելու է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։ «Այսինքն մեր տարածաշրջանում իր տեսակի մեջ յուրահատուկ թաղամաս է լինելու, անկրկնելի մի վայր, որտեղ ՄԱԿ-ի կայուն զարգացման բոլոր 17 նպատակներն իրենց ուրույն դրսևորումը կունենան։ Մեր գաղափարներով մենք կփորձենք հասնել այդ նպատակներին, որպեսզի ամբողջ աշխարհը հետաքրքրված լինի գալ, տեսնել, ներդրումներ անել, հիմնել ձեռնարկություններ, զարգացնել կադրեր, ստեղծել լավ աշխատուժ և այդ մադկանց պահել մեր մարզում», - նշել է Թոդդ Ֆաբաքերը։ Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կիրականացվեն այս ծրագրի շրջանակներում, ուղղված կլինեն 5 նպատակերի պատշաճ իրագործմանը՝ «Բարեկեցիկ քաղաք», «Կանաչ քաղաք», «Ինտեգրված քաղաք», «Ստեղծագործ քաղաք» և «Տեխնոլոգիական քաղաք»: Ծրագրի իրականացման համար ընտրված տարածքը տեղակայված է Գյումրիի արևմտյան մասում՝ Բուլվարային և Մուշ թաղամասներին հարակից՝ քաղաքի կենտրոնից 10 րոպե հեռավորության վրա, Սև ամրոց, Պայտաձև ամրոց, Մայր Հայաստան զբոսաշրջային նշանակության օբյեկտներին կից։ Այստեղ տեղակայված կլինեն «Թվային մետաքսի ճանապարհ» հայ-չինական կենտրոնը և Գյումրիում ստեղծված նորագույն ստարտափ ընկերություններ՝ տեղի երիտասարդներին աշխատանք առաջարկելու, նրանց գնողունակությունը բարձրացնելու և հարկեր գեներացնելու համար՝ մեծապես նպաստելով քաղաքի տնտեսության աճին։ Բացի այդ, այստեղ կլինեն թեթև արդյունաբերության գոտի, գյուղատնտեսական հատված, կանաչ գոտի, բնակելի հատված, սպասարկող կառույցներ, արևային պանելների այգի, արվեստի և սպորտի հատված, փոքր հյուրատներ։ «Դիստրիկտ» նախագիծը մշակվում է և իրականացվելու է Գյումրիի քաղաքապետարանի և պետական մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում՝ նպաստելով Հայաստանում մասնավոր և հասարակական ենթակառուցվածքների համագործակցության զարգացմանը։ Ըստ նախնական պլանի՝ նախագիծն իրականցվելու է երեք փուլերով․ առաջին փուլը տևելու է 3 տարի և կատարվելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար ներդրում: Հաջորդ փուլերի բյուջեն և ժամանակացույցը գտնվում է քննարկման փուլում և կարող են հստակ սահմանվել հետազոտական աշխատանքներից հետո»,-ասված է հաղորդագրության մեջ։  
15:44 - 15 մայիսի, 2021
Վահան Քերոբյանն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին, քննարկվել են ոլորտի խնդիրները

Վահան Քերոբյանն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին, քննարկվել են ոլորտի խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հրավիրել էր խորհրդակցություն պտուղ-բանջարեղեն վերամշակող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։Հանդիպման հիմնական նպատակն էր ագրովերամշակման ոլորտում առկա խնդիրների ու ընթացիկ հարցերի քննարկումն ու վերամշակողների կողմից առաջարկների ներկայացումը` ոլորտում գործունեությունն արդյունավետ իրականացնելու և մթերումների գործընթացը սահուն կազմակերպելու նպատակով: Հանդիպման սկզբում, անդրադառնալով գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին՝ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներն առաջ են քաշել ծրագրի ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ մի շարք առաջարկներ։ Մասնավորապես, առաջարկվել է ծրագրի լիզինգային պրոդուկտների մեջ ավելացնել արևային պանելները, որպեսզի այն վերամշակող ընկերությունները, որոնք կցանկանան էներգախնայող միջոցառումներ իրականացնել, կարողանան ծրագրի շրջանակում ներդնել համապատասխան սարքավորումներ։ Առաջարկվել է նաև բարձրացնել պտուղ-բանջարեղեն վերամշակող  յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկերի մայր գումարի մնացորդի սահմանաչափը՝ այն հասցնելով մինչև 3 մլրդ ՀՀ դրամի, իսկ վարկի մարման ժամկետը սահմանել 18 ամիս։ Ընդգծելով, որ գազի սակագինը ինքնարժեքի ձևավորման մեջ շոշափելի դեր է կատարում, առաջարկություն է հնչել վերանայել և նվազեցնել գազի սակագինը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող արտադրությամբ զբաղվող տնտեսավարողների համար։ Քննարկվել է նաև սուբսիդավորման ծրագրից օգտվելու ընթացքում պետության կողմից երաշխավորման հնարավորությունը։    Արտադրողներին մտահոգող խնդիրների թվում էր նաև գյուղատնտեսական արտադրանքի իրացման ԱԱՀ-ն, որի վերանայումն էապես կնպաստի կազմակերպությունների գործունեության ավելի արդյունավետ կազմակերպմանը։ Այս համատեքստում Վահան Քերոբյանը նշել է, որ ներկայում քայլեր են ձեռնարկվում հարկային քաղաքականությունը վերանայելու ուղղությամբ։ Ոլորտում առկա խնդիրներն առավել մանրամասն գույքագրելու և քննարկելու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Հանդիպման ընթացքում Վահան Քերոբյանն ընդգծել է Էկոնոմիկայի նախարարության պատրաստակամությունն ուսումնասիրելու բարձրացված բոլոր խնդիրները և գտնել դրանց լուծման հնարավոր ուղիները։
10:52 - 14 մայիսի, 2021