Սահման

«Տելեգրամ»-ի  ադրբեջանական տիրույթում  ստեղծվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների Sticker-ներ․ Արման Թաթոյան

«Տելեգրամ»-ի ադրբեջանական տիրույթում ստեղծվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների Sticker-ներ․ Արման Թաթոյան

«Տելեգրամ» սոցիալական ցանցի ադրբեջանական տիրույթում չաթ բոթերի միջոցով ստեղծվել են հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգված ու մասնատված մարմինների լուսանկարների Sticker-ներ։   Ստիկերները ստեղծվել են 2022 սեպտեմբերի 14-ին, բայց մենք այն հայտնաբերել ենք սեպտեմբերի 18-ին։ Ստեղծվելուց անմիջապես հետո դրանք դարձել են լայն հասանելի՝ ցանկացած անձի հնարավորություն տալով բեռնել և օգտագործել հաղորդակցության ժամանակ։   Մենք արձանագրել ենք 119 լուսանկար, այսինքն՝ 119 sticker, որը 5 օրում ունեցել է առավել, քան 20,000 ներբեռնում: Այսինքն՝ 20,000 ադրբեջանական օգտատեր ընդամենը 5 օրվա ընթացքում ներբեռնել է լուսանկարները Տելեգրամի իր հաշվին: Մեզ աջակցող մասնագետի ջանքերով՝ այդ հնարավորությունը Տելեգրամը փակել է, բայց ակնհայտ է, որ այս նոր գործիքն ադրբեջանական հարթակներն օգտագործելու են հայ հասարակությանն ահաբեկելու, ծաղրելու նպատակով:   Sticker-ներում օգտագործվել են վայրագությունների լուսանկարներ, որոնք տեղի են ունեցել ինչպես արցախյան 44-օրյա պատերազմ, այնպես էլ 2022թ. սեպտեմբերի 13-15-ը Հայաստանի նկատմամբ ագրեսիայի ժամանակ:   Մեր ուսումնասիրությունը վկայում է, որ ադրբեջանական օգտատերերը, որոնք ներբեռնել են այդ լուսանկարները, մեծ ցնծությամբ են ընդունել հայ զինծառայողների, քաղաքացիական անձանց խոշտանգումների, մարմինների մասնատումների լուսանկարները՝ դրանք առօրյա հաղորդակցության, տարբեր քննարկումների ժամանակ օգտագործելու հնարավորության համար:   Այս հանցավոր արարքը ևս մեկ ապացույց է, որ ադրբեջանական իշխանությունների կողմից տասնամյակներով հովանավորվող հայատյացության քաղաքականությունը խորն արմատավորվել է ադրբեջանական հասարակությունում և ադրբեջանական իշխանությունների կողմից հնչող խաղաղասիրության կոչերն ուղղակի շղարշ են միջազգային հանրության աչքերի համար, որով թաքցնում են իրենց իրական մտադրությունները։  
14:55 - 19 սեպտեմբերի, 2022
Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը․ ԿԳՄՍ փոխնախարար

Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը․ ԿԳՄՍ փոխնախարար

Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի պատճառով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում անվտանգային լուրջ հարցեր առաջացան, և, իհարկե, սա բերեց նրան, որ այս բնակավայրերում մեր երեխաները զրկվեցին կրթության շարունակականության ապահովման իրավունքից, կրթության իրավունքից։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։  «Խոսքը վերաբերում է թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական կրթությանը։ Մենք խոսում ենք շուրջ 25.000 դպրոցահասակ երեխաների կրթության ընդհատման մասին 3 մարզերում և ավելի քան 6000 երեխաների նախադպրոցական կրթության ընդհատման մասին։ Նախորդ ամբողջ շաբաթը այս բնակավայրերում ուղղակի արձակուրդ է եղել, այսինքն՝ ուսումնական հաստատությունները չեն գործել այն հիմնավորմամբ, որ, հաշվի առնելով լրացուցիչ տեխնիկական բարդություններ չունենալու և գործընթացին լրացուցիչ լարվածություն չբերելու հանգամանքները, նպատակահարմար է համարվել լրացուցիչ արձակուրդի գնալը, հետագայում բաց թողնվածը լրացնելու պայմանով։  Մենք հետևել ենք ընթացքին և կապ մեջ լինելով մեր գործընկերների հետ երեք մարզերում՝ ունենք որոշում, և այսօրվանից արդեն դպրոցները կվերականգնեն իրենց աշխատանքը, մենք կունենանք տարբեր իրավիճակ։ Այն դպրոցներում, որտեղ հնարավորություն կա, և անվտանգության ապահովման տեսանկյունից կան համապատասխան հնարավորությունները, կրթությունը կկազմակերպվի առկա եղանակով, և այս պահին մյուս բնակավայրերում, որտեղ տեղում իրավիճակը հասկանալուց հետո, մի շարք հանգամանքներ հաշվի առնելով, դեռևս առկա ուսուցման վերադառնալ հնարավոր չի, գործընթացը կկազմակերպվի հեռավար»,- նշեց նա։ Նա նշեց, որ իրենց ունեցած տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ կրթությունը կվերսկսի 12 դպրոց, որոնք հիմնականում Վարդենիսի տարածաշրջանի դպրոցներ են, Վայոց ձորում 3 դպրոցներ են, որոնք հեռավար կգործեն․ «Սյունիքի մարզում մենք ունենք ավելի ընդհանուր հեռավար ուսուցման իրավիճակ, 5 դպրոցներ են, որտեղ առկա ուսուցումը այս պահին կվերականգնվի, հիմնականում Քաջարանում, և 1 դպրոց՝ Կապանում»։ Հարցին, թե արդյո՞ք հաշվի առնելով հեռավար ուսուցման փորձը՝ կարող ենք ասել, որ գործընթացը սահուն կընթանա, Անդրեասյանն ասաց․ «Դպրոցները կուտակել են մեծ փորձառություն։ Ցավոք, ոչ միայն Քովիդի ժամանակահատվածում։ 2020թ․-ի աշնան պատերազմի ժամանակահատվածում մենք հենց առաջին օրերից սահմանամերձ համայնքներում, որտեղ կար անվտանգության հետ կապված իրավիճակ, հեռավար կրթությանն էինք անցում կատարել, և այս դպրոցները ապահովել էինք անհրաժեշտ սարքավորումներով, որպեսզի կարողանան հեռավար ուսուցումը պատշաճ կազմակերպել։ Դպրոցների կարողությունները՝ հեռավար ուսուցում կազմակերպելու, բավարար են, և կկարողանան այս պահին աշխատանքը այս ձևաչափով իրականացնել։ Իհարկե, խնդիր ունենք, որպեսզի օր առաջ, հաշվի առնելով առաջին հերթին անվտանգային իրավիճակը, դրա հնարավորության պարագայում վերադառնանք առկա ուսուցման»։ «Մենք ունենք տեղեկություն Գեղարքունիքի մարզում երկու դպրոցական շենքերի վնասման մասին, խոսքը Սոթքի և Այրքի դպրոցներին է վերաբերում։ Բնականաբար, շատ արագ կկարգավորենք անհրաժեշտ աշխատանքների  իրականացումը՝ դպրոցներում շենքերին պատճառված վնասի վերացման ուղղությամբ, բայց, ինչ խոսք, սա շատ մտահոգիչ է, որ ուսումնական հաստատությունները թիրախավորվել են և դարձել են ուղիղ կրակի թիրախ, ինչը անթույլատրելի է և կարծում եմ, որ բոլոր կոնվենցիաների և միջազգային իրավունքի տեսանկյունից հնարավոր նորմերի խախտում է»,- նշեց Անդրեասյանը։ Անդրեասյանը հավելեց, որ խոսում է եղած շենքերում վերանորոգման աշխատանքներ կատարելու մասին, և այս պահին վնասի չափերը ճշգրտվում են։ Հարցին, թե ինչ է անում ԿԳՄՍՆ-ն՝ միջազգային գործընկերներին ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկացնելու հետ կապված, Անդրեասյանն ասաց․ «Մենք, բնականաբար, այդ աշխատանքը անում ենք համակարգված՝ ԱԳՆ-ի հետ միասին, որովհետև դա ավելի ընդհանուր քաղաքականության և այդ կոմունիկացիան ապահովելու շրջանակում է իրականացվում։ Բնականաբար, այս տվյալների և համապատասխան նամակի նախագծերը՝ ուղղված միջազգային կառույցներին, տրամադրված են ԱԳՆ-ին, և մենք նրանց հետ սերտ կապի մեջ ենք՝ այս աշխատանքները իրականացնելու առումով»։
14:28 - 19 սեպտեմբերի, 2022
ԿԽՄԿ-ն ներգրավված չի եղել 32 հայ զինծառայողների մարմինները հայկական կողմին փոխանցելու գործընթացին
 |pastinfo.am|

ԿԽՄԿ-ն ներգրավված չի եղել 32 հայ զինծառայողների մարմինները հայկական կողմին փոխանցելու գործընթացին |pastinfo.am|

pastinfo.am: 32 հայ զինծառայողների մարմինները հայկական կողմին փոխանցելու գործընթացին Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակը ներգրավված չի եղել։ Այդ մասին ասաց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «32 մարմինների փոխանցումն արվել է առանց ԿԽՄԿ-ի։ Մենք աշխատել ու շարունակում ենք աշխատել դատաբժշկական փորձաքննության ընթացքում, այդ թվում խորհրդատվություն են տրամադրում այն իրականացնողներին։ Աշխատում ենք գործընթացը կազմակերպող կառույցների հետ և սպասում ենք, որ նրանց կողմից հետագա քայլերը հստակեցվեն»,-ասաց Ամատունին՝ նշելով, որ պատրաստ են մասնակցել նաեւ մարմինների արտահանձնմանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը հաստատել էր, որ Ադրբեջանը հայտնել է 100 զինծառայողի դի հայկական կողմին վերադարձնելու մտադրության մասին։ Արդեն իսկ արտահանձնված 32 մարմիններն արդյո՞ք այդ թվի մեջ մտնում են, թե ոչ, ԿԽՄԿ-ն տեղյակ չէ։ Նշենք նաև, որ պաշտպանության նախարարությունը այս պահի դրությամբ հաստատել է միայն 32 հայ զինծառայողների մարմինների փոխանցման մասին։
13:40 - 19 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավոր քաղաքացիական անձանցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել վիրավոր քաղաքացիական անձանց առողջական վիճակի մասին։   «Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիական 7 անձից 3-ը, սեպտեմբերի 19-ի, ժամը 10:00 դրությամբ, շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:   Բուժման մեջ գտնվողներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր` անկայուն, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:   Ծանր գնահատվող 2 վիրավորի վիճակը բարելավվել է` վերակենդանացման բաժանմունքներից տեղափոխվել են համապատասխան բաժանմունքներ. այժմ նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:   Ստացիոնարում բուժվող 4 տուժածներից 1-ն առողջացումով դուրս է գրվել, 3-ը ստացել են ամբուլատոր բուժօգնություն»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
12:13 - 19 սեպտեմբերի, 2022
Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի․ Բրայան Մեյ

Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի․ Բրայան Մեյ

Queen խմբի կիթառահար Բրայան Մեյն աջակցություն է հայտնել Հայաստանին, ինչպես նաև նշել, որ Հայաստանն Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի:  Իր ինստագրամյան էջում Մեյը տարածել է System of a Down խմբի գրառումը՝ հորդորելով կարդալ այն։ System of a Down-ն իր գրառման մեջ խոսել է Ադրբեջանի ագրեսիայի մասին՝ կոչ անելով աջակցել Հայաստանին։ Մեյը նաև հիշեցրել է, որ «Սթարմուս» փառատոնի ժամանակ Հայաստանում ելույթ է ունեցել խմբի վոկալիստ Սերժ Թանկյանի հետ։ «Ես այստեղ խախտում եմ լռությունս, քանի որ կարծես թե հերթական ողբերգությունն է ծավալվում, և վտանգ կա, ինչպես միշտ է պատահում մեր օրերում, որ լրատվամիջոցները ճշմարտացիորեն չհաղորդեն այդ մասին։ Հայաստանը փոքր երկիր է՝ զուրկ նավթից, գազից կամ զգալի հարստությունից, քրիստոնեության և ժողովրդավարության կղզի է՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետություններով: Դա աշխարհի ամենախաղաղ երկրներից մեկն է, որտեղ իր ողբերգական պատմության պատճառով մեծ տխրություն կա»,- գրել է Queen-ի կիթառահարը։ Նա ակնարկել է Հայոց ցեղասպանության մասին՝ խոսելով «Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան Կայսրության իրականացրած դաժան էթնիկ զտումներից, որոնք Թուքրիան դեռևս հերքում է»։ «Այսօր Հայաստանին կրկին սպառնում է մի դավադրություն, որի նպատակն է ջնջել նրան աշխարհի երեսից։ Ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանը հայ ժողովրդին ահաբեկելու և ապակայունացնելու նպատակով  գնդակոծում էր հայկական սահմանին գտնվող խաղաղ գյուղերը։ Երեք անողոք բռնապետությունների անազնիվ դաշինքի դեմ Հայաստանը բոլորովին անպաշտպան է և գոյատևելու համար Արևմուտքի լիակատար աջակցության կարիքն ունի: Աշխարհը պետք է իմանա այս իրավիճակի մասին։ Խնդրում եմ՝ տարածեք [այս գրառումը]՝ հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող կեղծ տեղեկություններին, որոնք տպավորություն են ստեղծում, թե հայրեն ագրեսոր են, ինչպես որ  Ռուսաստանն էր փորձում անմեղ և զարհուրելի բռնությունների ենթարկված ուկրաինացիներին ներկայացնել որպես ագրեսորներ։ Մի աշխարհում, որտեղ գերիշխում է սուտը, մենք բոլորս պետք է բարձրաձայնենք ճշմարտության և արդարության մասին»,- գրել է Մեյը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը հարձակվել է Հայաստանի վրա՝ օկուպացնելով հայկական տարածքներ և թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։
09:22 - 19 սեպտեմբերի, 2022
Նենսի Փելոսին Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը ներկայացրել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը

Նենսի Փելոսին Սուրեն Պապիկյանի հետ հանդիպմանը ներկայացրել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը

Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:   Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Նենսի Փելոսիին իրավիճակին արագ արձագանքելու, տարածաշրջան այցելելու, սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի վերաբերյալ հասցեական գնահատականներ հնչեցնելու համար:   Պաշտպանության նախարարը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին է ներկայացրել ադրբեջանական լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:   Նենսի Փելոսին իր խոսքում ներկայացրել է իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
09:02 - 19 սեպտեմբերի, 2022
Արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ․ Սաղաթելյանը՝ իր՝  նախկին նախագահների, ազդեցիկ գործիչների հետ համատեղ լուծումներ գտնելու առաջարկի մասին

Արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ․ Սաղաթելյանը՝ իր՝ նախկին նախագահների, ազդեցիկ գործիչների հետ համատեղ լուծումներ գտնելու առաջարկի մասին

Սեպտեմբերի 14-ին հանդես եմ եկել հրապարակային առաջարկությամբ առ այն, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Վեհափառ Հայրապետի, նախկին նախագահների, զինվորականների, ազդեցիկ գործիչների հանդիպում, որտեղ պետք է գտնվեն ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։   «Նշեմ, որ առաջարկս ձևակերպված ներկայացրել եմ բոլոր կողմերին: Այս ընթացքում արդեն տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել մի շարք կարևոր հանդիպումներ:   Ես վստահ եմ, որ սա ստեղծված իրավիճակից լավագույն, գուցե և միակ ելքն է: Ուստի շարունակելու եմ ջանք չխնայել այդ ուղղությամբ` հուսով, որ շուտով կլինեն տեսանելի արդյունքներ», - գրել է Սաղաթելյանը:     Գլխավոր լուսանկարը՝ Ազգային ժողովի
22:15 - 18 սեպտեմբերի, 2022
Հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները․ ՀՀ ՊՆ

Հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները․ ՀՀ ՊՆ

2022թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ընթացքում անկոտրում կամքի, ոգու արիության ու հայրենանվիրումի վառ օրինակներ են դրսևորել նաև կին զինծառայողներն ու աշխարհազորայինները` Սուսաննա Մարգարի Գրիգորյանը, Անուշ Աշոտի Ապետյանը, Ալիսա Սուրենի Մելքոնյանը, Իրինա Կառլենի Գասպարյանը և այլք: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։«Նրանք, մինչև վերջ կատարելով Հայրենիքի` իրենց վստահված սահմանի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել են բացառիկ խիզախություն, աննահանջ պաշտպանվելու վճռականություն, դիմագրավել են քանակապես գերազանցող թշնամու շարունակական հարձակումներին` նրան պատճառելով կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ և շարունակելով մեր փառահեղ կին մարտիկների դարավոր ավանդույթը», - հայտնում են գերատեսչությունից:
21:29 - 18 սեպտեմբերի, 2022
Հոսպիտալները համակարգված աշխատում են բժշկական օգնությունն արագ և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ. Անահիտ Ավանեսյան

Հոսպիտալները համակարգված աշխատում են բժշկական օգնությունն արագ և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ. Անահիտ Ավանեսյան

Այսօր ու միշտ մեր ամբողջ բուժանձնակազմը մեկ մարդու պես կանգնած է մեր երկրի պաշտպանության համար։ Քաղաքացիական և զինվորական հոսպիտալները համակարգված աշխատում են անհրաժեշտ բժշկական օգնությունը հնարավորինս արագ և արդյունավետ իրականացնելու ուղղությամբ: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում։   «Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած անձինք շարունակում են բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում։   Այցով Սյունիքի մարզում եմ։ Եղել եմ Զանգեզուրի կայազորային հոսպիտալում, Կապանի, Գորիսի բժշկական կենտրոններում, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնում, ծանոթացել բժշկական օգնության կազմակերպման ընթացքին։   Այցի ժամանակ ներկայացվեց Ադրբեջանի հավանական ագրեսիաների դեպքում բժշկական կենտրոնների պատրաստվածության աստիճանը»,- նշված է գրառման մեջ։
20:52 - 18 սեպտեմբերի, 2022
Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցությունը չի տուժի սանձազերծված ագրեսիայից․ ՀՀ ԱՆ

Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցությունը չի տուժի սանձազերծված ագրեսիայից․ ՀՀ ԱՆ

Գորիս-Վիեն քույր քաղաքների համագործակցությունը չի տուժի սանձազերծված ագրեսիայից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։   «Հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը և Սյունիքի մարզում առողջապահական ծրագրերի իրականացմանն ուղղված հանդիպումը կայացել է, սակայն այլ ձևաչափով։   Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի, Վիենի քաղաքապետ, Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի փոխնախագահ Տիերի Կովաքսի և Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի հետ քննարկել է ոչ միայն քույր քաղաքների, այլև ֆրանսիական Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի և Սյունիքի մարզի միջև հետագա համագործակցությունը։   Նշվել է, որ այսուհետև առողջապահությունը, որպես սոցիալական կարևորագույն ոլորտներից մեկը, ներառված կլինի փոխգործակցության ծրագրերում։ Խոսվել է նաև Գորիսի պոլիկլինիկային ուղղված ֆինանսական աջակցության մասին։   Առաջիկայում կստեղծվի աշխատանքային խումբ, որը, վերհանելով խնդիրները, կմշակի ավելի երկարատև և մասշտաբային համագործակցության փաթեթ։   Պաշտոնյաներն այցելել են Երևանի բժշկական կենտրոններից մեկում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով բուժում ստացող անձանց, մաղթել շուտափույթ ապաքինում։   Արտակ Ջումայանը շնորհակալություն է հայտնել դեսպան Անն Լույոյին և ֆրանսիացի գործընկերներին իրենց հանձնառության և գործադրած ջանքերի համար»,- նշված է հաղորդագրության մեջ։
20:10 - 18 սեպտեմբերի, 2022