Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկաթուղին վերականգնում ենք, բայց Ադրբեջանը հրաժարվեց․ Նիկոլ Փաշինյան

Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկաթուղին վերականգնում ենք, բայց Ադրբեջանը հրաժարվեց․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում հայտնեց. «Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ երկաթուղին վերականգնում ենք, երկաթուղու վերականգնման գործընթացը սկսում ենք, թվում էր՝ ամեն ինչ պայմանավորվել ենք։ Ես ձեզ մի մանրամասն էլ ասեմ, որը կարծում եմ մեր երկրում շատերին դուր չի գա։ Ես երբ պատրաստվում էի ֆեյսբուքյան իմ էջում գրառում անել, ես հենց տեղում հանդիպման մյուս մասնակիցների հետ իմ տեքստը ճշտեցի, ասեցի ես ճի՞շտ եմ հասկանում պայմանավորվածությունը, որովհետև ես պետք է դուրս գամ ու հրապարակում անեմ, և ստացա հաստատում և՛ ԵՄ նախագահից, և՛ Ադրբեջանի նախագահից, որ, այո՛, դա այն պայմանավորվածությունն է, ինչ տեղի է ունեցել, իսկ իմ գրառումն իմ էջում մինչև հիմա կա բնականաբար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ այդ մասին խոսել է նաև վերադառնալուց հետո՝ կառավարության նիստի ընթացքում։ «Բայց երբ պետք էր այդ նույն տեքստը, ինչ-որ իմ էջում գրված էր, դրան գործնական տեսք տալ, Ադրբեջանը հրաժարվեց դրանից։ Եթե Ադրբեջանի համար սա ոչ թե էսկալացիայի առիթ է, այլ հաղորդակցության խնդիր, տարածաշրջանի կոմունիկացիաների բացման առումով, այդ հարցը լուծված է։ Պետք է գնալ և ուղղակի այդ լուծմանն ընթացք տալ»,-ասաց նա։
20:52 - 11 նոյեմբերի, 2022
Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ալիևի ցեղասպանական հռետորաբանությունը

 |armenpress.am|

Լեմկինի ինստիտուտը դատապարտել է Ալիևի ցեղասպանական հռետորաբանությունը |armenpress.am|

armenpress.am: Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը մեծապես մտահոգված է ցեղասպանական հռետորաբանությամբ, որն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օգտագործել է իր վերջին ելույթներում, որտեղ նա կրկնել է Հայաստանի վրա հարձակում գործելու սպառնալիքները: «Մենք դատապարտում ենք Հաղթանակի օրվա ելույթներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության կողմից հատուկ ցեղասպանական հռետորաբանության օգտագործումը։ Մեղմասացությունները փորձում են քողարկել ցեղասպանական հռետորաբանությունը և դիտավորությունը: Կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել այս հռետորաբանությունը և պաշտպանել հայերին», - նշված է Լեմկինի ինստիտուտի թվիթերյան գրառման մեջ։ Տարածված հաղորդագրության մեջ Լեմկինի ինստիտուտը որպես օրինակ է բերում Ալիևի այն խոսքերը, թե հայերին «ողբերգություն է» սպասվում կամ թե «Ադրբեջանի համբերությունը սպառվում է»: Ինստիտուտը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այս հռետորաբանության վրա՝ հայ ժողովրդի դեմ ևս մեկ ցեղասպանությունից խուսափելու համար:    
17:05 - 11 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու Սոչիի եռակողմ բանակցությունները

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու Սոչիի եռակողմ բանակցությունները

Նոյեմբերի 10-ին Սամարղանդում, որտեղ մեկնարկել է Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպման ընթացքում ղեկավարները անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ բանակցությունների արդյունքները․ «Հանդիպմանն ընդգծվել է բոլոր ոլորտներում երկրների միջև դաշնակցային հարաբերությունների վրա հիմնված բարեկամական և եղբայրական կապերի հաջող զարգացումը, քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը, անվտանգությանը առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակվել Սոչիի հանդիպման արդյունքների վերաբերյալ»,- նշված է Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։  Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպում, որի արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ 
15:07 - 11 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ից պատասխանել են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 8-ին կառավարության նիստում արված հայտարարություններին, որոնցով վարչապետը պատասխանել էր Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարություններին։ Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են, թե «ՀՀ վարչապետի այս մոտեցումը ևս մեկ հարված է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին»։  ԱԳՆ հաղորդագրության մեջ կրկին նշվում է, թե «Հայաստանը հրաժարվում է իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ, 6-րդ և 9-րդ կետերը՝ այդպիսով խախտելով իր միջազգային պարտավորությունները»։  «Հենց հայկական կողմն է ձգձգում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ Ադրբեջանի արեւմտյան շրջանների հաղորդակցությունների բացման գործընթացը՝ խախտելով եռակողմ հռչակագրի 9-րդ կետով ստանձնած պարտավորությունը»,- հայտնել են ԱԳՆ-ից՝ հավելելով, թե «Ադրբեջանը ազնվորեն կատարում է իր պարտավորությունը՝ կառուցելով Լաչինի նոր ճանապարհը, իսկ Հայաստանի վարչապետի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհը փակելու մտադրության մասին ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում իրավիճակի միտումնավոր սրում»։  ԱԳՆ հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եռակողմ հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ ՀՀ որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում։  «Զանգեզուրի միջանցքը վերաբերում է Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պատմական հարաբերությունների վերականգնմանը։ Մեր երկիրը ենթադրում է այս միջանցքի օգտագործումը խաղաղ և մարդասիրական նպատակներով։ Եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանը պարտավորվում է անարգել հաղորդակցություն բացել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Այստեղ, ինչպես Լաչինի միջանցքի դեպքում, խոսքը ճանապարհը ոչ թե ռազմական կարիքների, այլ միայն մարդկանց և ապրանքների տեղափոխման համար օգտագործման մասին է»,- նշված է հաղորդագրության մեջ։  ԱԳՆ-ում անդրադարձել են նաև Արցախի կարգավիճակի հարցին․ «Հայաստանի վարչապետին, որը փորձել է բարձրացնել «Ղարաբաղի կարգավիճակի» հարցը, և որը որևէ կերպ չի նշվել հայտարարություններում, հիշեցնում ենք, որ մեր դիրքորոշումն այս առնչությամբ Ադրբեջանի նախագահի կողմից բազմիցս հնչեցվել է, այդ թվում՝ միջազգային հարթակներում։ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, և այդտեղ ապրող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի սահմանադրության համաձայն»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։  ԱԳՆ-ում նշել են, թե «Հայաստանը տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն հաստատելու Ադրբեջանի մտադրության և խաղաղարար նախաձեռնությունների դիմաց շարունակական ապակառուցողական գործունեություն է ծավալում, որը ոչ միայն չի ծառայում տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը, այլև առաջին հերթին Հայաստանի դեմ է»։ Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքակական հավականությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Փաշինյանը նշել էր, որ  Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է՝ Լաչինի միջանցք։ Այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին։ Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ ՀՀ որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում։ Վարչապետը ասել էր, որ 9-րդ կետով ՀՀ-ն ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի։ Վարչապետը, ի պատասխան Ադրբեջանի մեղադրանքների, թե ՀՀ-ն իր ԶՈՒ ստորաբաժանումները չի հանում Արցախից, ասել էր, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար:   
12:59 - 11 նոյեմբերի, 2022
Ալիևը իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու կետը․ Նիկոլ Փաշինյան

Ալիևը իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու կետը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրել է. «Նախագահ Ալիևը իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու կետը։ Բավականին տարօրինակ կերպով նա մեղադրում է Հայաստանին երկկողմ համաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունում մասնավորապես նշված է. «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի»։ Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 8-ին Շուշիում իրենց բնորոշմամբ «հաղթանակի օրվա» միջոցառման ժամանակ հայտարարել էր, թե 2022թ․ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն «տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում ու Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում»։
11:54 - 11 նոյեմբերի, 2022
Փաշինյանը հայտնեց, որ Սոչիում ներկայացրել է ԼՂ իշխանությունների առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին

Փաշինյանը հայտնեց, որ Սոչիում ներկայացրել է ԼՂ իշխանությունների առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ կառավարության նիստի սկզբում, անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ նոյեմբերի 8-ին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում արած մի շարք հայտարարություններին։ Նա մասնավորապես նշեց, որ Ադրբեջանը նախապատրաստում է ԼՂ հայության ցեղասպանություն, ինչպես նաև անդրադարձավ ապաշրջափակման վերաբերյալ ադրբեջանական կողմի մեղադրանքներին։ Ելույթի եզրափակիչ հատվածը ներկայացնում ենք ստորև․ «Ինչո՞ւ է Ադրբեջանը ամեն անգամ գործընթացը մտցնում փակուղի. շարունակելու համար ցեղասպանի իր ագրեսիվ քաղաքականությունը: Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանության նախապատրաստության շրջանակներում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում Լեռնային Ղարաբաղում բանակ ունենալու մեջ: Նախ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, և Ադրբեջանն ինքն է մերժել այս հարցը պարզաբանելու համար Լեռնային Ղարաբաղ դիտորդական առաքելություն ուղարկելու առաջարկը, որը ես արել եմ սույն թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում: Լեռնային Ղարաբաղում Հայաստանի բանակ չկա, կա Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակ, որը թերևս լուրջ խոչընդոտ է ցեղասպան քաղաքականությունը կյանքի կոչելու համար: Իմ ընկալումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հայությունը բանակ ունի միայն ու միայն ցեղասպանության ենթարկվելու վտանգի պատճառով: Ընդ որում, հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ ես ներկայացրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկն այս թեմայով. Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի, միջազգային երաշխիքներով, որի արդյունքում նման մասշտաբի պաշտպանության բանակ ունենալու կարիք Լեռնային Ղարաբաղը կարող է և չունենալ: Այդ առաջարկը, կարծում եմ, շարունակում է ուժի մեջ մնալ: Ապառազմականացման առաջարկ մենք արել և անում ենք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտու մասով՝ առաջարկելով զորքերը ետ քաշել 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի: Այդ առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, և մենք նախօրեին Ադրբեջանին ենք փոխանցել դրա նորացված տարբերակը: Ամեն դեպքում, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի բոլոր օկուպացված հատվածներից, և մեր այս դիրքորոշումը երբեք ու որևէ կերպ փոփոխության չի ենթարկվի: Եթե Ադրբեջանը փորձում է մտացածին պատճառներով ետահայաց կերպով արդարացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ նախորդ տարվա մայիսին, նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ձեռնարկած ագրեսիան, տարածքների օկուպացիան, Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող 36 բնակավայրերի, այդ թվում՝ Գորիսի, Ջերմուկի, Վարդենիսի, Կապանի, Գեղամասարի հրետակոծությունը, 7600 քաղաքացիական անձանց, այդ թվում՝ 1437 երեխաների, հաշմանդամություն ունեցող 99 անձանց տեղահանությունը, 193 բնակելի տների, 3 հյուրանոցների, 2 դպրոցների, մեկ բուժկենտրոնի թիրախավորումը, 211 հայաստանցիների, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձանց սպանությունը, առնվազն 11 ռազմագերիների արտադատարանական մահապատիժները, այդ թվում՝ կին զինծառայողների մարմինների խոշտանգումներն ու անարգումը, այդ ամենը արդարացում չի կարող ունենալ, և այս հանցանքների պատասխանատուներին պատասխանատվության կանչելու բոլոր կոչերը միանշանակ և աներկբա՝ արդարացի են: Արդարացի է նաև Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները և զորքերը դուրս բերել խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաև հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպան քաղաքականությունից: Այդ քաղաքականության դրսևորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը և դրա վերականգնման տևական խոչընդոտումը: Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի կոնկրետ բնակարաններ, թաղամասեր՝ սպառնալիքներ տեղալով բնակիչներին կոչ անում հեռանալ իրենց տներից, և կրակոցներով զուգորդված իսլամական աղոթքի հրավեր, «ազան» միացնում գերհզոր բարձրախոսներով: Եվ հիմա այս գործելակերպի հեղինակներն ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի և քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքն աներկբա է: Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող Ալ Քաիդային և Իսլամական պետությանը: Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ. Այս ամենի մասին առաջին անգամ եմ խոսում այսքան մանրամասն և այսքան մանրամասն խոսում եմ, որովհետև տեսնում եմ, որ Ադրբեջանն ուխտադրուժ իր գործելակերպը փորձ է անում վերագրել Հայաստանին: Բայց սա ինքնին խնդիր չէր լինի, եթե տեղի չունենար մի միջավայրում, երբ միջազգային և տարածաշրջանային անվտանգությունը բախվում է լուրջ մարտահրավերների: Եթե ուշադրություն դարձնենք Ադրբեջանի նախագահի ելույթներին, նա, ըստ էության, սպառնում է բոլորին՝ Ռուսաստանին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, Իրանին, Եվրոպական միությանը: Ադրբեջանը շարունակում է նաև խոչընդոտել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին, որն անկասկած կարող է նպաստել տարածաշրջանային կայունությանը: Իհարկե, հասկանում եմ, որ գլոբալ էներգետիկ օրակարգը ոգևորել է Ադրբեջանի նախագահին, բայց կարծում եմ նաև, որ ժամանակն է, որ միջազգային հանրությունը համագործակցաբար կոնկրետ միջոցներ ձեռնարկի տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը, անվտանգությանը, ժողովրդավարությանը ահագնացող սպառնալիք դարձած Ադրբեջանի գործելակերպի առիթով: Մանավանդ որ, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանին անհիմն մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու մեջ: Փորձը ցույց է տալիս, որ նման կեղծ լուրերի տարածումը նոր ագրեսիայի նախաբան է դառնում: Առիթ ունեցել եմ ասելու, որ երբեմն Ադրբեջանը Հայաստանի օկուպացված տարածքներում տեղադրված իր դիրքերի միջև փոխհրաձգություն է իրականացնում՝ Հայաստանին մեղադրելու համար: Եվ սա դարձել է կրկնվող գործելակերպ: Պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանը շարունակաբար խախտում է նաև 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ՝ շարունակելով կալանքի տակ պահել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների և փորձելով հումանիտար այս խնդիրը դարձնել մանր սակարկության առարկա: Ադրբեջանը շարունակաբար շահարկման առարկա է դարձնում անհետ կորած անձանց թեման՝ փորձ անելով տպավորություն ստեղծել, թե նման խնդիր միայն ինքը ունի, և իբր Հայաստանը դեստրուկտիվ է հումանիտար այս հարցի լուծման համատեքստում: Մինչդեռ Հայաստանի Հանրապետության համար սա նույնքան հրատապ և ցավոտ խնդիր է: Ղարաբաղյան առաջին պատերազմից հայկական կողմի անհետ կորածների թիվը 777 է, 44-օրյա պատերազմից՝ 203: Մենք նույնիսկ սեպտեմբերի 13-ից 16 անհետ կորած ունենք, և այդ տղաների մարմինները գտնվում են ադրբեջանական տիրապետության ներքո հայտնված տարածքներում, ու Ադրբեջանը բոլոր հնարավոր մեթոդներով, մտացածին պատրվակներով ձգձգում է նրանց վերադարձը Հայաստան: Իսկ 2020 թվականից ի վեր հայկական կողմն Ադրբեջանին է վերադարձրել առաջին պատերազմի անհետ կորածների 130 մարմիններ և ակտիվորեն շարունակում է այդ ուղղությամբ աշխատանքը, որը չափազանց բարդ է որևէ մշակված տեղեկատվության բացակայության պատճառով: Հայաստանը, գիտեք, 2020 թվականի պատերազմից հետո նաև հումանիտար ժեստ արեց՝ Ադրբեջանին հանձնելով 7 շրջանների ականապատ դաշտերի իր ունեցած բոլոր քարտեզները, բայց Ադրբեջանը սա նույնպես դարձրեց ոչ թե փոխվստահության մթնոլորտի ձևավորման, այլ ագրեսիվության ու թշնամանքի ծավալման առարկա: Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ. Այսուհանդերձ, ավարտելով ելույթս՝ պիտի արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է իր բոլոր պարտավորություններին, ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին: Ուզում եմ վերահաստատել Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին մեր հավատարմությունը, այն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության, 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի և արձանագրության հիման վրա փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչելու հիման վրա Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ: Մենք մեզնից կախված ամեն ջանք կգործադրենք՝ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիան հնարավորինս արագ ավարտին հասցնելու, տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որովհետև մենք իրապես և անկեղծ նվիրված ենք խաղաղության օրակարգին: Բայց եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է, չարաչար սխալվում: Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացումը և համակեցությունն է, ու մենք հասնելու ենք մեր նպատակին»:
12:30 - 10 նոյեմբերի, 2022
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ ՀՀ-ին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են․ Փաշինյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ ՀՀ-ին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են․ Փաշինյան

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հակոտնյա գործողությունների և հայտարարությունների մեջ է մտնում նաև Լաչինի միջանցքի շուրջ արդեն երկար ժամանակ Ադրբեջանի կողմից զարգացվող մանիպուլյատիվ խոսույթը և փորձը՝ զուգահեռներ գծել Լաչինի միջանցքի և 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետով նախատեսված տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման միջև։ Այս մասին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիևի հայտարարություններին։ «Ադրբեջանի նախագահը փորձում է հիմքեր ստեղծել, մտացածին հիմքեր՝ Հայաստանի կողմից իբր իր պարտավորությունները չկատարելու պատրվակով Լաչինի միջանցքը փակելու, ԼՂ հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության և հայրենազրկման ենթարկելու համար, մինչդեռ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կարգավորումները նման զուգահեռների տեղ չեն թողնում, և սա հիմնավորվում է մի քանի փաստերով։ Լաչինի միջանցքի մասին եռակողմ հայտարարության 3-րդ և 6-րդ կետերում գրված է՝ Լաչինի միջանցք։ Այսինքն՝ Լաչինի միջանցքը ուղիղ անվանված է որպես այդպիսին։ Նույն հայտարարության 9-րդ կետում չկա ո՛չ միջանցք արտահայտություն, ո՛չ ՀՀ որևէ տարածքի, ո՛չ որևէ տեղանվան հիշատակում։  Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է կամ տրանսպորտային ուղի, այլև 5 կմ լայնությամբ տարածք։ 9-րդ կետում որևէ նման տարածքի հիշատակում չկա և խոսքը  տրանսպորտային հաղորդակցության մասին է։ Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ 9-րդ կետում ասվում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ հսկողություն իրականացվում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը»,- մանրամասներ ներկայացրեց Փաշինյանը։ Փաշինյանը նշեց, որ այս հարցը լրացուցիչ պարզաբանված է նաև ՌԴ նախագահի՝ 2020թ․-ի նոյեմբերի 10-ի՝ ԼՂ-ում խաղաղության ապահովման մասին թիվ 695 հրամանագրի երրորդ կետով, որտեղ նշում է․ «ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը․ իրականացնել հսկողություն ՀՀ կողմից Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապի ապահովման նկատմամբ քաղաքացիների ապրանքների, տրանսպորտային միջոցների անխոչընդոտ երկկողմանի շարժման համար։ Այսինքն՝ մեր սուվերեն տարածքի նկատմամբ հսկողության և մեր սուվերեն որևէ գործառույթի օտարման մասին խոսք չկա և չի կարող լինել։ Խոսքը պայմանավորվածությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին է»։ Փաշինյանը նշեց, որ պայմանավորվածություն ասելով՝ պետք է նկատի ունենալ հայտարարությունը, որովհետև որևէ այլ պայմանավորվածություն, բնականաբար, չի կարող լինել։  «Եվ միայն սա կարող է անել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայությունը։ Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը ստեղծվել է միայն ու միայն ԼՂ-ի ու Հայաստանի միջև անխափան և անվտանգ կապ ստեղծելու նպատակով՝ որպես անվտանգության երաշխիք, որպես կյանքի միակ և անայլընտրանք ճանապարհ ԼՂ-ի համար։ 9-րդ կետը տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերը ապաշրջափակելու մասին է, և միայն այդ համատեքստում է հիշատակվում Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունը, և այս հաղորդակցությունը, ըստ այդմ, տարածաշրջանի տրանսպորտային  և տնտեսական կապերի ապաշրջափակման գործընթացի մաս է։ Սա ակնհայտ է դարձնում նաև 2021թ․-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը, որը 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի բացվածքն է, նրա իմաստը բացատրող փաստաթուղթ»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է արձանագրել, որ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը խախտելու՝ ՀՀ-ին ուղղված մեղադրանքները կատարելապես անհիմն են։  Նրա խոսքով՝ այդ կետով ՀՀ-ն ունի միայն մի պարտավորություն՝ ապահովել տրանսպորտային կապը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, ընդ որում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության կամ որևէ այլ հայտարարության մեջ հիշատակված չէ որևէ կոնկրետ երթուղի։ «ՀՀ-ն մշտապես պատրաստ է եղել և հիմա էլ պատրաստ է նման հաղորդակցություն ապահովել, և այդ նպատակով է շրջանառության մեջ դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծը՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին հսկիչ անցագրային կետեր ստեղծելու մասին, և այդ որոշման ընդունման արդյունքում Ադրբեջանը կարող է ՀՀ-ի ճանապարհներով կապ ստանալ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Այդ որոշումը չի ընդունվում միայն մի պատճառով․ Ադրբեջանը չի ուզում այդ ճանապարհը»,- ասաց Փաշինյանը՝ մանրամասնելով, որ սա նշանակում է՝ ՀՀ-ն լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունը, և Ադրբեջանն է, որ չի ցանկանում օգտվել ընձեռված հնարավորությունից։  Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նման մերժողականությունը բացարաձակապես անհասկանալի է․ «Եթե Ադրբեջանը իսկապես խաղաղություն է ուզում և տրամադրված է խաղաղության, ինչպես հայտարարում է, եկեք բացենք այդ հսկիչ անցագրային կետերը, եկեք մարդկանց համար հնարավորություն ստեղծենք։ Պարզ է, նրանք սկզբից կտատանվեն, կմտածեն, բայց երբ համոզվեն մտադրությունների անկեղծության մեջ, թե՛ ՀՀ-ի, թե՛ ադրբեջանական հանրապետության քաղաքացիները միանշանակորեն կսկսեն օգտվել տեղաշարժի այս նոր հնարավորությունից։ Ինչ վերաբերում է նոր ճանապարհների կառուցմանը, ՀՀ-ն նման պարտավորություն 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ հայտարարությամբ կամ փաստաթղթով պարզապես չունի։ Հայտարարության 9-րդ կետը նման հնարավորություն նախատեսում է կողմերի համաձայնության պարագայում, և ՀՀ-ն պատրաստ է տալ իր համաձայնությունը, իսկ համաձայնությունը չի կայանում միայն մի պատճառով։ Ադրբեջանը շարունակում է ծավալել ձեռքբերված պայմանավորվածություններին և ստորագրված հայտարարություններին հակասող ագրեսիվ հռետորաբանություն և գործողություններ»։ Փաշինյանը նշեց, որ հատուկ ընդգծման կարիք ունի այն փաստը, որ Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021թ․-ի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ ձեռքբերված պայմանավորվածությունը, որի մասին նաև հրապարակային հայտարարություն է եղել։ «Ըստ այդմ, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնման աշխատանքները և հստակ արձանագրել էին, որ երկաթուղին գործելու է երկու երկրների օրենսդրություններին համապատասխան։ Մի քանի օր անց Ադրբեջանի նախագահը ինքը հրաժարվեց այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթղթի ստորագրումից։ Թվում էր, թե շատ պարզ իրավիճակ է, ընդամենը պետք էր այն, ինչ արդեն հրապարակային հայտարարվել էր, պետք էր դնել թղթի վրա և ուղղակի ստորագրել, բայց Ադրբեջանը հրաժարվեց այս գործողությունից»,- ասաց ՀՀ վարչապետը՝ ընդգծելով, որ այսօր էլ Ադրբեջանի նախագահը հրաժարվում է դրանից․ «Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հենց այսօր էլ պատրաստ եմ ստորագրել այս պայմանավորվածությունը ամրագրող փաստաթուղթը։ Խոսքը այն պայմանավորվածության մասին է, որի վերաբերյալ ես ֆեյսբուքյան իմ էջում գրառում եմ արել և կառավարության նիստում էլ եմ այդ թեմայով հայտարարություն արել, հանձնարարականներ տվել և այսպես շարունակ»։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահը ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը ՀՀ-ն գրավոր ձևակերպել և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021թ․-ի դեկտեմբերին․ «Ընդ որում, մենք պատրաստվում ենք առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել, և ընդ որում, մենք այս թեմայով ևս մի լրացուցիչ պահեստային առաջարկ ունենք»։ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում ԼՂ հիմնախնդրի համապարփակ հասցեագրման պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել 2021թ․-ի դեկտեմբերին Բրյուսելում։ Ադրբեջանի նախագահն ինքն է դրժում ԼՂ կարգավիճակի հարցը անժամկետ հետաձգելու տարբերակը, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2020թ․-ի նոյեմբերին ՌԴ նախագահի միջնորդությամբ։ Ադրբեջանի նախագահը ինքն է խախտում 2021թ․-ի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված հայտարարությունը և դրժում ձեռքբերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը պետք է ընթանա սահմանային անվտանգության ապահովման պայմաններում և բացառի ցանկացած էսկալացիա։ Ադրբեջանի նախագահը ինքն է դրժել 2021թ․-ի դեկտեմբերին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունը, համաձայն որի՝ ամենավտանգավոր տարածքներում պետք է իրականացվեր զորքերի հայելային հետքաշում։
11:54 - 10 նոյեմբերի, 2022
Խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը նաև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստում է․ Փաշինյանը պատասխանեց Ալիևի հայտարարություններին

Խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը նաև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստում է․ Փաշինյանը պատասխանեց Ալիևի հայտարարություններին

Իլհամ Ալիևի արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքակական հավականությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի սկզբում՝ անդրադառնալով նոյեմբերի 8-ին ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած մի շարք հայտարարություններին։ «Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և ՀՀ-ին ուղղված հասցեական հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել ՀՀ-ին, մեր կառավարությանը, փաստում է տրամագծորեն հակառակը»,- նշեց Փաշինյանն՝ ընդգծելով, որ Ալիևի հայտարարությունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ։ Փաշինյանի խոսքով՝ «տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ՝ ս․ թ․ հոկտեմբերի 31-ին, Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին»։ «Ի հեճուկս Սոչիի հոկտեմբերի 31-ի և ս․թ․ հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության՝ Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին, հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլ անունների սպառնալից օգտագործմամբ, խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով։ Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերով ընդունված հայտարարությունների և պայմանավորվածությունների խախտումները քրոնիկ բնույթ ունեն, ինչը արտահայտվում է հետևյալում․ 2020թ․-ի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է ԼՂ-ի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ ԼՂ հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները, և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաև 2022թ․-ի մարտին՝ ներխուժելով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի և խախտելով 2020թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը, և հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «Օպերացիա Փառուխ»։ «Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը նաև 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված շփման գծում՝ զուգահեռաբար հայտարարելով, թե ԼՂ գոյություն չունի։ Այս պնդումը ինքնին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։ Նաև Ադրբեջանի կողմից ստորագրված այդ հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է ԼՂ անունը։ Ադրբեջանը մինչև օրս քայլեր չի ձեռնարկել նաև ԼՂ հայության ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում»,- նշեց նա։ ՀՀ վարչապետը ասաց, որ զուգահեռաբար Ադրբեջանի կողմից փորձ է արվում կառուցողական երևալ,  և հայտարարվում է, թե ԼՂ-ի հայերը իրենց քաղաքացիներն են, և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է․ «Թե այս պնդումը որքանով է իրականությանը համապատասխանում, կարելի է գործնականորեն ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանը ինչ պայմաններ է ստեղծել և ինչ քայլեր է ձեռնարկել Հադրութի և ԼՂ-ի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 2020թ․-ի 44-օրյա պատերազմի հետևանքով։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ ԼՂ-ում խաղաղապահները տեղակայվում են հնգամյա ժամկետով հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով։ Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները ԼՂ-ում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հետ կապված բոլոր հարցերը, և փարատված չեն ԼՂ հայության անվտանգային բոլոր մտահոգությունները»։ Փաշինյանի խոսքով՝ 2021թ․-ի նոյեմբերի 26-ի և 2022 թ․-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններով Ադրբեջանի նախագահը ինքն է ընդունել խաղաղապահների անկյունաքարային, կարևոր ներդրումը նրա տեղակայման գոտում անվտանգության և կայունության ապահովման գործում․ «Ավելին՝ ճանաչել է տարածաշրջանում իրավիճակի կայունության գործում խաղաղապահների հետագա ջանքերի պահանջվածությունը։ Սոչիի երկու հայտարարությունների տակ ստորագրելով և այս արձանագրումներն անելուց հետո՝ առանց ԼՂ հայության անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային հստակ երաշխիքների՝ խաղաղապահների դուրսբերման խոսույթ զարգացնելը ոչ միայն նշված եռակողմ հայտարարությունների խախտում է, այլև ԼՂ հայության ցեղասպանության նախապատրաստում»։
11:27 - 10 նոյեմբերի, 2022
Իլհամ Ալիեւը սպառնալիքներ է հնչեցրել գրավված Շուշիից

Իլհամ Ալիեւը սպառնալիքներ է հնչեցրել գրավված Շուշիից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ նոյեմբերի 8-ին, իրենց բնորոշմամբ «Հաղթանակի օրվա» կապակցությամբ ելույթ է ունեցել Արցախի գրավված Շուշիում։ Ալիևը կրկին պնդել է, թե Հայաստանը չի կատարում 2020թ․ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կետերը, մասնավորապես, «ամբողջությամբ չի դուրս բերել իր զինված ուժերը Ղարաբաղից, չի տրամադրել «Զանգեզուրի միջանցքը» և պարբերաբար ռազմական սադրանքներ է անում»։ «Իհարկե, մենք պետք է պատրաստ լինենք և պատրաստ ենք»,- ասել է Ալիևը։ Ալիևը նշել է, թե Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և ռուս խաղաղապահները այնտեղ ժամանակավոր են․ «Մենք արդար երկիր ենք, եթե ինչ-որ պարտավորություն ենք ստանձնել, ուրեմն կատարում ենք։ Մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում։ Խաղաղություն, բայց արդար խաղաղություն։ Մեր առաջ քաշած պայմանները արդար են՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի այդ պայմաններով»,- նշել է Ալիևը։ Ալիևը նշել է, թե 2022թ․ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի զինված ուժերը տեղակայված են հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում ու «Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում»։ «Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Այսօր այս ռազմավարական բարձունքներից տեսնում ենք Վանաձոր, Կապան, Գորիս և Ջերմուկ քաղաքները։ Մեր աչքի առաջ է նաև Սևանա լիճը։ Այս ամենը իրականություն է»,- ասել է Աիլևը։ Ադրբեջանի նախագահը անդրադարձել է նաև Իրանի՝ այս տարվա հոկտեմբերին Արաքսի շրջակայքում անցկացրած սահմանային զորավարժություններին․ «Մեր բանակը ցուցաբերել է հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և նվիրում։ Հարկ եղած դեպքում, սա եւս մեկ անգամ ցույց կտանք ու կհասնենք մեր ուզածին․ սա գիտեն բոլորը, թող սա իմանան նաեւ նրանք, ովքեր մեր սահմանին զորավարժություններ են անցկացնում ի պաշտպանություն Հայաստանի։ Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել»,- նշել է Ալիևը։
17:29 - 08 նոյեմբերի, 2022
Եռակողմ հանդիպման ժամանակ չհամաձայնեցված հարցերը շատ նուրբ և զգայուն են․ Պուտին |armenpress.am|

Եռակողմ հանդիպման ժամանակ չհամաձայնեցված հարցերը շատ նուրբ և զգայուն են․ Պուտին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպման ժամանակ որոշ հարցերի շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, սակայն  հրաժարվել է բարձրաձայնել  դրանց մասին։  Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, եռակողմ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ընթացքում Պուտինն ընդգծել է, որ այն հարցերը, որոնց շուրջ համաձայնության հասնել չի հաջողվել, շատ նուրբ ու զգայուն են։ «Ինչ վերաբերվում է հարցերին, որոնց շուրջ չի հաջողվել համաձայնության հասնել։ Կարելի է՞ դրանց մասին խոսել։ Այո, կարելի է, բայց պետք չէ, որովհետև, եթե դրանք դեռ կարգավորված չեն, ապա, իմ կարծիքով, պետք չէ դրանց վրա սևեռել մամուլի և հասարակության ուշադրությունը։ Անհրաժեշտ է պարզապես հանգիստ և փակ ռեժիմով համաձայնության հասնել։ Սրանք շատ նուրբ, զգայուն հարցեր են երկու կողմերի համար։ Եվ ես ինձ իրավունք չեմ վերահապի ներկայացնել դրանք առանց գործընկերներիս հետ համաձայնեցնելու»,- հայտարարել է Պուտինը։ ՌԴ նախագահը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցին, նշել է․ «Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան կարևորագույն հարցն է։ Մենք այսօր, բնականաբար, դրա մասին շատ ենք խոսել, և կան որոշակի նախադրյալներ, որ ճանապարհն ընդհանուր առմամբ գտնվել է։ Եթե դուք ուշադիր կարդաք այսօրվա հայտարարությունը, ապա դուք այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ․․․դե, իհարկե, եթե ոչ պայմանավորվածություններ, ապա նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները կարող են լինել»։  ՌԴ նախագահը հավելել է, որ իրենք պատրաստ են տրամադրել Խորհրդային Միության բանակի գլխավոր շտաբի քարտեզները, որոնք իրենց տրամադրության տակ են։ «Ինչպես հասկանում ենք, դրանք ամենաճիշտ քարտեզներն են։ Պատրաստ ենք այդ հիմքի վրա, քննարկելով երկու կողմերի հետ, առաջ շարժվել։ Մենք պայմանավորվել ենք, որ այս շփումները, այս բանակցությունները, խորհրդակցությունները կշարունակվեն»,- ասել է Պուտինը։ 
09:48 - 01 նոյեմբերի, 2022
Պուտինն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հնարավոր պայմանագրի և ԼՂ-ում խաղաղապահների գործունեության ժամկետը երկարաձգելու հարցերին |armenpress.am|

Պուտինն անդրադարձել է Երևանի և Բաքվի միջև հնարավոր պայմանագրի և ԼՂ-ում խաղաղապահների գործունեության ժամկետը երկարաձգելու հարցերին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս վաղ է համարում խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հիմնական բաղադրիչների մասին։ Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ նախագահն ընդգծել է, որ դա փոխզիջումների հիման վրա պետք է լինի, որոնց պետք է կողմերը հասնեն միջնորդությամբ․ եթե կողմերը ցանկանան, այդ միջնորդը կարող է լինել նաև Ռուսաստանը։ Անդրադառնալով հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր նույնիսկ մինչև 20 տարով երկարաձգել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեության ժամկետը՝ ՌԴ նախագահն ընդգծել է, որ այդ մասին խոսել են, սակայն դրա համար անհրաժեշտ են համատեղ պայմանավորվածություններ։ Պուտինն ընդգծել է, որ դա կարող է կախված լինել նաև այլ հարցերից․ խոսքը կողմերի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին է։ ՌԴ նախագահի խոսքով՝ եթե այդ  հարցերը լուծվեն, ապա խաղաղապահների հարցն այլ տեսանկյունից կլինի։ «Եթե լուծված չլինեն կամ լուծված լինեն որոշակի ծավալով, ապա դրանից կախված կլինի մեր խաղաղապահ առաքելության ճակատագիրը։ Սակայն ամեն դեպքում երկու կողմերն էլ իրենց շնորհակալությունն են հայտնել Ռուաստանին այն աշխատանքի համար, որ մենք այնտեղ անում ենք»,- նշել է Պուտինը։
09:37 - 01 նոյեմբերի, 2022
Սոչիում ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանն ընդունվել է հայտարարություն

Սոչիում ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպմանն ընդունվել է հայտարարություն

Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին՝ Սոչի ժամանելու և բանակցություններ անցկացնելու համար և հավելել, որ ռուսական կողմը կշարունակի ներդնել բոլոր ջանքերը` խաղաղության և կայունության հասնելու համար: Հանդիպման արդյունքներով ընդունվել է եռակողմ հայտարարություն, որում, մասնավորապես նշվել է. «Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինը 2022 թ.-ի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում և քննարկեցինք 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի, 2021 թ.-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը։ Վերահաստատեցինք նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանման հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։ Համաձայնեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել մնացյալ, այդ թվում` հումանիտար խնդիրների հրատապ լուծման ուղղությամբ: Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի պահանջվածությունը։ Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։ Ընդգծեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպպատակով։ Առկա աշխատանքային տարբերակների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը հնարավոր օժանդակություն կցուցաբերի դրան: Շեշտեցինք Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի օժանդակությամբ հասարակությունների ներկայացուցիչների, փորձագիտական համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսության շարունակման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև վստահության ամրապնդմանը միտված եռակողմ միջխորհրդարանական շփումների մեկնարկի համար։ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարները ողջունել են Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը»։ 
23:17 - 31 հոկտեմբերի, 2022
Ավարտվել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը. համաձայնեցվել է հայտարարություն

Ավարտվել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը. համաձայնեցվել է հայտարարություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների` Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի` Սոչիում տեղի ունեցող եռակողմ հանդիպումն ավարտվել է: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահը տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ ԼՂ խնդրի վերաբերյալ հայտարարության շուրջ համաձայնության են եկել: «Այսօր մենք պայմանավորվեցինք համատեղ հայտարարության շուրջ, պետք է անկեղծորեն ասեմ, որ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված էր, որոշ բաներ պետք է հանվեին մասնագետների մակարդակով նախապես մշակված տեքստից», - նշել է ՌԴ ղեկավարը։ «Այնուամենայնիվ, ես համաձայն եմ ընդհանուր գնահատականի հետ, որ հանդիպումը օգտակար էր, և դա պայմաններ է ստեղծում իրավիճակի կարգավորման հետագա քայլերի համար», - ընդգծել է Պուտինը։ Պուտինը նշել է, որ առանձին հանդիպումներ է ունեցել երկու երկների նախագահների հետ և իրենց կարծիքով դրանք օգտակար են եղել։  Ռուսաստանը կանի ամեն ինչ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական կարգավորման հասնելու համար, ասել է ՌԴ նախագահը։ Ինչպես պայմանավորվել ենք, մենք կապի մեջ կլինենք, կշարունակենք այս երկխոսությունը և կշարունակենք փնտրել լուծումներ, որոնք անհրաժեշտ են այս երկարատև հակամարտությանը վերջ դնելու համար։ Այսօրվա քննարկումը հուշում է, որ մենք կարող ենք նաև բանակցել մեր բոլոր երկրների ապագայի մասին: Երբ ասում եմ մեր բոլոր երկրները, ես նկատի ունեմ Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և տարածաշրջանի բոլոր երկրները: Որովհետև բոլոր ժողովուրդները շահագրգռված են կարգավորել հարաբերությունները, որոնք ապրում են դրանում: տարածք»,- ասել է Պուտինը։
22:32 - 31 հոկտեմբերի, 2022
Ըստ Ալիևի՝ «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա» |1lurer.am|

Ըստ Ալիևի՝ «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա» |1lurer.am|

1lurer.am: Սոչիում կայացած Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար։ «Այսօրվա հանդիպումը նվիրված է մեր տարածաշրջանային խնդիրներին։ Եվս մեկ անգամ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ այն դերի համար, որ Դուք խաղացել եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, երկու տարի առաջ ստորագրվեց եռակողմ հռչակագիր, որը վերջ դրեց երկարաժամկետ հակամարտությանը»,- նշել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևի խոսքով՝ հիմա եկել է ժամանակը խոսելու և գործելու Ադրբեջանի ու  Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական դերակատարումն այս հարցում։ Այսօրվա եռակողմ հանդիպումը մեր առաջին հանդիպումը չէ, Ձեր նախաձեռնությամբ նման հանդիպումներ եղել են, և ես տեսնում եմ, որ դրանք դրական խթան են եղել կարգավորման գործընթացի համար»,- նշել է նա։ Ալիևն անդրադարձել է նաև բուն հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին: «Ադրբեջանը համեմատաբար վերջերս առաջ քաշեց հինգ հիմնական սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է կարգավորվեն Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունները։ Դրանք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն են, և, կարծում եմ, որ այդ հիմքի վրա կարելի է հասնել կարգավորման: Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորումը մի ձևաչափ է, որը, իհարկե, շատ լուրջ քայլեր է պահանջում։  Մենք անհամբեր սպասում ենք Ձեր անձնական և Ռուսաստանի շարունակական ակտիվ դերակատարմանը՝ այդ նպատակներին հասնելու գործում»,- ասել է Ալիևը։ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա։
19:53 - 31 հոկտեմբերի, 2022