Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է: 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար: 2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:

2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

2019թ. հունիսի 1-ին նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 2020թ․ նոյեմբերի 23-ին ազատվել է պաշտոնից։

2020թ․ նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Կրթական համակարգը պետք է լինի արդար, կրթությունը՝ հասանելի. Արայիկ Հարությունյանը Ամերիկյան համալսարանում

Կրթական համակարգը պետք է լինի արդար, կրթությունը՝ հասանելի. Արայիկ Հարությունյանը Ամերիկյան համալսարանում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդես է եկել կրթության և գիտության ոլորտում իրականացվող փոփոխությունների, կրթության որակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունների մասին դասախոսությամբ և պատասխանել ուսանողների ու դասախոսների հարցերին: Բացման խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում ակնհայտ հասանելիության խնդիր կա, քանի որ որակյալ բարձրագույն կրթությունը բոլորին հասու չէ. «Հասանելիության առումով առավել հաջողել ենք հանրակրթության ոլորտում, սակայն բարձրագույն կրթության ոլորտում ունենք խնդիրներ»,- նշել է նախարարը: Նրա խոսքով` համակարգը պետք է լինի արդար և հասանելի: Այդ նպատակին հասնելու առաջին կարևոր նախադրյալներից մեկը, ԿԳ նախարարի դիտարկմամբ, բուհերին քաղաքական գործընթացներից հեռու պահելն է և այդ ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում հստակ քայլեր են արվել. «Վերջին համապետական և Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական ուժերն անգամ փորձ չեն անում կրթական համակարգը ներգրավել քաղաքական գործընթացների մեջ: Սա համարում եմ կարևոր ձեռքբերում»,- նշել է ԿԳ նախարարը: Նա տեղեկացրել է, որ այժմ մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում ի տարբերություն նախկինի, բարձրագույն կրթության և գիտության ոլորտների օրենսդրական կարգավորումները մեկտեղվել են` հաշվի առնելով, որ հետազոտական բաղադրիչը նախկինում առաջարկվող նախագծից դուրս էր մնացել։ «Փոքր ռեսուրսներ և հնարավորություններ ունեցող մեր երկրում, առանց հետազոտության, չի կարող մրցունակ բուհական համակարգ լինել: Հուսով եմ առաջիկայում նախագծի նախնական տարբերակը կքննարկվի բուհերի ղեկավարների հետ: Ակնհայտ է նաև, որ բարձրագույն կրթության ոլորտում 60-ից ավելի բուհերի առկայությունը հնարավորություն չի տալիս բազմաթիվ խնդիրներ արդյունավետ կարգավորել: Մենք այստեղ խոշորացումների գնալու անհրաժեշտություն ունենք և մասնավորապես պետության կողմից հիմնադրված բուհերի համար այդ քայլին գնալու ենք: Միջազգային փորձը ևս ցույց է տալիս, որ առավել հաջողում են մեկ կենտրոնում համախմբված գիտական և բուհական հաստատությունները: Հաշվի առնելով մեր ունեցած ռեսուրսները` մենք չենք կարող այդ քայլին չգնալ»,- նշել է Արայիկ Հարությունյանը` շեշտելով, որ բուհերը պետք է առավելագույնս ինտեգրված լինեն գիտական համակարգում: Ուսանողների հետ հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են հանրակրթության, գիտության և սփյուռքի հետ համագործակցության խնդիրներին։
11:05 - 03 մայիսի, 2019
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված աշխատաժողով

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված աշխատաժողով

ԵՄ Էրազմուս+ «Հայաստանի բուհերի միջազգայնացման ռազմավարության և մարքեթինգի խթանում» (BOOST) ազգային ծրագրի շրջանակներում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել բարձրագույն կրթության միջազգայնացմանը նվիրված աշխատաժողով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալներ Արևիկ Անափիոսյանը և Գրիշա Թամրազյանը, ՀՀ բուհերի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ծրագրի շրջանակում համագործակից օտարերկրյա 5 բուհերի ներկայացուցիչներ, թվով՝ շուրջ 100 պատվիրակ:  Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ ներկայումս Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը գտնվում է անցումային և փոփոխությունների փուլում, որը պայմանավորված է համակարգի առջև ծառացած նոր մարտահրավերներով: «Դրանց արագ արձագանքման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան բարենպաստ միջավայր՝ միտված մրցունակ և որակյալ բարձրագույն կրթության ապահովմանը: Այդ նպատակով անհրաժեշտ է՝ ընդլայնել բուհերի ակադեմիական ազատությունները, մեծացնել բուհերի ինքնավարությունը, թափանցիկությունը և հանրային հաշվետվողականությունը, ձևավորել նոր կառուցակարգեր, որոնք լավագույնս կարտացոլեն ուսանողների տարատեսակ պահանջմունքները, ինչպես նաև ուժեղացնել բուհերի հետազոտական կարողությունները, որոնք կնպաստեն նաև կրթություն-գիտություն-տնտեսություն կապի ամրապնդմանը: Անհրաժեշտ է նաև վերանայել բարձրագույն կրթության և հետազոտության ֆինանսական մեխանիզմները և սկզբունքները, բարձրացնել Հայաստանի բարձրագույն կրթության և հետազոտության միջազգային տեսանելիությունը և գրավչությունը: Միաժամանակ նշեմ, որ բարձրագույն կրթության և հետազոտության բնագավառը կանոնակարգող նոր օրենքի նախագծով նախատեսվում են համապատասխան օրենսդրական բարեփոխումներ, որոնք միտված են վերոհիշյալ ուղղությունների և նպատակների իրականացման համար անհրաժեշտ կարգավորումների և հիմնարար պայմանների ստեղծմանը, այդ թվում՝ կրթական ծրագրերի բովանդակության միջազգայնացմանը, համատեղ կամ կրկնակի որակավորմամբ կրթական ծրագրերի իրականացմամբ օտարերկրյա բուհերի հետ համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը և բարձրագույն կրթության ու հետազոտության մրցունակության խթանմանը: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացումը՝ առանց որակյալ բարձրագույն կրթության ծրագրերի և միջազգայնորեն մրցունակ հետազոտական միջավայրի առկայության, ներկայումս անհնար է դիտարկել: Բարձրագույն կրթության միջազգայնացումը խթանելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան բարենպաստ միջավայր, որը ներառում է ինչպես ֆինանսական ապահովվածությունը և մարդկային ռեսուրսների արդյունավետ ներդնումը, այնպես էլ իրավական կարգավորումները, միջազգայնացման ոլորտում սահմանված ռազմավարությունը և համապատասխան կառուցակարգերը: Այս ամենն ինքնին ենթադրում է բարձրագույն կրթության և հետազոտության միջազգայնացման ազգային քաղաքականության ամբողջական շրջանակի հստակեցում, միջազգայնացման ինստիտուցիոնալ ռազմավարությունների ուղենիշների ապահովում, բարձրագույն կրթության միջազգայնացման ազգային հարթակի ձևավորում և համապատասխան գործիքակազմերի ստեղծում»,-նշել է նախարարը՝ աշխատաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք: Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Էրազմուս+ հայաստանյան գրասենյակի ղեկավար Լանա Կարլովան: Այնուհետև աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են բուհերի միջազգայնացման ռազմավարության ուղղությամբ BOOST ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները և Հայաստանում բարձրագույն կրթության միջազգայնացման ռազմավարությունը: Լիսաբոնի բարձրագույն տեխնիկական համալսարանի և Ստոկհոլմի տեխնոլոգիայի թագավորական ինստիտուտի ներկայացուցիչներ ներկայացրել են եվրոպական լավագույն փորձը և համապարփակ միջազգայնացման համատեքստում ինստիտուցիոնալ պարտավորությունների և շահագրգիռ կողմերի ներգրավման հարցերը: Աշխատաժողովին ներկայացվել են նաև «Study in Armenia» պլատֆորմի և այն` որպես մարքետինգային գործիք կիրառելու հնարավորությունները:  
08:56 - 30 ապրիլի, 2019
Շուրջ 370 հազար աշակերտ կարող է անվճար այցելել համերգասրահներ և թատրոններ. Արայիկ Հարությունյան

Շուրջ 370 հազար աշակերտ կարող է անվճար այցելել համերգասրահներ և թատրոններ. Արայիկ Հարությունյան

tert.am։ Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, որ անցած շաբաթ մեկնարկել է նախագիծ, որը ենթադրում է շուրջ 370 հազար աշակերտների այցելություններ համերգասրահներ և թատրոններ, իսկ մինչ այդ մեկնարկել էր այցը՝ դեպի պատկերասրահներ: «Սա էլեկտրոնային հարթակ է, ուսումնասիրել ենք միջազգային փորձը և ինչ-որ առումով սա աննախադեպ է՝ ամբողջ համակարգի ներգրավվածությամբ»,-ասաց նախարարը և կոչ արեց ծնողներին, ուսուցիչներին խրախուսել աշակերտներին գրանցվել և այցելել մշակութային հաստատություններ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, թե այս տարի ՀՀ կրթական դպրոցներում սովորող բոլոր աշակերտներին հնարավորություն են տալիս, որ պետական բյուջեի հաշվին տարին մեկ անգամ այցելեն թանգարան, համերգասրահ և թատրոն: Նա նաև կարևորեց, որ ուսուցիչները ևս ներառված են ծրագրում:  
09:22 - 25 ապրիլի, 2019
ՀՀ ԿԳ նախարարը դեսպան Էրլունի հետ քննարկել է ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ ԿԳ նախարարը դեսպան Էրլունի հետ քննարկել է ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: ԿԳ նախարարն իր խոսքում ընդգծել է, որ կրթության համակարգում Չինաստանի հետ ձևավորված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունն ունի ընդլայնման մեծ հնարավորություններ: Անդրադառնալով չինական կողմի հետ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ մեր երկրում մեծ հետաքրքրություն կա չինարեն լեզվի և մշակույթի ուսումնասիրման նկատմամբ, որի դրսևորումներից է «Հայ-չինական բարեկամության դպրոցի» բացման ժամանակ արձանագրված դիմորդների աննախադեպ ակտիվությունը: Նախարարի խոսքով` վերջին տարիներին նկատելիորեն մեծացել է նաև հայ երիտասարդների հետաքրքրությունը Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության ստանալու նկատմամբ: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ գիտության ոլորտում ևս առկա է համագործակցության ընդլայնման մեծ ներուժ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականությանն ուղղված ծրագրերի հետ կապված: Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ մայիսին հրավիրված է մասնակցելու Պեկինում կայանալիք «Արհեստական բանականության» միջազգային համաժողովին, որն իր հերթին կնպաստի այս ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացմանը: Դեսպան Թիան Էրլունը շեշտել է հայ-չինական կրթական համագործակցության արդյունավետությունը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առկա ծրագրերն իրագործելու և ընդլայնելու ուղղությամբ: Այս համատեքստում, մասնավորապես, կարևորվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում գործող Կոնֆուցիուսի ինստիտուտի չինարենի ուսուցման կենտրոնի ընդլայնման հնարավորությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-չինական փոխգործակցության աշխատանքային մի շարք այլ հարցերի:
06:29 - 09 ապրիլի, 2019
Համընդհանուր ներառական կրթությունը կապահովի որակական նոր մակարդակ

Համընդհանուր ներառական կրթությունը կապահովի որակական նոր մակարդակ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն  աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի հետ:ԿԳ նախարարը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունը   համընդհանուր ներառական կրթության անցման շրջանում և հույս հայտնել, որ այն կշարունակվի նաև Երևանի և մյուս մարզերի ներդրման փուլում: «Համընդհանուր ներառական կրթության անցումը մեզ համար առաջնահերթ խնդիրներից է, քանի որ այն հասարակությանը կբարձրացնի որակական նոր մակարդակի: Համերաշխություն, սեր և հանդուրժողականություն, ահա այս արժեքներն են, որ տարիներ շարունակ պակասել են մեր հասարակությանը: Հաջողել են այն երկրները, որոնք կարողացել են հասարակությանը հաղորդել այս արժեքները»,-նշել է Արայիկ Հարությունյանը: ԿԳ նախարարի խոսքով, համընդհանուր ներառմանն ուղղված  քայլերի շնորհիվ, մեր երկիրը կունենա համակեցության այլ սկզբունքներով ու չափանիշներով առաջնորդվող հասարակություն: Միաժամանակ նա շեշտել է, որ համընդհանուր ներառման անցման ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջանում սոցիալական տարբեր խմբերի միջև: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությունն ուսուցիչների վերապատրաստման և ծնողական համայնքի հանդիպումների կազմակերպման հարցում: Պատրաստակամություն հայտնելով համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ՝ Տանյա Ռադոչայն իր հերթին կարևորել է համընդհանուր ներառական կրթության  ուղղությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության ջանքերը: Նրա խոսքով, համընդհանուր ներառումը յուրօրինակ բանալի է հասարակության խնդիրների լուծման համար: ԿԳՆ  
10:09 - 02 ապրիլի, 2019
Մենք մշտապես մարզերում ենք և ականատես ենք լինում դպրոցների անմխիթար վիճակին. Արայիկ Հարությունյան |aysor.am|

Մենք մշտապես մարզերում ենք և ականատես ենք լինում դպրոցների անմխիթար վիճակին. Արայիկ Հարությունյան |aysor.am|

aysor.am։ Մենք մշտապես մարզերում ենք և ականատես ենք լինում դպրոցների անմխիթար վիճակին։ Առկա են լրջագույն խնդիրներ, որոնք չեն կարող բացասական ազդեցություն չունենալ կրթության որակի վրա, «Կրթական խնդիրները նոր Հայաստանի հին գյուղերում» թեմայով այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։Անդրադառնալով շրջանների մի շարք դպրոցների սեյսմակայունության խնդրին՝ նա նշեց, որ լրջագույն այդպիսի խնդիր ունի շուրջ 400 դպրոց։ Նախարարի խոսքով՝ դպրոցների ֆիզիկական վիճակը լրջագույն խնդիր է, լրջագույն կրթական խնդիր են նաև կոմպլեկտավորված դասարնները, որտեղ տարբեր տարիքային խմբերի աշակերտներ են հավաքված։ «Լուծումները մշակվում են, պետք է անցնենք դրանց տեղայնացմանը և ներդրմանը։ Դրանցից ամենակարևորը դպրոցների ֆիզիկական վիճակը բարելավվելու համար լրացուցիչ միջոցներ գտնելն է։ Անցած տարի շահագործման հանձնեցինք ամբողջովին նոր 5 ավագ դպրոց, հիմա սկսել ենք իրականացնել 7 դպրոցի վերանորոգման ծրագիր», - ասաց ԿԳ նախարարը։
08:53 - 02 ապրիլի, 2019
ԿԳ նախարար Հարությունյանը թելադրել է Ամրակցի դպրոցում. թելադրությանը մասնակցել են նաև 50-60 տարեկանները

ԿԳ նախարար Հարությունյանը թելադրել է Ամրակցի դպրոցում. թելադրությանը մասնակցել են նաև 50-60 տարեկանները

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել է, որ մեկնարկել է «Թելադրություն» համահայկական կրթական նախագիծը, որին մասնակցել են տարիքային տարբեր խմբերի՝ 12-13 և 50-60 տարեկան 25 մասնակից։«ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը թելադրել է Լոռու մարզի Ամրակից գյուղի միջնակարգ դպրոցում։ Այստեղ համահայկական թելադրությանը մասնակցել է տարիքային տարբեր խմբերի՝ 12-13 և 50-60 տարեկան 25 մասնակից։Թելադրության տեքստը գրվել է ժամանակակից հեղինակի կողմից՝ հատուկ այս նախագծի համար, և նվիրված է Հովհ. Թումանյանի 150-ամյակին։ «Թելադրություն» նախագիծն իրականացվել է 40 տարբեր սրահներում միաժամանակ, որոնց ցանկը նախապես հրապարակվել էր։ Մասնակիցները նախապես պետք է գրանցվեին այդ նպատակով ստեղծված էլեկտրոնային հարթակում։Նախագծի սկզբունքներն են՝ անանունությունը, թելադրության ստուգման մասնագիտական մոտեցումը և դրա անցկացման կարգի, տեքստի ու ժամանակի միասնությունը:Նշենք, որ այս տարի նախագիծն ընդլայնել է իր աշխարհագրությունը, և հարթակներ են բացվել նաև Ռուսաստանում՝ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Սամարա, Պոդոլսկ, Ուկրաինայում՝ Դնեպր, Բելառուսում՝ Մինսկ, Գերմանիայում` Քյոլն, Չեխիայում` Պրահա, Շվեյցարիայում՝ Նոշատել, Սիրիայում՝ Հալեպ»:
11:13 - 30 մարտի, 2019
Արայիկ Հարությունյանը հրավիրում է բոլորին թելադրություն գրելու շաբաթը օրը

Արայիկ Հարությունյանը հրավիրում է բոլորին թելադրություն գրելու շաբաթը օրը

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրավիրում է բոլորին թելադրություն գրելու շաբաթը օրը՝ մարտի 30-ին ժամը 13:00-ին։ Նախարարն ակնկալում է հանրային լայն մասնակցություն՝ միաժամանակ նշելով, որ նախաձեռնությանը միանում են կամավորության սկզբունքով։ «Գիտության և կրթության նախարարությունը Լեզվի կոմիտեի հետ միասին աջակցում է թելադրություն նախաձեռնությանը։ Մենք ցանկանում ենք, որպեսզի շատ մարդիկ մասնակցեն այս նախաձեռնությանը: Շաբաթ օրը՝ մարտի 30-ին, ժամը 13.00-ին, Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բազմաթիվ հարթակներում, մեր հայրենակիցները՝ ՀՀ քաղաքացիները, արցախցիները, ջավախքեցիները և սփյուռքի մեր հայրենակիցները գրելու են թելադրություն՝ միևնույն տեքստը։ Այս նախաձեռնության նպատակն է, ստուգելու, թե ինչ խնդիրներ ունենք, որքան է մեր գիտելիքը, որտեղ պետք է շտկումներ անել։ Թելադրությունը տարբեր տեղերում հայտնի մարդիկ կթելադրեն»,- ասաց Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով: Թելադրության գրանցումը` այստեղ
06:21 - 28 մարտի, 2019
Ուսման վարձերը բարձր են․ գործադիրը բարձրացրեց նաև ուսման վարկի վերին շեմը

Ուսման վարձերը բարձր են․ գործադիրը բարձրացրեց նաև ուսման վարկի վերին շեմը

Կառավարությունը կատարեց փոփոխություններ, որով ավելացվում է ուսանողներին տրվող վարկի տարեկան առավելագույն գումարը՝ մինչև 700 000 դրամ, գործող 450 000 դրամի փոխարեն։ Արդյունքում՝ ուսումնառության չորս տարիների ընթացքում ձևավորվող 1,8 մլն դրամ վարկի ընդհանուր ծավալը կավելանա՝ կազմելով 2,8 մլն դրամ։  Նվազեցվեց վարկավորման առավելագույն տոկոսադրույքը մինչև 9 % տարեկան, գործող 12 %-ի փոխարեն։ Նախագծով առաջարկվում է նաև վարկերից օգտվողների շրջանակը ընդլայնել՝ ներառելով նաև կլինիկական օրդինատորի կրթական ծրագրով սովորողներին:Իրականացվող փոփոխությունների արդյունքում կընդլայնվեն ՀՀ-ում մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները ինչպես բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով, այնպես էլ կլինիկական օրդինատուրայում սովորողների համար։ 24news.am
09:25 - 21 մարտի, 2019
Դպրոցներում վերացրել ենք համակարգային կոռուպցիան. ԿԳ նախարար |tert.am|

Դպրոցներում վերացրել ենք համակարգային կոռուպցիան. ԿԳ նախարար |tert.am|

Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նիստում կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց  նախորդ տարվա աշխատանքների արդյունքները:Նա նշեց, որ վերանայվել են բուհերի կառավարման հոգաբարձուների խորհուրդները դրանց ապաքաղաքականացման նպատակով: Ըստ նախարարի՝ ապաքաղաքայնացնել են նաև դպրոցները: «Կարծում եմ՝ անցած երկու ընտրություններն էլ ցույց տվեցին, որ մեր ջանքերն ապաքաղաքականացնելու դպրոցները հաջողությամբ են պսակվել: Մենք ունեցել ենք մի քանի առանձին դեպքեր, որոնք համակարգային բնույթ չեն կրում, և մենք այս խնդիրը լիարժեք լուծել ենք»,-ասաց նա: Նախարարը նաև նկատեց, որ դպրոցներում վերացրել են համակարգային կոռուպցիան: «Այո՛, այն առանձին տեղերում դրսևորումներ գտնում է, բայց վերտիկալը, որը վերևից ներքևից, ներքևից վերև կար, այլևս չկա, նախարարություն-մարզային իշխանություն օղակներում կտրվել են, գուցե ստորին օղակներում որոշ դրսևորումներ կան, բայց քաղաքային կամք կա, որ այն իսպառ վերացվի»,-ասաց նա: tert.am
12:54 - 20 մարտի, 2019