«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Խորհրդարանական ընդդիմությունը նախատեսում է օրակարգ բերել երկու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Խորհրդարանական ընդդիմությունը նախատեսում է օրակարգ բերել երկու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Խորհրդարանական ընդդիմությունն ասուլիս է հրավրել՝ խոսելու կառավարող ուժի դեմ պայքարելու իրենց գործիքակազմի մասին՝ հիշեցնելով, որ իրենք մշտապես հայտարարել են, որ օգտագործելու են խորհրդարանական եւ արտախորհրդարանական գործիքակազմերն ու հնարավորությունները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ Ազգային ժողովի՝ վաղն սկսվող նիստերի օրակարգում երկու կարեւոր հարցեր են ներառվելու։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են երկու քննիչ հանձնաժողովների ստեղծում․ մեկը վերաբերելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների օգտագործմանը, մյուսը՝ արդարադատության ոլորտին։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների օգտագործման վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, նախ հիշեցրեց, որ պատերազմի օրերին մեր հայրենակիցները ոչինչ չէին խնայում՝ Հիմնադրամին փոխանցումներ կատարելու համար։ Այնինչ, ըստ պատգամավորի, շրջանառվող լուրերի համաձայն՝ հիմնավոր կասկած կար, որ թե՛ բուն Հիմնադրամի ծախսային հատվածը, թե՛ պետբյուջե կատարած փոխանցումը անհասկանալի եւ կասկածելի պայմաններում եւ նպատակներով իրականացվել է չարաշահումներով․ «Մամուլում նորություններ եղան, ըստ որոնց՝ նոր գրանցված ՍՊԸ-ներով կանխիկացումներ են եղել, գնումների մեծ մասն իրականացվել է նորմալ ընթացակարգը, ՊՆ-ն, իսկ գնումների որոշ պարագաներում թե՛ գնման գինը, թե՛ ապրանքի արյդունավետությունը մեծ կասկածներ է առաջացրել։ ՀՀ հիմնադրամը պարտավորվել է իրականացնել աուդիտ եւ արդյունքը ներկայացնել հանրությանը։ Այդ աուդիտի արդյունքները Հիմնադրամի կայքում չեն եղել, իսկ իմ գրավոր հարցմանը պատասխանել են, որ աուդիտի արդյունքները պետք է հաստատվեն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, նոր հրապարակվեն»,- ասաց Մամիջանյանը՝ որոշակի կասկած հայտնելով նաեւ աուդիտ իրականացրած կազմակերպության մասով։ Ուստի, «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի պետբյուջե փոխանցման օրինականությունը, եւ, հաշվի առնելով քննիչ հանձնաժողովների գործիքակազմը, առհասարակ ծախսվող գումարների արդյունավետությունը։ Խորհրդարանական ընդդիմությունը համատեղ նախաձեռնում է նաեւ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի՝ վերջին երեք տարիների ընթացքում այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ են եղել․ «Հիշում եք, 2021-ի հուլիսին դատավորներին գործերի մակագրման տեխնիկական համակարգը իշխանությունները խլեցին, որոշեցին, որ այլեւս չեն կարող թույլ տալ, որ պատահականությունը որոշի՝ որ դատավորը որ գործը քննի, ու խլեցին։ Մինչ օրս այդ համակարգը խլված է։ Ոնց է ստացվում, որ 21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների դարում այդ համակարգը չի գործում, այն տարիներով գործել է։ Այդ համակարգը 2013 թվականին միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ ներդրվեց, այն դատարանների անկախության երաշխավորման կարեւոր գործիօքներից մեկն էր, ողջունվել էր ԵԽ-ի, ԱՄՆ դեսպանատան կողմից, բայց այսօր այդ կազմակերպությունները որեւէ մտահոգություն չունեն»,- ասաց Վարդեւանյանը՝ նշելով, որ քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման տիրույթում քննության առաջին առարկան սա է լինելու։ Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է նաեւ Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները․ «Դրանք մեծ թափ ստացան 2020-ի նոյեմբերից։ Այդ ժամանակվանից իշխանության համար սկզբունքային էր կալանավորումների ֆետիշացումը։ Այն դատավորներների նկատմամբ, որոնք չեն հանդուրժել այդ իրավիճակը, հարուցվել են կարգապահական վարույթներ»,- նշեց պատգամավորը։ Նա ասաց, որ նախատեսում են երեք ամսում ավարտել աշխատանքները եւ մանրամասն ներկայացնել խնդիրների վերաբերյալ իրավիճակը, ապա հանդես գալ զեկույցով։
13:12 - 25 հոկտեմբերի, 2021
Եկեք հաշվենք՝ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ինչ ծավալի ներդրումներ՝ Բադեն-Բադենում, տեսնենք՝ իրար հետ համեմատության եզր ունե՞ն․ Նիկոլ Փաշինյան

Եկեք հաշվենք՝ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ինչ ծավալի ներդրումներ՝ Բադեն-Բադենում, տեսնենք՝ իրար հետ համեմատության եզր ունե՞ն․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Լիտվա կատարած այցի ժամանակ հայ համայնքի հետ ունեցած հարց ու պատասխանին։ Աբրահամյանը ցիտեց Փաշինյանի խոսքերը․ «Շուշիի մասին, որ այդքան խոսում են, 30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շենք է կառուցվել, ինչի՞ ոչ մեկը հարց չի տալիս՝ ինչո՞ւ չի կառուցվել, տրամաբանությունը ո՞րն է եղել, փող չե՞ն ունեցել»։  Աբրահամյանը շարունակեց, որ պատերազմից հետո Շուշիում որեւէ շինություն չի եղել, որ վնասված չլինի։ Նրա խոսքով՝ ովքեր գնացել են Շուշի, թանգարաններ են տեսել, հյուրանոցներ, վարչական շենքեր, դեպի Ղազանչեցոց գնալիս՝ համալսարաններ, արհեստագործական դպրոց, դեպի Կանաչ ժամ գնալիս՝ բազմաբնակարան շենքեր, առնձնատներ, ԿԲ մասնաճյուղ, մանկապարտեզներ, մշակույթի պալատ, սպայական շենքեր, եւ այլն․ «Վերջապես, պաշտոնական տեղեկություններով Շուշիում ապրում էր մոտ  4000 բնակիչ։ Ուզում եմ հարցնել Նիկոլ Փաշինյանին՝ արդյոք եղել է Շուշիշում, արդյոք չէ՞ր արձանագրել այդ շինությունները, որոնց մի մասը ես նկարագրեցի»։ Փաշինյանն արձագանքեց, որ ինքը խոսել է բնակելի տների մասին։ Նա ասաց, որ ինչ տեսնելու էր, տեսել է, եւ այն, ինչ ասել է, որեւէ կասկածի տակ դրվել չի կարող․ «Օրինակ էսօր Իջեւանում կառուցվում եւ ասֆալտապատվում են ճանապարհներ, որոնք 40-50 տարի չեն նորոգվել։ Իջեւանում անկախությունից ի վեր առաջին անգամ առաջնային բնակարանային ֆոնդ է ձեւավորվել, որը հիմա վաճառվում է Իջեւանում։ Ինչ վերաբերում է Լիտվայում իմ արած հայտարարություններին, ես դրան հավելելու բան չունեմ»,- ասաց Փաշինյանը։ Աբրահամյանը պատասխանեց, որ ինքն այնքան էլ լավ չհասկացավ, որ եթե իր նկարագրածների մի մասը Փաշինյանը տեսել է, ապա տարօրինակ է ստացվում հարց ու պատասխանը Լիտվայում․ «Դուք Լիտվայում իրավիճակն այլ կերպ եք ներկայացրել, որ Շուշիում ոչ մի ներդրում արված չի եղել, բնակելի շենքեր չեն եղել, ի սկզբանե նախապատրաստված է եղել հանձնման համար, բայց իրականում դուք այս դահլիճում ուղղակի կամ անուղղակի հնչեցնում եք, որ իրավիճակը մոտավորապես այնպիսին էր, ինչպես ես եմ ներկայացնում»։ Փաշինյանը դարձյալ ասաց, որ ինքը խոսել է բնակելի շենքերի կառուցման մասին, եւ ինքը շարունակում է մնալ այդ տեսակետին․ «Հիմա դուք նշում եք ցանկեր, բայց եթե էդ ցանկը դնենք, դա կարող է մի էջի վրա չտեղավորվել։ Իսկ ի՞նչ ծավալ ա դա։ Եկեք հաշվենք՝ ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ինչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում։ Տեսնենք՝ իրար հետ համեմատության եզր ունե՞ն։ Ձեզ թվում է՝ մենակ դուք կամ ես եմ եղել Շուշիում, այլ մարդիկ չեն եղել, չեն տեսել ինչ իրավիճակ է էնտեղ տիրո՞ւմ։ Ես տպավորություն ունեմ, որ զուգահեռ իրականության մեջ ենք։ Էն, ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել»,- ասաց Փաշինյանը։ 
17:35 - 06 հոկտեմբերի, 2021
Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018 թ․-ին՝ հայտնի իրադարձություններից հետո․ Տիգրան Աբրահամյան

Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018 թ․-ին՝ հայտնի իրադարձություններից հետո․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այսօր՝ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց՝ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ Զինված ուժերը համառ մարտեր էին մղում Հայաստանի ու Արցախի անվտանգության համար, իսկ Հայաստանի իշխանությունները հիմնավորումներ էին փնտրում, մեղավորներ նշանակում, կեղծ թիրախներ հնարում․ «Խնդիրը մեկն էր․ ինչ էլ լիներ, պետք է հայտարարվեր, որ մեղավոր են բոլորը՝ միջին վիճակագրական քաղաքացին, զինվորը, հրամանատարը, կամավորականը, մի խոսքով՝ բոլորը՝ բացի մեկ մարդուց՝ Նիկոլ Փաշինյանից»։ Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունը քանդում էր նույնիսկ խաղաղ պայմանների համար նախատեսված մեխանիզմները, խափանում առաջին գծի համար նախատեսված առաջնային համալրումները․ «Սխալվում կամ դիտմամբ մոլորեցնում են բոլոր այն անձինք, ովքեր պնդում են, որ պատերազմը կանխելու կամ կանգնեցնելու հնարավորություն չի եղել։ Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018 թվականին՝ հայտնի իրադարձություններից հետո։ Դրանք առավել արագ փուլ մտան հետագա տարիներին։ Բնականաբար, դրան նպաստեց իշխանության նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստանի զինվորական հրամանատարության և ռազմական ներուժի գլխատման արշավը, երկրի կենսունակ ուժերի, դեմքերի մեկուսացումը, հասարակական խորը պառակատումները և ժողովրդին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու քայլերը»։ Պատգամավորի խոսքով՝  Ադրբեջանում ռազմական գործողություններ սկսելու քաղաքական որոշման հիմքում Հայաստանում ստեղծված այդ իրավիճակն էր։ Աբրահամյանը նաև ասաց՝ իշխանությանը խանգարող մարդիկ դեռ ամբողջությամբ չեզոքացված չեն․ «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի։ Ինձ համար առաջնային չէ, թե իշխանությունը սեփական պարտությունը կամ դրա պատասխանատվությունը ում վրա է փորձում գցել, ինձ համար կարևոր է, որպեսզի նշածս մարդկանց անվտանգությունը ապահովված լինի, որովհետև իշխանությունը վաղ թե ուշ փոխվելու է, և հասարակությունը պետք է հնարավորություն ունենա այս մարդկանցից լսելու այն իրականությունը, այն «ինչուների» պատասխանները, ինչն այսօրվա իշխանության պայմաններում գրեթե բացառելի է»։
17:18 - 05 հոկտեմբերի, 2021
Համայնքների խոշորացման գործընթացի օրինականության հարցով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ

Համայնքների խոշորացման գործընթացի օրինականության հարցով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել․ «2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում, առանց որևէ այլ կողմի, այդ թվում Ազգային ժողովում ներկայացված ընդդիմության կարծիքը լսելու, քննարկելու և հաշվի առնելու, հապճեպ և ակնհայտ շտապողականությամբ ընդունվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Համայնքների խոշորացման այս վիճահարույց գործընթացի հետ կապված՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով օգտվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 129-ի 1-ին մասով սահմանված իրավունքից ու հնարավորությունից և դիմել Սահմանադրական դատարան՝ հիշյալ օրենքների Սահմանադրության հետ համապատասխանությունը որոշելու հարցով։ Շուրջ 8 էջում շարադրված հիմնավորումներում նշված են այն գործոններն ու փաստարկները, որոնք կարող են հիմք հանդիսանալ նախագահի կողմից՝ ՍԴ դիմելու համար: Նշենք, որ ի տարբերություն Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող մյուս սուբյեկտների՝ ՀՀ նախագահը լիազորված է նախնական սահմանադրական վերահսկողությամբ՝ այն է՝ մինչև ԱԺ կողմից ընդունված օրենքի ստորագրումը այն ՍԴ-ում վիճարկել, որը թույլ է տալիս կանխել առերևույթ հակասահմանադրական օրենքի ներմուծումը ՀՀ իրավական համակարգ՝ դրանից բխող բազմաթիվ բացասական դրսևորումներով»:
15:20 - 28 սեպտեմբերի, 2021
ՊՆ-ն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում կներկայացնի ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգ |armenpress.am|

ՊՆ-ն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում կներկայացնի ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգ |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության նախարարության պաշտոնյաները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկման ֆորմատում կներկայացնեն Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգային տեսակետները: Հանձնաժողովի նիստում  «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը առաջարկեց. «Առաջիկա ամենամոտ ժամանակում, արտահերթի թե մեկ այլ ֆորմատի շրջանակում, այստեղ հրավիրենք պաշտոնատար անձանց, որոնք բոլորիս մանրամասներ կներկայացնեն ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի մասին, առհասարակ նաև հասկանալու համար՝ հայեցակարգ կա, թե չկա»: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «ՊՆ-ն, բարեփոխումների հետ կապված, կգա հանձնաժողով և կներկայացնի իրենց հայեցակարգային տեսակետները: Մենք աշխատանքային քննարկում կունենանք: Դա նախատեսվում է մոտակա 10-12 օրվա ընթացքում»:
14:05 - 28 սեպտեմբերի, 2021
Որպես ազգ և պետություն, մեր փրկությունը հզոր երկրի և միասնական հասարակության կառուցման մեջ է, որի ուղղությամբ էլ ջանք ու եռանդ չենք խնայելու․ Արթուր Վանեցյան

Որպես ազգ և պետություն, մեր փրկությունը հզոր երկրի և միասնական հասարակության կառուցման մեջ է, որի ուղղությամբ էլ ջանք ու եռանդ չենք խնայելու․ Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ․ «2020 թ. սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ այն, ինչը կանխատեսելի էր, ինչի մասին խոսում էինք ամիսներ առաջ, ինչը փորձում էինք կանխել: Վաղ առավոտյան տեղեկացանք Արցախի Հանրապետության սահմանների ողջ երկայնքով սկսված Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի մասին: «Հայրենիք» կուսակցության անունից հայտարարեցինք Հայաստանի և Արցախի պետականությունների և հայկական բանակի շուրջ անմնացորդ համախմբման և ողջ կարողությամբ հաղթանակին նպաստելու մասին՝ մի կողմ թողնելով քաղաքական բոլոր տարաձայնությունները։ Ցավոք, ունեցանք այն, ինչ ունենք՝ հազարավոր զոհեր, հայրենիքի խոշոր հատվածների կորուստ և երկփեղկված հասարակություն։  Այսօր համոզմունքս մեկն է՝ պետք է բոլորս միասին և յուրաքանչյուրս իր հերթին ապրենք և գործենք այնպես, որպեսզի փոքրիշատե արժանի լինենք այն տղերքի գործին, որոնք նահատակվեցին հայրենիքի պաշտպանության համար: Պետք է անենք նույնիսկ մեր ուժերի ներածից ավելին, լինենք հաստատակամ, շրջահայաց և չնահանջենք մեր նպատակներից այնպես, ինչպես տղերքը, որոնք մինչև վերջ ամուր կանգնեցին հանուն մեր սուրբ հողի։ Որպես ազգ և պետություն, մեր փրկությունը հզոր երկրի և միասնական հասարակության կառուցման մեջ է, որի ուղղությամբ էլ ջանք ու եռանդ չենք խնայելու:  Սա է լինելու տղերքի հիշատակը վառ պահելու և նրանց հանդեպ մեր պարտքը գոնե փոքր-ինչ հատուցելու միակ ճանապարհը։ Մնացածը ածանցյալ է և երկրորդական։ Հ.Գ. Գործ ունենք անելու․․․»։
17:16 - 27 սեպտեմբերի, 2021
ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է համայնքների խոշորացման հարցը․ ընդդիմադիր խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է համայնքների խոշորացման հարցը․ ընդդիմադիր խմբակցությունները լքել են նիստերի դահլիճը

ՀՀ ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում երկու հարց է։ Հարցերից մեկը վերաբերում է համայնքների խոշորացմանը։ ԱԺ նախագահը հայտնեց, որ հարցերը քննարկվելու են հատուկ ընթացակարգով։ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վարման կարգով հայտնեց, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու այս քննարկմանը։ «Օրակարգ է բերվել մի հարց, որը մեր գնահատմամբ, չի համապատասխանում մեր ՀՀ սահմանադրության և ՍԴ-ի որոշման պահանջներին։ Այն համարում ենք հստակ հանցագործություն և դրա շրջանակներում քննարկվող հարցերը բնականաբար չեն կարող լինել օրինական։ Երկրորդ կարևոր խնդիրը այն է, որ մենք հետամուտ ենք լինելու այս հարցի հետագա իրավական ընթացքին։ ՀՀ նախագահի ուշադրությունն ենք հրավիրում և պահանջելու ենք համապատասխան ընթացակարգով վիճարկում»,- նշեց նա՝ հավելելով, որ  «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում «այս ապօրինություններին»։ Նա հիշեցրեց, որ իրենք պահանջել են ԱԱԾ տնօրենի, ԱԳ նախարարի և պաշտպանության նախարարի մասնակցությամբ քննարկում, մինչդեռ տեսնում են, որ լարված իրավիճակ է առաջանում։ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանն էլ հայտնեց, որ իրենք միանում են ընդդիմադիր մյուս խմբակցությանը և չեն մասնակցելու հարցի քննարկմանը։ «Հաշվի առնելով, որ այսօրվա օրակարգում ընդգրկված հարցերը, իրենց ընտրությունը առաջին հերթին թե՛ համայնքների, թե՛ խոշորացման տրամաբանության ընտրությունը պարզ, տեսանելի քաղաքական, խիստ քաղաքական, անցանկանի ՏԻՄ ղեկավարներին հեռացման նպատակ է հետապնդում, ինչպես նաև միանալով «Հայաստան» խմբակցության հնչեցրած առաջարկներին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը ևս չի մասնակցելու այս հարցի քննարկմանը»,- ընդգծեց նա։ Infocom-ի՝ համայնքների խոշորացմանը վերաբերող շարքին կարող եք ծանոթանալ այստեղ
11:22 - 24 սեպտեմբերի, 2021
Հատկապես այս փուլում կարևոր եմ համարում Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը. Արթուր Վանեցյան

Հատկապես այս փուլում կարևոր եմ համարում Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրել է․ «Վերջին օրերին Հայաստանի բարեկամ Իրանի հասցեին Ադրբեջանից տարբեր մակարդակներով հնչում են անընդունելի և սադրիչ հայտարարություններ, արվում են ակնհայտ հակաիրանական քայլեր, որոնք միտված են տարածաշրջանում ապակայունացման հերթական ալիքի և նոր ռիսկերի ու մարտահրավերների ձևավորմանը։ Ադրբեջանում թուրքական կողմի հետ համատեղ անցկացվող պարբերական զորավարժություննեըը ևս հստակորեն ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքուն և Անկարան որևէ ցանկություն չունեն իրենց երկարաժամկետ քաղաքականությունը կառուցելու տարածաշրջանային խաղաղության հասնելու տրամաբանության շրջանակներում և ռազմատենչ ծավալապաշտական նկրտումներ ունեն ոչ միայն Հայաստանի ու Արցախի հանրապետությունների նկատմամբ։  Ուստի չափազանց կարևոր եմ համարում հատկապես այս փուլում Հայաստանի  բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը, դրանց որակական նոր մակարդակի բարձրացումը, միջազգային ասպարեզում համատեղ շահերի տիրույթում միմյանց անվերապահ աջակցության տրամադրումը, ինչն էլ հենց իրական կդարձնի մեր տարածաշրջանում երկարաժամկետ արդար և արժանապատիվ խաղաղության հաստատումը»։       
14:42 - 23 սեպտեմբերի, 2021
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հրաժարվել է պարգևավճարները ստանալուց. այն կուղղվի պատերազմի մասնակիցների խնդիրների լուծմանը

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հրաժարվել է պարգևավճարները ստանալուց. այն կուղղվի պատերազմի մասնակիցների խնդիրների լուծմանը

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն է տարածել․ «Այսօր տեղեկացանք, որ ՀՀ անկախության 30 ամյակի առթիվ ԱԺ բոլոր պատգամավորները ստացել են միանվագ դրամական պարգևատրում: Արցախյան վերջին պատերազմի հետևանքով՝ - զոհվել են հազարավոր հայորդիներ, որոնցից շատերը ընտանիքի միակ կերակրողն էին, - հազարավոր պատերազմի մասնակիցներ մինչ օրս կարիք ունեն որակյալ բժշկական օգնության, - տասնյակ հազարավոր տեղահանվածներ չունենալով մշտական տանիք և կայուն ապրուստի միջոց ապավինում են պետության միջոցներից և այլ աղբյուրներից ստացվող սոցիալական օգնություններին, - ինչպես նաև առկա են բազմաթիվ այլ սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Հաշվի առնելով այս ամենը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն կարող լինել այն ազգընտիր պատգամավորների շարքում, որոնք շարունակում են ստանալ պարգևավճարներ, ապրել սովորական կյանքով՝ կարծես ոչինչ տեղի չի ունեցել: «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարում է, որ փոխանցված պարգևավճարները ուղղվելու են վերը նշված սոցիալական խնդիրների լուծմանը»:
13:07 - 17 սեպտեմբերի, 2021
Իշխանություններն ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով եւս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական կեղծարարությունը․ Աննա Մկրտչյան

Իշխանություններն ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով եւս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական կեղծարարությունը․ Աննա Մկրտչյան

Աշխարհի բոլոր պետությունների համար օրինաչափություն է, որ պետական սահմանն ու հարաբերությունները երրորդ պետության հետ պետք է կարգավորվեն միջազգային եւ երկկողմ փաստաթղթերով։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարություններին, թե «Վարչատարածքային բաժանաման մասին» օրենքով ուրվագծվել են ՀՀ եւ Ադրբեջանի սահմանները․ «Էդ անհեթեթությունը, որ անընդհատ շեշտվում է, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը պատասխանել է էդ հարցին, ուղղակի աբսուրդ է։ Յուրաքանչյուր օրենքի ընդհանուր դրույթների մասում հստակ սահմանվում է, թե էդ օրենքն ինչին է ուղղված, ինչ է կարգավորում եւ հասարակական հարաբերությունների որ շրջանակն է ամրագրում։ Ես վստահ եմ, էդ օրենքում չեք գտնի մի բառակապակցություն առ այն, որ դրանով կարգավորովում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է Որոտանի ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական անցակետի շուրջ քննարկումներին՝ Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ խառնաշփոթը միտումնավոր է ստեղծվում․ «Որովհետեւ դեռեւս Սեւ լճի  շուրջ տեղի ունեցող գործողությունների ընթացքում, երբ, իշխանությունների խոսքով, 1000-ից ավելի ադրբեջանցիներ ուղղակի ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, իշխանությունները պնդում էին, որ, այո՛, կա ագրեսիա, որը պետք է համարժեք արձագանք ստանա։ Հիմա իրենք իրենց հռետորաբանությունը ամբողջությամբ փոխել են, անգամ ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով եւս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական կեղծարարությունը, որպեսզի ադրբեջանցիները կարողանան հիմք ընդունել նաեւ մեր կառավարության մեջբերումները եւ աշխարհին ներկայանան ոչ թե որպես ագրեսոր, այլ երկու պետություններ, որոնք ունեն սահմանային վեճ։ Դա ամենեւին այդպես չէ․ մենք խնդիր ունենք մեր պետական սահման ներուժած անձանց հետ, եւ հիմա, ըստ էության, պայքար չենք իրականացնում»,- ասաց Աննա Մկրտչյանը։ Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
12:05 - 17 սեպտեմբերի, 2021
Տիգրան Աբրահամյանն առաջարկում է ձևավորել աշխատանքային խումբ,որը կծանոթանա սահմանային իրավիճակին |armenpress.am|

Տիգրան Աբրահամյանն առաջարկում է ձևավորել աշխատանքային խումբ,որը կծանոթանա սահմանային իրավիճակին |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն առաջարկում է Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ձևավորել աշխատանքային խումբ կամ խմբեր սահմանային իրավիճակին ծանոթանալու ու ճիշտ գնահատական տալու համար։ «Ես առաջարկում եմ, որպեսզի հանձնաժողովը խումբ կամ խմբեր ձևավորի և տեղում դաշտային աշխատանքներ իրականացնի՝ սկսած Երասխից, վերջացրած՝ Գորիս, Կապան, Սոտք, Խոզնավար հատվածում։ Առաջին նպատակը իրավիճակային գնահատական տալն է, որը ստեղծվել է մեր սահմանների շուրջ, երկրորդը՝ ծանոթանալն է աշխատանքների ընթացքին։ Անհրաժեշտություն կա նաև ֆիքսելու այդ աշխատանքների ծավալը, որպեսզի հնարավորություն ունենանք հանձնաժողովի հաջորդ նիստում պատասխանատուների ներկայության պայմաններում շատ ավելի ճշգրիտ հարցադրումներ անել»,-  հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց Աբրահամյանը։ Պատգամավորը խիստ մտահոգիչ է համարում վերջին շրջանում ստացած ազդակները։
14:57 - 13 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանն ամենատարբեր նկատառումներով կարող է Գորիս-Կապան ճանապարհը վերջնականապես փակել և լուրջ խնդիրներ ստեղծել․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն ամենատարբեր նկատառումներով կարող է Գորիս-Կապան ճանապարհը վերջնականապես փակել և լուրջ խնդիրներ ստեղծել․ Տիգրան Աբրահամյան

Գորիս-Կապան միջպետական մայրուղու Քարահունջ-Որոտան տեղամասում ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայումը գալիս է լրացնելու ավելի վաղ այդ հատվածում քարի արգելապատնեշների տեղակայմանը, ինչը ստիպում է այդտեղով երթևեկող վարորդների էապես սահմանափակելու արագությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։   Նա հիշեցրել է, որ բետոնե արգելապատնեշներ տեղակայվել է նաև նույն մայրուղու Շուռնուխ-Կարմրաքար տեղամասում, և նշել, որ չի բացառվում՝ այդտեղ էլ ադրբեջանական ոստիկանական կետ կտեղակայվի։   «Այս թեմայի հետ կապված ուշագրավ է Սյունիքի մարզպետի այն հայտարարությունը, թե «ռուս և ադրբեջանցի սահմանապահներն են այդ հատվածում հսկողություն իրականացնում»։ Ինչպիսի՞ հսկողություն են իրականացնում այդ հատվածում ռուս և ադրբեջանցի սահմանապահները, որն է դրանում Ադրբեջանի դերը և իրականում ի՞նչ վերջնանպատակ է ենթադրում։   Հարցեր, որոնք պատասխաններ այս պահին չունեն, սակայն շատ կարևոր կլինեին հասկանալու, թե առաջիկայում ինչ նոր մարտահրավերների առաջ ենք կանգնելու Ադրբեջանցիների՝ այդ հատվածում ակտիվությունը ստիպում է մտածել, որ կա նախապես գծված սցենար և ադրբեջանցիները շարժվում են դրանով, որից ամենայն հավանականությամբ տեղյակ են նաև հայաստանյան իշխանությունները։   Արդյո՞ք Հայաստանի քաղաքացին ունի երաշխիք, թե ինչ-որ մի օր Ադրբեջանն այդ հատվածներում անձնագրային կամ մեկ այլ տիպի ռեժիմ չի սահմանի, իհարկե չունի։   Դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանն ամենատարբեր նկատառումներով կարող է այդ ճանապարհը վերջնականապես փակել և լուրջ խնդիրներ ստեղծել։ Իսկ դրանք միայն անվտանգային սպառնալիքներով չի սահմանափակվելու։ Իշխանությունն այս սպառնալիքներին հակադրում է արդեն իսկ տարբեր առիթներով հնչեցրած գիծը՝ դա ադրբեջանական տարածք է, ինչ ուզում անում են։ Իսկ թե այդ ամենի հետևանքով Հայաստանն ինչ նոր վտանգների առաջ է կանգնում, իշխանությանը ոչ միայն չի հուզում, այլ այդ ուղղությամբ համարժեք քայլեր չեն իրականացվում»,- գրել է Աբրահամյանը։
12:57 - 11 սեպտեմբերի, 2021
20 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու համար

20 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու համար

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ-ում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀԿ Արթիկի շրջանային կոմիտեի կազմակերպիչ, 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Սուսաննա Տոնոյանը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում նախնական համաձայնության է եկել Անահիտ Մարտիրոսյանի, Շարմաղ Հարությունյանի ու Մանուշակ Սեդյանի հետ` ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Շիրակի մարզի ընտրողներին կաշառք տալու հարցում: «Հանցավոր դիտավորությունն իրագործելու նպատակով Սուսաննա Տոնոյանը վերը նշված անձանց, ինչպես նաև Երջանիկ Գալոյանին, Ելենա Սահակյանին, Գևորգ Սարգսյանին առաջարկել, խոստացել և տրամադրել է ընդհանուր ավելի քան 800.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը վերջիններս պահել են իրենց, իսկ մնացած մասը բաժանել մարզի ընտրողներին` յուրաքանչյուրին 10 000-ական ՀՀ դրամի չափով»,- մանրամասնում են Ազգային անվտանգության ծառայությունից: Մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ երկու և ավելի անձանց կաշառք տալու և կաշառք տալու փորձի համար Սուսաննա Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Եվս 19 անձի, այդ թվում` Անահիտ Մարտիրոսյանին, Շարմաղ Հարությունյանին, Երջանիկ Գալոյանին, Ելենա Սահակյանին, Գևորգ Սարգսյանին և Մանուշակ Սեդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի տարբեր մասերով: Մեղադրյալներից 15-ը տվել են խոստովանական ցուցմունքներ և ընդունել են իրենց առաջադրված մեղադրանքները: 20 մեղադրյալներից 8 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական օրենսգրքրի 72-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածով նախատեսված` գործուն զղջալու հիմքով, իսկ 12 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:32 - 10 սեպտեմբերի, 2021
«Պատիվ ունեմ»-ը դատապարտում է «Խաղաղություն տարածքների դիմաց» օրակարգը». Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության անդամները հյուրընկալել են ՀՀ Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներին

«Պատիվ ունեմ»-ը դատապարտում է «Խաղաղություն տարածքների դիմաց» օրակարգը». Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության անդամները հյուրընկալել են ՀՀ Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներին

Սեպտեմբերի 1-ին ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության անդամները հանդիպել են Արցախում գտնվող ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ու խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը: Ողջունելով հյուրերին՝ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասել է, որ հետևում են Հայաստանի խորհրդարանի անցուդարձին ու ափսոսանք է հայտնել Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության տապալման կապակցությամբ: Դավիթ Գալստյանը ներկայացրել է Արցախի բնակչությանը մտահոգող հիմնախնդիրները, խոսել է 2 խորհրդարանների ընդդիմադիր ուժերի փոխգործակցության խորացման անհրաժեշտության մասին: «Մեր համագործակցությունը մշտական է լինելու»,-պատասխան խոսքում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Նա շեշտել է, որ հետամուտ են լինելու Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման, օկուպացված տարածքների վերադարձի հարցում: ««Պատիվ ունեմ» խմբակցությունը արժանապատիվ խաղաղության կողմնակից է ու դատապարտում է «Խաղաղություն տարածքների դիմաց» օրակարգը»,- ընդգծել է Արթուր Վանեցյանը:
17:11 - 01 սեպտեմբերի, 2021
Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է  ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված  պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն: Մասնավորապես,  Արա Մկրտչյանը, նպատակ ունենալով հնարավորինս բացառել  իր ղեկավարած համայնքի բնակիչների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկությունները, միաժամանակ` «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար, 2021 թվականի հունիսի 17-ին Քասախ համայնքի վարչական շրջանում գտնվող «Նեվրոզների կլինիկա» ՓԲ ընկերության տնօրենի հետ միասին կազմակերպել և անցկացրել է ժողով ընկերության աշխատակիցների մասնակցությամբ, որոնց մեծ մասը եղել են Քասախ համայնքի բնակիչներ: Արա Մկրտչյանը, օգտագործելով օրենքով իրեն վերապահված` հիշյալ համայնքի բնակիչների իրավունքների ու պարտականությունների հետ կապված մի շարք կարևոր լիազորություններ ունենալու հանգամանքը, ինչպես նաև շահարկելով դստեր` Աննա Մկրտչյանի` «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների ցուցակի 3-րդ տեղում ընդգրկված լինելը և արտահայտելով իր մերժողական դիրքորոշումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ, նախկին տարիներին որպես համայնքի ղեկավար իր լիազորություններն իրականացնելը ներկայացրել է իբրև համայնքի բնակիչների համար կատարած «լավություն»: Այնուհետև, նշելով, որ ժամանակն է կատարվածի դիմաց պատասխան «լավությունը» ստանալու, Արա Մկրտչյանը գույքին վնաս պատճառելու, այն է՝ տարիներ առաջ արված ասֆալտը քանդելու, այդ կերպ տվյալ համայնքի և ընկերության աշխատակիցների աշխատանքային, կենցաղային պայմանները վատթարացնելու սպառնալիքով ժողովին ներկա անձանց հարկադրել է դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միաժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին: Բացի այդ, Արա Մկրտչյանը նույն ժողովի ընթացքում Քասախ համայնքի բնակիչներին բարեգործության անվան տակ խոստացել է մատուցել ծառայություններ` ԱԺ արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դեմ քվեարկելու և «Պատիվ ունեմ» դաշինքի հաղթանակի դեպքում մրցույթ հայտարարել և ասֆալտապատել «Նեվրոզների կլինիկա» ՓԲ ընկերության հարակից տարածքն ու այգի կառուցել: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 154.2-րդ հոդվածի 5.1-րդ մասի 2-րդ կետով:
18:18 - 31 օգոստոսի, 2021