Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Սաակաշվիլու գրքի թարգմանչի արձագանքը՝ Արցախի հարցի վերաբերյալ Սաակաշվիլու գրառմանը

Սաակաշվիլու գրքի թարգմանչի արձագանքը՝ Արցախի հարցի վերաբերյալ Սաակաշվիլու գրառմանը

Մեր հարևան Վրաստանում առաջիկայում սպասվող ընտրություններում երկրի ղեկավարի պաշտոնին հավակնող Միխեիլ Սաակաշվիլին հանդես է եկել կտրուկ և ոչ հավասարակշռված հայտարարությամբ, որով պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Քաղաքացու որոշում կուսակցության անդամ, Սաակաշվիլու Ուժերի զարթոնք գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանը։   «Ուզում եմ հատուկ նշել, որ այս կոնֆլիկտը ծագել է, երբ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը Ադրբեջանը պատասխանել է ագրեսիայով։ Այս համատեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության փաստարկը ոչ այլ ինչ է, քան խրախուսման մեխանիզմ՝ նորանոր ագրեսիաների համար, ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ աշխարհի այլ կետերում։ Եվ այս արձանագրումը միջազգային հանրության կողմից երաշխիք կդառնա աշխարհի տարբեր կետերում արկածախնդիր ագրեսորներին զսպելու հարցում։   Կարծում եմ՝ պարոն Սաակաշվիլին կարիք ունի տարածաշրջանին նայելու ոչ միայն նախընտրական հաշվարկների, այլև երկարաժամկետ կայունության տեսանկյունից, որովհետև մենք ոչ մի տեղ չենք կորչելու և հաճախ ենք ստիպված լինելու առնչվել մեկս մյուսի համար նուրբ հարցերի»,- գրել է Նահապետյանը։   Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ անդրադարձել է Արցախի սահմանին տեղի ունեցող իրադարձություններին՝ Արցախը ներկայացնելով որպես Ադրբեջանի մաս։
17:12 - 28 սեպտեմբերի, 2020
ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ բնակավայրերը լքած արցախցիներին ընդունելու համար հրապարակումներ կատարելուց

ԱԱԾ-ն հորդորում է զերծ մնալ բնակավայրերը լքած արցախցիներին ընդունելու համար հրապարակումներ կատարելուց

ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Սիրելի՛  հայրենակիցներ, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններով պայմանավորված, հայրենասիրական և մարդասիրական մղումներից ելնելով, www.facebook.com սոցիալական ցանցում մեր հայրենակիցները սկսել են կատարել գրառումներ, որոնցում պատրաստակամություն են հայտնում իրենց տներում ընդունել ռազմական գործողությունների հետևանքով սեփական բնակավայրերը լքած արցախցիներին: Ամենայն հարգանք տածելով մեր հայրենակիցների մարդասիրական և հայրենասիրական մղումների հանդեպ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է հետայսու զերծ մնալ նմանատիպ հրապարակումներ կատարելուց, քանի որ հակառակորդը դրանք կարող է օգտագործել ապատեղեկատվական սադրանքներ իրականացնելու համար: Միաժամանակ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարություններն իրականացնում են լիակատար ու համապարփակ կառավարում և ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցառումներն, այդ թվում՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ: Նման անհրաժեշտություն ծագելու դեպքում կտրվի պաշտոնական հաղորդագրություն»:
16:46 - 28 սեպտեմբերի, 2020
Կյանքի և լինելու համար կռվում մենք հետքայլի տեղ չունենք, հաղթելու ենք. ՀՀ ԱԺ պատգամավոր |armenpress.am|

Կյանքի և լինելու համար կռվում մենք հետքայլի տեղ չունենք, հաղթելու ենք. ՀՀ ԱԺ պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը կյանքի և գոյության համար կռվում հետքայլի տեղ չունի, հաղթելու է: Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը՝ խորհրդարանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագծի քննարկմանը: «Կյանքի և լինելու համար կռվում մենք հետքայլի տեղ չունենք: Մենք զիջելու տեղ չունենք, ունենք մի անելիք՝ լինել միասնական և հաղթել: Հավերժ փառք ու պատիվ բոլոր հայրենակիցներին, որոնք այս կռվում զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը՝ պարտավորեցնելով մեզ ապրել»,-ասաց Հայրապետյանն ու ցավակցեց, իր զորակցությունը հայտնեց բոլոր հերոս տղաների հարազատներին, նրանց ընտանիքներին: Պատգամավորը շեշտեց, որ իրավիճակը բարդանում է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության պայմաններում: «Այդուհանդերձ մենք հաղթելու ենք մեր միասնական ուժով, իսկ մեզ բնաջնջելու փորձերն ամբողջությամբ ձախողվելու են և ծանր հետևանքներ ունենալու՝ այդ փորձերն անողների համար»,-ասաց Հայրապետյանը: Նա կարևորեց նաև այս օրերում միջազգային հարթակներում տեղ հասցնել և ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալ Ադրբեջանին և նրան ակտիվորեն աջակցող Թուրքիայի ֆաշիստական էությունը: Պատգամավորն այս առումով կոչով դիմեց տարբեր երկրների մայրաքաղաքներում գտնվող ՀՀ դեսպաններին ու դիվանագետներին: «Հաղթելու ենք»,-եզրափակեց պատգամավորը:
16:36 - 28 սեպտեմբերի, 2020
Մենք չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ. նախագահ Արմեն Սարգսյանն

Մենք չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ. նախագահ Արմեն Սարգսյանն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացման խոսքով հանդես է եկել առցանց անցկացվող կիբերանվտանգության միջազգային խոշոր «CYBERSEC2020» համաժողովին, որը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի հետ գործընկերությամբ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից  տեղեկացնում են, որ համաժողովի մասնակիցների թվում են նաև Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Մարգրետ Վեստագերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչեա Ջոանան, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Դիտա Չարանզովան, տարբեր երկրների պաշտպանական գերատեսչությունների, գլոբալ ընկերությունների ղեկավարներ: «CYBERSEC»-ը համարվում է կիբերանվտանգության խնդիրներին նվիրված եվրոպական ամենախոշոր համաժողովներից մեկը, որի նպատակն է քննարկել նոր տեխնոլոգիաների հետևանքով առաջացած մարտահրավերներն ու վտանգներն, ինչպես նաև թվային լուծումներն ու տեխնոլոգիաներն ի շահ հանրությունների օգտագործելու հնարավորությունները: Հանդես գալով բացման խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ներկայիս գերփոխկապակցված աշխարհում կիբերանվտանգության ոլորտի խնդիրներին ու սպառնալիքներին, դրանց հաղթահարման հնարավորություններին: Հայաստանի նախագահը հատկապես ընդգծել է երկխոսության կարևորությունը ժամանակակից աշխարհում: «Երկխոսությունը կարևոր է: Երկխոսությունն է լուծումը, ոչ թե տեխնոլոգիաները: Յուրաքանչյուր տեխնոլոգիայի դեմ կհայտնվի մի նոր տեխնոլոգիա, և եթե փորձես ինքդ քեզ պաշտպանել միայն տեխնոլոգիաներ օգտագործելով, ապա շատ հավանական է՝ ձախողվես»,-ասել է նախագահ Սարգսյանը: Ընդգծելով, որ մարդկային երկխոսությունն ամենակարևորն է, Հայաստանի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի հրահրած ռազմական վերջին գործողություններին. «Հայաստանի նման երկիրն ամեն օր դիմակայում է կիբերսպառնալիքներին, որոնք գալիս են ոչ միայն մեր հարևան Ադրբեջանից, այլև Թուրքիայից, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Ցավոք սրտի, այս վիրտուալ սպառնալիքն ավելի և ավելի նյութական է դառնում: Թերևս լսել եք, որ Ադրբեջանը կիրակի օրը հակամարտություն է սկսել Լեռնային Ղարաբաղի սահմաններին: Պետք է հայտարարեմ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ադրբեջանին իր էլեկտրոնային դրոնների՝ կիբերհարձակումների, ինչպես նաև անձնակազմի՝ խորհրդատուների, վարձկանների և անգամ F-16 կործանիչների միջոցով: Սա ողջ աշխարհում բնակվող ցանկացած հայի համար ինչ-որ առումով ուրվականի վերադարձ է: Եվ եթե այդ ուրվականը ի սկզբանե վիրտուալ էր, ապա այն այժմ դարձել է նյութական: Ինչու եմ ասում ուրվական. դա Օսմանյան կայսրության ուրվականն է, որը 105 տարի առաջ ծրագրեց և իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Ոչ մի դեպքում մենք չենք կարող թույլ տալ, որ այդ ցեղասպանությունը կրկնվի: Որտե՞ղ է լուծումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում լուծումը նույնպես երկխոսությունն է, երկխոսությունը կողմերի միջև: Գոյություն ունի հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ունի երեք համանախագահ երկրներ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Մենք պետք է վերադառնանք երկխոսության: Թե՛ նյութական, թե՛ կիբերհակամարտությունների պարագայում կա լուծման միայն մեկ ճանապարհ՝ երկխոսություն»: Արձագանքելով նախագահ Սարգսյանի խոսքին՝ գագաթնաժողովի մոդերատորը մասնավորապես ասել է. «Մենք համաձայն ենք Ձեզ հետ, պարոն նախագահ, որ երկխոսությունը կարևոր է: Խոսելով երկխոսության և այս դժվարին ժամանակների մասին՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեր մտքերը ներկայացնելու համար: Ահա թե ինչպես է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը մեկնաբանել իրավիճակը. «ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին տեղեկությունների առնչությամբ: Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները՝ հասնելու խաղաղ կարգավորման: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»:
16:30 - 28 սեպտեմբերի, 2020
Ռոումինգի սակագնի զրոյացումը հայաստանյան օպերատորների որոշումով չէ, որ պետք է իրականացվի․ շարժական կապի օպերատորների հայտարարությունը

Ռոումինգի սակագնի զրոյացումը հայաստանյան օպերատորների որոշումով չէ, որ պետք է իրականացվի․ շարժական կապի օպերատորների հայտարարությունը

Հայաստանի շարժական կապի օպերատորների հայտարարությունը․«Սիրելի՛ հայրենակիցներ,Մենք և մեր գործընկեր-օպերատորներն անթիվ-անհամար կոչեր, գրություններ ու պահանջներ ենք ստանում Արցախում ռոումինգի վերաբերյալ։ Նշենք, որ հայաստանյան օպերատորների բաժանորդների կողմից իրականացվող զանգերի աննախադեպ ծավալը Ղարաբաղ Տելեկոմի մեծագույն ջանքերի շնորհիվ է սպասարկվում, սակայն գերծանրաբեռնվածության պայմաններում այս հնարավորությունը ևս վտանգված է։Հայաստանյան օպերատորների և Արցախի օպերատորի հնարավորություններն ու բաժանորդների քանակն անհամեմատելի են։ Ղարաբաղ Տելեկոմի կողմից զանգերի սպասարկումը դժվարացել է նաև այն պատճառով, որ նշանառության տակ են առնվել Արցախի միակ օպերատորի ցանցային ենթակառուցվածքը և մեր տվյալներով պատճառել այնպիսի վնաս, որի վերականգնումը պահանջում է ժամանակ, ինչպես նաև մարդկային և ֆինանսական լուրջ ռեսուրսներ։Առհասարակ՝ ռոումինգը ոլորտի ստանդարտ է, որը տեխնիկապես ներդրված է՝ հիմք ընդունելով հեռահաղորդակցության ոլորտի միջազգային և ներպետական իրավական կարգավորումները: Հայաստանյան օպերատորները գործում են պետության կողմից տրամադրված լիցենզիայի շրջանակներում՝ բացառապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:Նշենք, որ ռոումինգի սակագնի զրոյացումը հայաստանյան օպերատորների որոշումով չէ, որ պետք է իրականացվի։ Պարզաբանենք ռոումինգի գնագոյացման մոդելը. կարգավորող մարմնի որոշումով սահմանվել է փոխկապակցման միջօպերատորական սակագին, որից հետո ՀՀ և ԱՀ կարգավորող մարմինների ու օպերատորների միջև ստորագրվել է Հուշագիր, որի հիման վրա սահմանվել է բաժանորդների համար առավելագույն սակագին, որը հայաստանյան բոլոր երեք օպերատորների դեպքում նույնն է: Սակագնի զրոյացումը բերելու է Ղարաբաղ Տելեկոմի ցանցի ավելի մեծ ծանրաբեռնվածության, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է Ղարաբաղ Տելեկոմի ցանցի խափանման՝ թողունակության սահմանափակ լինելով պայմանավորված։ Եկեք չանտեսենք այն փաստը, որ Ղարաբաղ Տելեկոմի աշխատանքի շնորհիվ է, որ հայաստանյան օպերատորների բաժանորդները հնարավորություն ունեն կապի մեջ լինել Արցախի մեր հայրենակիցների հետ։ Այսօր ամենակարևոր խնդիրը զանգեր ընդունող ցանցի՝ Ղարաբաղ Տելեկոմի ֆինանսական ու տեխնիկական հնարավորությունների ապահովումն է՝ զանգերի մեծ ծավալը սպասարկելու ու կորուստները վերականգնելու առումով։Խնդիրը բարձրաձայնողների մղումներն ազնիվ են ու հասկանալի: Այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ Ղարաբաղ Տելեկոմի ցանցի գոյությունը և պահպանումը ոչ մի պարագայում չի կարելի վտանգել։Հայաստանյան երեք օպերատորներով հորդորում ենք առանց ծայրահեղ անհրաժեշտության չզանգահարել Արցախ և չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը՝ անդադար զանգերով և հաղորդագրություններով: Արցախի օպերատորի ցանցն այսօր ավելի քան երբևէ ռազմավարական ու կենսական անհրաժեշտության ենթակառուցվածք է, որի պահպանության ու անխափան աշխատանքի համար անհրաժեշտ է մեզանից յուրաքանչյուրի հոգատար վերաբերմունքն ու ջանքերը։Շնորհակալություն ըմբռնման համար:UcomBeelineՎիվա-ՄՏՍ»
16:10 - 28 սեպտեմբերի, 2020
Հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի կողմից մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ արձակելու փաստերով

Հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի կողմից մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ արձակելու փաստերով

Հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և շփման գծի ողջ երկայնքով, մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ արձակելու փաստերով։ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ծառայողական պարտքը կատարելու հետ կապված ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՀ պաշտպանության բանակի երկու և ավելի զինծառայողների ապօրինաբար կյանքից զրկելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, վնասելու դեպքերի առթիվ:2020թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը կազմակերպել և իր զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ուժերով, շփման գծի ողջ երկայնքով, իրականացրել է լայնածավալ հարձակում՝ ՀՀ պաշտպանության նախարարության և Պաշտպանության բանակի զինված ուժերի մարտական հենակետերի և զորամասերի մշտական տեղակայման վայրերի ուղղությամբ:Նշված գործողությունների արդյունքում՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ռազմական ավիացիայից, հարվածային անօդաչու թռչող սարքերից, զրահատեխնիկայից ու հրթիռա-հրետանային տարբեր միջոցներից արձակված կրակոցներից, սպանվել և վիրավորել են պաշտպանության բանակի զինծառայողներ, ինչպես նաև պայթյունի և հանրավտանգ այլ եղանակով դիտավորությամբ ոչնչացվել են մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերի, մարտական դիրքերի շինություններ, ռազմական գույք և սպառազինության այլ միջոցներ` պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Ա.Կրկյաշարյանի որոշմամբ՝ քրեական գործով նախաքննություն կատարելու համար ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ա.Ասլանյանը, ում հանձնարարվել է քրեական գործն ընդունել վարույթ, տեղում կազմակերպել քննչական խմբի քննիչների աշխատանքը և ղեկավարել նրանց գործողությունները:
16:04 - 28 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանում արգելափակվում է անկախ լրատվամիջոցների աշխատանքը |factor.am|

Ադրբեջանում արգելափակվում է անկախ լրատվամիջոցների աշխատանքը |factor.am|

factor.am: Այսօր առավոտից դադարեցվել է Ադրբեջանի անկախ լրատվամիջոցների ինտերնետի մատակարարումը։ Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը։ Միաժամանակ, լրատվամիջոցի փոխանցմամբ, իշխանամետ ու պետական լրատվամիջոցներն անխափան աշխատում են։ Ինտերնետի պատճառով մի քանի ժամով հետաձգվել է «Թուրան»-ի լրահոսի պատրաստման ու տարածման գործընթացը։ Լրատվամիջոցի բոլոր դիմումներին Կապի նախարարությունից  այդպես էլ ոչ ոք հասկանալի պատասխան չի տվել։ Ասվել է միայն՝ «Վերևից հրաման կա, մենք ոչինչ չենք կարող անել»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի Կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունը հայտարարել էր երկրում ինտերնետի հասանելիության սահմանափակման մասին։ «Մենք հուսով ենք, որ Ադրբեջանի քաղաքացիներн ըմբռնումով կմոտենան համացանցի սահմանափակումներին՝ կապված ռազմական իրավիճակի հետ»,- ասվում էր հաղորդագրությունում։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում տարածվող տեղեկությունների համաձայն էլ՝  Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում ինտերնետն ընդհանրապես անջատված է, իշխանություններն արգելափակել են նաև մի շարք սոցիալական ցանցերի հասանելիությունը։
15:58 - 28 սեպտեմբերի, 2020
ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը միաձայն՝ 118 կողմ ձայներով ընդունեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը: Հայտարարության նախագիծը հեղինակել են խորհրդարանի երեք խմբակցությունների պատգամավորներ: ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը հայտարարության նախագծի քննարկմանը կրկին օրակարգ բերեց Արցախի ճանաչման խնդիրը: «Մեր բոլորի բարոյական պարտքն է օրակարգ բերել Արցախի անկախության ճանաչումը, եթե կա անհրաժեշտություն, կազմակերպել խորհրդարանի փակ նիստ, քննարկել բոլոր այն արգումենտները, որ կարող է մեզ այսօր կաշկանդել ճանաչելու Արցախի անկախությունը: Դա մեր բարոյական պարտքն է, պետք է անենք»,-ասաց պատգամավորն ու համոզմունք հայտնեց, որ դա զսպող մեխանիզմ է լինելու: «Իմ քայլ»-ից Սոֆիա Հովսեփյանը շեշտեց, որ Արցախը, արցախցին ունեն ինքնորոշման իրավունք: «Եվ մենք այդ ինքնորոշման իրավունքին տեր ենք: Բավական է, որ մենք հույսներն դնենք միջազգային կառույցների վրա»,-ասաց նա: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ այս պատերազմը քաղաքակրթական և արժեբանական պատերազմ է: «Մինչ աշխարհի տարբեր մայրաքաղաքներում գրվում են դատապարտող դատարկ հայտարարությունները, այդ նույն պահին զոհվում են մեր զինվորներն ու խաղաղ բնակիչները»,-նշեց նա: «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանը շեշտեց, որ անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը՝ միջազգային հանրությանը հասցնելու ոչ միայն հայկական կողմի մարտական հաջողությունները, այլ նաև Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները և Թուրքիայի ագրեսիվ միջամտությունը: «Անհրաժեշտ է կրկնապատկել ջանքերը տեղեկատվությունը ճշգրիտ, թիրախային և արդյունավետ հասցնելու համար: Հերիք եղավ, հաղթելու ենք»,-նշեց պատգամավորը:
15:32 - 28 սեպտեմբերի, 2020
ԼՂ հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով. Դմիտրի Մեդվեդև |armenpress.am|

ԼՂ հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով. Դմիտրի Մեդվեդև |armenpress.am|

armenpress.am: Լեռնային  Ղարաբաղի հիմնախնդիրը հնարավոր չէ լուծել ուժային ճանապարհով, կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Այս մասին «Վկոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում գրել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր փուլը կրկին հանգեցրեց արյունահեղության, մարդկանց մահվան: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի կարող լուծվել բռնի ճանապարհով: Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով», - գրել է Մեդվեդևը: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահը Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է արել հանդարտվել, դադարեցնել սրացումը, զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, հակառակ դեպքում աղետից խուսափել հնարավոր չէ: «Ես  բազմիցս համոզվել եմ դրանում, այդ թվում նաև այն ժամանակ, երբ ես Ռուսաստանի Դաշնությունից միջնորդ էի հանդես գալիս երկու երկրների ղեկավարների բանակցությունների ընթացքում: Այժմ բոլոր կողմերը պետք է հանդարտվեն», - գրել է Մեդվեդևը:
15:21 - 28 սեպտեմբերի, 2020
ԱՀ նախագահն ու ՀՀ պաշտպանության նախարարն այցելել են բանակի մարտական կառավարման կենտրոն

ԱՀ նախագահն ու ՀՀ պաշտպանության նախարարն այցելել են բանակի մարտական կառավարման կենտրոն

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվող մարտական գործողությունների ընթացիկ ու հնարավոր հետագա զարգացումներին ծանոթանալու նպատակով սեպտեմբերի 28-ին բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Հայտնում է Արցախի ՊԲ-ն։ ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ: Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է ԱՀ ԶՈՒ-ի կողմից և ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելուհամար:
15:15 - 28 սեպտեմբերի, 2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է հայրենակիցներին՝ կապված միջոցների հավաքագրման նախաձեռնությունների հետ |shantnews.am|

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը դիմել է հայրենակիցներին՝ կապված միջոցների հավաքագրման նախաձեռնությունների հետ |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը դիմել է ռուսաստանաբնակ հայրենակիցներին՝ Ռուսաստանում Արցախի բնակչության համար միջոցների հավաքագրման տարբեր նախաձեռնությունների կապակցությամբ։«Վերջին օրերին մենք տեղեկանում ենք Արցախի բնակչությանն օգնելու նպատակով Ռուսաստանում միջոցների հավաքման տարբեր նախաձեռնությունների մասին, որոնք իրականացնում են առանձին կազմակերպություններ, հիմնադրամներ, կառույցներ, ինչպես նաև անհատներ։ Նախաձեռնությունները բազմաթիվ են, դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուղղվածությունն ու առանձնահատկությունը։ Միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում հանդիպում են նաև բավական կասկածելի հրապարակումներ և միջոցների հավաքագրման մասին անհատների կողմից կոչեր։ Խնդրում ենք այդ հարցերում լինել զգոն, ստուգել տեղեկության հավաստիությունը»։ Դեսպանատունը նաև կոնտակտային տվյալներ է տրամադրում օգնության հավաքագրման նախաձեռնությունների կազմակերպիչների համար, տալիս է նաև այն հիմնադրամների տվյալները, ուր մարդիկ կարող են ուղղել իրենց օգնությունը։
15:13 - 28 սեպտեմբերի, 2020
Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ ինքը՝ ինձ․ Փաշինյանը մանրամասնում է, թե Ալիեւն ինչ է խնդրել Դուշանբեում

Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ ինքը՝ ինձ․ Փաշինյանը մանրամասնում է, թե Ալիեւն ինչ է խնդրել Դուշանբեում

Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով։ Այս մասին լրագրող Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե Իլհամ Ալիեւն ինչ է խնդրել իրենից։ Մինչ երկու տարի առաջ Դուշանբեում Ալիեւի հետ ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին անդրադառնալը՝ Փաշինյանը նախ եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն այսօրվա կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է երկու անձ՝ մեկը՝ Արտաքին գործերի նախարարը, մյուսը՝ ինքը․ «Որեւէ երրորդ անձ որեւէ բանակցություն վարելու, քննարկում վարելու լիազորություն չի ունեցել, եւ դա կատարյալ անհեթեթություն է։ Ընդգծեմ, որ եւս մի պաշտոնյա՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որոշակի դերակատարում է ունեցել ձեզ հայտնի օպերատիվ կապի ապահովման գործում՝ իմ եւ Ադրբեջանի նախագահի միջեւ։ Բայց դա եղել է որոշակի սպասարկող գործառույթ, այսինքն՝ նա լիազորություն չի ունեցել Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցելու»։ Փաշինյանը հիշեցրեց, որ ինքն իր անունից խոսել է կոնֆիդենցիալ տեղեկության մասին՝ ելնելով կոռեկտությունից ելնելով, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, այսօր կարծում է՝ այդ մասին խոսելու ճիշտ ժամանակն է։ Վարչապետը նկատեց՝ Ալիեւն ասում է, թե ինքը Դուշանբեում եւ, ընդհանրապես, 2018 թվականի հեղափոխությունից հետո ժամանակ է խնդրել։ Փաշինյանը նկատեց՝ պարզ է, որ Հայաստանը շահագրգիռ է, որ հրադարարի ռեժիմը պահպանվի, ապա հարց հնչեցրեց՝ բա Ադրբեջանը եւ Ադրբեջանի նախագահը ինչո՞ւ էին շահագրգիռ, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենա․ «Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով, եւ այդ խնդրանքի իմաստը եղել է հետեւյալը․ եթե հիշում եք՝ այդ ժամանակաշրջանում Երեւանի քաղաքապետի ընտրություններն էին, եւ գործնականում ամեն օր մենք հանրահավաքներ էինք ունենում։ Այնպես ստացվեց, որ մի շարք հանգամանքների բերումով դրանից առաջ էլ ես մի շարք ելույթներով անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին եւ փորձում էի, այսպես ասած, խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ եւ որոշակի քննադատական խոսքեր էի հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Եւ Իլհամ Ալիեւի շահագրգռությունը, որ էնտեղ ինչ-որ համաձայնություն տեղի ունենա, մի բանի վերաբերյալ էր, որ ինքն ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ այդ ելույթներից ձեռնպահ մնամ»,- մանրամասնեց Փաշինյանն ու հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ, շատ պարզ պատճառով։ Վարչապետի խոսքով այդ շրջանում՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, աշխարհը եւ տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը ոգեւորված էին, Ադրբեջանի սոցիալական ցանցերում քննարկվում էր, որ այս ալիքը շուտով կհասնի Ադրբեջան, եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այդ ելույթներն իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահրել Ադրբեջանում․ «Ալիեւն անձամբ է խնդրել, եւ Դուշանբեի համաձայնությունների կետերը ես ինքս եմ ձեռագրով գրել բլոկնոտի վրա, եւ մենք այդ կետերը քննարկել ենք ու արձանագրել, որ եկանք համաձայնության։ Ես գոհ եմ, որ էդպիսի համաձայնություն է ձեռք բերվել, որովհետեւ նախ Ադրբեջանի ներքին հարցերն ամենեւին էլ իմ օրակարգի հարցերը չեն, եւ երկրորդը՝ դրա արդյունքում հայ զինվորների կյանքեր են խնայվել, եւ ես դրա համար գոհ եմ»։ Բայց այստեղ, Փաշինյանի համոզմամբ, ամբողջ կոնտեքստն այն բանի մեջ է, որ այսօր Ադրբեջանի նախագահն ասում է՝ ինքն այն ժամանակ չօգտվեց առիթից, մեծահոգաբար հնարավորություն տվեց Հայաստանին, որպեսզի հետհեղափոխական իշխանությունը կայանա։ Իրականում, ՀՀ վարչապետի վստահեցմամբ, հակառակն է։ Այդ ժամանակ Ալիեւի իշխանությունը ոչ Ղարաբաղի հարցով էր մտահոգված, ոչ էլ ուրիշ բաներով, նա մտահոգված էր մի բանով, որ հեղափոխական ալիքն Ադրբեջան չհասնի․ «Ե՛ւ այս փաստը, ե՛ւ հետագա փաստերն ի վերջո գալիս են ի ցույց դնելու, որ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի հարց է, այլ ընդամենը սեփական իշխանությունը եւ բռնատիարական համակարգը պահպանելու միջոց, եւ մենք այսօր էլ ենք այդ իրավիճակը տեսնում»,- եզրափակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
15:00 - 28 սեպտեմբերի, 2020
Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը․ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ անհանգստանալու առիթ է Մոսկվայի և շատ այլ երկրների համար»,- մեկնաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը մեջբերում է Ռիա Նովոստին։ Կարծում ենք, որ ռազմական գործողությունները պետք է անհապաղ դադարեցվեն, իսկ հակամարտության կարգավորումը և ներկայիս սրման հետևանքները պիտի տեղափոխվեն քաղաքադիվանագիտական հարթակ», - ասել է նա։ Պատասխանելով տարածաշրջանում իրավիճակի պայմաններում Ռուսաստանի մարտական պատրաստության բարձրացման հնարավորության մասին հարցին՝ Պեսկովն հայտարարեց, որ այս պահին ռազմական հնարավորությունների մասին խոսք չի գնում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը ավելացրեց, որ Մոսկվան կապվել է Անկարայի հետ Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված։
14:57 - 28 սեպտեմբերի, 2020