Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Մարքույանը ռազմագերիներին Ադրբեջանում ռազմական շքերթին ներկայացնելու լուրերի վերաբերյալ նամակ է ուղարկել միջազգային կառույցների ղեկավարներին

Մարքույանը ռազմագերիներին Ադրբեջանում ռազմական շքերթին ներկայացնելու լուրերի վերաբերյալ նամակ է ուղարկել միջազգային կառույցների ղեկավարներին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։ Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ հայ ռազմագերիների վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ նամակն իմ կողմից ուղարկվել է՝- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին,- ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուրերին,- ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին,- ԵԽԽՎ նախագահ Ռիք Դամսին։ «Ձեզ եմ դիմում՝ ակնկալելով անհապաղ գործողություններ՝ պաշտպանելու համար Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կոնվենցիոնալ իրավունքները։ Մասնավորապես՝ մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։ Այս տեղեկությունները սարսուռ են առաջացնում։ Եթե այս ենթադրությունները համապատասխանում են իրականությանը, ապա Ադրբեջանի գործողություններն անցնում են քաղաքակիրթ պետությանը վերագրելի ցանկացած թույլատրելի սահման։ Նման քայլն արգելված է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. Ժնևի կոնվենցիայով, որի 13-րդ և 14-րդ հոդվածների համաձայն՝ - Ռազմագերիները հավասարապես պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից և, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրությունից: - Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք: Ընդ որում, նույն կոնվենցիայի ընդհանուր դրույթների ուժով՝ Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն կոնվենցիան (եթե կոնֆլիկտի մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, այնուամենայնիվ, դրա մասնակից տերություններն իրենց փոխհարաբերություններում կմնան Կոնվենցիայով կապված: Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները): Հայցում ենք Ձեր անհապաղ միջամտությունը՝ ապահովելու համար հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը՝ Կոնվենցիայի դրույթներին համապատասխան և թույլ չտալու Ադրբեջանի իշխանությունների կողմից հերթական պատերազմական հանցագործության իրագործումը»։  
16:37 - 26 նոյեմբերի, 2020
Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկել է պատանդների վերաբերյալ մի շարք հարցեր

Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցչի հետ քննարկել է պատանդների վերաբերյալ մի շարք հարցեր

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությանը՝ ԿԽՄԿ առաքելության բարձրաստիճան ներկայացուցիչ Պասկալ Հունդի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացրել է Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում։ Հանդիպմանը քննարկվել է Արցախի Հանրապետության դեմ սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում զոհված հայ զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների ճակատագրերի բացահայտման, ռազմագերիների, ինչպես նաև պատանդների ազատ արձակման վերաբերյալ մի շարք հարցեր։ Այս համատեքստում կարևորել եմ վերոնշյալ ուղղություններով աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը։ Հանդիպման ավարտին Պասկալ Հունդը տեղեկացրել է ԿԽՄԿ Արցախի գրասենյակի կողմից հանրապետության պետական կառույցների հետ համագործակցությամբ քաղաքացիական բնակչությանը տրամադրվող մարդասիրական աջակցության մասին՝ նրանց հրատապ կարիքները հոգալու նպատակով։
23:26 - 24 նոյեմբերի, 2020
Անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները ընդգրկում են Արցախի սահմանային բոլոր ուղղությունները

Անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները ընդգրկում են Արցախի սահմանային բոլոր ուղղությունները

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի և «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջնորդությամբ այժմ ընթանում են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքներ։ Կողմերի հետ համաձայնեցված որոնողական աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով՝ ընդգրկելով Արցախի սահմանային բոլոր ուղղությունները։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։Գերիների վերադարձը և զոհվածների մարմինների փոխանակումը պետական մարմինների առաջնահերթություններից մեկն է, որի ուղղությամբ շարունակվում են համալիր ջանքերը, ինչի շրջանակներում նաև «Կարմիր խաչի» աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց:
16:22 - 24 նոյեմբերի, 2020
Կարմիր խաչը նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել ԼՂ․ ԿԽՄԿ նախագահ |tert.am|

Կարմիր խաչը նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել ԼՂ․ ԿԽՄԿ նախագահ |tert.am|

tert.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը հայտարարել է, որ ԿԽՄԿ-ն նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել Լեռնային Ղարաբաղ, գրում է ria.ru-ն։ «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում Մաուրերը հայտնել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում կոմիտեն արմատապես փոխել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաքելության բնույթը։ Նրա խոսքով՝ ԿԽՄԿ-ում հակամարտության բռնկմանը զուգընթաց հասկացել են, որ «պետք է ավելին անել»։ Նա նշել է, որ պատերազմից առաջ տարածաշրջանում ԿԽՄԿ առաքելության բյուջեն կազմել է 10,96 մլն դոլար, իսկ 2021 թվականին այդ թիվը կհասնի ավելի քան 49,31 մլն դոլարի։ «Այսինքն՝ մենք չորս անգամ կավելացնենք մեր ներկայությունը։ Մենք այնտեղ բավականին քիչ մարդիկ ունեինք։ Այժմ նախատեսում ենք լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել տարածաշրջան։ Վերջին օրերին արդեն իսկ ավելացրել ենք մեր ներկայությունը»,- հայտարարել է Մաուրերը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Մաուրերը հայտարարել էր, որ Կարմիր խաչը մտադիր է Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի հետ ուժեղացնել համագործակցությունը: Կազմակերպության նախագահը հավելել էր, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ-ն ավելացրել է ցուցաբերվող օգնության ծավալները;
10:01 - 24 նոյեմբերի, 2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Նոյեմբերի 13-ից սկսած՝ մեր ներկայությամբ և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ Ղարաբաղյան հակամարտության կողմերը շարունակաբար իրականացնում են անհայտ կորածների որոնում և հայտնաբերում, աճյունների դուրսբերում և արտահանձնում մարտական գործողությունների տարածքներում։ Ռազմական գործողությունների ընթացքում գերության մեջ հայտնված կամ հակամարտության առնչությամբ ենթադրաբար պահվող քաղաքացիական անձանց համար զանգահարեք մեզ՝ 010 29-74-15 հեռախոսահամարով։ Անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ տվյալների ճշտման կամ հնարավոր գտնվելու վայրի մասին տեղեկացնելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia ձևավորած աշխատանքային հանձնաժողովին՝ 81-35 և 012 28-89-80 հեռախոսահամարներով»:    
22:19 - 23 նոյեմբերի, 2020
Գերիների վերադարձը կազմակերպելու հաստատում այս պահին չկա․ Կարմիր խաչ |hetq.am|

Գերիների վերադարձը կազմակերպելու հաստատում այս պահին չկա․ Կարմիր խաչ |hetq.am|

hetq.am: Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ընթացքում գերեվարված անձանց վերադարձը կազմակերպելու հաստատում այս պահին չկա։ Այս մասին հայտնեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին այցելել են հոկտեմբերի և նոյեմբեր ամիսներին։ Սակայն թե վերջին այցը ռազմագերիներին երբ է եղել, և ներկայացուցիչներն Ադրբեջանում գտնվող քանի հայ ռազմագերու են այցելել, Զառա Ամատունին չմանրամասնեց։ «Շարունակվում են այցելություններն այն անձանց, որոնց մասին մենք ստանում ենք հաստատում, որ նրանք պահվում են՝ թե՛ զինվորականններ, թե՛ քաղաքացիական անձինք։ Այցելել ենք նաև անձանց, որոնք պահվել են միչև սեպտեմբերի 27-ը»,- նշեց նա։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
16:48 - 18 նոյեմբերի, 2020
Այժմ մենք փոխգործակցության լրացուցիչ հարթակներ ունենք, խոսքս վերաբերում է Լեռնային Ղարաբաղին. Լավրով |1lurer.am|

Այժմ մենք փոխգործակցության լրացուցիչ հարթակներ ունենք, խոսքս վերաբերում է Լեռնային Ղարաբաղին. Լավրով |1lurer.am|

1lurer.am: Նոյեմբերի 17-ին Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։ Սերգեյ Լավրովը ելույթ է ունեցել բացման խոսքով։ «Հարգելի՛ պարոն Մաուրեր, Սիրելի՛ բարեկամներ, Ուրախ ենք Ձեզ կրկին հյուրընկալել Մոսկվայում: Մեր շփումները պարբերական բնույթ են կրում: Միասին շատ անելիքներ ունենք․ ցավոք, հումանիտար ճգնաժամերի և բախումների թիվն աշխարհում չի նվազում: Այժմ մենք փոխգործակցության լրացուցիչ հնարավորություններ ու հարթակներ ունենք, խոսքս վերաբերում է Լեռնային Ղարաբաղին: Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության նախագահները և ՀՀ վարչապետը ստորագրեցին հրադադարի մասին եռակողմ հայտարարություն: Հակամարտության գոտում տեղակայված է ռուս խաղաղապահ զորախումբ: Մենք գիտենք, թե որքան վաղուց է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ծավալում իր գործունեությունը այս տարածաշրջանում: Մենք շահագրգռված ենք ամրապնդելու մեր արդեն իսկ սերտ համագործակցությունը: Մենք համագործակցում ենք նաև այլ տարածաշրջանների հարցերով։ Այսօր, հուսով եմ և ակնկալում եմ, որ կքննարկենք այս բոլոր հարցերը։ Վստահ եմ, որ Ձեր այցը արդյունավետ կլինի և կնպաստի Ռուսաստանի Դաշնության և ԿԽՄԿ-ի միջև հետագա սերտ գործընկերության զարգացմանը»:
15:57 - 17 նոյեմբերի, 2020
Արցախի ՄԻՊ-ը Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում անհետացած10 քաղաքացիների տվյալներն ուղարկել է ԿԽՄԿ

Արցախի ՄԻՊ-ը Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում անհետացած10 քաղաքացիների տվյալներն ուղարկել է ԿԽՄԿ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ աշխատակազմն ահազանգեր է ստացել առ այն, որ նոյեմբերի 11-ին Արցախի ու Հայաստանի 10 քաղաքացիներ անհայտ կորել են Գորիս-Շուշի մայրուղու Շուշիի հատվածում, որից հետո տեսանյութ է հրապարակվել ադրբեջանական սոցիալական ցանցերում՝ վկայելով ադրբեջանական կողմում նրանց գտնվելու հանգամանքը: Արցախի ՄԻՊ գրասենյակը նշում է, որ Պաշտպանի փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է բոլոր բռնի անհետացած քաղաքացիական անձանց ինքնությունը, և նրանց տվյալներն ուղարկվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե ու պետական համապատասխան մարմիններ: Մարդու իրավունքների պաշտպանը խստիվ դատապարտել է տվյալ անձանց բռնի անհետացման փաստը, ինչպես նաև հրապարակված տեսանյութով ապացուցված անմարդկային վերաբերմունքի հանգամանքը: «Ադրբեջանական կողմը շարունակում է իր վերահսկողության ներքո հայտնված հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հանդեպ դրսևորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված վերաբերմունք, որը պետք է պատշաճ կերպով դատապարտվի ու կանխարգելվի միջազգային հանրության կողմից», - ասված Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունում։ ՄԻՊ գրասենյակը նաև նշում է, որ Պաշտպանը շարունակելու է պետական ու միջազգային պատկան մարմինների հետ աշխատանքներն՝ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ ընկած հայ անձանց իրավունքների պաշտպանության ու վերադարձի ապահովման նպատակով:
15:49 - 17 նոյեմբերի, 2020
ԿԽՄԿ-ն պատրաստակամ է գերիների փոխանակման հարցով. ժամկետները կախված են կողմերի համաձայնություններից |armenpress.am|

ԿԽՄԿ-ն պատրաստակամ է գերիների փոխանակման հարցով. ժամկետները կախված են կողմերի համաձայնություններից |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն որպես միջնորդ պատրաստակամ է ռազմագերիների, պատանդների, պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը սկսելու համար, հայ և ադրբեջանական կողմերը տեղյակ են կոմիտեի պատրաստակամության մասին, իսկ թե գործընթացը երբ կսկսվի, կախված է համաձայնություններից: Այս մասին ասաց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ կսկսվի գործընթացը՝ Ամատունին  պատասխանեց՝ իրենք չեն կարող ասել: «Պատրաստակամությունը կա, կողմերը տեղյակ են, ամեն ինչ կախված է համաձայնություններից, որոնք ձեռք կբերվեն այս հարցով: Կողմերը նաև պետք է մեզ դիմեն այս հարցով»,-ասաց նա: Ամատունու վստահեցմամբ՝ ԿԽՄԿ-ն այս ողջ ընթացքում երկկողմանի կարգավիճակով կապի, քննարկումների մեջ է եղել, կոմիտեի պատրաստակամության մասին կողմերը քաջատեղյակ են: Սեպտեմբերի 27-ից սկսած ԿԽՄԿ-ն ամեն օր պատրաստակամություն է հայտնել: «Քանի որ մենք միջնորդ ենք, քաղաքական որոշումների մեջ ներգրավված չենք: Իհարկե, մեր որոշումների զգալի մասը կողմերի ձեռքերում է: Մենք, որպես մարդասիրական չեզոք կազմակերպություն, այստեղ ենք, որ օգնենք, որ դա կատարվի մարդասիրական ստանդարտներով, որ հիշեցնենք՝ դա պարտավորություն է: Բնականաբար, քաղաքական որոշումների ժամկետները և այլն համաձայնեցվում են կողմերի նախաձեռնությամբ, սակայն մեր մասնակցությամբ՝ որպես միջնորդ, եթե տվյալ պարագայում դա նույնպես լինի մեր միջնորդությամբ»,-ասաց Ամատունին ու վստահեցրեց, որ  կողմերի հետ մշտապես կապերի մեջ են՝ տարբեր հարցերով:
17:14 - 10 նոյեմբերի, 2020
ԿԽՄԿ-ն կոչ է անում զերծ մնալ ընկերութան դրոշը մեքենաների վրա փակցնելուց

ԿԽՄԿ-ն կոչ է անում զերծ մնալ ընկերութան դրոշը մեքենաների վրա փակցնելուց

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը (ԿԽՄԿ) հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ղարաբաղյան հակամարտության սրացման այս օրերին հանդիպում են դեպքեր, երբ անհատների, խմբերի եւ մասնավոր ընկերությունների կողմից հավաքագրվող մարդասիրական օգնության տարբեր մեքենաների վրա փակցվում է Կարմիր խաչի խորհրդանշանը։ Ցանկանում ենք հիշեցնել, որ համաձայն Հայաստանի Հանրապետության՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության և պաշտպանության մասին օրենքի, Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է գործածել խորհրդանշանը՝ որպես պաշտպանիչ կամ տարբերակիչ ազդանշան։ Հետևաբար, անձնական մեքենաների վրա Կարմիր խաչ փակցնելը հակասում է վերը նշված օրենքին, ինչպես նաև Ժնևի կոնվենցիաներին, 1-ին և 2-րդ լրացուցիչ արձանագրություններին ու միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված՝ խորհրդանշանի գործածության կանոններին։ Խնդրում ենք զերծ մնալ նման քայլերից։ ‼️Կարմիր խաչի խորհրդանշանը, որպես տարբերակիչ նշան կամ ազդանշան, գործածվում է տվյալ անձի, տրանսպորտային միջոցի, կառույցի կամ այլ օբյեկտի պատկանելությունը ցույց տալու համար»։
15:43 - 06 նոյեմբերի, 2020