«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՔՊ

2021 թվականի հունիսին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում ՀՀ-ում կառավարություն ձեւավորած եւ խորհրդարանական մեծամասնություն դարձած քաղաքական կուսակցություն է։ 8-րդ գումարման խորհրդարանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն։

Որպես միավոր՝ ձեւավորվել է 2013 թվականին։ Կուսակցությունը պաշտոնապես ստեղծվել է 2015 թվականին։

Կուսակցությունը «Իմ քայլը» դաշինքի կազմով բացարձակ մեծամասնություն է եղել նաեւ ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում։ 

Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը դաշինքով էր հանդես եկել «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցութունների հետ, ԱԺ-ում «Ելք» խմբակցություն ձեւավորել՝ 9 պատգամավորով։ Նույն դաշինքով կուսակցությունը մասնակցել էր նաեւ 2017թ․ Երեւանի քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին՝ ունենալով 14 հոգանոց խմբակցություն։

2018 թվականին Երեւանի քաղաքապետի ու ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ կուսակցությունը մասնակցել էր «Առաքելություն» կուսակցության հետ՝ «Իմ քայլը» դաշինքով․ դաշինքի ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երեւանի քաղաքապետ` ստանալով 80%-ից ավել քվե։

ՔՊ-ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին

 |armenpress.am|

ՔՊ-ն կմասնակցի «Հայաստան» խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստին |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեկտեմբերի 2-ին կմասնակցի Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը նախաձեռնել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ «Այս պահի դրությամբ հստակ առաջարկներ չկան։ Մենք պայմանավորվել ենք, որ այսօրվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշակի փոփոխություններ կկատարի և վաղը օրվա ընթացքում մեր գործընկերների հետ աշխատանքային քննարկում կունենա։ Նիստի օրակարգում ընդգրկված հայտարարության նախագծի մեջ կան կետեր, որոնք ընդունելի են, կան կետեր, որոնց շուրջ պետք է աշխատել։ Արտահերթ նիստը ամեն դեպքում կկայանա, իշխանական խմբակցությունը կներկայանա նիստին»,- ասաց Աղաջանյանը։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստը հրավիրվում է Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ: Հիմնական զեկույցով հանդես կգա Անդրանիկ Թևանյանը, ով կներկայացնի Ազգային ժողովի հայտարարության նախագիծը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն 2022թ․ նոյեմբերի 8-ին, որը իրենք համարում են Հաղթանակի օր, հայտարարություն է ընդունել, որում առկա է հայատյաց հռետորաբանությամբ։ Մասնավորապես, հայտարարության մեջ Հայաստանին մեղադրում են «վերջին 30 տարում միջազգային կոնվենցիաներ խախտելու, ռազմական հանցագործություններ կատարելու, ցեղասպանության, պետական ահաբեկչության, թալանի, վանդալիզմի, իսկ պատերազմից հետո «ականային տեռորի» մեջ»։      
16:52 - 30 նոյեմբերի, 2022
Ալավերդի միավորված համայնքի ավագանու 5 նիստերից 3-ը ՔՊ-ն բոյկոտել է․ ինչո՞ւ |civilnet.am|

Ալավերդի միավորված համայնքի ավագանու 5 նիստերից 3-ը ՔՊ-ն բոյկոտել է․ ինչո՞ւ |civilnet.am|

civilnet.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ալավերդի միավորված համայնքի ավագանու 5 նիստերից 3-ը բոյկոտել է։ Խմբակցության քարտուղար Հարություն Ձավարյանի խոսքով՝ իրենց բոյկոտը ոչ թե քաղաքական, այլ մարդկային բովանդակություն է ունեցել: ՔՊ խմբակցությունը բոյկոտել է հոկտեմբերի 12-ի ավագանու առաջին նիստը, որի ընթացքում Ալավերդի միավորված համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնող Արկադի Թամազյանը: Նույն պատճառով ՔՊ խմբակցությունը բոյկոտել է նաև ավագանու երկրորդ՝ հոկտեմբերի 15-ի նիստի՝ համայնքապետի երդման արարողությունը: Ավագանու առաջին երկու նիստերի բոյկոտից հետո իշխանական թևի խմբակցությունը հոկտեմբերի 31-ի հերթական նիստին օրակարգային 14 հարցերի որոշումներին միաձայն կողմ է քվեարկել: Այս նիստին նրանք համայնքապետին խնդրել են նոյեմբերի11-ին ավագանու հերթական նիստ չնշանակել՝ խմբակցության որոշ անդամների զբաղվածության պատճառով: Համայնքապետը հերթական նիստը նշանակել է նոյեմբերի 22-ին, սակայն նոյեմբերի 8-ին նախաձեռնել, իսկ նոյեմբերի11-ի հրավիրել է ավագանու արտահերթ նիստ, որին ՔՊ խմբակցությունից ներկայացել են ավագանու 7 անդամներ, սակայն նիստին մասնակցելու համար չեն գրանցվել: Նոյեմբերի 11-ի արտահերթ նիստը ՔՊ խմբակցության երրորդ բոյկոտն էր: Նիստում քննարկվել է համայնքապետի վարձատրության չափը, համայնքի կազմում ընդգրկված 500-ից պակաս հաշվառված բնակիչներ ունեցող բնակավայրերում վարչական ղեկավարներ ունենալու, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքն ու աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնյաների դրույքաչափերը, ՀԱԿ-ի անդամ Տիգրան Պապոյանին համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ նշանակելու և հողամասերի նպատակային ու գործառնական նշանակությունների փոփոխություն կատարելու հարցերը: Ավագանու կանոնակարգի խախտում՝ արտահերթ նիստ հրավիրելիս Արտահերթ նիստն սկսելուց առաջ ՔՊ խմբակցությունը Հարություն Ձավարյանի բերանով դժգոհել է համայնքապետի կողմից արտահերթ նիստ նախաձեռնելիս իրենց հետ գործընկերային պայմանավորվածության խախտումից։ Խմբակցության անդամները նաև նկատել են, որ արտահերթ նիստը հրավիրվել է ավագանու կանոնակարգի 133 և 134 կետերի խախտումներով: Դրա հետևանքով համայնքապետարանից արտահերթ նիստի օրակարգը, որոշման նախագծերը և մյուս փաստաթղթերը ավագանու անդամներին ուղարկվել են ոչ թե հոկտեմբերի 8-ին՝ արտահերթ նիստը նախաձեռնելու հաջորդ 24 ժամվա ընթացքում, այլ արտահերթ նիստից 24 ժամ առաջ: «Հնարավոր է, որ արտահերթ նիստը «Ապրելու երկիր» խմբակցությունը և համայնքապետ Արկադի Թամազյանը ցանկացել են առանց մեր խմբակցության անցկացնել: Թեմաներ են եղել դրանց հետ կապված: Մեզ այդ նիստից հետաքրքրել են համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքն ու աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնյաների դրույքաչափերի մասին օրակարգային հարցերը: Մենք այստեղ միտում ենք տեսել»,- ասում է Ձավարյանը: Վերջինը նոյեմբերի 11-ին Արկադի Թամազյանին առաջարկել է չեղարկել արտահերթ նիստը, այն նշանակել այլ օր և նախապես համաձայնեցնել ՔՊ խմբակցության հետ, այլապես նրանց կողմից արտահերթ նիստին կայացված բոլոր որոշումները կբողոքարկվեն և կկասեցվեն դատական կարգով: Առաջարկը չի ընդունվել: Հայտարարությունից հետո ավագանու ՔՊ խմբակցության յոթ անդամները բոյկոտել են արտահերթ նիստը: Մեկնաբանում է համայնքի ղեկավարը Արկադի Թամազյանը Սիվիլնեթին պարզաբանեց, թե արտահերթ նիստը երբ էլ հրավիրվեր՝ ավագանու մի քանի անդամների հարմար չէր լինելու: Թամազյանը նշեց, որ խմբակցության՝ նոյեմբերի 11-ին նիստ չնշանակելու առաջարկը վերաբերել է ավագանու հերթական նիստին, որին ինքը համաձայնել է: Նոյեմբերի 14-ին նիստ հրավիրելու իր առաջարկին դեմ է կանգնել ՔՊ խմբակցության ավագանու մեկ այլ անդամ: Արկադի Թամազյանը պնդում է, որ հերթական նիստի օրվա համաձայնությունից հետո ավագանու բոլոր անդամներին հայտարարել է, որ մոտակա օրերին արտահերթ նիստ է հրավիրվելու: «Ի վերջո, մենք պարտավոր չենք ավագանու նիստերի հերթական օրերը համաձայնեցնել ավագանու անդամների հետ»,- ասում է նա: Շարունակությունը՝ civilnet.am- ում
15:18 - 30 նոյեմբերի, 2022
Ոչ մի ընտրակեղծարարություն տեղի չի ունեցել, ուղղակի վերահաշվարկ է եղել. փոխվարչապետը՝ ՔՊ վարչությունից իր դուրս մնալու մասին
 |news.am|

Ոչ մի ընտրակեղծարարություն տեղի չի ունեցել, ուղղակի վերահաշվարկ է եղել. փոխվարչապետը՝ ՔՊ վարչությունից իր դուրս մնալու մասին |news.am|

news.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններում ոչ մի ընտրակեղծարարություն տեղի չի ունեցել:  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակի տոնակատարության ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ ՔՊ վարչության ընտրությունների արդյունքների վերահաշվարկի արդյունքում ինքն ու Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել ՔՊ վարչության կազմից, նաեւ խոսվում էր ընտրակեղծիքների մասին: «Ոչ մի ընտրակեղծարարություն տեղի չի ունեցել, ուղղակի վերահաշվարկ է տեղի ունեցել»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրություններից հետո բողոքներ էին եղել արդյունքներից: Վերահաշվարկ էր տեղի ունեցել, որի արդյունքում Համբարձում Մաթեւոսյանն ու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից, փոխարենը վարչության անդամ են դարձել Արսեն Թորոսյանն ու ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Լուսանկարը՝ Photolure-ի  
12:32 - 30 նոյեմբերի, 2022
«Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը

 |aravot.am|

«Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից»․ Անդրանիկ Քոչարյանը՝ ընդդիմությանը |aravot.am|

aravot.am: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստի աշխատանքներին այսօր չէին մասնակցում ընդդիմադիր խմբակցությունների անդամները։ Հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այս առնչությամբ նախ ճշտեց, որ իրենք տեղեկացել են նիստի մասին։ «Երբ մենք Մադրիդում էինք, մեր ընդդիմադիր գործընկերներից Աննա Գրիգորյանը մեր հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին։ Ես խնդրեցի, որ աշխատանքը լինի ոչ միայն դրսում մասնակցությամբ, այլեւ մեր հանձնաժողովի աշխատանքին գոնե մասնակցեն»,-նշեց Անդրանիկ Քոչարյանը։ Նա շարունակեց․ «Լիագումար նիստին չմասնակցելու համար գուցե իրենք ասեն, որ դա քաղաքական է, բայց հանձնաժողովի աշխատանքները անվտանգությանն են վերաբերում։ Իրենք նաեւ խոստացել են, որ պետք է մասնակցեն։ Երբ վաղը խոսեն երկրում տիրող անվտանգային միջավայրի մասին, դրա իրավունքը պետք է ունենան նաեւ աշխատանքի շնորհիվ։ Եթե բացակայում են, պետք է բացակայեն բոլոր հարթակներից։ Այդ ո՞նց է ստացվում, որ միջազգային հարթակներում չեն բացակայում, իսկ երկրի ներքին խնդիրների կարգավորման օրակարգերից բացակայում են, արթնանում են կամ չեն արթնանում»։ Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը օրերս ԱԺ պատվիրակության կազմում գործուղման էր մեկնել Մադրիդ․ այն պատվիրակության կազմում, որտեղ են նաեւ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն ու Անդրանիկ Քոչարյանը:
12:06 - 24 նոյեմբերի, 2022
Արսեն Թորոսյանը Վիլնյուսում հանդիպումներ է ունեցել Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Արսեն Թորոսյանը Վիլնյուսում հանդիպումներ է ունեցել Լիտվայի խորհրդարանի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վիլնյուս կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատայի և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժիգամանտաս Պավիլիոնիսի հետ։   Նա նշել է, որ հանդիպումների ժամանակ խոսել են հայ-լիտվական հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև դրանք հետագայում ավելի խորացնելու անհրաժեշտության մասին․   «Քննարկել ենք նաև Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման կարևորության և այդ ուղղությամբ գործնական քայլեր իրականացնելու հարցը։   Անդրադարձ եղավ նաև մեր տարածաշրջանում եղած անվտանգային իրավիճակին։   Լիտվա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ռայմունդաս Լոպատային շնորհակալություն հայտնեցի Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 12-14-ը իրականացված ագրեսիան դատապարտող հայտարարության համար։   Գործընկերներիս ուշադրությունը հրավիրեցի հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ԵՄ դիտորդական առաքելությանը, որպես տարածաշրջանային անվտանգության նոր ներդրված կարևոր մեխանիզմ։ Հատուկ շեշտեցի, որ կարիք կա դրա ծավալման ժամկետների երկարացման, ինչը թույլ կտա առավել երկար ժամանակով կայունություն բերել տարածաշրջան, որպեսզի հնարավոր լինի հասնել երկարատև խաղաղության երկու երկրների միջև։   Հ.Գ. պաշտոնական հանդիպումներից զատ, նաև ոչ պաշտոնական հանդիպում եմ ունեցել Լիտվայի առողջապահության նախկին նախարար, այժմ Սեյմի պատգամավոր Աուրելիուս Վերիգայի հետ, ում հատուկ շնորհակալություն եմ հայտնել կովիդի առաջին ալիքի ժամանակ մեր երկրին տրամադրած մեծ օժանդակության համար, երբ մեր համար ամենածանր ժամանակահատվածում լիտվացի բուժաշխատողների խումբը օգնության հասավ հայ բուժաշատողներին»,- գրել է Թորոսյանը։
16:09 - 19 նոյեմբերի, 2022
Հայաստանում արձագանքում են Մինսկի խմբի վերաբերյալ Ֆիլիպ Ռիքերի հայտարարությանը
 |azatutyun.am|

Հայաստանում արձագանքում են Մինսկի խմբի վերաբերյալ Ֆիլիպ Ռիքերի հայտարարությանը |azatutyun.am|

azatutyun.am: «Մինսկի խմբի փաստացի չգործելը դժվարացնում է Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը», - կարծում է ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 2.5 ամիս առաջ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ ու Կովկասի բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական նշանակված Ֆիլիպ Ռիքերը երեկ հայտարարեց՝ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում, և Վաշինգտոնը զբաղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորմամբ միայն Բաքվի և Երևանի հետ անմիջական փոխգործակցության միջոցով։ «Կարծում եմ, որ այն զարգացել է այն աստիճան, որ մենք կարող ենք կոնսենսուսի միջոցով վերջ տալ այս մանդատին»,- հայտարարել է դեսպան Ռիքերը՝ խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծմամբ զբաղվող ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի եռանախագահության ֆորմատից։ Ամերիկացի պաշտոնյայի պնդմամբ, սակայն, նպատակն ու խմբի մանդատը պահպանվում է։ 44-օրյա պատերազմից հետո՝ երկու տարի, եռանախագահության մակարդակով բանակցությունները, փաստացի, փակուղում են։ Չնայած Հայաստանը պնդում էր հակամարտությունը հենց այս ձևաչափով կարգավորելու անհրաժեշտությունը, Ադրբեջանը հրաժարվում էր վերադառնալ բանակցություններին՝ հայտարարելով՝ նման հարց այլևս գոյություն չունի։ Չնայած ոչ էֆեկտիվ փուլեր են եղել, բայց Մինսկի խմբից շատ ավելի լավ հարթակ չի եղել, որտեղ կողմերը նստել են բանակցելու, կարծում է ընդդիմադիր Աբրահամյանը։ «Եթե այստեղ չկա միջնորդական դերակատարությունը, եթե չկա այստեղ հստակ հարթակը, ապա այս դեպքում Ադրբեջանը ավելի մեծ հնարավորություն է ստանում կլանելու խնդիրը և լուծելու այնպես, ինչպես հայտարարում է», - ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը: Իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Արթուր Հովհաննիսյանը թե՛ բացասականից է խոսում, թե՛ դրականը տեսնում: «Այո, ինքնին այդ ձևաչափը ինչպես որ նախկինում էր աշխատում, հիմա այդ ձևաչափով չի աշխատում, բայց Մինսկի համանախագահ բոլոր երեք երկրները ամբողջապես ներգրավված են գործընթացում: Ըստ էության, այս մոտեցումն ավելի արդյունավետ է այն իմաստով, որ նրանց ներգրավվածությանը չեն խանգարում միմյանց միջև եղած հարաբերությունները և այսպես ասած Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները, պայմանավորված ուկրաինական հակամարտությամբ, չի տարածվում հայ-ադրբեջանական կամ Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացների վրա, դա ինքնին դրական է: Բացասական արձանագրելով Մինսկի խմբի այս ձևաչափի փոփոխությունը, դրական ենք արձանագրում ներկա իրավիճակը», - ընդգծեց Հովհաննիսյանը:
17:23 - 17 նոյեմբերի, 2022
Արթուր Հովհաննիսյանը չի կիսում այն միտքը, թե խաղաղության շրջանակային պայմանագիր կնքելու դեպքում խնդրահարույց հարցերը դուրս են մնալու


 |armenpress.am|

Արթուր Հովհաննիսյանը չի կիսում այն միտքը, թե խաղաղության շրջանակային պայմանագիր կնքելու դեպքում խնդրահարույց հարցերը դուրս են մնալու |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը չի կիսում այն միտքը, թե Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագրի կնքման դեպքում խնդրահարույց հարցերը դուրս են մնալու: Հովհաննիսյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանն առաջարկել է Ադրբեջանի հետ խաղաղության շրջանակային պայմանագիր ստորագրել, քանի որ խաղաղության դետալացված համաձայնագրի դեպքում, հնարավոր է՝ դժվարություններ ունենալ: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքն այն մասին է, որ դետալային հարցերի շուրջ Ադրբեջանի հետ այս պահին պայմանավորվածություն ձեռք բերելու դժվարությամբ պայմանավորված՝ գործընթացները ձգձգվում են,  ինչն իր հետ բերում է նաև ընդհուպ մինչև էսկալացիայի ռիսկեր: Ու մենք նման առաջարկով ենք հանդես եկել»,- ասաց Հովհաննիսյանը: Ըստ պատգամավորի՝ շրջանակային պայմանագրում պետք է ֆիքսվեն կարմիր գծերը և ընդհանուր խնդիրները, ինչի հիմքի վրա հնարավոր է առաջ շարժվել: «Սա առաջարկ է, որը մեր կողմից է հնչել: Մենք դեռ պետք է հասկանանք, թե բանակցային գործընթացն ինչ զարգացում է ունենալու և ըստ այդմ՝ առաջ շարժվենք: Կարմիր գծերը ֆիքսել ենք. մենք ասել ենք, որ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է: Ըստ էության՝ դա ինքնին արդեն նշանակում է, որ այս պահին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ելման դիրքեր: Եվ մենք փորձում ենք փորձել հնարավորինս ճկուն լինել՝ հասցեագրելով խնդիրները բանակցային գործընթացում, և առաջ շարժվել: Բնականաբար, նաև փորձում ենք մեր միջազգային գործընկերների աջակցությունն ակնկալելով՝ նվազեցնել հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շփման գծում էսկալացիայի ռիսկը»,- եզրափակեց Հովհաննիսյանը:
14:44 - 17 նոյեմբերի, 2022
Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները մեծացել են, իսկ մենք ունենք արտադրության ենթակառուցվածք. փոխվարչապետ


 |armenpress.am|

Տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունները մեծացել են, իսկ մենք ունենք արտադրության ենթակառուցվածք. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորում է, որ մինչև Հայաստանի հյուսիսային և հարավային սահման էլեկտրական գծերի լիարժեք արդիական համակարգեր լինեն: Գրիգորյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք քննարկվում է իրանական կողմի հետ, որ գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրն այնքան ընդարձակվի, որ դա ոչ միայն Իրանը գնի, այլ նաև արտահանվի:  «Էլեկտրաէներգիայի արտահանումն ընդհանրապես շատ հետաքրքիր թեմա է: Կարծում եմ, որ այն մեզ համար ընդգծված ակտուալություն ունի: Շատ լավ է, որ մենք երկու ուղղությամբ էլ իրականացնում ենք էներգետիկ հաղորդակցության գծերի կառուցման ծրագրեր՝ և դեպի հյուսիս, և դեպի հարավ: Մենք պետք է շատ ավելի ինտենսիվ դա անենք, որովհետև տարածաշրջանում էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորություններն էականորեն մեծացել են, իսկ մենք ունենք էներգետիկ համակարգ՝ արտադրության ենթակառուցվածքը, որը շատ ավելի մեծ պոտենցիալ ունի, քան մենք ի վիճակի ենք օգտագործել»,- ասաց Գրիգորյանը: Փոխվարչապետի կարծիքով՝ եթե  այդ պոտենցիալը ճիշտ օգտագործվի, դա դրական ազդեցություն կունենա ներքին սակագների վրա: Ներքին սակագների չնվազման հիմնական պատճառներից մեկն այն է, որ վաճառքը քիչ է: «Այդ իմաստով կարծում եմ՝ պետք է տեմպ տանք, որ մենք մինչև մեր հյուսիսային և հարավային սահման էլեկտրական գծերի լիարժեք արդիական համակարգեր ունենանք»,-եզրափակեց փոխվարչապետը:
17:55 - 16 նոյեմբերի, 2022
Կառավարության և ԱԺ տեքստերում կար տարբերություն․ Ալեն Սիմոնյանը նշեց, որ կքվեարկեն այն տեքստի համար, որտեղ չկա «Արցախի Հանրապետություն» բառը |aravot.am|

Կառավարության և ԱԺ տեքստերում կար տարբերություն․ Ալեն Սիմոնյանը նշեց, որ կքվեարկեն այն տեքստի համար, որտեղ չկա «Արցախի Հանրապետություն» բառը |aravot.am|

aravot.am: Այսօր ԱԺ նիստում, երբ քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու հարցը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ԱԺ-ին ներկայացված տեղեկանքում կա մի հատված, որը չի համապատասխանում կառավարության հաստատած տարբերակին ու ընթերցեց տեքստերը՝ տարբերությունը հասկանալու համար: Այս կոնվենցիայի արձանագրությունը վավերացնելիս Ադրբեջանի Հանրապետությունը կատարել է հայտարարություն, ուստի ՀՀ արտաքին գործերի նախարարությունն առաջարկել է Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության կողմից վավերացնել Ադրբեջանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության դեմ հայտարարությամբ: Այն է՝ «Ադրբեջանի Հանրապետության հայտարարությունը պարունակում է առարկայազուրկ եւ անհիմն մեղադրանքներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետությանը, եւ խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը, որը հրահրվել ու շարունակվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի Հանրապետության) ժողովրդի՝ մարդու իրավունքների եւ ինքնորոշման համար խաղաղ պահանջներին ի պատասխան ուժի կիրառման պատճառով»: Ինչպես նկատել էր Արծվիկ Մինասյանը, կառավարության հոկտեմբերի 20-ի որոշման հավելվածում Արցախի Հանրապետություն բառը չկա, ԱԺ տեքստում այն ավելացվել է, որը խիստ խրախուսելի է: Ըստ պատգամավորի, հիմա անորոշ է իրենց համար, թե ո՞ր տեքստն են քվեարկում: Նա 20 րոպե ընդմիջում խնդրեց՝ հստակեցնելու համար, իսկ ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քվեարկում են այն տարբերակը, որը կառավարությունից եկել է՝ բովանդակության մեջ չմտնելով: «Հայաստան» խմբակցությունը «դեմ» քվեարկեց: Քվեարկությունից հետո վարման կարգով Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենց քվեարկությունը վերաբերում էր կառավարությանը, ոչ թե արձանագրությանը, որովհետեւ սա լավ առիթ էր Ադրբեջանին համարժեք արձագանք տալու. «Եվս մեկ անգամ փաստում ենք, որ ՀՀ գործող իշխանությունը շարունակում է խուսափողական վարքագիծը՝ «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը օգտագործելու ուղղությամբ»: ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանն ասաց. «Այս կոնվենցիան ստորագրվել է 2007-ին, երբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը պարոն Աղվան Վարդանյանն էր ու ես, որպես ակտիվիստ, մասնակցել եմ կոնվենցիայի ստորագրմանը: Կոնվենցիան վավերացնելուց հետո ՀՀ կառավարությունը 8 տարի ժամանակ ուներ վավերացնելու արձանագրությունը այն տեքստով, որն ուզում էր»:
12:06 - 16 նոյեմբերի, 2022
«Գայիք քննարկմանը մասնակցեիք». Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը |armtimes.com|

«Գայիք քննարկմանը մասնակցեիք». Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Գեղամ Մանուկյանի խոսափողը |armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, Ազգային ժողովն այսօր 73 կողմ, 3 դեմ, 23 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Վարման կարգով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսքի հնարավորություն խնդրեց և նշեց, որ  անհնար է մերժել Զինված ուժերի բարեփոխումների, կամավորության սկզբունքով երկարատև ծառայության անցնելու ցանկացած նախաձեռնություն: «Բայց պետք է արձանագրել, որ հիմնավորումներում նշված, թե «Ես եմ» ծրագիրը տապալվել է, որը ներդրվել է  2017 թվականին, այն տապավել է 4 տարիների ընթացքում այս  իշխանության օրոք»,-ասաց նա:  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հետաքրքրվեց՝ թե ի՞նչ կապ ունի սա վարման կարգի հետ. «Օրենքի քննարկման ժամանակ գայիք, ասեմ ավելին՝ հանձնաժողովի քննարկման ժամանակ գայիք»,- ասաց Սիմոնյանը։ Գեղամ Մանուկյանը նշեց, որ վարման կարգով ձայն է խնդրել հիմնավորելու իրենց ձեռնպահ քվեարկելը, սակայն Ալեն Սիմոնյանը պահանջեց անջատել Մանուկյանի խոսափողը։
11:33 - 16 նոյեմբերի, 2022
Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ շարունակելու են խաղամոլության դեմ պայքարը

 |armenpress.am|

Գևորգ Պապոյանը վստահեցնում է՝ շարունակելու են խաղամոլության դեմ պայքարը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը խորհրդարանի լիագումար նիստում ներկայացրել է օրենքի նախագիծ, որով սահմանվում է՝ լրատվամիջոցները, որոնց անվանումը կապ ունի կամ նման է շահումով խաղի, վիճակախաղի, օնլայն կազինոյի անվան հետ, պետք է փոխեն իրենց անվանումը: «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին և «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց հեղինակ Գևորգ Պապոյանը:  «Այսօր կան այնպիսի մեդիաներ, որոնց անվանումը շատ նման է կամ կապվում է  նախկինում գործող օնլայն կամ ոչ օնլայն կազինոների, բուքմեյքերների, շահումով խաղերի անվանումների հետ: Եվ կա մտահոգություն, որ այս միտումը կարող է շարունակվել:  Այս նախագիծը նրա մասին է, որ մեր տեսալսողական մեդիայում չի կարող լինել այնպիսի մեդիա, որի անվանումը կապ ունի շահումով խաղի, օնլայն կամ ոչ օնլայն կազինոյի, վիճակախաղի հետ»,-ասաց Պապոյանը: Նա պարզաբանեց՝ սա նշանակում է, որ, եթե կա այդպիսի մեդիա, դրանք ոչ թե պետք է փակվեն, այլ իրենց անվանումը պետք է փոխեն, գործողները պետք է փոխեն իրենց անվանումը 6 ամսվա ընթացքում, իսկ նորերն այդպիսի անվանումներով այլևս չեն կարող ստանալ հեռարձակման թույլտվություն: Պապոյանն ընդգծեց, որ կառավարության ծրագրում, իրենց քաղաքական ուժի նախընտրական ծրագրում շատ մեծ նշանակություն են տվել խաղամոլության դեմ պայքարին: Դա ընդգծվում է նաև ՀՀ վարչապետի հրապարակային ելույթներում: «Եթե գովազդն արգելում ենք, և թույլ չենք տալիս շահումով խաղերի, վիճակախաղերի գովազդ տեղի ունենա, ապա, բնականաբար չենք կարող թույլ տալ այդ գովազդի իրականանալը անուղղակի եղանակով: Եթե որևէ մեդիա միջոցի անվանում մարդկանց մոտ ասոցացվում է խաղատան, շահումով խաղի հետ, բնականաբար, չի կարող թույլատրելի լինել: Մենք շարունակելու ենք մեր այն քաղաքականությունը, որը որդեգրել ենք, այն է՝ պայքարը խաղամոլության դեմ: Սա մեզ համար հանրային շահի տեսանկյունից ոչ նպատակահարմար ճյուղ է»,-ասաց Պապոյանը: Նա պարզաբանեց, որ չեն պատրաստվում արգելել դրանք, սակայն պետք է կարողանան խաղամոլության տարածումը կանխել:
13:21 - 15 նոյեմբերի, 2022
Հրաչյա Հակոբյանը չի մեկնաբանում Ջերմուկում Ադրբեջանի կողմից բունկեր կառուցելու մասին Թաթոյանի պնդումը
 |azatutyun.am|

Հրաչյա Հակոբյանը չի մեկնաբանում Ջերմուկում Ադրբեջանի կողմից բունկեր կառուցելու մասին Թաթոյանի պնդումը |azatutyun.am|

azatutyun.am: Արդյոք Ադրբեջանը բունկեր ու ճանապարհներ է կառուցում Ջերմուկում, ինչպես օրերս հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Թաթոյանի հայտարարությունները չցանկացավ մեկնաբանել, փոխարենը մեջբերեց կառավարության հայտարարությունները՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից Ադրբեջանի բոլոր զորքերը պետք է դուրս գան։ Դիտարկմանը, թե հատկապես ջերմուկցիներն անհանգստության մեջ են, ցանկանում են իմանալ՝ հակառակորդն էդտեղ բունկերներ ու ճանապարհներ կառուցո՞ւմ է, թե՞ ոչ, Հակոբյանն արձագանքեց․ -«Էդ մարդիկ նաև հետևում են կառավարության պաշտոնական հաղորդագրություններին և տեսնում են, թե, օրինակ, վարչապետ Փաշինյանն այլ իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ, ինչ հայտարարություններ է անում էդ թեմայով։ Էդ մարդիկ տեսնում են, որ իրենց անվտանգության հետ կապված աշխատանքներ տարվում են»։ Նախկին օմբուդսմենն օրերս ներկայացրեց իր ղեկավարած հիմնադրամի փաստահավաք զեկույցը։ Քարտեզագետներից, իրավաբաններից և պատմաբաներից բաղկացած մասնագիտական խումբը Սյունիքում և Վայոց Ձորի մարզում արձանագրել է, որ ադրբեջանցիներն այս օրերին ակտիվորեն ամրացման աշխատանքներ են իրականացնում, ճանապարհներ և անգամ բունկեր են կառուցում՝ թիրախի տակ պահելով մի շարք համայնքներ, նաև Տաթևի և Ջերմուկի ՀԷԿ-երը, Կապանի պոչամբարը։ Թաթոյանն ասաց՝ եթե այս օբյեկտների հետ որևէ բան պատահի, ապա հետևանքներն աղետալի են լինելու։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում նախկին օմբուդսմենի հայտարարությունը։ Օգտատերերից մեկի դիտարկմանը, թե, գտնվելով ահավոր ճնշումների տեկ, կառավարությունը հրաժարվել է «միասնական հայրենիքի» գաղափարից, իշխանական պատգամավորն արձագանքեց՝ չգիտի, թե ինչ ճնշումների մասին է խոսքը և իրենք էլ չեն հրաժարվել այդ գաղափարից։ «Եթե Արցախի թեման է, ապա վարչապետ Փաշինյանը խոսեց այդ մասին, Անկախության հռչակագրի մեջ «միասնական հայրենիքի» դրույթը կա, բայց հաջորդ իսկ օրվանից մենք սկսել ենք խախտել այդ դրույթը՝ Արցախը դուրս բերվեց բանակցության սեղանից։ Մենք ինչ ենք ասում՝ պետք է ջանք չխնայենք, որպեսզի Արցախում ապրեն հայերը, լրինեն անվտանգ, որովհետև Արցախը մշտապես եղել է հայկական հող, հողը պաշտպանում են այնտեղ ապրելով», - ասաց պատգամավորը՝ կրկին վկայակոչելով Փաշինյանի հայտարարությունը՝ հիմա Արցախը պետք է խոսի Ադրբեջանի հետ, իրենք էլ կլինեն կանգնած Արցախի թիկունքին։
12:06 - 15 նոյեմբերի, 2022
ԱԺ-ում մեկնարկեց հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 31 հարց |armenpress.am|

ԱԺ-ում մեկնարկեց հերթական նիստը․ օրակարգում ընդգրկված է 31 հարց |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում մեկնարկեց հերթական նիստը։ Նիստին մասնակցում են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ Նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց։  Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին և այլ նախագծերը։ Ազգային ժողովը կքննարկի նաև Հայաստանի Հանրապետության  2023 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը, հիմնական զեկույցով հանդես կգա Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Պատգամավորների քննարկմանը կներկայացվի նաև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, եւ Եվրոպական միության եւ դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջեւ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւլրացումներ կատարելու մասին նախագծերը։
10:07 - 15 նոյեմբերի, 2022