Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

ԱԽ քարտուղարն ընդունել է Նիդերլանդների դեսպանին․ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հրատապություն ներկայացնող անվտանգային հարցերի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության շուրջ

ԱԽ քարտուղարն ընդունել է Նիդերլանդների դեսպանին․ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հրատապություն ներկայացնող անվտանգային հարցերի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության շուրջ

Հոկտեմբերի 7-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ Հանդիպման սկզբում կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ հայ-հոլանդական հարաբերությունները բարեկամական բնույթ են կրում և առավել զարգանալու միտում ունեն։ Դեսպան Նիկո Սխերմերսը բարձր է գնահատել Հայաստանի համար այս դժվարին պայմաններում ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունությունը, ինչպես նաև ՀՀ Կառավարության ջանքերը՝ այս ինստիտուտների շարունակական զարգացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ժողովրդավարական հաստատությունների և իրավունքի գերակայության ամրապնդմանը միտված, ինչպես նաև զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Երկուստեք կարևորվել է կոռուպցիայի դեմ ուղղված պայքարը:  Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում հրատապություն ներկայացնող անվտանգային հարցերի և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության շուրջ:
13:14 - 07 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԻԻՀ դեսպանը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ

ՀՀ ԱԽ քարտուղարի հետ հանդիպմանը ԻԻՀ դեսպանը մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնում է ԱԽ գրասենյակը: Արձանագրելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար՝ կողմերը ընդգծել են, որ բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և արդյունավետ փոխգործակցության մասին: Դեսպան Զոհուրին նկատեց, որ հայ-իրանական հարաբերությունները  համագործակցության հաջող մոդել են, որոնք նկատելի որակական փոփոխություն են կրել վերջին տարիների ընթացքում: Երկուստեք շեշտվեց առևտրաշրջանառության բարձր մակարդակը, որը անցնող տարվա ընթացքում գրանցել է զգալի աճ: Դեսպան Զոհուրին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին: Անդրադառնալով Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների անխափան շահագործմանը՝ քարտուղար Գրիգորյանը ընդգծեց, որ Հայաստանը գիտակցում է այս հարցի զգայուն լինելը իրանցի գործընկերների համար, և  նույնպես կարևորում է  հարցի արագ լուծումը:  Առանձին անդրադարձ կտարելով Հնդկաստանից Սև Ծով բեռնափոխադրումների հարցին` երկուստեք շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը, ինչպես նաև արձանագրվել է, որ Հայաստանն այդ ճանապարհին կարևոր օղակ է:  Կողմերը քննարկեցին երկու երկրների միջև անվտանգային, տնտեսական, էներգետիկ համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր:
14:34 - 22 սեպտեմբերի, 2021
Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը. Արմեն Գրիգորյան

Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը. Արմեն Գրիգորյան

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում սեպտեմբերի 15-ին կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, հանդիպման սկզբում ողջունելով իր ռուս գործընկերոջը՝ Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ երկկողմ հանդիպումների նման հաճախականությունը վկայում է ինչպես երկու երկրների անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև փոխգործակցության խորացման, այնպես էլ Հայաստանի և Ռուսաստանի միջև անվտանգության ոլորտում հարաբերությունների զարգացման փոխադարձ հետաքրքրվածության մասին: Այնուհետև, քարտուղարները քննարկեցին Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը իր ռուս գործընկերոջը ներկայացրեց դեռ մայիս ամսից Հայաստանի սուվերեն տարածքի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում ադրբեջանական զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում անընդունելի է՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը:  Խոսելով տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման հնարավորության մասին, Արմեն Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտարարել է «խաղաղության դարաշրջանի» մասին, որը կբերի կայուն խաղաղություն և զարգացման հնարավորություն Հարավային Կովկասի տարածաշրջան՝ այս ճանապարհին կարևորելով բոլոր ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունը: Նիկոլայ Պատրուշևը նույնպես կարևորեց ապաշրջափակման գործընթացի ուղղությամբ աշխատանքների շարունակականությունը, նշելով որ վերջինս հնարավորություն կտա ապահովել տարածաշրջանում կայուն խաղաղություն:  Զրույցի առանցքային հարցերից մեկը Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց խնդիրն էր: Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ բոլոր ռազմագերիները, պատանդները և պահվող այլ անձինք պետք է վերադարձվեն հայրենիք, մինչդեռ ադրբեջանական կողմը մինչ օրս չի կատարում իր այդ պարտավորությունը ամբողջությամբ: Նա հույս հայտնեց, որ ռուսական կողմի ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա բոլոր հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձը հայրենիք: Իր խոսքում Նիկոլայ Պատրուշևն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ջանքերին, այս հարցում կարևորեց Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում գործընթացի ակտիվացումը:
17:27 - 15 սեպտեմբերի, 2021
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ԱԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ԱԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Այսօր ՀՀ Անվտանգության խորհրդի գրասենյակում տեղի է ունեցել ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:  Այս մասին հայտնում են Անվտանգության խորհրդի գրասենյակից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, դրա շուրջ վերջին զարգացումները և ՀԱՊԿ շրջանակներում առկա մեխանիզմների օգտագործման հնարավորությունները իրավիճակի խաղաղ կարգավորման գործընթացում: Զրուցակիցները անդրադարձել են նաև ս.թ. սեպտեմբերին Տաջիկստանում կայանալիք ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում քննարկվելիք փաստաթղթերի նախագծերի համաձայնեցման, ինչպես նաև Կազմակերտությունոմ Հայաստանի առաջիկա նախագահության առաջնահերթությունների նախապատրաստման ընթացքին:
12:45 - 09 օգոստոսի, 2021
«Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն». ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

«Ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն». ՀՀ ԱԽ քարտուղարը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Այսօր տեղի է ունեցել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը: Հեռախոսազրույցի սկզբում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին ս.թ. հունիսի 20-ին հաջող արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման և անցկացման կապակցությամբ: Այնուհետև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր մտահոգությունն է հայտնել ս.թ. հունիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ հնչեցված որոշ ձևակերպումների և գնահատականների կապակցությամբ: ԱԽ քարտուղարը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ, քանզի արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի զինծառայողները չեն լքում ՀՀ սուվերեն տարածքը: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մի մասի բռնազավթման ակնհայտ փորձ են, Արմեն Գրիգորյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար: Զրույցի ավարտին Արմեն Գրիգորյանը ընդգծել է, որ  հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին տեղում ծանոթանալու համար նպատակահարմար է կազմակերպել ՀԱՊԿ քարտուղարության այց: 
16:56 - 05 հուլիսի, 2021
Միանշանակ է, որ ՌԴ սահմանային զորքերը կանգնելու են Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած քարտեզներով․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան |tert.am|

Միանշանակ է, որ ՌԴ սահմանային զորքերը կանգնելու են Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած քարտեզներով․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Որևէ մեկը չի մոռացել սահմանային իրավիճակի մասին, ինտենսիվ բանակցություններ են ընթանում Ռուսաստանի հետ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող հարցազրույցի ընթացքում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ «Հույս ունենք, որ հնարավորինս շուտ կարգավորվելու է, կարելի է ասել կարգավորման գործըթնաց է սկսել։ Սկսվել է, բայց այստեղ կա Ադրբջանի գործոնը և չենք կարող ասել, թե Ադրբեջանն ինչպիսի վարքագիծ կդրսևորի։ Միանշանակ է, որ Ռուսաստանի սահմանային զորքերը կանգնելու են Խորհրդային միության ժամանակ գոյություն ունեցած քարտեզներով, ադրբեջանցիները դուրս  են գալու ՀՀ սուվերեն տարածքից և խնդիրը կարգավորվելու է»,- ասաց նա և նշեց, որ դիվանագիտական ճանապարհով գնում են լուծման, լուծման ճանապարհին են։ «Ի դեպ այդ ներխուժման նպատակը ՀՀ ընտրությունների վրա ազդելն է, և ընտրություններից հետո արդեն ինտեսիվ գործընթաց է սկսվել, որ կարգավորենք»,–ասաց նա և նշեց, որ ադրբեջանցիները կամաց–կամաց գնում են։ Առավել մանրամասն՝ tert.am-ում։
09:38 - 29 հունիսի, 2021
Փաշինյանն առաջարկում է Սոթք-Խոզնավար հատվածից հետ քաշել հայկական և ադրբեջանական զինուժը, տեղակայել միջազգային դիտորդներ

Փաշինյանն առաջարկում է Սոթք-Խոզնավար հատվածից հետ քաշել հայկական և ադրբեջանական զինուժը, տեղակայել միջազգային դիտորդներ

Իրադրությունը լարված է, և այդ լարվածության դինամիկան աճողական է, այսինքն՝ ոչ միայն ստատիկ լարված է, այլև շարունակաբար լարվում է  և մեծ հավանականությամբ շարունակելու է լարվել, որովհետև վերջին 15 օրերի ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները, մեր զինվորները և մեր ստորաբաժաանումները փոխներթափանցված վիճակում են, այսինքն՝  ոչ միայն գտնվում են դեմ դիմաց, այլև խառը փոխներթափանցված վիճակ է։Եվ իմ գնահատականը այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում այս սադրանքը անխուսափելիորեն կարող է վերածվել լայնածավալ բախման։ Այս մասին այսօր ԱԽ նիստում ասած վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։  Վերջինս առաջարկեց Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ: «Տեղյակ եք, որ Ադրբեջանը իր գործողությունները բացատրում է, պատճառաբանում է իր մոտ առկա ինչ-որ քարտեզներով,որ մեր և իրենց պատկերացումները սահմանային գծի տեղակայման և աշխարհագրության վերաբերյալ տարբերվում են։ Մենք իհարկե գնահատականը չենք կիսում և դրա վերաբերյալ ունենք մեր հստակ դիրքորոշումը, բայց քանի որ իրադրությունը հասել է այս պայթյունավտանգ իրավիճակին, ես բաց առաջարկով եմ հանդես գալիս։ Սա անում եմ հայ հանրության առաջ, ուղղված միջազգային հանրությանը և այս առաջարկը ուղված է նաև Ադրբեջանի կառավարությանը։ Առաջարկը հետևյալն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի, ԶՈՒ ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից, սահմանի վերաբերյալ  որոշակի կիլոմետրերի տարբերություն կա։ Ենթադրաբար մենք առաջարկում ենք, որ ընդհանրապես այդ տարածքներից ԶՈՒ ստորաբաժանումները վերադառնան մշտական տեղակայման վայրեր։ Դրա փոխարեն սահմանագծի ենթադրվող երկայնքով տեղակայվեն միջազգային դիտորդներ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկին խմբի համանախագահությունը ներկայացնող։ Դիտորդների ներկայությունը այդ տարածաշրջանում անհրաժեշտ է, որ համոզված լինեն կողմերը, որ դիմացի կողմը պայմանավորվածությունը կատարում է, այսինքն՝ զորքերը չի մոտեցնում սահմանգծին։ Ընդ որում՝ ես ուզում եմ ասել, որ խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին է»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը։
18:28 - 27 մայիսի, 2021
ՀԱՊԿ-ին տեղյակ ենք պահել, որ հնարավոր է իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, խնդիրը պետք է արագ լուծվի. ԱԽ քարտուղար |tert.am|

ՀԱՊԿ-ին տեղյակ ենք պահել, որ հնարավոր է իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, խնդիրը պետք է արագ լուծվի. ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: Միջադեպը տեղի է ունեցել Շորժայում և ցավալի է, որ այսպիսի ելք է եղել, ընդհանուր առմամբ՝ սադրանքը Ադրբեջանն է արել, մենք պահանջ ենք ներկայացրել, որպեսզի լքեն ՀՀ սուվերեն տարածքը, բայց իրենք շարունակում են մնալ, և երբեմն պրովոկացիաներ են անում․ Այս մասին Առաջին ալիքով Պետրոս Ղազարյանի հետ հաղորդման ժամանակ ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտողար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե Ի՞նչ է կատարվում Վերին Շորժայի հատվածում, ինչո՞ւ ունենք զոհ:  Նա նշեց, որ գործընթացը գնում է, որ փոխանցենք ՀԱՊԿ-ին և քննարկումներ սկսենք հասկանալ, թե իրավիճակին ինչպիսի լուծում ենք տալու. «Ընդհանուր սահմանում իրավիճակը լարված է, բայց համեմատության մեջ ցերեկվա լարվածությունն որոշակի նվազում է ապրել, բայց դա չի նշանակում, որ հանդարտություն կա: Մենք բազմիցս մեր գործընկերներին ներկայացրել ենք, որ այսպիսի իրավիճակում՝ լարված պայմաններում, հնարավոր չի լինելու իրավիճակը վերահկողության տակ պահել: Այդ մասին, մեր ՀԱՊԿ գործընկերներին տեղյակ ենք պահել և ասել ենք, որ հնարավոր է ցանկացած իրավիճակում, ցանկացած զարգացման դեպքում իրավիճակը վերահսկողությունից դուրս գա, և սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի խնդիրը շատ արագ լուծում ստանա, հակառակ դեպքում կարող է այս լարվածությունը որևիցե միջադեպով ամբողջովին վերահսկողությունից դուրս գա»,- մանրամասնեց ԱԽ քարտուղարը:  Նա նշեց, որ այժմ բանակցություններ են վարում, որ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների կոմիտեի հանդիպում լինի, այնուհետև կլինի անվտանգության խորհրդի քարտուղարներին հանդիպում և կշարունակվի գործընթացը: «Կարևոր է նշել, որ այսօր իրավիճակի փոփոխություն է եղել, սահմանում զոհ կա, որն ամբողջովին փոխում է իրավիճակը և պետք է ՀԱՊԿ-ը արագացնի, ՀԱՊԿ-ը պարտավորություն ունի նաև առաքելություն ուղարկելու հակամարտության գոտի կամ ստեղծված իրավիճակում տվյալ պետության տարածքում, որ գնահատական տա: Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ-ը նաև առաքելություն կուղարկի: ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի շփումների արդյունքում նաև համաձայնություն կա, որ Ադրբեջանը պետք է լքի ՀՀ սահմանները, դիրքրոշումն այնդպիսին է և բոլորը կիսում են այդ դիրքորոշումը: Աստեղ կարևոր է, որ այս դիրքորոշումով ենք առաջնորդվում և հստակ գիտենք՝ այլ հարց չի կարող քննարկվել Ադրբեջանը պետք է լքի ՀՀ տարածքը: Շարունակությունը՝ tert.am-ում։
09:24 - 26 մայիսի, 2021
Սահմանազատման աշխատանք սկսելուց առաջ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. ՀՀ պատասխանը ՌԴ առաջարկին |armenpress.am|

Սահմանազատման աշխատանք սկսելուց առաջ ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից. ՀՀ պատասխանը ՌԴ առաջարկին |armenpress.am|

armenpress.am: Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկությանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար: Այս մասին հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու ՌԴ առաջարկի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը: «Մայիսի 18-ին ռուսական կողմից ստացվել է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու առաջարկություն: Դրան ի պատասխան, հայկական կողմը ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար: Բարձր ենք գնահատում ռուսական կողմի ջանքերը ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու ուղղությամբ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել սերտ համագործակցությունը, միաժամանակ ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետության համար տարածքային ամբողջականության լիարժեք պահպանումը քննարկման առարկա չի կարող լինել: Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմի վերջին գործողություններն ակնհայտորեն միտված են ՀՀ, ՌԴ եւ ԱՀ առաջնորդների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին արված հայտարարություններով ստանձնած սեփական պարտավորությունները չկատարելուն»,-նշեց Գրիգորյանը:
13:44 - 19 մայիսի, 2021
Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու․ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԽ նիստի ժամանակ

Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու․ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԽ նիստի ժամանակ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերին: Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում էլ ինչպես վերջին օրերին, պետք է քննարկենք հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը: Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը կրել է հետևյալ փոփոխությունը կամ ավելի ճիշտ ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Այսինքն, ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք գործարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը: Ուզում եմ նաև ընդգծել, որ չնայած իմ կոչերին՝ ստեղծված իրավիճակը ներքաղաքական շահարկումների առարկա չդարձնել, այնուամենայնիվ կան ուժեր, որոնք, ըստ էության, թիկունքում պրոադրբեջանական, չեմ վախենա այս դիրքորոշումից, գործունեություն են ծավալում: Ընդհանուր առմանբ գիտեք, որ ռազմաքաղաքական ցանկացած դիմադրություն, ցանկացած պայքար զուգորդվում է տեղեկատվական պայքարով և հիմա ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն ազգանունները նույնիսկ կարելի է նշել, և այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հրավիրում էին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, այս իրադարձություններից առաջ ցույց էին տալիս մոտավորապես այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք և նրանք հիմա նաև Հայաստանի Հանրապետության հանրության շրջանում տարածում են Ադրբեջանի քարոզչական թեզեր ու, ըստ էության, հուշում են, թե ինչպիսի բանակցային դիրքորոշումներ որդեգրի Ադրբեջանը, որպեսզի դրանք առավել նպաստավոր լինեն իրենց քաղաքական պայքարի համար: Ինձ համար միանշանակ է, որ այս ամեն ինչը պատահական լինել չի կարող և պետք է կարողանանք հանդարտ հետաքննել, հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը: Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք՝ հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ:Հաջորդ խնդիրը, որ ուզում եմ ընդգծել, սահմանների ճշգրտման գործընթացն է և ինչպես կոմունիկացիաների բացման, այնպես էլ սահմանների ճշգրտման գործընթացն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը: Եվ սահմանների ճշգրտման առումով կա մի այսպիսի նրբություն. վերջին օրերին ադրբեջանական պրոպագանդան փորձ է անում առաջ քաշել այն միտքը, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա երկկողմ ֆորմատով: Նման բան տեղի ունենալ չի կարող այն պարզ պատճառով, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ: Եվ ինչպես կոմունիկացիաների բացման, նույնկերպ և սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով, ինչի շուրջ մի քանի անգամ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և այդ պայմանավորվածությունների խախտումը կամ խափանումն է նաև, իմ կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերի և ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների պատճառը:Հետագա անելիքների մասին. երեկ մինչև ուշ երեկո բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի օրը բանակցությունները շարունակվելու են: Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից: Քանի դեռ սա տեղի չի ունեցել՝ հարցը, իրավիճակը մենք գնահատում են որպես ճգնաժամ, որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության, տարածքային ամբողջականության համար, իրավիճակ, որը ձևակերպված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ, Հավաքական անվտանգության մասին պայմանագրով և Ճգնաժամային իրավիճակների արձագանքման Հավաքական անվտանգության պայմանագրի կանոնակարգով: Քանի դեռ մեր առաջ քաշած լեգիտիմ խնդիրը չի լուծվել, ուրեմն այս բոլոր մեխանիզմները, զուգահեռ նաև հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմները պետք է գործարկվեն, որոնք նախատեսված են նման դեպքերի համար:Մենք պետք է գործարկենք և քաղաքական միջոցներով կարողանանք հասնել մեր խնդրի լուծմանը: Եվ եթե այսպիսի արդյունքի հնարավոր չլինի հասնել, այդ դեպքում նույն տրամաբանության մեջ պետք է գործի դրվեն ռազմաքաղաքական մեխանիզմները: Նկատի ունեմ Հավաքական անվտանգության պայմանագրով և հայ-ռուսական պայմանագրերով նախատեսված են գործառույթներ, և այդ պայմանագրերը նախատեսված են հենց այսպիսի դեպքերի համար ու մենք, մեր լեգիտիմ իրավունքից օգտվելով, ձեռնարկել ենք այդ գործողությունների մեկնարկը»: Ի գիտություն. Անվտանգության խորհրդի նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվել է ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճ:
12:16 - 17 մայիսի, 2021