Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսության շուրջ 5 % անկում է կանխատեսում 2020 թվականի համար |hetq.am|

Էկոնոմիկայի նախարարությունը տնտեսության շուրջ 5 % անկում է կանխատեսում 2020 թվականի համար |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարության կանխատեսմամբ 2020 թվականին Հայաստանի տնտեսական անկումը կկազմի շուրջ 5 %։ Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, սպասվում է, որ տարվա երրորդ և չորրորդ եռամսյակներում տնտեսությունն ավելի դրական միտումներ ու ցուցանիշներ կգրանցի, քան գրանցել է երկրորդ եռամսյակում։ Հայաստանում սովորաբար համախառն ներքին արդյունքի մոտ 40 %-ն արտադրվում է առաջին կիսամյակում, 60 %-ը՝ երկրորդ կիսամյակում։ Այս հանգամանքը և տնտեսական ակտիվության անկման տեմպերի սպասվող թուլացումը հաշվի առնելով՝ նախարարությունը կանխատեսում է, որ Հայաստանը տարին կամփոփի համախառն ներքին արդյունքի շուրջ 5 % նվազմամբ։ «Սա նման է համաշխարհային տնտեսության ընդհանուր միտումներին։ Միջազգային հեղինակավոր կազմակերպությունները համաշխարհային տնտեսության մինչև 6 % անկում են կանխատեսում։ Նաև կանխատեսում են, որ 2021 թվականը լինելու է տնտեսության վերականգնման տարի»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) ամենաթարմ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ, նվազել է 4.7 %-ով։ Շինարարության ոլորտում կիսամյակի կտրվածքով անկումը կազմել է 23.4 %, առևտրաշրջանառության ոլորտում ՝ 11.1 %, ծառայությունների ոլոտում՝ 6.4 %։ Առաջին կիսամյակի կտրվածքով արդյունաբերության ոլորտի աճը 1.5 % է, գյուղատնտեսության աճը՝ 1.7 %:  Կենտրոնական բանկն էլ (ՀՀ ԿԲ) այս տարվա համար կանխատեսել է 4 % տնտեսական անկում։
15:35 - 14 օգոստոսի, 2020
Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց զբոսաշրջությանն առնչվող հակաճգնաժամային միջոցառման մանրամասները |armenpress.am|

Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց զբոսաշրջությանն առնչվող հակաճգնաժամային միջոցառման մանրամասները |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները հաղթահարելուն ուղղված 23-րդ միջոցառուման շահառուները, որոնք չնայած եկամուտների էական կրճատմանը՝ շարունակել են պահպանել աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը, կստանան աջակցություն յուրաքանչյուր 3-րդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորման չափով կամ աշխատավարձի ֆոնդի 33 տոկոսի չափով: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Կառավարության օգոստոսի 13-ի նիստում ընդունվել է նոր որոշում՝ 23-րդ  տնտեսական միջոցառումը, որը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին առնչվող ծառայությունների 3 բնագավառում աջակցության հարցերին: Տվյալ միջոցառումը վերաբերում է զբոսաշրջությանն առնչվող երեք հիմնական՝ հանրային սննդի, գիշերակացի ու առողջարանային ծրագրերի ու զբոսաշրջության գործակալությունների ոլորտներում գործող ընկերությունների աջակցությանը: Մենք մի շարք քննարկումներ ենք ունեցել ոլորտը ներկայացնող տարբեր միությունների, ինչպես նաև անմիջապես ընկերությունների ներկայացուցիչներ հետ: Եկել ենք այն եզրակացության, որ նշված կազմակերպություններն իրենց առջև ծառացած խնդիրներից մեկը համարում են անձնակազմի ու աշխատատեղերի պահպանումը, որովհետև տարբեր ոլորտներում վերջին երկու ամիսներին, նախորդ տարիների համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը չի գերազանցում նախորդ տարիների նույն ժամանակահատվածի 50 տոկոսը»,- նշեց Խաչատրյանը: Հաշվի առնելով, որ աջակցությունն ուղղված է աշխատատեղերի պահպանմանը, ապա,  ինչպես ընդգծեց նախարարը, աջակցության հիմքում առաջինը սահմանել են առնվազն երեք աշխատող ունենալու կանոնը: Նրա խոսքով՝ այն կազմակերպությունները, որոնք ներկայումս ունեն 2, սակայն սովորաբար ունեցել են 3 և ավելի աշխատակից, եթե առաջիկա ամիսներին ունենան 3 աշխատող, ապա կկարողանան դառնալ աջակցության շահառու: Աջակցությունը կկիրառվի այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք ստեղծվել են մինչև 2020թ. մարտի 31-ը: «Մի քանի կանոններ կան աջակցության հիմքում. մենք խրախուսում կամ խթանում ենք այն կազմակերպությունների գործունեությունը, որոնք, չնայած եկամուտների էական կրճատմանը, շարունակել են պահպանել աշխատակազմի ավելի քան 70 տոկոսը, նրանք կստանան աջակցություն յուրաքանչյուր 3-րդ աշխատակցի աշխատավարձի սուբսիդավորման չափով կամ աշխատավարձի ֆոնդի 33 տոկոսի չափով: Այն կազմակերպությունները, որոնց չի հաջողվել պահպանել ավելի քան 70 տոկոսը, կստանան յուրաքանչյուր 4-րդ աշխատակցի կամ աշխատավարձի ֆոնդի 25 տոկոսի չափով աջակցություն»,- շեշտեց Տիգրան Խաչատրյանը: Այն ընկերությունները, որոնք չեն պահպանել աշխատողների 50 տոկոսից ավելին, չեն կարողանա օգտվել աջակցությունից: Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ տվյալ միջոցառումն ունի առանձնահատկություն՝ աջակցությունը կշարունակվի հաջորդ 9 ամսվա համար: Տնտեսավարողները հատուկ դիմում չեն ներկայացնելու, այլ աջակցման հիմք կհանդիսանա տնտեսավարողի կողմից իր գործունեության վերաբերյալ հարկային մարմին ներկայացրած հայտարարագիրը: Աջակցության այլ ծրագրերից օգտվելը չի խանգարի կազմակերպություններին՝ օգտվել 23-րդ միջոցառումից, այսինքն՝ եթե կազմակերպությունը երրորդ միջոցառման շրջանակում ստացել է վարկային աջակցություն, դա չի նշանակի, որ նրա աշխատակիցների չափով աշխատավարձի ֆոնդի սուբսիդավորում չի լինելու:
14:01 - 14 օգոստոսի, 2020
«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը

«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում վերաբացվել է գյուղմթերքի տոնավաճառը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով «Հրազդան» մարզադաշտի հարակից հատվածում օգոստոսի 8-ին վերաբացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Այս մասին տեղեկանում ենք էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջից։ Նախկինում տոնավաճառը կազմակերպվում էր Կասյան փողոցին հարող հրապարակում, սակայն քննարկումների արդյունքում առավել նպատակահարմար է համարվել այն կազմակերպել «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում։ Տոնավաճառի բացմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը: Փոխնախարարները շրջել են տոնավաճառի տաղավարներով, կատարել գնումներ և զրուցել ֆերմերների հետ, որոնք մայրաքաղաք են ժամանել հանրապետության տարբեր մարզերից և տոնավաճառին ներկայացնում են բացառապես իրենց արտադրանքը: «Ոմանք մտահոգություն ունեին, որ այստեղի տոնավաճառը արդյունավետ չի գործի, սակայն այսօրվա շրջայցի ընթացքում նկատեցինք, որ դեռ մի քանի ժամ է, ինչ այն մեկնարկել է, սակայն որոշ ֆերմերներ արդեն իսկ ամբողջությամբ իրացրել են իրենց գյուղմթերքը։ Սա ուրախալի ազդակ է, որ շուկան գործարկելու ուղղությամբ մեր բոլոր նպատակները կարծես թե հաջողությամբ են պսակվում», - շրջայցի ընթացքում նշել է Արման Խոջոյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ նախորդ տարիներին նախարարության կողմից տրամադրված այլ անվճար պարագաների հետ մեկտեղ շուկայի աշխատանքներն ապահովելու համար կտրամադրվի 10 մլն դրամի անվճար գույք՝ մոտ 200 վաճառասեղան, 75 վրան և 100 կշեռք և սայլակներ, ինչը լրացուցիչ աջակցություն կլինի տոնավաճառին իրենց գյումթերքը ներկայացնող ֆերմերների համար։ Վերավաճառքի դեպքերը բացառելու նպատակով վաճառողներին կտրամադրվեն նաև անվանական քարտեր, որոնց վրա նշված կլինի, թե նրանք որ մարզից ու համայնքից են։ Ընդգծելով, որ տոնավաճառին կարող են մասնակցել ֆերմերներ ՀՀ բոլոր մարզերից՝ փոխնախարարը նաև հավելել է, որ եթե ցանկացողները շատ լինեն, ստեղծված են բոլոր պայմանները՝ տոնավաճառն ընդարձակելու և այն շուրջ 200 լրացուցիչ վաճառասեղաններով համալրելու համար։ Շուկայի գործունեության ընթացքում անվտանգության ապահովումը և տարածքում հասարակական կարգի պահպանումը վերահսկվելու է ոստիկանության կողմից: Տոնավաճառին մասնակից բոլոր ֆերմերներին ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրվել են նաև ախտահանիչ նյութեր և դիմակներ։
18:13 - 08 օգոստոսի, 2020
Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի կենտրոնի հավաքածուն ունի 3850 սորտանմուշներ

Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի կենտրոնի հավաքածուն ունի 3850 սորտանմուշներ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանն օգոստոսի 5-ին այցելել են Արարատի մարզի Դարակերտ համայնքում գործող ՀՀ ԳՆ «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» ՊՈԱԿ` կազմակերպության գործունեությանը և այստեղ կատարվող գիտահետազոտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախարարության ներկայացուցիչները կենտրոնի տնօրեն Գայանե Սարգսյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել կենտրոնի ջերմոցներում, որտեղ իրականացվում է լոլիկի, վարունգի, տաքդեղի և այլ մշակաբույսերի սածիլների արտադրություն: Գենոֆոնդի պահպանման բաժնում կենտրոնի գիտաշխատող Ալվինա Ավագյանը հյուրերին ներկայացրել է հատուկ սառնարաններում պահպանվող բանջարաբոստանային մշակաբույսերի գենետիկական ռեսուրսները, որոնք ներառում են տեղական սորտեր, սելեկցիոն սորտեր, հանրապետություն ներմուծված արտասահմանյան սելեկցիայի սորտեր և հիբրիդներ: Այնուհետև պաշտոնյաները շրջել են բույսերի ֆիզիոլոգիայի և ֆիտոպաթոլոգիայի լաբորատորիայում, որտեղ ժամանակակից մեթոդներով կատարվում է բույսերի բակտերիալ, սնկային հիվանդությունների, ինչպես նաև հողի և ջրի ախտորոշում: Գայանե Սարգսյանը տեղեկացրել է, որ գիտական կենտրոնում ստեղծվել և շրջանացվել են 23 բանջարաբոստանային մշակաբույսերի 150 սորտեր: Այստեղ պահպանվում է տեղական սորտերի և պոպուլյացիաների հարուստ գենոֆոնդ, որն ընդգրկում է 3850 սորտանմուշներ: Բանջարաբոստանային մշակաբույսերի թվում ներկայումս հանրապետությունում առավել մեծ պահանջարկ ունեն հատկապես լոլիկը, վարունգը, տաքդեղը, սոխը, հազարը: «Ներկա պահին գիտական աշխատանքներ են իրականացվում տարբեր ուղղություններով, ելնելով պահանջարկից՝ ավելանում են սերմերի արտադրության ծավալները։ Բացի այդ, շարունակվում են նաև սելեկցիոն աշխատանքները, ստեղծվում են բարձր բերքատվությամբ, առավել դիմացկուն սորտեր։ Ընդհանուր առմամբ, տարեկան շրջանացման մեջ մտնում է 10-15 նոր սորտ», - նշել է տնօրենը: Նա գոհունակությամբ նշել է, որ կենտրոնում ժամանակակից սարքավորումների կիրառմամբ տարբեր հետազոտությունների իրականացումը նպաստում է երիտասարդ գիտնականների հետաքրքրության աճին, արդյունքում կենտրոնը պարբերաբար համալրվում է երիտասարդ կադրերով։ Որպես մեկ այլ դրական միտում Գայանե Սարգսյանը նշել է գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպման վերաբերյալ ֆերմերների իրազեկվածության մակարդակի բարձրացումը հանրապետության մարզերում։  Ընդգծելով երիտասարդ մասնագետների ակտիվ ներգրավվածության կարևորությունը կենտրոնի աշխատանքներում` Տիգրան Գաբրիելյանը նշել է, որ այս կառույցը երիտասարդ գիտնականների յուրօրինակ դարբնոց է, ինչը գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման կարևոր գրավական է:       Շրջայցի ընթացքում ներկայացվել են կենտրոնում ներդրված՝ սերմերի մաքրման, ախատահանման, տեսակավորման, փաթեթավորման և մի շարք այլ նորագույն սարքավորումներ։  Հյուրերին նաև տեղեկացվել է, որ կենտրոնը համագործակցում է միջազգային կազմակերպությունների և տեղացի ֆերմերների հետ` տրամադրելով բանջարաբոստանային մշակաբույսերի սածիլներ և ապահովելով դրանց փոխադրումը։
11:20 - 06 օգոստոսի, 2020
Կասյանի նախկին շուկայի կազմակերպչական խմբին շուկայի տարածքի այլընտրանքային տարբերակ է առաջարկվել

Կասյանի նախկին շուկայի կազմակերպչական խմբին շուկայի տարածքի այլընտրանքային տարբերակ է առաջարկվել

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Կասյանի նախկին շուկայի կազմակերպչական խմբի ֆերմերներին շուկայի տարածքի այլընտրանքային տարբերակ է առաջարկել` անվճար հիմունքներով: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: «Տեղեկացնում ենք, որ այս օրերին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս նախարարի տեղակալ Արման Խոջոյանի, ակտիվ համագործակցում է Կասյանի նախկին շուկայի կազմակերչական խմբի հետ։ Նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Արաբկիր վ/շ ղեկավար Արամ Դանիելյանի հետ մի շարք քննարկումների արդյունքում ֆերմերներին առաջարկվել է այլընտրանքային տարբերակ «Դալմա» ա/կ հարակից տարածքում անվճար հիմունքներով։ Խմբի հետ այցելություն է կազմակերպվել նշված տարածք, որին ներկա է եղել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը»,- գրել է Օհանյանը: Մամուլի խոսնակը նշել է, որ առաջարկվող տարածքը հավանության է արժանացել շուկայի կազմակերպչական խմբի կողմից։ «էկոնոմիկայի նախարարի տեղակալը համապատասխան գրություններով դիմել է Երևանի քաղաքապետարան և ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման և շուկայի գործունեության ընթացքում անվտանգության պահպանման համար»,- նշել է Աննա Օհանյանը: Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ (միջազգային գործընկների հետ համագործակցությամբ) շուկայի աշխատանքներն ապահովելու համար անվճար կտրամադրվեն սեղաններ, վրաններ, կշեռքներ, քարշակ սարքավորումներ շուրջ 10 մլն դրամի արժեքով, ինչը նախորդ տարիներին նախարարության կողմից տրամադրված այլ անվճար պարագաների հետ միասին լրացուցիչ կվերազինի ֆերմերներին և կխթանի շուկայահանումը։
14:32 - 04 օգոստոսի, 2020
Գյումրիի սելեկցիոն կայանը լավ նախադրյալներ է ստեղծում տեղական սերմնաբուծության զարգացման համար՝ նպաստելով պարենային անվտանգության ապահովմանը․ փոխնախարար

Գյումրիի սելեկցիոն կայանը լավ նախադրյալներ է ստեղծում տեղական սերմնաբուծության զարգացման համար՝ նպաստելով պարենային անվտանգության ապահովմանը․ փոխնախարար

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն ու նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանն այցելել են Շիրակի մարզ՝ «Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ում իրականացվող ծրագրերին ու գիտական հետազոտություններին ծանոթանալու և բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով։ Այցի սկզբում ընկերությանը հանձնվել է ժամանակակից գյուղտեխնիկա (Case IH Magnum 310 տրակտոր ու համապատասխան գութան և երկու ՄՏԶ 82.1 մակնիշի տրակտոր), որը կայանին տրամադրվել է ՀՀ կառավարության կողմից։ Ընկերությունում վստահ են, որ այս տեխնիկայի կիրառմամբ հնարավոր կլինի գյուղատնտեսական աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել և բարձրացնել արտադրողականությունը: Այնուհետև նախարարության ներկայացուցիչները Գյումրիի սելեկցիոն կայանի տնօրենի պաշտոնակատար Դավիթ Մարտիրոսյանի ուղեկցությամբ այցելել են Գյումրու սելեկցիոն կայանի նորաստեղծ ջերմատուն, որը կառուցվել է «Փոքր ու միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման» պետական աջակցության ծրագրի շրջանակում։ Ջերմատնային տնտեսության համար հատկացվել է 500 քմ տարածք, որից 100 քմ նախատեսված է մշակաբույսերի գիտական փորձերի համար, իսկ 400 քմ կօգտագործվի բանջարաբոստանային սածիլների աճեցման համար։ Ջերմատան հարակից տարածքում պետական աջակցության ծրագրով հիմնվել է ինտենսիվ այգի, որտեղ հիմնականում աճեցվում է սալոր ու խնձոր։ Այցի ընթացքում կայանի աշխատակիցները ներկայացրել են այստեղ իրականացվող գիտափորձարարական աշխատանքները, որոնք ուղղված են մասնավորապես լոլիկի և վարունգի հիբրիդային սորտերի ստեղծմանը։ Կայանում աշխատանքներ են տարվում նաև կարտոֆիլագործության ոլորտում․ ռուսական «Ֆատ-Ագրո» կազմակերպությունից ներկրվել են կարտոֆիլի շուրջ 16 սորտեր, որոնցով կատարվել է փորձնական ցանք։ Հետագայում տեղական բնակլիմայական պայմաններին առավել լավ հարմարվող սերմերը կներդրվեն Գյումրիի սելեկցիոն կայանի արտադրական ցիկլում։ «Արդյունքում մենք կունենանք ներկայումս Եվրոպայից ներկրվող սերմերի գրեթե կրկնակի էժան էլիտային սերմեր, որոնք որակով ևս չեն զիջի եվրոպական սերմերին», - նշել է Դավիթ Մարտիրոսյանը։  Կայանում քայլեր են ձեռնարկվում նաև տոհմային անասնաբուծության զարգացման ուղղությամբ․ հիմնվել է տոհմային տնտեսություն, որտեղ հիմնականում կբուծվեն մաքրացեղ կենդանիներ՝ տեղական Կովկասյան գորշ,  հոլշտեյն, սիմենթալ և այլ ցեղի խոշոր եղջերավոր կենդանիներ։ Ընթացքի մեջ է պետական աջակցության ծրագրով կառուցվող անասնաշենքի շինարարությունը։ Դավիթ Մարտիրոսյանի խոսքով՝ 42 գլուխ կենդանու համար նախատեսված անասնաշենքում ներդրվելու են ժամանակակից սարքավորումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ապահովել սանիտարահիգիենիկ չափանիշներին համապատասխանող կաթի արտադրություն։    Ընկերության դաշտերում պաշտոնյաները հետևել են բերքահավաքի աշխատանքներին, ծանոթացել արտադրված ցորենի, գարու, առվույտի և կորնգանի պահեստավորման և պահպանման պայմաններին։ Ամփոփելով այցի արդյունքները՝ Տիգրան Գաբրիելյանը նշել է․ «Էկոնոմիկայի նախարարությունը կարևորում է Գյումրիի սելեկցիոն կայանի գործունեությունը, քանի որ այն լավ նախադրյալներ է ստեղծում հանրապետությունում տեղական սերմնաբուծության զարգացման համար՝ նպաստելով հանրապետությունում պարենային անվտանգության ապահովմանը»։ Փոխնախարարը նաև ընդգծել է, որ ընկերության կողմից ինտենսիվ այգեգործության, ջերմոցաշինության, «խելացի» անասնաշենքերի կառուցման և տոհմային տավարաբուծության ոլորտներում պետական օժանդակության գործիքակազմի կիրառման հաջող փորձը կարող է օրինակելի դառնալ այդ ծրագրերի այլ պոտենցիալ շահառուների համար։ Այցի ամփոփման ընթացքում քննարկվել է նաև Գյումրիի սելեկցիոն կայանի տարածքում գյուղական տուրիզմի զարգացման հնարավորությունը։
11:23 - 31 հուլիսի, 2020
Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է խոզանը այրելու փոխարեն կատարել երեսվար

Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է խոզանը այրելու փոխարեն կատարել երեսվար

Բերքահավաքի սեզոնի հետ կապված, Էկոնոմիկայի նախարարությունը հիշեցնում է, որ,համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ արգելվում է այրել խոզանները՝ բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ «Բացի շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա վնասակար ազդեցությունից, խոզանի այրումը նաև գյուղատնտեսության մեջ է խիստ բացասական հետևանքներ թողնում: Հողի վերին շերտի վրա պարբերաբար բարձր ջերմաստիճանների ազդեցության հետևանքով ոչնչանում են հումուսի պաշարը և հողում կենսագործող կենդանի օրգանիզմները (բիոտան), փոխվում են հողի ֆիզիկաքիմիական հատկություններն ու մեխանիկական կազմը, ինչի հետևանքով հողը առավել հեշտ է ենթարկվում քամու և ջրի էռոզիային: Խոզանի այրման ժամանակ այրվում են նաև բույսի աճի և զարգացման համար անհրաժեշտ սննդատարրեր, յուրաքանչյուր հեկտարից հողից անվերադարձ հեռացվում է 4 տոննա օրգանական նյութ և մինչև 30 կիլոգրամ ազոտ: Բավական է միայն նշել, որ 40-50 ցենտներ խոզանի այրվելու դեպքում 1 հեկտարից հեռացվում է 1500-1700 կիլոգրամ ածխաթթու գազ և մինչև 20-25 կիլոգրամ ազոտ, որոնք կարող էին մտնել կրկնակի շրջապտույտի մեջ: Այրման հետևանքով սննդանյութերի հետ միաժամանակ ոչնչանում են արժեքավոր հողային կենսացենոզներ: Բերքահավաքից հետո բուսական մնացորդների (խոզանի) այրման  բացասական հետևանքներից խուսափելու նպատակով՝ Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում խոզանը այրելու փոխարեն դաշտը զբաղեցնող մշակաբույսի բերքահավաքից անմիջապես հետո կատարել խոզանի երեսվար, ինչը անգնահատելի մեծ նշանակություն ունի շատ տարածաշրջաններում: Խոնավ շրջաններում այն խորհուրդ է տրվում կատարել 5-6 սանտիմետր, իսկ չորային պայմաններում՝ 8-10 սանտիմետր խորությամբ:
11:04 - 29 հուլիսի, 2020
Արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է գյուղոլորտում ապահովել առավել քան 30% շահութաբերության բարձրացում. Տիգրան Գաբրիելյան

Արդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է գյուղոլորտում ապահովել առավել քան 30% շահութաբերության բարձրացում. Տիգրան Գաբրիելյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ու Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանն և վարչության պետի տեղակալ Վարսիկ Մարտիրոսյանն այցելել են Արարատի մարզի Ոստան համայնք` մշակաբույսերի ցանքատարածությունները դիտարկելու, ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքներին ծանոթանալու և բերքահավաքին հետևելու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։ Փոխնախարարին ուղեկցել է ֆերմեր Իոսիֆ Դինխոևը, նա համայնքում զբաղվում է տարբեր մշակաբույսերի, մասնավորապես` լոլիկի, ելակի, սոխի, ծաղկակաղամբի և պեկինյան կաղամբի մշակությամբ: Գյուղատնտեսական գործունեությունն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով ֆերմերը բաց գրունտում ներդրել է կաթիլային ոռոգման համակարգ, որի շնորհիվ կարողացել է նվազեցնել ոռոգման ծախսերը և բարձրացնել բերքատվությունը: Բացի այդ, ֆերմերը կիրառում է ցանքաշրջանառություն, ինչը թույլ է տալիս բարելավել հողերի բերրիությունը և ապահովել բարձր և որակյալ բերք: Արտադրված գյուղմթերքը մասամբ իրացվում է  տեղական, մասամբ` ռուսաստանյան շուկայում: Պետական աջակցության շրջանակներում նա օգտվել է լիզինգի ծրագրից և ձեռք բերել մի շարք սարքավորումներ: Իոսիֆ Դինխոևը տեղեկացրել է, որ այս համայնքում բարենպաստ պայմաններ են ստեղծված գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, առաջիկայում նա նախատեսում է բազմազանեցնել մշակաբույսերի տեսականին և զբաղվել նաև մոշի մշակությամբ: Տիգրան Գաբրիելյանը ֆերմերին ներկայացրել է պետական օժանդակության այն ծրագրերը, որոնց շրջանակում հնարավոր է նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ  բարձր արտադրողականությամբ մոշի ինտենսիվ այգի հիմնել` ապահովելով հատապտղի բարձր բերքատվություն: Ֆերեմերն առաջիկակում նախատեսում է նաև հիմնել տարբեր մշակաբույսերի սածիլանոց, իսկ տնտեսությունն ընդլայնելու նպատակով` օգտվել պետական օժանդակության գործիքակազմից։ Անդրադառնալով այցի ընթացքում կատարված դիտարկումների արդյունքներին` Տիգրան Գաբրիելյանn ընդգծել է ցանքաշրջանառության իրականացման կարևորությունը և նշել, որ արդյունավետ գյուղատնտեսության գրավականը աշխատանքների ճիշտ կազմակերպումն է և նորագույն տեխնոլոգիաների կիրառումը. «Արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ հնարավոր է գյուղատնտեսության ոլորտում նվազեցնել արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքը և առավել քան 30%-ով բարձրացնել շահութաբերության մակարդակը», - նշել է նա: Շրջայցի ընթացքում ներկայացվել են պետական օժանդակության ծրագրերի պայմանները, կատարված փոփոխություններն ու լրամշակումները, դրանց շրջանակներում շահառուներին տրվող արտոնությունները:
18:03 - 28 հուլիսի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Արցախի նախագահն իր խոսքում նշել է, որ փոխգործակցության հիմքում ունենալով ԱՀ և ՀՀ տնտեսությունների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները՝ առաջիկա տարիների տեսլականում շատ կարևոր է ուշադրությունը սևեռել պարենային ապահովության և անվտանգության խնդիրներին: Երկրի ղեկավարը շեշտադրել է, որ համաշխարհային տնտեսության վերջին զարգացումները, նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հետևանքները և տարածաշրջանային մարտահրավերներն այդ իմաստով այլընտրանք չեն թողնում՝ հատկապես, որ թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում առկա է գյուղատնտեսական չիրացված մեծ ներուժ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Խաչատրյանը նշել է, որ լիովին գիտակցում է ձևակերպված խնդիրների կարևորությունը և ժամանակի սղությունը: Նա ընդգծել է, որ Արցախի գործընկերների հետ քննարկում են այն հիմնական ուղիները, որոնք հնարավորություն են տալու արդյունավետ կերպով ապահովել նախանշած արդյունքները: Նախարարի խոսքով՝ այդ համատեքստում դիտարկվում են առկա ռեսուրսները և համեմատական առավելություններ ընձեռնող գործոնները, որպեսզի հնարավոր լինի ապահովել առավելագույն արդյունավետություն: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկու կառավարությունների կողմից տնտեսվարող սուբյեկտների աջակցման նպատակով կիրառվող գործիքակազմերի ներդաշնակեցմանը և տնտեսական առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը:
12:29 - 25 հուլիսի, 2020
Տիգրան Խաչատրյանն Արցախում է․ ստորագրվել է գյուղաջակցության ծրագրերի ներդաշնակեցման հուշագիր

Տիգրան Խաչատրյանն Արցախում է․ ստորագրվել է գյուղաջակցության ծրագրերի ներդաշնակեցման հուշագիր

Մեկնարկել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի աշխատանքային այցը Արցախի Հանրապետություն։ Ինչպես տեղեկացրին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում հուլիսի 24-ին տեղի է ունեցել Տիգրան Խաչատրյանի և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են հայկական երկու պետությունների գյուղատնտեսության ոլորտի առաջնահերթ ուղղություններին, պետական օժանդակության ծրագրերում կատարված փոփոխություններին ու լրամշակումներին, երկու գերատեսչությունների միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության հեռանկարներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերին վերաբերող հարցեր։   Նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այս հանդիպման կարևոր նպատակներից է քննարկել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունը, գույքագրել երկու կողմերում առկա օժանդակության գործիքակազմը և միասնական քայլերով, առկա մարտահրավերների հաղթահարման միջոցով հասնել ոլորտի առավել արդյունավետ զարգացմանը և պարենային անվտանգության ապահովմանը, որը երկու պետությունում հարկավոր է դիտարկել մեկ նկարի մեջ` որպես ընդհանուր խնդիր։ «Մենք պետք է փորձենք համատեղ ուժերով գտնել պարենային անվտանգության և պարենային ապահովության հարցերի լուծման ուղիներ, խնդրի լուծման ընդհանուր բանալի՝ լավագույն եղանակով օգտագործելով այն ռեսուրսները, որոնք ունենք Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում։ Մեր ունեցած ռեսուրսները պետք է այնպես օգտագործվեն, որպեսզի կարողանան առավելագույնս ծառայել արդյունավետ գյուղատնտեսության զարգացմանը», - նշել է Տիգրան Խաչատրյանը։ Նախարար Խաչատրյանը նաև հույս է հայտնել, որ աշխատանքային այս հանդիպումը հիմք կհանդիսանա վերածելու փոխգործակցությունը ամենօրյա ձևաչափի։ ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանն իր խոսքում նշել է, որ երկու պետությունների համար գյուղատնտեսութունը ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսության ճյուղ է և ներկայում Արցախի Հանրապետության գյուղատնտեսության առաջնային խնդիրներից է դեպի ոլորտ նոր ներդրումների ներգրավումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՀ ագրարային բնագավառում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները, ընդգծվել է հայկական երկու պետությունների ծրագրերը ներդաշնակեցնելու կարևորությունը։ Առանձին անդրադարձ է կատարվել Հայաստանում մեկնարկած աշնանացան ցորենի արտադրության խթանման ծրագրին։     Նախարարները համակարծիք էին, որ ոլորտում մշակվող և իրականացվող պետական օժանդակության ծրագրերը պետք է ուղղվեն գյուղատնտեսության մեջ ներգրավված տնտեսվարողների շահութաբերության ավելացմանը և արտադրողականության բարձրացմանը։   Հանդիպման շրջանակում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է մշակել և իրականացնել տեխնիկական ու գիտական համագործակցություն, իրագործել նախագծեր և ծրագրեր գյուղատնտեսության բնագավառում։ Փաստաթղթով նախատեսվում է երկկողմ համագործակցություն, մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման, Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերքի վերամշակման և իրացման աշխատանքների համատեղ պլանավորման, բուսաբուծության և պտղաբուծության, սերմնարտադրության, բանջարեղենի արտադրության, խաղողագործության և գինեգործության, անասնաբուծության և անասնաբուժության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԱՀ գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համատեղ վերապատրաստման և միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպվող միջոցառումներին նրանց մասնակցության ապահովման, ագրոբիզնեսի հետազոտությունների իրականացման ոլորտներում, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության այլ ծրագրերի շրջանակում: Այնուհետև Տիգրան Խաչատրյանն իր գործընկերոջ հետ շրջայց է կատարել «Ոսկե կաթիլ» ձեթի արտադրամասում, որտեղ արտադրվում է արևածաղկի, կտավատի, հլածուկի զտված և չզտված ձեթ։ Շրջայցի ընթացքում հյուրերին ներկայացվել են առկա արտադրական հզորությունները, ընկերության առաջիկա  ծրագրերը:
21:38 - 24 հուլիսի, 2020
Պաշտպանիչ պարագաներ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնին»

Պաշտպանիչ պարագաներ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնին»

Նոր կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումներին նպաստելու նպատակով` «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպությունը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրել է անհատական պաշտպանիչ պարագաներ՝  27,750 հատ բժշկական դիմակ, 55,500 զույգ ձեռնոց և տեղեկատվական նյութեր, իսկ օգոստոսին կտրամադրվի հատուկ հանդերձանքի 555 հավաքածու՝ արտահագուստ և կոշիկ: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Աջակցությունը տրամադրվել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում»  ծրագրի շրջանակներում: Օժանդակության նպատակն է աջակցել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն»-ին ՀՀ տարածքում պետական պատվերի ծրագրի շրջանակներում իրականացվող կենդանիների, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների անխափան և անվտանգ իրականացմանն ու համավարակի տարածման կանխարգելմանը հետևյալ ուղղություններով. - Անասնաբույժ-մասնագետների և համաճարակաբանների իրազեկում՝ համավարակի պայմաններում աշխատանքի անվտանգության կանոնների և անհատական պաշտպանության միջոցների վերաբերյալ։ -Աշխատող անձնակազմի (անասնաբույժ-մասնագետներ և համաճարակաբաններ) անվտանգության ապահովում՝ տրամադրելով անհատական պաշտպանիչ պարագաներ։ - Անասնապահ տնտեսությունների շրջանում իրազեկման մակարդակի բարձրացում՝ համավարակի պայմաններում կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների իրականացման առանձնահատկությունների և անվտանգության կանոնների վերաբերյալ: «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում մինչև օգոստոսի վերջ կիրականացվեն մի շարք լրացուցիչ միջոցառումներ, որոնք նպատակ ունեն կաթի և մսի արժեշղթաների մասնակիցներին աջակցել համավարակի պայմաններում աշխատանքների անվտանգ և անխափան իրականացման հարցում:
13:28 - 24 հուլիսի, 2020
Նախատեսվում է ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ճանաչել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն |hetq.am|

Նախատեսվում է ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ճանաչել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է Հայաստանի ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ճանաչել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը։ Նշենք, որ այն ստեղծվել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ների միաձուլման արդյունքում։  Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նորաստեղծ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» միջոցով բացառվելու է երկու ՓԲԸ-ների նույնանման գործառույթների իրականացումը։ Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ 2019 թվականի ֆինանսների նախարարությունում և կառավարությունում կայացած հանդիպումների շրջանակներում քննարկվել են մի շարք պետական կազմակերպությունների, այդ թվում՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ների, կառուցվածքները, ռեսուրսները, դրանց կողմից իրականացվող գործընթացների, մատուցվող ծառայությունների հիմնավորվածություններն ու դրանց շարունակականության ապահովման նպատակահարմարությունը։ Արդյունքում որոշվել է այս երկու ՓԲԸ-ները միաձուլել՝ ստեղծելով նոր «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին»։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն հիմնադրվել է այս տարվա մարտին։ Դրա միակ բաժնետերը Էկոնոմիկայի նախարարությունն է։
16:33 - 23 հուլիսի, 2020
Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացման կետերի վերաբերյալ տեղեկություն կտրամադրվի անցակետում

Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացման կետերի վերաբերյալ տեղեկություն կտրամադրվի անցակետում

Մոսկվայում հայկական գյուղմթերքի իրացման կետերի վերաբերյալ տեղեկություն այսուհետև կտրամադրվի նաև սահմանային անցակետերում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: «ՊԵԿ գործընկերների հետ համագործակցությամբ այսուհետև հայաստանյան արտահանողները կետեղեկացվեն ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հայկական մթերքի իրացման հնարավորությունների վերաբերյալ։ Արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45 ), ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։ Տեղում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները»,- նշել է Օհանյանը: Նրա խոսքով` այս օրերին առևտրային գործունեության կազմակերպման, անվճար կայանման, ապրանքների իրացման հնարավորություններ ստեղծված են մեծածախ առևտրի մի քանի կետում` «Бухта» (Дмитровское шоссе 165, к․1, +7 (926) 6660099), Шелковый путь» (32-й км МКАД), ք․ Տուլայի առևտրի կենտրոն (с. Ильинка, ул․Центральная, вл․ 40): Էկոնոմիկայի նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ հայ արտահանողները և անհատ ձեռներեցները, ովքեր բախվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում և, մասնավորապես, Մոսկվայի տարածքում, Հայաստանից արտահանվող ապրանքների իրացման խնդրին, կարող են անվճար իրավաբանական օգնություն ներկայացնել հետևյալ կազմակերպություններին` Իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիա «АРМРОСС» - +7 (929) 939 78 00; «ОМЕГА Групп» - +7 (909) 952- 70-49, +7 (985) 132 08 88, + 7 (495) 104 -82 -27; Հայ փաստաբանների ասոցիացիայի Մոսկվայի մասնաճյուղ САР - +7 (966) 153-00-00: Նշյալ հարցերով ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը գործում է հետևյալ «Թեժ գծի» հեռախոսահամարը՝ + 7 (966) 118-89-84։
15:30 - 23 հուլիսի, 2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել COVID-19-ի վերաբերյալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և PwC Արմենիան համատեղ հետազոտություն են կատարել COVID-19-ի վերաբերյալ

COVID-19 համավարակով պայմանավորված երկարատև սահմանափակումներից հետո, հայաստանյան բիզնեսը վերաբացվում է, և ստեղծված նոր գործարար միջավայրում ֆինանսական տնօրենները և ղեկավարները հայտնվել են կանխատեսվող ավելի ցածր հասույթներով և վերափոխված աշխատատեղերով պայմաններում։ Այնուամենայնիվ, ընկերությունները դեռևս բախվում են թերահավատ աշխատակիցների խնդրին, ովքեր շարունակում են անհանգստանալ անվտանգ կերպով աշխատանքի վերադառնալուց։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և PwC Արմենիայի կողմից կատարված COVID-19-ի վերաբերյալ համատեղ հետազոտության համաձայն՝ բոլոր ֆինանսական տնօրենների և ղեկավարների մեծամասնությունը (80%) կանխատեսում է հասույթի և շահույթի նվազում։ Նույնիսկ ավելի լավատեսական աշխարհայացք ունեցող երկրներում ֆինանսական տնօրենները և ղեկավարները կարծում են, որ COVID-19-ի տնտեսական ազդեցությունը կնվազեցնի հասույթն ու շահույթը` Շվեյցարիայում (80%), Դանիայում (73%), Գերմանիայում (66%), Հայաստանում (60%)՝ նշելով, որ բոլորն ակնկալում են նվազում։ «Բիզնեսի վրա COVID-19- ի ազդեցության վերաբերյալ հետազոտությունը պատրաստվել է միայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար և  բացառապես COVID-19-ի  բռնկման վերաբերյալ  Հայաստանի ֆինանսական առաջատարների տրամադրվածությանը և առաջնահերթություններին հետևելու նպատակով` նախարարության հետ համաձայնեցված պայմաններով», - նշում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ծախսերը նվազեցնելու հրատապությունը դեռևս արդի է: Բոլոր տարածաշրջանների այն ֆինանսական տնօրենները և ղեկավարները, ովքեր ասում են, որ նախատեսում են ծախսերի նվազեցման միջոցներ, կապիտալ ներդրումները շատ մեծ հավանականությամբ կհետաձգեն կամ կչեղարկեն․ ֆինանսական տնօրենների և ղեկավարների այս կարծիքը Մեքսիկայում (97%) և Հայաստանում (75%)։ Միջին Արևելքի ֆինանսական տնօրենները և ղեկավարները նշում են, որ առավել հավանական են համարում աշխատանքից ազատելը՝ աշխատուժի ներդրումների հետաձգման կամ վերացման հետ կամատեղ (70%)։ Հայաստանում այս թիվը կազմում է 38%։ Բոլոր ոլորտներում կապիտալ ծախսերի հետաձգումը կամ չեղարկումը նույնպես հանդիսանում է լավագույն տարբերակ՝ 93%-ով ղեկավարվելով արդյունաբերական և ավտոմոբիլային արտադրության ֆինանսական տնօրեններով և ղեկավարներով։ Այլ դրական կողմ է համարվում բիզնեսի վստահությունը՝ իր աշխատողներին պաշտպանելու հարցում: Փաստացի հարցման մասնակիցների գրեթե երկու երրորդը (64%) «շատ վստահ են», որ իրենց ընկերությունը կարող է ստեղծել աշխատողների համար անվտանգ աշխատատեղ և, վերափոխելով աշխատատեղը, ապահովել ֆիզիկական հեռավորություն (55%): Հայաստանում այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 70% և 20%։ «Հաշվի առնելով գլոբալ համաճարակի աննախադեպ բնույթը, պարզ է, որ աշխատողները շատ անհանգստացած են իրենց առողջության և անվտանգության համար, քանի որ նրանց խնդրում են վերադառնալ իրենց գրասենյակներ և աշխատավայրեր», - ասում է PwC Արմենիայի հաճախորդների և շուկայի ղեկավար Ինգա Շահնազարովան։ «Շատ կարևոր է, որ բիզնեսի ղեկավարներն իրենց աշխատակիցների անհանգստությունները փարատելու նպատակով հաճախակի և թափանցիկ կերպով տեղեկացնեն նրանց այն մասին, թե ինչ քայլեր են կատարում նրանց ապահով, առողջ և աշխատունակ պահելու համար»: Հատկանշական է, որ համեմատաբար քիչ են (18%) համաշխարհային ֆինանսական տնօրեններն ու ղեկավարները, որոնք նախատեսում են հետաձգել կամ չեղարկել թվային փոխակերպումների հետ կապված ներդրումները: Ոլորտների մակարդակով այս ցուցանիշը տատանվում է էներգիայի, կոմունալ ծառայությունների և ռեսուրսների 24%-ից մինչև տեխնոլոգիայի, լրատվամիջոցների և հեռահաղորդակցության ընդամենը 11%-ի միջև։ Այս ընդհանուր դժգոհությունը զարմանալի չէ, հաշվի առնելով, որ թվային փոխակերպումը մեծ և կարևոր դեր է կատարում ճգնաժամային արձագանքների մոբիլիզացված-կայունացնող-ռազմավարական հետագա շարունակական փուլերում, հատկապես երբ կազմակերպություններն արագացնում են ավտոմատացումը կամ տեղում աշխատելու այլ նոր եղանակները, նախատեսում են կոնտակտի հետագիծը ստուգելու տեխնոլոգիաներ՝ աշխատատեղի անվտանգությունն ապահովելու համար, և նպատակ ունեն ստեղծել ավելի ինտեգրված և տեխնիկապես զարգացած մատակարարվող ցանցեր: PwC-ին ստեղծել է Check-In with Automatic Contact Tracing գործիքը, որը հնարավորություն է տալիս ընկերություններին արագ նույնականացնել և զգուշացնել այն աշխատողներին, ովքեր, հնարավոր է, կոնտակտի մեջ են եղել աշխատավայրում գտնվող գործընկերոջ հետ, ում COVID-19-ի թեստի պատասխանը դրական է եղել: «Քանի որ ավելի շատ ընկերություններ են վերաբացվել, ֆինանսական տնօրենները և ղեկավարները հայտնվել են նոր իրականությունում և համապատասխանաբար կառավարում են իրենց սպասելիքները», - ասում է PwC Արմենիայի տնօրեն Ալեքսեյ Ռուսանովը։ «Մենք տեսնում ենք, որ շատ առաջնորդներ սկսում են ետ կանգնել ծախսերի նվազեցման կտրուկ միջոցառումներից, քանի որ վերջիններս հասկանում են, թե ինչպես կառավարել իրենց բիզնեսը նոր միջավայրում՝ հաշվի առնելով այս ճգնաժամից բխող գործառնական ռիսկերը»: Հայաստանյան ֆինանսական տնօրենների և ղեկավարների պատասխանները վերլուծելու սահմանափակումները Ընթացիկ հետազոտության մեջ կիրառված մեթոդաբանությունը սահմանում է, որ որոշակի քանակով հարցվածներ պետք է իրենց պատասխանները տրամադրեն յուրաքանչյուր տարածքից (ընդհանուր առմամբ, առնվազն 30): Քանի որ Հայաստանից ստացված պատասխանների թիվը ցածր է 30-ից, մենք ներկայացնում ենք հայաստանյան ֆինանսական տնօրենների և ղեկավարների տեղեկատվությունը՝ որպես նշում ու կարծիք, և ոչ թե որպես վիճակագրորեն հավաստի տվյալ: Հարկ է նշել, որ եթե հարցվածների թիվն ավելի մեծ լիներ՝ կարող էին ստացվել այլ արդյունքներ: Բոլոր ստացված տվյալները հասանելի են՝ https://www.pwc.com/am/en/publications/pwc-covid-19-cfo-pulse-survey.html։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և PwC Արմենիայի COVID-19 համատեղ հետազոտության գլոբալ արդյունքներում ներկայացվում է 870 ֆինսական տնօրենների կարծիքը ավելի քան 24 երկներից։ PwC-ի մասին PwC-ի նպատակն է ստեղծել հասարակության մեջ վստահություն և լուծել կարևորագույն խնդիրները: PwC-ն ընկերությունների ցանց է, որը գործում է 157 երկրներում և ունի ավելի քան 276,000 աշխատակից, ովքեր նվիրումով մատուցում են որակյալ աուդիտորական, խորհրդատվական ու հարկային ծառայություններ: Ավելին իմանալու և մեզ դիմելու համար այցելեք հետևյալ հղմամբ՝ www.pwc.com: PwC-ն վերաբերում է PwC ցանցին և (կամ) դրա անդամ ընկերություններից մեկին, որոնցից յուրաքանչյուրն առանձին իրավաբանական անձ է: Լրացուցիչ մանրամասների համար խնդրում ենք այցելել՝ www.pwc.com/structure:
11:52 - 23 հուլիսի, 2020
Արման Խոջոյանն այցելել է Արմավիրի մարզ․ ներկայացվել են պետաջակցության ծրագրերը և քննարկվել գյուղմթերքի արտահանմանն առնչվող հարցեր

Արման Խոջոյանն այցելել է Արմավիրի մարզ․ ներկայացվել են պետաջակցության ծրագրերը և քննարկվել գյուղմթերքի արտահանմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանն այցելել են Արմավիրի մարզի Գայ և Մեծամոր համայնքներ՝ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը ներկայացնելու և տեղական գյուղմթերքի արտահանման ոլորտում առկա խնդիրները քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունըԼ Գայ համայնքում փոխնախարարը ծանոթացել է շուրջ հինգ հազար քմ մակերեսով բանջարեղենի արտադրությամբ զբաղվող ջերմատնային տնտեսության գործունեությանը։ Ջերմոցների սեփականատերերը տեղեկացրել են, որ այստեղ հիմնականում մշակվում են պղպեղ և լոլիկ, առաջիկայում նախատեսում են  ընդարձակել ջերմոցային տնտեսության տարածքը ևս մոտ 6-7 հազար քմ-ով և ընդլայնել մշակվող բանջարեղենի տեսականին։ Ջերմոցատերերը Արման Խոջոյանին ներկայացրել են գործող ջերմատանը ներդրված համակարգերը, կառուցվող ջերմատան ընթացիկ շինարարական աշխատանքները։ Այնուհետև Արման Խոջոյանն ուղևորվել է Մեծամոր համայնքում գործող ջերմոցներ, որտեղ մշակվում և աճեցվում են բանջարեղենի առանձին տեսակների սածիլներ և կանաչեղեն։ Այցի շրջանակում փոխնախարարը եղել է նաև թարմ բանջարեղենի և կանաչեղենի պահպանման և փաթեթավորման պահեստում։ Շրջայցի ընթացքում փոխնախարարը ջերմոցների սեփականատերերին համառոտ ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում կառավարության քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, ինչպես նաև պետական օժանդակության գործիքակազմը և դրանցում կատարված վերջին փոփոխությունները, որոնք մշակվել են կորոնովիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով և կրում են շարունակական բնույթ։ Ջերմոցատերերի հետ քննարկվել են տեղական գյուղմթերքի շուկայահանմանը, արտաքին շուկայում ջերմոցային արտադրանքի մրցունակության բարձրացմանը, արտահանումների արդյունավետ կազմակերպմանը, իրացման շուկաների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել արտահանման համար նախատեսված գյուղմթերքի պահեստավորման, տեսակավորման, փաթեթավորման, բեռնափոխադրումների և վաճառահանման լոգիստիկական շղթաների ապահովման կարևորությանը։ Արման Խոջոյանը նաև նշել է, որ ջերմոցատերերի կողմից բարձրացված հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են և ոլորտի պատասխանատուները հետևողական են լինելու նախարարության իրավասության շրջանակներում խնդիրների կարգավորմանը։
12:19 - 22 հուլիսի, 2020