Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Մտավախություն ունեմ, որ Լուկաշենկոյի արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

Մտավախություն ունեմ, որ Լուկաշենկոյի արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ օրերս ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում արած հայտարարություններին: «Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի արտահայտություններին, ես ցավում եմ, որ ստիպված եմ արձագանքել, որովհետև որևիցե լրջություն ես իր արտահայտությունների մեջ չտեսա, և մտավախություն ունեմ, որ նույնիսկ արտահայտած մտքերն այնքան էլ իրենը չէին: Կարծում եմ, որ նա շատ լուրջ ներքին խնդիրներ ունի, և ես ենթադրում եմ, որ Բելառուսի ժողովրդին նույնպես դուր չի եկել այն, ինչ պարոն Լուկաշենկոն ասել է: Ցավում եմ»,- ասաց Սիմոնյանը: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Լուկաշենկոյին, սակայն  տեսագրությունը հանրությանը չի ներկայացվել: Ինչ վերաբերում է նրան, որ Մոսկվան դիմել է Երևանին՝ պարզաբանում ստանալու ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի և Russia Today լրատվամիջոցի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան անցանկալի ճանաչելու կապակցությամբ, Սիմոնյանն ասաց, որ իրեն նման տեղեկություն հայտնի չէ: «Ես տեղեկություն չունեմ, որ այդպիսի դիմում է եղել հենց ռուսական կողմից, բայց վստահ եմ՝ եթե դիմում լինի, համարժեք պատասխանը կլինի, և ես կարծում եմ՝ այդ որոշումը շատ տեղին է, և կարելի է ասել՝ մի քիչ ուշացած: Կարծում եմ՝ էլի մարդիկ կան, որոնք ՀՀ շահերը ոտնահարելով պետք է գիտակցեն, որ այլևս իրենք ՀՀ-ում անցանկալի անձ են»,- նշեց ԱԺ նախագահը: Նա սակայն ընդգծեց, որ այդ քայլով չպետք է ֆիքսել, որ ՌԴ-ն այլևս մեզ համար անցանկալի պետություն է: «Նման բան գոյություն չունի. այո՛, կան հարցադրումներ, որոնք մենք բարձրացրել ենք ու բարձրացնելու ենք մեր երկրի շահերը պաշտպանելու համար, բայց մի՛ տարեք այն ուղղությամբ, որ դա նշանակում է, որ մենք այլևս դաշնակից պետություններ չենք: Մենք ՌԴ-ից ակնկալում ենք իրենց պայմանագրերով և իրենց ղեկավարության կողմից արված հայտարարությունների հիման վրա ռեալ քայլեր, և մենք, կարելի է ասել, այդ ուղղությամբ ենք քայլերն անում»,- նշեց նա:  Ալեն Սիմոնյանի խոսքով՝ ինքը ՌԴ իր գործընկերների հետ հանդիպումներին նշում է, որ ՀՀ-ում այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականներից մեկն է, ինչի հետ նրանք համաձայն են: «Վերջին այցի ժամանակ ՌԴ Պետդումայի ղեկավարը հայտարարեց, որ շատ ուրախ է, որ մեր շփումները շատ ավելի շատ են, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ այդ շփումները բավարար չեն եղել: Այսօր մենք ունենք միջխորհրդարանական շատ ավելի սերտ հարաբերություններ»,- ասաց ԱԺ նախագահը:
14:07 - 02 նոյեմբերի, 2022
Երբեք մի հանձնվիր, խայտառակվիր մինչև վերջ․ ԱԺ նախագահը՝ ընդդիմության սպասվող հանրահավաքի մասին |armenpress.am|

Երբեք մի հանձնվիր, խայտառակվիր մինչև վերջ․ ԱԺ նախագահը՝ ընդդիմության սպասվող հանրահավաքի մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ  վերջին շրջանում ընդդիմության գործողությանը և նոյեմբերի 5-ին կայանալիք «Դիմադրության շարժման» հանրահավաքին։ «Ինձ մոտ տպավորություն է, որ իրենց մոտ կարգախոս կա ռուսերեն հնչող՝ «никогда не сдавайся позорься до конца»( երբեք մի հանձնվիր, խայտառակվիր մինչև վերջ-խմբ․)։ Ինձ մոտ տպավորություն է, որ իրենք այդ կարգախոսով են առաջ շարժվում։ Ցավում եմ, որ Իշխան Սաղաթելյանը ( «Հայաստան» խմբակցության պատգամավոր- խմբ․) չի հասկանում, որ քաղաքական ինքնասպանության դերն իրեն են վստահել։ Ես ուղղակի ապշում եմ՝ ոնց կարելի է չհասկանալ, որ իրեն ուղղակի դրդում են քաղաքական ոչնչացման։ Մենք ընդդիմություն ենք եղել և գիտենք հանրահավաքը երբ, ինչի համար պետք է անել, երբ պետք է կանգ առնես ու չշարունակես»,- Ազգային ժողովում  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը։ ԱԺ նախագահը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները երկար ժամանակ չեն գալիս խորհրդարան քննարկելու մի շարք կարևոր օրենքները, սակայն հենց ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հարցը բարձրացավ, եկան նրան պաշտպանելու։ «Նրանք չեն գալիս Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության, չեն գալիս տարբեր օրենքների ընտրության ժամանակ, գալիս են այն ժամանակ, երբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հարցն է բարձրանում, գալիս են Զատուլինին պաշտպանելու համար, հասկանու՞մ եք»,- ասաց Սիմոնյանը։ «Դիմադրության շարժում»-ը նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է հրավիրել:
13:43 - 02 նոյեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանին

Ալեն Սիմոնյանն ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը տեղեկացնում է՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ է հետեւում նրա հայանպաստ եւ կարեւոր գործունեությանը: «Անչափ կարեւոր է, որ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքները: Զրույց է ընթացել Հայաստան-Թուրքիա սահմանների բացման շուրջ: Կարո Փայլանի խոսքով՝ սահմանների բացմանն առնչվող քննարկումների վերաբերյալ Թուրքիայում ապրողների լայն շրջանակում տեղեկատվության պակաս կա: Նա ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է նաեւ իր տպավորությունները եւ դիտարկումները հայ-թուրքական գործընթացի առնչությամբ:  
12:01 - 31 հոկտեմբերի, 2022
Հայրենիքի համար այս դժվար ու ծանր օրերին նման հանդիպումներն առավել պարտավորեցնող են. Ալեն Սիմոնյանի ելույթը Համաշխարհային համահայկական գագաթնաժողովում

Հայրենիքի համար այս դժվար ու ծանր օրերին նման հանդիպումներն առավել պարտավորեցնող են. Ալեն Սիմոնյանի ելույթը Համաշխարհային համահայկական գագաթնաժողովում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Համաշխարհային համահայկական գագաթնաժողովում:   Ելույթում մասնավորապես ասվում է. «Մեծարգո՛ պարոն վարչապետ, Արցախի հարգելի՛ նախագահ, Տիկնայք և պարոնայք, Ողջունում և շնորհավորում եմ բոլորիս 5 տարի ընդմիջումից հետո մայր հայրենիքում կրկին այս ձևաչափով հանդիպելու համար: Համաշխարհային համահայկական գագաթնաժողովն իր հնչեղ անվանը համապատասխան պետք է կարողանա միավորել, մեկ տեղում հավաքել աշխարհով մեկ սփռված հայ միտքը, ուժը և միասնականությունը: Այս հարթակը միմյանց ճանաչելու, նոր կամուրջներ ստեղծելու, եղած կապերը վերաթարմացնելու լավ առիթ է, որը պետք է օգտագործել ամբողջ ծավալով: Այստեղ հավաքված են մարդիկ, որոնք սեփական ընտանիքի օրինակով օտարության մեջ պահել ու պահում են իրենց հայկականությունը, երեխաների ու թոռների հետ խոսում են հայերեն: Երևի թե այստեղ չկա մարդ, ում տան ամենաերևացող անկյունում հայ լինելը փաստող գեղանկար, հուշանվեր կամ նմանատիպ այլ ապացույց չլինի: Հատկապես օտարության մեջ է արթնանում հայրենիքի հանդեպ մեծ կարոտը, ու հեռվից այն ոչ միայն քաղցր, այլև երանելի է թվում: Հայրենիքի համար այս դժվար ու ծանր օրերին նման հանդիպումներն առավել պարտավորեցնող են: Մեզ պատուհասած պատերազմը, սահմանին տիրող անհանգստությունը, արցախահայության ամենօրյա վախերն ու չլուծված բազում խնդիրները բոլորինս են: Այս պարագայում մի կողմ պետք է դրվի քաղաքացիությունը և առաջնահերթությունը տրվի ազգությանը, որ հնարավոր լինի համատեղ ուժերով հաղթահարել փորձությունները, որոնք մեկ բառով չարիք կկոչեմ: Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ, այս զգացմունքային մոտեցմանը զուգահեռ՝ հայրենիքից դուրս ապրողների համար հաճախ այն պատկերվում է միտումնավոր խտացված գույներով, հատկապես, երբ տեղեկատվական դարում  երևույթները ոչ ճիշտ ներկայացնողների պակաս չկա: Ի պաշտոնե հաճախ եմ շփվում Սփյուռքը ներկայացնող մեր հայրենակիցների հետ: Նրանց մտավախությունները, հարցադրումները հիմնականում պտտվում են մեր երկրում բուն դրած անհանդուրժողականության, անվտանգային հարցերի և վերջնական խաղաղության ուշացման շուրջ: Ցավոք, մեր հանդիպումները փաստում են, որ ինտերնետը որքան կրճատում ու աննշան է դարձնում հայրենիք-Սփյուռք հեռավորությունը, նույնքան կարող է վնասել անհավանական կեղծ լուրերով: Ամեն դեպքում կարող եմ հավաստիացնել, որ Սփյուռքը պահում է իր սթափ միտքն ու ճիշտ դատողություններ անում: Ես շնորհակալություն եմ հայտնում աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հոգևոր հայրերին, հայկական կրթօջախների մանկավարժներին, բարերարներին, որոնք կարողանում են երեխաներին սիրել տալ դեռ չտեսած հայրենիքը, շնորհակալ եմ բոլոր այն սրտացավ հայերին, որոնք հայրենիքին անհանգստացնող յուրաքանչյուր դրվագում առանց տատանվելու ներկա են: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում բոլորին»:
21:05 - 28 հոկտեմբերի, 2022
Եթե Լեռնային Ղարաբաղ չկա, ապա ինչի՞ տակ է նոյեմբերի 9-ին ստորագրել Իլհամ Ալիևը. Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահին

 |armenpress.am|

Եթե Լեռնային Ղարաբաղ չկա, ապա ինչի՞ տակ է նոյեմբերի 9-ին ստորագրել Իլհամ Ալիևը. Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահին |armenpress.am|

armenpress.am:  Եթե չկա Լեռնային Ղարաբաղ, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 9-ին ինչի՞ տակ է ստորագրել:  Նոյեմբերի 9-ի  փաստաթղթում շատ հստակ և պարզ նշված է Լեռնային Ղարաբաղ: ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում հայտարարեց ՀՀ Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի տարածք, Ղարաբաղի շրջան չկա, և նրա լեռնային և դաշտային հատվածները համարվում են  այդ շրջանի մասը: Անդրադառնալով Գաֆարովայի հայտարարություններին, թե հայ զինծառայողներն, իբր, ռազմական հանցագործություններ են թույլ տվել, ՀՀ Աժ նախագահը որպես օրինակ հիշեցրեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի վայրագությունը, ով այժմ Ադրբեջանի ազգային հերոս է: «Ես վստահ եմ, որ ներկա գտնվողները տեղեկացված են այդ ամենի մասին: Կասեմ միայն երկու արտահայտություն, որպեսզի հասկանանք և պատկերացնենք ինչ-որ պետության ցինիզմը և գործողությունները, բավական է տեսնել  մի օրինակ, որ նմանատիպ միջազգային ձևաչափով հանդիպմանը կարելի է հյուրանոցի սենյակում կացնահարել քնած մարդուն: Դա արել է «քաջ» զինվոր Սաֆարովը, որը համարվում է Ադրբեջանի հերոս: Ահա միակ բանը, որ կարող եք իմանալ, որպեսզի պատկերացնեք, թե ով ինչպես է գործում»,- ընդգծել է Սիմոնյանը: Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին առաջարկել ԱՊՀ-ի հովանու ներքո կազմակերպել  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը: «Իմ գործընկերը (Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ- խմբ.) կարող է նրանց անվանել Լեռնային Ղարաբաղի ծովահեններ, հանցագործներ, բայց նրանք ընդամենը մարդիկ են, որոնք մոլորվել են և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքում` կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Եկեք առաջարկենք մեր ադրբեջանցի գործընկերներին հաջորդ նիստին իրենց հետ բերեն բոլոր պահվող անձանց, որովհետև նրանց ծնողները և հարազատները ամեն օր մեզանից պահանջում են, որպեսզի դրանով զբաղվենք»,- եզրափակեց Սիմոնյանը:
16:10 - 28 հոկտեմբերի, 2022
Ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված գործընթացները. Ալեն Սիմոնյան

Ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը խաթարում է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված գործընթացները. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստին հաջորդած ճեպազրույցին ամփոփել է երկօրյա աշխատանքները: Նա նշել է, որ գործընկերներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին՝ մասնավորեցնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան զինված ագրեսիային վերաբերող դրվագները: Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ 2022 թ. սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիան Ադրբեջանի կողմից իրականացվել է հենց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, խախտվել են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները: «Կարծում ենք, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը խաթարում է տարածաշրջանում իրականացվող գործընթացները՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության եւ անվտանգության հաստատմանը: Հայաստանի համար կարեւոր է նաեւ իրավիճակի քաղաքական գնահատականը, որը կներկայացնեն մեր գործընկերները»,- նշել է Ալեն Սիմոնյանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ ՀՀ Ազգային ժողովի համար կարեւոր է համագործակցությունը միջխորհրդարանական կազմակերպությունների շրջանակում: ՀՀ ԱԺ պատգամավորները ներկայացված են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի բոլոր տասը մշտական հանձնաժողովներում: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի պատվիրակությունը հետագայում եւս ակտիվորեն կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ համատեղ աշխատանքին՝ ուղղված օրենսդրության արդիականացմանը, հումանիտար եւ մշակութային ոլորտներում փոխգործակցությանը:
14:20 - 28 հոկտեմբերի, 2022
Սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է. Ալեն Սիմոնյանի ելույթը ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում

Սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է. Ալեն Սիմոնյանի ելույթը ԱՊՀ ՄԽՎ լիագումար նիստում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին:      Ստորև ներկայացնենք Սիմոնյանի ելույթը ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում.   «Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա,   Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ,   Ուրախ եմ ելույթ ունենալ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 54-րդ լիագումար նիստում: Այսօր մեր հանդիպումն ընթանում է աշխարհաքաղաքական բարդագույն գործընթացների շրջանում։ Ես առաջին անգամ եմ ելույթ ունենում ԱՊՀ ՄԽՎ վեհաժողովի լիագումար նիստում և կնախընտրեի խոսել խաղաղության և համագործակցության մասին, սակայն այսօրվա իրողություններն այնպիսին են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը տապալվում են Բաքվի ռազմատենչ հռետորաբանությամբ և ռազմական գործողություններով։   Ինչպես բոլորդ արդեն գիտեք, 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը և հրադադարի ռեժիմը, լայնածավալ զինված ագրեսիա են ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ։ Ադրբեջանի հարձակողական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի հարյուրավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ և ռազմագերիներ, ինչպես նաև կան մի քանի հազար տեղահանվածներ:   Ունենք զոհեր խաղաղ բնակչության շրջանում, զգալի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։   Այս հարձակումներին նախորդել են ագրեսիայի գործողություններ 2021 թ. մայիսին, հունիսին և նոյեմբերին։   Արձանագրվել են Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ անզեն ռազմագերիների գնդակահարման, բռնության, գերեվարված հայ զինծառայողների մասնատման սարսափելի դեպքեր։ Ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվել են հայ կին զինծառայողների մարմինների նկատմամբ խոշտանգումների և անարգանքի լուսանկարներ ու տեսանյութեր։   Ցավոք, միջազգային հանրության կողմից դատապարտված այդ հանցագործությունները լայն հավանություն են ստացել ադրբեջանական հասարակությունում։ Այս համատեքստում անհրաժեշտ է պատշաճ միջազգային հետաքննություն անցկացնել, իսկ այդ ոճրագործությունները կատարած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ցավոք, միջազգային և տարածաշրջանային կառույցների կողմից միանշանակ և հասցեական արձագանքի բացակայությունը, ի պատասխան իր պարտավորությունների չկատարման, թույլ տվեց Ադրբեջանին շարունակել իր ագրեսիվ քաղաքականությունը։   Հայաստանը հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանում և ԱՊՀ ամբողջ տարածքում երկարաժամկետ և արդար խաղաղության հաստատմանը. սպառնալիքների և հարկադրանքի քաղաքականությունը մեզ համար անընդունելի է։ Արդյունավետ բանակցային գործընթացի համար անհրաժեշտ են կոնկրետ գործողություններ, այն է՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը, հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանումը և բոլոր հայ ռազմագերիների ու պահվող այլ անձանց անհապաղ ազատ արձակումը։   Ստեղծված իրավիճակի վերաբերյալ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանին անհրաժեշտ, այդ թվում՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով։ Մեր դիմումին ի պատասխան՝ գումարվել է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջան, որի արդյունքում Հայաստան առաքելություն է ուղարկվել՝ տեղում իրավիճակի մշտադիտարկման և ուսումնասիրման համար: Առաքելությունն արդեն ավարտել է իր աշխատանքը և ներկայացրել եզրակացություններ ու առաջարկություններ։     Հատուկ կարևորություն ենք տալիս սահմանային իրավիճակի մոնիթորինգի և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրմանը՝ նոր ագրեսիաները կանխելու նպատակով։ Այս տարվա հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Հայաստան է ժամանել ԵՄ քաղաքացիական մոնիթորինգի առաքելության տեխնիկական խումբը։   ԵԱՀԿ նախարարների խորհրդի համապատասխան փաստաթղթերի հիման վրա և Հայաստանի խնդրանքով որոշում է կայացվել հայ-ադրբեջանական սահման ուղարկել ԵԱՀԿ դիտորդներ (Հայաստանի Հանրապետության կարիքների գնահատման ԵԱՀԿ առաքելություն):   Գործընկերնե՛ր, կցանկանայի նաև նշել մեր սկզբունքային դիրքորոշումն Ադրբեջանի հետ սահմանի դելիմիտացիայի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերում։   Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ձգտում ենք հարաբերություններ հաստատել տարածաշրջանում գործընկերության հիման վրա։ Եվ կարծում ենք, որ սահմանի սահմանազատման և հետագա սահմանագծման աշխատանքները պետք է հիմնվեն ԱՊՀ հիմնարար փաստաթղթերի վրա, որոնց համաձայն խորհրդային հանրապետությունների նախկին վարչական սահմանները պետական սահմաններ են դարձել արդեն անկախ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Հայաստանը պատրաստ է բացել եղածը և նոր կոմունիկացիաներ կառուցել՝ համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնց տարածքով դրանք անցնում են։   Ադրբեջանը մշտապես խոսում է ինչ-որ միջանցքի մասին, որի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ոչ մի խոսք չկա։ «Միջանցք» բառը հիշատակվում է բացառապես Լաչինի միջանցքի վերաբերյալ հայտարարության մեջ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման համատեքստում և որևէ առնչություն չունի տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայի հետ, և այդ պայմանավորվածությունների բոլոր զուգահեռները համարում ենք մանիպուլյացիա։     Առավել ևս, որ Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը և Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահը որոշել են, որ վերակառուցված և կառուցվող տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտները պետք է գործեն այն երկրների լիակատար ինքնիշխանության ներքո, որոնց տարածքով անցնում են։   Ցավոք, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստի մանիպուլյացիան վերածվել է Ադրբեջանի քաղաքականության, և դա արտացոլվում է նրանում, որ հակառակ այն փաստին, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրած հայտարարության մեջ հստակ ամրագրված է Լեռնային Ղարաբաղի գոյությունը, Ադրբեջանը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի։   Հետպատերազմյան շրջանում Ադրբեջանը գերիների ազատ արձակումը կապում էր ականապատ դաշտերի քարտեզների տրամադրման հետ, այն դեպքում, երբ եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունը բոլոր գերիների փոխանակումն էր։ Հայաստանը կատարել է ռազմագերիներին «բոլորին բոլորի վրա» սկզբունքով հանձնելու իր պարտավորությունները և որպես մարդասիրական ժեստ Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի բոլոր քարտեզները։ Եվ հիմա վերջին ագրեսիայից հետո ադրբեջանական կողմը, չնայած համապատասխան պայմանավորվածության առկայությանը, խոչընդոտում է Հայաստանի ինքնիշխան տարածքում միջդիրքային գոտիներում գտնվող զոհվածների մարմինների դուրսբերմանը։   Չափազանց կարևոր է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցը։   Հարգելի՛ գործընկերներ, Պատմության դասերն այնպիսին են, որ հակամարտությունները դրական հետևանքներ չունեն աշխարհի համար։ Հարևան պետությունների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի Հանրապետության գերակա խնդիրն է։   Եվ մենք ցուցաբերել ենք կամք և կառուցողական մոտեցում խնդրահարույց հարցերի փոխընդունելի լուծումներ գտնելու համար։ Մենք Ադրբեջանից ակնկալում ենք գործուն քայլեր՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ։   Շնորհակալություն ուշադրության համար»:  
12:12 - 28 հոկտեմբերի, 2022
Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում. հույս ունենք, որ Ուզբեկստանը նույնպես անմասն չի մնա. ԱԺ նախագահն Ուզբեկստանում է

Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում. հույս ունենք, որ Ուզբեկստանը նույնպես անմասն չի մնա. ԱԺ նախագահն Ուզբեկստանում է

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 27-ին հանդիպել է Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ Մաժլիսի Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևային: Կողմերը փաստել են, որ Հայաստանն ու Ուզբեկստանը հետևողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը՝ միաժամանակ շեշտելով, որ համագործակցության ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում, ուստի լրացուցիչ ջանքեր գործադրելու կարիք կա: Զրուցակիցների կարծիքով երկկողմ հարաբերությունների առանցքային դերը պատկանում է խորհրդարանական փոխգործակցությանը: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կարևորում է Ուզբեկստանի խորհրդարանի գործընկերների հետ համագործակցության զարգացումը, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական կառույցներում, որը կարող է արդյունավետ լինել բանաձևերի քվեարկության համակարգային մոտեցման և միջազգային ասպարեզում երկու կողմերի խորհրդարանականների փոխադարձ աջակցության տեսանկյունից»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Գործընկերները բարձր են գնահատել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դերը՝ որպես խորհրդարանների երկխոսության և փոխգործակցության կարևոր հարթակ: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանում սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի դրսևորմանը և դրան հաջորդած դեպքերին: Նա նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է իր զինված ուժերը դուրս բերել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից և վերադարձնել ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց: «Մենք վճռական ենք մեր տարածաշրջանում խաղաղություն կառուցելու հարցում: Մենք ակտիվորեն աշխատում ենք մեր միջազգային գործընկերների հետ և հույս ունենք, որ Ուզբեկստանի Հանրապետությունը նույնպես անմասն չի մնա»,- եզրափակել է Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը ծավալուն անդրադարձ է եղել Ուզբեկստանի հայ համայնքին: Ըստ վերջին տվյալների՝ այնտեղ բնակվում է մոտ 80.000 հայ: Հայերը հիմնականում կենտրոնացած են Տաշքենդ (50.000) և Սամարղանդ (25.000) քաղաքներում: Սամարղանդ քաղաքը՝ որպես մշակույթների խաչմերուկ, ոգեշնչում էր մեր հայրենակից, հայ իմպրեսիոնիստ և ուզբեկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Հովհաննես Տեր-Թադևոսյանին: Սամարղանդում նա ստեղծել է ավելի քան 400 արվեստի նմուշ: «Հպարտությամբ կցանկանայի նշել Հովհաննես Տեր-Թադևոսյանի դերը 20-րդ դարի սկզբին Ուզբեկստանի կերպարվեստի ձևավորման գործում: Նա մասնակցել է Նկարիչների միության ստեղծմանը և հիմնել կերպարվեստի աշխատողների ասոցիացիա»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Ուզբեկստանի խորհրդարանի ղեկավարն Ալեն Սիմոնյանին խնդրել է փոխանակվել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում և ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովում մեր երկրի առաջավոր փորձով: Հանդիպման ավարտին կողմերը միմյանց են փոխանցել պաշտոնական փոխայցերի հրավերներ:   
12:22 - 27 հոկտեմբերի, 2022
ՀՀ-ն չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ, կան պարտավորություններ, պետք է կատարվեն. ԱԺ նախագահ

 |armenpress.am|

ՀՀ-ն չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ, կան պարտավորություններ, պետք է կատարվեն. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը չի փչացնում իր հարաբերությունները որևէ երկրի հետ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով դիտարկմանը, թե Հայաստանի իշխանությունները փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ: «Հայաստանը ուզում է, որ իր նկատմամբ լինեն արդար, որ իր երկրի սահմանների հետ կապված պարտավորությունները կատարվեն: Եվ դրա համար Հայաստանը անելու է ամեն ինչ: Այստեղ էմոցիա չկա, սիրել-չսիրելու հարց չկա: Կան պարտավորություններ, և այդ պարտավորությունների կատարմանը հետամուտ ենք լինելու և փորձելու ենք բոլոր հնարավոր միջոցներով մեր տղաների կյանքը, մեր սահմանները պաշտպանել»,- ասաց Սիմոնյանը: Հարցին, թե հնարավո՞ր է քաղաքական կուրսի փոփոխություն, դրա մասին են վկայում ռուսական լրատվամիջոցները, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Կներեք, կարող է ռուսական կողմն է ուզում քաղաքական կուրսի փոփոխություն անել, որովհետև Հայաստանը ոչինչ չի արել այդ ուղղությամբ: Հեղափոխությունից հետո ասում էին ռուսական  ռազմաբազայի դուրսբերման, ՀԱՊԿ-ից դուրս գալու  և այլնի մասին: Միանշանակ հայտարարություն է արվել դրա հետ կապված: Նման կարիք, նման բան չկա: Փաստ է, չէ՞, տեսնում ենք, որ ոչ թե Հայաստանն է ՀԱՊԿ-ից դուրս գալիս, այլ ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից: Եթե ՀԱՊԿ-ը դուրս է եկել, մեզ պետք է դրա մասին տեղյակ պահել կամ ասել, որ մենք կարողանանք մեր սահմանները ինչ-որ այլ մեխանիզմներով պաշտպանել»,- ընդգծեց Սիմոնյանը:
13:45 - 26 հոկտեմբերի, 2022
Կան 100-ավոր տարբերակներ, այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակում, բայց սեղանին դրված որեւէ փաստաթուղթ գոյություն չունի. ԱԺ նախագահ
 |news.am|

Կան 100-ավոր տարբերակներ, այդ թվում ՀԱՊԿ-ի շրջանակում, բայց սեղանին դրված որեւէ փաստաթուղթ գոյություն չունի. ԱԺ նախագահ |news.am|

news.am: Կան հարյուրավոր առաջարկներ, տարբերակներ, կարծիքներ, բայց սեղանին դրված որեւէ փաստաթուղթ գոյություն չունի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Կան տարբեր պատկերացումներ, տարբեր առաջարկներ, նույնիսկ անցյալից առաջարկներ կան, ապագային  միտված առաջարկներ»,-ասաց նա: Հարցին, թե այդ առաջարկները Արեւմուտքի՞ց են, թե՞ Ռուսաստանից, ԱԺ նախագահը պատասխանեց. «Կան բոլոր տեսակի առաջարկներ: Նույնիսկ մեր գործընկերների շրջանակում, նույն ՀԱՊԿ-ի շրջանակում տարբեր պատկերացումներ կան: Բայց կա Հայաստանի պատկերացումը, որի մասին վարչապետը բազմիցս խոսել է: Այսօր էլ, եթե մեր ընդդիմադիր պատգամավորները ինչ-որ հարցեր կունենան, կարող են վարչապետին ուղիղ դիմել, վստահ եմ՝ վարչապետը ինչպես միշտ պատասխաններ կտա»:    
13:41 - 26 հոկտեմբերի, 2022
Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակված՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է. խոսնակ

Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակված՝ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է. խոսնակ

Ալեն Սիմոնյանի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է, այս մասին հայտնում է ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը. «Հարգելի լրագրող գործընկերներ, ի պատասխան զանգերի, հայտնում եմ, որ այսօր ճեպազրույցին ՀՀ ԱԺ նախագահի կողմից հրապարակած ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը շփոթմունքի արդյունք է: Խնդրում եմ թիվը հրապարակելիս՝ հաշվի առնել պաշտոնական տվյալները: Հայցում եմ բոլորի ներողամտությունը: Շնորհակալ եմ համագործակցության համար»,-գրել է նա։ Նշենք, որ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում Ալեն Սիմոյնանը մասնավորապես նշել էր, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 240 զոհ: Նշենք, որ վերջին տվյալներով՝ ՀՀ ԱԽ հայտարարության համաձայն՝ Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:   Լուսանկարը՝ Ազգային ժողովի
13:18 - 26 հոկտեմբերի, 2022