Ինֆոքոմ

Աննա Մկրտչյանին ԱԺ դահլիճից դուրս հանելու համար անվտանգության աշխատակիցներ հրավիրվեցին

Աննա Մկրտչյանին ԱԺ դահլիճից դուրս հանելու համար անվտանգության աշխատակիցներ հրավիրվեցին

ՀՀ խորհրդարանում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելու համար ի թիվս այլոց հերթագրվել էր նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, որն իր խոսքի սկզբում հայտարարեց՝ կառավարության ծրագիրը համարում է ձեւական փաստաթուղթ, ուստի ցանկանում է հիշեցումներ անել։ Նա Փաշինյանին դիմեց ոչ թե ազգանունով կամ պաշտոնով, այլ որպես «Ազգային ժողովի ամբիոնի մոտ կանգնած անձնավորություն» եւ ասաց․ «ԱԺ ամբիոնի մոտ կանգնած այս անձնավորությունը ոչ վաղ անցյալում հայտարարել էր, որ ինքը Ադրբեջանի ղեկավարության եւ ներքաղաքական իրականության մասին էնպիսի տվյալներ ունի, որ երբ ցանկանա, կարող է պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական իրականությունը եւ, ընդհանրապես, ներքաղաքական իրավիճակը։ Ուզում եմ փաստել, որ էդ ահաբեկիչ Ալիեւը, զավթելով Արցախի 75 տոկոսը, խաթարելով ՀՀ անվտանգային ամբողջ համակարգը, հայտարարելով, որ Սեւանն էլ, Երեւանն էլ, ամեն ինչ իրենցն է, եւ ՀՀ իշխանությունները խելոք ու սուսուփուս կստորագրեն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հավաստող փաստաթուղթ, մեր կողմից որեւէ արձագանք չկա, եւ էս անձնավորությունը շարունակում է սպասել չգիտես ինչին, որպեսզի պայթեցնի ալիեւյան կլանի ղեկավարած իշխանությունը»,- ասաց Մկրտչյանը, ապա, դիմելով քաղաքացիներին, ասաց․ «Հարգելի՛ հայրենակիցներ, ձեզ որեւէ կերպ հնարավորություն ընձեռնված չէ տեսնելու իրականությունը, որը հիմա կա էս դահլիճում․ ուզում եմ ձեզ դրա մասին պատմել․ հիմա էս անձնավորությունը (դարձյալ նկատի ունի Փաշինյանին,- խմբ․), իր հետ դահլիճ ա բերել «ախռանիկներ», որոնք երբեւէ ԱԺ չեն մտել․․․»։ Ելույթի այս հատվածում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը Մկրտչյանին նախազգուշացում հայտարարեց, որին զուգահեռ ԱԺ նիստերի դահլիճում աղմուկ սկսվեց, ենթադրաբար, ՔՊ խմբակցության պատգամավորների շրջանից, քանի որ Սիմոնյանը նախազգուշացրեց նաեւ այդ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանին։ Աննա Մկրտչյանի խոսափողը Սիմոնյանի պահանջով անջատեցին։ Փաշինյանը հարկ չհամարեց արձագանքել Մկրտչյանի ելույթին՝ նշելով, որ իրեն ուղղված հարց չի հնչել։ Նախազգուշացում ստացավ նաեւ «ՔՊ» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ Պատգամավորները շարունակում էին արձագանքներ անել Մկրտչյանի ելույթի առնչությամբ, Մկրտչյանն էլ մի քանի անգամ հնչեցրեց «կապիտուլյանտ» բառը, եւ քանի որ խոսակցությունները չէին դադարում, Ալեն Սիմոնյանը ստիպված եղավ բղավել «լռությո՛ւն դահլիճում»։ Նա, դիմելով Մկրտչյանին, ասաց, որ մեկ նիստի ընթացքում խոսելու իրավունքից զրկում է պատգամավորին։ Հաջորդիվ հարց էր հնչեցնում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա, դիմելով Փաշինյանին, ասաց, որ ուզում է լսել նրա վերաբերմունքը ՔՊ-ականների հնչեցրած ռեպլիկների վերաբերյալ, ապա մեկնաբանել Փաշինյանի հայտարարություններն առ այն, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո այդ փաստաթղթով չնախատեսված տարածքները հանձնվել են Ադրբեջանին, թե «ռազմական գործողությունների ընթացքում կորցրած տարածքներն այլ կարգավիճակ ունեին, փաստաթղթով հանձնվող տարածքները՝ այլ կարգավիճակ»։ Աբրահամյանը հիշեցրեց, որ հետո ունեցանք նաեւ Հին Թաղերի, Խծաբերդի հանձնումը, որոնք նախատեսված չէին փաստաթղթով, ապա նաեւ Կովսականի, Սանասարի մի մասի հանձնում, որը նույնպես նախատեսված չէր նոյեմբերի 9-ի փաստաթղթով․ «Հետագայում դուք եւ ձեր տարբեր գործընկերներ նշեցին, որ եղել է պատերազմի վտանգ, եւ այն կանխելու եւ նոր պատերազմ թույլ չտալու համար ստիպված եք եղել գնալ զիջումների․ արդյոք Հայաստանում կամ Արցախում ապրող մեր հայրենակիցները կարող են ենթադրել, որ հաջորդ իսկ պատերազմի վտանգի պայմաններում պատերազմը կանխելու կամ վերսկսումը թույլ չտալու համար Հայաստանի կամ Արցախի տարածքներից կարող են նոր շրջաններ հանձնվել»։ Թիմակիցների արձագանքի վերաբերյալ Փաշինյանն ասաց, որ, իր կարծիքով, նրանք բավականին զուսպ, ինքը կասեր՝ նույնիսկ մեղմ են արձագանքում։ Այս խոսքից հետո դահլիճում դարձյալ աղմուկ սկսվեց, որը փորձեց սաստել Ալեն Սիմոնյանը։ Նա Աննա Մկրտչյանին հեռացրեց նիստերի դահլիճից՝ մինչեւ տվյալ օրվա ավարտը։ Նա խնդրեց լքել դահլիճը, այլապես անվտանգության աշխատակիցները կհեռացնեն։ Քանի որ նա չէր հեռանում դահլիճից, անվտանգության աշխատակիցներին ներս հրավիրեցին։ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներն անմիջապես մոտեցան Աննա Մկրտչյանի աթոռին, որպեսզի անվտանգության աշխատակիցները նրան դուրս չհանեն։ Նիստն ընդմիջվեց։
15:11 - 24 օգոստոսի, 2021
Կառավարության հնգամյա ծրագրում չկա Արցախի Հանրապետություն ձևակերպումը

Կառավարության հնգամյա ծրագրում չկա Արցախի Հանրապետություն ձևակերպումը

Կառավարության՝ օգոստոսի 18-ի նիստի ընթացքում քննարկվեց նոր ձևավորված կառավարության հնգամյա ծրագիրը։ Հայաստանի հանրապետական կուսակցության փոխխոսնակ Արմեն Աշոտյանը օգոստոսի 20-ին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձավ կառավարության ծրագրի մի քանի դրույթների՝ նշելով, որ այնտեղից բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը։  Արմեն Աշոտյանը ճիշտ է․ կառավարության ներկայացրած ծրագրում չկան ո՛չ Արցախի Հանրապետություն, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումները։ Կառավարության ծրագրում Արցախին վերաբերող հատվածներում հադիպում են միայն Արցախ, Լեռնային Ղարաբաղ, ԼՂ ձևակերպումները։ Ծրագրի «Արտաքին քաղաքականություն» բաժնում, օրինակ, նշվում է․ «Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը և կայունությունը: Արտաքին և  անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և  համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև  մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և  հումանիտար խնդիրների լուծումը»։ Ծրագրում կա նաև «Ղարաբաղյան հիմնախնդիր» բաժինը, որտեղ տրված է գրեթե նույն ձևակերպումը, ինչ վերը նշված հատվածում․  «Կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և  համապարփակ կարգավորումը։ Ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորումը Կառավարությունը տեսնում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ՝ հայտնի սկզբունքների և տարրերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա»:  «Ղարաբաղյան հիմնախնդիր» բաժնում Արցախի հետ հարաբերությունների մասին խոսելիս ևս չի տրվում Արցախի Հանրապետություն ձևակերպումը․ «Արցախի հետպատերազմյան վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում: Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և  բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակներին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաև  Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով»: Ի տարբերություն կառավարության ծրագրի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում մեկ անգամ հանդիպում է Արցախի Հանրապետություն ձևակերպումը։ Այս ձևակերպումը, սակայն, հանդիպում է ոչ թե կուսակցության նախընտրական ծրագրի արտաքին քաղաքականությանը կամ պաշտպանությանը վերաբերող հատվածներում, այլ «Սփյուռք» բաժնում։  Անդրադառնալով իրականացված ծրագրերին՝ ՔՊ նախընտրական ծրագրում նշվում է․ «Մեկնարկել ենք ենք «իԳործ» ծրագիրը: Աշխարհի լավագույն համալսարաններում մագիստրոսի աստիճան ունեցող 48 մասնագետներ մեկ տարի ժամկետով աշխատանքի են անցել Հայաստանի Հանրապետության 19 պետական կառավարման համակարգի մարմիններում: Կառավարության որոշման համաձայն՝ ծրագրի մասնակիցները կարող են նաև ներգրավվել Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգում»: Նաև ներկայացնենք, թե ՀՀ որ կառավարությունների ծրագրերում են հանդիպում Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումները։ Երկրորդ գումարման Ազգային ժողովը ձևավորվել է 1999 թ․, մեծամասնություն է կազմել «Միասնություն» դաշինքը (Հայաստանի հանրապետական կուսակցություն, Հայաստանի ժողովրդական կուսակցություն)։ Կառավարության կայքում ներակայացված է 2000-2003 թվականների ծրագիրը, որտեղ Արցախի Հանրապետությանը վերաբերող հատված չկա, հետևաբար՝ չկա նաև Արցախի Հանրապետություն ձևակերպումը։ Երրորդ գումարման խորհրդարանը ձևավորվել  է 2003-ին։ 2003-2007 թվականների ծրագրում ևս Արցախի Հանրապետությանը վերաբերող հատվածներ, հետևաբար՝ նաև Արցախի Հանրապետություն ձևակերպումը չկան։ Չորրորդ գումարման ԱԺ-ն ձևավորվել է 2007-ին, մեծամասնություն է կազմել ՀՀԿ-ն։ Կառավարության կայքում ներկայացված են 2007 և 2008-2012 ծրագրերը։ Այս ծրագրերում էլ, ինչպես նախորդներում, չկան Արցախի Հանրապետությանը վերաբերող հատվածներ, և տրված չէ Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակերպումը։ Հինգերորդ գումարման խորհրդարանը ձևավորվել է 2012-ին։ ԱԺ-ում կրկին մեծամասնություն է կազմել ՀՀԿ-ն։ Այս անգամ կառավարության ներկայացրած ծրագրում կան Արցախի Հանրապետությանը վերաբերող հատվածներ, ինչպես նաև տրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ձևակրպումը․ «Կառավարությունը բազմապատկելու է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ ցանկացած տեսակի ագրեսիայի դրսևորման վտանգի կանխարգելմանն ուղղված դիվանագիտական ջանքերը: Շարունակվելու են աշխատանքները կարգավորման շուրջ ընթացող բանակցություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես լիիրավ կողմ ներգրավելու ուղղությամբ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք է հանդիսանալու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը»: Վեցերորդ գումարման խորհրդարանը ձևվորվել է 2017-ին, կրկին մեծամասնություն է կազմել ՀՀԿ-ն։ Կառավարության 2017-2022 թթ․ ծրագրում ևս տրված է Արցախի Հանրապետություն ձևակերպումը․ «Մեր երկիրը բախվում է տարածաշրջանային մարտահրավերներին, որոնք սպառնում են մեր անվտանգությանը: Այս համատեքստում առանցքային է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգ զարգացման իրավաքաղաքական և ռազմական կայուն երաշխիքների ձևավորման խնդիրը»։ 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո ձևավորված նոր կառավարությունը 2018-ին ներկայացրեց նոր ծրագիր, որտեղ չկար Արցախի Հանրապետություն ձևակերպումը․ ծրագրի տարբեր հատվածներում կային Արցախի անվտանգություն,  Ղարաբաղյան հիմնախնդիր ձևակերպումները։ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ «Իմ քայլը» դաշինքի ներկայացրած նախընտրական ծրագրում Արցախի Հանրապետություն ձևակերպումը կար․ «Առանցքային նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության մակարդակի շարունակական բարձրացումը, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը»։ Արտահերթ ընտրություններից հետո ձևավորված կառավարության 2019-ի ծրագրում, սակայն, այս ձևակերպումը բացակայում է․ «Առանցքային նշանակություն ունեն Հայաստանի արտաքին և ներքին անվտանգության ապահովումը, Արցախի անվտանգության երաշխավորումը և շարունակական ամրապնդումը»։  Այսպիսով, ներկայումս կառավարություն ձևավորած քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», կառավարության՝  ո՛չ 2018-ի, ո՛չ 2019-ի, ո՛չ էլ վերջին՝ 2021-2026 թթ․ ծրագրերում չի տվել Արցախի Հանրապետություն ձևակերպումը, այս ձևակերպումը եղել է միայն «Իմ քայլը» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրերում։ Ինչ վերաբերում է նախորդ կառավարությունների ծրագրերին, ապա կառավարության կայքում ներկայացված են 2000-ից մինչև օրս բոլոր ծրագրերը, և միայն 2012-2017, 2017-2020 թթ․ ծրագրերում են եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ու Արցախի Հանրապետություն ձևակերպումները։ Աննա Սահակյան
14:23 - 24 օգոստոսի, 2021
Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ լրագրողները ակցիա իրականացրին․ նրանք վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ լրագրողները ակցիա իրականացրին․ նրանք վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Այսօր Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում լրագրողները օթյակում բողոքի ակցիա իրականացրին։ Բողոքի ակցիայի առիթը օրերս Աժ խորհրդի ընդունած փոփոխություններն են։ Ըստ այդ փոփոխությունների լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կիրականացնեն ԱԺ նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Աժ այգում: Վերջիններս կարող են ԱԺ պատգամավորների աշխատասենյակներում մասնագիտական գործունեություն իրականացնել միայն պատգամավորների համաձայնությամբ: Լրագրողները այս փոփոխությունները համարում են իրենց տեղաշարժի սահմանափակում;  Լրագրողները գրառումներ էին արել պաստառների վրա, և պահել ապակիների մոտ։ Դրանցից մեկի վրա գրված էր՝ «Մամուլն այսքան անազատ չի եղել, որքան Նիկոլի օրոք»։ Անվտանգության աշխատակիցները ժամանեցին օթյակ, և հորդորեցին լրագրողներին ակցիան իրականացնել այլ վայրում։ Լրագրողները շեշտեցին, թե տարիներ առաջ, երբ ձերբակալել էին Նիկոլ Փաշինյանին խմբագիրները ակցիա էին իրականացնում Փաշինյանի համար։ Լրագրող Անի Գևորգյանը անվտանգության աշխատակիցների հետ զրույցում նշեց, որ իրենք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում։  Լրագրողներից մեկը շեշտեց, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը որևէ արդյունք չի տվել, և այս ակցիայով լրագրողները փորձում են գրավել Նիկոլ Փաշինյանի ուշադրությունը և պահանջում են նրա հետ հանդիպում, որպեսզի Փաշինյանը պատասխանի իրենց հարցերին։  Լրագրող Վահե Մակարյանն էլ շեշտեց, որ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումը արդյունք չի տվել, քանի որ բոլոր սլաքները ուղղվում են կոնկրետ մեկ մարդու, և լրագրողները հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով, հանձնարարությամբ կամ հորդորով են այս սահմանափակումները մտցվել։  Լրագրողներն ընդգծեցին, որ Նիկոլ Փաշինյանն իրենց գործընկերն է և հասկանում է, թե ինչպես պետք է կառուցվի լրագրողի աշխատանքը։ Լրագրողների խոսքով իրենք օգտագործել են բոլոր միջոցները հարցի կարգավորման համար, սակայն դրանք արդյունք չեն տվել։  Վահե Մակարյանը, խոսելով լրագրողների անունից, շեշտեց, որ իրենց ակցիան քաղաքական չէ, այլ բացառապես լրագրողական, և այն արվում է լրագրողների իրավունքների պահպանման համար։  Լրագրողներին մոտեցավ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։ Նա ասաց, որ լրագրողների տեղաշարժի սահմանափակման հարցով նախատեսում են մեծ քննարկում կազմակերպել։ «Այդ քննարկումից պետք է դուրս գալ լուծումներով և ոչ թե միայն բողոքել, այլ գտնել երկու կողմի համար ընդունելի լուծումներ։ Ես իմ ելույթով կբարձրաձայնեմ լրագրողների բողոքի ձայնը և կհայտնեմ, որ լրագրողները ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ»,- եզրափակեց Թագուհի Թովմասյանը։  Հիշեցնենք, որ օրեր առաջ օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի էր ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել էր ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 044-Լ որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:
12:15 - 24 օգոստոսի, 2021
«SkyUP» ավիաընկերությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու՝ ինչու է  Օդեսա-Երևան չվերթն իրականացրել ադրբեջանական ավիաընկերություն

«SkyUP» ավիաընկերությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու՝ ինչու է Օդեսա-Երևան չվերթն իրականացրել ադրբեջանական ավիաընկերություն

Օդեսա-Երեւան չվերթն ադրբեջանական ավիաընկերության կողմից իրականացնելու վերաբերյալ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն կապ է հաստատել «SkyUP» ավիաընկերության հետ, ինչին ի պատասխան՝ ավիաընկերությունն իր խոր մտահոգությունն է հայտնել։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Քաղավիացիայի կոմիտեից։ Այս տարվա օգոստոսի 6-ին ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Սարգսյանը գրել էր, որ նույն օրը Օդեսայից Երեւան թռիչքն իրականացրել է ադրբեջանական Buta Airways ավիաըներությունը։ Գրառման մեկնաբանությունների դաշտում Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը նշել էր, որ 06.08.2021 թվականի Օդեսա-Երեւան (չվերթի համարը PQ 407) չվերթն իրականացրել է ուկրաինական «SkyUp» ավիաընկերությունը, որին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին տվել է համապատասխան թույլտվություն, իսկ Buta Airways ավիաընկերությանը Քաղավիացիայի կոմիտեն որեւէ չվերթի թույլտվություն չի տրամադրել: Քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ Օդեսա-Երեւան երթուղով չվերթի թույլտվություն տրամադրվել է բացառապես ուկրակինական «SkyUP» ավիաընկերությանը։ «SkyUP»-ից նշել են, որ նստեցման կտրոնի տրամադրման պատասխանատուները հանդիսանում են միջնորդ ընկերությունները (handling companies): Քաղավիացիայի կոմիտեից ստացած պատասխանի համաձայն՝ ուկրաինական ավիաընկերությունը հայտնել է նաեւ, որ հետաքննությունն է սկսել՝ պարզելու սխալ նստեցման կտրոնների տրամադրման պատճառները։  Կոմիտեից հայտնում են, որ Օդեսա-Երեւան չվերթի հաշվառումն իրականացվել է Օդեսա քաղաքի օդանավակայանում եւ նստեցման կտրոնները տրամադրել են Օդեսա քաղաքի օդանավակայանի ծառայությունները։ Ասպրամ Փարսադանյան
18:05 - 23 օգոստոսի, 2021
«Ֆիզգոռոդոկում» շինաշխատանքներ են սկսվել․ բնակիչները պնդում են՝ բարձրահարկի կառուցման գործընթացն ապօրինի է

«Ֆիզգոռոդոկում» շինաշխատանքներ են սկսվել․ բնակիչները պնդում են՝ բարձրահարկի կառուցման գործընթացն ապօրինի է

Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ առավել հայտնի է որպես «Ֆիզգոռոդոկ»՝ կառուցված 1950-60-ականներին, այսօր սկսվել են մի բարձրահարկի կառուցման շինաշխատանքներ՝ բնակիչների համոզմամբ՝ ապօրինի։ Սա Երեւանի այն քիչ թաղամասերից է, որի շրջակա պուրակի ծառերն ամբողջությամբ հատված չեն։ Սակայն շենքը, որ պետք է կառուցվի, լինելու է հենց այդ տարածքում․ ծառահատումներն արդեն սկսվել են։  Այստեղ նախատեսվում է կառուցել 12 հարկանի բնակելի շինություն, որն ունենալու է ստորգետնյա կայանատեղի։ Սեփականատերն ու կառուցապատողը «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ն է։ Այս ընկերությունը հիշյալ հասցեում գտնվող 1976 քմ մակերեսով տարածքի երրորդ սեփականատերն է․ «ՌԱՏԿՈ»-ն այն ձեռք է բերել 2006 թվականի աշնանը: Հետքի հրապարակման համաձայն՝ «Ռատկո» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2005 թվականին: Մինչեւ 2012 թվականը ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը եղել է Բահամյան կղզիներում գրանցված «Պրո-Շուգառ Միլլենիում ինկ.» օֆշորային ընկերությունը, որի սեփականատերերը եղել են ռուսաստանաբնակ գործարարներ Վլադիմիր Մկրտումյանն ու Ստեփան Մալխասյանը: 2020 թվականի հունիսի 12-ին Երեւանի քաղաքապետարանի Քաղաքաշինական խորհուրդը հավանության է արժանացել բազմաբնակարան բնակելի այդ շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը, իսկ հուլիսի 20-ին Երեւանի քաղաքապետարանը նախագծման թույլտվություն է տվել։  Ներդրող կազմակերպության տնօրեն Արթուր Մնացականյանը, որն այսօր շինհրապարակ դարձող տարածքում էր, Infocom-ի հետ զրույցում ասաց, որ Ընկերությունը նախորդ ամիս՝ հուլիսի 29-ին, ստացել է շինթույլտվություն, որի համաձայն էլ նախաձեռնել են կառուցապատումը եւ սկսել շինհրապարակի կազմակերպումը։  Արթուր Մնացականյանը Մնացականյանը, ի հակառակ տեղի բնակիչների, պնդում է, որ շինարարությունն ապօրինի չի իրականացվում։ Նրա հայտնած մանրամասների համաձայն՝ Ընկերությունը պատրաաստվում է 200-ից ավելի ծառեր տնկել եւ բարեկարգել դիմացի այգին, նորաձեւ այգի կառուցել։ Կառուցապատման տոկոսը, նրա վստահեցմամբ, 40% է կազմելու։  Բնակիչների պնդմամբ, սակայն, նման շինություն այդտեղ կառուցելու պարագայում խաթարվելու են թաղամասի պատմական դիմագիծն ու կենսամիջավայրը, ճարտարապետությունը, քանի որ տեղանքում շենքերը ցածրահարկ են։ Բացի դրանից՝ նրանք վստահություն չունեն, որ ծառահատումներից հետո նոր ծառեր կտնկվեն, եղածն էլ կպահպանվի։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ հանդիպումներ ունեցել են բնակիչների հետ, սակայն նրանցից ոմանք կատեգորիկ դեմ են կառուցապատմանը, իսկ իրենք անդրդվելի են՝ շենքը պետք է կառուցվի։ Արթուր Մնացականյանի խոսքով՝ շենքի գտնվելու վայրը չի փոխում այս թաղամասի ճարտարապետությունը․ «Երեւանում բազմաթիվ տեղեր կան, որտեղ ցածրահարկ շենքերի կողքին բարձրահարկեր կան, դա ընդունված պրակտիկա է, երբ պահում ես շինարարության եւ ճարտարապետության կանոնները։ Իսկ մարդիկ իրավունք ունենք դիմել համապատասխան մարմիններին՝ իրենց իրավունքների ենթադրյալ ոտնահարման համար»,- ասաց մեր զրուցակիցը։ Իսկ թաղամասի բնակիչները երկու անգամ ստորագրահավաք են նախաձեռնել՝ դեմ լինելով քաղաքապետարանի որոշմանը։ Վերջին անգամ 500-ից ավելի ստորագրություն է հավաքվել։ Եւ թեեւ նրանք այս ընթացքում հանդիպում են պահանջել քաղաքապետի կամ նրա տեղակալի հետ, սակայն, ինչպես պնդում են քաղաքացիները, իրենց խոսքին չեն անսացել։ «Ֆիզգոռոդոկի» պուրակը, որի որոշ ծառեր արդեն հատվել են Ֆիզգոռոդոկ թաղամասի բնակիչներից Հայկ Հարությունյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է, մեր զրույցում նկատեց՝ հողատարածքը, որի վրա ուզում են կատարել շինարարությունը, ծառապատ է, հանրային տարածք։ Նրա խոսքով՝ 2004 թվականին այստեղի նախկին մի բնակիչ դիմել է դատարան եւ ասել, որ ուզում է այստեղ մեքենաների կայանատեղի կառուցել․ «Հետո հայցը փոխել է՝ նշելով, թե իբրեւ ուզում է սեփական տուն կառուցել, ասել է, որ տեղանքում 50 քառ․ մետր նկուղ կա։ Իրականում, սակայն, ոչ մի նկուղ երբեւէ կառուցված չի եղել այդտեղ։ Դատարանը պարտավորեցրել է, որպեսզի Կադաստրը չափագրի եւ չափագրությունը ուղարկի Քաղաքապետարան։ Այդ վճիռը մտել է օրինական ուժի մեջ, Կադաստրը ինչ-որ չափագրում է ուղարկել Քաղաքապետարան, հետագայում դիմել է հայցով եւ ասել՝ ճանաչեք իմ վարձակալության իրավունքը դրա նկատմամբ եւ ինքնակամ շինությունն օրինականացրեք, տվեք վկայական։ Վճիռ է կայացվել, որով դատարանը պարտավորեցվել է Կադաստրին գրանցել նրա վարձակալության իրավունքը։ Կադաստրը վճիռը կատարել է, բայց մինչեւ կատարումը ներկայացրած է եղել վերաքննիչ բողոք, որը դատարանը վարույթ է ընդունել։ Բայց հայցվորը չի ներկայացել դատարան եւ հարցը մնացել է առանց քննության»,- պատմեց տեղի բնակիչը։ Այսինքն՝ առաջին ատյանի դատարանի վճիռը կատարվել է, սակայն հատագայում այդ հարցը մնացել է առանց քննության։ Իսկ հետագայում, ինչպես նշեցինք վերը, սեփականության իրավունքը փոխանցվել է «Ռատկո» ընկերությանը։  Հարությունյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ, ըստ էության, այդ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը չունի իրավական հիմքեր․ «Այդ վճիռը, որի հիման վրա տարածքը տրամադրվել է սեփականտերերին, ուժի մեջ չէ։ Դրա վերաբերյալ հաղորդում է տրված եղել եւ պահանջվել է հարուցել քրեական գործ, որովհետեւ այդտեղ երբեւէ ոչ մի նկուղ չի եղել եւ այդ վճիռը, վճռի կատարումը եղել են ապօրինի։ Քրեական գործի հարուցումը մերժվել է, ընդ որում՝ կադաստրային նյութերում բացակայում են տեղեկություններն այն մասին, որ Կադաստրը ներկայացրել է վերաքննիչ բողոք, բացակայում է այն տեղեկությունը, որ վերաքննիչ բողոքը ընդունվել է վարույթ, եւ հարցը մնացել է առանց քննության»։  Սա, ըստ Հարությունյանի, պատահականություն չէ։ Այդ առնչությամբ բնակիչները ե՛ւ Քաղաքապետարանի, ե՛ւ Կադաստրի ուշադրությունն են հրավիրել բայց դրանցից որեւէ մեկը քայլեր չի ձեռնարկել, որպեսզի վճռի շրջադարձ։ Մեր զրուցակցի խոսքով՝ Քաղաքապետարանը շահագրգիռ կողմ է, քանի որ, իր տեղեկություններով, Ընկերության հետ ունի պայմանագիր, որ կառուցվող շենքից Քաղաքապետարանին պետք է տրամադրվեն բնակարաններ։ Բնակիչը տեղեկացրեց, որ այս պահին վճռի շրջադարձ չկատարելու վերաբերյալ նյութեր են ուսումնասիրվում՝ հասկանալու՝ արդյոք կա քրեական գործի հարուցման հիմք, թե ոչ․ «Ամեն դեպքում պետք է կատարվի վճռի շրջադարձ։ Սեփականության իրավունքը պետք է վերադարձվի պետությանը, եւ կարեւոր չէ, թե ձեռքբերողը բարեխիղճ է, թե ոչ»,- եզրափակեց Հայկ Հարությունյանը։ Լիլիթ Բադեյանը, որը նույնպես ապրում է այս թաղամասում, մեր զրույցում համոզմունք հայտնեց, որ շենքի կառուցումն ուղղակի հակասում է բնակիչների շահերին․ եթե բարձրահարկը կառուցվի, ամբողջ միջավայրը կփչանա, հատկապես, որ, նրա խոսքով, կա կասկած, որ հնարավոր է՝ սողանքային իրավիճակ լինի։ Մեր զրույցին իր մտահոգություններով միացավ Կարեն Ամիրխանյանը՝ հավելելով, որ եթե նախկինում իրավունք ունեին բողոքել, որպեսզի արգելեն շինթույլտվությունը, հիմա այդ իրավունքը չունեն։ Նա ասաց, որ տեղի բնակիչների 500-ից ավելի ստորագրություններն ուղղակի անտեսվել են։ Կարեն Ամիրխանյանը Ի դեպ՝ Ֆիզիկայի գիտավանը ԿԳՄՍ նախարարությունը ժամանակին հաստատել էր որպես հուշարձան-թաղամաս, սակայն ավելի ուշ կառուցապատման համար տրամադրված տարածքը հանվեց այդ որոշումից` բնակիչների համոզմամբ՝ հող նախապատրաստելով շինաշխատանքների համար։  Սա, թաղամասի բնակիչ Ֆրունզ Հարությունյանի համոզմամբ, վատ նախադեպ է, որովհետեւ մենք գործ ունենք Երեւանի ամենահին եւ կայացած համայնքներից մեկի հետ, որը, մեր զրուցակցի խոսքով, հավաքական կամք ունի․ «Եւ հաշվի չնստել բնակիչների կարծիքների հետ, նշանակում է, որ որպես այս քաղաքի բնակիչների ներկայացուցիչներն իրականությունից կտրված են, նստում են ինչ-որ բարձր աթոռի, եւ նույնիսկ չեն գալիս հանդիպելու քաղաքացիների հետ, որոնք միաձայն պահանջ ունեն։ Ոչ մի քայլ չարեցին, ոչինչ չլսեցին, դա, ես կասեի, «ղասաբություն» է»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը։ Եւ մեկ այլ խնդիր, որի մասին բարձրաձայնեցին բնակիչները, շենքի կառուցման դեպքում թաղամասի հիմնական փողոցը գերծանրաբեռնված է լինելու, քանի որ թաղամասի բնակիչների թիվն, ըստ ամենայնի, կրկնապատկվելու է։ Բնակիչները միահամուռ փորձելու են խնդրի լուծման եզրեր գտնել եւ պատկան մարմինները ուշադրությունը հրավիրել։ Հայարփի Բաղդասարյան
22:05 - 19 օգոստոսի, 2021
ՀՀ սահմանին մոտեցող ադրբեջանական զորքերի լուսանկարները հին են

ՀՀ սահմանին մոտեցող ադրբեջանական զորքերի լուսանկարները հին են

Գուրգեն Ավետյան անունով օգտատերը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում երեկ 9 լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ Ադրբեջանը հարձակողական զորքեր է ձգում Հայաստանի սահմաններին։ «Ալիևը, հավանաբար, որոշել է առավելագույնս ճնշել Հայաստանին։ Այդ նպատակի համար նա զորքեր է տեղափոխում Քարվաճառի շրջան։ Այս տարվա ընթացքում հայկական կողմից ոչ մի սահմանապահ պաշտպանական կառույց չի ստեղծվել։ Դրա համար էլ Ալիևը որոշել է այնտեղ մտցնել իր հարձակողական զորքերը և ուժով գրավել 27 կմ հողեր, որոնք կիսում են Քարվաճառի շրջանը թուրք-ազերիների կողմից օկուպացված Նախիջևանի Հանրապետությունից և թուրքերի կողմից գրավված Արևմտյան Հայաստանից՝ Թուրքիա-Ադրբեջան ցամաքային սահման ունենալու համար»,- ասված է օգտատիրոջ գրառման մեջ։ Գրառումն ու լուսանկարները հրապարակվել են pastinfo.am-ում՝ «Ադրբեջանը հարձակողական զորքեր է ձգում Հայաստանի սահմաններին. ահազանգ» վերնագրով։ Հստակ ոչինչ չենք կարող ասել օգտատիրոջ այն պնդման վերաբերյալ, թե Ադրբեջանը հարձակողական զորքեր է ձգում Հայաստանի սահմաններին։ Սակայն մեզ հաջողվել է համացանցում գտնել հրապարակված 9 լուսանկարներից 7-ը․ 7-ն էլ հին լուսանկարներ են։ Այսպիսով, առաջին, երկրորդ և հինգերորդ լուսանկարները համացանցում հայտնվել են դեռևս 2021-ի մայիսի 17-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում։ Ադրբեջանի ՊՆ-ն մամուլի հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Նախիջևանի կայազորում սկսվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ՝ կից տարածելով այս լուսանկարները։ Հրապարակված լուսանկարներից երրորդը ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներում հրապարակվել է 2021-ի օգոստոսի 13-ին։ Լուրն այն մասին է, որ Ադրբեջանի տանկային ստորաբաժանումները ինտենսիվ մարտական ​​պատրաստություն են անցկացնում։ Չորրորդ լուսանկարը հրապարակվել է 2021-ի հուլիսի 2-ին։ Ադրբեջանական ՊՆ-ն այդ ժամանակ հաղորդել է, որ Բաքվում շարունակվում են ադրբեջանա-թուրքական զորավարժությունները։ Վեցերորդ և յոթերորդ լուսանկարները համացանցում գտնել չհաջողվեց։ Ութերորդ լուսանկարը ադրբեջանական լրատվամիջոցներում 2021-ի հուլիսի 16-ին հրապարակված տեսանյութից է։ Տեսանյութում խոսվում է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին։ Վերջին լուսանկարը համացանցում հայտնվել է դեռևս 2018-ին։ Հրապարակված լուրը կրկին ադրբեջանական բանակի զորավարժություններին է վերաբերում։  Քանի որ օգտատերն այս լուսանկարները հրապարակել է մի գրառման հետ, որտեղ խոսվում է ՀՀ սահմանի մոտ ադրբեջանական հարձակողական զորքեր բերելու մասին, տպավորություն է ստեղծվում, թե լուսանկարները նոր են և ապացուցում են այդ զորքերի՝ ՀՀ սահմանին մոտենալը։ Սակայն, ինչպես համոզվեցինք, հրապարակված 9 լուսանկարներից առնվազն 7-ը հին են։ Ինչ վերաբերում է հակառակորդի՝ ՀՀ սահմանին հարձակողական զորքեր մոտեցնելուն, այդ պնդման մասին հստակ ոչինչ նշել չենք կարող։ Աննա Սահակյան  
18:13 - 18 օգոստոսի, 2021
Ավելի շատ ծախսելու հնարավորություն՝ հաշվետվողականություն չապահովող պատգամավորներին

Ավելի շատ ծախսելու հնարավորություն՝ հաշվետվողականություն չապահովող պատգամավորներին

Այս տարվա հուլիսին ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանն իր աշխատանքային շրջանի վերջում հասցրեց ընդունել մի նախագիծ, որը բազմաթիվ քննադատությունների առիթ դարձավ․ խոսքը «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում մի փոփոխության մասին է, որով ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար նախատեսված գումարը 50․000 դրամից դարձավ 250.000 դրամ։  Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացումը կապահովի պատգամավորների գործունեության լիարժեք իրականացումը եւ ըստ այդմ՝ կնպաստի Ազգային ժողովի եւ նրա մարմինների գործառույթների ու լիազորությունների պատշաճ իրականացմանը:  Նախագծի հեղինակները ԱԺ 7-րդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն են․ Ենգիբարյանի կարծիքով՝ սա հատկապես մեծ աջակցություն է այն պատգամավորներին, որոնք մարզերից են, եւ իրենց առօրյա գործունեության ընթացքում հաճախ պետք է ճամփորդեն, հանդիպեն ընտրողներին: Նա նշել էր, որ 2.5 տարիների փորձը ցույց է տվել, որ պատգամավորի նյութատեխնիկական ապահովման, տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում վառելիքի ծախսի համար 50 հազար դրամը բավարար չէ: Օրենքն ուժի մեջ է մտնելու 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի բացման օրվանից: Իսկ այս գումարման ԱԺ-ն, ինչպես հայտնի է, օգոստոսի 2-ին արդեն սկսել է առաջին նստաշրջանի աշխատանքները։ Դեռ նախորդ տարվա մարտին եւ հուլիսին Infocom-ը հարցումներ էր ուղարկել 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին՝ նրանց գործունեության մանրամասներին ծանոթանալու համար։ Ի թիվս մի շարք հարցերի՝ պատգամավորներին խնդրել էինք ներկայացնել, թե մարզային քանի այցեր են ունեցել, քաղաքացիների քանի ընդունելություն են անցկացրել, եւ այլն։ Ի դեպ՝ նախագծի համահեղինակներից միայն Վիկտոր Ենգիբարյանն է պատասխանել հարցմանը, իսկ Նիկոլայ Բաղդասարյանն առհասարկ չի արձագանքել։ Ստորեւ ներկայացնում ենք, թե 7-րդ գումարման խորհրդարանի՝ հարցմանը մասնակի կամ ամբողջությամբ պատասխանած որ պատգամավորներն ինչ այցեր են կատարել մանդատը ստանալուց մինչեւ 2020թ․ մարտ, ոմանք՝ հուլիս ամիսը, եւ թե ովքեր ընդհանրապես չեն պատասխանել հարցումներին։ 7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցություն Infocom-ը հարցումներ էր ուղարկել «Իմ քայլը» խմբակցության 84 պատգամավորների, որոնցից 52-ը մեր հարցումներն ուղղակի անպատասխան էին թողել, իսկ 10-ը՝ հարցերին ըստ էության չէին պատասխանել՝ նշելով, որ մեր հայցած տեղեկությունները հրապարակված են բաց աղբյուրներում՝ ԱԺ պաշտոնական կայքում, Հայտարարագրերի ռեեստրում, parliamentmonitoring.am հարթակում, եւ որ աշխատավարձերի վերաբերյալ հարցերի պատասխանները կարող ենք ստանալ ԱԺ աշխատակազմից։ Բաց աղբյուրներից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկություններ հավաքելու առաջարկով արձագանքել են Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Վաղարշակ Հակոբյանը, Վլադիմիր Վարդանյանը, Անդրանիկ Քոչարյանը,  որոնք պատգամավոր են նաեւ հիմա, Մխիթար Հայրապետյանը, Համազասպ Դանիելյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Վահագն Թեւոսյանը, Հովհաննես Իգիթյանը։ Այսպիսով, հարցում ենք ուղարկել «Իմ քայլը» խմբակցության 84 պատգամավորների, որոնցից 62-ը՝ մոտ 73%-ը նամակն անպատասխան են թողել, հարցերին չեն պատասխանել կամ առաջարկել են տեղեկություն հավաքել բաց աղբյուրներից։ Հարցմանը պատասխանել են 22-ը՝ մոտ 26%-ը։  7-րդ գումարման խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն Infocom-ը նույնաբովանդակ հարցումներ էր ուղարկել նաեւ ԲՀԿ խմբակցության բոլոր 26 պատգամավորներին։ Նրանցից 18-ը հարցմանը չէր պատասխանել, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանը, Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը եւ այլք։ Այս խմբակցությունից հարցմանը չպատասխանած Սերգեյ Բագրատյանը այսօր դարձյալ պատգամավոր է, սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։   Այսպես, ԲՀԿ խմբակցության 26 պատգամավորներից 69,2%-ը չեն պատասխանել հարցերին։  7-րդ գումարման խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցություն Հարցումներ, իհարկե, ուղարկել էինք նաեւ խորհրդարանական երրորդ ուժին՝ ԼՀ խմբակցությանը, որում ընդգրկված էր 18 պարտգամավոր։ Նրանցից ոչ մեկը՝ այդ թվում Էդմոն Մարուքյանը, որ խմբակցության ղեկավարն էր, չեն պատասխանել հարցերին։ Այս քաղաքական ուժը, ինչպես ԲՀԿ-ն, ներկայացված չեն 8-րդ գումարման խորհրդարանում։  Հարցումներին չպատասխանածներից 34-ը այսօր եւս պատգամավոր են՝ Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Մաթեւոս Ասատրյանը, Լուսինե Բադալյանը, Նազելի Բաղդասարյանը, Սիսակ Գաբրիելյանը, Մերի Գալստյանը, Տաթեւիկ Գասպարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արթուր Դավթյանը, Արփինե Դավոյանը, Արման Եղոյանը (վրիպակի հետեւանքով պատգամավոր Ա․ Եղոյանի անունը հայտնվել է չպատասխանածների ցանկում, պատասխանի մանրամասները ներկայացված են ստորեւ,- խմբ․), Սեդրակ Թեւոնյանը, Սարգիս Խանդանյանը, Արմեն Խաչատրյանը, Մարիա Կարապետյանը, Հրաչյա Հակոբյանը, Կարեն Համբարձումյանը, Կնյազ Հասանովը, Վահագն Հովակիմյանը, Արթուր Հովհաննիսյանը, Սոնա Ղազարյանը, Վահե Ղալումյանը, Արսեն Միխայլովը, Արեն Մկրտչյանը, Սերգեյ Մովսիսյանը, Քրիստինե Պողոսյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Հայկ Սարգսյանը, Լիլիթ Ստեփանյանը։ Նրանցից հինգը, ինչպես նշեցինք վերեւում, առաջարկել էին տեղեկություն հավաքել բաց աղբյուրներց։   Այսպիսով, հարցում էինք ուղարկել 128 պատգամավորի։ Նրանցից ոչ բոլոր պատգամավորներն էին պատասխանել, իսկ ավելի կոնկրետ՝ 30 պատգամավոր պատասխանել էր, մնացյալ 98-ը կամ մոտ 76%-ը՝ ոչ։  Իսկ հարցումներին պատասխանած պատգամավորների պատասխանները ներկայացնում ենք ստորեւ։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հիշյալ նախագծի համահեղինակ Վիկտոր Ենգիբարյանը մեր հարցման պատասխանում նշել էր, որ կազմակերպել է ընդհանուր թվով 20 մարզային այց եւ քաղաքացիների ընդունելություն, վերջինը՝ պարբերանար նաեւ ԱԺ-ում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանից ստացած պատասխանի համաձայն՝ վերջինս ունեցել է մարզային մեկ այց՝ Վայոց Ձոր։ Քաղաքացիների ընդունելություն պատգամավորը կազմակերպել է քաղաքացիների դիմումների հիման վրա՝ անհատական սկզբունքով, իսկ ոլորտային խնդրի դեպքում՝ խմբով։ Ըստ պատասխանի՝ Եղոյանն ընդհանուր առմամբ ընդունել է մոտ 70 քաղաքացու, մասնակցել է մի շարք ոլորտային խնդիրներով մտահոգ քաղաքացիների խմբերի հետ հանդիպումներին։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, որը հիմա եւս ներկայացված է ԱԺ-ում, պատասխանել էր, որ կազմակերպել է քաղաքացիների 20 ընդունելություն՝ ԱԺ-ում նման քննարկումների համար նախատեսված սրահում։ Նա հայտնել էր, որ քաղաքացիների հետ անհատական կամ խմբային հանդիպումներ է ունեցել նաեւ Արարատում, Արմավիրում, Արագածոտնում եւ Կոտայքում։  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նաեւ 8-րդ գումարման խորհրդարանում ներկայացված Հայկ Կոնջորյանը պատասխանել էր, որ կազմակերպել է քաղաքացիների վեց ընդունելություն՝ ԱԺ սրահում, Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում, որոնց ընթացքում հանդիպել է ավելի քան 300 քաղաքացու հետ, բացի դրանից՝ անհատական կամ խմբային հանդիպումներ է ունեցել նաեւ քաղաքացիների հետ Երեւանում եւ ՀՀ մարզերում։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, 8-րդ գումարման խորհրդարանում ՔՊ ներկայացուցիչ Թագուհի Ղազարյանը, ի պատասխան մեր հարցման, հայտնել էր, որ կազմակերպել է բազմաթիվ ընդունելություններ՝ ե՛ւ անհատական, ե՛ւ խմբով, այցելություններ է ունեցել Արմավիրի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արարատի մարզեր՝ ընդհանուր ամռմամբ 52 համայնք։ «Իմ քայլը» խմբակցության, այժմ՝ ՔՊ խմբակցության Ռուբեն Ռուբինյանի պատասխանի համաձայն՝ վերջինս մարզային այցեր չի ունեցել՝ հարցման պատասխանն ստանալու դրությամբ։ «Իմ քայլը» խմբակցության եւ այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանից ստացած պատասխանի համաձայն՝ վերջինս հանդիպումներ է ունեցել բազմաթիվ քաղաքացիների, իրավաբանական անձանց ներկայացուցիչների հետ՝ հիմնականում տնտեսական ոլորտին վերաբերող հարցերով։ Վարդանյանը հայտնել էր օտարերկրյա պաշտոնական այցերի մասին, չէր նշել մարզային այցերի մասին։  7-րդ գումարման խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության, 8-րդ գումարման խորհրդարանի ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը, որը մանրամասնորեն պատասխանել էր մեր հարցերին, նշել է, որ 2019-ի հուլիսի 17-ին քաղաքացիների ընդունելություն է իրականացրել Նոր Նորքի վարչական շրջանի շենքում, աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել կազմակերպել մեծ թվով քաղաքացիների համաժամանակյա այլ ընդունելություն եւ հնարավորություն է ունեցել միայն անհատական հանդիպումներ կազմակերպել առանձին քաղաքացիների հետ՝ կոնկրետ խնդիրների առնչությամբ։ Վարդանյանը նշել է, որ այցեր է ունեցել Լոռու, Շիրակի, Վայոց ձորի մի շարք համայնքներում։ «Իմ քայլը» խմբակցության, այժմ ՔՊ խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որը նույնպես ամբողջական էր պատասխանել մեր հարցերին, տեղեկացրել էր, որ քաղաքացիների ընդունելություն կազմակերպում է ամեն օր՝ իր գլխավորած «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի գրասենյակում։ Նա նշել է, որ ամենօրյա ռեժիմով զբաղվել է Ջավախքի եւ ջավախահայության հիմնախնդիրներով, Ջավախքում մարզամշակութային միջոցառումների կազմակերպմամբ, ծագումով ջավախքցի մշակութային գործիչների գործունեության աջակցությամբ։  7-րդ գումարման ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության եւ 8-րդ գումարման խորհրդարանի ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հարցման պատասխանում հայտնել էր, որ քաղաքացիների ընդունելություն կազմակերպում է ամեն օր՝ իր գլխավորած «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ի գրասենյակում, ընդունել է հազարավոր քաղաքացիների, իսկ մարզային այցեր կազմակերպում է գրեթե ամեն շաբաթ, բայց ոչ պակաս, քան ամիսը երկու անգամ:  Նախկինում՝ «Իմ քայլը» խմբակցությունից, այժմ՝ ՔՊ խմբակցությունից Գեւորգ Պապոյանից ստացած պատասխանի համաձայն՝ հինգ անգամ է կազմակերպել քաղաքացիների ընդունելություն, ունեցել է մարզային երկու այց՝ Արմավիր եւ Արագածոտն՝ քաղաքացիների խնդիրներին ծանոթանալու համար, ապա նաեւ Երեւանի Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բակերում հանդիպումներ է ունեցել բնակիչների հետ։  «Իմ քայլը» խմբակցությունից Հերիքնազ Տիգրանյանը, որը հիմա դարձյալ ԱԺ պատգամավոր է, պատասխանել էր, որ անցկացրել է քաղաքացիների բազմաթիվ ընդունելություններ, ունեցել է մի շարք մարզային այցեր։  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության արդեն նախկին ղեկավար Լիլիթ Մակունցը, պատգամավորներ Վահե Հովհաննիսյանը, Սոֆյա Հովսեփյանը, Արգիշտի Մեխակյանը, Սոս Ավետիսյանը, Կարեն Սարուխանյանը, Արմեն Փամբուխչյանը, Գայանե Աբրահամյանը, որը եւս այն քչերից էր, որ հարցերին պատասխանել էր ամենայն մանրամասնությամբ, Միքայել Զոլյանը եւ Գոռ Գեւորգյանը եւս ներկայացրել էին իրենց կատարած մարզային այցերի եւ քաղաքացիների ընդունելությունների մասին տեղեկություններ։ Ի դեպ՝ Սոֆյա Հովսեփյանը, Գոռ Գեւորգյանը եւ Գայանե Աբրահամյանը հետագայում դուրս եկան ֆրակցիայից։ Իսկ 7-րդ գումարման խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից հարցմանը պատասխանել եւ իրենց այցերի, ընդունելությունների մասին տեղեկություններ էին ներկայացրել պատգամավորներ Էդուարդ Բաբայանը, Քաջիկ Գեւորգյանը, Վարդեւան Գրիգորյանը, Վարդան Վարդանյանը, Տիգրան Ուրիխանյանը, Գեւորգ Պետրոսյանը, որը եւս այն քիչ պատգամավորներից էր, որ ամբողջությամբ պատասխանել էր մեր բոլոր հարցերին, Նորա Առուստամյան, Շաքե Իսայանը։ Տիգրան Ուրիխանյանը հետագայում դուրս եկավ խմբակցությունից։ Հարցմանն արձագանքած մյուս պատգամավորներից ոմանք պատասխանել էին ոչ բոլոր հարցերին՝ նշելով, որ կան տեղեկություններ, որոնք բաց աղբյուրներում կան․ դրանք վերաբերում են նախագծերին, որոնք ներկայացրել են օրենսդիրները, նրանց այցերին, հանձնաժողովներին, որտեղ ներգրավված են եւ այլն։ Այս տեղեկությունները, այո, հնարավոր է հավաքագրել բաց աղբյուրներից, իսկ, օրինակ, մարզային այցերի կամ քաղաքացիների ընդունելությունների վերաբերյալ տեղեկություններն, ըստ էության, կարող են հայտնել պատգամավորները։ Որպես օրինակ՝ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից եւ այլ աղբյուրներից դժվար է կռահել՝ վերջինս մարզային քանի այց է ունեցել։ Ամփոփելով՝ նշենք, որ ներկայացված տվյալները վերաբերում են պատգամավորների՝ մանդատը ստանձնելու պահից մինչեւ 2020-ի մարտ եւ հուլիս ամիսներն ընկած ժամանակահատվածին, ուստի այս պահին չենք կարող ասել՝ հարցերին պատասխանած պատգամավորները հետագայում՝ մինչեւ 7-րդ գումարման խորհրդարանի արձակումը այլ այցեր ունեցե՞լ են, թե՞ ոչ։ Եւ քանի որ մյուս պատգամավորներն իրենց ընդունելությունների ու մարզային այցերի մասին տեղեկություններ չեն տրամադրել, չենք կարող գնահատել նրանց՝ այդ մասով գործունեությունը։ Հարկ է նշել, որ հանրային հաշվետվողականության մասին օրենսդրական պահանջ, համենայն դեպս, չկար նախկինում եւ չկա հիմա։ Այսպիսով, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի համար հատկացվող գումարի ավելացմանը կողմ է քվեարկել մի խմբակցություն, որի անդմաներից 62-ը՝ մոտ 73%-ը, հարցումն անպատասխան են թողել, հարցերին չեն պատասխանել կամ առաջարկել են տեղեկություն հավաքել բաց աղբյուրներից։ Բաց աղբյուրներից տեղեկություն հավաքել առաջարկել էր «Իմ քայլը» խմբակցության 10 պատգամավոր՝ հարցում ստացած 84 պատգամավորների մոտ 11%-ը, սա այն դեպքում, երբ հայցված տեղեկությունների որոշ մասը հնարավոր չէ ստանալ բաց աղբյուրներից եւ հնարավոր է ստանալ բացառապես հենց պատգամավորից։ Իսկ հարցմանը պատասխանած պատգամավորներից 3-ը նշել են, որ պատգամավորական ծախսերի հիմնական մասը ներկայացնող մարզային այցեր չեն ունեցել։  Հայարփի Բաղդասարյան
16:46 - 18 օգոստոսի, 2021
ՊՆ-ն գաղտնիք է համարում ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանցիների թիվն ու նրանց գտնվելու կոնկրետ վայրերի մասին տեղեկությունները

ՊՆ-ն գաղտնիք է համարում ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանցիների թիվն ու նրանց գտնվելու կոնկրետ վայրերի մասին տեղեկությունները

Տեւական ժամանակ է, ինչ պաշտոնական որեւէ աղբյուր տեղեկություն չի հայտնում մայիսին ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողների թվի ու նրանց գտնվելու վայրի մասին։ Կցկտուր տեղեկություններ են հաղորդում Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանամերձ բնակավայրերի որոշ ղեկավարներ միայն, իսկ Պաշտպանության նախարարությունը շարունակում է լռել։ Ուստի հուլիսի 22-ից օգոստոսի 12-ը ամեն օր գրավոր հարցումներ ենք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկություն տրամադրել այն մասին, թե կոնկրետ օրվա դրությամբ (հուլիսի 22 - օգոստոսի 12) ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանցի քանի՞ զինծառայող կա, ապա թե մասնավորապես որ տարածքներում է տեղակայված ադրբեջանական զորքը, ամեն հատվածում մոտ քանի՞ զինծառայող կա, մինչեւ ո՞ր հատվածներ են խորացել ադրբեջանցի զինծառայողները, կոնկրետ օրվա դրությամբ որքա՞ն է կազմում ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման առավելագույն խորությունը՝ կիլոմետրով եւ ըստ տարածքների։  Պաշտպանության նախարարությունից, սակայն, մինչ օրս տեղեկություն չենք ստացել որեւէ օրվա դրությամբ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողների թվի, նրանց գտնվելու վայրերի եւ այլնի մասին։ Հարցումներին պատասխանելու համար օրենքով սահմանված ժամկետից հետո մի քանի գրության համար ՊՆ-ն 30-օրյա ժամկետ է խնդրել՝ նշելով, որ հայցված տեղեկությունները տրամադրելու համար հավելյալ աշխատանքի անհրաժեշտություն կա։  Իսկ հուլիսի 22-ին, 23-ին եւ 30-ին ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված մեր հարցումներն ուսումնասիրելուց հետո նախարարությունը որոշել է մերժել տեղեկության տրամադրումը՝ դարձյալ օրենքով սահմանված ժամկետների խախտումով, քանի որ եթե տեղեկության տրամադրումը պետք է մերժվի, ապա դրա մասին պետք է ծանուցվի հնգօրյա ժամկետում, իսկ 30-օրյա լրացուցիչ ժամկետը կիրառելի է միայն այն դեպքերում, երբ տեղեկությունը տրամադրվելու է, սակայն դրա համար հավելյալ աշխատանք է պետք կատարել։ Պաշտպանական գերատեսչությունը մերժել է տեղեկություն տրամադրել՝ հիմք ընդունելով մի շարք իրավական ակտերի դրույթներ, մասնավորապես՝ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (տեղեկության տրամադրումը մերժվում է, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, [․․․] գաղտնիք), «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ եւ 12-րդ հոդվածների (պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ), ՀՀ Կառավարության 13.03.1998թ. N173 որոշմամբ հաստատված ցանկի 1-ին կետի 1-ին, 2-րդ եւ 9-րդ ենթակետերի (զորքերի կիրառման ծրագրերը, օպերատիվ ծրագրերը, մարտական կառավարման փաստաթղթերը, զորքերը տարբեր աստիճանի մարտական պատրաստականության բերելու վերաբերյալ փաստաթղթերը բացահայտող տեղեկությունները, ԶՈՒ ռազմավարական ծավալման մասին տեղեկությունները, ՀՀ պաշտպանությունը եւ անվտանգությունն ապահովելու նպատակով նրա ենթակառուցվածքն օգտագործելու վերաբերյալ տեղեկությունները), ՀՀ պաշտպանության նախարարի 09.07.2015թ. N 9-Ն հրամանով հաստատված գերատեսչական ցանկի 3-րդ գլխի պահանջները։ Պաշտպանության նախարարության պնդմամբ՝ այդ տեղեկությունների բացահայտումն ուղղակիորեն կարող է հանգեցնել պետական գաղտնիք հանդիսացող՝ ԶՈՒ կիրառման եւ օպերատիվ ծրագրերի, ռազմավարական ծավալման, պաշտպանության եւ անվտանգության ապահովման նպատակով ենթակառուցվածքն օգտագործելու հետ կապված, ինչպես նաեւ հետախուզական բնույթի տեղեկությունների բացահայտման: Սակայն, եթե առաջնորդվենք պարզ տրամաբանությամբ, ապա հակառակորդը վստահաբար տիրապետում է իր այն զինծառայողների թվին, որոնք այս պահին ՀՀ տարածքում են, ըստ ամենայնի՝ տիրապետում է նաեւ նրանց տեղակայման վայրերի մասին տեղեկություններին, ուստի խնդրահարույց է, որ ՊՆ-ն այդ տեղեկությունները հանրության համար չի բացահայտում՝ հղվելով իրավական ակտերի այնպիսի հոդվածների, որոնք վերաբերում են մեր զորքերի կիրառման ծրագրերին, մարտական կառավարման փաստաթղթերին, ԶՈՒ ռազմավարական ծավալման մասին տեղեկություններին, եւ այլն։ Ընդ որում՝ սա այն պարագայում, երբ մայիսին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հունիսին՝ ՀՀ ՊՆ ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտնել են ՀՀ տարածքում գտնվող ադրբեջանցի զինծառայողների որոշակի թիվ՝ նախ 250, ապա մոտ 600, ապա՝ 1000-ից ավելի։ Հայարփի Բաղդասարյան
13:04 - 18 օգոստոսի, 2021
ՊՆ-ն օրենքի խախտմամբ չի տրամադրում ռազմական ոլորտում Փաշինյանի հայտնած տվյալների մասին տեղեկություն

ՊՆ-ն օրենքի խախտմամբ չի տրամադրում ռազմական ոլորտում Փաշինյանի հայտնած տվյալների մասին տեղեկություն

«Ինչի՞ է հակառակորդը հարձակվել, որովհետեւ տեսել է, որ մենք 80-ականների զենքերի էջը փակում ենք [...]։ Եթե տեսնեին, որ մեր բանակը շարունակում է փլուզվել, քանդվել․․․, որ մեր գնդի հրամանատարները փող չեն ունեցել լամպ փոխելու․․․[...]։ Այո, պատրաստվել ենք պատերազմի եւ դրանով դրդել ենք պատերազմ»։ Այս մասին դեռ 7-րդ գումարման խորհրդարանի գործունեության ընթացքում՝ մայիսի 5-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց այդ ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին, թե՝ մենք կարողացե՞լ ենք պատշաճ պատրաստվել պատերազմին։ Այս պատասխանի ժամանակ Փաշինյանը նաեւ ինժեներական աշխատանքների պլանավորման վերաբերյալ որոշակի տվյալներ ներկայացրեց՝ միեւնույն ժամանակ նշելով, որ թեպետ դրանցում «ինչ-որ գաղտնիության էլեմենտ կա», բայց ինքը հարկ է համարում հրապարակել։ Փաշինյանը նշեց, որ պատերազմից անմիջապես հետո վերլուծել են 2016-18թթ․ եւ 2018-20թթ․ ընկած ժամանակահատվածը։ Նրա հայտարարած տվյալներն այսպիսինն էին․ «2018-20թթ․ ընթացքում ամրաշինական կառույցներն ավելացել են 1,8 անգամ, կենցաղի, զինվորների ապահովման կառույցները՝ 2,7 անգամ (սա այն է, երբ դիրքերում ծառայության պայմանները փոխվում են), հավաքովի գետնատնակների թիվը՝ 5,9 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանների թիվն աճել է 55 անգամ, քառաթեւ հավաքովի գետնատնակների թիվն աճել է 55 անգամ, երկաթբետոնե կոնստրուկցիաներով գետնատնակներ՝ 64 անգամ, պաշտպանիչ հողաթմբեր՝ 1,3 անգամ, ռազմական ճանապարհներ՝ 1,4 անգամ։ Ուրիշ տվյալներ՝ հրաձգային զենքեր եւ մերձամարտի միջոցներ՝ աճել են 1,8 անգամ, հրետանային միջոցներ՝ 7,3 անգամ, օպտիկական սարքեր եւ սարքավորումներ՝ 3,5 անգամ, ավտոմոբիլային տեխնիկա՝ 2,3 անգամ, ինքնաթիռային եւ Kopter տեսակի ԱԹՍ-ներ՝ 6,8 անգամ, տեսադիտարկման սարքեր՝ 2 անգամ։ Անգա՛մ, ոչ թե տոկոս, այլ անգամ»,- թվարկեց Փաշինյանն ու հավելեց՝ այո՛, պատերազմի պատրաստվել են, բայց պատերազմի պատրաստվելիս չեն ասում՝ ժողովուրդ ջան, մենք պատրաստվում ենք։ Հետագայքում այս տվյալների մի մասը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն ակտիվորեն շրջանառեցին նախընտրական քարոզարշավից առաջ ու դրա ընթացքում։ Փաշինյանի ելույթից հետո՝ մայիսի 6-ին, գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ պաշտպանության նախարարություն՝ հասկանալու՝ այս տվյալները ճշգրտվա՞ծ են, եւ որքանո՞վ են այդ ցուցանիշներն աճել 2016-28թթ․՝ համեմատ 2014-16թթ․-ի։ ՊՆ ուղարկած մեր հարցմանը մինչ օրս բովանդակային պատասխան չի տրվել։ ՊՆ-ն օրենքով սահմանված ժամկետի խախտմաբ հայտնել է, թե հայցվող տեղեկությունն արդեն իսկ հրապարակված է։ ՊՆ-ին պատասխան գրությամբ խնդրել ենք ողջամիտ կարճ ժամանակահատվածում եւ օրենքով սահմանված կարգով հարցմանը պատասխանել ըստ էության՝ տրամադրել հայցվող տեղեկությունը՝ հարցերին պատասխանելով հերթականությամբ կամ նշել, թե որտեղ եւ երբ է հրապարակվել հայցվող տեղեկությունը։ Ի հավելումն՝ նախարարությանը հիշեցրել ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ կետի 2-րդ մասի համաձայն՝ «եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի եւ ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում», նույն օրենքի հոդված 12-ի 3-րդ կետի համաձայն՝ «տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է օրենքով սահմանված կարգով՝ տեղեկություններ փնտրող անձին տրամադրել հավաստի եւ իր տնօրինության տակ գտնվող ամբողջական տեղեկություն»։ Այս գրությունը եւս մնաց անպատասխան, եւ ՊՆ կատարած մեր տասնյակ զանգերից հետո միայն հուլիսին՝ հարցումն ուղարկելուց երկու ամիս անց, առաջարկեցին նախարարաին ուղարկած նույն հարցումը հասցեագրել ՀՀ ՊՆ ԳՇ պետին։ Հուլիսի 26-ին ԳՇ պետին հասցեագրած նույնաբովանդակ հարցմանն ի պատասխան՝ դարձյալ ստացանք գրություն, ըստ որի՝ հայցվող տեղեկությունը հրապարակված է, իսկ լրացուցիչ տեղեկության տրամադրումը մերժվում է՝ գաղտնիք պարունակելու հիմքով։ Այս անգամ եւս չի կատարվել օրենքի պահանջը, չի նշվել՝ որտեղ է հրապարակված մեր հայցած տեղեկությունը, եւ անգամ հստակեցված չէ, թե հավելյալ ո՞ր տեղեկությունն է համարվում գաղտնի, քանզի մենք խնդրել էինք տրամադրել այն տվյալները, որոնք ներկայացրել էր Փաշինյանը։ Ընդ որում՝ հարցման առաջին արձագանքում գաղտնիքի մասին որեւէ նշում չի եղել։ Զանգի միջոցով կրկին խնդրեցինք պատշաճ պատասխանել հարցերին եւ, իհարկե, առաջնորդվելով իր գործելաոճով, պատասխան չստացանք։ Այսպիսով, ՊՆ-ում կա՛մ չեն տիրապետում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքին, այդ պատճառով խախտում են այն՝ չտրամադրելով տեղեկության հրապարակման աղբյուրը կամ այն տնօրինողի անունը, կա՛մ տիրապետում են օրենքին, սակայն անհասկանալի պատճառով ցանկություն չունեն ներկայացնելու հայցվող տեղեկություններըլ։ Եւ քանի որ տեղեկություն չենք ստանում իրավասու մարմնից, դժվար է գնահատել՝ վարչապետի հայտնած ցուցանիշները որքանով են ճշգրիտ, եւ քանզի ՊՆ-ն չի տրամադրում նաեւ 2016-18թթ․-ին հիշատակված ոլորտներում աճի ցուցանիշները, համեմատության եզրեր չեն լինում։ Որպես օրինակ՝ սոցցանցերում ՔՊ շրջանակներից տարածվող մի նկար եւ տեսանյութ, որոնցում ներկայացված են երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապարատների՝ 2018-20թթ․ աճի ցուցանիշը, եւ այլ տվյալներ։ Բացի դրանից՝ ե՛ւ Փաշինյանն իր խոսքում նշեց՝ իր հայտնած տեղեկությունները գաղտնիքի էլեմենտ են պարունակում, ե՛ւ ԳՇ-ից են պատասխանել, որ մեր հայցած տեղեկություններում գաղտնիքի տարր կա։ Առաջիկայում կփորձենք պարզաբանում ստանալ՝ որ տեղեկությունն է համարվում գաղտնի, եւ արդյոք Փաշինյանը հրապարակել է գաղտնիք հանդիսացող տվյալներ։ Հայարփի Բաղդասարյան
12:09 - 18 օգոստոսի, 2021
Սահմանին այս պահին հարաբերական անդորր է․ ԳՇ պետի տեղակալ  Անդրանիկ Մակարյան

Սահմանին այս պահին հարաբերական անդորր է․ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյան

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը հայտնեց, որ սահմանին այս պահին հարաբերական անդորր է։ Հայկական կողմի զոհերի և վիարվորների մասին տեղեկությունն արդեն հրապարակված է, իսկ հակառակորդի կորուստների վերաբերյալ տվյալներ հայտնի չեն։  «Սահմանին այն իրավիճակն է, ինչին ականատես եք և լրագրողներդ ունեք համապատասխան տեղեկութուններ։ Սահմանում մեր զինված ուժերի ամնենօրյա ծառայողական, մարտական գործողության առօրյան է։ Քանի մենք ունենք իրավիճակը սրող հարևաններ լարվածություն միշտ էլ լինելու  է, մեր խնդիրն այն է, որ ցանկացած ժամանակ ոչ միայն լինենք պատրաստ, այլ նաև կարողանանք ճնշել»։  Անդրադառնալով Պաշտպանության նախարար Արաշակ Կարապետյանի այն խոսքին, թե բոլոր միջոցները պետք է օգտագործել ՀՀ սահմանն անցած հակառակորդին ճնշելու համար, ԳՇ պետին տեղակալն ասաց, թե նախարարի խոսքերը պետք է  ընդունել բառի բուն իմաստով։  Տավուշում ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ ԳՇ պետի տեղակալն ասաց, որ տեղեկություն չունի, թե այդ առումով ինչ  գործընթաց է ընթանում։  «Երասխի և Կութի ուղղությամբ հակառակորդը միայն լարվածություն է առաջացնում, չի փորձում առաջ գալ»,- եզրափակեց Մակարյանը։
12:46 - 17 օգոստոսի, 2021
Թուրքական օդուժի հարվածից սպանվել է եզդի հրամանատար Սայիդ Խըդր Հասանը․ Ռուստամ Բաքոյանը ԱԺ-ում խոսեց եզդիական համայնքի շարունակվող ցեղասպանության մասին

Թուրքական օդուժի հարվածից սպանվել է եզդի հրամանատար Սայիդ Խըդր Հասանը․ Ռուստամ Բաքոյանը ԱԺ-ում խոսեց եզդիական համայնքի շարունակվող ցեղասպանության մասին

Այսօր Ազգային ժողովում ՔՊ խմբակցության, եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանն անդրադարաձավ եզդի հրամանատար Սայիդ Խըդր Հասանի սպանությանը։ Վերջինս սպանվել է թուրքական օդուժի հարվածից եզդիական Շանգալ քաղաքում։ Հրամանատարից բացի զոհվել է նաև իր զարմիկը և վիրավորվել է երեք խաղաղ բնակիչ։ Պատգամավորն իր ելույթում մասնավորապես ասաց․  «Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրել առ այսօր իմ ժողովրդի նկատմամբ տեղի ունեցող ցեղասպանության վրա, որոնք միջազգային հանրության անտարաբերության ու թողտվության պայմաններում շարունակվում են և կշարունակվեն, քանի դեռ չեն ճանաչվել, կանխարգելել և դատապարտվել՝ հետագայում բացառելով նմանօրինակ հանցագործությունների իրականացումը։ Ասեմ, որ Սայիդ Խըդր Հասանը այն եզդի հրամանատարներից է, որը 2014 թվականին, երբ Սինջարում տեղի ունեցավ կոտորած, ցեղասպանություն եզդիների նկատմամբ, նա եզակի մարդկանցից էր, որ կարողացավ զորք հավաքել և իր զորքով փորձել փրկել ցեղասպանությունից և մասամբ հաջողվեց։ Թուրքական օդուժը պարբերաբար հարվածում է և երրորդ եզդի հրամանատարն է, ով զոհվում է թուրքական զինուժի կրակից։ Ասեմ, որ եզդիները ունեն մեծ երազանք, որը այսօր նպատակ է  և մենք գնալու ենք մեր նպատակի հետևից ու թուրքական ներխուժումը այս տարածք ցույց է տալիս իրենց անհանգստությունը այն մասին, որ այստեղ ձևավորվելու է մի անվտանգության գոտի կամ որևէ ստատուս, որը չի բխելու թուրքերի շահերից, բայց մենք հետ չենք կանգնելու մեր նպատակներից, մենք գնալու ենք դրա ետևից և անկախ նրանից դա թուրքերին դուր կգա, թե ոչ մենք կառուցելու ենք մեր երկիրը»։
12:14 - 17 օգոստոսի, 2021
Հայկ Մամիջանյանը կոչ արեց արձագանքել Իլհամ Ալիևի հարցազրույցի ժամանակ հնչած պնդումներին

Հայկ Մամիջանյանը կոչ արեց արձագանքել Իլհամ Ալիևի հարցազրույցի ժամանակ հնչած պնդումներին

Թշնամի պետության ղեկավարը CNN-ի թուրքական գրասենյակին տված հարցազրույցի մեջ արեց պնդումներ, որոնց պատասխանը այս ամբիոնից պետք է հնչի։ Այս մասին ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ասաց խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ «Նա (Իլհամ Ալիևը - խմբ․) փորձեց անվանել «ազատության համար մղվող պատերազմ╗ իրենց սանձազերծած ռազմական գործողությունները, ինչով ընդունեց, ինչը շատ կարևոր է միջազգային հանրության համար, որ պատերազմական գործողությունները մեկնարկել է Ադրբեջանը։ Հաջորդ կարևորագույն կետը, որի մասին ինքը հասցրեց խոսել, խաղաղության պայմանագրի իր պատկերացումներն են։ Ես ուզում եմ հիշեցնել թշնամի երկրի ղեկավարին, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է»,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը իրավունք չունի երբևէ իր քիթի խոթի Հայաստանի և ստրատեգիկ գործընկերոջ հարաբերությունների մեջ։ Մամիջանյանը նշեց, որ ինքը վերահաստատում է, որ երկկողմ հարաբերությունները Հայաստանի և Արցախի միջև կարևորագույն ասպեկտ են տարածաշրջանային անվտանգության համար։ «Խոսելով սպառազինության մասին՝ ինքը կասկածի տակ դրեց, թե ինչու մեր ստրատեգիական գործընկերը պիտի աջակցի և համագործակցի մեզ հետ սպառազինությնա հարցում, սակայն ինքն է եղել այն պետությունը, որ տարածաշրջանում սկսել է սպառազինության մրցավազքը։ Ցանկացած բանակցությունների նախապայման պիտի հանդիասան մեր գերի եղբայրների վերադարձը և Արցախի կարգավիճակի վերջնական պատասխանը։ վարտելով թշնամուն ուղղված նախադասությունը՝ ևս մեկ անգամ պիտի հիշեցնեմ, որ Արցախը երբեք, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։ Մամիջանյանի խոսքով՝ ինքը երկու, երեք օր է՝ հետևում է լրահոսին։ Նա նշեց, ոչ երեկ Հայաստանում տեղի ունեցավ բրիֆինգ ԱԳ նախարարի առաջին տեղակալի և Ուրուգվայի ԱԳ նախարարի միջև․ «Ոչ մի խոսք էս հարցազրույցի մասին, որևէ պաշտոնական արձագանք տեղի չունեցավ ո՛չ ԱԺ պրոֆիլային հանձնաժողովի անունից, ո՛չ այլ գերատեսչությունից։ Մի անգամ երբ լսում եք «կապիտուլյանտ» բառը, արագ կանխվում է էս դահլիճում։ Ինչ ասեմ․ պատկերացրեք թշնամու տեղը մեզ, պատկերացրեք, որ «կապիտուլյանտ» բառն է հնչել ու արձագանքեք»։
11:46 - 17 օգոստոսի, 2021
Աֆղանստանի նախագահը հայտնել է, որ լքել է երկիրը՝ արյունահեղությունից խուսափելու համար

Աֆղանստանի նախագահը հայտնել է, որ լքել է երկիրը՝ արյունահեղությունից խուսափելու համար

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին հայտարարություն է տարածել, որ լքել է երկիրը՝ արյունահեղությունից խուսափելու համար։ Այս մասին գրում է AFP-ն։ Իր ֆեյսբուքյան էջում Հանին ասել է, որ կանգնած է եղել դժվարին որոշման առջև, քանի որ վտանգված է Քաբուլի միլիոնավոր բնակիչների ճակատագիրը և քաղաքի անվտանգությունը 20-ամյա պատերազմից հետո, որն արդեն անհամար զոհեր է տվել: «Արյունահեղությունից խուսափելու համար ես մտածեցի, որ ավելի լավ է հեռանամ»,- նշել է նա: Նա հավելել է, որ Թալիբանի մարտիկները, որոնք մտել են Քաբուլի նախագահական պալատ, պատմական փորձության առաջ են կանգնած։ «Թալիբանը հաղթանակ տարավ սրի և զենքի վճռով․ նրանք պարտավոր են պաշտպանել մեր հայրենակիցների պատիվը, բարգավաճումն ու ինքնահարգանքը»,- ասել է Աֆղանստանի նախագահը: Նա մանրամասներ չի հաղորդել իր գտնվելու վայրի մասին: 
10:19 - 16 օգոստոսի, 2021
Լրագրողների աշխատանքի համակարգո՞ւմ, թե՞ սահմանափակում․ Ալեն Սիմոնյանը և Գեղամ Մանուկյանը անդրադարձան լրագրողների աշխատանքին ԱԺ-ում

Լրագրողների աշխատանքի համակարգո՞ւմ, թե՞ սահմանափակում․ Ալեն Սիմոնյանը և Գեղամ Մանուկյանը անդրադարձան լրագրողների աշխատանքին ԱԺ-ում

Բոլոր տարիներին էլ Հայաստանում մամուլը այս կամ այն կերպ եղել է ճնշումների տակ, եղել են ոտնձգությունների լրատվամիջոցների, առանձին լրագրողների նկատմամբ։ Նույն ԱԺ շենքում եղել են նման խայտառակ դեպքեր, որ միանգամից հանրային և նաև իշխանությունը ստիպված է եղել արձագանքել։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ դրա հետ մեկտեղ՝ եղել են ազատ, խիզախ լրագրողներ, լրագրողներ, որ թեկուզ նույն ԱԺ շենքում կանոնակարգերը խախտելով, բայց իրենց քաղաքացիական դիրքորոշումը կլատարել են։ Մանուկյանը նաև հիշեցրեց, որ այսօր ՔՊ պատգամավորներից մեկը՝ Սարգիս Խանդանյանը, իր գործընկերները՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը այս ամբիոնի դիմաց իրենց քաղաքացիական դիրքորոշումն են հայտնել՝ ընդդեմ գազի շուրջ պայմանագրի։ «Որևէ ԱԱԾ աշխատող քացով դուրս չի հանել նրան, որևէ մեկին էլ այստեղից չեն վռնդել, և ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումն էլ չեն ընդհատվել։ Մամուլի նկատմամբ ճնշումները սկսել են ստանալ համակարգային բնույթ, սկսել են ակտիվ սահմանափակումներ լրատվամիջոցների նկատմամբ, ընդհանրապես լրատվական դաշտի նկատմամբ։ Դեռ 3, 4 տարի առաջ էր, երբ կառավարությունը փորձեց իր նիստերի հեռարձակումը դադարեցնել, ես հիշում եմ՝ ինչ մեծ բողոքի ալիք բարձրացավ՝ սկսած լրատվամիջոցներից, վերձացրած հասարակական սեկտորով, հասարակական կազմակերպություններով։ Կառույց չկար, որ դրա դեմ չխոսեր»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ի վերջո՝ հետո նոր ձևավորված կառավարությունը բաց ռեժիմով էր։ Մանուկյանը նշեց, որ այսօր ԱԺ աշխատանքների լուսաբանումը ուղղակի խայտառակ ձևով սահմանափակվում է․ «Սահմանափակվում են լրագրողների գործունեության հիմնական այն գործիքները, որով լրագրողը կարող է իր պարտականությունները և հանրության ԱԺ գործունեությունը լիարժեք ներկայացնել։ Նայում եմ օթյակում իմ նախկին գործընկերներին ու պատկերացնում եմ՝ ինչ շատ ավելի դժվարությամբ են նրանք կարողանալու հնարավորինս հանգամանալից, տարողունակ նյութեր պատրաստել ԱԺ գործունեության, երբ զրկված են նույնիսկ տեսնել։ ԱԺ-ի՝ հանրային ծառայող համարվող պատգամավորները իրենց աշխատասենյակներում ինչով են զբաղված, միջանքներում ով, ում հետ այս կամ այն բանակցությունն է վարում, զրուցում և այլն և այլն»։ Պատգամավորի խոսքով՝ քաղաքացին իրավունք ունի իմանալ իր ընտրած պատգամավորների՝ հանրային վայրերում գործունեության մասին․ «Այս մի քանի օրվա մեջ մենք տեսանք նոր, աննախադեպ երևույթներ, երբ լրագրողին ամբողջ նստաշրջան զրկում են լուսաբանելու իրավունքից, երբ ցանկացած մեկը հեռախոսով նկարել է, բոլոր լրատվամիջոցներով, այդ թվում Հանրային լրատվամիջոցներով ներկայացվել է ԱԺ աշխատանքը, այդ թվում՝ ամբողջ ԱԺ տարածքում հարյուրավոր զինված ծառայողների ներկայությունը, բայց կոնկրետ մեկ լրագրողի զրկում են իր աշխատանքից։Վերջին մեկ, մեկուկես տարվա ընթացքում որքան ինստիտուցիոնալ, կարևոր օրենսդրական սահմանափակումների շուրջ է եղել այդ հայտարարությունները, կպատկերացնեն, թե մի բան է ասել աննախադեպ է մամուլի ազատությունը և այլ բան իրական կյանքը»։ Ամփոփելով իր խոսքը՝ Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ եղել է վերջին շրջանում մամուլի նկատմամաբ ֆինանսական օրենսդրական սահմանափակումների խայտառակ մի շքահանդես, որտեղ երբ նախաձեռնությունների հեղինակները խոսում են հանրային շահի մասին, իբր թե շահումով խաղեր և այլն, բայց լրագրողները հո հասկանում են, որ ենթատեքստում ուղղակի ֆինանսական, լոբբիստական գործունեության տարրեր կան էդտեղ։ Մանուկյանը նաև հիշեցրեց, որ համավարակի ընթացքում, պատերազմի ընթացքում լրագրողները, խմբագիրները զինվորի պես ենթարկվել են օրենքին։ Մանուկյանի ելույթից հետ արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի պնդումներին։ «Նախ՝ երևի պիտի շնորհակալություն հայտնենք, որ պատերազմի օրերին լրատվական դաշտը պետության հետ համագործակցել է, զարմանում եմ, որ դա ներկայացվում է՝ գիտեք ինչ մեզ շնորհակալություն հայտնեք, որ պատերազմի ժամանակ ինչ ասել եք, արել ենք, բա ի՞նչ պիտի արվեր։Մամուլի հետ կապված ելույթ եք ունենում, բայց գրում, գրում էի, մտածում էի էս թուղթը չի հերիքի, թե որքան տեղ կարելի է ձեզ հակադարձել»,- նշեց նա։ Սիմոնյանի խոսքով՝ երբևիցե ՀՀ-ում էնքան ընդդիմադիր հեռուստաալիք չի եղել։ Այնուհետև անդրադառնալով խորհրդարանում լրագրողների սահմանափակումներին՝ Սիմոնյանը հարց ուղղեց, թե Մանուկյանը կարո՞ղ է ասել՝ որ ամենաժողովրդավար երկրներիում, բաստիոն երկրներում՝ Անգլիայում, Հունաստանում, կամ Եվրախորհրդարանում լրագրողը կարող է մտնել, դուռը բացել կամ պատգամավորին միջանցքում հետապնդել և ինչ ուզել, անել։ Աժ նախագահի խոսքով՝ դա բացառված է , չկա ոչ մի երկրում նման բան։ «Այն, ինչ դուք նկարագրում եք, աշխարհում գրեթե որևիցե տեղ գոյություն չունի։ Մի քիչ ավելի փակ երկրներում նույնիսկ շենքից ներս չեն թողնում լրագրողներին։ Էլ չեմ ասում, որ հեղափոխությունից հետո խոսքի ազատության կտրուկ աճը բերել է այն աստիճանի, որ ոմանք՝ նորմալ քաղաքացիներ և վերլուծաբաններ դա համեմատում են լկտիության հետ։ Այսինքն՝ որոշ մարդիկ խառնել են խոսքի ազատությանը լկտիության հետ»,- ընդգծեց նա։ Ամփոփելով ելույթը՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ լրագրողների աշխատանքը ԱԺ շենքում համակարգվելու է․ «Լրագրողները հնարավորություն են ունենալու Ձեր ասած պատգամավորներին մոտենալ, երբ նրանք գալու են շենք, բայց չեն գնալու, դուռը չեն բացելու, մտնեն պատգամավորի սենյակ, չեն վազելու պատգամավորի հետևից, որովհետև դա անհարգալից վերաբերմունք է թե՛ լրագրողի, թե՛ պատգամավորի նկատմամբ»։
13:03 - 12 օգոստոսի, 2021