Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

Առողջապահության նախարարն այցելել է «Աստղիկ» ԲԿ, զրուցել վիրավոր զինվորների հետ

Առողջապահության նախարարն այցելել է «Աստղիկ» ԲԿ, զրուցել վիրավոր զինվորների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն աշխատանքային այցով եղել են «Աստղիկ» բժշկական կենտրոնում, ծանոթացել հաստատության պայմաններին, առկա հնարավորություններին և վերջին շրջանում կատարված բարեփոխումներին:   Կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է վերակենդանացման և այն բաժանմունքներում, որտեղ բուժում են ստանում Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորները: Անահիտ Ավանեսյանը զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում:   Ոլորտի պատասխանատուները եղել են նաև գլխուղեղի սուր կաթվածի բուժման ծրագրի իրականացման համար առանձնացված ընդունարանում, հանդիպել «Աստղիկ» բժշկական կենտրոնի թիմի հետ: Նշենք, որ փետրվարի 1-ից կենտրոնը միացել է պետական ծրագրին:   Շրջայցի ընթացքում նախարարն ու փոխնախարարը նաև ծանոթացել են նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին: Ասատուր Ասատրյանը ներկայացրել է կենտրոնի առաջիկա զարգացման ծրագրերն ու առաջիկա անելիքները:
12:27 - 05 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարն ընդունել է «Վիվա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Առողջապահության նախարարն ընդունել է «Վիվա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին

Անահիտ Ավանեսյանն ընդունել է «Վիվա» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին: Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, ցուցաբերված աջակցության համար` ընդգծելով, որ «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամը պատերազմական այս բարդ իրավիճակում մշտապես եղել է մեր կողքին: Հիմնադրամը զգալի ներդրում է ունեցել Հայաստանի բժշկական հաստատությունների տեխնիկական հագեցվածության բարելավման հարցում: «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի նախագահ Տատյանա Հովհաննիսյանը նախարարության հետ համագործակցությունը բարձր է գնահատել և հույս հայտնել, որ այն շարունակական բնույթ կկրի: «Ճիշտ է պատերազմն ավարտվել է, սակայն հետևանքները դեռ մնացել են: Այդ առումով ծանր տարի է սպասվում, ուստի ողջունում ենք մեր բարեգործ-հայրենակիցներին, ովքեր այստեղ չեն ապրում, սակայն ամեն կերպ աջակցում են: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք օգնել այն զինվորներին, ովքեր ստացել են ծանր վիրավորում և պետք է անցնեն վերականգնողական կուրս: Այս առումով անգնահատելի է ձեր աջակցությունը», - նշել է Անահիտ Ավանեսյանը: Հանդիպման ավարտին նախարարը «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամին՝ ի դեմս նախագահ Տատյանա Հովհաննիսյանի, պարգևատրել է պատվոգրով` կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում և ռազմական դրությամբ պայմանավորված անձնվեր աշխատանքի, խիզախության, հայրենիքին նվիրումի և անմնացորդ ծառայության համար:
19:17 - 04 փետրվարի, 2021