Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

Հայաստանի 5 մարզերում սպանդանոցային ծագման մսամթերքի վերաբերյալ տեսչական ստուգումներ չեն իրականացվել

2017 թվականին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց, որ Հայաստանում կենդանիների մորթն այլեւս պետք է իրականացվի միայն սպանդանոցներում։ Մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող մսամթերը պետք է լիներ բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած․ որոշումը, սակայն, գործնականում կիրառության մեջ չմտավ։  Սրանից հետո պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու ժամկետը 2018 թվականի հուլիսի 1-ից տեղափոխվեց 2019 թվականի հունվարի 1-ը: Սա էլ հետաձգվեց մինչեւ 2020 թվականի հունվարի 15-ը, որից հետո Սննդի անվտանգության տեսչական մարմինն անցավ պարտադիր սպանդանոցիային մորթի խիստ հսկողության։ Սա ենթադրում էր, որ տնտեսվարողների մոտ պետք է լիներ անանսաբուժական 5-րդ ձեւ, որն ապացուցում է անասունի՝ սպանդանոցում մորթված լինելու փաստը։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քաղաքացիները բողոքի ակցիաներ իրականացրին՝ ընդդեմ որոշման, որից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ պարտադիր սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը կհետաձգվի մինչեւ հուլիսի 1-ը։  Արդեն 2020 թվականի հուլիսի 1-ից՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը գործածության մեջ մտնելուց հետո, հանրային սննդի, առեւտրի կետերում եւ առեւտրի իրականացման վայրերում պետք է վերամշակվեր, իրացվեր, վաճառվեր, մատակարարվեր բացառապես սպանդանոցում կենդանիների սպանդից գոյացած մսամթերք: Ոորոշման կայացման դրությամբ՝ Հայաստանում եղել է 45 սպանդանոց։ Infocom-ը դեռեւս մայիսին անդրադարձել էր սպանդանոցային խնդրին եւ ներկայացրել, որ այն ժամանակվա տվյալներով գործող 44 սպանդանոցներից ծառայություն մատուցում էր միայն 19-ը։  Հայաստանում ծառայություն մատուցող սպանդանոցները՝ ըստ մարզերի Գրեթե 7 ամիս է՝ գործածության մեջ է մտել սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության անցնելու որոշումը: Այս հրապարակմամբ փորձենք հասկանալ, թե քանի գործող սպանդանոց կա Հայաստանում, ինչպիսին է դրանց տեղաբաշխվածությունը եւ որքան նոր սպանդանոցներ են կառուցվել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Այսպիսով՝ ըստ  ՍԱՏՄ պաշտոնական կայքում առկա տվյալների՝ Հայաստանի գործող սպանդանոցները 72-ն են, որոնցից ծառայություն մատուցում են 41-ը։  Արագածոտնի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Նախկինում մարզում կար ծառայություն մատուցող միայն 1 սպանդանոց, որը խոզերի մորթ չէր իրականացնում։ Այս 7 ամիսների ընթացքում շահագործման է հանձնվել ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Մարզում ծառայություն մատուցող սպանդանոցներից մեկը՝ «Ագաթ-777» ՍՊԸ-ն, իրավաբանական անձանց ռեգիստրում եւ Պետական եկամուտների կոմիտեի կայքում գրանցված է որպես քաղաքացիական եւ կառույցների շինարարություն իրականացնող կազմակերպություն, որը, սակայն, մսամթերքի ոլորտի հետ կապ չունեցող է։ Կոտայքի մարզում ծառայություն է մատուցում 10 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 5 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է իրականացնում «Չանախ» ՍՊԸ-ն, որն, ըստ Պետական եկամուտների կոմիտեի կայքի, զբաղվում է կաթի մշակմամբ, կարագի եւ պանրի արտադրությամբ։ Լոռու մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մարզի սպանդանոցներից մեկում ծառայություն է մատուցում «Միտք» ՍՊԸ-ն, որն, ըստ Իրավաբանական անձանց ռեգիստրի, լուծարված է։ Արարատի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների ու խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Արմավիրի մարզում ծառայություն է մատուցում 6 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Նախկինում կար ծառայություն մատուցող 3 սպանդանոց։ Արմավիրը միակ մարզն է, որն ունի շարժական սպանդանոց։  Տավուշի մարզում ծառայություն է մատուցում 3 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վայոց Ձորի մարզում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանինրի, նաեւ խոզերի մորթ։ Այս մարզում վերջին 7 ամիսների ընթացքում նոր սպանդանոցներ չեն կառուցվել։ Սյունիքի մարզում ծառայություն է մատուցում 2 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, ինչպես նաեւ խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 1 սպանդանոց։ Վերջին 7 ամիսներին ավելացել է եւս մեկը։ Գեղարքունիքի մարզում ծառայություն է մատուցում 4 սպանդանոց, որոնք իրականացնում են մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի մորթ։ Մարզում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։ Մայրաքաղաք Երեւանում ծառայություն է մատուցում 1 սպանդանոց, որն իրականացնում է մանր եւ խոշոր եղջերավոր կենդանիների, խոզերի եւ ճագարների մորթ։ Մայրաքաղաքում նախկինում կար ծառայություն մատուցող 2 սպանդանոց։  Շիրակի մարզում կա երկու սպանդանոց, սակայն դրանցից ոչ մեկը ծառայություն չի մատուցում։ Սպանդանոցային մորթի մասին որոշման գործողության մեջ մտնելու պահին էլ Շիրակում չկային ծառայություն մատուցող սպանդանոցներ։ Այս 7 ամիսների ընթացքում նույնպես շահագործման չի հանձնվել ծառայություն մատուցող որեւէ սպանդանոց։ Ստացվում է, որ չնայած արդեն 7 ամիս է՝ սպանդանոցային մորթի խիստ վերահսկողություն է իրականացվում, այնուամենայնիվ դեռ կա մարզ, որտեղ ծառայություն մատուցող սպանդանոց չկա։ Այս դեպքում հարց է առաջանում, թե ինչպես է իրականացվում այս մարզի կենդանիների մորթն ու իրացումը։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Շիրակի մարզպետարանից պատասխանեցին, որ անասնապահությամբ զբաղվող քաղաքացիները կենդանիների սպանդն իրականացնում են բակային մորթի եղանակով, իսկ մսամթերքն իրացվում է մսավաճառների միջոցով։ Այսինքն՝ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսամթերքի խիստ վերահսկողություն փաստացի չի իրականացվում։ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ իրականացված անասնագլխաքանակի հաշվառման համաձայն՝ այս մարզում կա 87․095 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից 40․986 գլուխը՝ կովեր, խոզեր՝ 23․676 գլուխ, ոչխարներ եւ այծեր՝ 64․186 գլուխ։ Մեր պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Տեսչական մարմինը նույնպես նշել էր, որ Շիրակի մարզում կա սպանդանոցի խնդիր, սակայն ցանկության դեպքում բնակիչներն իրենց կենդանիների մորթը կարող են իրականացնել հարակից մարզերի սպանդանոցներում։ Ո՞ր մարզերում են իրականացվել տեսչական ստուգումներ Սպանդանոցային մորթի խիստ վերահսկողության մասին որոշման ընդունումից ի վեր՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անցկացրել է 144 ստուգում, բայց ոչ բոլոր մարզերում։ Օրինակ՝ Երեւանում անցկացվել է 53 ստուգում, խախտումներ են հայտնաբերվել 9-ի դեպքում, Գեղարքունիքում՝ 10, խախտումներ են հայտնաբերվել 9-ում, Կոտայքում՝ 21, խախտումներ են հայտնաբերվել 16-ում, Սյունիքում՝ 35, խախտումներ են հայտնաբերվել 25-ում, Տավուշում՝ 15, խախտումներ հայտնաբերվել են 4-ում, Վայոց Ձորում՝ 10, խախտումներ հայտնաբերվել են 2-ում։  Ընդհանուր առմամբ, ստուգումներ իրականացվել են Երեւանում եւ 5 մարզերում, որոնց ժամանակ խախտումներ են հայտնաբերվել 65 տնտեսվարող սուբյեկտի մոտ։ Ինչո՞ւ մնացյալ մարզերում ստուգումներ չեն իրականացվել Հարցման պատասխանի համաձայն՝ ստուգումներ փաստացի չեն իրականացվել Լոռու, Արարատի, Արագածոտնի, Արմավիրի եւ Շիրակի մարզերում։ Հարցման պատասխանում նշված էր, որ Տեսչական մարմինը, վարչապետի հանձնարարականի համաձայն, միս-մսեղիքի սպանդանոցային ծագման վերաբերյալ ստուգումները կենտրոնացրել է առավելապես սպանդանոցներով հագեցած մարզերում։ Շիրակի մարզում սպանդանոցային ծագման մսեղիքի իրացման նկատմամբ վերահսկողություն չի իրականացվել այնպես, ինչպես իրականացվել է սպանդանոցներով հագեցված մարզերում։   Մեր զրույցում ՍԱՏՄ անասնաբուժական վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հակոբյանը հայտնեց, որ ծառայություն մատուցող սպանդանոցներով չհագեցած մարզերում վերահսկողություն չի իրականացվել վարչապետի հանձնարարականի համաձայն։ Փաստացի՝ մարզերում սպանդանոցների վերահսկողության վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտել է մասամբ, քանի որ արդեն 7 ամիս է՝ Հայաստանի մարզերից 5-ում ստուգումներ չեն իրականացվել։  Նարեկ Մարտիրոսյան
18:17 - 26 հունվարի, 2021
250 միլիոն դրամ աջակցություն՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերին. ՄԱԶԾ

250 միլիոն դրամ աջակցություն՝ Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերին. ՄԱԶԾ

Հայաստանի Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 50-ից ավել գյուղական տնտեսություններին և անհատ ֆերմերներին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից կտրամադրվի ընդհանուր առմամբ 250 միլիոն դրամին համարժեք աջակցություն:   Աջակցությունը տրամադրվում է Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Այս աջակցությունը կտրամադրվի hատիկընդեղենի, խոտաբույսերի և ոչխարաբուծության արժեշղթաներում ընտրված լավագույն հայտադիմորդներին, ովքեր կստանան աջակցություն բարձրարժեք ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների և ծառայությունների տրամադրման միջոցով՝ ուղղված տարածաշրջանում ագրոբիզնեսների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, կանաչ և նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, հավելյալ արժեքի ստեղծմանը, արտադրության բազմազանեցմանը և ծավալների ավելացմանը:   Վերջին մի քանի շաբաթների ընթացքում ՄԱԶԾ-ն աջակցության փաթեթների համաձայնագրեր է կնքել 54 շահառուների հետ։ Ավելին՝ ծրագրի շահառուներից ոմանք արդեն իսկ ստացել են իրենց ֆերմերային տնտեսության զարգացման պլանին համապատասխան ռեսուրսներ, ինչպիսիք են օրինակ բարձր մսատու, մաքրացեղ ոչխարներ, մոտոբլոկներ, մինի տրակտորներ, բարձր արդյունավետություն ունեցող գյուղատնտեսական գործիքներ, վերամշակող սարքավորումներ և չորանոցներ։   Այստեղ կարող եք ծանոթանալ ՄԱԶԾ համագործակցությանը Գյումրու սելեկցիոն կայանի հետ (https://gselection.am)՝ հատիկընդեղենի տեղական բարձրորակ սերմացու ապահովելու նպատակով։ Մի քանի տնտեսությունների հետ համաձայնագրեր են ստորագրվել ցուցադրական տնտեսություններ ստեղծեյու վերաբերյալ, որտեղ հասանելի կլինեն տնտեսության կառավարման և արտադրության վերամշակման արդյունավետ մեթոդները՝ ցուցադրական և ուսումնական այցերի նպատակով։
15:34 - 20 հունվարի, 2021
ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները հանդիպել են Գորիսում, Տավուշում հանդիպում ծրագրված չէ․ ԱԱԾ-ն պարզաբանում է

ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները հանդիպել են Գորիսում, Տավուշում հանդիպում ծրագրված չէ․ ԱԱԾ-ն պարզաբանում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես պարզաբանում է, որ ՀՀ ԱԱԾ և ԱՀ ԱՊԾ տնօրենների միջև վաղը ՀՀ Տավուշի մարզում կայանալիք հանդիպման վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Նման ձևաչափով հանդիպում կայացել է օրեր առաջ՝ ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում, ինչպես նաև այսօր՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում, որի ընթացքում դարձյալ քննարկվել են գերիների փոխանակման ու անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր: Հավելենք, որ «Mediaport» և մի շարք այլ տեղեկատվական հարթակների կողմից վերջին օրերին տարածվում են նաև ստահոդ լուրեր և ակնհայտ ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներ այն մասին, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի համանման հանդիպումների օրակարգում ներառվել կամ ներառվելու են տարածքային և սահմանային հարցեր՝ միտումնավոր կերպով թյուրիմացության մեջ գցելով հանրությանը: Նկատի ունենալով հիշյալ անհիմն ու անպատասխանատու հրապարակումների առկայությունը և ՀՀ ազգային անվտանգության մարմիններին նման գործառույթներ վերապահված չլինելու հանգամանքը՝ մեկ անգամ ևս պաշտոնապես տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի վերջին հանդիպման շրջանակներում քննարկվել և ըստ անհրաժեշտության պարբերաբար կայանալիք հանդիպումներում բացառապես քննարկվելու են վերը նշված օրակարգային հարցերը: Ավելին, հիմք ընդունելով ազգի և պետության գերակա շահը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը բացառապես իրականացնում է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները, երբևէ չի զբաղվել և չի զբաղվելու  այդ  լիազորությունների շրջանակից դուրս գտնվող որևէ գործառույթով: Միաժամանակ հերթական անգամ հորդորում ենք տուրք չտալ հայրենիքի ու պետականության հանդեպ սադրանքի տպավորություն ստեղծող այդօրինակ կեղծ լուրերին, իսկ վերջիններիս հեղինակներին կոչ ենք անում զերծ մնալ իրենց ապազգային գործելաոճից, որը շարունակվելու պարագայում ունենալու է համապատասխան իրավական հետևանքներ:
19:01 - 10 հունվարի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Շիրակում, Կոտայքում, Տավուշում և Երևանում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Շիրակում, Կոտայքում, Տավուշում և Երևանում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Ամիրյան 3. 3, 5, 5ա, Զաքյան 3. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Վարդաշեն 1փ. 56-142, 96-114 սեփական տներ, Վարդաշեն 3փ. 4-22, 24-25 սեփական տներ, Վարդաշեն 8փ. 1-86 սեփական տներ, Վարդաշեն 10փ. 1-11 սեփական տներ, Վարդաշեն 11փ. 1-17 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր գյուղ, Ներքին և Վերին Պտղնի գյուղեր մասնակի, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան թիվ 13 շենք մասնակի,   Տավուշի մարզում՝ 10։00-13:00 Հաղարծին գյուղ մասնակի,   Շիրակի մարզում՝ 10։00-14:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի կենտրոնական մաս:
10:23 - 10 հունվարի, 2021
Տավուշի 5 գյուղ եւ կարեւոր ճանապարհահատվածի մի մաս Ադրբեջանին չի անցնի․ շրջանառվում է մի քանի անգամ հերքված տեղեկություն

Տավուշի 5 գյուղ եւ կարեւոր ճանապարհահատվածի մի մաս Ադրբեջանին չի անցնի․ շրջանառվում է մի քանի անգամ հերքված տեղեկություն

Երեկ՝ նոյեմբերի 7-ին համացանցում կրկին շրջանառվում էին լուրեր Տավուշի մարզի 5 գյուղի եւ կարեւոր ճանապարհահատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին։ Այս անգամ նման բովանդակությամբ նյութ էր հրապարակել Pastinfo.am լրատվական կայքը։  Նյութը վերահրապարակել էին նաև մի քանի այլ լրատվական կայքեր, այդ թվում՝ 7or.am, mamul.am, bavnews.am։ Ոսկեպար համայնքի ղեկավար Սուրեն Մախսուդյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում պնդել էր, որ դրանք ընդամենը խոսակցություններ են․ «Ընդամենը ժողովրդի մեջ խոսակցություններ են ու ոչ մի լուրջ բան չկա․․․ Այս պահին ոչ մի տարածք ոչ մեկին չունենք զիջելու, ապրում ենք մեր գյուղում, մնացած գուշակությունները չեմ կարող անել»։  Չնայած այն հանգամանքին, որ Ոսկեպարի ղեկավարն ասել է՝ ոչ մի լուրջ բան չկա, եւ ոչ մի տարածք չի հանձնվելու Ադրբեջանին, այնուամենայնիվ «Փաստինֆոն» նյութի վերնագրում նշել է, թե Տավուշի 5 գյուղ եւ կարեւոր ճանապարհահատվածի մի մասը Ադրբեջանի հսկողության տակ կանցնի։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը Infocom-ի հետ զրույցում տարածվող տեղեկություններն անվանեց ապատեղեկատվություն։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պարբերաբար լուրեր են շրջանառվում Տավուշի մարզից Ադրբեջանին տարածքներ զիջելու, ապա՝ դրանց հերքման վերաբերյալ։ Նոյեմբերի 10-ին վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել էր Տավուշի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները, ավելի ուշ՝  նոյեմբերի 27-ին էլ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն էր հերքել այս՝ նորից շրջանառվող տեղեկությունները։ Տավուշի մարզի գյուղերին վերաբերող տեղեկություններ հերքել է նաեւ Պաշտպանության նախարարությունը։   Ինչու՞ է ժամանակ առ ժամանակ Տավուշի գյուղերի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու վերաբերյալ լուրեր շրջանառվում։ Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո համացանցում լուրեր տարածվեցին, թե մինչեւ նոյեմբերի 20-ը պետք է Ադրբեջանին հանձնվեն Ղազախի շրջանի՝ հայկական վերահսկողության տակ գտնվող գյուղերը, որոնք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հատվածում են։ Այս մասին հայտարարել էր նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Այդ կետը, սակայն, տեղ չգտավ պաշտոնական եռակողմ հայտարարության մեջ։  1990-1991 թվականներին Հայաստանն իր վերահսկողության տակ է վերցրել ադրբեջանական 8 գյուղ, որոնցից 7-ը եղել է Խորհրդային Ադրբեջանի Ղազախի շրջանից (Տավուշի դիմաց)։ Դրանք են՝ Վերին Ոսկեպար (Յուխարը Աքսիպարա) , Ներքին Ոսկեպար (Աշաղը Աքսիպարա) , Բաղանիս-Այրում, Բարխուդարլու, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, Սոֆուլու։ Իսկ 8-րդը Արարատի մարզի Պարույր Սեւակ եւ Զանգակատուն գյուղերի միջեւ գտնվող Տիգրանաշեն (Քյարքի) գյուղն է, որը վարչականորեն պատկանում է Նախիջեւանին։ Մեր զրույցում Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի քարտուղարը հերքեց նաեւ Տիգրանաշենի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցնելու մասին պարբերաբար տարածվող լուրերը։ Օրեր առաջ սա հերքել է նաեւ Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը։ Նարեկ Մարտիրոսյան
16:05 - 08 հունվարի, 2021
Նոյեմբերյանի շրջանի գյուղերում ջրից թունավորված 16 անձանց մեծ մասը երեխաներ են, 7-ի վիճակը գնահատվում է բավարար

Նոյեմբերյանի շրջանի գյուղերում ջրից թունավորված 16 անձանց մեծ մասը երեխաներ են, 7-ի վիճակը գնահատվում է բավարար

Նոյեմբերյանի շրջանի գյուղերում ջրից թունավորվել է 16 անձ, որոնց մեծ մասը երեխաներ են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը: Հունվարի 5-ին, ժամը 15։00-ին Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից մինչ 2021 թվականի հունվարի 4-ը թունավորման նախանշաններով (ջրից) բժշկական կենտրոն են տեղափոխվել Կողբ գյուղի բնակիչներ Մարիամ Բ․-ն (ծնված 2017 թ․), Մարիամ Ջ․-ն (ծնված 2008 թ․), Ծովիկ Մ․-ն (ծնված 2012 թ․), Նարե Բ․-ն (ծնված 2006 թ․), Ոսկեվան գյուղի բնակիչներ Նարե Ն․-ն (2006 թ․), Ալեք Ն․-ն (ծնված 2008 թ․), Կոթի գյուղի բնակիչներ Դավիթ Ս․-ն (ծնված 1978 թ․), Ծովիկ Մ․-ն (ծնված 1955 թ․), Անիտա Մ․-ն (ծնված  2006 թ․), Սուրեն Մ․-ն (ծնված 2011 թ․), Ծովինար Մ․-ն (ծնված 2008 թ․), Անգելինա Ք․-ն (ծնված 2019 թ․), Այրում գյուղի բնակիչներ Մարիամ Մ․-ն (ծնված 1983 թ․), Գոհար Մ․-ն (ծնված 2010 թ․), Բաղանիս գյուղի բնակիչներ Սիրուշ Ա․-ն (ծնված 1991 թ․) և Հովհաննես Բ․-ն (ծնված 2015 թ․)։ Մարիամ Բ․-ն, Նարե Ն․-ն, Մարիամ Ջ․-ն, Սիրուշ Ա․-ն, Հովհաննես Բ․-ն, Դավիթ Ս․-ն և Ալեք Ն․-ն ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 մարդ թունավորման ախտանիշերով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ:
21:50 - 05 հունվարի, 2021
Տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիներին առանձնատներ են առաջարկվում |armenpress.am|

Տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիներին առանձնատներ են առաջարկվում |armenpress.am|

armenpress.am: Ամերիկյան «Փարոս» հիմնադրամը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներից տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում հաստատված ընտանիքներին Տավուշի մարզում անհատույց կարգով  առանձնատներ է առաջարկում: Այս մասին տեղեկացրեց ՀՀ-ում Արցախի կառավարության շտաբի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սասուն Սավադյանը: «Հիմանդրամի առաջարկած առանձնատները Տավուշի մարզի գյուղական բնակավայրերում են: Անհատույց կարգով առաջարկվող  տները մշտական բնակվելու համար են:   Նախապատվությունը տրվում է այն բազմանդամ ընտանիքներին, որոնք կցանկանան զբաղվել նաև գյուղատնտեսությամբ: Առանձնատների հետ տրամադրվելու են նաև  տնամերձ հողամասեր՝ մինչև 1000 քառակուսի մետր տարածքով: Հնարավորություն կա նաև դիմողներին ապահովել աշխատանքով՝ գյուղատնտեսության ոլորտում»,-մանրամասնեց Սավադյանը՝ հավելելով,որ Հադրութի Մոխրենես գյուղից  1 բազմանդամ ընտանիք դիմել է Տավուշի գյուղերից մեկում վերաբնակվելու համար:
09:23 - 23 դեկտեմբերի, 2020
Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերականգնման աշխատանքները կշարունակվեն. դրանք դադարել էին

Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերականգնման աշխատանքները կշարունակվեն. դրանք դադարել էին

Տավուշում հուլիսյան մարտերի հետևանքով վնասված տների վերականգնման աշխատանքները, որոնք ժամանակավոր դադարել էին սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմով, կշարունակվեն: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից: Նշվում է, որ շինարարական աշխատանքները դադարեցվել էին երկու հիմնական պատճառով՝ առաջնահերթությունները փոխվեցին, և շինարարական բրիգադների մասնակիցները զորակոչվեցին բանակ: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ կառավարությունը որոշում է կայացրել ապահովել մնացած գումարի ամբողջական ֆինանսավորումը: Առաջիկա օրերին գումարն ամբողջապես կհատկացվի շինարարական կապալառու կազմակերպություններին, արդյունքում ոչ միայն աշխատանքները կվերսկսվեն, այլև ամբողջությամբ կվճարվեն կրեդիտորական պարտքերը: «Կան որոշ աշխատանքներ տներում, բայց հիմնականում մնացել են փողոցային հարդարման, ցանկապատերի, դարպասների հետ կապված հարցերը, որոնք կտեղափոխվեն հաջորդ տարի: Աշխատանքների ամենամեծ ծավալն Այգեպար գյուղում է, որտեղ մի քանի տասնյակ տներ գրեթե հիմնովին վերանորոգվել են, երկրորդը՝ Ներքին Կարմիրաղբյուրն է: Չինարիում զրոյից նոր տուն է կառուցվում, որի արտաքին աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են: Ասեմ, որ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում մի քանի կրթական հաստատություններում: Սահմանային գյուղերում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել՝ բնակչության պատսպարման հնարավորությունների հետ կապված»,- ասել է մարզպետը: Ընդհանուր առմամբ, հուլիսյան մարտերից հետո վերականգնման բոլոր ծրագրերի ֆինանսավորումը գերազանցում է 400 մլն-ը:
12:36 - 22 դեկտեմբերի, 2020
Դիտարկվել են Տավուշի մարզով անցնող միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները

Դիտարկվել են Տավուշի մարզով անցնող միջպետական և հանրապետական ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքները

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Խորեն Գրիգորյանը և ճանապարհային ոլորտի այլ պատասխանատուներ այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ հատված՝ հետևելու միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքներին։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունը։ Շրջայցի ընթացքում ուսումնասիրվել են Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհը, Հաղարծին վանական համալիր տանող հատվածը, Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար, Բերդ-Արծվաբերդ-Չինարի, Նորաշեն-Մովսես, Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար և դեպի Վարագավանք տանող ճանապարհահատվածները: Ճանապարհների սպասարկման և շահագործման աշխատանքների դիտարկման շրջանակում հանդիպումներ են կայացել համապատասխան տարածաշրջանները սպասարկող կապալառու կազմակերպությունների տնօրենների հետ, և ցուցումներ են տրվել ճանապարհների մաքրման և մշակման վերաբերյալ, ինչպես նաև գնահատվել են կապալառուների մեքենամեխանիզմների քանակը, աղի, ավազի կուտակված պաշարները։ Վերը նշված տարածքներում ճանապարհաշինարարները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, կատարում են ճանապարհների մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ։
18:24 - 12 դեկտեմբերի, 2020