Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Ինքնակամ կառույցներն այլեւս չեն օրինականացվելու․ կառավարությունը նախագծերի փաթեթ ընդունեց

Ինքնակամ կառույցներն այլեւս չեն օրինականացվելու․ կառավարությունը նախագծերի փաթեթ ընդունեց

ՀՀ կառավարությունը քննարկում է ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ անելու մի նախագիծ, որով առաջարկվում է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների հետագա օրինականացման հնարավորությունը:  Ներկայումս ինքնակամ կառույցի հասկացությունը, ինչպես նաև դրա օրինականացման համար անհրաժեշտ դրույթները սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով: Ինքնակամ կառույցների օրինականացման գործընթացի առավել ամբողջական կարգավորումը սահմանվել է ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ: Նախագծի հիմնավորման մեջ Արդարադատության նախարարությունը նշել է, որ, ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, համայնքի ղեկավարի պարտականությունների թվում է ինքնակամ շինարարության կանխարգելումը և կասեցումը, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացման ապահովումը: Ընդ որում, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով նախատեսված գործող իրավակարգավորումների՝ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով: «Փաստորեն, ըստ գործող իրավակարգավորումների, համայնքի ղեկավարը, որի պարտականությունների թվում է նաև ինքնակամ շինարարության կանխարգելումը և կասեցումը, միևնույն ժամանակ օրենսդրությամբ օժտված է համայնքի վարչական տարածքում իրականացված ինքնակամ կառույցների օրինականացման լիազորությամբ: Վերոնշյալ իրավակարգավորումների նախատեսման արդյունքում բազմաթիվ շինությունների օրինականացման գործընթացը սկսվեց միայն դրանց կառուցումն ավարտին հասցնելուց հետո: Արդյունքում, տեղի ունեցավ առանց շենքերի ճակատների տեխնիկական վիճակի և անհրաժեշտ ճարտարապետական պատշաճ տեսքի պահպանման շինությունների օրինականացում»,- ընդգծել է նախարարությունը: Նախագծում նշված է, որ ձևավորված արատավոր պրակտիկայի և առկա օրենսդրական խնդրի մասին է վկայում ՀՀ-ում ինքնակամ կառույցների հսկայական թիվը․ «Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջացել վերանայել ինքնակամ կառույցների վերաբերյալ գործող օրենսդրական կարգավորումները՝ բացառելով դրանց օրինականացման հնարավորությունը, ինչը կստիպի քաղաքացիներին և իրավաբանական անձանց շինարարական թույլտվություն պահանջող ցանկացած շինարարական գործունեություն իրականացնելուց առաջ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ շինարարական թույտվություն, իսկ շինարարական գործունեությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ»:  Այսպիսով, «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների և այս օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների համար երկու ռեժիմ է սահմանվել․ 1) Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող Կառավարության որոշմամբ սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների օրինականացման նկատմամբ տարածվում են մինչև օրենքի ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները, այդ թվում` դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները: Նշյալ կարգավորումները գործելու են նաև կիսակառույց ինքնակամ կառույցների՝ մինչև օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կառուցված հատվածի վրա: 2) օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը և վերջիններս ենթակա են լինելու քանդման: Ընդ որում, ինքնակամ կառույցների քանդման համար նույնպես նախատեսվում է երկու ռեժիմ: Առաջին դեպքը վերաբերում է հողամասի սեփականատիրոջ կողմից իր կողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդմանը (ապամոնտաժմանը): Մասնավորապես, ըստ Քաղաքացիական օրենսգրքի նախագծով առաջարկվող իրավակարգավորման, հողամասի սեփականատերը կարող է առանց դատարան դիմելու քանդել իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը: Երկրորդ իրավիճակը վերաբերում է ուրիշի հողամասում գտնվող ինքնակամ կառույցի քանդման հնարավորությանը, որը հնարավոր է իրականացնել բացառապես դատական կարգով: Միևնույն ժամանակ, սահմանվել է, որ պետական կամ համայնքային հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների քանդման մասին որոշում կայացնում է համայնքի ղեկավարը: Երեւանի սահմաններում կառուցված ինքնակամների ներկայացման եւ հաշվառման համար տրված է ժամկետ մինչեւ 2023-ի հունվարի մեկը, այն համայնքները, որտեղ կան քաղաքային բնակավայրեր, մինչեւ 2024-ն է տրված, եւ գյուղական բնակավայրերում՝ մինչեւ 2025-ի հունվարի մեկը։ Բացի վերոնշյալից՝ ՏԻՄ եւ Երեւան քաղաքում ՏԻՄ մասին օրենքներում նախատեսվել են կարգավորումներ, որոնցով համայնքի ղեկավարին և Երևանի քաղաքապետին վերապահվել է համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցների քանդման որոշում կայացնելու և իրենց լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով նշված որոշման կատարման ապահովման իրավասություն:  Իսկ ««Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել են կարգավորումներ, որոնց համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցի քանդման նկատմամբ քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին վերապահվել է վերահսկողական լիազորություն, որն իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերում ինքնակամ կառույցի քանդման որոշման կայացման և որոշման կատարման ապահովման նկատմամբ: Նշված լիազորությունը Տեսչական մարմինը կիրացնի տեղական ինքնակառավարման մարմնում ստուգումների իրականացմամբ և խախտումներ հայտնաբերելու դեպքում հանձնարարականներ տալով՝ ուղղված բացահայտված խախտումների և թերությունների որոշակի ժամկետում վերացմանը: Նախագծով նաև նախատեսվել է ստուգման արդյունքների հիման վրա Տեսչական մարմնի կողմից հայանքի ղեկավարի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու և վարչական պատասխանատվության ենթարկելու լիազորություն: Նախագծով նախատեսվել է համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասերում կառուցված ինքնակամ կառույցի վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից քանդման որոշում չընդունելու կամ նշված որոշման կատարումը չապահովելու դեպքում նշված լիազորությունները Տեսչական մարմնին փոխանցելու հնարավորություն: Նախագծով նաև նախատեսվել է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին տեսչական մարմնի կայացրած վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելու կարգը: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի համապատասխան հոդվածներում էլ հստակեցվել են դիսպոզիցիաները՝ համապատախանեցնելով ինքնակամ կառույցի հասկացությանը, միևնույն ժամանակ ավելացվել են սանկցիաների չափերը:  Պատասխանատվության չափերի ավելացումը, նախարարության մեկնաբանամամբ, նպատակ է հետապնդում կանխել ինքնակամ կառույցների կառուցման հնարավորությունը և կանխել վարչական տուգանքները վճարելուց հետո իրավախախտ վարքագիծը շարունակելու պրատիկան:  Հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագծով նախատեսվել են կարգավորումներ, համաձայն որոնց՝ հողամասերում ինքնակամ շինարարության արդյունք շենքերը, շինությունները քանդելու արդյունքում պատճառված վնասի հատուցումն իրականացվում է Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:  «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով նախատեսվել են կարգավորումներ, ըստ որոնց՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կամ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման մասին կայացված վարչական ակտը համապատասխանաբար դատական կարգով վիճարկելու կամ վարչական կարգով բողոքարկվելու դեպքում դրա կատարումը չի կասեցվում: Նման իրավակարգավորումների նախատեսման դեպքում նշված վարչական ակտի վիճարկումը ինքնաբերաբար չի հանգեցնի դրա կատարման կասեցմանը:  Իսկ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է Կադաստրի կոմիտեի նոր լիազորություն, ըստ որի՝ այն օրենքով նախատեսված դեպքերում իրականացնում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ինքնակամ կառույցների հաշվառում: Արդարադատության նախարարության մեկնաբանմամբ՝ մշակված նախագծերի հիմնական նպատակն է բացառել օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը, ինչն ինքնին կապահովի ցանկացած շինության կառուցումը բացառապես իրավասու մարմնի կողմից թույլտվության, ինչպես նաև օրենսդրությամբ անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային և այլ փաստաթղթերի հիման վրա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցի քննարկման ժամանակ նշեց, որ Կադաստրի կոմիտեն ՀՀ բնակավայրերի օդային լուսանկարներ է անում, եւ կոնկրետ ժամկետի դրությամբ ՀՀ-ում կունենանք իքս ամսաթվով առկա բոլոր շինությունների մասին տեղեկություններ։ Կադաստրի կոմիտեի ղեկավարը հայտնեց, որ նկարահանումների դաշտային աշխատանքները հարյուր տոկոսով ավարտված են, ապագայում կան որոշ անելիքներ, բայց շուտով ամբողջական մշակված տեղեկություններ կունենան։  Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խոսքով՝ ըստ մեխանիզմի՝ արագ գործողություններ պետք է ձեռնարկեն հատկապես այն քաղաքացիները, որոնք ինքնակամ շինություններ են կառուցել 2021-ի հունվարից մինչեւ այս օրենքի ուժի մեջ մտնելը։ Այդ քաղաքացիներին տրվելու է երկամսյա ժամկետ, որպեսզի հաշվառվեն Կադաստրի կոմիտեում, ներկայացնեն համապատասխան փաստաթղթեր, որոնք ապագայում կսահմանի կառավարությունը։  Կառավարության ղեկավարը, սակայն, կարծիք հայտնեց, որ այս նախագիծը բացեր ունի․ մարդիկ հնարավորություն ունեն մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը (իսկ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից տասն օր անց) կառուցել բազմաթիվ ինքնակամ շինություններ, գրանցել դրանք։ Նա պնդեց, որ պետք է շտկվի այդ մասը, գոնե հետադարձ ուժ տրվի օրենքին։  Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ասաց, որ հարցը քննարկելիս եզրահանգել են, որ կարգավորումներով բաց մնացող երկու ամսվա համար համայնքային իշխանույթուններին եւ տեսչական մարմիններին պետք է խնդրեն առավել ուժեղացված ռեժիմ պահպանել։  Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էլ ասաց, որ շատ են փորձել լուծումներ գտնել, եւ այս պատճառով, որ փորձեն էլի քննարկումների ժամանակ կորցրել, կարող է ավելի վտանգավոր լինել, դրա համար խնդրել են հրատապ անցկացնել այս նախագիծը։ Նրա խոսքով՝ եթե այսօրվա գրած ժամկետներով ընդունեն նախագիծը, ապա ԱԺ-ում լուծում տալ հարցին, շատ ավելի շուտ կլինի օրենքի ուժի մեջ մտնելը։ Երկար քննարկումից հետո Փաշինյանը համաձայնեց անհետաձգելի ճանաչել օրենքի նախագիծը՝ հարցնելով՝ ԱԺ իրենց գործընկերները ներգրավված եղե՞լ են քննարկումներին։ Դրական պատասխան ստանալուց հետո ասաց, որ պետք է խնդրել՝ ԱԺ-ում արտահերթ նիստ հրավիրեն, արագացված կարգով օրենքն ընդունեն, բայց այս ընթացքում էլ բարձրացված մտահոգությունները լուծելու միջոցներ գտնեն, ոստիկանությանն էլ խնդրեն՝ համապատասխան մարմինների հետ համագործակցութամբ կարողանան կանխել խնդրի խիստ բռնկումը։ Փաշինյանի խոսքով՝ պետք է շատ օպերատիվ լինել, որպեսզի հակառակ էֆեկտ չստացվի։ Նախագիծն ի վերջո ընդունվեց, այն կուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը։
12:10 - 09 դեկտեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանը Մեծ Բրիտանիայի դեսպանին է ներկայացրել հանրային ծառայությունների մատուցման ոլորտի թվայնացմանը վերաբերող մանրամասները

Կարեն Անդրեասյանը Մեծ Բրիտանիայի դեսպանին է ներկայացրել հանրային ծառայությունների մատուցման ոլորտի թվայնացմանը վերաբերող մանրամասները

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Հանդիպման ընթացքում նախարարն, առաջին հերթին, ներկայացրել է արդարադատության ոլորտի, ներառյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և նոր Սահմանադրության մշակման գործընթացը: Դեսպան Ջոն Գալագերին բարձր է գնահատել Հայաստանի ջանքերը, որոնք ուղղված են ժողովրդավարության զարգացմանը։ Գալագերին անդրադարձել է  անաչառ և թափանցիկ ՏԻՄ ընտրությունների անցկացմանն ու պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում արդյունավետ կառավարման և ժողովրդավարության ամրապնդմանը։ Դեսպանը  ներկայացրել է Մեծ Բրիտանիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման ոլորտում իրականացված գործողություններին։ Նախարար Կարեն Անդրեասյանը դեսպանին է ներկայացրել  էլեկտրոնային արդարադատության ոլորտում, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտի թվայնացմանը վերաբերող մանրամասներն ու սպասվելիք բարեփոխումները։ Արդարադատության նախարարն  անդրադարձել է նաև կառավարության ծրագրով ամրագրված «Զանգվածային լրատվության մասին» օրենսդրության բարեփոխումներին, որոնց շրջանակներում նախատեսվում է լրագրողական հանրույթի և այլ շահագրգիռ անձանց հետ քննարկումների կազմակերպում` «Զանգվածային լրատվության մասին» նոր օրենսդրության մշակման նպատակով` ուղղված ոլորտի համապարփակ կարգավորմանը, լրագրողական էթիկայի կանոնների սահմանմանը և դրանց նկատմամբ վերահսկողության գործիքների ներդրմանը։ Այս ոլորտում նախարարը կարևորել է նաև Մեծ Բրիտանիայի ունեցած փորձառությունը։ Նախարարը ներկայացրել է նաև Հայաստանում նոր արբիտրաժային կենտրոնի ստեղծման ծրագրերը՝  ընդգծելով ոլորտում Մեծ Բրիտանիայի ունեցած առաջատար փորձառությունը Հայաստանում ներդնելու հնարավորությունը։ Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն են հայտնել միմյանց և պատրաստակումություն հայտնել շարունակելու և առավել խորացնելու առկա համագործակցությունը: 
21:52 - 08 դեկտեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանը Նորվեգիայի դեսպանի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքը

Կարեն Անդրեասյանը Նորվեգիայի դեսպանի հետ քննարկել է դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքը

Դեկտեմբերի 8-ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին։ Կարեն Անդրեասյանը հանդիպման սկզբում դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել Սահմանադրական, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ՔԿԱԳ), քրեակատարողական, նոտարիատի, պրոբացիայի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծմանն ուղղված բարեփոխումներին: Նախարարն ընդգծել է՝ բարեփոխումներն իրականացվում են շահագրգիռ բոլոր մարմինների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ակտիվ ներգրավմամբ։ Հելեն Սանդ Անդրեսենը կարևորել է բարեփոխումների իրականացման քաղաքական կամքը՝ որպես դրանց իրականացման համար անհրաժեշտ մեկնարկային կետ, և ողջունել նախարարության և քաղացիական հասարակության ներկայացուցիչների հետ համագործակցությունը։ Դեսպանը նշել է, որ Նորվեգիան ևս անմասն չի մնում Արդարադատության ոլորտի բարեփոխումներից, որին ակտիվ մասնակցում է ԵԽ-Հայաստան 2019-2022 թթ․ գործողությունների ծրագրի շրջանակներում: Հանդիպման ընթացքում արդարադատության նախարարը ներկայացրել է արբիտրաժային կենտրոն ստեղծելու նախարարության հանձնառությունը և ընդգծել ոլորտային մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը։ Դեսպանը հետաքրքրվել է նաև լայնածավալ դատաիրավական բարեփոխումների իրականացման ընթացքից, մասնավորապես, դատավորների զտմանն ուղղված կառավարության քաղաքականությամբ, որին ի պատասխան՝ նախարարը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարության հիմնական ուղղությունները և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև անդրադարձել արդարադատության նախարարի կողմից Բարձրագույն դատական խորհրդին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացնելու իրավասության մանրամասները՝ ներկայացնելով նաև միջազգային կառույցների դիրքորոշումը այս հարցի շուրջ։ Այնուհետ դեսպանը դրական է գնահատել Հայաստանի Հանրապետության կողմից «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման փաստը, ինչպես նաև հետաքրքրվել է «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման գործընթացով։ Նախարարը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը արդարադատության ոլորտում։
19:42 - 08 դեկտեմբերի, 2021
Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջանահերթ խնդիրներից է․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչներին

Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջանահերթ խնդիրներից է․ Կարեն Անդրեասյանը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչներին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարության ներկայացուցիչներին: ԱՆ հաղորդագրության համաձայն՝ նախարարն առաջնահերթ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և  գերիների անհապաղ ազատ արձակման հարցին։ Անդրեասյանը ընդգծել է Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը, որը վերաբերում է 44-օրյա պատերազմի հետևանքով գերեվարված և մինչ օրս Ադրբեջանում պահվող անձանց։ Կարեն Անդրեասյանն այնուհետև ներկայացրել է արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։ Անդրադարձ է կատարվել Սահմանադրական բարեփոխումներին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության, Դատական ակտերի հարկադիր կատարման,  Պրոբացիայի ծառայությունում իրականացվող աշխատանքներին։ ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նախարար Կարեն Անդրեասյանը անդրադարձել է նաև նախօրեին կայացած ՏԻՄ ընտրություններին, առանձնակի կարևորելով գործընթացի թափանցիկությունը։ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին համագործակցության համար։ Շմիդտը ընդգծել է, որ ԵԽ-Հայաստան գործողությունների ծրագիրն ավարտին է մոտենում 2022թ․-ին, և կարևորել է 2023-2026թթ․-ի ծրագրի նախագծումը, որի շրջանակներում նախաձեռնելու են այնպիսի գործողություններ, որոնք կաջակցեն նաև արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանը։ Գլխավոր քարտուղարության Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Լիլյա Գրետասդոտտիրը ներկայացրել է արդարադատության ոլորտում ԵԽ կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, ընդգծելով համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը։ Ծրագրերի բաժնի ղեկավարը շեշտել է համագործակցությունը խորացնելու ԵԽ պատրաստակամության մասին, որի մասին  վկայում է նաև այն փաստը, որ COVID 19-ի սահմանափակումների պարագայում ԵԽ քարտուղարությունը նախաձեռնել է այս կարևոր առաքելությունը Հայաստան։ Հանդիպման ընթացքում ԵԽ Գլխավոր քարտուղարության Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վարչության ղեկավար Պավլո Պուշկարը առանձնացրել է  ՄԻԵԴ վճիռների կատարման հարցում Հայաստանի արդարադատության նախարարության դերը։ Քննարկվել է՝  «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» , «Գուրգեն Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի»  գործերով ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ընթացքը, և  դրանցում առկա խնդիրները, որոնք մասամբ լուծում են ստացել նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի ընդունմամբ։ ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ ընտանիքում  բռնության դեմ պայքարի ոլորտում։ Պատվիրակության անդամները շնորհակալություն են  հայտնել նախարարին համագործակցության համար, և այն առավել խորացնելու պատրաստակամություն ցուցաբերել։  
17:18 - 07 դեկտեմբերի, 2021
Internatiօnal IDEA-ն աջակցելու է ՀՀ արդարադատության նախարարությանը Սահմանադրական բարեփոխումների գործընթացում

Internatiօnal IDEA-ն աջակցելու է ՀՀ արդարադատության նախարարությանը Սահմանադրական բարեփոխումների գործընթացում

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է միջազգային հեղինակավոր Internatiօnal IDEA (International Institute for Democracy and Electoral Assistance) միջկառավարական կազմակերպության ներկայացուցիչներին։ Internatiօnal IDEA-ն աջակցում է ժողովրդավարության կայունությանն ամբողջ աշխարհում։ Հանրահայտ այս կազմակերպությունը երկու տասնյակից ավելի երկրների աջակցել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացում՝ այն ավելի թափանցիկ և ժողովրդավարական դարձնելու համար։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սահմանադրական բարեփոխումներն իրականացնելու հարցն ու հիմնադրամի ներկայացվածությունը՝ բարեփոխումների գործընթացում։ Internatiօnal IDEA-ի ներկայացուցիչները ողջունել են Սահմանադրական բարեփոխումների գործընթացում արդարադատության նախարարության ջանքերը` ընդգծելով, որ բարեփոխումները կարևոր են, և դրանք պետք է ընդունելի լինեն ժողովրդի համար։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Internatiօnal IDEA-ի ներկայացուցիչներին՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացում ցուցաբերած աջակցության համար։ Կազմակերպության ներկայացուցիչները կարևորել են նախարարության կողմից իրականացվող աշխատանքները, և պատրաստակամություն են հայտնել աջակցել  արդարադատության ոլորտի բարեփոխումներին։ Արդարադատության նախարարն ու Internatiօnal IDEA-ի ներկայացուցիչները պայմանավորվել են համատեղ ջանքերով իրականացնել Սահմանադրական բարեփոխումները։
21:27 - 01 դեկտեմբերի, 2021
Տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը

Տեղի է ունեցել ՄԻՊ ռազմավարության 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի համակարգմամբ այսօր տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի համակարգող խորհրդի նիստը, որին մասնակցում էին շուրջ երկու տասնյակ պետական մարմինների և քաղհասարակության ներկայացուցիչներ: Հանդիպումը կազմակերպվել էր Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի հետ համագործակցությամբ և Շվեդիայի զարգացման գործակալության աջակցմամբ: Բացման խոսքում փոխնախարարը, շնորհակալություն հայտնելով մասնակիցներին ներկա գտնվելու և միջազգային գործընկերներին սերտ համագործակցության համար, ընդգծել է, որ Կառավարության համար մարդու իրավունքների պաշտպանությունը կենտրոնական տեղ ունի անվտանգության ապահովման ու պետության առաջընթացի հարցերում: Փոխնախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ՄԻՊ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների ընթացիկ հաշվետվությունների ներկայացման ձևաչափին, ինչպես նաև հաջորդ շրջափուլի գործողությունների ծրագրի մշակման աշխատանքներին վերաբերող մի շարք այլ հարցերի: Շվեդիայի զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավար Իզաբելա Էրիկսոնն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և ընդգծել, որ Շվեդիան աջակցում է Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի ու ՀՀ արդարադատության նախարարության համագործակցությանը՝ ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի իրագործման շրջանակում: Էրիկսոնը նշել է, որ Շվեդիայի կառավարությունը խրախուսում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կարողությունների զարգացումը և ընդգծել, որ ՄԻՊ ռազմավարության գործողությունների ազգային ծրագիրն այդ ջանքերին աջակցող արժեքովոր գործիք է, քանի որ այն կարող է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը համակարգային առումով: Իզաբելա Էրիկսոնը մարդու իրավունքների պաշտպանության առաջմղման համար կարևորել է նաև նման հանդիպումների կազմակերպումը՝ գործողությունների քննարկման և առաջիկա ուղղությունների նախանշման առումով՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք ծառացել են Հայաստանի առջև ներկայում: Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Զուզանա Զալանովան իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ Ինստիտուտն իր մոնիտորինգային մանդատի շրջանակում նպատակ ունի նպաստել պետական ինստիտուտների և քաղհասարակության ներգրավմամբ ազնիվ և կառուցողական երկխոսության կայացմանը: Հաջորդիվ, պետական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են ՄԻՊ ռազմավարության գործողությունների ծրագրից բխող կատարված աշխատանքները, որի էլ հաջորդել է հարց ու պատասխանը: Հանդիպման երկրորդ փուլում մեկնարկել է խոշտանգման դեպքերի քննության անկախ մեխանիզմների մշակման միջոլորտային հարթակի ձևավորմանն ուղղված աշխատաժողովը: Փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին այս խնդրի առնչությամբ ևս սերտ համագործակցության համար՝ միաժամանակ ընդգծելով, որ խոշտանգումների դեմ պայքարը որպես հիմնախնդիր արձանագրված է նաև ՄԻՊ ռազմավարությամբ և դրա դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը մշտապես գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում: Զուզանա Զալանովան իր հերթին խոսել է խոշտանգումների դեմ պայքարին միտված մշակված գործնական ուղեցույցի և Արդարադատության ակադեմիայի կողմից առաջիկա ուսումնական և վերապատրեստման ծրագրերում դրա տեղայնացման գործընթացի մասին: Այնուհետև, Ռաուլ Վալենբերգ ինստիտուտի արդարադատության մատչելիության բաժնի ղեկավար Ջոշ Օունսթեդը և Ինստիտուտի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Էրիկ Սվանիձեն ներկայացրել են միջազգային փորձն այս խնդրի առնչությամբ, որին էլ հաջորդել է հարց ու պատասխանը աշխատաժողովի մասնակիցների միջև:
19:20 - 01 դեկտեմբերի, 2021
Աղվան Վարդանյանն առաջարկում է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնել |armenpress.am|

Աղվան Վարդանյանն առաջարկում է անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը ապաքրեականացնել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներից մեկը, որով անձին ծանր վիրավորանք հասցնելու` հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելու համար նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն: «Հայաստան» խմբակցության հեղինակած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը Վարդանյանը ներկայացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում: «7-րդ գումարման ԱԺ-ն, ենթադրում եմ շատ հապճեպ, ընդունել է այս օրենքում փոփոխությունների նախագիծ, որով, փաստորեն, քրեականացրել է ծանր վիրավորանքը, զրպարտությունը: Արդեն իսկ ՍԴ-ում վիճարկվում է այդ օրենքների սահմանադրականությունը: Մեր խորին համոզմամբ՝ այս փոփոխությունները լուրջ հակասություն ունեն և´ Սահմանադրության, և´ մարդու իրավունքների, և´ ազատությունների պաշտպանության կոնվենցիայի հետ»,- ասաց Աղվան Վարդանյանը: Ըստ պատգամավորի՝ օրենսդրական նախաձեռնությամբ փորձ է արվում սպառնալիքով սահմանափակել ազատ խոսքը, հրապարակային քննադատությունը, հատկապես հանրային և հանրային ծառայություն զբաղեցնող անձանց, քաղաքական գործիչների նկատմամբ: Պատգամավորի գնահատմամբ՝ հոդվածում օգտագործվում են անորոշ եզրույթներ, այսպիսով առաջարկում է այդ հոդվածը՝ 137.1 հոդվածն ուժը կորցրած ճանաչել: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը շեշտեց, որ զրպարտությունը, սակայն, ՀՀ-ում ապաքրեականացված է, որևիցե նախագիծ չկա, որով սահմանվում է, թե զրպարտությունը քրեորեն պատժելի է: Աղվան Վարդանյանն արձագանքեց՝ գուցե «զրպարտություն» բառը պատահաբար արտասանել է, ինքը, իհարկե, դեմ է հայհոյանքին. հայհոյանքը քաղաքական վարքագծի նորմ չի կարող լինել: «Ես նույնիսկ մտածում էի մի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որով ընդհանրապես հանրային վայրերում կանանց նկատմամբ սեռական բնույթի հայհոյանք տվողներին մենք «կոչումներ» տայինք, Հանրային հեռուստատեսությամբ էլ նրանց անունները «պարգևներով» հրապարակեինք»,- ասաց պատգամավորը: Վլադիմիր Վարդանյանը Աղվան Վարդանյանի խոսքերում հակասություն տեսավ: «Դուք կանանց ներկայությամբ հայհոյանք տվողին պատասխանատվության ենթարկելու մասին եք խոսում, միևնույն ժամանակ բերել եք նախագիծ, որով այդ երևույթի դեմ պայքարող օրենքը ուզում եք չեղարկել: Այս նախագիծը կոչված է պայքարելու ծանր հայհոյանքի և մարդու արժանապատվությունը նսեմացնելու ծայրահեղ դրսևորումների դեմ»,- ասաց հանձնաժողովի նախագահը: Աղվան Վարդանյանը, սակայն, կարծում է, որ ՀՀ-ում առկա են բավարար օրենսդրական կարգավորումներ, լուծումներ, ծայրահեղ վիրավորանքի դեպքում կարելի է սահմանել բարձր տուգանքներ, բայց քրեականացումն ակնհայտորեն հակասում է և´ միջազգային փորձին, և´ ՀՀ-ն այդ առումով «ետ է շպրտում» տարիներով: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը միևնույն ժամանակ հիշեցրեց, որ Հայաստանում 137.1 հոդվածի իրավակարգավորումները չեն նույնանում Քրեական օրենսգրքից ապաքրեականացված իշխանական ներկայացուցչին վիրավորելու ինստիտուտի հետ, քանի որ իրավական պաշտպանության ենթակա անձանց ավելի լայն շրջանակ է ներառված: «137.1 հոդվածով քրեաիրավական պաշտպանության տակ է դրված անձի արժանապատվությունը՝ քննադատության հետ չնույնացող հայհոյանքի կամ այլ տեսակ ծանր վիրավորանքից, իսկ ավելի խիստ պաշտպանության տակ է դրված հանրային գործունեությունը»,-ասաց նա:
13:15 - 30 նոյեմբերի, 2021
Կարեն Անդրեասյանը Իտալիայում կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների համաժողովին

Կարեն Անդրեասյանը Իտալիայում կմասնակցի Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարների համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դեկտեմբերի 12-ից 14-ը կգործուղվի Իտալիայի Հանրապետություն: Վարչապետի որոշման մեջ ասված է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին 2021 թվականի դեկտեմբերի 12-ից 14-ը գործուղել Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) «Հանցավորություն և քրեական արդարադատություն. վերականգնողական արդարադատության դերը Եվրոպայում» թեմայով Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների արդարադատության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով: Կարեն Անդրեասյանի՝ Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ) գործուղման բոլոր ծախսերը՝ ներառյալ «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իտալիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:
16:12 - 27 նոյեմբերի, 2021
Խորհրդարանն ընդունեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում առաջարկվող լրացումը |1lurer.am|

Խորհրդարանն ընդունեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում առաջարկվող լրացումը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:  ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով հնարավորություն կտրվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը կատարողական ծախսեր չգանձել պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամություն ձեռք բերած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճվելու դեպքում:
14:05 - 18 նոյեմբերի, 2021
Լուսինե Մարտիրոսյանն ազատվել է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղարի պաշտոնից

Լուսինե Մարտիրոսյանն ազատվել է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղարի պաշտոնից

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը ազատվել է աշխատանքից: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Լուսինե Մարտիրոսյանը: «Ավարտում եմ 2012 թվականի օգոստոսից Արդարադատության նախարարությունում սկսած աշխատանքս՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով։ Սկզբում տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ, հետո բաժնի պետ, վարչության պետի տեղակալ, այնուհետև վարչության պետ ու վարչության պետ-մամուլի քարտուղար աշխատածս տարիների լավագույնը. աշխատանքային շատ լուրջ փորձից, գիտելիքների պաշարից բացի, նախարարության իմ սիրելի ու հարազատ դարձած գործընկերներն են, որոնց մի մասը գործընկերոջից դարձել են իրական ընկերներ։ Շնորհակալ ու երախտապարտ եմ աշխատելուս տարիների բոլոր նախարարներին, նախարարության բոլոր գործընկերներիս, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության բոլոր նախկին ու ներկա աշխատակիցներին՝ համատեղ աշխատելու լավագույն հնարավորության համար»,-նշել է Լուսինե Մարտիրոսյանը:
09:54 - 17 նոյեմբերի, 2021
Հայաստանը հետաքրքրված է «արդարադատության տներ» ստեղծելու վրացական մոդելով․ Կարեն Անդրեասյանը՝ Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Հայաստանը հետաքրքրված է «արդարադատության տներ» ստեղծելու վրացական մոդելով․ Կարեն Անդրեասյանը՝ Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանչախաձեն քննարկել են Հայաստանում վրացական մոդելով հանրային ծառայություններ մատուցող «արդարադատության տներ» կառուցելու նպատակով փորձի ու տեղեկության փոխանակման հնարավորություններն ու այս ոլորտում համագործակցությունը խորացնելուն վերաբերող մի շարք այլ հարցեր։ Հանդիպման ընթացքում, ներկայացնելով նախարարության բարեփոխումների օրակարգը, Կարեն Անդրեասյանը հատկապես շեշտել է երկու ուղղություններով վրացի գործընկերների հետ փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Դրանք վերաբերել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կարողությունների զարգացմանն ու քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք խնդիրների լուծմանը։ Նախարար Ադրեասյանը նաև արդարադատության նախարարության շահագրգռվածությունն է հայտնել արդեն ավանդական դարձած հայ-վրացական իրավական ֆորումի կազմակերպման շարունակականության առումով։ Հանդիպման ավարտին կողմերը նշված ոլորտներում համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել։
12:32 - 16 նոյեմբերի, 2021
Հայտարարություն՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ

Հայտարարություն՝ «Ֆիզգորոդոկի» բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ

Մի շարք կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ Ֆիզիկայի գիտավանի բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի բնակարանի խուզարկման վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացում ենք ստորև․ «Մենք՝ ներքստորագրյալ կազմակերպություններս, խստիվ դատապարտում ենք վերջին շրջանում Երևանի Ֆիզիկայի գիտավանում ապօրինի շինարարության շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված պետական մարմինների ապօրինի գործողությունները կամ անգործությունը, որոնք իրավախախտումների կանխման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու իրենց պարտականության կատարման փոխարեն զբաղված են ապօրինությունների դեմ բարձրաձայնող բնակիչներին ահաբեկելով կամ դրա վրա աչք փակելով՝ փաստացի ստանձնելով իրավախախտողների պաշտպանի դերը: Վերոնշյալի դրսևորումն են նշված թաղամասի բնակիչ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանի նկատմամբ իրականացվող հետապնդումները և, մասնավորապես, նրա բնակարանի չհիմնավորված խուզարկության փաստը, որն ակնհայտ նպատակ է հետապնդում լռեցնել ապօրինության դեմ պայքարող քաղաքացիների ձայները:  Ֆիզիկայի գիտավանում ակտիվորեն ընթանում են «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի նախաձեռնած խնդրահարույց կառուցապատման գործընթացները, որի վերաբերյալ տարածքի բնակիչները պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանցակազմի առկայության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել իրավապահ մարմիններին:  Համաձայն կառուցապատողի մոտ առկա փաստաթղթերի՝ տեղանքում իբր եղել է նկուղ, որի հիման վրա մասնավորեցվել է նախկինում հանրային և կանաչ տարածքը: Իրականում՝ նկուղի վերաբերյալ որևէ ապացույց առկա չէ։ Բնակիչներն ամիսներ շարունակ բազմակողմանի փորձաքննություն են ակնկալում քննչական մարմնից, պահանջելով տարածքի հողային շերտը ճանաչել որպես իրեղեն ապացույց, սակայն այս գործողությունները չեն իրականացվում։ Զուգահեռաբար՝ «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ն ակտիվորեն շարունակում է փորման աշխատանքներն ու տարածքից հեռացնում հողային շերտը:  Ապօրինության վերաբերյալ փաստարկները հիմնավորվում են նաև այն հանգամանքով, որ բնակիչների բազմաթիվ հարցումները՝ կառուցապատվող տարածքի իրավական կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, այդ թվում՝ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով հողերի փոխանցման սահմանափակումների մասով, հետևողաբար մերժվում են Երևանի քաղաքապետարանի կողմից: Ընդ որում, քննվող քրեական գործի շրջանակներում դրանց առգրավման վերաբերյալ տեղեկատվությունը ևս բացակայում է: Կառուցապատվող տարածքում հողամասի փորման աշխատանքները ցույց տվեցին, որ տեղում որևէ նկուղ կամ նույնիսկ պատ գոյություն չուներ: Փոխարենը բացահայտվեց, որ «ՌԱՏԿՈ»-ի հողահեռացման աշխատանքների արդյունքում վնասվել էին կոմունիկացիաներ՝ ջրային խողովակներ և էլեկտրականության մալուխներ։ Առկա է հողամասի փորման ողջ գործընթացի տեսագրությունը, ինչը բավարար հիմք պետք է հանդիսանար քրեական գործով ուսումնասիրվող հանգամանքները պարզելու համար, սակայն այս ապացույցի առկայությունն անտեսվել է: Փոխարենը՝ քննչական մարմիններն ու ոստիկանությունն ակտիվորեն ընթացք են տվել «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի հաղորդման հիման վրա բնակիչների դեմ հարուցած գործերի քննությանը, մասնավորապես` ժամանակավոր մետաղյա ցանկապատի վրա կատարված գրությունների առնչությամբ, որն ուղեկցվել է այնպիսի գործողություններով, ինչպիսին է ապօրինի կառուցապատման դեմ պայքարող ակտիվ քաղաքացիներից մեկի բնակարանի խուզարկությունը:  Ակներև է, որ իրավապահ մարմինները  դիտավորյալ են ձգձգում բնակիչների կողմից բարձրացված փաստերով քննությունը, միևնույն ժամանակ` ակտիվորեն ընթացք տալով նրանց դեմ վարվող գործերին, ընդ որում՝ գործարկելով այնպիսի միջոցներ, որոնք կարող են ահաբեկել քաղաքացիներին և ստիպել ետ կանգնել իրենց իրավունքների համար մղվող պայքարից: Թաղամասում վերջին ամիսներին պարբերաբար բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և բնակիչների միջև` ուժի անհամաչափ կիրառմամբ, բռնության գործադրմամբ, անհիմն բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերով:  Հարկ է նշել, որ կառուցապատողի կողմից բազմիցս տարբեր առիթներով իրականացվել է առանձին բնակիչների թիրախավորում։ Մասնավորապես` Հանրային Հեռուստաընկերության եթերում տված հարցազրույցի ժամանակ «ՌԱՏԿՈ» ՍՊԸ տնօրեն Արթուր Մնացականյանը անվանական կերպով մատնանշել է ապօրինի կառուցապատման գործընթացները վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանին և իրավաբան Հայկ Հարությունյանին: Մեկ այլ դեպքում` Ազգային Ժողովում պատգամավոր Անուշ Բեղլոյանի հրավիրած հանդիպման ժամանակ, որին ներկա էին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, գիտավանի բնակիչներ, Ա․Մնացականյանը դիմել է Ս․Գրիգորյանին` ասելով, որ անձամբ իրեն երբեք թույլ չի տա մուտք գործել շինհրապարակ, և հարցին, թե ինչու` նա ցույց է տվել նախապես տպած և իր հետ բերած լուսանկար, որտեղ պատկերված էր Ս․Գրիգորյանը` շինաշխատանքներ իրականացնող բեռնատարներից մեկի առջևում կանգնած: Նման արարքները հստակ խոսում են Ա․Մնացականյանի կողմից առանձին բնակիչների հետապնդման ու թիրախավորման մասին։ Ակնհայտ է, որ անհիմն քրեական հետապնդումն ու խուզարկության հանգամանքը ևս տեղավորվում են ահաբեկման տրամաբանության մեջ` նպատակ ունենալով խոցելի դարձնել Սեդա Գրիգորյանին, միաժամանակ՝ նաև նախազգուշական ազդակ հղելով մյուս բնակիչներին՝ այդպիսով կանխարգելելու նրանց սահմանադրական իրավունքների պաշտպանությանը միտված պայքարը։  Ս․թ․ նոյեմբերի յոթին ժամը 14:00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երկու ոստիկան ժամանել են Սեդա Գրիգորյանի բնակարան` խուզարկություն իրականացնելու վերաբերյալ դատավորի որոշումով: Համաձայն որոշման, խուզարկությունն իրականացվում էր Ալիխանյան 6/1 հասցեում վիճելի կառուցապատումն իրականացնող «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ի շինհրապարակի ժամանակավոր մետաղյա թիթեղների վրա սեպտեմբերի 1-ին արված գրաֆիտի գրությունների («Հանրային տարածք», «Ազատ ծառեր», «Ազատագրենք Գորոդոկը») հետևանքով պատճառված գույքային վնասի շուրջ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ գրաֆիտային ներկանյութի տարան հայտնաբերելու նպատակով: Հարկ է արձանագրել, որ բնակարանի խուզարկության թույլտվություններ տրամադրող դատարանի նման որոշումները մեղմ ասած հիմնավորված չեն՝ հաշվի առնելով ներկանյութով ՌԱՏԿՈ ՍՊԸ-ին պատճառված վնասի հորինված լինելու հանգամանքը: Բնակարանի անձեռնմխելիության սահմանափակումը ենթադրում է դրա արդյունքում հայտնաբերման ենթակա առարկաների՝ գործով բացահայտվող հանգամանքների վերաբերելիության և իրականացվող դատավարական գործողության համարժեքության ապահովման պարտադիր պայման, ինչը քննարկվող իրավիճակում ակնհայտորեն բացակայում է: Բացի այդ, դատարանի որոշման մեջ նշված չի եղել, թե ինչ կարգավիճակով է գործում ներգրավված Ս․Գրիգորյանը, ինչի պատճառով նա հրաժարվել է ստորագրել խուզարկության արձանագրությունը: Ոստիկաններն ասել են, որ ակնկալում են խուզարկության արդյունքում բնակարանում հայտնաբերել կարմիր ներկի այն տարան, որով իրականացվել են գրությունները: Ս․Գրիգորյանն ասել է, որ բնակարանում նման ներկի տարա առկա չէ, ինչից հետո ոստիկանները խուզարկել են ողջ բնակարանը, ինչի արդյունքում ոչինչ չեն հայտնաբերել և չեն առգրավել:   Մենք՝ ներքոստորոգրյալներս, Ֆիզիկայի գիտավանի բնակիչների, և մասնավորապես՝ Սեդա Գրիգոյանի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող անհիմն քրեական հետապնդումները գնահատում ենք ոչ այլ ինչ, քան՝ ահաբեկում՝ ճնշելու ոչ միայն տվյալ տարածքի բնակիչների արտահայտման  ազատությունները և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, այլև՝ առհասարակ արտացոլում են իշխանությունների վերջերս ավելի ու ավելի նկատելի քամահրական վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և հանրային շահի նկատմամբ։  Նման վերաբերմունքը մասնավորապես զգալի է քաղաքաշինության ոլորտում՝ խիստ վիճահարույց պայմաններում և առերևույթ կոռուպցիոն դրսևորումներով ուղեկցվող թույլտվությունների տրամադրման գործընթացներում, որոնք՝ ինչպես նախկինում, այնպես էլ՝ ներկայում, ըստ ամենայնի, հովանավորվում են բարձրաստիճան պաշտոնյաների կամ նրանց փոխկապակցված անձանց կողմից։ Ընդ որում, գործընթացներում առկա կոռուպցիոն դրսևորումները կամ կառուցապատման «տանիքի» դերում շրջանառվող բարձրաստիճան պաշտոնյաների առնչությունը համառորեն քննության առարկա չեն դարձվում իրավապահ մարմինների կողմից: Պահանջում ենք․ Կառուցապատողից՝ անմիջապես դադարեցնել Ֆիզիկայի գիտավանի բնակիչների նկատմամբ ճնշումները, ինչպես նաև կանգնեցնել վիճահարույց շինարարությունը՝ մինչև հողի օտարման հիմքերը քննող քրեական գործերի ավարտը և, առհասարակ, պատշաճ հաղորդակցվել տարածքի բնակիչների հետ։  Երևանի քաղաքապետարանից՝ տրամադրել քննարկվող տարածքի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչվող սահմանափակումներն ամրագրող բոլոր փաստաթղթերը: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների կողմից դրանց կոծկումը պետք է դառնա քրեական գործի շրջանակում քննության առարկա: ՀՀ քննչական կոմիտեից՝ անմիջապես դադարեցնել շինծու քրեական գործով Ս․Գրիգորյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, և փոխարենը՝ պատշաճ քննել նախկինում հանրային կանաչ տարածք հանդիսացող հողամասի ապօրինի կառուցապատման գործը: ՀՀ արդարադատության նախարարությունից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից՝ քննության առարկա դարձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի՝ Սեդա Գրիգորյանի բնակարանը խուզարկելու իրավունք վերապահող որոշմամբ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով վերջինիս նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը»: Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտե Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ Ինֆորմացիայի ազատության կենտրոն  Մեդիա նախաձեռնությունների կենտրոն Երևանի մամուլի ակումբ Կանանց ռեսուրսային կենտրոն Իրավունքի ուժ ՀԿ Ազատ քաղաքացի ՔՆԱԿ ՀԿ  Հեռանկարային զարգացման կենտրոն Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե  Իրազեկ քաղաքացիների միավորում  Restart գիտակրթական հիմնադրամ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ  ՄԻՏՔ ՀԿ ուրբանլաբ Խաղաղության երկխոսություն Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն Վելես իրավապաշտպան ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ Ռեստարտ Գյումրի նախաձեռնությունների կենտրոն ՀԿ Գորիսի մամուլի ակումբ ՀԿ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ Հայաստանի իրավական պաշտպանության կոմիտե իրավապաշտպան ՀԿ Իրավունքի գերակայություն ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան ՄեդիաԱկումբ ՀԿ Լուսինե Խառատյան, ՀՀ քաղաքացի Գայանե Շագոյան, ՀՀ քաղաքացի Կարեն Հակոբյան, ՀՀ քաղաքացի
14:07 - 15 նոյեմբերի, 2021
Արդարադատության նախարարությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կհամագործակցեն սահմանադրական բարեփոխումների ու հակակոռուպցիոն պայքարի հարցերում

Արդարադատության նախարարությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կհամագործակցեն սահմանադրական բարեփոխումների ու հակակոռուպցիոն պայքարի հարցերում

Կարեն Անդրեասյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և ընդգծել, որ ՄԱԶԾ-ն Հայաստանի հուսալի գործընկերներից է՝ հատկապես մարդու իրավունքների պաշտպանության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումների համատեքստում»,- նշված է հաղորդագրության մեջ: Նախարարը կարևորել է համատեղ ծրագրերի շարունակականության ապահովումը և ողջունել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող նոր ծրագրի՝  «ԵՄ-ն՝ հանուն արձագանքող և հաշվետու հաստատությունների՝ ոստիկանության և միգրացիայի ոլորտի բարեփոխումների, ինչպես նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» մեկնարկը։ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին ևս կարևորել է վերը նշված ոլորտներում, ինչպես նաև՝ սահմանադրական բարեփոխումների գործընթացում և հակակոռուպցիոն աշխատանքներում համագործակցելու անհրաժեշտությունը, և արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամություն է հայտնել։
16:26 - 12 նոյեմբերի, 2021
Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները սահմանափակվում են

Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները սահմանափակվում են

Քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները սահմանափակվում են: Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 11-ի N 1834-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2020  թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման հավելվածում, որով 2021 թվականի նոյեմբերի 12-ից սահմանափակվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունների տրամադրումը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի): Այս մասին տեղեկանում ենք Քրեակատարողական ծառայության տարածած հաղորդագրությունից: Նշված սահմանափակումը չի տարածվում օրենսդրությամբ սահմանված՝ իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների վրա՝ չսահմանափակելով Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից կատարվող այցելությունները:
14:13 - 12 նոյեմբերի, 2021