Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Երբեք ուշ չէ պահպանել հրադադարը կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում և հետո․ ՀՀ դեսպանի հոդվածը մերձբալթյան երկրների թերթերում |armenpress.am|

Երբեք ուշ չէ պահպանել հրադադարը կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում և հետո․ ՀՀ դեսպանի հոդվածը մերձբալթյան երկրների թերթերում |armenpress.am|

armenpress.am: Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը Հայաստանի Հանրապետության սահմանին Ադրբեջանի կողմից վերջին օրերին սանձազերծած ագրեսիայի մասին հանդես է եկել խմբագրական հոդվածով, որը հուլիսի 21-ին միաժամանակ հրապարակվել է երեք երկրների խոշորագույն պարբերականներում։ Դեսպան Մկրտչյանի «Հրադադարի ռեժիմի ամբողջական վերականգնումը պարտադիր է» վերտառությամբ հոդվածը Լիտվայում հրապարակվել է երկրի ամենախոշոր տպագիր օրաթերթում՝ Lietuvos rytas-ում («Լիտվայի առավոտ»), ինչպես նաև էլեկտրոնային տարբերակով՝ համանուն կայքում, Լատվիայում՝ ամենամեծ լսարաններից մեկն ունեցող Neatkarīgā («Անկախություն») օրաթերթի շապիկին և էլեկտրոնային nra.lv էջում, իսկ Էստոնիայում՝ կրկին ամենամեծ լսարանն ունեցող Eesti Päevaleht («Էստոնական օրաթերթ») օրաթերթի տպագիր համարում և epl.delfi.ee էլեկտրոնային էջում։ Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը։ «Հուլիսի 12-ին ադրբեջանական սահմանապահ ուժերը սկսեցին սադրիչ գործողություններ իրականացնել Հայաստանի պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ: Հարձակման ենթարկվեց քաղաքացիական բնակչությունը, գազատար խողովակներ, գործարաններ, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար դիմակներ արտադրող արտադրամասը։ Ամեն ոք, ով երբևէ մեքենայով հատել է հայ-վրացական սահմանը, գիտի, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հյուսիսարևելյան հատվածում իրավիճակը ծայրահեղ անկանխատեսելի է։ Ադրբեջանական բանակը հաճախ հրետակոծում է մոտակա տարածքները՝ լարվածության մեջ պահելով բնակչությանը: Ճանապարհորդները նույնիսկ կարող են խնդրել շեղվել իրենց երթուղուց, որպեսզի չվտանգեն իրենց: Չնայած այս ամենին, մենք պետք է ընդունենք, որ վերջին մի քանի օրերի տեղի ունեցածը բոլորովին այլ պատմություն է: Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը միջազգային հումանիտար իրավունքի խախտման ակնհայտ նշան է: Ավելին, ռազմական գործողությունների վերսկսումից մի քանի օր անց, որին հայկական կողմը ստիպված էր արձագանքել, մենք կարդում ենք Ադրբեջանի պաշտպանության նախարարության խելացնոր սպառնալիքը Հայաստանի Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարվածներ հասցնելու հնարավորության մասին: Սպառնալիքն ընդհանրապես միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում էր: Նման գործողությունները պետական ահաբեկչության և ցեղասպանական մտադրությունների բացահայտ դրսևորում են: Կան միջազգային հանրության և կազմակերպությունների անդամներ, որոնք անկախ փաստահավաք աղբյուրների բացակայության պայմաններում ձեռնպահ են մնացել նշելուց, թե ով է ագրեսորը և ով է զոհը: Նման դիրքորոշումը, որը գուցե նման է ագրեսորին մեղմելուն, կարող է բացատրվել նրանով, որ տեղերում չկան հրադադարի ռեժիմի խախտումները վերահսկող մեխանիզմներ: Եվ ահա մենք հասնում ենք ամբողջ իրավիճակի ամենամեծ հարցական նշանին: Ինչու՞ հայ-ադրբեջանական սահմաններին չկան նման միջոցներ: Արդարացի չէր լինի մեղադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (ԱՄՆ, Ֆրանսիա և Ռուսաստան)՝ միջազգային մանդատ ունեցող միակ կազմակերպությանը, որը միջնորդ է հանդիսանում կողմերի միջև` ձգտելով հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այստեղ, մի փոքր շեղվելով, պետք է շեշտեմ, որ 1990-ական թվականներին Ադրբեջանը, չնայած պայքարում էր Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու համար, որն իրեն էր բռնակցվել 1921թ. Ստալինի ավտորիտար որոշմամբ, ի վերջո տոտալ պատերազմ սանձազերծեց և շրջափակեց Հայաստանը։ Հայաստանի տարածքը գնդակոծվում էր բոլոր հնարավոր անկյուններից, որը սահմանակից էր Ադրբեջանի հետ: Հայաստանը բազմիցս հայտարարել է և շարունակում է պնդել, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Անվտանգության և վստահության ամրապնդման միջոցառումների վերաբերյալ կան հստակ առաջարկներ, ներառյալ՝ տեղում միջազգային դիտորդների թվի ավելացումը և մշտական տեղակայումը, ուղիղ կապը և հրադադարի ենթադրյալ խախտման դեպքերը հետաքննելու մեխանիզմի ներդրումը: Դրանց իրականացումը կօգնի խուսափել հետագա սրացումների կրկնություններից:  Այնուամենայնիվ, Ադրբեջանը մերժել է այդ վերահսկման մեխանիզմները, որոնց բացակայությունը նպաստում է ինչպես քաղաքացիական զոհերի ավելացմանը, այնպես էլ հայկական կողմերին անհիմն մեղադրանքների հնչեցմանը։ Կցանկանայի ընդգծել, որ ստեղծված իրավիճակում հրամայական են ռազմական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերը, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ստորագրված հրադադարի ռեժիմի անվերապահորեն և լիովին վերականգնումը, պահպանումը և ամրապնդումը։ Մարտի վերջին կորոնավիրուսի բռնկումից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ արեց «աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ համաշխարհային զինադադար հաստատել»՝ հավելելով, որ «ժամանակն է զինված բախումը պահել փակի տակ և միասին կենտրոնանալ մեր կյանքի իրական պայքարի վրա»: Ժամեր անց, Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ողջունեց այս գաղափարը: Ադրբեջանական կողմը, ինչպես միշտ, որոշեց անտեսել այս կոչը: Ավելին, տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանակ առ ժամանակ վերահաստատել են, որ հասարակություններին խաղաղության նախապատրաստումը և պատերազմական հռետորաբանությունից զերծ մնալը խիստ անհրաժեշտություն է: Սա չափազանց կարևոր կետ է, որը չպետք է անտեսվի խաղաղության ձգտող որևէ մեկի կողմից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018թ. Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո որդեգրել է այն համարձակ դիրքորոշումը, որ ցանկացած հակամարտության լուծում պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա և ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս գաղափարն այդպես էլ չհասկացվեց Ադրբեջանի կողմից: Ավելին, անընդհատ սպառնալիքներ են եղել, հաճախ այդ երկրի առաջնորդի կողմից, որը հավակնում է Հայաստանի մայրաքաղաքին և հին քաղաքակրթության այս բնօրրանին՝ որպես «Ադրբեջանի պատմական հողեր», և պահանջում է՝ «ադրբեջանցիները պետք է վերադառնան այս պատմական հողեր»: Թունավորված հասարակական կարծիքի վտանգավոր զարգացումը կարելի էր զգալ Տավուշի մարզում հայերի և ադրբեջանցիների միջև վերջերս տեղի ունեցած բախումներից անմիջապես հետո: Բաքվում տեղի ունեցած զանգվածային հանրահավաքը, որտեղ կարելի էր լսել հայատյաց, ազգայնական վանկարկումներ, կարճ ժամանակում վերափոխվեց հակակառավարական կոչերի, որի պատճառով այն անմիջապես ցրվեց Ադրբեջանի ոստիկանության կողմից: Ակնհայտ է, որ խոսքի ազատությունն Ադրբեջանում ընդունելի է միայն այն դեպքում, երբ այն ներառում է հայերի նկատմամբ ատելության արտահայտություններ։ Մինչ միջազգային կազմակերպությունների և երկրների մեծամասնությունը դիմում են երկու կողմերին՝ զերծ մնալ ցանկացած սրացումից և վերադառնալ բանակցությունների սեղան, ՆԱՏՕ-ի անդամ պետություն Թուրքիան կրակի վրա յուղ է լցնում` անվերապահորեն սատարելով Ադրբեջանին և Հայաստանի դեմ հետագա գործողություններ հրահրելով: Երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, որ Թուրքիայի ղեկավարությունը զգում է, որ 1915թ. երիտթուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունն «ամբողջությամբ չի իրականացվել» և որ Հայաստանի Հանրապետությունը պետք է զիջի թուրքերի և նրանց էթնիկ եղբայրների բոլոր ցանկություններին ու քմահաճույքներին` նույնիսկ մեր ամբողջական ոչնչացման գնով: Հատկանշական է, որ անգամ 21-րդ դարում Թուրքիան ընտրում է մեր տարածաշրջանում իր քաղաքականությունը կառուցել Հայոց ցեղասպանության արդարացման և այդ հանցագործության անպատժելիության ավանդույթների հիման վրա: Թուրքիայի սադրիչ և կողմնակալ դիրքորոշումը լրջորեն խաթարում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը և ապացուցում , որ Թուրքիան չի կարող ներգրավվել հակամարտության հետ կապված որևէ միջազգային գործընթացի մեջ և, առաջին հերթին, ԵԱՀԿ-ի շրջանակներում: Իր մոտեցումներով` Թուրքիան Հայաստանի համար էքզիստենցիալ անվտանգության սպառնալիք է և պետք է հնարավորինս արագ վերանայի այդ վտանգավոր պահվածքը: Ամփոփելով՝ ես կցանկանայի նշել, որ երբեք ուշ չէ ողջունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ, և երբեք ուշ չէ ընդունել և պահպանել հրադադարը կորոնավիրուսի ճգնաժամի ընթացքում և դրանից հետո: Ցանկացած հակամարտության լուծման համար պետք է ներգրավված լինեն բոլոր առաջնորդների քաղաքական կամքը և միջազգային դերակատարների կառուցողական աջակցությունը: Պատմությունն այս աքսիոմի ականատեսն է»:
21:00 - 21 հուլիսի, 2020
3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա զինծառայողները խնդրել են դադարեցնել զորացրումները․ ՊՆ խոսնակ

3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա զինծառայողները խնդրել են դադարեցնել զորացրումները․ ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բազմիցս ենք ականատես եղել մեր զինծառայողների հայրենասիրության դրսևորումներին: Այսօր էլ մեր տղաները վերստին ապացուցում եմ իրենց անմնացորդ նվիրումը հայրենիքին և ժողովրդին: 3-րդ զորամիավորման ենթակա բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ և քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի: Չնայած պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ կամավորագրվելու անհրաժեշտություն չկա և ՀՀ զինված ուժերը պատվով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, այնուամենայնիվ, միևնույն ժամանակ արդեն զորացրված նախկին զինծառայողները, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում, և հատկապես այն զորամասերի, որոնց ուղղությամբ վերջին օրերին արձանագրվեցին ադրբեջական զինված ուժերի նախահարձակ գործողություններ, դիմում են զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)` հայտնելով պատրաստակամություն ու վճռականություն իրենց ծառայավայր հանդիսացող զորամասերում կանգնելու մեր զինծառայողների կողքին և պաշտպանելու երկրի սահմանը»:
10:57 - 20 հուլիսի, 2020
Ֆրանսիայի հայերը բողոքի ցույց են կազմակերպել Փարիզում Ադրբեջանի դեսպանության առջեւ |hetq.am|

Ֆրանսիայի հայերը բողոքի ցույց են կազմակերպել Փարիզում Ադրբեջանի դեսպանության առջեւ |hetq.am|

hetq.am: ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ այսօր Փարիզում Ադրբեջանի դեսպանության առջեւ ֆրանսաբնակ հայերը բողոքի ցույց կազմակերպեցին «Stop Aliev», “Stop the war”, “Artsakh à nous” (Արցախը մեզ), «Արցախը մերն է» կարգախոսներով։ Ցույցի մասնակիցները պաստառներ էին պարզել Տավուշում օրերս զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի լուսանկարով։ «Նոր սերունդ»-ի ներկայացուցիչ Սաշա Վայտետն ասաց, որ բողոքի ակցիային մասնակցել է մոտ հինգ հարյուր հայ Ֆրանսիայի տարբեր քաղաքներից՝ Փարիզ, Դիժոն, Ռեն, Նանսի։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանն իր ելույթում ասաց, որ սփյուռքը Հայաստանի ու Արցախի հետ է, եւ Ադրբեջանը չի կարողանալու հաջողել իր հարձակումներում։ Լոնդոնյան միջադեպից, որտեղ բախվեցին հայ եւ ադրբեջանցի ցուցարարները, խուսափելու համար փարիզյան ակցիայի կազմակերպիչները նախապես չեն հայտարարել իրենց նախաձեռնության մասին, այլ հեռախոսային հաղորդագրությունների միջոցով են տեղեկացրել հայ համայնքին։ Քանի որ ցույցն արտոնված չէր, փարիզյան ժանդարմերիան թույլ չտվեց երկար ժամանակ շարունակել այն։ Սաշա Վայտետի խոսքով՝ Ֆրանսիայի հայկական բոլոր կազմակերպությունները միացել էին իրենց, եւ «սա, կարելի է ասել, ժողովրդական շարժում էր»։ Լուսանկարները տրամադրել է Սաշա Վայտետը 
20:21 - 19 հուլիսի, 2020
Ռուսաստանը շատ զգուշավոր է եղել իր քաղաքականության մեջ՝ փնտրելու բացառապես խաղաղ լուծումներ․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sky News Arabia» հեռուստաընկերությանը

Ռուսաստանը շատ զգուշավոր է եղել իր քաղաքականության մեջ՝ փնտրելու բացառապես խաղաղ լուծումներ․ Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sky News Arabia» հեռուստաընկերությանը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Sky News Arabia» հեռուստաընկերությանը - Որո՞նք են Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական բախումների պատճառները: - Շատ շնորհակալ եմ այսօր Ձեր ծրագրում ինձ հյուրընկանելու համար:  Պատճառները բազմաթիվ են, սակայն, իմ կարծիքով, հիմնական պատճառն այն է, որ հուլիսի 12-ին Հայաստանի ուղղությամբ հարձակում գործելով՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ փորձ արեց միակողմանի զիջումներ պարտադրել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հարցում: Ես կարծում եմ, որ մենք հերթական անգամ ի ցույց դրեցինք, որ կա Լեռնային Ղարաբաղի համակարտության միայն մեկ լուծում. լուծում, որը հիմնված է ամուր փոխզիջման վրա երեք ներգրավված կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի միջև: Ադրբեջանի առավելապաշտությունն խաղաղ գործընթացում առաջընթաց գրանցելու միակ խոչընդոտն է: Ադրբեջանի ղեկավարության՝ Հայաստանին և հայ ժողովրդին ուղղված շարունակական ագրեսիվ, թշնամական, ռազմատենչ հռետորաբանությունը, Հայաստանին և Արցախին ուղղված պատմական պահանջները, ուժի և ուժի սպառնալիքի կիրառումը եղել են այսօրվա մեր իրադրության ակնհայտորեն ընդգծված պատճառները:  Սա նոր փորձ էր, սակայն կարծում եմ, որ ևս մեկ անգամ պարզորոշ կերպով ի ցույց դրվեց, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, որ հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Եվ կարծում եմ, որ ևս մեկ անգամ շատ հստակ ձևով ի ցույց դրվեցին Հայաստանի պաշտպանական կարողությունները: Մենք շարունակում են հանձնառու լինել բացառապես խաղաղ կարգավորմանը և ամենաորոշիչ և վճռական ձևով մերժում ենք ռազմական լուծումը: - Նախքան քաղաքական և խաղաղ կարգավորման մասին խոսելը, ցանկանում եմ իմանալ,  եթե հիմնական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ է, ապա ինչու՞ են այս անգամ ռազմական բախումները երկրի հյուսիս-արևելյան սահմանին ընթանում։ - Կարող եմ ենթադրել, որ սա Ադրբեջանի կողմից սխալ հաշվարկ էր. միգուցե նրանց թվացել էր, որ Հայաստանի պաշտպանական կարողությունները խոցելի են տվյալ հատվածում, և նրանք կարող էին ներթափանցել Հայաստանի տարածք այդ հատվածից: Սակայն, կարծում եմ, նրանք ականատես եղան, որ Հայաստանի պաշտպանական կարողություններն ուժեղ են, և որ իրավիճակն ապակայունացնելու,  այս հակամարտության աշխարհագրությունը Լեռնային Ղարաբաղից անդին ընդլայնելու և Հայաստանի հետ լայնամասշտաբ պատերազմ ծավալելու փորձերն առավել հստակորեն և վճռականորեն տապալվեցին։  - Ադրբեջանին Թուրքիայի աջակցության առնչությամբ ո՞րն է Ձեր մեկնաբանությունը: Էրդողանը նշել է, որ իրենք լիովին Ադրբեջանի կողքին են, իսկ Թուրքիայի պաշտպանության նախարարը ասել է, որ վրեժխնդիր են լինելու այս բախումների ընթացքում Ադրբեջանի բանակի սպանվածների համար։ - Չեմ կարող ասել, որ մենք զարմացած էինք Թուրքիայի դիրքորոշումից, որը հանդիսանում է ապակայունացնող գործոն ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև մյուս բոլոր հարևան տարածաշրջաններում: Մենք ականատես ենք եղել ուժի, ներթափանցման և միջամտության այսօրինակ դրսևորմանն այլ տարածաշրջաններում, այդ թվում Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում: Փորձ է կատարվում Թուրքիայի այս նեո-օսմանական քաղաքականությունը հետապնդել նաև մեր տարածաշրջանում: Մենք ուշադրությամբ հետևում էինք այդ հայտարարություններին, և այդ հայտարարության մեջ տեղ գտած դրույթներից մեկը մեր տարածաշրջանում Թուրքիայի պատմական առաքելության մասին է: Մենք ստիպված ենք հիշեցնել, որ դա տխրահռչակ, հանցավոր առաքելություն է, դա մի առաքելություն է, որն իր մեջ կրում է անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության իրագործման հիշողությունը:  - Հիշատակելով Ցեղասպանությունը և այն, ինչ տեղի է ունեցել պատմության ընթացքում, արդյո՞ք դա է պատճառը, որ այս բախումներում և վերջին դեպքերի ժամանակ Թուրքիան  բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի։ - Ինչպես ասացի, սա տարածաշրջանում ուժի և ուժային քաղաքականության դրսևորում էր, որ արտահայտեց նրանց նկրտումները, մեր տարածաշրջանում անկայունություն սերմանելու նրանց քաղաքականությունը: Թուրքիայի այս շատ վտանգավոր աշխարհաքաղաքական քաղաքականությունը որևէ կերպ չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը և որևէ կերպ չի նպաստում ամուր, ուժեղ կայունությանը մեր տարածաշրջանում: Այս քաղաքականությունը կտրականապես հակասում է մյուս գործընկերների և հարևան երկրների քաղաքականությանը, որոնք ավելի հավասարակշռված են եղել, ավելի զգուշավոր և ընկալող, որ մեր տարածաշրջանում չի կարող լինել խաղաղություն տարածաշրջանի որևէ երկրի հաշվին: Ուստի, Թուրքիայի միակողմանի մոտեցումը, Ադրբեջանի հետ ցեղային ընդհանրության վրա հիմնված քաղաքականությունը սնում է անկայունություն: - Արդարացի՞ եք համարում այն, որ Թուրքիան ռազմական տեսանկյունից աջակցում է Ադրբեջանին: Թուրքիայի ռազմաարդյունաբերության նախարարն ասել է, որ այս բախումներում կներդնեն իրենց ամբողջ ռազմաարդյունաբերական հնարավորությունները Հայաստանի դեմ Ադրբեջանին աջակցելու համար։ Հայաստանը դիմելո՞ւ է որևէ միջազգային կամ այլ աջակցության: - Հայաստանն ունի պատշպանվելու սեփական կարողությունները: Հայաստանը նաև համագործակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մյուս երկրների հետ: Հայաստանն աշխատանքներ է իրականացնում բազմաթիվ գործընկերների հետ, Հայաստանը նաև փոխգործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանը երկիր է, որն աշխատում է կայունության ուղղությամբ և մերժում է որևէ ռազմական լուծում, ռազմական ճանապարհով տարածաշրջանային քաղաքականության իրականացում: Մենք վճռականորեն կմերժենք նման քաղաքականությունը դիվանագիտական հարթակում, քաղաքական առումով և մենք, անշուշտ, պատրաստ կլինենք պաշտպանելու: Սակայն անկայունության որևէ ռազմական ընդլայնում և ռազմական լուծումների հետապնդում աղետալի կլինեն ողջ տարածաշրջանի համար: Դա նաև ի ցույց կդնի ևս մեկ անգամ Թուրքիայի շատ ապակառուցողական և վտանգավոր քաղաքականությունը: - Ռուսաստանի դերի մասին։ Այժմ այնտեղ անակնկալ զորավարժություններ են իրականացվում երկու ռազմական  շրջաններում` հարավային և արևմտյան, ինչպես նաև առկա է ռուսական միջնորդությունը։ Արդյո՞ք ապավինում եք վերջինիս՝ ռազմական բախումները դադարեցնելու հարցում։ - Նախ և առաջ, թույլ տվեք կրկին անդրադառնալ նրան, թե ինչ ճանապարհով ենք հետամուտ լինում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Խաղաղ կարգավորումն առաջնահերթ գերակայություն է: Այն տեղի է ունենում միջազգայնորեն ճանաչված ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը ներառում է Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը: Ռուսաստանը շատ կառուցողական կերպով աշխատանք է իրականացրել մյուս երկու երկրների հետ՝ բոլոր շահագրգիռ կողմերի՝ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար ընդունելի, փոխզիջումային լուծում գտնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հայաստանին ու Արցախին, մենք լիովին հանձնառու ենք այնպիսի լուծման, որը փոխզիջումային է, որը զգուշորեն մշակված է՝ բավարարելու անվտանգային շահերը, անվտանգային խնդիրները, բոլոր կողմերի առաջնահերթությունները, և Ռուսաստանը շատ զգուշավոր է եղել իր քաղաքականության մեջ՝ փնտրելու բացառապես խաղաղ լուծումներ: Մենք մեծապես ողջունում ենք այդ քաղաքականությունը և կշարունակենք աշխատել Ռուսաստանի հետ, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ՝ խաղաղ կարգավորման գործընթացին հետամուտ լինելու համար։ Պատերազմը տարբերակ չէ։ Դա աղետ է ողջ տարածաշրջանի համար: Մենք լիովին և կտրականապես մերժում ենք ռազմական որևէ լուծում, որևէ պատերազմ մեր տարածաշրջանում: Սա է մեր քաղաքականությունը: 
19:33 - 19 հուլիսի, 2020
ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել նավթագազային այդ մուղերի անվտանգությունը, քան որևէ մեկն այս տարածաշրջանում․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել նավթագազային այդ մուղերի անվտանգությունը, քան որևէ մեկն այս տարածաշրջանում․ Արծրուն Հովհաննիսյան

Անցնող գիշերը սահմանին եղել է համեմատաբար հանգիստ։ Մոտավորապես 70 անգամ է խախտվել հրաադադարի ռեժիմը, հիմնականում կիրառվել են ոչ մեծ տրամաչափի հրաձգային զենքեր։ ՀՀ ԶՈՒ-ն լիովին վերահսկում է իրավիճակը։ Այս մասին այսօր Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իր հերթին նշեց, որ Համայնքներում ամենակարևոր փոփոխությունը, որ այսօր ես տեսա, լիարժեք վերադարձն էր գյուղատնտեսական աշխատանքներին։ «Այսինքն՝ մարդիկ, արդեն վերադարձած, զբաղվում էին իրենց գործով, որի համար շատ ուրախ ենք։ Նշանակում է՝ կյանքը վերադառնում է իր բնականոն հունին»,- հավելեց մարզպետը։ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով այն, որ ադրբեջանական լրատվամիջոցներում շահարկվում են միջազգային էներգակիրները, և թե ՀՀ-ն կհարվածի ադրբեջանական ենթակառուցվածքներին, ասաց, որ ՀՀ Զինված ուժերը մշտապես ունեցել են նման հնարավորություն տեխնիկապես, բայց երբեք չեն ունեցել և չունեն նման ցանկություն, և որ դա Ադրբեջանի կողմից շրջանառվող կեղծ թեզ է։ «Մենք ասում ենք՝ այս տարածաշրջանով անցնող նավթագազային մուղերը, որոնք ունի Ադրբեջանը, միջազգային ընկերություններին են պատկանում։ Թող միջազգահին ընկերությունները վստահ լինեն, որ ՀՀ-ն անվտանգության երաշխավոր է, ոչ թե սպառող։ ՀՀ-ն ավելի լավ կարող է ապահովել դրանց անվտանգությունը, քան որևէ մեկն այս տարածաշրջանում»,- նշեց Հովհաննիսյանը։ Անդրադառնալով հայկական կողմի վիրավորներին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ նրանց վիճակը նույնն է։ «Այն վիրավորների մոտ, որոնք ունեին միջին կամ միջինից բարձր վիճակ, կա բավական լավ դինամիկա, սակայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակում փոփոխություն չկա»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը։  
19:16 - 19 հուլիսի, 2020
Դիմել ենք միջազգային կազմակերպություններին, որովհետև թիրախավորվում են կրթական օբյեկտները․ ԿԳՄՍ նապարար Արայիկ Հարությունյան

Դիմել ենք միջազգային կազմակերպություններին, որովհետև թիրախավորվում են կրթական օբյեկտները․ ԿԳՄՍ նապարար Արայիկ Հարությունյան

Այսօր դիտարկել ենք դպրոցները Այգեպարում, Ներքին Կարմիրաղբյուրում և Մովսեսում։ Այս մասին Իջևանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Դպրոցները տարբեր աստիճանի պատրաստվածություն ունեն, ըստ էության ապաստարաններ կան։ Բայց պարոն մարզպետի հետ մի շարք հանձնարարականներ ենք տվել դպրոցների ղեկավարներին և խոսել ենք նաև համայնքապետերի հետ, որպեսզի աջակցություն ստանանք այս առումով, և մինչ սեպտեմբերի 1-ը ոչ միայն երեք համայքներում, որոնք այցելել ենք, այլև սահմանապահ մյուս համայնքներում պատշաճ պատրաստություն լինի ապաստարանների տեսակետից։ Եվ մենք սեպտեմբերի 1-ին, երբ հնարավորություն ստանանք վերսկսելու առկա մեթոդով դասընթացները, ապաստարանների տեսակետից նույնպես ապահովված լինենք և ռազմական իրավիճակների սրման կամ հրետակոծության ժամանակ կարողանանք մեր երեխաներին տեղափոխել այդ ապաստարանները»,- ասաց նախարարը։ Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ այս օրերին հակառակորդը թիրախավորել է նաև կրթական հաստատությունները, մասնավորապես մի շարք համայնքներում վնասվել են մանկապարտեզի և դպրոցի շենք։ «Այս կապակցությամբ նախարարությունը և անձամբ ես դիմումներ ենք ուղարկել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ մեր մտահոգությունները հայտնելով այս կապակցությամբ, որովհետև սրանով թիրախավորվում են կրթական օբյեկտները․ սա անթույլատրելի իրավիճակ է կրթության իրավունքի տեսակետից, կյանքի իրավունքի տեսակետից։ Կոչ ենք արել նաև, որ միանան այս անթույլատրելի երևույթների դեմ պայքարին։ Նմանատիպ նամակներ հղել եմ նաև ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա ներկայացուցչություններին»,- նշեց Հարությունյանը։ Նախարարը նաև ասաց, որ սահմանամերձ գյուղերի կրթական համակարգի համար և առհասարակ կրթության հետ կապված՝ ունեն արտոնություններ, մասնավորապես ուսանողների համար կան արտոնություններ, դպրոցներում որոշակի արտոնություններ գործում են, ճանապարհի հետ կապված կան արտոնություններ։ «Եթե մասնագետների կարիք կա, մենք պատրաստ ենք մասնագետների հարցը նաև այլ կերպ լուծել։ Հեռավար ուսուցումը թույլ տվեց, որ ուսուցիչների մեծ մասը ծանոթանա հեռավար ուսուցման և դասավանդման մեթոդներին։ Թափուր հաստիքների հարցը կարող ենք լուծել հեռավար մեթոդով։ Ուզում ենք սեպտեմբերից ամբողջությամբ վերադառնալ առկա դասավանդման մեթոդին»,- հավելեց նա։
18:42 - 19 հուլիսի, 2020
Օրը Բերդի 7 գյուղերում, այն ինչ տեսանք. լուսանկարներ
 |aliq.ge|

Օրը Բերդի 7 գյուղերում, այն ինչ տեսանք. լուսանկարներ |aliq.ge|

aliq.ge: Հուլիսի 18-ին եղանք հայ-ադրբեջանական սահմանային Բերդ խոշորացված համայնքի 7 գյուղերում: Հուլիսի 12-ից սկիզբ առած ռազմական էսկալացիայի 4 օրերի ընթացքում շրջանի 15 գյուղերի՝ սահմանին առավել մոտ գտնվող մի շարք համայնքներ ենթարկվել են 90-ականների պատերազմից ի վեր աննախադեպ հրետակոծության: Ընդ որում, եթե սահմանին առավել մոտ տեղակայված գյուղերը` Չինարին, Մովսեսը, Այգեպարն ու Ներքին Կարմիրաղբյուրը տարբեր տրամաչափերի զենքերով հրետակոծությունների թիրախում են հայտնվել հենց սահմանից, ապա տարածաշրջանի մյուս գյուղերը, ներառյալ նաեւ Բերդ քաղաքային համայնքը, Ադրբեջանի կողմից կիրառվող անօդաչու թռչող սարքերից են տուժել: Մեզ հանդիպած մարդկանց մեծ մասը պարբերաբար դեպի երկինք էր նայում` զգուշանալով հնարավոր նոր ԱԹՍ-ի «ժամանումից»: Իրենց պատմելով՝ սա այս օրերին սովորական է դարձել: Ու չնայած բերդեցիների համար ադրբեջանական կրակի տակ հայտնվելը վերջին 3 տասնամյակի ընթացքում կյանքի բնականոն ընթացքի մաս է, սակայն մեզ հանդիպած բոլոր բնակիչներն առանց բացառության ասում էին, որ այս հարձակումը 1994-ից ի վեր ամենից մասշտաբայինն է: Չինարին, որ իր դիրքի պատճառով ադրբեջանական այս հրետակոծությունից առավել տուժած գյուղերից է,  շարունակում է ապրել իր բնականոն ընթացքով։ Գյուղացիների անթաքույց զայրույթը, սակայն, կարելի է տեսնել անգամ կարճ շփման ընթացքում: «Էս տունը պապս ա սարքել, 92-ին թուրքն ավերել ա, հետո հերս ա սարքել, 2013-ին ադրբեջանցին ավերել ա, հիմա ես եմ սարքում ու էլի ավերում են, տղիս սարքելուն չեմ ուզում թողնել, սրանց պետք ա քշել ստեղից` այլ տարբերակ չկա»,- ասում է չինարեցի Խորենը: Ի դեպ՝ դիրքը, որի ուղղությամբ ապրիլի 12-ին շարժվել է ադրբեջանցիների «ՈՒԱԶ»-ը, Չինարիից մի քանի հարյուր մետրի վրա է: Այգեպարում մարդիկ գյուղի միայն մի հատվածում են հավաքվում: Գյուղը ուղիղ գծով ադրբեջանական նշանակակետերից ընդամենը 100 մետր հեռավորության վրա է, իսկ ադրբեջանական Ալիբեյլի գյուղը առավելություն ունեցող դիրքում է: ԽՍՀՄ շրջանում կառուցված գինու գործարանն արդեն 2 տարի է՝ չի գործում, այսուհանդերձ գործարանի տարածքը եւս հրետակոծությունների տակ է հայտնվել: Հրետակոծվել է նաեւ գյուղի նոր վերանորոգված մանկապարտեզը, որը փակ էր մեր այցելություն ժամանակ: Ներքին Կարմիրաղբյուր եւ Մովսես գյուղեր տանող ճանապարհները, որոնք խորհրդային տարիներից ասֆալտի երես չէին տեսել, իսկ վերջին ամիսների ընթացքում շրջկենտրոնի հետ կապող եվրոպական որակի հաղորդակցության հնարավորություն են ստացել, մարդաշատ չեն: Սրանք եւս այս օրերին թեժ կրակի տակ հայտնված սահմանապահ գյուղերից են, որտեղ մարդիկ փողոց են դուրս գալիս բացառապես անհրաժեշտության դեպքում: Այս գյուղերի` հատկապես մանկահասակ երեխաների ու պատանիների համար, ադրբեջանական հարձակման մասշտաբները շոկային են եղել: Նրանցից շատերի համար այս ամառն արդեն իսկ սահմանափակվել էր կորոնավիրուսի ռեժիմով, այժմ գումարվում է նաև պարբերաբար թաքստոցներում պատսպարվելը, կամ` միառժամանակ գյուղից հեռանալը: Հայ-ադրբեջանական այս էսկալացիան 2018-ի հեղափոխությունից հետո առաջինն է, իսկ Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմանում ամենամեծը պատերազմից հետո: Իրավիճակը վաղ թե ուշ հանդարտվելու է, պատճառված նյութական վնասը` վերականգնվելու: Ինչպես չինարեցիներն էին ասում, իրենց որեւէ օգնություն պետք չէ, միայն թե կրակը դադարի: Մի բան, սակայն, պետք է լրջորեն հաշվի առնել. շրջանի բնակիչների եւ մասնավորապես երեխաների հոգեբանական վիճակին պետք է մասնագիտական հարթության վրա անդրադառնալ, ցանկալի է` պետական հոգածությամբ:
10:42 - 19 հուլիսի, 2020
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությունը լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները․ ԱԳՆ խոսնակ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությունը լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները․ ԱԳՆ խոսնակ

Թուրքիան չի կարող որևէ դեր, առավել ևս պատմական առաքելություն ունենալ ոչ ԼՂ հակամարտությունում, ոչ էլ տարածաշրջանում։ Թուրքիան տարածաշրջանում արդեն իսկ թողել է ցեղասպանության դրոշմ, և առաջին գործողությունը, որ թուրքական կողմը պետք է իրականացնի, դրա հետևանքների վերացումն է։ Այս մասին այսօր հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությանը՝ խոսնակն ասաց․ «Ստեղծված իրավիճակում Հայաստանը կարևորում էր ՀԱՊԿ-ի գործընկերներին տեղեկատվության տրամադրումը, որը տեղի ունեցավ ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարության հայտարարությունը լիովին արտահայտում էր այս փուլում մեր մտահոգությունները։ Այդ հայտարարությունում միանշանակ նշված էր, որ այս լարվածությունը տեղի է ունենում ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանում։ Մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը սահմանային գծում։ Այժմ ՀԱՊԿ-ին որևէ այլ ձևաչափով դիմելու կարիք դեռևս չկա»։ Նա նաև նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներգրավված են եղել գործընթացում, մասնավորապես Ռուսաստանի համանախագահը։ ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է եղել իր ռուս գործընկերոջ հետ, շփումներ են տեղի ունեցել նաև զինվորականների մակարդակով։ Մեկնաբանելով Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցը՝ Աննա Նաղդալյանն ասաց․ «Զենքի վաճառքը Ադրբեջանին մահացու է, քանի որ Ադրբեջանը երբևէ չի երկմտում այդ զենքը քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելու հարցում։ Եվ իրադարձությունները, որ տեղի ունեցան հուլիսի 12-ից հետո, բավական հաստացրին այս պնդումների վերաբերյալ մեր փաստական ապացույցները։ Այս հարցը մշտապես լինելու մեր օրակարգի բաղկացուցիչ մասը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»։ Նա նաև ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների արդյունքում 2018-ին ստեղծված օպերատիվ կապը գործում է, բայց, հաշվի առնելով, որ այս  վերջին իրադրության սրումը եղել է լայնամասշտաբ և կրել է դիտավորյալ բնույթ, մենք նախընտրել ենք օգտվել ոչ թե օպերատիվ կապից, այլ աշխատանքներն իրականացնել միջնորդների միջոցով։ «Ադրբեջանի գործողությունները կամ, կարելի է ասել, մեղադրանքները կրում են բացառապես մանիպուլյատիվ բնույթ, քանի որ մի կողմից Ադրբեջանը փորձում է ուժ կիրառել, մյուս կողմից իրեն ու իր գազամուղները փորձում է ներկայացնել որպես զոհ։ Հայաստանը միշտ հանդես է գալիս պատերազմի դեմ, Հայաստանը միշտ հանդես է գալիս հրադադարի ամրապնդման դիրքերից և մշտապես պատրաստ է իրականացնել հրադադարի ամրապնդման ուղղությամբ քայլեր տարբեր հատվածներում»,-ասաց ԱԳՆ խոսնակը։ Պատասխանելով Ադրբեջանում ԱԳ նախարարի փոփոխության վերաբերյալ հարցին՝ ԱԳՆ խոսնակն ասաց, որ ընդունել են ի գիտություն այն, որ Ադրբեջանի կրթության նախարարը ներկայումս զբաղեցնում է երկրի ԱԳ նախարարի պաշտոնը։ «Բայց մենք ելնում ենք այն իրողությունից, որ Ադրբեջանում արտաքին քաղաքական ուղղությունը մշակվում է բարձրագույն ղեկավարության կողմից, և այս առումով հայկական կողմը բանակցություններ  է վարում ոչ թե անձերի, անհատների, այլ Ադրբեջանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- հավելել է նա։ Մեկնաբանելով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիթորինգի միջազգային համակարգ ստեղծելու վերաբերյալ հայտարարությունը՝ Նաղդալյանը նշեց․ «Մեզ համար կարևոր է ոչ միայն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիթորինգային աշխատանքների վերականգնումը, այլ նաև այդ առաքելության ընդլայնումը։ Այն փաստի մասին, որ մոնիթորինգային աշխատանքները պետք է ընդլայնվեն, նշել են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Նորից ասեմ, որ այդ աշխատանքների դադարեցումը կապված է աշխարհում և տարածաշրջանում կորոնավիրուսի համավարակի տարածման հետ»։
22:44 - 18 հուլիսի, 2020
Եկող շաբաթվա վերջում կունենանք առաջին լիարժեք վերականգնված բնակարանները կամ տները․ Տավուշի մարզպետ

Եկող շաբաթվա վերջում կունենանք առաջին լիարժեք վերականգնված բնակարանները կամ տները․ Տավուշի մարզպետ

Այսօր ունեցել ենք հերթական խաղաղ օրը։ Ամբողջ օրվա ընթացքում որևէ հրետակոծություն չի եղել մեր բնակավայրերի ուղղությամբ։ Մեր բնակիչները հնարավորություն են ունեցել վերադառնալու իրենց առօրյա աշխատանքին։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Անդրադառնալով վնասված ենթակառուցվածքներին՝ մարզպետը նշեց, որ երեկ՝ օրվա վերջում, ըստ էության, ավարտել են բոլոր ենթակառուցվածքային վերանորոգումները, այդ թվում՝ ջրագծերի վերականգնումը, ոռոգման համակարգերի վերականգնումը, որը հնարավորություն է տվել, որ մարդիկ գյուղատնտեսության կիսատ մնացած գործերը հասցնեն մինչև վերջ։ «Այսօրվա դրությամբ առանձնացրել ենք 12 տուն․ 6-ը՝ Այգեպար գյուղում, 6-ը՝ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ մենք արդեն կարող ենք սկսել վերականգնողական աշխատանքները։ Երկու բնակարանում արդեն սկսել ենք։ Եկող շաբաթվա վերջում մենք ըստ էության կունենանք առաջին լիարժեք վերականգնված բնակարանները կամ տները։ Այսօրվա գույքագրման առանձնահատկություններից մեկն այն էր, որ մենք հայտնաբերեցինք մի շարք ավերածություններ, որոնք եղել են նախկին հրետակոծությունների արդյունքում, այդ թվում 90-ականներից սկսած։ Այդ դեպքերը ևս կվերացվեն այս շինարարական աշխատանքների ընթացքում»,-նշեց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ առնվազն երկու շենք վերականգնման ենթակա չէ։ Դրանց փոխարեն պետք է կառուցվեն նորերը։  Մարզպետը կոչ արեց, որ նրանք, ովքեր մեկնում են Բերդ կամ վերադառնում են Բերդից, հիմնականում, եթե այլ խիստ պահանջ չկա, պարտադիր օգտագործեն Իջևան-Գանձաքար-Իծաքար-Բերդ ճանապարհը, որովհետև դա համարվում է ամենաանվտանգ երթուղին։ Այլ պարագաներում իրավիճակի սրման դեպքում կարող են լինել որոշակի խնդիրներ։  Հայկ Չոբանյանը նաև նշեց, որ տուժել են ավտոմեքենաներ․ այս հարցերը ևս գույքագրված են, և հաստատ կլինեն որոշակի փոխհատուցումներ։ Քանի որ ռմբահարվել են նաև անասնագոմեր, կան նաև գյուղատնտեսական կենդանիների վնասներ։ Այդ փոխհատուցումը ևս կտրվի։  Անդրադառնալով տներին ավելի մոտ ապաստարաններ կառուցելու հարցին՝ մարզպետը ասաց․ «Չի կարելի ասել, որ ապաստարանները կառուցվել են միայն դպրոցներում և մանկապարտեզներում։ Հիմնականում ընտրվել են ամենաապահով տարածքները։ Բոլոր սահմանապահ գյուղերն ունեն ապաստարաններ։ Նկուղային տարածքները, որոնք տարիներ շարունակ օգտագործվել են որպես ապաստարաններ, այս օրերին հիմնականում նրանք են կիրառվել։ Ուզում եմ հատուկ նշել մեր ժողովրդի ինքնապաշտպանական զգացողությունը և բնազդը։ Ցուցանիշը, որ 100-ից ավելի հրետակոծությունների արդյունքում ունենք ընդամենը 1 վիրավոր, առաջին հերթին մեր ժողովրդի ինքնապաշտպանական մշակույթի արդյունք է, և երկրորդը քաղպաշտպանության հաստատությունների լավ աշխատանքի արդյունք է»։ Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարող են այցելել կամ հյուրընկալել Տավուշի երեխաներին, Հայկ Չոբանյանն ասաց, որ դրա կարիքը այս պահին չկա։ «Մենք պաշտոնական տարհանում չենք իրականացրել։ Հիմա կառավարության հետ քննարկվում են հնարավոր ճամբարային ձևաչափերը։ Որոշում լինելու դեպքում մենք ավելի քաղաքակիրթ ձևով կիրականացնենք մեր երեխաների  տեղափոխումը Տավուշից դուրս, որը նաև որոշակի վերականգնողական, կրթական, մշակութային նշանակություն կարող է ունենալ»,- ասաց նա։
22:35 - 18 հուլիսի, 2020
ՀՀ-Ադրբեջան լարվածությունը հնարավորություն տվեց Թուրքիային ևս մեկ անգամ բարձրաձայնելու Կովկասում իր հետաքրքրությունների մասին․ թուրքագետ Անահիտ Վեզիրյան |lragir.am|

ՀՀ-Ադրբեջան լարվածությունը հնարավորություն տվեց Թուրքիային ևս մեկ անգամ բարձրաձայնելու Կովկասում իր հետաքրքրությունների մասին․ թուրքագետ Անահիտ Վեզիրյան |lragir.am|

lragir.am: Զրուցակիցն է թուրքագետ Անահիտ Վեզիրյանը - Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ռազմաօդային ուժերի հրամանատար Ռամիզ Թահիրովը մեկնել է Թուրքիա, որտեղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարիի հետ քննարկել է հայ–ադրբեջանական սահմանային իրավիճակը։ Մինչ այդ էլ թուրքական կողմից հայտարարություններ եղան, որ սատարում են Ադրբեջանին։ Որքանո՞վ Թուրքիայի ակտիվությունը պետք է լուրջ ընդունել։ - Ընդհանրապես Թուրքիային պետք է լուրջ ընդունել։ Նա տարածաշրջանում հավականություններ ունեցող, դրանք բարձրաձայնող և իրացնել փորձող երկիր է։ Եվ ասվածը գործնականում տեսնում ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում, Իրաքում, նաև Լիբիայում և Արևելյան Միջերկրականում։ Իսկ եթե հիշենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բազմիցս արտահայտած «աշխարհը մեծ է հինգից» միտքը, որը յուրատեսակ բողոք է ՄԱԿ ԱԽ 5 մշտական անդամներից բացի մյուս երկրների՝ մասնավորապես Թուրքիայի նվազ դերակատարման դեմ, ինչպես նաև միջուկային զենք ունենալու ցանկության մասին հայտարարությունները, ապա կարելի է ասել, որ Էրդողանի հավակնությունները չեն բավարարվում տարածաշրջանով։ Հայաստան-Ադրբեջան հերթական լարվածությունն էլ հնարավորություն տվեց Թուրքիային ևս մեկ անգամ բացեիբաց բարձրաձայնելու Կովկասում իր հետաքրքրությունների մասին։ 4 օրերի ընթացքում բազմաթիվ արձագանքներն են եղել՝ սկսած նախագահ Էրդողանից վերջացրած անհայտ քաղաքական գործիչներով։ Միակողմանի, չհավասարակշռված, կոռեկտության սահմաններն անցող բառապաշարի կիրառմամբ բարձաստիճան պաշտոնյաների, պետական գերատեսչությունների հայտարարությունները, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան սահմանին թուրքական մարտական ԱԹՍ-ների թռիչքների մասին մամուլում շրջանառվող ոչ պաշտոնական և քարոզչական փաթեթավորմամբ տեղեկությունները մի քանի հասցեատերերի ուղղված ուղերձներ էին։ Նախ աջակցություն էին Ադրբեջանի իշխանություններին, որոնք հանրային դժգոհության լուրջ ճնշման տակ էին, և ազդակներ ադրբեջանական հասարակությանը, որ «թուրք մեծ եղբայրն իրենց կողքին է և միայնակ չի թողնելու»։ Հայաստանին հոգեբանորեն ճնշելու և ըստ իրենց «Հայաստանին իր տեղը ցույց տալու» փորձ։ Տարածաշրջանում հավակնություններ ունեցող այլ պետությունների և մասնավորապես Ռուսաստանի առաջ ցուցադրում, որ Թուրքիան այստեղ կենսական շահեր ունի և պատրաստ է դրանք պաշտպանել։ Անդրադառնալով փոխնախարար Ռամիզ Թահիրովի գլխավորությամբ Ադրբեջանի ՊՆ պատվիրակության այցին, որի կազմում է եղել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության բանակի հրամանատար Քերեմ Մուսթաֆաևը, կարծում եմ արժե նշել, որ այցը համընկավ հուլիսի 16-ի հետ, երբ ՀՀ զինված ուժերը կասեցրել էին ադրբեջանական հերթական հարձակումը։ Ակնհայտ է, որ օրակարգում սահմանային հարցն է եղել։ Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել։ Այս պահի դրությամբ այցի շոշափելի արդյունքը Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության պետ Իսմայիլ Դեմիրի հայտարարություն է, որ պաշտպանական արդյունաբերությունը մշտապես գտնվում է Ադրբեջանի տրամադրության տակ։ Այստեղ նշեմ, որ այս ոլորտում համագործակցությունը նոր չէ․ Թուրքիան Ադրբեջանին զենքի գլխավոր մատակարարներից է։ Այս տարի Թուրքիան 30 մլն դոլարի վարկ էր տրամադրել Ադրբեջանին ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար, իսկ հուլիսի սկզբին Ադրբեջանի Պնախարար Զաքիր Հասանովը հայտնել էր, որ թուրքական ԱԹՍ-ներ են ձեռք բերելու։ Այս պահին ինձ հետաքրքրող հարցերից մեկն է, թե այդ համալրումները Թուրքիայի տրամադրած 30 մլն վարկի շրջանակներում են լինելու, թե ոչ։ - Որքանո՞վ էր այս հարձակումը Թուրքիայի գիտությամբ կամ միջամտությամբ տեղի ունեցել։ - Ես հակված չեմ այն կարծիքին, որ սա Թուրքիայի հետ պլանավորված կամ պայմանավորված հարձակում էր։ Թուրքիան Ադրբեջանի հարձակումն օգտագործեց ևս մեկ անգամ հայտարարելու տարածաշրջանի նկատմամբ իր պատմական հավակնությունների, կենսական շահերի առկայության մասին։ Ընդ որում թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում նկատվում են անուղղակի ակնարկներ առ այն, որ լարումի հետևում կանգնած են այլ ուժեր։ Ինչպես օրինակ Էրդողանը Հայաստանին մեղադրելով Ադրբեջանի վրա հարձակվելու մեջ՝ նշել, թե «նման քայլը Հայաստանի տրամաչափից դուրս քայլ» էր։ Այսօր արդեն Էրդողանի կրկին հայտարարությունը է արել թեմայի առնչությամբ, որը խիստ տարբերվում էր նախորդից, և հիմնականում կիրառվել են մշտապես օգագործվող, մեզ համար սովորական դարձած արտահայտություններ։ Սա ցույց է տալիս, որ կրքերը Թուրքիայում հանդարտվելու միտում ունեն, և այս պահին Թուրքիան շահագրգռված չէ իրավիճակի թեժացմամբ։ Շարունակությունը՝ lragir.am-ում
20:30 - 18 հուլիսի, 2020
Անզեն աչքով էլ երեւում է, որ ԱՀ ՊԲ-ն ու ՀՀ ԶՈՒ-երը լավ են պայքարում ողջ աշխարհում մեծ գլխացավաք հանդիսացող ԱՍԹ-ների դեմ․ Արծրուն Հովհաննիսյան

Անզեն աչքով էլ երեւում է, որ ԱՀ ՊԲ-ն ու ՀՀ ԶՈՒ-երը լավ են պայքարում ողջ աշխարհում մեծ գլխացավաք հանդիսացող ԱՍԹ-ների դեմ․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ներկայացնելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, հայտնեց, որ սահմանագոտու ողջ երկայնքով հիմնականում հանգիստ է եղել, բայց, ինչպես հայտնել ենք, Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումներն առավոտյան խոցել են ադրբեջանական ԱԹՍ։  Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մեր վիրավորների վիճակը շարունակում է մնալ նույնը, նրանց մոտ հիմնականում դրական դինամիկա է նկատվում, բացի՝ մեկից, որի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ ՊՆ ներկայացուցիչը նկատեց՝ ճիշտ է՝ կրակոցները, հրետակոծությունները կարծես տեւական ժամանակ դադարել են, բայց տեղեկատվական տիրույթում շարունակում են տարբեր ապատեղեկատվություններ տարածել՝ կեղծ օգտահաշիվներից, խուճապի տարածում, եւ այլն․ «Ես նորից հորդորում եմ զերծ մնալ գնահատականներ տալուց, նկատում եմ, որ ընդհանրացնող եզրակացություններ ենք տալիս՝ ինչ վերցրինք, ինչ կորցրինք, ով հաղթեց, ով պարտվեց։ Դրանց ժամանակը չէ, վաղ է դրա մասին խոսել, խնդրում եմ վերջ տանք նման մեկնաբանություններ ծավալելուն»,- ասաց նա։  Ինչ վերաբերում է Արցախում այսօր խոցված ադրբեջանական ԱԹՍ-ին, Հովհաննիսյանն ասաց, որ դա որեւէ կերպ չի կարող լինել հանգամանք, որը կնշանակի, թե մարտերը տեղափոխվել են Արցախ, որովհետեւ Արցախից առանց այդ մարտերի էլ պարբերաբար խոցվում են ԱԹՍ-ներ։ Միեւնույն ժամանակ նա նշեցմ որ թեեւ սա ցուցիչ չէ, բայց ոչ էլ կարելի է բացառել, որ մարտերը չեն տեղափոխվի Արցախ։ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ հակառակորդի գործողությունները անհրաժեշտ խորությամբ եւ ծավալով տեսնում ենք, եւ հակառակորդը, այո, պահպանում է իր ներուժը, որով կկարողանա մեծ ծավալի սադրանքներ իրականացնել, բայց մենք դա տեսնում ենք, եւ գործողությունները մեզ համար պարզ են․ «Եթե կդիմեն ոտնձգությունների ու սադրանքների, կստանան արժանի հարված»։ Բանախոսը հայտնեց, որ հակառակորդի «ORBITER-3»-ն այսօր խոցվել է «Оса-АКМ» զենիթահրթիռային համակարգով, որը դարձյալ մոդեռնիզացրել են մեր ռազմարդյունաբերական ձեռնարկությունները։ Նա նշեց, որ անզեն աչքով էլ երեւում է, որ թե՛ ԱՀ ՊԲ-ն, թե՛ ՀՀ ԶՈՒ-երը շատ լավ պայքարում են ամբողջ աշխարհում բավականին մեծ գլխացավաք հանդիսացող ԱՍԹ-ների դեմ։ «Ադրբեջանական «փառապանծ» բանակը, որի մասին շատ էր սիրում խոսել իրենց նախագահը, ցույց տվեց, որ իրենց զորատեսակներից ոչ մեկն, ըստ էության, չի դրսեւորել բարձր մարտունակություն եւ արդյունավետություն, անգամ «ամենափառապանծ» հատուկ նշանակության զորքերը, եւ տակը մնում են ԱԹՍ-ները, որոնք Ադրբեջանը կարծես թե բացառապես Իսրայելից է գնում, եւ որոնք շատ թանկ են, իսկ այդ գումարներն էլ կտրվում են ադրբեջանցի հասարակ ժողովրդի չափաբաժնից»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը։
11:47 - 18 հուլիսի, 2020