Էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված ոլորտներում մշակում է տնտեսական քաղաքականությունը, ապահովում դրա իրականացնումը եւ արդյունքների գնահատումը։

Էկոնոմիկայի նախարարն է Վահան Քերոբյանը, տեղակալներն են Ավագ Ավանեսյանը, Տիգրան Գաբրիելյանը, Նաիրա Մարգարյանը, Վարոս Սիմոնյանը, Արման Խոջոյանը։

Երևանում կայացել է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը

Երևանում կայացել է հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը

Հոկտեմբերի 15-ին Երևանում տեղի է ունեցել հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստը։ Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Նիստին մասնակցելու համար Երևան է ժամանել Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի չեխական կողմի համանախագահ Մարտինա Տաուբերովայի գլխավորած պատվիրակությունը։  Հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Նիստի աշխատանքներին մասնակցել են Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկին, երկու երկրի պետական կառույցների ներկայացուցիչներ։  Նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հանձնաժողովի հայկական և չեխական կողմի համանախագահները և երկու երկրների դեսպանները։ Վարոս Սիմոնյանը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանում մեծ թվով բարեփոխումներ են իրականացվել։ Նա շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը համագործակցել Եվրամիության հետ, ինչն արտացոլված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, նաև ընդգծել Հայաստանի համար «Արևելյան գործընկերության» կարևորությունը։ Էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ Հայաստանի և Չեխիայի միջև համագործակցությունը պետք է բարձրացնել նոր մակարդակի, և դրա համար կա չօգտագործված մեծ պոտենցիալ։ Նա հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ երկուստեք ջանքեր կգործադրվեն և կարվեն պրագմատիկ քայլեր, ինչից կշահեն երկու երկրների քաղաքացիները․ «Չեխիան մեզ համար լուրջ գործընկեր է։ Կփորձենք հզորացնել մեր հարաբերությունները, լինել ավելի ակտիվ։ Մենք պետք է կարողանանք աշխարհին ցույց տալ, որ կարող ենք սպառողական տնտեսությունից անցնել տեխնոլոգիական տնտեսության», - ասել է Վարոս Սիմոնյանը։ Նշելով, որ գալիք տարի Չեխիան ստանձնելու է ԵՄ նախագահությունը՝ Վարոս Սիմոնյանն անհրաժեշտ է համարել առավելագույնս արդյունավետ օգտագործել այդ առիթը։  Մարտինա Տաուբերովան իր խոսքում ընդգծել է, որ Չեխիայի համար Հայաստանը կարևոր գործընկեր է այս տարածաշրջանում, և կա շահագրգռվածություն ընդլայնելու համագործակցությունը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները։ Նա գոհունակությամբ նշել է, որ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ստեղծվել է հետագա անելիքների լավ ժամանակացույց, և անհրաժեշտ է դրանք կյանքի կոչել։ Չեխիայի արդյունաբերության և առևտրի փոխնախարարը հորդորել է հանձնաժողովի անդամներին, դեսպաններին նվիրվածությամբ հետամուտ լինել, որպեսզի իրագործվեն հինգերորդ նիստի արձանագրության բոլոր կետերը։ Խոսելով համագործակցության ուղղությունների մասին՝ նա նշել է, որ բացի ավանդական ոլորտներից, որոնց ուղղությամբ համագործակցությունը կշարունակվի, պետք է զարգացնել նաև գործակցությունը բարձր հավելյալ արժեք ստեղծող ոլորտներում՝ օգտագործելով երկու երկրների ինտելեկտուալ ներուժը և կիրառելով նորագույն տեխնոլոգիաները։ Որպես համագործակցության մեծ պոտենցիալ ունեցող ոլորտներ՝ նա առանձնացրել է առողջապահությունը, էներգետիկան, էլեկտրոնային կառավարումը, «կանաչ գյուղատնտեսությունը»։   Նիստի ընթացքում քննարկվել է առևտրատնտեսական հարցերի լայն շրջանակ էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, գիտության, թվայնացման, շրջակա միջավայրի և բնության պահպանության, զբոսաշրջության, սոցիալական ապահովության և առողջապահության, տարածքային կառավարման, ՓՄՁ, ստանդարտացման, սերտիֆիկացման և համապատասխանության գնահատման ոլորտներում համագործակցության ընթացքի և ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ։  Կարևորվել է մասնավոր հատվածի համագործակցության խթանումը, բիզնեսի համար արտոնյալ պայմանների ապահովումը, արդյունաբերական պարկերի, համատեղ ձեռնարկությունների ստեղծումը։  Միջոցառման ավարտին հանձնաժողովի հայկական և չեխական կողմի նախագահներ Վարոս Վիմոնյանը և Մարտինա Տաուբերովան ստորագրել են հինգերորդ նիստի արձանագրությունը։ 
10:16 - 16 հոկտեմբերի, 2021
Պետությունը սուբսիդավորվելու է գյուղացու գնած 1 կգ աշնանացան ցորենի համար սահմանված գնի 70 դրամը

Պետությունը սուբսիդավորվելու է գյուղացու գնած 1 կգ աշնանացան ցորենի համար սահմանված գնի 70 դրամը

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց նախագիծ, որով գյուղացիների գնած ցորենի յուրաքանչյուր կգ-ի 70 դրամը կվճարի պետությունը։ ՀՀ կառավարությունը 2021 թվականի հուլիսի 29-ի N 1226-Լ որոշմամբ հաստատել էր «ՀՀ-ում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2021թ․ պետական աջակցության» ծրագիր, որի նպատակն է կորոնավիրուսի տնտեսական և ռազմական դրության, ինչպես նաև սակավաջրության հետևանքների մեղմման, պարենային անվտանգության ապահովման համար աշնանացան ցորենի սերմերի գնի մասնակի սուբսիդավորման կամ փոխհատուցման միջոցով նպաստել ագրոտնտեսական բարձր ցուցանիշներով օժտված սերմերի հասանելիության ապահովմանը, բերքատվության բարձրացմանը, ցանքատարածությունների ավելացմանը՝ նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, արդյունքում տեղական աշնանացան ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը։ Ծրագրի շրջանակներում 2021 թվականին ՀՀ էկոնոմիկայի նախարարության հրապարակած մատակարարների կողմից սույն ծրագրով նախատեսված ՀՀ բոլոր մարզերում իրականացվելու է աշնանացան ցորենի սերմնացուի վաճառք:  Ինչպես նշված է նախագծում, մարզերից ստացված նախնական տեղեկատվությամբ պահանջարկը կազմում է 4 700 000 կգ աշնանացան ցորենի սերմնացու, որի արդյունքում կիրականացվի շուրջ 13 429 հա ցանքս: Ծրագրով  սուբսիդավորվելու է 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը, որի համար անհրաժեշտ է 329 մլն դրամ գումար: Կառավարությունն ակնկալում է, որ նախագծի ընդունմամբ եւ իրագործմամբ հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացում կլինի՝ մինչև 30%, եւ ծրագրի շրջանակներում 2021 թվականին կիրականացվի շուրջ 13,4 հազ. հա աշնանացան ցորենի ցանք։
12:15 - 14 հոկտեմբերի, 2021
«ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսում բացվել է Հայաստանի տաղավարը

«ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսում բացվել է Հայաստանի տաղավարը

ԱՄԷ Դուբայ քաղաքում պաշտոնապես մեկնարկել է համաշխարհային ամենախոշոր միջոցառումներից մեկը՝ «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ հայտնելով որ աշխարհի ավելի քան 190 երկրների ներկայացուցիչների հետ «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ։ Հոկտեմբերի 1-ին Էքսպո քաղաքն իր դռներն է բացել նաև միլիոնավոր այցելուների առջև։ «ԷՔՍՊՈ 2020 Դուբայ» ցուցահանդեսում բացվել է նաև Հայաստանի տաղավարը, որն առաջինն այցելել է Հայաստանի պատվիրակությունը՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ։ Հայաստանի տաղավարի պաշտոնական բացմանը ներկա էր ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ալեքսեյ Գրուզդևը։ Վահան Քերոբյանի ուղեկցությամբ նա շրջայց է կատարել հայկական տաղավարով։ Հայկական տաղավարում նախարար Քերոբյանը հյուրընկալել է նաև ԱՄԷ արտաքին առևտրի նախարար Թանի Բին Ահմեդ Ալ Զեյուդիին։ Շրջայցի ընթացքում Վահան Քերոբյանն իր արաբ գործընկերոջը ծանոթացրել է հայկական տաղավարին, պատմել «էթնոթեք» կոնցեպտի մասին, որով Հայաստանը ներկայանում է այս էքսպոյում, ներկայացրել տեխնոլոգիական ու թվային լուծումները և դրանց կիրառությունը (AR և VR գոտիներ), զբոսաշրջության հատվածը, ինչպես նաև ցուցադրված մշակութային ցուցանմուշները, որոնք Դուբայ են տեղափոխվել Հայաստանից։   Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել նաև երկու երկրների միջև հետագա համագործակցության ամրապնդման և ընդլայնման վերաբերյալ։ Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագայում ավելի առարկայական քննարկելու անելիքները։ Նախարար Քերոբյանը խոսել է նաև Էքսպոյի թեմատիկ շաբաթներին և «Made in Armenia» քառօրյա ցուցահանդեսին հայկական ընկերությունների մասնակցության մասին՝ ընդգծելով, որ երկուստեք լավ հնարավորություններ են ստեղծված հայկական բիզնեսն արտահանելու և արաբական գործարար համայնքի  ներդրումները Հայաստան բերելու առումով։ ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանը և Արման Խոջոյանը, «էնթերփրայզ Արմենիա» Ներդրումների աջակցման կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը,  Էկոնոմիկայի նախարարության այլ ներկայացուցիչներ։ Համաշխարհային էքսպոն անցկացվում է հինգ տարին մեկ։ Աշխարհի խոշոր քաղաքներից մեկը վեց ամիս շարունակ հյուրընկալում է բազմաթիվ երկրների։ Առաջին անգամ համաշխարհային ցուցահանդեսն անցկացվել է 1851 թվականին՝ Լոնդոնում, այս տարի, համաշխարհային էքսպոյի պատմության ընթացքում առաջին անգամ, այն կազմակերպվում է արաբական երկրում։
17:52 - 02 հոկտեմբերի, 2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մասնակցել է ԵՏՀ-ի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի թեմայով տեսակոնֆերանսի

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մասնակցել է ԵՏՀ-ի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի թեմայով տեսակոնֆերանսի

«ԵՏՀ շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորում» խորագրով սեպտեմբերի 30-ին կայացած տեսակոնֆերանսին մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը,  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարի տեղակալ Վլադիմիր Գրակունը, Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Ժենիս Օսերբայը, Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների և տարածաշրջանային զարգացման նախարարի տեղակալ Ազամատ Մուկաշևը, Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մաքսիմ Ուվայդովը, միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք, հրավիրված փորձագետներ։ Միջոցառման մոդերատորն էր ԵՏՀ Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը։ Ողջունելով տեսակոնֆերանսի մասնակիցներին՝ Արտակ Քամալյանը մասնավորապես նշել է․«ԵԱՏՄ երկրներում օրգանական գյուղատնտեսության զարգացումը հեռանկարային է ինչպես ռեսուրսային ներուժի և մեր բնակչության պահանջարկի բավարարման տեսանկյունից, այնպես էլ միջազգային առաջնային շուկաներ դուրս գալու։ Ուստի՝ հարկավոր է ազգային շուկաներից անցում կատարել դեպի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկա՝ այս ոլորտում օրենսդրության միասնականացման միջոցով»։ Արտակ Քամալյանը նաև տեղեկացրել է, որ 2021 թ․ օգոստոսի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական միությունում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզը, որով հնարավորություն կընձեռվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, Միության երկրների հետ համատեղ, ձեռնարկել միջազգային պայմանագրի մշակման գործընթացը, որի ընդունումը կապահովի ԵԱՏՄ տարածքում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ազատ տեղաշարժը: Ճանապարհային քարտեզով նախատեսվում է նաև Հանձնաժողովի կողմից Միության երկրների համար առաջարկությունների պատրաստում՝ անդամ երկրներում արտադրված օրգանական գյուղատնտեսական արտադրանքի մուտքը երրորդ երկրների շուկաներ ապահովելու նպատակով: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն իր խոսքում նշել է․ «Հայաստանի Հանրապետությունն ունի օրգանական գյուղատնտեսության զարգացման հարուստ փորձ, և այս ոլորտում օրենսդրությունը լիովին կանոնակարգված է: Ներկայումս Հայաստանում հավաստագրվել է մոտ 57 օրգանական ձեռնարկություն, բայց, միևնույն ժամանակ, մեր երկիրն ունի օրգանական արտադրության ծավալների ավելացման մեծ ներուժ»: Վարոս Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման համար մեծ աշխատանք է իրականացվում տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, համատեղ իրականացվում և նախաձեռնվում են բազմաթիվ ծրագրեր` էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը խթանելու նպատակով։ Կազմակերպվում են նաև կրթական ծրագրեր արտադրող ֆերմերի համար: ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ Այնուհետև միջոցառման մասնակիցները համառոտ ներկայացրել են ԵԱՏՄ-անդամ երկրներում օրգանական գյուղատնտեսության ներկա վիճակն ու ոլորտում գործող օրենսդրական դաշտը։ Քննարկվել են ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորման մի շարք հայեցակարգերի, ինչպես նաև արտադրության կազմակերպման, սերտիֆիկացման և օրենսդրության ներդաշնակեցման հնարավոր մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել անդամ երկրների իրավասու մարմինների  կողմից համապատասխանության գնահատման նպատակով օրգանական գյուղատնտեսական արտադրանքի սերտիֆիկացման և վերահսկման կանոնների մշակման նպատակահարմարությունը՝ ընթացակարգերի համարժեքությունն ապահովելու և տրամադրվող փաստաթղթերի (սերտիֆիկատների) փոխադարձ ճանաչման համար: Քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել Միությունում և երրորդ երկրներում ոլորտի զարգացման միտումների շուրջ, առաջարկություններ ներկայացրել ԵԱՏՄ-ում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի միասնական շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման վերաբերյալ: Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ քննարկումների արդյունքները հիմնական ուղեցույց կհանդիսանան փորձագետների մակարդակով միջազգային պայմանագրի նախագծի նախապատրաստման համար:  
23:30 - 30 սեպտեմբերի, 2021
էկոնոմիկայի նախարարությունում գործարարների հետ քննարկվել են Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության հարցերը

էկոնոմիկայի նախարարությունում գործարարների հետ քննարկվել են Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության հարցերը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում սեպտեմբերի 24-ին կազմակերպվել է հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության, տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտների, Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիպման հիմնական նպատակն էր վեր հանել և քննարկել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում գործարարությանն առնչվող խնդիրները, ԵԱՏՄ ներքին շուկայում առկա առավել զգայուն խոչընդոտներին վերաբերող հարցերը, ինչպես նաև գտնել վերջիններիս լուծման հնարավոր տարբերակները։ Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը։ «ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը Եվրասիական տնտեսական միության առաջնահերթություններից է և նպատակ ունի ապահովել ներքին շուկաների գործունեությունն առանց բացառությունների և սահմանափակումների, ներառյալ այն խոչընդոտները, որոնք բարդացնում են  ձեռնարկատերերի մուտքի ազատությունը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ։ Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժը ԵԱՏՄ տարածքում պետք է լինի առավելագույս առանց խոչընդոտների», - նշել է Վարոս Սիմոնյանը: Նրա խոսքով, Հայաստանի հիմնական խնդիրներից է ԵԱՏՄ անդամ պետությունների հետ անխափան կապի ապահովումը, քանի որ անմիջական սահմանների բացակայության պատճառով առևտրատնտեսական կապն իրականացվում է Վրաստանի տարածքով՝ Վերին Լարսի  մաքսային անցակետով, որի աշխատանքը ժամանակ առ ժամանակ, պայմանավորված եղանակային պայմաններով, բյուրոկրատական գործողություններով խափանվում է՝ լուրջ վնաս հասցնելով ՀՀ տնտեսավարողներին: Այս տեսանկյունից նա կարևորվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար «Կանաչ միջանցք»-ի ստեղծման հարցը՝ նշելով, որ այն զգալիորեն կթեթևացնի բեռնափոխադրումների իրականացումը։  «Համոզված եմ, որ մեր ինտեգրացիոն համագործակցությունը պետք է  ծառայի գործարարությամբ զբաղվելու և մարդկային ներուժի լիարժեք իրացման հարմարավետ պայմանների ստեղծմանը», - ավելացրել է նախարարի տեղակալը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևն իր հերթին ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նշել է․«Ինձ համար շատ կարևոր է նման հանդիպումների անցկացումը։ Ես առաջին անգամ եմ Հայաստանում և կցանկանամ, որ այս հանդիպումը լինի ոչ միայն ֆորմալ, այլև կարողանանք վեր հանել այն հարցերը, որոնք մենք կարող ենք իրապես լուծել»։ Ավելացնելով, որ ԵԱՏՄ միությունը ստեղծվել է բիզնեսի հարցերը լուծելու համար՝ նա նշել է, որ հանդիպումներին, որոնց ինքը մասնակցում է, միշտ փորձում է հանդես գալ բիզնեսի կողմից և անել հնարավորինը բարձրացված հարցերին լուծումներ տալու համար։  Նշելով, որ նմանատիպ հանդիպումների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են առաջ քաշվել և լուծում ստացել՝ Վ․ Սիմոնյանն ավելացրել է, որ խնդիրնեը պետք է  լուծվեն, սակայն այդ լուծումները պետք է ընդունելի լինեն ԵԱՏՄ բոլոր հինգ երկրների կողմից։ ԵՏՄ հանձնաժողովի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շրջանակներում արդեն իսկ ստեղծվել է փորձագիտական խումբ, որը ամիսը մեկ անգամ տեսակոնֆերանսների միջոցով  քննարկում է առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքը։ Հանդիպման մասնակիցներին ևս առաջարկվել է միանալ և մասնակցել այդ քննարկումներին։ Շուրջ 2 ժամ տևած քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց խնդիրները, առաջարկել դրանց լուծման եղանակները։ Բիզնեսի բարձրացրած հարցադրումների վերաբերյալ մասնագետները տվել են մանրամասն պատասխաններ, ներկայացրել գործող ընթացակարգերը և մեխանիզմները, բարձրացված որոշ հարցերի լուծման ուղղությամբ արդեն իրականացվող աշխատանքները։ Որպես հիմնական խնդիրներ առանձնացվել են  սամանին ԱԱՀ-ի վերադարձելիության, հարկային հայտարարագրերի լրացման հարցերը, լոգիստիկ խնդիրները, միասնական լոգիստիկ կենտրոնների ստեղծման, ապրանքների որակի և մրցունակության հարցերը։ Անդրադարձ  է կատարվել հարկային, մաքսային խնդիրներին, տեխնիկական կանոնակարգերին, ֆինանսական և ներդրումային, օրենսդրական հարցերին։ Գործարարները բարձրացրել են նաև ոսկերչության, թանկարժեք բեռների փոխադրման, դեղագործության ոլորտում գործունեություն իրականացնելիս առաջացող խնդիրները։  Առաջարկվել է դիտարկել նաև ակցիզային հարկի վերադարձելիության խնդիրը։   Քննարկվել է միասնական տեղեկատվական այնպիսի հարթակներ ունենալու հարցը, որոնք հասանելի կլինեն ԵԱՏՄ անդամ պետությունների համար։ Նշվել է, որ թվայնացման, տեղեկատվության հասանելիության և փոխանակման կատարելագործման ուղղությամբ ներկայումս աշխատանքներ իրականացվում են, սակայն քննարկվող հարթակները պետք է ստեղծվեն՝ հաշվի առնելով ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ պետության օրենսդրությունը։ Կարևորվել է ինտեգրացիոն մեխանիզմների ներդրման հարցը։  Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությունում մաքսային տարանցման միասնական համակարգի ստեղծման և փոխադրումների հետագծման համար նավիգացիոն  կապարակնիքների կիրառման ընդհանուր կարգին՝ Վարոս Սիմոնյանը հույս է հայտնել, որ հարցը առաջիկայում արդյունավետ կերպով կլուծվի։ Ամփոփելով միջոցառումը՝ Վարոս Սիմոնյանը նշել է, որ հանդիպման ընթացքում բարձրացված բոլոր հարցերը կլինեն նախարարության ուշադրության կենտրոնում, կամփոփվեն և կներկայացվեն Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ հետագա լուծումը ապահովելու նպատակով։
15:06 - 25 սեպտեմբերի, 2021
«Կարգավորումը Էկոնոմիկայի նախարարի դաշտում չէ». Վահան Քերոբյանը՝ «Ազգային մոլ»-ի շուրջ առաջացած աղմուկի մասին  |hetq.am|

«Կարգավորումը Էկոնոմիկայի նախարարի դաշտում չէ». Վահան Քերոբյանը՝ «Ազգային մոլ»-ի շուրջ առաջացած աղմուկի մասին |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը համարում է, որ հարյուրավոր փոքր և միջին տնտեսվարողների մոլորեցրած «Ազգային մոլ» նախագծից տուժողներին օժանդակելու հարցում ինքը գործառույթներ չունի. խնդիրը իրավական համակարգի դաշտում է։ Այս տարվա հունվարի վերջին Երևանի Թբիլիսյան խճուղու տարածքներից մեկում բացված «Ազգային մոլ»  առևտրի կենտրոնում տարածքներ վարձակալած տնտեսվարողները ընդամենը երկու ամիս անց փաստի առաջ են կանգնել՝ կրելով ֆինանսական վնասներ:  Քանի որ հարցը վերաբերում է ոչ թե մեկ կամ երկու տնտեսվարողի, այլ՝ հարյուրավորների, տուժողները համարում են, որ սա ՓՄՁ-ին վերաբերող ընդհանուր խնդիր է և վատ նախադեպ հետագա նախագծերի համար: Նրանց մի քանիսի խնդրանքով հոդվածը հրապարակելուց հետո Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել ենք, թե արդյոք տեղա՞կ է խնդրին և պատրաստվու՞մ է որևէ քայլ ձեռնարկել:  «ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղյակ է Ձեր կողմից բարձրացված խնդրին, սակայն վերջինիս կարգավորումը էկոնոմիկայի նախարարի դաշտում չէ. խնդրի կարգավորումը գտնվում է իրավապահ մարմինների տիրույթում»,- նշված է հարցման պատասխանում, որի ներքո ստորագրել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արմինե Խառատյանը:    2021 թվականի հունվարի 30-ին Երևանում՝  Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեում բացված «Ազգային մոլ» առևտրի կենտրոնի ղեկավարների ու կենտրոնում տարածք վարձակալած հայ արտադրողների միջև ընդամենը երկու ամիս անց վեճեր են առաջացել: Նախագծի կազմակերպիչները տնտեսվարողներից տարածքի վարձակալության մի քանի ամսվա, որոշ դեպքերում էլ՝ տարեկան գումարներ են վերցրել, սակայն բացվելուց մոտ երկու ամիս անց հայտարարել են, որ փակում են առևտրի կենտրոնը և տեղափոխվում մայրաքաղաքի կենտրոն: Եվ չեն վերադարձրել նախապես գանձված գումարները:  Շարունակությունը՝ hetq.am կայքում
12:03 - 25 սեպտեմբերի, 2021
Վահան Քերոբյանը զրուցել է Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող խաղողագործների հետ |tert.am|

Վահան Քերոբյանը զրուցել է Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող խաղողագործների հետ |tert.am|

tert.am: Մի երկու օրվա հարց է, կլուծենք։ Այս մասին այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող խաղողագործների հետ զրուցելիս ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով գյուղացիների կողմից բարձրացրած խաղողի մթերման խնդրին։«Մեխանիզմը փոխելու ենք և սուբսիդավորվող վարկերը կիրառվելու են միայն այն պայմանագրերի վրա, որոնք կնքվել և գրանցվել են մինչև այս տարվա մեջ»– ասաց նա և նշեց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ընկերություններին դրդեն պայմանագրերը կնքել մինչև դեկտեմբերի 31–ը։Գյուղացիները կոչ արեցին նախարարին վերահսկողություն իրականացնել ընկերությունների նկատմամբ, որպեսզի իրենք ստիպված չլինեն նրանց քմահաճույքով շարժվել։ Գյուղացիները դժգոհեցին, որ մարզպետն իրենց գյուղի տեղը չգիտի, իսկ նախարարն էլ արձագանքեց․«Հիմա էլ կգնաս, կասես էկոնոմիկայի նախարարը մեր գյուղի տեղը չգիտի»։ Գյուղացիները նկատեցին, որ մարզպետն այլ է, նախարարը՝ այլ, և իրենց հարցը լուծող չկա։
15:52 - 23 սեպտեմբերի, 2021
Հայաստանը սկսել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրությունը

Հայաստանը սկսել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ (ՌՈՒՆՀ) համատեղ և հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն ՓԲԸ-ն հայտնում են կորոնավարակի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին: Այս մասին տեղեկացավ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Սպուտնիկ Լայթ»-ը Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչն է (մարդու ռեկոմբինանտ ադենովիրուսի հիման վրա 26 սերոտիպ (rAd26)): Հայաստանում արտադրված դեղամիջոցը նախնական շրջանում կօգտագործվի Հայաստանի բնակչությանը կորոնավարակի դեմ պատվաստելու համար։ Նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում «Լիկվոր» դեղագործական ընկերության առաջադեմ արտադրական հնարավորությունների շնորհիվ հնարավոր է եղել հաջողությամբ իրականացնել պատվաստանյութի արտադրությունը․  արտադրական գործընթացի տեխնոլոգիական փոխանցումն իրականցվել է ՌՈՒՆՀ -ի կողմից։ «Սպուտնիկ Լայթ»-ի վավերացված խմբաքանակները կուղարկվեն ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոն (ՀՄԱՀԿ)՝ որակի ստուգման նպատակով։ Հետազոտության ավարտին դրական արդյունքները թույլ կտա սկսել պատվաստանյութի կոմերցիոն արտադրություն։  «Սպուտնիկ Լայթ»-ի արտադրությանը Հայաստանը հավանություն տվել է այս տարվա սեպտեմբերի 6-ին։ 2021 թվականի փետրվարին Հայաստանում հաստատվել է նաև «Սպուտնիկ V» երկբաղադրիչ պատվաստանյութի օգտագործումը։ Նշվում է, որ Մի շարք երկրներում բնակչության պատվաստման ընթացքում «Սպուտնիկ Լայթ»-ի օգտագործումն ապահովել է անվտանգության և արդյունավետության բարձր մակարդակ։ Համաձայն Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի Առողջապահության նախարարության հետազոտական տվյալների՝ տարեցների պատվաստման ընթացքում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ցուցաբերել է 78.6-83.7% արդյունավետություն։ Պարագվայում, ըստ երկրի Առողջապահության նախարարության հայտնած տվյալների, զանգվածային պատվաստումների ընթացքում պատվաստանյութի արդյունավետությունը կազմել է 93.5%: «Բարձր անվտանգության և արդյունավետության շնորհիվ մի շարք երկրներում «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ներկայումս օգտագործվում է ոչ միայն առանձին, այլև ուսումնասիրվում է այլ արտադրողների դեղամիջոցների հետ համատեղ կիրառությամբ։ Նմանատիպ ուսումնասիրություններ այժմ իրականացվում են Արգենտինայում և ԱՄԷ-ում: Կարգավորող մարմինների կողմից ստացվել է հետազոտությունների իրականացման համար հաստատում Ռուսաստանում և Բելառուսում»,-ասված է նախարարության հաղորդագրությունում: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում պատվաստանյութի արտադրություն սկսելու առնչությամբ նշել է․ «ՌՈՒՆՀ-ի և Հայաստանում «Լիկվոր» դեղագործական ընկերության հետ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի համատեղ արտադրությունը կարևոր քայլ է մեր երկրում դեղագործական ոլորտի զարգացման գործում: Պետք է նշեմ, որ այս նախաձեռնությունը համավարակի դեմ պայքարի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ երկու երկրների համագործակցության լավ օրինակ է»: Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևն էլ ասել է. ««Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութի արտադրության նախաձեռնումը, որը ցույց է տալիս ավելի բարձր արդյունավետություն, քան կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի երկբաղադրիչ այլ դեղամիջոցները, համաճարակի դեմ պայքարում Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցության կարևոր փուլ է: «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի տեղական արտադրությունը հնարավորություն կտա արագացնել բնակչության պատվաստումը, խուսափել լոգիստիկ ծախսերից և ավելի արագ ձևավորել զանգվածային դիմադրողականություն»: Նախարարությունը ներկայացրել է նաև «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի հիմնական առավելությունները. «Սպուտնիկ Լայթ»-ը աշխարհում առաջինը գրանցված «Սպուտնիկ V» կորոնավարակի դեմ պատվաստանյութի առաջին բաղադրիչն է (մարդու ռեկոմբինանտ ադենովիրուսի հիման վրա 26 սերոտիպ (rAd26)): ՌԴ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի լաբորատոր հետազոտությունների համաձայն՝ «Սպուտնիկ Լայթ»-ն արդյունավետ է կորոնավարակի նոր տեսակների դեմ։ «Սպուտնիկ Լայթ»-ը չի պահանջում պահեստավորման և լոգիստիկ հատուկ պայմաններ։ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը ստեղծվել է մարդու ադենովիրուսային վեկտորների ուսումնասիրված և ստուգված հարթակի վրա, որի կարևոր առավելություններն են անվտանգությունը, արդյունավետությունը և երկարաժամկետ բացասական հետևանքների բացակայությունը, որոնք հաստատվել են աշխարհում երկու տասնամյակների ընթացքում անցկացված առավել քան 250 կլինիկական փորձարկումների արդյունքում (պատվաստանյութերի կազմում մարդու ադենովիրուսների օգտագործման պատմությունը սկսվել է 1953 թվականից):
16:22 - 20 սեպտեմբերի, 2021
Հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում 2 տարում ՀՀ ՀՆԱ-ն կաճի 30 տոկոսով. Վահան Քերոբյան |armenpress.am|

Հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում 2 տարում ՀՀ ՀՆԱ-ն կաճի 30 տոկոսով. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը 2 տարում Հայաստանին կտա ՀՆԱ-ի 30 տոկոս աճ: Նախարարն այս մասին ասաց «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում: «Հաշվարկված է, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը 2 տարում Հայաստանին կտա ՀՆԱ-ի աճ՝ 30 տոկոս»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ դա փաստում են նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետազոտությունները: Քերոբյանը պարզաբանեց՝ աճը տեղի կունենա, եթե ապաշրջափակվեն հաղորդակցության բոլոր ուղիները՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև: Անդրադառնալով միջոցառմանը՝ նա նշեց, որ թեև հաղորդակցությունների ապաշրջափակումը ֆորումի թեման չէր, բայց բոլորը լավ հասկանում են, որ այն էապես կբարելավի հնարավորությունները և մրցունակ կդարձնի նախաձեռնությունները:
15:21 - 20 սեպտեմբերի, 2021
Պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, մենք կմտնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ. Քերոբյանը՝ խաղողի մթերման մասին |armtimes.com|

Պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, մենք կմտնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ. Քերոբյանը՝ խաղողի մթերման մասին |armtimes.com|

armtimes.com: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խաղողի մթերման գնին և քաղաքացիների այն պնդումներին, որ 1 կգ-ի դիմաց 130 դրամը «գրեթե անվճար է» կազմում: «Այս հարցերը հետևանքն են նրա, որ անցած տարի շատ քիչ է սպառվել կոնյակ, և ընկերությունները ցածր սպառման պայմաններում, միևնույն է, շատ մթերել են: Պետք է պաշարները և վաճառքները բալանսավորվեն, որպեսզի մտնենք նորմալ աշխատանքային ցիկլի մեջ: Մենք խաղողագործների բոլոր խնդիրներին ծանոթ ենք, ամենօրյա ռեժիմով զբաղվում ենք այդ խնդիրներով»: Հարցին՝ ի՞նչ է անում Կառավարությունը, որ գյուղացիների բերքը չփչանա, Քերոբյանը նշեց՝ երկու շաբաթ առաջ մթերման վարկերի սուբսիդավորման կարգում փոփոխություն է արվել, որպեսզի գյուղացիները կարողանան ավելի մեծ վարկեր վերցնեն. «Պետական երաշխիքների ինստիտուտն էինք մտցրել, որպեսզի այն ընկերությունները, որոնք գրավի խնդիր ունեն, կարողանան օգտվել պետական երաշխիքներից: Աշխատանքը շատ է և ունի մեծ դիապազոն»,- եզրափակեց նախարարը: Հիշեցնենք՝ երեկ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ քննարկում է ունեցել խաղողի մթերման գնի հետ կապված առաջացած խնդրի շուրջ, քննարկմանը ներկա գտնվող կազմակերպությունները համաձայնել են բարձրացնել տեխնիկական տեսակի խաղողի մթերման նվազագույն գինը՝ գործող 115 դրամի փոխարեն սահմանելով 130 դրամ։ Հանդիպմանը մասնակցել են «Պռոշյանի կոնյակի գործարան», «Վեդի Ալկո», «Ոստան գինու գործարան», «Հայասի Գրուպ», «Արտաշատ Վինկոն», «Իջևանի գինու գործարան» և «ՄԱՊ» ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև՝ ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:
13:21 - 16 սեպտեմբերի, 2021
Կենտրոնական բանկը վերանայել է 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը |civilnet.am|

Կենտրոնական բանկը վերանայել է 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը |civilnet.am|

civilnet.am:  2021-ին Հայաստանի տնտեսական աճի ընթացիկ զարգացումները գնահատվում են սպասվածից ավելի դրական․ Կենտրոնական բանկն այս տարվա համար կանխատեսում է 5,4 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ «Կենտրոնական բանկն այս տարվա համար նախկինում կանխատեսել էր 4,6 տոկոս տնտեսական աճ։ Ներկայումս կանխատեսում ենք ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշ՝ 5,4 տոկոս։ Դա պայմանավորված գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելի մեծ աճերով։ Այս ոլորտներում ունենք առաջանցիկ աճ, որն իր հերթին նպաստում է ավելի բարձր տնտեսական աճին»,- նշեց Գալստյանը։ Կենտրոնական բանկն արդեն երկրորդ անգամ է վերանայում տնտեսական աճի կանխատեսումը։ ԿԲ-ի մարտի 16-ի կանխատեսման համաձայն՝ 2021–ի տնտեսական աճը գնահատվել էր 1,4 տոկոս, այն վերանայվել էր հունիսի 15-ին՝ 4,6 տոկոս, իսկ այժմ կենտրոնական դրամատուն տնտեսական աճի կանխատեսումը հասցրել է 5,4 տոկոսի։ Հայաստանի 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով տնտեսական աճը գնահատվում է 3,2 տոկոս։ Իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս տարվա համար խոստանում է երկնիշ տնտեսական աճ։  
16:44 - 14 սեպտեմբերի, 2021
Ուկրաինան ի դեմս Հայաստանի տեսնում է կարևոր գործընկերոջ. տեղի ունեցավ հայ- ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

Ուկրաինան ի դեմս Հայաստանի տեսնում է կարևոր գործընկերոջ. տեղի ունեցավ հայ- ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

Երևանում սեպտեմբերի 14-ին մեկնարկեց տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստը։ Միջկառավարական հանձնաժողովի նիստի բացմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Վահան Քերոբյանը ողջունեց իր գործընկերոջ՝ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայի գլխավորած պատվիրակությանը, շնորհակալություն հայտնեց վերջին երկու օրերին կատարած աշխատանքի համար` հույս հայտնելով, որ միջկառավարական հանձնաժողովի գործադրած ջանքերը լավ հիմքեր կստեղծեն հայ-ուկրաինական առևտրատնտեսական հարաբերությունների խորացման գործում: «Կարծում եմ՝ մենք լավ նախադրյալներ ենք ստեղծել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը էապես բարելավելու համար»,- հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարը: Քերոբյանի խոսքով՝ թե՛ հայկական և թե՛ ուկրաինական կողմերը համաձայնել են, որ հայ-ուկրաինական հարաբերությունները շատ մեծ և չիրացված ներուժ ունեն, օրինակ, տուրիզմի ոլորտում, և արժե, որ հայ և ուկրաինացի տուրօպերատորները փոխայցեր կատարեն՝ ուսումնասիրություններ իրականացնելու և քաղաքացիների համար զբոսաշրջության նոր փաթեթներ կազմելու նպատակով: «Եվ ես կարծում եմ, որ մենք պետք է այս կետը ավելի մանրամասնորեն ներառենք մեր արձանագրության մեջ և այնպես անենք, որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան մինչև մեր հաջորդ հանդիպումը»,- ասաց էկոնոմիկայի նախարարը: Երկրորդ կարևոր կետը, որ ներառվելու է հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրության մեջ, հայ-ուկրաինական բիզնես ֆորում կազմակերպելու հարցն է: Վահան Քերոբյանը վստահ է, որ այդ հանդիպումների արդյունքում ծնվելու են նոր բիզնես գաղափարներ, նոր նախաձեռնություններ և համատեղ նախագծեր: Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հույս հայտնեց, որ մինչև հաջորդ հանդիպումը, որը տեղի կունենա 2022 թ. մայիսին, երկու կողմերը ցույց կտան հարաբերությունների զարգացման մեծ ներուժը: Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար, միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մարինա Լազեբնան, ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ ստորագրված արձանագրությունը շատ լավ ճանապարհային քարտեզ է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: «Կորոնավիրուսի հարուցած գլոբալ ճգնաժամից հետո՝ այս տարվա առաջին կիսամյակում մենք տեսնում ենք դրական դինամիկա մեր առևտրատնտեսական հարաբերություններում, և այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարևոր է ապահովել ուկրաինա-հայկական հարաբերությունների երկարաժամկետ զարգացումը մեր երկրների համար առանցքային ոլորտներում: Ուկրաինան միշտ էլ ի դեմս Հայաստանի տեսել է կարևոր գործընկերոջ Հարավային Կովկասում, և այսօր ես կուզեի մատնանշել բոլոր այն կարևոր ոլորտները և ուղիղ գործընկերային հարաբերությունների կառուցումը, նոր շուկաների բացումը, համագործակցությունը ինչպես մեր երկրների կառավարությունների, այնպես էլ գործարարների միջև փոխշահավետ պայմանների հիման վրա»,- նշեց Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարը: Մարինա Լազեբնայի խոսքով՝ վերջին անգամ հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովը հավաքվել է 8 տարի առաջ, և այս ընթացքում այնպիսի հնարավորություններ են ի հայտ եկել երկկողմ առևտրաշրջանառության աճը ապահովելու համար, որոնք չի կարելի ձեռքից բաց թողնել: Ուկրաինացի նախարարի խոսքով՝ այդ հնարավորությունները ստեղծվել են, մասնավորապես, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դեղագործական, ինֆորմացիոն-կոմունիկացիոն և էներգետիկ ոլորտներում: «Առևտրային հարաբերություններում մեր խնդիրն է ոչ միայն ավելացնել առևտրաշրջանառությունը, վերականգնել մինչճգնաժամյան մակարդակը, այլև որակապես ընդլայնել անվանակարգային ապրանքները»,- հայտարարեց Մարինա Լազեբնան: Հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցում էին նաև Հայաստանի և Ուկրաինայի պետական մարմինների պաշտոնյաներ, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան: Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահները կստորագրեն միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, որից հետո ճեպազրույց կունենան ԶԼՄ ներկայացուցիչների հետ։
12:37 - 14 սեպտեմբերի, 2021